30.10.2012

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՑԱԽ


Արցախում ամառային շոգ օրեր են։ Ներքաղաքական կյանքում գրեթե շարժում չկա։ Երկրի նախագահն արձակուրդում է։ Հանգստանում է նաեւ նրա մերձավոր շրջապատը, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մի մասը։ Արտգործնախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարոնների մասնակցությամբ հուլիսի 20-ին հերթական դիտարկման վերաբերյալ հերթական տեքստն է տարածել, որը, բացի մի քանի գործող անձանց անուններից, ոչնչով չի տարբերվում մի ամիս, հինգ ամիս, մեկ կամ 5 տարի առաջ տարածած նույնատիպ տեղեկատվությունից։

Այն է՝ «ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել» սահմանային գծի այս կամ այն հատվածում (այս անգամ՝ Տեր-տեր քաղաքի ուղղությամբ):

Հետաքրքիրն այն է, որ «սահման» բառի փոխարեն մշտապես օգտագործվում է «շփման գիծ» կապակցությունը։ Եվ ամենակարեւորը՝ «Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»:

Ի տարբերություն ներքաղաքական, հասարակական կյանքի անդորրի, Արցախի մյուս՝ ոչ պաշտոնական հատվածում, չնայած ամառվա տապին, կյանքը ոչ թե շարունակվում, այլ եռում է՝ շուրջբոլորը շինարարական աղմուկ է, մարդիկ կառուցում են, վերանորոգում, ոմանք ընդամենը մի քանի ամիս առաջ կառուցածը քանդել են տալիս, նոր, ավելի շքեղ ձեւով կառուցում։ Եվ դա ոչ միայն Ստեփանակերտում։ Մայրաքաղաքին մերձակա Դաշուշեն գյուղի մոտ գտնվող սուրբ Սարիբեկ վայրում պեղումների ժամանակ հողի տակ քարե պատ է երեւան եկել։ Տեղանքում շինարարական աշխատանքներ են տարվում։ Ավերված պատը վերակառուցում են, որից սրբավայրն այսօր մի նոր տեսք է ստանում։

Վերջերս էլ Արցախում Շուշիից 2 կմ դեպի արեւելք, Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա ավտոմայրուղու վերին հատվածում՝ ապառաժոտ լեռան սարահարթի վրա, որ կոչվում է «Թագավորեն տեղ»,  հայտնաբերվել է Կարկառ բերդաքաղաքը: Այն զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Արցախի զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ բերդաքաղաքի «պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչեւ 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ձեւը՝ մեծադիր քարերով: Պարսպապատերը ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ»:

Տեղում պատահականորեն ի հայտ բերված հնագիտական նյութերը վերաբերում են ուշ անտիկ-վաղ միջնադար ժամանակաշրջանին՝ համադրվելով վաղ միջնադարյան Կարկառ քաղաք-ամրոցի՝ աղբյուրներում եղած հիշատակությունների հետ:

Բաժնի պետ Սլավա Սարգսյանի ասելով՝ հավանաբար IXդ.-ից հետո ընկած ժամանակահատվածում՝ կապված քաղաքական իրավիճակի եւ այլ հանգամանքների հետ, Հին Կարկառի բնակիչները տեղափոխվել են պաշտպանական առումով առավել հուսալի վայր՝ ներկայիս Շուշիի բարձրավանդակ՝ պահպանելով տեղավայրի հինավուրց Կարկառ անվանումը. «Խորհրդային ժամանակներում Կարկառ քաղաք-ամրոցի տարածքը հարթեցվել եւ ձեւախեղվել է. շինությունների քարերը տեղափոխվել եւ օգտագործվել են բնակելի տների կառուցման համար, Շուշիի ադրբեջանցի կառավարիչների հրահանգով (հնարավոր է՝ կանխամտածված) տեղում ստեղծվել է կաղնու անտառ՝ տնկվելով Ռուսաստանից բերված ծառատեսակներ, ավելի ուշ տարածքով անցկացվել է Բաքու-Նախիջեւան գազատարի Շուշի տանող հանգույցը»…

Արցախի մշակութային կյանքում այս անգամ փորձել են շարժում մտցնել ՀՀ արվեստագետները։ Հուլիսի 18-ից Ղարաբաղում անցկացվում է միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի հանրապետական փուլը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին: Արցախցիներին 5 օրում ներկայացվելու է 18 ներկայացում, իսկ փառատոնի ողջ հասույթն ուղղվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանը:

Ստեփանակերտում առաջին երկու ներկայացումների ժամանակ դահլիճը, մեղմ ասած, ցավոք, լեփլեցուն չի եղել։ Սովորաբար արցախցի թատերասերները մեծ սիրով են մասնակցում Հայաստանից ժամանած բեմի վարպետների ներկայացումներին, սակայն այս անգամ, ամենայն հավանականությամբ, կազմակերպիչները տեղում թերեւս լավ չեն աշխատել, ու Ստեփանակերտի թատերասեր հանրությունն անտեղյակ է վերոհիշյալ ներկայացումների մասին։ Ո՞վ գիտե, գուցե մինչեւ անցյալ դարի 70-80-ական թվականները ծաղկում ապրող Արցախի մայր թատրոնի այսօրվա սիրողական-ինքնագործ մակարդակն է հանդիսատեսին վերջնականապես հիասթափեցրել-հեռացրել բեմարվեստից…

Եվ ամենատխուր ու ցավալի լուրը։ Հուլիսի 20-ին, ժամը 11-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում հանկարծամահ է եղել նախկին լեգենդար «Ղարաբաղ» թիմի եւ մեր ֆուտբոլի աստղերից մեկը՝ անփոխարինելի 6-րդ համարը, թիմի ավագ Բենիամին Բաբայանը։ Կաշվե գնդակի եւ սպորտի վարպետը վերջին տարիներին դասավանդում էր Արցախի պետհամալսարանում, դոցենտ էր։

Անցկացվող մինի ֆուտբոլի մրցաշարի ժամանակ վետերան ֆուտբոլիստը խաղադաշտ մտնելուց 10 րոպե հետո անսպասելի ընկել է եւ… Անձամբ շատ մոտ ճանաչելով Բենիկին, ընդամենը կարող եմ կրկնել մեծ բրիտանացու հանրահայտ հերոսի խոսքերը՝ ափսո՜ս, մարդ էր, Հորացիո…

Комментариев нет:

Отправить комментарий