30.10.2012

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՑԱԽ


Արցախում ամառային շոգ օրեր են։ Ներքաղաքական կյանքում գրեթե շարժում չկա։ Երկրի նախագահն արձակուրդում է։ Հանգստանում է նաեւ նրա մերձավոր շրջապատը, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մի մասը։ Արտգործնախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարոնների մասնակցությամբ հուլիսի 20-ին հերթական դիտարկման վերաբերյալ հերթական տեքստն է տարածել, որը, բացի մի քանի գործող անձանց անուններից, ոչնչով չի տարբերվում մի ամիս, հինգ ամիս, մեկ կամ 5 տարի առաջ տարածած նույնատիպ տեղեկատվությունից։

Այն է՝ «ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել» սահմանային գծի այս կամ այն հատվածում (այս անգամ՝ Տեր-տեր քաղաքի ուղղությամբ):

Հետաքրքիրն այն է, որ «սահման» բառի փոխարեն մշտապես օգտագործվում է «շփման գիծ» կապակցությունը։ Եվ ամենակարեւորը՝ «Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»:

Ի տարբերություն ներքաղաքական, հասարակական կյանքի անդորրի, Արցախի մյուս՝ ոչ պաշտոնական հատվածում, չնայած ամառվա տապին, կյանքը ոչ թե շարունակվում, այլ եռում է՝ շուրջբոլորը շինարարական աղմուկ է, մարդիկ կառուցում են, վերանորոգում, ոմանք ընդամենը մի քանի ամիս առաջ կառուցածը քանդել են տալիս, նոր, ավելի շքեղ ձեւով կառուցում։ Եվ դա ոչ միայն Ստեփանակերտում։ Մայրաքաղաքին մերձակա Դաշուշեն գյուղի մոտ գտնվող սուրբ Սարիբեկ վայրում պեղումների ժամանակ հողի տակ քարե պատ է երեւան եկել։ Տեղանքում շինարարական աշխատանքներ են տարվում։ Ավերված պատը վերակառուցում են, որից սրբավայրն այսօր մի նոր տեսք է ստանում։

Վերջերս էլ Արցախում Շուշիից 2 կմ դեպի արեւելք, Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա ավտոմայրուղու վերին հատվածում՝ ապառաժոտ լեռան սարահարթի վրա, որ կոչվում է «Թագավորեն տեղ»,  հայտնաբերվել է Կարկառ բերդաքաղաքը: Այն զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Արցախի զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ բերդաքաղաքի «պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչեւ 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ձեւը՝ մեծադիր քարերով: Պարսպապատերը ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ»:

Տեղում պատահականորեն ի հայտ բերված հնագիտական նյութերը վերաբերում են ուշ անտիկ-վաղ միջնադար ժամանակաշրջանին՝ համադրվելով վաղ միջնադարյան Կարկառ քաղաք-ամրոցի՝ աղբյուրներում եղած հիշատակությունների հետ:

Բաժնի պետ Սլավա Սարգսյանի ասելով՝ հավանաբար IXդ.-ից հետո ընկած ժամանակահատվածում՝ կապված քաղաքական իրավիճակի եւ այլ հանգամանքների հետ, Հին Կարկառի բնակիչները տեղափոխվել են պաշտպանական առումով առավել հուսալի վայր՝ ներկայիս Շուշիի բարձրավանդակ՝ պահպանելով տեղավայրի հինավուրց Կարկառ անվանումը. «Խորհրդային ժամանակներում Կարկառ քաղաք-ամրոցի տարածքը հարթեցվել եւ ձեւախեղվել է. շինությունների քարերը տեղափոխվել եւ օգտագործվել են բնակելի տների կառուցման համար, Շուշիի ադրբեջանցի կառավարիչների հրահանգով (հնարավոր է՝ կանխամտածված) տեղում ստեղծվել է կաղնու անտառ՝ տնկվելով Ռուսաստանից բերված ծառատեսակներ, ավելի ուշ տարածքով անցկացվել է Բաքու-Նախիջեւան գազատարի Շուշի տանող հանգույցը»…

Արցախի մշակութային կյանքում այս անգամ փորձել են շարժում մտցնել ՀՀ արվեստագետները։ Հուլիսի 18-ից Ղարաբաղում անցկացվում է միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի հանրապետական փուլը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին: Արցախցիներին 5 օրում ներկայացվելու է 18 ներկայացում, իսկ փառատոնի ողջ հասույթն ուղղվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանը:

Ստեփանակերտում առաջին երկու ներկայացումների ժամանակ դահլիճը, մեղմ ասած, ցավոք, լեփլեցուն չի եղել։ Սովորաբար արցախցի թատերասերները մեծ սիրով են մասնակցում Հայաստանից ժամանած բեմի վարպետների ներկայացումներին, սակայն այս անգամ, ամենայն հավանականությամբ, կազմակերպիչները տեղում թերեւս լավ չեն աշխատել, ու Ստեփանակերտի թատերասեր հանրությունն անտեղյակ է վերոհիշյալ ներկայացումների մասին։ Ո՞վ գիտե, գուցե մինչեւ անցյալ դարի 70-80-ական թվականները ծաղկում ապրող Արցախի մայր թատրոնի այսօրվա սիրողական-ինքնագործ մակարդակն է հանդիսատեսին վերջնականապես հիասթափեցրել-հեռացրել բեմարվեստից…

Եվ ամենատխուր ու ցավալի լուրը։ Հուլիսի 20-ին, ժամը 11-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում հանկարծամահ է եղել նախկին լեգենդար «Ղարաբաղ» թիմի եւ մեր ֆուտբոլի աստղերից մեկը՝ անփոխարինելի 6-րդ համարը, թիմի ավագ Բենիամին Բաբայանը։ Կաշվե գնդակի եւ սպորտի վարպետը վերջին տարիներին դասավանդում էր Արցախի պետհամալսարանում, դոցենտ էր։

Անցկացվող մինի ֆուտբոլի մրցաշարի ժամանակ վետերան ֆուտբոլիստը խաղադաշտ մտնելուց 10 րոպե հետո անսպասելի ընկել է եւ… Անձամբ շատ մոտ ճանաչելով Բենիկին, ընդամենը կարող եմ կրկնել մեծ բրիտանացու հանրահայտ հերոսի խոսքերը՝ ափսո՜ս, մարդ էր, Հորացիո…

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այնտեղ նույնպես ժողովուրդ էր ապրում, և ինչպես բոլոր ժողովուրդները, ուներ թագավոր, որին մերթ արքա էին անվանում, մերթ պրեզիդենտ կամ նախագահ, մերթ տիրակալ կամ գերագույն իշխան:

Բոլոր արքաները, թագավոր-նախագահներն ու մյուս տիրակալները գալիս-գնում էին, սակայն ժողովուրդը մնում էր: Յուրաքանչյուր տիրակալի թեկնածու ժողովրդին սկզբում մեծամեծ խոստումներ էր տալիս ու, ժողովրդի գլուխն անցած, գրողի ծոցն ուղարկում իր նախորդին: Հետո նա մոռանում էր իր խոստումներն ու ժողովրդին հիշում էր միայն ընտրությունների ժամանակ և այն պահերին, երբ սկսում էր ճոճվել իր աթոռը:

Երբ ճոճվել սկսեց հերթական թագավորի գահը, նա ծանր գլուխը թափահարեց ու հեռուստաէկրանից գոչեց.
- Ժողովուրդ, մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, դուք վատ եք ապրում, դեռ ավելին՝ շատ վատ, իսկ մի խումբ արկածախնդիրներ փորձում են խարխլել փառահեղ մեր պետության հիմքերը և ձեզ կրկին տանել հետամնաց անցյալի գիրկը: Բայց ես համոզված եմ, որ դուք՝ ժողովուրդը, եղել և մնում է մեզ հետ, իսկ նրանց՝ իշխանատենչ թափթփուկներին, դուք՝ ժողովուրդը չի ների...

Մի օր էլ «արկածախնդիրների խումբը» ժողովրդի գլուխն անցած, գահընկեց արեց այդ թագավորին, և գահին բազմեց Արքա 6-րդը: Սա ևս ժողովրդին հարստության սարեր խոստացավ ու երջանկության հորիզոններ գծեց վարդագույն երկնակամարում, և երբ մի քանի օր հետո նրան զեկուցեցին, որ ժողովուրդը աղքատության եզրին է ու բողոքում է, զարմացավ.
- Ժողովո՞ւրդ, դա ո՞վ է, իմ տիրությունում էդպիսի մարդիկ էլ կա՞ն: Դրանց, այդ ժողովրդին ո՞վ է իրավունք տվել բողոքելու...

Հետո դարձյալ քամիներ ու հողմեր անցան այդ երկրի վրայով ու ժողովրդի գլուխներով։ Ճոճվել սկսեց նաև Արքա 6-րդի գահաթոռը, ու նա բարձր ամբիոնից սկսեց մատ թափահարել իր ախոյանների վրա.
- Այդ ի՞նչ եք անում, արկածախնդիրներ ու քաղաքական էժանագին ծաղրածուներ, այդ ո՞ւր եք ուզում տանել ժողովրդին...

Եվ արտահերթ ընտրություններ եղան, և գահին բազմեց հերթական տիրակալը, որ մինչ այդ իր նախորդների պես «արկածախնդիր» էր որակվել կամ «ծաղրածու»:
- Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ,- արքայական ժամանակակից իր ճոճաթոռին նստած, սիրուհուն ծնկներին նստեցրած, հավատարմության երդում տվեց Նախագահ 3-րդը,- վերջապես դուք տերը կդառնաք ձեր իրավունքների ու ձեր օջախների: Այսօրվանից ձեր առջև բաց են գիտության ու լուսավորության տաճարները, լուսավառ ու երջանիկ ներկայի և արևավառ ապագայի երկրային ու երկնային արքայության դռները...

Իսկ նրանք, այն պալատականները, ովքեր մինչ այդ հավատարմության երդում էին տվել ու ստրկամտորեն ծառայում էին նախորդ արքային, անմիջապես «վերափոխվեցին» և հիմա էլ սկսեցին ծառայել նոր արքային:

Կրկին անցան օրեր, ամիսներ ու տարիներ, իսկ ժողովուրդը դարձյալ վատ էր ապրում, դեռ ավելին՝ բուռն ծաղկում էր մուրացկանությունը, թշվառությունն աներես հյուրի պես մտել էր մարդկանց օջախներն ու այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չուներ...

- Տիրակալ, ժողովուրդն էլի բողոքում է,- Նախագահ 3-րդի ականջին փսփսաց շշնջոցների գծով արքայի գլխավոր խորհրդականի երկրորդ տեղակալը:
- Ի՞նչ է ուզում:
- Հեչ, ինչ-որ հաց է ուզում և վերացական ինչ-որ բաներ:
- Ի՞նչ բաներ:
- Դեմոկրատիա, ժողովրդավարություն և այլն:

- Պահո՜, ի՜նչ աներես մարդիկ են այդ ժողովուրդ կոչվածը: Դրանց համար հզոր ու երջանիկ երկիր եմ կառուցել, իսկ իրենք, խոսքները մեկ արած, անընդհատ դժգոհում են՝ աղքատ ենք, հաց ենք ուզում, դեմոկրատիա-մեմոկրատիա ենք ուզում... Ի՞նչ է, որ մենք հաց չենք ուտում, միայն սև իկրա, լուլաքաբաբ-խորոված, վետչինա ու խաշլամա ենք ուտում, բրազիլական սուրճ ու մանգոյի կամ կոկոսի հյութ ենք խմում, պակա՞ս տղերք ենք...

Նախագահ 3-րդը արտակարգ խորհուրդ գումարեց, ճառեր ասացին, ճառեր լսեցին, և վերջում խոսքը տրվեց Նախագահ 3-րդին:

- Գիշերը անկողնում իմ տիկնոջ հետ երկար-բարակ շատ եմ մտածել այդ մասին ու միասին եկել ենք այն եզրակացության, որ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է,- ասաց նա:- Այդ ժողովուրդը ոչ մի կերպ չի բռնում հզոր ու պայծառ մեր երկրի ֆոնին: Դրանց ներկայությամբ երկրի գիտության կաճառներն ու արվեստի կոթողները այնքան թշվառ ու անհեթեթ են երևում, որ ամաչում ենք ցույց տալ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին: Ուրեմն...

- Ուրեմն՝ կորչի՛ ժողովուրդը,- միաձայն գոչեցին պալատականները:
Հաջորդ օրը արքայից-արքան հրամանագիր արձակեց. «Մենք՝ Նախագահ 3-րդս, գտնում ենք, որ մեր երկրի բոլոր չարիքների պատճառը ժողովուրդն է: Հաշվի առնելով նաև, որ հզոր ու պայծառ մեր պետությունն այլևս չի կարող պահել դրանց՝ այդ ձրիակերներին, որ ժողովուրդ է կոչվում.
ա) այսօրվանից ժողովուրդը ցրում եմ,
բ) սույն հրամանագիրը ստորագրվելու պահից ժողովուրդը լուծարվում է:
Ստորագրություն՝ Մենք՝ Նախագահ 3-րդ»:

          *  *  *
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այդ երկրում նույնպես ժողովուրդ կար, բայց արդեն չկար...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
---------------------------------------
12 տարի առաջ տպագրվել է «10-րդ նահանգ» թերթում

ՁՄԵՌԱՄՈՒՏ ԿԱՄ՝ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԵՐԳԸ


(Հովհաննես Շիրազի մոտիվներով)

Մերսեդեսներ ոտքերիս ու եվրոներ ձեռքերիս,
Ու դոլարներ այտերիս, ու մի ողջ բանկ կրծքիս տակ,
«Պապլավոկը» սրտիս մեջ, սև ակնոցներ աչքերիս,
Մաուզերը կողքից կախ, կազինոները՝ գրկիս,
«Տիրումերը» լեզվիս՝ ծառից իջա ես քաղաք,-
Արշավեցի՝ կոխ տալով ու շաղ տալով մայթերին
Կյանքեր, մարդիկ ու նաև՝ երազանքներ ճմրթված...

Քաղաքացիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, դժոխք տեսան հնաբույր,
- Ի՜նչ տականքն է,- ասացին,- ի՜նչ շանորդին,- ու փակին
Իրենց դռներն իմ առջև, ու ես «նագանն» իմ հանել՝
Անցնում էի գազազած, թալանելով իմ ճամփին
Ունեցվացքները նրանց ու գանձերը իմ երկրի...

Ու երկիրը Հայաստան մի բուռ ստրուկ էր դարձել,
Ծնկի իջել իմ առջև՝ գրպաններն էր թափ տալիս
Ու ծափ տալիս վերացած, հիմարի պես հիացած՝
Գորգեր փռում ոտքիս տակ, պսակ դնում սեգ գլխիս...
Ու ես թալանն իմ ուսերին, օրենքները՝ ոտքիս տակ,
Արշավում եմ աջ ու ձախ... Տո՛, ձեր հերն էլ անիծա՛ծ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ