ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դպրոցական և ուսանողական տարիներին կարդացել էի նրա «Ահնիձորը», «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոսը», «Կայարանը»... Կարդացել էի նաև նրա «Տերը» և նամակ գրել իրեն՝ տեր-ի ոճով... Հետո իմացա, որ նամակը դուր է եկել...

Նրա նման գրելը, նրա նման մտածելը ժամանակին բարձր ինտելեկտի նշան էր համարվում։ Անցնում էին տարիներ, տասնամյակներ, և նա միանշանակ մեծ գրող էր։ Նրան կարդում էին նաև օտարազգի ընթերցողները։

Նոր ժամանակներ ու նոր բարքեր եկան։ Քաղաքականությունը խուժեց մեր տները։ Մեզ հետ նստող-վերկացող տղաներից ոմանք շատ բարձր աթոռներ ձեռք բերեցին, և նա հրապարակայնորեն պաշտպանում էր այս կամ այն քաղաքական գործչին, շատերիս կարծիքով՝ ժողովրդի աչքում վարկաբեկված, հեղինակազրկված գործչին։ Այդ բանը շատերին դուր չեկավ։ Ինձ էլ դուր չեկավ, սակայն գտնվեցին մարդիկ, որ թերթ ու հանդեսներում փորձում էին նսեմացնել ոչ միայն Մաթևոսյան քաղաքացուն, այլև նրա ստեղծագործությունները։ Ոմանց մեջ մոլեգնորեն ոռնում էր 37-ի մատնագրության ոգին...

Մթնոլորտն այնքան շատ էր աղտոտված, գրողների միության համաժողովն անգամ այնպես էր արժեզրկվել մտավորականին պատիվ չբերող ինտրիգներից ու լեզվակռիվներից, որ մի տեսակ հիասթափել-խռովել էի գրականությունից, նաև նրա ստեղծագործություններից։ Կարծես իմ մեջ նրա հետ կապող ինչ-որ բան էր փշրվել, չնայած նա երբեք չիջավ իր հպարտ բարձրությունից և իր անվան վրա շպրտած աղտեղություններին մեծահոգաբար պատասխանում էր միայն մեծերին հատուկ լռությամբ...

Եվ դարձյալ անցան տարիներ։ 2002 թիվ, դեկտեմբեր։ Հայաստանյան լրատվամիջոցները գուժեցին՝ մեզ հետ չէ Հրանտ Մաթևոսյանը։ Զգացի կորստի չափը, միայն զգացի։ Հաջորդ օրը ռադիոյով հաղորդվում էր «Կայարանը» ռադիոբեմադրությունը... Վանդակախցի ներսում մի հաղթանակ էր մնացել և մի պարտություն։ Պարտությունը բաժին ընկավ Հրանտ Քառյանին...

Կրկին բացում եմ սիրելի գիրքը. «...Մեղվանոցին հիմա որ նայես՝ լացդ կգա։ Մի ժամանակ հինգ հարյուր երեսուն ընտանիք է եղել... Թուրքի քոչը գալիս էր։ Թուրքին ետուառաջ անելով գալիս էր երկարուկ կարմիր ղանջղ շունը, և ետևից գալիս էր լայն, խիտ, կեղտոտ, հոգնած հոտը... Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել... «Էս երկիրը դեռ անտեր չի, կներեք»՝ ասացինք... Ղարաբաղը ես լսելով գիտեմ։ Հետո՝ նրանց միրգը համեղ է, հետո՝ նրանց լոբին ընկույզի համ ունի, հետո՝ ժողովուրդն է խաղաղ, իմաստուն-ամեն ինչ գիտի ու ձեն չի հանում...

Եվ ամենազարմանալին. դարձյալ կանաչեցին արտեր, արտի ու հովի խաղ եղավ, դարձյալ կակաչը կարմիր էր և զանգակ ծիծաղ կար մեր կանաչ մարգերի վրա։ Եվ Վարպետը նստեց գահին և խորհեց զարհուրելի դաժան ու անդիմադրելի գեղեցիկ աշխարհի բանը, երբեմն միայն ասելով բառեր, որ ադամանդ էին... Փողոցում լռություն էր, հիվանդանոցում լռություն էր, իսկ նրա ներսում՝ ինչպես ջրի տակ, և իր լռության մեջ նա լսում էր շների ոռնոցը։ Դա վերջացած պատմություն էր։ Մի քիչ ազոտի, մի քիչ երկաթի, մի քիչ կրի այն փուխր միացությունը, որ կոչվում է մարդկային կյանք, քայքայվել էր, մնացել էր ազոտի, երկաթի, կրի մի փոքրիկ կույտ, և շները ոռնում էին ավերակների վրա...»։

Գրողի ծոցը կորան քաղաքականությունը, անցյալ, ներկա և գալիք բոլոր նախագահները, վարչապետները, զանազան գործիչ-մործիչները, պատվերով մրցանակակիրներն ու շքեղ կոչումներով ծպտված գրչակ-մրչակները։ Պատմության մեջ նրանք կհիշվեն միայն որպես Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցներ և, դա լավ հասկանալով, այսօր էլ փորձում են իրենց գլխարկները դիպցնել նրա կոշիկներին... Կրկին դեմ-դիմաց մնացինք երկուսով՝ գրողը և մենք, գրողը և ժամանակը...

Պարտությունը բաժին ընկավ ոչ միայն Հրանտ Քառյանին, այլև մե՛զ, բոլորի՛ս, որովհետև կորցրինք մեծ գրողին։ Շոշափելիորեն, ցավագնորեն հասկացա կորստի չափը. Հայաստանը կորցրեց վերջին մեծագույն գրողին։ Հայ իրականությունը զրկվեց իր վերջին դասականից։ Իր մեծ նախորդների պես այսուհետ նա ապրելու է միայն իր ստեղծագործություններո՛վ և իր ստեղծագործություններո՛ւմ։

2002 թ. դեկտեմբերի 18։ Ավարտվում է ոչ միայն տարին, ավարտվել է ոչ միայն դարը։ Հրանտ Մաթևոսյանի մահով ավարտվել է հայ գրականության մի հազարամյակը։




ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ*

Ազգային զարթոնքից, վերելքից ազգովին սրընթաց վայրէջքը և այսօրվա ու ապագայի հանդեպ հավատի լուրջ սասանումն է ամենալուրջ պատճառը, որ արցախցին այսօր ոչ միայն գիրք, այլև գրեթե թերթ չի կարդում։ Չի հա-վա-տում։ Նա վաղուց կուշտ է ամեն կարգի խոսքերից՝ դեռ միտինգային ժամանակներից...

Այսօր մեր հայրենակիցը մոռացել է գրախանութ տանող ճանապարհը, քանզի սոցիալ-տնտեսական մեծ ու փոքր պրոբլեմների ծովում ոչ միայն ժամանակ, այլև փող չունի գիրք գնելու համար։ Իսկ նրանք, ովքեր փող ունեն, և շատ փող, թքած ունեն գրքի և առևտրի ու շուկայի հետ կապ չունեցող մյուս բոլոր սրբությունների վրա...

Անշուշտ, խոտան գրքեր տպագրվում էին նաև խորհրդային ժամանակներում։ Սակայն այսօր, արժեքների հավասարեցում-համահարթեցման մեր օրերում, երբ նույն «գրախոսը» նույն թերթում գովում է ոչ միայն Շիրազի կամ Սևակի, այլև նորաթուխ գրչակի «հատընտիրը», երբ ազգային հեռուստառադիոն հայտնում է, թե այսինչ տոնական օրը ելույթ կունենան Արամ Ասատրյանը, Նունե Եսայանը, Արամոն... և Ռուբեն Մաթևոսյանը (այսինքն՝ ռաբիսի ու դեռևս սեփական դիմագիծ չունեցող հայկական էստրադայի «աստղերի» (իրենք «գերաստղ» են անվանում) անվանը նույն հորիզոնականի վրա տեղադրելով հայ երգարվեստի վարպետի անունը, երբ գրականության հետ ոչ մի կապ չունեցող ոտանավորչին բարձր մակարդակով իր հերթական գրքի շնորհանդեսն է կազմակերպում (աստված գիտե, թե որտեղից է փող գտնում՝ այդ զիբիլների տպագրության համար), մերօրյա համեստ ընդունակություններով ընթերցողն իրավունք ունի բողոքելու սպիտակի և սևի, լավի ու վատի, արժեքի և աղտեղության տարբերակման իր անկարողությունից։

Գեղարվեստական գրականության «խաղից դուրս» հայտնվելու մի պատճառ ևս։ Այսօրվա մեր հասարակակա-քաղաքական կյանքի ռաբիսային մակարդակը առնվազն 20-30 տարով հասարակությունը շպրտել է ետ։ Եթերը պաշարած այսօրվա մեր ռադիոկայաններով արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հայերեն երգ-երաժշտություն լսել։ Փոխարենը՝ ամեն օր, կոտրած ձայնապնակի պես անընդհատ պտտում են արամասատրյանական և այդ կարգի կատարումներ՝ թխված արևելա-թուրքական մուղամների ոգով։ Այսպես կոչված՝ ռաբիս երգեր, որոնք լսելով, ակամա մտածում ես, թե գտնվում ես ոչ թե պետություն ու օրենքներ ունեցող երկրի մայրաքաղաքում, այլ ծայրամասային հետամնաց մի գյուղի տհաս սազանդարների շրջապատում... Ու նաև ազգային ու համամարդկային արժեքներից խորթացման այս մթնորորտն է նպաստում գրականությունից և արվեստի մյուս տեսակներից ժողովրդի օտարմանը։

Գրքի, հատկապես հայատառ գրքի (ներառյալ՝ թարգմանական գրականությունը) հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա ազդում է նաև հայոց լեզվի՝ մայրենի լեզվի, մեր պետական լեզվի գրեթե ամենօրյա և նպատակաուղղված դուրսմղումը ռադիոեթերից, պետական այրերի ելույթից և, ընդհանրապես, մեր կյանքից։ Իսկ այդ նույն մեր պետական լեզուն պաշտպանելուն կոչված օրենքները, չգիտես ինչու, երբեք չեն գործում, և դա ոչ մեկին չի էլ մտահոգում։ Փոխարենը՝ հանրապետության գլխավոր թերթի ռուսական տարբերակում կարելի է ականատես լինել մայր լեզվի դեմ ոտնձգության ու ռուսաց լեզվի անթաքույց գովքի՝ այսօրինակ ընդհանրացված ծղրտոցով. «Ընկեր հայեր, ձերբազատվեք վեհության մոլուցքից»... Դե, իհարկե, թող պետությունը նրանց երեխաների համար ռուսական դպրոցներ բացի, այդ լեզուն էլ պետական երկրորդ լեզու հռչակի, որ գալիք սերունդը հետագայում «անգործ չմնա»... Բայց, հետաքրքիր է, աշխարհում կգտնվի՞ այսպիսի մի երկրորդ ազգ, որը հպարտանա մայրենիի իր չիմացությամբ և զօր ու գիշեր գովքը անի օտար մի երկրորդ լեզվի։

Ի՞նչ անել։ Սա երևի թե ամենադժվար հարցն է։ Կարելի է տասնյակ կամ մի քանի տասնյակ ենթադրություններ անել գեղարվեստական գրականությունն իր արժանի տեղը վերադարձնելու ուղիների մասին, որոնք բոլորն, ի վերջո, հանգելու են մի պարզ ու հասարակ ճշմարտության։ Որպեսզի գիրքն ընդմիշտ գրավի իր տեղը, նախ, պետք է, որ հասարակական կյանքում, հասարակության մեջ իր կորսված արժանավոր տեղը գրավի ՄԱՐԴԸ, շարքային մեր համերկրացին, երեկվա պատերազմում կյանքն ու արյունը չխնայած սովորական քաղաքացին, քանզի այս կյանքում նա ունի ոչ միայն պարտականություններ, այլև օրենքով ամրագրված իրավունքներ... Այդ թվում և ամենից առաջ՝ մարդավարի ապրելու իրավունք։

* Տպագրվում է կրճատումներով։




ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ*

20-րդ դարավերջին կյանքի ու արյան գնով ձեռք ենք բերել երազած ազատությունն ու անկախությունը և կանգնել մեծ ճամփաբաժանում. ինչպիսի՞ երկիր ստեղծել։ Սակայն, նախքան կենսականորեն ամենակարևոր այս հարցին պատասխանելը, սկսել ենք ձեռաց դեն նետել այն ամենը, ինչ ունեինք... Այդ թվում՝ նյութական ու հոգևոր արժեքներ։ Ու սկսել է պտտվել համատարած արժեզրկման ու համահարթեցման թափանիվը։

Երբ Փանջունու կերպարանքով մեկը հայտարարում է, թե «Թումանյանը պարտված հանճար է», իսկ մի ուրիշն էլ ազդարարում-գուշակում է, որ Սևակն այսօր չի հնչում և 21-րդ դար կգնան նրա ոչ բոլոր գործերը, ապա խեղճ ընթերցողը տարակուսած հարցնում է. «Եթե մեր գրականության անհաս բարձունքը՝ Թումանյանը պարտված հանճար է, ապա ո՞վ է հաղթող հանճարը, ո՞վ է 21-րդ դարի ուղեգիր ստացել և ո՞վ է այդ ուղեգրերը բաժանում»...

Քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, քանի դեռ Նունե Եսայանը, Արամ Ասատրյանն ու Աշոտ Ղազարյանը սոցիոլոգիական հարցման արդյունքներով մեզանում գլխավորում են 20-րդ դարի «լավագույնների» ցուցակը, այսօր արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք։ Այսինքն՝ հեքիաթի տաշտակի պես մի բան։ Մյուս կողմից՝ Հայրենիքից հեռացող և օտար ափերում բախտ որոնող հայ զինվոր, ամիսներով թոշակ-նպաստի սպասող հաշմանդամներ ու ծերեր, կիսահայախոս-կիսառուսախոս-կիսաանգլախոս հայրենի ապագա, համաշխարհային գլոբալիզացիայի հոգսուցավերով տառապող քաղաքական գործիչներ, կաշառակեր-բյուրոկրատների գողտրիկ մի համաստեղություն և իրենց նեղանձնական փոքրիկ «ես»-ը ստեղծագործությունից ստեղծագործություն քարշ տվող գրող-արվեստագետներ...

Ո՞վ է մեղավոր։ Մենք բոլո՛րս։ Քաղաքագետը, գիտնականը, գրող-արվեստագետը...
Ժամանակից դուրս գրականություն ու արվեստ չկա։ Ի տարբերություն հասարակ մահկանացուների, արվեստագետը պետք է կարողանա ոչ միայն մերձակա բլուրը, այլև նրա թիկունքի առնվազն մի քանի կիրճերն ու բլուրները տեսնել։ Նա պետք է զգա, տեսնի այն, ինչ ամբոխը չի տեսնում... Խոսել գրականության ու արվեստի մասին որպես այս կյանքից դուրս, վերերկրյա, վերացական ինչ-որ բանի, նույնն է թե խոսել ծառի մասին՝ չտեսնելու տալով այն հողը, ուր արմատներ է ձգել նա։

Մերօրյա քաղաքական գործիչներն աշխատում են շատ չխորանալ ապագայի անորոշ ոլորաններում։ Օրակարգում միայն այսօ՛րն է, ներկա՛ն։ Գրող-արվեստագետների մեծ մասը վերածվել է ամբոխի հավելվածի՝ նեղանձնական իր ապրումներով, մոռանալով, որ երբ արվեստագետի ներաշխարհը կազմված է լինում միայն սեփական աշխարհից, ապա նա նման է այնպիսի դաշնամուրի, որ միայն մեկ ստեղն ունի...

Սխալմամբ ասում ենք՝ արցախյան գրականություն։ Չկա, գոյություն չունի այդպիսի գրականություն։ Որքան էլ արհեստականորեն անտառը կտրատենք, փոքրացնենք, վերածենք բացատների, թուփը երբեք ծառ չի դառնալու։ Կա հայ գրականություն, որի մի փոքրիկ հատվածը գտնվում է Արցախում, և այն, ինչ արժեք չունի հայ գրականության համար, չի կարող արժեք կոչվել Ղարաբաղում։ Այսօր գրիչ բռնողների մի ստվար բանակ ունենք, որոնց մի մասը գրողների միության անդամներ են։ Սակայն Արցախում այսօր հազիվ տասը գրող ունենք։ Վաղուց ժամանակն է հպարտանանք որակո՛վ։

Ամեն տարի մի խումբ մարդիկ «Արցախյան շարժումն արտացոլող գեղարվեստական գործերի» համար մրցանակներ են ստանում, բայց մեզանում այդպես էլ չի ստեղծվել լավագույն այդ երկը, թատերգությունը։ Եվ չի էլ ստեղծվելու, քանի դեռ մենք բոլորս խարխափում ենք անղեկ մի նավում, քանի դեռ չենք ուզում տեսնել, որ թուրք-ազերիներին մեր հողից վռնդելու հերոսական պայքարից բացի, մնացյալը սխալների, չլուծված պրոբլեմների մի երկար շղթա է, որի արդյունքում՝ հաղթող երկիրն ավելի լավ չի ապրում, քան պարտվողը։ Եկեք վերջապես դադարեցնենք խեղճ ժողովրդին «սուրբ շուշանիկներով» դարձի բերելու սին փորձերը, քանզի ի տարբերություն հեքիաթային այդ սրբերի, իրական կյանքում շնչահեղձ ենք լինում սրբի պատմուճան հագած «հրեշտակների» առատությունից... Մրցանակակիր ներկայացումներ ունենք, սակայն հանդիսատեսը վաղուց մոռացել է դեպ տաճար տանող ճանապարհը...

Եվ այս իներտությո՜ւնը, անտարբերությունը սեփական ճակատագրի հանդեպ։ Ունենք հասարակական կազմակերպություններ, իրենց հասարակական-քաղաքական գործիչ լինելը միայն հոբելյանական-տոն օրերին հիշող «ազգանվերներ», սակայն չկա շարժում։ Մտքի՛, գաղափարի՛, համազգային վայրէջքը կանգնեցնելուն միտված շարժում։ Արցախյան գոյապայքարի առաջին տարիներին հակառակորդ ճամբարից մեր մասին հնչած յուրաքանչյուր վայրահաչության տեղական մամուլն իսկույն պատասխանում էր։ Այսօր հակառակ ծայրահեղությունն է. մեր լրատվամիջոցներն առանց մեկնաբանության (երբեմն նաև՝ մի առանձին պաթոսով ու հաճույքով) այնպես են ընթերցում Հ. Ալիևի կամ ադրբեջանական-թուրքական այլևայլ իշխանավորների ճամարտակությունները ղարաբաղյան հարցի վերաբերյալ, կարծես ներկայացնելիս լինեն մեր երկրի ղեկավարի դիմումը՝ ժողովրդին...

Ընդհանուր այս շիլաշփոթից, ասենք, միայն գրականության թևերից բռնել ու ցեխից հանել՝ հնարավոր չէ։ Ստեղծված վիճակից պետք է դուրս գանք համազգային ջանքերով, կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսություն թե գիտություն, մշակույթ թե քաղաքականություն։ Նախ՝ պետք է կանգնեցնել համատարած այս անկումը, վերջապես միանշանակ պատասխանել «ո՞ւր ենք գնում» հարցին, ապաքինել-վերակենդանացնել մարդկանց հավատը պետության, երկրի և ի՛ր իսկ հանդեպ...
2002 թ.
* Տպագրվում է կրճատումներով։




ՌԱԲԻՍ ԿԱՄ՝ ԽՆԱՅԵՑԵՔ ՄԵՐ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տասնամյակում ռաբիսը դուրս է եկել ավտովարորդների ավտոմագնիտաֆոններից ու սեղանատներից և գրավել ռադիոհեռուստաեթերը։ Ազգ ու ժողովուրդ գրեթե համատարած ռաբիս է լսում, որովհետև այլ բան լսելու այլընտրանք չունի։ Ասես կախարդական գավազանի մի հարվածով երգարվեստի զարգացած դարաշրջանից հետ ենք գլորվել և ընկել երաժշտության միջնադար։ Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, ասենք, որ Ստեփանակերտում գործող ռադիոկայանների երգացանկի «հայկական» բաժնի 90-95%-ը ռաբիս երաժշտություն է։ «Ի՞նչ կարող ենք անել,- ասում է «Փեյս» ռադիոկայանի աշխատակիցը,- երբ ռադիոլսողներն են գալիս և պատվիրում այս կամ այն ռաբիս երգը»։ Ես էլ գիտեմ, որ մեր հայրենակիցներն են զանգում և պատվիրում ռաբիս որևէ երաժշտություն։

Բայց... Բայց այդ երգ-երաժշտություններն այդ մարդիկ առաջին անգամ լսել են հենց այդ նույն ռադիոկայաններից։ Նրանց հենց այդ են հրամցրել, և նրանք գիտեն միայն հենց ա՛յդ երաժշտությունները։ Ուրիշ ի՞նչ է մնում 18-20 տարեկան երիտասարդներին, երբ նրանց ապրած գիտակից կյանքն ամբողջովին ողողված է ռաբիսի կլկլոցներով։ Երբ Երևան-Ստեփանակերտ միկրոավտոբուսի երիտասարդ ուղևորուհին ավտովարորդին խնդրում է. «Ինչ ուզում ես միացրու, միայն հայկական երգ չլինի, դրանից զզվում եմ», դրա պատճառը ոչ թե այն է, որ նա ատում է հայրենի երգարվեստը, այլ այն, որ նրա կարծիքով հայկական երգը հենց այդ ռաբիսն է։

Երբ «Կոնտակտ» լարային ռադիոկայանի «երաժշտագետ» հաղորդավարները ի լուր ռադիոլսողների հայտարարում են՝ «Իսկ այժմ հաղորդում ենք հայկական ժողովրդական սքանչելի մի կատարում» և եթերն աղտոտում ամենահետին պանդոկի ապաշնորհ մի սազանդարի շիքաստանման կլկլոցով, պարզ է, որ երաժշտական համեստ ճաշակ ունեցող ռադիոունկնդիրը հաջորդ օրը հենց այդ «սքանչելի կատարումն է» պատվիրելու սիրած աղջկա կամ թանկագին մայրիկի ծննդյան օրվա առթիվ։

Ցավոք, առավելապես հենց այդ ռադիոկայաններն են ժողովրդի, հասարակության մեջ ռաբիս-ճաշակ դաստիարակել։ Մինչդեռ նրանք իրականում պետք է, որ ավելի մեծ առաքելություն ունենային. ոչ թե չորեքթաթ գնային ժողովրդի հետևից, այլ առաջնորդեին իրենց ունկնդիրներին դեպի Վերելք, դեպի Գեղեցիկն ու մատնացույց անեին դեպ Տաճար տանող ճանապարհը։

Առավոտից կեսգիշեր լսելով արամասատրյանական երաժշտադպրոցի երգ-մարգարիտները, ակամայից մտածում ես. իսկ գուցե իսկապես երբեք Կոմիտաս և Արամ Խաչատրյան, Խաչատուր Ավետիսյան և Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Բադալյան և Լուսինե Զաքարյան, Ռուբեն Մաթևոսյան և Վարդուհի Խաչատրյան չենք ունեցել։

Որ ռաբիսը մակարդակ է, դեպ Գեղեցիկը տանող սանդուղքի ամենաստորին՝ գետնաքարշ աստիճանը - դա անկասկած է։ Սակայն ցավն այն է, որ այսօր ռաբիսային գետնաքարշ մակարդակ է տիրում ոչ միայն երգարվեստի ոլորտում։ Ռաբիսն համառորեն խուժել է հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր բնագավառները, և դրանով ավելի է դժվարացել նրա դեմ պայքարելը։ Երբ գրասեղանի հետևում նստած է օսլայած օձիք-փողկապով քաղաքական ռաբիսը, նրան հազիվ թե հնարավոր լինի բացատրել, թե ինչ ասել է Գեղեցիկ և Վեհ, Ազգային արժեք և Համազգային գաղափարախոսություն, քանզի ողջ ուսումնառության ընթացքում նա սովորել է միայն երկու թվաբանական գործողություն՝ գումարում և բազմապատկում, և նրա ուղեղի ծալքերում հազիվ թե երբևէ տեղ գտնվի Ռեմբրանդտի, Բեթհովենի կամ Կոմիտասի համար։

Ռաբիսի դեմ պետք է պայքարել բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում, այլապես մի տասնամյակ հետո որևէ եվրոպացու հազիվ թե կարողանանք համոզել, որ մենք երբևէ քաղաքակիրթ ազգ ենք եղել, և մեր արվեստն ու թուրքական արվեստը ամենևին նույնը չեն։




ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ... ԱՆՋԱՏՈՒՄ*

«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»... Եվ, իսկապես, հպարտանալու շատ բան ունեինք։ Մաշտոց ու Խորենացի, Նարեկացի ու Քուչակ, Թումանյան ու Իսահակյան, Տերյան ու Չարենց, Կոմիտաս, Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Պարույր Սևակ ունեինք, մշակույթ ու գիտություն, արդյունաբերություն ու գյուղատնտեսություն, մինչև անգամ սպորտ ունեինք, ինչո՞ւ չպիտի հպարտանայինք։

Սակայն... էինք։ Իսկ այսօր երբեմն լինում են պահեր, որ ամաչում ես հայ լինելուդ համար։ Ամաչում ես, որ տասը տարի է ազատության ու անկախության մասին ես խոսում, բայց այդ տասը տարում ոչ միայն չկարողացար հոգևոր-մշակութային մի արժեք ստեղծել, այլև ունեցածիդ ճակատագիրն էլ թողել ես բախտի քմահաճույքին, տնտեսությունդ վիզը ծուռ շլդիկի պես ականջները խլշած նայում է արևմուտքի ու ռուսաստանների ճամփաներին՝ էստի՜ համեցեք, սեփականաշնորհեք, գնեք, վարձակալեք մեր ունեցած-չունեցածը, մեր տունն ու տեղը...

Հազարամյակների պատմությունից ենք խոսում, սակայն տասը տարում երբեմնի ծաղկուն երկրից հուշ-հիշողություններ են մնացել միայն։ Չէ, այդ տասը տարում, սակայն, մենք հաղթանակ էլ ունեցանք։ Մե՛ծ հաղթանակ։ Առաջին անգամ հայը հաղթեց դարավոր թշնամուն։ Հաղթեց ոչ թե սոսկ բարոյապես՝ ինչպես Ավարայրում, հաղթեց ոչ թե իր Մեծ հայրենիքը կորցնելով և մի բուռ քարակույտի մոտ կանգնեցնելով թշնամուն՝ ինչպես Սարդարապատում, այլև հաղթեց արժանապատվորեն, տղամարդու պես. փրկեց իր երկիրը, իր պատիվն ու, միաժամանակ, ազատագրեց գերված իր պատմական հողերի մի մասը։ Եվ դա եղավ Արցախ-Ղարաբաղում՝ Մեծ Հայքի տասերորդ նահանգում։

Որ թուրքն առայսօր անզորությունից ատամներ է կրճտացնում ու վայրահաչում Ղարաբաղի վրա, զարմանալի ոչինչ չկա, քանզի դարեր շարունակ նա միայն հաղթել է, և այդ հաղթանակները լկտիացրել-հղփացրել են նրան։ Սակայն երբ քո հայրենակիցն է ագռավի պես կռավում Ղարաբաղի վրա, երբ երևանյան լրատվամիջոցներից են մատ ճոճում քեզ վրա, փորձում արժեզրկել ոչ միայն քո, այլև իրենց, ողջ հայ ժողովրդի Մեծ հաղթանակը, բառեր չես գտնում սեփական ազգի դեմ գաղափարական ահաբեկչության ելած հերոստրատներին պատասխանելու համար։

Վերջին տասնամյակում, համենայն դեպս, ես չգիտեմ մի դեպք, որ թուրք-ազերիների իշխանությունները կամ ընդդիմություն կոչվող զանգվածը գոնե կեսբերան ասեին, թե՝ «Գարաբագը մերը չէ»։ Որքան էլ գզեն, որքան իրար կոկորդ կրծեն, երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղին, այդ երկրի դիմությունն ու ընդդիմությունը միաբերան վայնասուն են բարձրացնում «Ադրբեջանի 20 տոկոսի զավթման» և այլնի մասին։

Իսկ մեզ մո՞տ։ Հայաստանում իշխանություններին քննադատելու համար չեն խնայում ոչ մի սրբություն։ Այդ թվում՝ նաև սեփական զավակների արյան գնով ձեռք բերված, իր ազգի Մեծ հաղթանակը՝ Արցախի ազատագրումը, Արցախի անկախության փաստը, որ, միաժամանակ, բարոյական հաղթանակ է ազգի համար։ Արդեն այլևս չեն գործում «Միացում» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսները, դեռ ավելին՝ դրանք գլխիվայր շրջել և ամբողջ թափով «Անջատման» կուրս են վերցրել...

...Հայրենակիցներ, ազգակիցներ, տիկնայք և պարոնայք, իրար խոյահարեք, սրեր ճոճեք ու սրեր ջարդեք որքան ուզում եք, բայց հանգիստ թողեք Ղարաբաղն ու ղարաբաղցիներին։ Արցախ-Ղարաբաղը ոչ միայն այս կամ այն խոշորագույն տրամաչափի չինովնիկի ծննդավայրն է, այլև Մուրացանի, Լեոյի, Արսեն Տերտերյանի, հերոս մարշալների՝ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես Բաբաջանյանի, Խանփերյանցի և բյուր հազարավոր հասարակ, սովորական հայորդիների հայրենիքն է։ Իսկ Հայաստանն էլ միայն Երևանը չէ, և երևանցին ավելի հայ չէ, քան սյունեցին, ախալքալաքցին, գյումրեցին կամ ղարաբաղցին։ Մի՛ աղտոտեք այս տաս տարում մեր և ձեր, ո՛ղջ ազգի միակ Հաղթանակը, միակ նվաճումն ու արժեքը։ Ձեզնից արժանավոր հազարավոր հայորդիների և հայուհիների արյունն է հեղվել հանուն այդ հաղթանակի։

* Տպագրվում է կրճատումներով։




«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ». ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ

Հակառակորդն ասում է՝ կա, և դա բնական է, քանզի այն, ինչ մոտ 70 տարի իրեն էր պատկանել, այժմ իրենը չէ։ Տարօրինակն այն է, որ մեր պետական այրերն էլ են հավատում, որ այդպիսի հարց կա։

Դիմենք պատմությանը։ 20-րդ դարի 20-ական թվականներին Ղարաբաղը, որ երբեք չի եղել թուրքալեզու որևէ պետության, հատկապես մինչ այդ գոյություն չունեցող Ադրբեջանի կազմում, խորհրդային նորաստեղծ կայսրության կողմից սկզբում հռչակվեց Հայկական ԽՍՀ անբաժանելի մաս, բայց հետո, տեղի տալով թուրքա-ազերական դիվանագիտությանը, միաժամանակ, հաշվի առնելով հայ դիվանագիտության դարավոր-խրոնիկական անտարբերությունն իր երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ, Ղարաբաղը հենց այնպես, մատուցարանի վրա, նվիրվեց նույնպես նորաստեղծ Ադրբեջան անվանված հանրապետությանը։

Հենց այդ օրվանից, երբ հայերով բնակեցված երկրամասը կցեցին ոչ թե նույն էթնիկա-կրոնական կազմով երկրին, այլ այլազգի-այլակրոն մի այլ երկրի, հենց այդ անարդարությունից ծնվեց «ղարաբաղյան հարցը»։ Այդ հարցը ամենից առաջ այդ նույն լեռնաշխարհի գերակշիռ մեծամասնություն կազմող հայ ազգաբնակչության մեջ էր, որ ամեն կերպ ձգտում էր պահպանել ազգային-էթնիկական իր կերպը։ Մյուս կողմից, այդ հարցը նաև ադրբեջանական կառավարության օրակարգում էր, որ այդ մասին չէր խոսում, բայց ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության դիմակի տակ, տարիներ, տասնամյակներ շարունակ փորձում էր այդ երկրամասը բնակեցնել ադրբեջանցիներով և այդկերպ ընդմիշտ փակել պատմության՝ իրենց օգտին գրված նաև այդ էջը։

«Ղարաբաղյան հարցը» մոտ 7 տասնամյակ գոյություն ուներ, ինչպես հուրը՝ մոխիրների տակ։ Մերթ պոռթկում, բողոքի ալիքի պես դուրս էր գալիս խորհրդային իշխանություններին գրված հայ մտավորականների նամակի ձևով, մերթ գեղարվեստական երանգավորումներով արտահայտվում էր ազգի լավագույն զավակների արվեստի գործերում, մերթ ժողովրդական դեռևս տարերային հուզումների ձևով ժայթքում, դուրս էր գալիս ժամանակի մոխիրների տակից։

1988-ին սկիզբ առած ազգային-ազատագրական շարժմամբ «ղարաբաղյան հարցը» իր մասին զգացնել տվեց ողջ աշխարհին և, վերջապես, բոլշևիկների կարմիր ձեռքով վավերացված պատմական սխալն ուղղվեց. իր օրինական գերագույն մարմնի որոշմամբ Ղարաբաղը դե յուրե դուրս եկավ Ադրբեջանի կազմից։ Այնուհետև Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում նա ոչ միայն պաշտպանեց իրեն, այլև իր զավակների կյանքի ու արյան գնով ազատագրեց իր պատմական հողերի մի մասը՝ այսպիսով նաև դե ֆակտո ազատվելով Ադրբեջանի գաղութային լծից։

Մենք երազում էինք դուրս գալ Ադրբեջանի կազմից՝ և դուրս եկանք։ Մենք ուզում էինք անկախանալ այդ երկրից՝ և անկախացանք, հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այսպիսով, խորհրդային կայսրության փլուզումից հետո անկախություն հռչակեց ոչ միայն Ադրբեջանը, որ իրեն չի համարում Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը (այսինքն՝ նաև չի կարող հավակնել վերջինիս տա-րածքային ամբողջակա-նությանն ու սահմաննե-րին), այլև անկախություն հռչակեց Ղարաբաղը։
Այդ օրվանից «ղարաբաղյան հարցը» այլևս գոյություն չունի։ 7 տասնամյակ հետո վերջապես ուղղվեց պատմության մեզ բաժին ընկած մեծագույն սխալներից մեկը։

Ուրեմն՝ էլ ի՞նչ «ղարաբաղյան հարցի» մասին է խոսքը։ Իրեն չպատկանող, բայց 70 տարի շարունակ բռնազավթված պահող մեր հողերը կորցրած թշնամու և նրա թիկունքում նավթի հոտից ռևերանսներ անող Արևմուտքի հնարած «ղարաբաղյան հարցի՞»... Եվ այդ ի՞նչ փոխզիջումների մասին են շարունակ ճամարտակում այդ պարոնները։ Չէ՞ որ մենք արդեն մի մեծ զիջում արել ենք։ Մայր հայրենիքին վերամիավորվելու փոխարեն, մեր դիվանագետների խորհրդով հռչակել ենք անկախ պետություն (այսինքն՝ ոչ Ադրբեջան, ոչ Հայաստան)։ Ուրեմն էլ ի՞նչ պիտի զիջենք. հազարավոր հայորդիների արյամբ ազատագրված մեր հողե՞րը, մեր ազատությո՞ւնը։ Դե, ուրեմն էլ ինչի՞ համար ենք պայքարել...

Լավ, մյուս կողմից, տեսնենք ազերիներն ինչ պիտի զիջեն։ Շահումյանը կամ Գետաշե՞նը պիտի վերադարձնեն մեզ։ Անշուշտ՝ երբեք։ Ինչ-որ կեսանկախություն կամ կեսազատություն-կեսինքնավարությո՞ւն պիտի տան մեզ։ Բայց չէ՞ որ մենք դրանք ամբողջությամբ արդեն նվաճել ենք արյամբ։ Ուրեմն՝ ի՞նչ։ Պարզ է, որ՝ ոչինչ։ Պարզ է, որ նրանք ուզում են, որ այդ զիջում-փոխզիջումները կատարվեն միայն մեր կողմից։ Ահա դրա համար է այդ ողջ դիմակահանդեսը, որի մասնակիցն են դարձրել նաև հայ դիվանագիտությանը։

Ես չեմ զարմանում իր գիշատչական-ազգային բնազդին միշտ հավատարիմ թուրք-ազերի կոչվող մարդկային կերպի վրա։ Ես զարմանում եմ հայ ապաշնորհ դիվանագիտության վրա, որ հաճոյակատարորեն գոլֆ է խաղում հայորդիների արյան գնով ազատագրված մեր հողերի առուծախի սեղանի շուրջ...

Տիգրան Մեծից հետո երկու հազարամյակից ավելի է՝ մեր բախտը չի բերում արքաների ու դիվանագիտության հարցում։ Եվ զարմանալի չէ, որ աշխարհում միայն մենք ունենք Քաջ Նազար՝ իր բյուրեղացած-խտացված քաջնազարականությամբ։ Հերոսականությունն ու քաջնազարականությունը մեզ մոտ քայլում են կողք-կողքի։ Մի կողմից՝ լեգենդար Ավո, Լեոնիդ Ազգալդյան, Վլադիմիր Բալայան և Բեկոր-Աշոտ Ղուլյան, մյուս կողմից՝ արցախյան շարժման ալիքների վրա աթոռ ու իշխանություն գրաված մարդիկ... Եվ երբ առաջիններն իրենց կյանքի ու արյան գնով հայրենիքի Ազատությունն ու Պատիվն էին պաշտպանում, երկրորդները, նրանց թիկունքում, հավատավառ, միաձույլ, մի բռունցք դարձած ժողովրդին դարձրին հավատազուրկ ցաքուցրիվ նախիր, քանդեցին-ավերեցին երկրի ողջ տնտեսությունը, Հայրենիքը դարձրին իջևանատուն-կայարան, ազգը՝ աշխարհի տարբեր ծագեր մեկնող ուղևոր-տարագիրներ...

Այսքանն իմիջիայլոց։
Դարձյալ դիմենք պատմությանը։ Մեր դարի սկզբներին նույն քաղաքակիրթ Եվրոպայի և Ամերիկայի աչքի առաջ իր պատմական հայրենիքում մորթվեց մեկևկես միլիոն հայ, և Թուրքիային մնաց մի հսկայածավալ Հայկական լեռնաշխարհ՝ Հայոց դարավոր, իրական մեծ Հայրենիքը։ Թուրքական դիվանագիտության ջանքերով ոչ միայն թաղվեց Հայկական հարցը, այլև, բացի մի քանի պետություններից, քաղաքակիրթ աշխարհը դեռևս չի ընդունել նույնիսկ հայերի ցեղասպանության փաստը։

19-րդ դարի առաջին քառորդում վերջին պահին Թուրքիան զավթեց նաև ներկայիս Հայաստանի տարածքի չափ Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Ադրբեջանը լիովին հայաթափեց իրեն նվիրված Նախիջևանը, այսօր բռնազավթած, իրեն է պահում նաև Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածը, մի քանի տասնյակ հայկական այլ բնակավայրեր, և այդ մասին խորհրդավոր լռություն է տիրում ոչ միայն հակառակորդի և Արևմուտքի դիվանագիտական ճամբարներում, այլև մեր իսկ քաղաքագետների շրջանում։ Կարծես երբեք չի եղել և չկա Հայկական (Արևմտահայաստանի) հարց, չկա Նախիջևանի հարց, չկա Շահումյանի և Գետաշենի հարց, չկա Բաքվից և Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերից բռնագաղթված կես միլիոն հայերի հարց...

Այսօր խաղարկվում է միայն «ղարաբաղյան հարցը»։ Հարց, որ այլևս գոյություն չունի, բոլոր հարցերից միակը, որ լուծվել է։ Եվ այդ «հարցը» խաղարկում-շահարկում են նաև մերո՛նք, մե՛ր դիվանագետ-քաղաքագետները, մոռանալով, չտեսնելուն տալով վերոնշյալ չլուծված հայկական մյուս բոլոր հարցերը։

Տարբեր առիթներով եվրոպական քաղաքագետները շեշտում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը էթնիկական կամ կրոնական արմատներ չունի (դրանով, անշուշտ, հող նախապատրաստելով ու կանաչ լույս վառելով ազերիների վերադարձի համար), և այդ խայծը մեր դիվանագետները կուլ են տալիս։ Մինչդեռ հակամարտությունը առաջին հերթին հենց էթնիկակա՛ն է, և թուրքալեզու, ոչ բնիկ փախստականների վերադարձը ոչ միայն քայլ չէ դեպի հակամարտության կարգավորում, այլև ավելի է սրելու իրավիճակը (կրկին հիշենք Կոսովոն)։

Երբ այսօր մեր հակառակորդները մարդամեջ են հանում ԼՂԻՄ-ի խորհրդա-ադրբեջանական քարտեզը, ես չեմ զարմանում մեր թշնամիների կարոտախտից, որ միաժամանակ, նաև դիվանագիտություն է, ես տարակուսում եմ, երբ հայ չինովնիկները, ովքեր հայոց Շուշին դեռևս շփոթում են թուրքական Շուշայի հետ, շարունակում են առաջնորդվել ԼՂԻՄ-ի խորհրդա-ադրբեջանական քարտեզով՝ անտեսելով ոչ միայն Լաչին-Քաշաթաղը, այլև ազատագրված մյուս շրջանների տարածքը։

Ազատագրված մեր հողերը ոչ միայն մեր թշնամին, այլև մեր իսկ դիվանագետներն անվանում են գրավված տարածքներ։ Թվում է, թե մեր ողջ ազգը բաժանված է եղել երկու մասի. մի մասը՝ նրա լավագույն զավակները, հայրենասերները, ազգի ոգին անթեղ պահողները, գնացել պաշտպանել են Հող-հայրենին և նահատակվել հանուն իրենց երկրի ազատության, իսկ մյուս մասը՝ պատմական հիշողությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ նկուղային զանգվածն այսօր բոշայի քամահրանքով ձեռնածություն է անում մեր սրբություն-սրբոցի՝ Հայրենիքի քարտեզի վրա։

Երբեմն ակամայից մտածում ես. իսկ գուցե սա ամենևին էլ մեր Հայրենիքը չէ, գուցե իսկապես մերը չեն Ամարասն ու Գանձասարը, այս խաչքարերն ու դարավոր շիրիմները, գուցե սխալ են Խորենացին ու Կաղանկատվացին, Իսրայել Օրին, Մելիք Ավանն ու Ղարաբաղի կամավորականները։ Գուցե մենք ամենևին էլ մենք չենք, այլ Մարսից այստեղ նետված կիսաբանական ինչ-որ անբացատրելի արարածներ, քանզի տրամաբանության ոչ մի սահմաններում չի տեղավորվում անհամբեր-սպասողական այն մթնոլորտը, որ տիրում է Հայոց աշխարհում։ Արդյո՞ք դա չի հիշեցնում մեծն Թումանյանի ավելի քան մեկ դար առաջ գրած «Անխելք մարդու» հեքիաթը...

Ո՞ւմ ենք սպասում և ինչո՞ւ ենք սպասում, երբ մեր իսկ ձեռքով լուծել ենք մեր հարցը։ Եվրախորհրդի կամ միջազգային մի այլ կազմակերպության կողմից մեզ տրված թղթե ինչ-որ մանդատի՞ ենք սպասում, թե՞ սպասում ենք, որ արհամարհանքով վզներիցս բռնեն ու ասեն. «Դուք ազատ և ինքնուրույն ապրելու ընդունակ չեք, վերադարձեք ձեզ ստրկացնողի մոտ և՝ աստված ձեզ հետ...»։

Հրադադարի տարիներին փոխանակ շենացնենք, հզորացնենք հազիվ մի փոքրիկ քաղաքի բնակչությամբ մեր երկիրը, փոխանակ վերաբնակեցնենք հայկական մեր հողերը, փոխանակ իսկապես ազատ ու անկախ, սոցիալական ու այլ կարգի անարդարություններից զերծ ժողովրդավարական երկիր կառուցենք՝ ի տես եվրոպացիների և ի ցավ մեր թշնամու, դրանով մեկընդմիշտ վերջակետ դնելով «ղարաբաղյան հարց» փուչիկին, ձեռքներս ծալել-նստել ենք ու սպասում ենք, թե արևմտյան տերությունները երբ են լուծելու մեր «հարցը»։ Իսկ այդ ընթացքում ոչ միայն մեր երկիրը չենք շենացնում ու հզորացնում, այլև անտարբեր դիտում ենք, թե ինչպես ազգի ներսում մի խումբ մակաբույծներ հսկայական հարստություն են կուտակում ու հղփանում, մի քանի կարիերիստներ ինչպես են ձեռնածություններ անում ազգի ճակատագրով՝ հանուն աթոռի ոտնատակ տալով ամեն ինչ, այդ թվում՝ վտանգելով երկրի գոյությունը...

Կա՞, թե՞ չկա «ղարաբաղյան հարց»։ Նայած ում համար։ Մեզ համար՝ այլևս չկա։ Հակառակորդի համար, քանի դեռ հույս ունի, թե Պատմությանն այս անգամ էլ է խաբելու, այդպիսի հարց դեռ կա։ Մնում է հայ դիվանագիտությունը. տեսնենք վերջապես կշեռքի որ նժարին է կանգնում...
1999 թ.




ՀՈՂԸ ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ Է

Հաճախ մոռանալով մեր կորուստները, հավատալով թշնամու դիվանագիտական զրպարտություններին, սխալմամբ ասում ենք՝ հաղթել ենք։ Նույնիսկ Թուրքիան, որ հսկա մի երկիր է զավթել՝ Արևմտյան Հայաստանը կամ ողջ Հայկական լեռնաշխարհի մոտ 70 տոկոսը, աշխարհին փորձում է ներկայանալ տուժածի կերպարանքով՝ եղեռնագործից իրեն դնելով զոհի դերում։ Նրանց եղբայրակից ազերիները, որ Բաքվից մինչև Գանձակ, Գետաշեն, Շահումյան ու Շամխոր կես միլիոն հայ են բռնատեղահանել, աշխարհով մեկ վայնասուն են բարձրացնում «Հայաստանի ագրեսիայի» ու իրենց տարածքային կորուստների մասին։

Մենք ընդամենը պաշտպանել ենք մեր մի բուռ հողը, բայց ասում ենք՝ հաղթել ենք։ Մենք նույնիսկ մոռացել ենք ԼՂՀ կազմի մեջ մտած Շահումյանի շրջանի, էլ չեմ խոսում Գետաշենի ենթաշրջանի, հայաթափված Շամխորի, Գանձակի մասին, Հայաստանից խլված Արծվաշենի մասին։ Այնքան միամիտ ենք, որ Մարտակերտի շրջանի հյուսիսում մի քանի գյուղ ենք «հատկացրել» և անունը դրել «Շահումյանի շրջան», Շահումյանի շրջվարչակազմ... Դե, էլ ի՞նչ ենք ուզում, եկեք Հայաստանում մեկ-երկու շրջան վերանվանենք «Արևմտյան Հայաստան» և Հայոց հարցը լուծած համարենք։ Մի Լևոն Տեր-Պետրոսյան էլ պաշտոնական այցով ճանապարհենք Թուրքիա, որպեսզի այնտեղ ամենաբարձր մակարդակով վավերացնի՝ մենք տարածքային պահանջատիրություն չունենք և, ի նշան ամենախորին բարեկամության ու երախտագիտության, մեր շուկան բոլոր չորս կողմերից բաց է ձեր կոնֆետ-շոկոլադների ու փալաս-փուլուսների առջև...

Տեղի ու անտեղի շեփորում ենք՝ չորս-հինգ (թե հինգ-վեց) հազարամյա պատմություն ունենք, մոռանալով, որ չորս-հինգհազարամյա մեր ճանապարհին ձեռքբերածով գրեթե ոչինչ չունենք հակակշռելու հազիվ 70-80 տարվա պատմություն ունեցող մի Ադրբեջանի դիվանագիտության։

Թուրքերը պահանջում են առավելագույնը, որ գոնե կարողանան ստանալ ցանկալին, իսկ մենք մի քանի տարի առաջ ԵԱՀԿ մեծ ու փոքր դիվանագետներին փորձում էինք ապացուցել, որ Շուշիի ու Լաչինի միջանցքը չենք կարող տալ հակառակորդին, քանզի դրանով կփակվի Ղարաբաղի միակ կապը արտաքին աշխարհի հետ։ Կարծես Քարվաճառն ու հարյուրավոր, հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված մեր մյուս հողերը պիտի նվիրենք թշնամուն ու նոր միայն հետները սակարկենք՝ Շուշին ու Լաչինի միջանցքը տա՞լ, թե՞ չտալ։ Ա՞յս է մեր դիվանագիտությունը։

88-ից ի վեր, որ մենք ազգային զարթոնք ենք ասում կամ, պարզապես՝ Շարժում, բազում կորուստներ ենք ունեցել՝ մարդկային, նյութական ու հոգևոր։ Վերջին տասնամյակում մեր միակ ձեռքբերածը մեր հողերի մի մասի ազատագրումն է։ Որքան էլ մեզնից ոմանք հավատան իրենց տարածքի 20 տոկոսի նվաճման վերաբերյալ հակառակորդի դիվանագիտական հեքիաթներին, դժբախտաբար, մեզ չի հաջողվել գրավել հակառակորդի ոչ մի թիզ հող։ Նույնիսկ ազատագրված չէ Դաշտային Ղարաբաղը։ Եթե մենք հանկարծ զրկվենք մեր միակ ձեռքբերածից՝ ազատագրված մեր հողերից, ապա մեր թվարկության երրորդ հազարամյակ ենք մտնելու որպես փառավորապես պարտված, աշխարհով մեկ սփռվելու, օտար երկրներում տարալուծվելու և «կարմիր գրքում» տեղ գրավելու դատապարտված մի ազգ։

88-ի փետրվարին օրինական ձևով՝ մեր երկրամասի գերագույն պետական կառույցի որոշմամբ, մենք դուրս ենք եկել Ադրբեջանի կազմից, որպեսզի միանանք մեր Մեծ Հայք հայրենիք-նավից մնացած Հայաստանի Հանրապետություն (մինչ այդ՝ Հայկական ԽՍՀ) նավակին։ Սակայն մեր ժողովրդի պատմության ընթացքում որերորդ անգամ տեղի ենք տվել հակառակորդի ոռնոցներին և մեզ հռչակել անկախ հանրապետություն։

Այսօր, երբ քաղաքագետ-դիվանագետները խոսում են փոխզիջումային ինչ-որ տարբերակների մասին, մեղմ ասած, տարակուսում եմ. անկախ պետություն հռչակելով, մենք արդեն զիջման ենք գնացել, մենք դուրս ենք եկել Ադրբեջանի կազմից, միաժամանակ, Հայաստանի կազմի մեջ չենք մտել։ Ուրեմն՝ ուրիշ էլ ո՞ր փոխզիջման մասին է խոսքը։ Է՞լ ինչ պիտի զիջենք՝ մեր տարածքնե՞րը, ազատությունն ու անկախությո՞ւնը...

Բայց ազատությունն ու անկախությունը, սովորաբար, դարեր, հազարամյակներ շարունակ, ազգերն ու ժողովուրդները նվաճել են զենքով և այլևս ոչ ոքի չեն զիջել։ Կեսազատություն ու կեսանկախություն չի լինում։ Հիշենք թեկուզ վերջին ամենաթարմ օրինակները՝ Կոսովոն, Չեչնիան. բանակցությունների սեղանի շուրջ միայն ամրագրում են նվաճածը կամ կորցրածը։ Եթե մենք փորձենք բացառություն լինել, դրանով կապացուցենք ոչ թե հակառակորդի դիվանագիտության գերազանցությունը, այլ այս արևի տակ ապրելու մեր անընդունակությունն ու չկամությունը։

Թշնամուց մենք տարածքներ չենք նվաճել։ Մենք ազատագրել ենք Արցախ-Ղարաբաղի բռնազավթված հողերի մի մասը, որ պատմական կամ իրավական ոչ մի փաստաթղթով «Ադրբեջան» կոչվող պետության կազմի մեջ չի եղել (ի դեպ, ԽՍՀՄ-ի փլուզմամբ այլևս գոյություն չունի այդ պետության կամայականորեն գծած ԼՂԻՄ-ի քարտեզը։ Եթե Ադրբեջանի Հանրապետությունն, ըստ իրենց անկախության հռչակագրի, Ադր. ԽՍՀ իրավահաջորդը չէ, ապա ի՞նչ իրավունքով է ուզում տերը լինել մի լեռնաշխարհի, որ բռնությամբ մտցվել է Ադր. ԽՍՀ կազմի մեջ)։

Մենք մի ողջ երկիր՝ Արևմտյան Հայաստան ենք տվել թշնամուն, մեր պատմական հայրենիքի 70-80 տոկոսը և ծվարել փոքրիկ մի քարակտորի վրա, որ սխալմամբ «Մայր Հայաստան» ենք հորջորջում։ Է՞լ ինչ զիջենք թշնամուն, փոքրիկ այս լեռնաշխա՞րհը...

Թուրքիան ակտիվորեն խուժել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ցանկացող երկրների առաջին շարքերը։ Դա այն երկիրն է, որ համաշխարհային երկու պատերազմներում չնայած դասվել է պարտված պետությունների շարքը, սակայն ձեռքբերածն ավելի մեծ է, քան կորցրածը։ Թուրքական դիվանագիտությունն իր երկրի ռազմկան պարտությունները քաղաքական հաղթանակների վերածելու մեծ փորձ ունի։

Նա կարողացավ ոչ ևս անել 1920թ. Սևրի պայմանագիրը, որով Հայաստանը անկախ պետություն ստեղծելու իրավունք ստացավ այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանները մոտ վեց անգամ գերազանցող տարածքում, որ ներառում է պատմական Հայաստանի Վան, Բիթլիս, Սասուն, Մուշ, Կարին, Երզնկա քաղաքները, սևծովյան Տրապիզոն նավահանգիստը, բիբլիական լյառն Արարատ և Վանա լիճը։ Թղթի վրա մնաց ոչ միայն այդ «Հայաստանը», այլև ամենավերջին պահին նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունից (Արևելյան Հայաստանից) թուրքերը պոկեցին Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը՝ ավելի քան 20 հազար քառ. կմ տարածքով (ներկայումս ՀՀ տարածքը ընդամենը 29,8 հազար քառ. կմ է)։

Երբ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հռչակվել էին Հայկական ԽՍՀ անբաժանելի մաս, Թուրքիան կարողացավ Հայաստանից պոկել նաև այդ երկրամասերն ու նվիրաբերել դեռևս անանուն, բայց պայմանականորեն «կովկասյան թաթարներ» կոչվող իր կրտսեր եղբայրներին, որի թոռ ու ծոռներին Բաքվի օդանավակայանում նախագահ Դեմիրելը վերջերս հավաստել է. «Մենք մեկ ազգ ենք և երկու պետություն»։

Մեկի հաղթանակը մի ուրիշի պարտությունն է նշանակում։ Մեր դարի առաջին քառորդում Թուրքիան հաղթել է։ Թուրքական դիվանագիտությունը հաղթել է մեր դիվանագիտությանը։ Մենք կորցրել ենք բազմադարյա մեր բնօրրանը, 1,5 մլն հայ հոշոտվել է իր հայրենիքում։ Այսօր այդ «երկիրը» կարող էր ունենալ մոտ 15-20 մլն հայ բնակչություն...

Մեր կորուստը սգալու և ողբալու համար չեմ այս ամենը հիշում։ 20-րդ դարի մեզ համար եղերական սկիզբը հիշում եմ, որ չմոռանանք մեր անցյալը, հատկապես մեր սխալները։ Հիշենք նաև նույն այդ ժամանակահատվածում նկարված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի քարտեզը, որի հողերի մի մասը հենց այնպես դուրս են մնացել երկրամասի տարածքից և տրվել ազերաբնակ մոտակա շրջաններին՝ որպես արոտավայր։ Բայց հողը արոտավայր չէ միայն, գրողը տանի։ Հողը նաև ՀԱՅՐԵՆԻՔ Է։

Ամեն տարի պետականորեն մենք նշում ենք անկախության տարեդարձը։ Բայց եթե վաղը թույլ տանք, որ ազատ ու անկախ մեր պետությունը տեղադրեն ինչ-որ «ընդհանուր պետության» կամ նման սարքովի տանիքի տակ, որի հողատարածքը, Լեոի խոսքերով՝ մեր ժողովրդի համար ընդամենը որպես գերեզմանոց կարող է ծառայել, ապա դրանով մենք սրբապղծած կլինենք ազատության համար նահատակված մեր եղբայրների հիշատակը։ Ես չեմ կարծում, թե դիվանագիտական սեղանների շուրջ արյան գնով նվաճված ազատությունն ու անկախությունը պաշտպանելը մեծ անձնազոհություն է պահանջում։ Այդտեղ սեփական կյանք չեն վտանգում, ինչպես պատերազմի դաշտում, բայց այդտեղ փոքրիկ մի սխալը կարող է վտանգել մի ողջ ազգի կյանք։




ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈ՞ՒՄ,
ԹԵ՞ ՕՂԱՊԱՐԱՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ


«Ոչ մի թիզ հողի» մասին սովորաբար խոսում են նրանք, ովքեր արյուն չեն թափել։ Բացի 4-5 հղփացած գեներալից, Ղարաբաղն ազատագրած մարդկանց մեծ մասը ընդհանրապես չկա հասարակական ասպարեզում,- կարդում ենք «Առավոտի» (31.01.06) խմբագրականում։

Անշուշտ կան այդպիսիք, բայց նրանք ամենևին վտանգավոր չեն։ Վտանգավոր են նրանք, ովքեր արյուն չեն թափել Արցախի ազատագրության համար, բայց այսօր ազերիներից բարձր են բղավում այդ հողերը զիջելու մասին։ Վտանգավորն այն է նաև, որ այսօր Արցախի ճակատագիրը փորձում են որոշել մարդիկ, ովքեր կապ չունեն Արցախի հետ, Արցախում չեն ապրում և երբեք այնտեղ չեն ապրելու։ Իսկ ինչ մնում է «հղփացած գեներալներին», ապա, ընդհակառակը, հենց նրանք են հայտարարություններ անում հողերը տալու մասին... Եվ եթե հարցը լուծվի այնպես, ինչպես այսօր փորձում են լուծել, ապա Արցախում այլևս հայ չի ապրելու։ Այն, ինչ կատարվում է մեր Արցախ-նավի հետ, հիշեցնում է «Տիտանիկի» խորտակման այն պահը, երբ բոլորը վալս են պարում ու զվարճանում, անտեղյակ, որ համերաշխորեն գնում են դեպի կործանում։

Աշխարհի մամուլը միաբերան խոսում է 2006-ի մասին՝ որպես հակամարտության լուծման տարի, իսկ հայաստանյան քաղաքական վերնախավի և սրճարանային մտավորականության մեծ մասն այնպես է սպասում այդ «բաղձալի օրվան», ասես բավական է այդ «լուծումը գա», և Երևանի փողոցները հեղեղվելու են երկնքից թափված մանանաներով։

Այսօր ոչ ոք այլևս չի հիշում Մոնթեի նշանավոր խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Երևանյան քաղաքական մթնոլորտում չկա այն վախը, որ «Պոմպեյի վերջին օրը» Արցախում, ի վերջո, դառնալու է Հայաստանի Հանրապետության վերջի սկիզբը։ Կորցնելով Արցախը, Հայաստանը դառնալու է ընդամենը 29 հազ. քառ. կմ տարածքով անկլավ-պետություն։

Ղարաբաղին դուրս մղելով բանակցային գործընթացից, հայ դիվանագիտությունն իրեն զրկել է մանևրելու հնարավորությունից։ Արցախ-հակամարտող կողմը դարձել է տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դեռ ավելին՝ վերջին 10 տարում միանշանակ ընդունելով հաղթողին անհարիր պարտվողական կեցվածք, հայկական դիվանագիտությունն արցախյան պատերազմի հաղթանակի նշաձողը իջեցրել, հավասարեցրել է հրետակոծվող Ստեփանակերտի և «Կոլցո» օպերացիայի ժամանակների իրողությանը։ Մինչդեռ ադրբեջանցիները պետական մակարդակով այնպես են բարձրացրել այդ նշաձողը, որ, ասենք, ճիվաղ Սաֆարովի արարքը ոչ հերոսական համարելը, Ղարաբաղի ադրբեջանական տարածք լինելում կասկածելը կամ հայկական ապրանք գնելը հավասարազոր է դավաճանության։ Եվ նրա հակահայկական հիստերիայի հետ հաշվի է նստում թե՛ Արևմուտքը, և թե՛ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը։

«Զենքի ուժով Ղարաբաղը ազատագրելու», «Տարածաքային ամբողջականության», «Գրավյալ 20 տոկոս տարածքների» և ազերիների նմանօրինակ կարգախոսներին ու հակահայկական քարոզչությանը հայ դիվանագիտությունը պարբերաբար պատասխանում է «գրավյալ տարածքները» հանձնելու և խաղաղությունն ամեն գնով պահպանելու հայտարարություններով։ Հակառակորդի սադիստական տրամադրություններին հայկական կողմն այսօր հակադրել է իր մազոխիզմը։ Ասես ոչ թե մենք ենք երեկ հաղթել պատերազմում, այլ նրանք, ասես ոչ թե մենք ենք արդար, այլ՝ նրանք։ Կարծես բազմաչարչար այս երկիրը ոչ թե մերն է, այլ նրանցը։ Այնպես է ստացվում, որ հայկական դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը ենթարկվի Արևմտյան Հայաստանի ճակատագրին և հետո սկսի ողբալ իր հերթական կորուստը...

Եվ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք. օկուպանտ հայկական բանակ՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, բազմահազար ադրբեջանցի փախստականների և, ընդհանրապես, արդար վրեժի ցասումով տոգորված ադրբեջանական ժողովրդի։ Միջազգային հանրությունն այսպես է ընկալում հակամարտությունը։

Այսօր այդ բոլոր եվրախորհուրդները, ԵԱՀԿ-ները, ճգնաժամային խմբերն ու արևմտյան մյուս միջնորդական առաքելությունները մեր իսկ թողտվությամբ բանակցային սեղանին են դրել հակամարտության լուծման տարբերակներ, որոնցում առկա պահանջներից յուրաքանչյուրը և բոլորը միասին ենթադրում են Արցախ՝ առանց արցախցիների։ Ահավասիկ ամենահիմնականները։

Ազատագրված տարածքների հանձնում։ Հայաստանյան մեր դիվանագետները դա անվանում են «գրավյալ տարածքների վերադարձում»։ Իսկ արցախցիների համար դրանք ոչ միայն Դաշտային Ղարաբաղն են ու հայկական հինավուրց հողերը, այլև անվտանգության գոտիներ։ Ազատագրված 5 շրջաններից (Լաչինի ու Քելբաջարի մասին երբեք չպիտի խոսք լինի, դրանք պետք է սահմանադրորեն ամրագրել որպես ԼՂՀ տարածք) յուրաքանչյուրի վերադարձը նշանակում է ադրբեջանական ռազմակայանների վերականգնում ու պատերազմի վերսկսման հավանականության մեծացում։ Յուրաքանչյուր հողակտոր կարելի է հանձնել միայն փոխզիջման պայմանավորվածությամբ, ասենք՝ Հորադիզի կամ Ֆիզուլու շրջանների ինչ-որ մաս՝ Գետաշեն-Շահումյանի և պատմականորեն հայկական այլ տարածքների վերադարձման դիմաց։

Փախստականների վերադարձ։ Փախստականների վերադարձ ասելով այսօր հասկացվում է 40 հազար (անշուշտ, ազերիները դրան կգումարեն ևս 30-40 հազար) ադրբեջանցիների վերադարձ Շուշի, Խոջալու, Ղարադաղլու, Կրկժան և այլն։ Եվ ոչ մի խոսք Բաքուն, Սումգայիթը, Կիրովաբադն ու Ադրբեջանի մյուս հայաբնակ բնակավայրերը լքած 400 հազար հայերի մասին։ Այս կետը ևս հայ դիվանագիտության անգործունեության արդյունք է, իսկ ազերիների համար՝ մեր երկրում «տրոյական ձի» մտցնելու փայլուն հնարավորություն։

Իրար թշնամի, էթնիկական և կրոնական ոչ մի ընդհանրություն չունեցող ժողովուրդների յուրաքանչյուր արհեստական մերձեցում նշանակում է ազգամիջյան կրակի նոր բորբոքում... Ի՞նչ բարոյական իրավունքով պիտի այստեղ վերադառնա քնած մարդու վրա կացին բարձրացնող ու բահ-քլունգով խաչքարեր ոչնչացնող ստահակը, կամ այն «խաղաղ բնակիչը», որ Շուշիի բարձունքից տարիներ շարունակ հրետակոծում էր Ստեփանակերտն ու արցախյան մյուս բնակավայրերը։ Նրանք պիտի գան Շուշի և կրկին անգամ վտարանդի դարձնեն իրենց ձեռքով հալածված, Սումգայիթի, Բաքվի ջարդերից մազապուրծ փրկված մեր հայրենակիցների՞ն։
Այսօրվա հրադադարի պահպանումը պայմանավորված է նաև թշնամի երկու ժողովուրդների հենց տարանջատ գոյությամբ։

Հանրաքվե 10-15 տարի հետո։ Այս կետը նշանակում է ոչ թե հակամարտության լուծում, այլ տեսականորեն առնվազն 10-15 տարով երկարաձգում։ Տեսականորեն, որովհետև նախորդ երկու կետերն իրագործելուց հետո հազիվ թե անհրաժեշտ լինի Արցախում 15 տարի հետո նոր հանրաքվե անցկացնելու։ Այս հողում այլևս հայ չի մնալու։ Ամենևին էլ պարտադիր չէ ազերիներին վերադարձնել այստեղ, որպեսզի 15 տարի հետո մասնակցեն հանրաքվեին։ Հանրաքվեի ջատագովները ցանկության դեպքում այսօր էլ կարող են Արցախում հանրաքվե անցկացնել, և մեր 130-140 հազար «այո»-ն բաղդատել ազերիների 40 հազար «ոչ»-ի հետ, ու հարցը լուծված համարել հօգուտ մեծամասնության...

Խաղաղապահ զորք։ Այսօրվա մեր անվտանգության, հրադադարի և խաղաղության ամենամեծ երաշխիքը մեր բանակն է։ Ինչ մնում է «խաղաղապահներին», ապա նրանց մենք արդեն տեսել ենք սաֆոնովյան տարիներին, Գետաշենում, Շահումյանում, Բերդաձորում զտումներ կատարելիս։ Նրանց ներկայությամբ ու լուռ համաձայնությամբ սերբերը լքել են իրենց հինավուրց բնակավայրերը Կոսովոյում...

Այս 4 կետից յուրաքանչյուրի ընդունումը նշանակում է Արցախի վերջ։ Մինչդեռ այս կետերն այսօր մեզ հրամցվում են մեկ համատեքստում։ Ահա այսպես են ցանկանում «լուծել» Ղարաբաղյան հակամարտությունը։
Եթե իսկապես ուզում ենք ապրել այս հողում, եթե մեր մեջ դեռևս չի մեռել ազգային արժանապատվությունը, եթե իրոք մեզ մտահոգում է մեր զավակների, կանանց, մայրերի ու քույրերի ճակատագիրը, տեր կանգնենք մեր երկրին ու ճակատագրին։
Փետրվար, 2006 թ.




ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Մեկևկես տասնամյակ է անցել ղարաբաղյան շարժման նախերգանք հեղափոխական փետրվարից։ Մեկևկես տասնամյակ առաջ Արցախը ոտքի կանգնեց ի պաշտպանություն ոտնահարված իր իրավունքների, ազգային արժանապատվության, պատմական սխալները սրբագրելու ու Մայր հայրենիքին վերամիավորվելու վճռականությամբ։ Ի պաշտպանություն մեզ ոտքի ելան նաև Հայաստանի ու սփյուռքի մեր եղբայրները։

Այդ օրերին ազգովին մենք մի բռունցք էինք, և կարծես թե աշխարհում ոչ մի ուժ չէր կարող սասանել միասնական մեր շարքերը։ Ժամանակի կարգախոսը միացում-միասնությունն էր։ Մենք դեռևս չգիտեինք, որ կգա ժամանակ, երբ մեզ կրկին պիտի կիսեն, բաժանեն, բայց արդեն ո՛չ մեր արտաքին թշնամիները, որ օրվա կարգախոս կդառնա անջատում-տարանջատումը, և մեզ նորից պիտի դարձնեն «հայաստանցի», «ղարաբաղցի» ու «սփյուռք-արտասահմանցի»։

Դեռ ավելին՝ մեզ կվերաձևեն համախոհների և այլախոհների, իսկ մեր թշնամի Ադրբեջանը կդառնա դեմոկրատական ու ժողովրդավարական իր հաղթանակին սպասող համեստ մի երկիր, որ մեր արտգործնախարարի խոսքերով, առաջինը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Իսկ մեր մեծ թշնամի Թուրքիան, որի թաթերին դեռ թարմ են մեկևկես միլիոն հայերի արյան հետքերը, «խաղաղասիրական» առաքելությամբ իր քիթը պիտի խոթի Արաքսի այս կողմերը՝ ոչ միայն «Ղարաբաղի հարց» լուծողների սեղանի շուրջ տեղ գրավելու, այլև որպեսզի արհամարհանքով նայի, թե երևանյան իշխանավորներն ինչպես են ռևերանսներ անում իր առջև։

Մեկևկես տասնամյակ առաջ մենք ունեինք Մեծ երազանքներ, և հանուն այդ երազանքների իրականացման ոտքի ելավ ողջ ժողովուրդը։ Մենք արդեն մի ազգ ու մի պետություն էինք՝ ընդհանուր պետություն և մի Հայրենիք։ Մեր մտքով անգամ չէր անցնում, որ կգա ժամանակ, երբ եվրոպաներում ու ամերիկաներում նստած բարոնները, լորդերը, կոմսերն ու, աստված գիտե, թե էլ ովքեր ասպարեզ պիտի նետեն «ընդհանուր պետության» մի նոր զավեշտ՝ մեզ ու մեր թշնամու համատեղ գոյության համար։

Մեկևկես տասնամյակ առաջ, երբ հանուն մեր Մեծ երազանքների իր կյանքը տվեց առաջին արցախցին, մեր մտքով ամենևին չէր անցնում, որ հարյուրավոր, հազարավոր հայորդիներ իրենց արյունն ու կյանքը պիտի տան մեր Մեծ երազների իրականացման համար։ Այդ օրերին մենք ամենևին չգիտեինք, որ ոչ միայն մեր զավակներին ու եղբայրներին ենք հողին հանձնում, այլ նրանց հետ նաև՝ մեր Մեծ երազանքները։ Երազանքներ, որ մեր թշնամիներն ու եվրոպա-ամերիկաները պիտի վերաձևեն ու դարձնեն «ղարաբաղյան հարց»՝ անշուշտ, աչքի առաջ ունենալով պատմությանն արդեն հայտնի համանման մի հարց՝ «հայկական հարցը» և այն լուծելու իրենց դիվանագիտական «փորձը»։

Մեկևկես տասնամյակ է անցել 88-ի փետրվարից, և այդ տասներկու տարում կաթիլ առ կաթիլ, թիզ առ թիզ մենք կորցրել ենք ամեն ինչ՝ հազարավոր երիտասարդ կյանքեր, մեր միասնականությունը, թեկուզև կիսատ-պռատ մեր բարեկեցությունն ու հավատը առ ամեն ինչ։ Շուրջբոլոր աշխույժ առևտուր է հիմա՝ զանազան-բազմագույն թուրքա-արևելյան ապրանքների տոնավաճառ և այդ ամենի շուրջ սփռված խեղճություն ու աղքատություն՝ նաև հոգևոր։ Գործազրկություն ու արտագաղթ...

Մեկևկես տասնամյակում մեր միակ ձեռքբերածը բռնազավթված մեր հողերի մի մասի ազատագրումն է։ Այսօր փորձեր են արվում մեզնից խլել նաև այդ, մեր միակ ձեռքբերածը, որ սոսկ հողատարածքներ չեն միայն, այլ մեր անվտանգության և այս հողում ապրելու մեր ամենաառաջին ու ամենակարևոր գրավականը։ Լինե՞լ, թե՞ չլինել մեր հողում. այս է խնդիրը։




ՄԵՆՔ

Շա՜տ վաղուց, շատ տարիներ առաջ, երբ մենք փոքր էինք, աշխարհը շատ մեծ էր։ Վերևում անծայրածիր երկինք էր, ներքևում՝ կապտականաչ դաշտեր ու կապտականաչ լեռներ, որ հեռուներում լուծվում էին երկնքի կապտաճերմակին։ Մենք շատ փոքր էինք, իսկ մեր երազանքները շատ մեծ, երկնքի ու լեռների չափ մեծ։

Հետո մենք մի քիչ մեծացանք և հասկացանք, որ թիկունք-թիկունքի այդ լեռներից անդին նույնպես կան լեռներ ու կապտաճերմակ երկինքներ։ Երբ մենք հասկացանք, որ մեր երկինքներից, մեր երկինքներում հանդարտ սահող մեր արծիվներից ու մեր լեռներից այնկողմ նույնպես մարդիկ են ապրում ու երեխաներ, մեր երազանքներն ավելի մեծացան։

Մենք երազում էինք երկնի լազուրներում ճախրող արծիվների, բարձրաբերձ լեռների, մեր երկնքի ու մեր լեռների մարդկանց և լեռներից այնկողմ ապրող մարդկանց ու երեխաների մասին։ Այդ տարիներին մենք շատ փոքր էինք, դեռ դպրոց չէինք գնում, սակայն մեր երազանքները շա՜տ մեծ էին ու անսահման։ Մեր երազանքներում պետություններ չկային, մեր երազանքներում կար գեղեցիկ ու զարմանահրաշ մի աշխարհ, և այդ աշխարհը մերն էր, մենք՝ այդ աշխարհի տիրակալները։ Մենք դեռևս չէինք հայտնագործել մահվան առեղծվածը։ Այդ ժամանակներում մենք անմահ էինք։

Անցան տարիներ։ Մենք մի քիչ մեծացանք, դպրոցում ծանոթացանք բնական ու հասարակական գիտությունների այբուբենին, և մեր երազանքները կամաց-կամաց ձեռքբերեցին պետական սահմաններ։ Մեր երազանքներն իրավունք չունեին դուրս գալու մեր երկրի սահմաններից։ Մեր երազանքները փոքրացան, դարձան մեր երկրի ու պետության չափ։ Բայց, քանի որ մեր երկիր-պետությունը շատ մեծ էր, մեր երազանքներն աշխարհում ամենամեծն էին։

Եվ դարձյալ անցան տարիներ։ Մենք համոզվեցինք, որ մեր երկիր-պետությունում ոչ միայն բարեկամներ են ապրում, այլև հակառակորդներ, թշնամիներ կամ, պարզապես, հենց այնպես, պետություններ։ Մեր երազանքներն ավելի փոքրացան ու դարձան հայրենի մեր լեռնաշխարհի չափ։ Մենք էինք, մեր լեռները։ Եվ մենք, փախչելով բուհական դասաժամերից, նստում էինք «Մենք ենք, մեր լեռների» մոտ ու երազում մեր ու մեր լեռների մասին։ Մեր երազանքները սեղմվեցին, բյուրեղացան ու դարձան կապույտ մեր լեռների ու մեր երկինքներում ճախրող արծիվների թռիչքների չափ։

Կրկին անցան տարիներ։ Պարահանդեսից մենք կյանք ընկանք և հասկացանք, որ մեր աշխարհում ու մեր շրջապատում ապրում են ոչ միայն մարդիկ, այլև շողոքորթներ, կաշառակերներ, խաբեբաներ, թալանչիներ ու ավազակներ։ Մենք նրանց դուրս շպրտեցինք մեր երազանքներից։

Հետո ազգային զարթոնք ու պատերազմ եղավ, և մեր երազանքները, որ մինչ այդ աստիճանաբար փոքրացել էին, հանկարծ մեծացան, շատ մեծացան ու նրանց մեջ հայտնվեցին նաև նրանք, որ սրիկաներ էին, կարիերիստներ ու մորթապաշտներ։ Հետո սկսվեց նվաճումների ու կորուստների շրջանը։ Ազատագրում-նվաճում էինք պապենական, պատմական մեր հողերը և, միաժամանակ, անվերադարձ կորցնում մեր լավագույն զավակներին։ Ավելի ուշ, տարիներ հետո, երբ մեր և դարավոր թշնամու միջև ձգվող ռազմաճակատային գծում հաստատվել էր հարաբերական անդորր, և պատերազմը տեղափոխվել էր մեր մեջ, մենք ուշացումով հասկացանք, որ մեր լեռների զավակների հետ միասին մենք թաղել ենք նաև նրանց ու մեր երազանքների մեծ մասը։ Մեր երազանքները կապտաճերմակ երկնքի արծիվների բարձրությունից իջան, փոքրացան և դարձան անշուք մեր բնակարանների, շարունակ ստվարացող մեր հոգսերի ու պրոբլեմների չափ։

- Գրողի ծոցը կորեք ձեր այդ երազանքներով,- այս ու այնտեղից մեզ վրա ճչում էին մարդիկ, որ մինչ այդ թերևս իրենք էլ ունեին երազանք, մարդիկ, որ տարիներ առաջ իրենք էլ էին մեր երազանքներում։
- Եթե մեր բոլորիս երազանքները մեռնեն, ազգի ոգին կմեռնի, կմեռնի նաև ազգը,- ասացինք մենք։- Մարդիկ կմնան, ամերիկաներում, ավստրալիաներում, ֆրանսիաներում, լուսնի վրա կամ ով գիտե ինչ ջահանդամներում մարդիկ կապրեն, բայց ազգը կմեռնի։

Հետո մենք հանկարծ հիշեցինք Սասնա Դավթին ու Թուր Կեծակիին, հիշեցինք Փոքր Մհերին։ Շուրջբոլոր ամեն ինչ այնքան անիմաստ, անհեթեթ ու ցավալիորեն տխուր դարձավ, որ մենք հասկացանք, թե ինչու Փոքր Մհերը փակվեց Ագռավաքարում։ Մենք հասկացանք, որ գարին երբեք չի դառնալու ընկույզի, ցորենը՝ մասուրի չափ, և Փոքր Մհերն ընդմիշտ Ագռավաքարում փակված է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք սովորել մեր թշնամուն որոնել մեր թշնամիների մեջ, բարեկամին՝ բարեկամի մեջ, քանի դեռ մեր երազանքներն երկինքներից վար են իջեցված և սողում են ինչ-որ մեծ ու փոքր աթոռների ոտքերի արանքում, քանի դեռ մեզ համար գեղեցիկ է միայն այն, ինչ մերն է, և տգեղ է այն, ինչ մերը չէ...

Մենք ենք, մեր լեռները։ Մենք մինչև իսկ մոռացել ենք մեր շուրջ մեր թշնամիների զզվելի գոյության մասին։ Մենք նաև չենք նկատում, որ մեր լեռներում արդեն գարուն է, իսկ մեր հոգում՝ ձմեռ, սառնաշունչ, տաղտկալի ձմեռ...
Հեռո՜ւ Ագռավաքարում Փոքր Մհերն է փակված, վերևներում, հեռո՜ւ և փոքրիկ, անտեսանելի մի մոլորակում, որի շուրջ շատ տարիներ առաջ մեր երազանքներն էին հպարտ ճախրում, մեզնից լքված ու մոռացված Փոքրիկ Իշխանը քնքշանքով իր միակ վարդն է աճեցնում...




ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏ

Մեկը դեղատնից գլխացավի հաբ է խնդրում,
նրան խորհուրդ են տալիս. «Գխլացավի դեղ
չունենք, բայց փոխարենը լավ լուծողական
ունենք...»։


Մոտավորապես նույնը կարելի է ասել հայ դիվանագետների մասին։ Քանի որ այդ կարգի մասնագետներ չունենք, մի խումբ փինաչիների վրա մի ցուցանակ ենք կախել, վրան գրել՝ դիվանագետ, ու գործի գցել։
Այդպիսի մի «խոշոր» դիվանագետ տարիներ առաջ հեռուստահարցազրույց էր տալիս։ Բայց քանի որ նրա համար ավելի կարևոր խնդիրն այն էր, թե հեռուստադիտողը նկատո՞ւմ է իր նոր գուլպանները, թե՞ ոչ, ոտքն այնպես էր ոտքով գցել, որ քիչ էր մնում հեռուստաէկրանից զգաս փայլփլուն կոշիկների և թանկարժեք գուլպանների մեջ խցկված անլվա ոտքերի գարշահոտը...
Դե լավ, հարգելի պարոն, եթե այդպես շատ ես ուզում, որ մարդիկ նոր գուլպաներդ տեսնեն, ավելի լավ չէ՞ր դրանք միանգամից գլխիդ վրայով հագնեիր։ Կամ, ասենք, գլխիդ ու ոտքերիդ տեղները փոխեիր։

Մեր ժողովրդի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև Սևրի պայմանագիր ու Արցախյան հարց, ծայրից ծայր քրքրեք, գրեթե ամեն ինչ կգտնեք՝ ազատագրական շարժումներ ու ապստամբություններ, բարոյական հաղթանակներ ու մեծ պարտություններ, ջարդեր ու ողբ, Աստծո հետ բանավիճող հանդուգն մտածողներ ու ճարտարապետներ, գրողներ, գիտնականներ ու շինարարներ, բայց հայ դիվանագետ չեք գտնի։ Խոշորացույցով ու մանրադիտակով էլ փնտրեք՝ չեք գտնի։

Դիվանագետների պիտակով մարդկանց մի խումբ այսօր էլ Ղարաբաղյան հարցի վրա է «գլուխ կոտրում», իր ժողովրդի զավակների արյան ու կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը, իր հայրենի հողի մի մասը, իր երկիրը դրել թղթախաղի սեղանին, մտմտում է. մաս-մաս վաճառե՞լ, թե՞ միանգամից, լրիվությամբ...
Հայ դիվանագե՜տ... Իմ ծանոթներից մեկը կատակով ասում է. «Եթե սրանց վրա ծախսված հազարավոր, միլիոնավոր նյութական միջոցների մի չնչին տոկոսով մի քանի թուրք դիվանագետ վարձած լինեինք, «Ղարաբաղի հարցը» վաղուց լուծած կլինեինք, և այսօր երկրի ու հայրենիքի տեր կլինեինք...»։
Հայ դիվանագե՜տ... Անունը կա, ինքը կարծես թե կա, բայց միաժամանակ չկա։ Մեզ համար չկա՛։




ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ՝
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ


Հայաստանյան առաջին հեռուստաալիքով ինչ-որ հաղորդման ժամանակ մի երիտասարդ ասաց, թե հաճախ է մտածել հետևյալ հարցի շուրջ. «Մենք համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ սովորական ժողովուրդ»։ Եվ, ի վերջո, եկել է այն եզրակացության, որ, այո՛, մենք համաշխարհային ազգ ենք...

Ո՛չ, հաղորդումը հոգեբուժական դիսպանսերից չէր հեռարձակվում։ Ցավոք, սեփական գլխի վրայով ցատկելու մարմաջը մեր ազգում վաղուց վերածվել է խրոնիկական հիվանդության։ Այլ կերպ՝ ինչո՞վ բացատրել էստրադային և այլ կարգի «գերաստղերի» այս առատությունը հայկական իրականության մեջ։ Գերաստղեր, որոնց միջազգային մրցույթ-փառատոներում այդպես էլ երբեք չտեսանք թեկուզ լավագույն 5 տասնյակի մեջ։ Ինքնագոհ, ինքնասիրահարված արվեստեգտների, գիտնականների, քաղաքագետների առատությունը մեզանում ուղղակի վտանգավոր չափերի է հասել։ Ով ասես՝ գիրք է տպագրում, ով ասես՝ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, ով ասես՝ հասարակական-քաղաքական գործիչ է...

Բայց, ի դեպ, նախ ինչ է նշանակում «համաշխարհային ազգ»։ Դա վերաբերում է արվեստի մեր ազգային արժեքների՞ն, քաղաքական-տնտեսական զարգացման մակարդակի՞ն, ազգաբնակչության հոգևոր զարգացման աստիճանի՞ն, աշխարհի մարզական առաջնություններում նվաճած մեդալների թվի՞ն, թե՞, ասենք, Թաթա Սիմոնյանի «Լոս Անջելես», «Անապատի արև» կամ մի այլ երգչուհու կողմից կատարվող «Լաս Վեգաս» երգերը լսելուց հետո արվող հետևությանը։

Մի հարցնող լինի, մարդ աստծո, ի՞նչ ես կորցրել լոսանջելեսներում ու լասվեգասներում, ինչո՞ւ ես քեզ անապատները գցել։ Մեծն Իսահակյանի ուղտերի քարավանով անապատ ուղևորված արաբ հերոսն այնտեղ ի՞նչ է կորցրել, որ դու ուզում ես գտնել։ Ինչո՞ւ տեղդ տիտիկ չես անում ու զբաղվում տասնյակ տեղերից պատռված սեփական շալվարդ կարկատելով։ Իսկ եթե սեփական պրոբլեմներդ ու խնդիրներդ լուծել պրծել ես, հայրենի բոլոր թեմաները սպառել, գուցե երգես նաև Մոզամբիկի չքնաղ արևածագի, Անտարկտիկայի սպիտակ արջերի, Ցեյլոնի թեյի պլանտացիաների, Բրազիլիայի կառնավալների, կազինոների և այլնի մասին...

Թե չէ՝ մեզանում ոմանք երկիր մոլորակի պետությունների ըստ զարգացման աստիճանի ցուցակը գլխիվայր շուռ են տվել, վերջը սկիզբ դարձրել, Երևանի հատակագիծն անկողնու գլխավերևից կախել, վերևում գրել՝ «Ծովից ծով Հայաստանի քարտեզ», «Պապլավոկում» ջայլամի պես գլուխները խոթել սուրճի բաժակի մեջ, թե՝ տեսեք, համաշխարհային ազգ ենք...

Սեփական Հայրենիքը թողել, աշխարհով մեկ թափառում ենք...
Համաշխարհային ցավ ու հոգսերով թող մի քիչ էլ մյուս սովորական ժողովուրդները՝ անգլիացիները, ֆրանսիացիները, իտալացիները, հրեաները, իսպանացիները և ուրիշները զբաղվեն։ Վերջապես եկեք վերջ տանք դոնկիխոտությանը։ Վերջինս գոնե մեռավ իմաստուն... Իսկ մեր իսկ կողմից ուռճացրած, ասացվածք դարձրած «հայի վերջին խելքը» առայժմ չի երևում...

Երեկվա քոչվոր մեր հարևանը ազգ դառել, կյանքում մեկ անգամ մեր ձեռք բերած հաղթանակին, Հայրենիքի ազատագրված մի մասին՝ Արցախին է աչք տնկել, իսկ մենք՝ Լոս-Անջելե՜ս, Լաս Վեգա՜ս... Մեր սեփական երկիրը, Աստծո կողմից մեզ տրված Հայրենիքը թողել, դռնեդուռ ենք ընկել, եվրոպաները, ամերիկաները, անգամ ավստրալիաների փողոցներն ու անապատներն ենք չափչփում։

Վեջերս սովորական ազգերից մեկի՝ հրեաների իշխանությունները որոշում են կայացրել տեղահանել Գազայի հատվածում վերջին 30 տարում վերաբնակեցված հրեաներին ու տեղափոխել անվտանգ բնակավայրեր։ Եվ այդ տեղահանությունը իրականացնելու համար հատկացրել են մոտ 50 հազար զինվորներ։ Սակայն վերաբնակեցված հրեաները բազմահազարանոց բողոքի ցույցերով մինչև անգամ զենքի ուժով պատրաստ են պաշտպանելու իրենց պատմական հայրենիքի թեկուզ և վտանգավոր հատվածում ապրելու իրենց իրավունքը...

Աշխարհով մեկ սփռված, խելքով ու փողով աշխարհը նվաճած ազգերից մեկն ընդամենը կես հարյուրամյակում թիզ առ թիզ նվաճել, վերաբնակեցրել է իր կորսված պատմական երկիրը, տարածքով փոքր, բայց հզոր երկիր կառուցել, իսկ մենք՝ Հայրենիք ունեցող «համաշխարհային ազգը», սեփական երկիրը բախտի ու բախտախնդիրների քմահաճույքին հանձնել, լոսանջելեսների ու լասվեգասների դռներն ենք ընկնում...
Ու այնպես ենք քթներս ցցել, այնպես ենք մեզ երևակայում, որ կարող է Աստծո համբերությունը հատել, և մի օր զայրացած կարող է գոռալ մեզ վրա. «Երկինքներից ցա՛ծ իջիր, ոտքերդ վերմակիդ չափով մեկնիր, վերադարձի՛ր կոտրած տաշտակիդ մոտ։ Տաշտա՛կդ նորոգիր, մարդ Աստծո»։




ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՓՈԹՈՐԻԿ

Հայ իրականության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ կյանքն ու անեկդոտն այնքան նման են իրար, որ հաճախ շփոթում ես մեկմեկու հետ։ Կարծես երկվորյակ եղբայրներ լինեն։ Չես հասկանում, թե որտեղ է ավարտվում անեկդոտը և որտեղից է սկսվում իրականությունը։ Թվում է՝ ոչ թե իրականությունն է արտացոլվել անեկդոտի մեջ, այլ ընդհակառակը՝ անեկդոտն է արտացոլվել իրականության մեջ, և ընդհանրապես հայ իրականության տրամաբանությունն այն է, որ ոչ մի տրամաբանություն չկա։
Վերոհիշյալ անեկդոտի պես մոտավորապես մի բան կատարվեց Էլիզաբեթ Ջոնսի վերջերս արած հայտնի հայտարարությունից հետո...

Մոտ մի դար առաջ Արևմտյան Հայաստանը՝ մեր Մեծ հայրենիքը, մեր ձեռքից խլեցին, մեր մեջ մի քիչ վշտացանք և հետո ինքներս մեզ մխիթարեցինք. «Մեծ Հայքի մեծադիր քարտեզը էն է մեր տան պատից կախած...»։ Օրերից մի օր մերօրյա քաղաքագետները մեր սրբություն-սրբոց Մասիսները մեր գերբ-զինանշանից հանեցին ու դարձրին փոքրիկ նկար՝ նոր զինանշանի մեջ, ասացինք՝ դրանք իսկի մեզ պետք չեն, Երևանի ցանկացած սրճարանից ամեն օր այդ լեռը տեսնում ենք...

Մեր իշխանությունները մեր զավակների արյան գնով ազատագրված տարածքներն անվանեցին «գրավյալ տարածքներ»՝ լռեցինք։ Ասացին՝ այդ գրավյալ տարածքները պիտի տանք թշնամուն, դարձյալ ձայն չհանեցինք։ Ասում են՝ ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան իրենց օջախները, ծպտուն չենք հանում, չենք հարցնում՝ բա մեր փախստականները որտե՞ղ պիտի վերադառնան, քանզի նրանց մեծ մասին վաղուց ենք ճանապարհել Ռուսաստաններ և այլուր։

Առանց մեր կամքը հարցնելու մեր զավակներին ուղարկում են Իրաք, լռում ենք, դեռ ավելին՝ զուռնա-դհոլով տոնախմբություն ենք սարքում, կարծես նրանց ուղարկում ենք Իրաքից հարսնացու բերելու...

Մեր գերեզմանային լռությունը երևի շատ երկար շարունակվեր, բայց հանկարծ Էլիզաբեթ Ջոնս անունով ամերիկացի մի տիկին ասում է. «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, ոչ կոռումպացված, այնտեղ իշխող քրեական անջատողականները հեռացվեն իշխանությունից»... և այնպիսի մի փոթորիկ բարձրացավ Հայոց լեռներում, որ արձագանքները հասան Ամերիկյան մայրցամաք։

Ու մազ մնաց իրականություն դարձնեինք Մեծն լոռեցու հանրահայտ «Մի կաթիլ մեղրը», բայց, բարեբախտաբար, մի կաթիլ մեղրի մերօրյա պատմությունը «Մի կաթիլ մեղրի» ողբերգական շարունակությունը չունեցավ։ Թե չէ՝ կամ Հայաստանը պիտի երկրի երեսից ջնջվեր, կամ Ամերիկան, կամ երկուսը միասին՝ մարդկությանը զրկելով երկու խոշոր քաղաքակրթություններից...

Մեծ փոթորիկն ու կրքերը հանդարտվել են, մարդիկ կրկին անցել են իրենց բան ու գործին, այսինքն՝ համբերությամբ լծվել են իրենց մեծ լռությանը, և ահա, նստել ու ինքս ինձ խորհում եմ. իսկ ի՞նչ էր պատահել, այդ ինչո՞ւ ոչ թե իշխանությունները, այլ մենք՝ հասարակ ժողովուրդս, ոտքի ելանք պաշտպանելու «կոռումպացված» և «քրեական» անվանված անձանց մունդիրի պատիվը։ Եթե այդ պարոններին իսկապես վիրավորել են, ապա ինչո՞ւ են նրանք լռել և, վերջապես, ինչո՞ւ, ասենք, առաջիններից մեկը հենց բուժհամակարգն է ոտքի ելել՝ պաշտպանելու այլոց պատիվը, մի համակարգ, որի ներկայացուցիչներին նույն այդ իշխանությունները վերջերս համարյա թե անվանել են «կոռումպացված», բայց իրենք լռել և հանգիստ կուլ են տվել վիրավորանքը...

Փոթորիկը նոր-նոր էր հանդարտվել, երբ եվրոպաներում լսեցին Ատկինսոնի տխրահռչակ զեկույցը, որը մեր հակառակորդներն իսկույն որակեցին որպես «հայ դիվանագիտության պարտություն»։ Պարզ է, որ՝ դարձյալ համազգային լռություն։ Մեր ժողովուրդը հո երեխա չէ, որ այնպիսի դատարկ-մատարկ բաներից, ինչպիսին հայրենիքի ճակատագրի հարցն է, վրդովվի և, «Ընտանեկան լոտոն» ու հարավամերիկյան սերիալները թողած, կարգախոսներով դուրս գա փողոցները։ Լռությունը խախտեցին միայն մեկ-երկու քաղաքական գործիչներ, որոնցից մեկն այդ զեկույցի մասին գրեթե նույնն ասաց, ինչ մեր հակառակորդները, իսկ մյուս գործիչը՝ Տիգրան Թորոսյանը, ընդհակառակը, իրեն հատուկ հանգստությամբ, իր գործն իմացող արևելյան աճպարարի վարպետությամբ Ատկինսոնի զեկույցը գցեց վարդագույն պարկի մեջ և այնտեղից մեկ առ մեկ սկսեց խաղաղության աղավնիներ ու գույնզգույն թիթեռնիկներ հանել։

Անշուշտ, ցանկության դեպքում դժվար չէ գուշակել, թե այդ ով կամ ովքեր սեղմեցին էլեկտրական կոճակն ու ժողովրդին միջուկային հրթիռի պես ուղղեցին տիկին Էլիզաբեթի վրա։ Ասում են՝ նույն ազգին հնարավոր չէ երկրորդ անգամ նույն ձևով խաբել։ Բայց դա ամենևին չի վերաբերում հայ ժողովրդին։ Մերն ուրիշ է։

Ցանկության դեպքում կարելի է գուշակել նաև... Սակայն թքած գուշակությունների վրա։ Հո գնչուներ չենք, որ գլուխներս խոթենք սուրճի բաժակի մեջ և փորձենք գուշակել, թե վաղն ինչ եղանակ է սպասվում կամ երբ են հաշմանդամների կենսաթոշակը ժամանակին վճարելու... Էլիզաբեթ Ջոնսն էլ, Ատկինսոնն էլ, դեռ մյուսներն էլ... Ինձ մի ավելի լուրջ հարց է հետաքրքրում. Անին, Գառնին ու Գեղարդը, Գանձասարն ու Տաթևի վանքը մենք ենք կառուցե՞լ և, արդյո՞ք, նույնպես հայ են եղել Նարեկացին, Քուչակը, Շիրակացին, Րաֆֆին, Թումանյանը, Կոմիտասը, Սպենդիարյանը, Սիամանթոն, Վարուժանը, Անդրանիկը, Նժդեհը, Չարենցը, Շիրազն ու Սևակը, Լեոնիդ Ազգալդյանն ու Մոնթե Մելքոնյանը... Ու եթե նրանք հայ են, ապա մենք և սրանք ի՞նչ ենք...




ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞...

Որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայ դիվանագիտությունը պարտվողական կեցվածք ունի և դիլետանտ շախմատիստի պես շարունակ անմտածված քայլեր է ձեռնարկում՝ ինքն էլ հստակ չիմանալով, թե վերջապես ինչ է ուզում, դա հայտնի է բոլորիս։ Կեսլուրջ-կեսկատակ ասում են՝ «Որտեղ վերջանում է ադրբեջանական դիվանագիտությունը, այնտեղից սկսում է հայ դիվանագիտությունը։ Բայց ցավն այն է, որ ադրբեջանական դիվանագիտության «ծայրը» չի երևում...»։

Վերհիշելով մեր ժողովրդի պատմական անցյալը, այն տպավորությունն ես ստանում, որ «պատմության սխալներ» կոչվածը մեզանում նրա համար է միայն, որ շարունակ կրկնենք։ Հիշենք անցյալ դարի երկրորդ տասնամյակի իրադարձությունները. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը սկզբում ճանաչվեց որպես նորաստեղծ Հայկական պետության մաս, բայց թուրք դիվանագիտության անդրկուլիսյան գործուն ջանքերի շնորհիվ խորհրդային ղեկավարները հայկական երկու այդ երկրամասերը հանձնեցին Ադրբեջանին։

Կամ հիշենք Սևրի դաշնագիրը. առաջին աշխարհամարտում հաղթող կողմը Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի տարածքի մի մասի վրա ստեղծեց հայկական պետություն, սակայն դա ընդամենը մնաց թղթի վրա, որովհետև պատերազմում պարտված Թուրքիայի դիվանագետները ձեռքները ծալած նստած չէին...

Ի հավելում այս ամենի, որ այսօր էլ մեր դիվանագիտությունը շարունակում է գետնաքարշ մնալ, դժբախտաբար, դա փաստ է, և ամեն անգամ լսելով ՀՀ արտգործնախարարի «ղարաբաղյան թեմայով» զեղումները, այն տպավորությունն ես ստանում, որ աշխարհում ամենահեշտ զբաղմուքն արտգործնախարար լինելն է, քանզի դրա համար մի առանձին ընդունակություն պետք չի... Այսքանն իմիջիայլոց։ Սակայն ցավն այն է, որ նույն հաջողությամբ մենք պարտվում ենք նաև լրատվական դաշտում։ Եվ կրկնակի ցավն այն է, որ այս ասպարեզում ևս մենք աչքի ենք ընկնում «սեփական դարպասը գոլ խփելու» հմտությամբ։

Հազիվ թե որևէ մեկը կասկածի, որ ադրբեջանական կողմը կարող է իրեն թույլ տալ առանց մեկնաբանության պարբերաբար տեղեկատվություն հաղորդելու հայ քաղաքագետ-դիվանագետների ելույթներից կամ հարցազրույցներից։ Ի դեպ, հազիվ թե դրա համար նրանք տեղ ու ժամանակ ունենան, քանզի մամուլը, եթերն ու ինտերնետը շարունակ հեղեղված են պահում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության», «օկուպացված տարածքների», «հայրենի օջախներից զրկված ադրբեջանցի միլիոնավոր փախստականների» և նմանատիպ բաների մասին զառանցանքներով։

Իսկ ի՞նչ են անում հայկական ԶԼՄ-ները։ Ամենայն մանրամասնությամբ ու կարծես թե մի առանձին սիրով ու հաճույքով զօրուգիշեր պարբերաբար պատմում են, թե ազերի այս կամ այն քաղաքագետներն ինչ են խոսում «ղարաբաղյան թեմայով»։

Զորօրինակ, լսելով Արցախի հանրային ռադիոյի լրահոսքը, այն տպավորությունն ես ստանում, թե ադրբեջանցիներն այստեղ հատուկ թղթակից են պահում, որ ղարաբաղցիներին պարբերաբար տեղեկություններ հաղորդի ալիևների, գուլուզադեների, մամեդյարովների, ինչ-որ աբասովների, մուստաֆաևների կամ հասանզադեների ելույթներից։ Հաճախ ընդարձակ մեջբերումներ ես լսում ադրբեջանցի այնպիսի «գործիչների» խոսքերից, որոնց անուններն անծանոթ են անգամ ադրբեջանցի ռադիոլսողին կամ հեռուստադիտողին։ Ու այս ամենը բացառապես հրամցնում են առանց մեկնաբանության, որպես անխուսափելի, որպես վերին ճշմարտություն։

Եթե դրան գումարենք նաև այն տխուր իրողությունը, որ Արցախի ծայրամասային ու ոչ ծայրամասային բազմաթիվ բնակավայրերում բացառապես ադրբեջանական հեռուստահաղորդումներ են դիտում, որ ամիսներով հայկական ոչ մի թերթ չի ընկնում այնտեղ, պարզորոշ կնկատենք, որ ազերիները լրատվական ճակատում մեզ հաղթում են նաև մեր սեփական տանը։ Եվ, դժբախտաբար, մեզ հաղթում են մեր իսկ ձեռքով, մեր իսկ անճարակության, անկազմակերպվածության ու... մեր մազոխիստական հակումների պատճառով, երբ կարծես թե մի առանձին հաճույք ենք ստանում հակառակորդի հայհոյանք-բարբաջանքներից պատճառած ցավից։

Բայց, գրողը տանի, վերջապես ե՞րբ ենք ինքներս մեզ հարգելու։ Հարգելու մեր ինքնասիրությունն ու ազգային արժանապատվությունը։ Երբ մենք մեզ չենք հարգում, ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի օտարը՝ ռուսը, ամերիկացին, գերմանացին, թուրքը կամ վրացին մեզ հարգի։ Թուրքիայից պահանջում ենք, որ ճանաչի իր կատարած մեծ ոճիրը՝ հայոց ցեղասպանությունը, սակայն հարյուրավոր, հազարավոր հայուհիներ լքել Հայրենիքը, այսօր մարմնավաճառություն են անում այդ նույն եղեռնագործ Թուրքիայում... Բայց դա այլ թեմա է...
2005 թ.




ՍԽԱԼՆԵՐԻ ԿՈՄԵԴԻԱ

Մի անգամ չեխ նշանավոր գրող Յարոսլավ Հաշեկը խախտել էր հայրենի Չեխիայի սահմանը։ Երբ սահմանապահները բռնել են նրան, անկեղծորեն խոստովանել է, որ դիտմամբ է փորձել անցնել սահմանը, որպեսզի անձամբ ստուգի, թե ինչպես են պաշտպանվում իր հայրենիքի սահմանները։ Ըստ երևույթին, այդ տարիներին Չեխիայում կամ ամեն ինչ լավ է եղել, կամ այնքան վատ է եղել, որ նշանավոր գրողը փորձել է անձամբ ստուգել՝ գոնե արտաքին վտանգից երկիրը հուսալիորե՞ն է պաշտպանվում։

Մեր երկրի հուսալիությունը ստուգելու համար, կարծում եմ, սահման խախտելու անհրաժեշտություն չկա։ Համոզված եմ, որ այդ առումով մեր գործերը ոչ միայն բարվոք են, այլև վերջին տասնամյակում մեր ամենամեծ նվաճումը հենց բանակի ստեղծումն է՝ անվտանգության մեր գլխավոր գրավականը։

Սակայն եկեք հանգիստ թողնենք մեր երկրի սահմանները։ Նույնիսկ հեռավոր ու ծայրամասային գյուղերը գնալու կարիք էլ չկա։ Ստուգելու համար, թե վերջին հինգ կամ տասը տարում մեր կառուցածն ինչ է իրենից ներկայացնում, բավական է մեծն Պարոնյանի ասած՝ պտույտ մը կատարել Ստեփանակերտո թաղերուն (և ոչ միայն թաղերուն) մեջ։

Եկեք մի պահ վերանանք իր երկիրն ազատագրած ու թշնամուն իր 6-7 շրջաններից քշած ղարաբաղցու հաղթողի բարդույթից և Մարսից կամ, ասենք, Մարսելից ԼՂՀ ընկածի աչքերով տեսնենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ գլուխկոտրուկ Լեռնային Ղարաբաղը, որի «հարցը» ֆուտբոլի գնդակի պես հայտնվում է մերթ այս, մերթ այն կամ մի երրորդ երկրի տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների դարպասում...

Չափազանց լավատես պետք է լինել կարծելու, թե դիվերսանտ է հայտնվել բազմաչարչար այս երկրում, որովհետև ոչ թե մեկ կամ երկու, այլ կարծես դիվերսիոն մի ողջ ջոկատ է խուժել մեր լեռնաշխարհ։ Իր տարածքի չափ տարածք ազատագրած մի երկիր ու ժողովուրդ այնպիսի կենսամակարդակ ունի, որ կարծես ոչ թե ինքն է հաղթել, այլ իրեն են հաղթել, դեռ գերի էլ վերցրել։ Չէ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը հաղթել է, բայց այդ հաղթողը հաստատ ժողովուրդը չէ։ Պատերազմում զավակ ու թոռ կորցրած, ամիսը 6 հազար դրամ ստացող մարդուն հազիվ թե կարողանաս համոզել, որ նա հաղթել է։

Արցախյան շարժումը, եթե մեր հիշողությունը շատ չի դավաճանում, կարծեմ առաջին հերթին հայեցի ապրելու, ազգային հոգևոր ավանդույթներով ապրելու և ստեղծագործելու խնդիր էր հետապնդում նաև, որովհետև մեսրոպյան գրերն ու հայոց լեզուն այն տարիներին ալիևների ու նրանց դրածոների աչքի փուշն էին դարձել։ Մուհամեդի թոռները վաղուց շպրտվել են սահմանից այնդին, չկան նաև նրանց դրածոները, սակայն, չգիտես ինչու, մեր մայրենին երբեք այնքան նվաստացած չի եղել լատինատառ-ռուսատառ շքեղ ցուցանակների շքահանդեսից, որքան այսօր, «Լեզվի մասին ԼՂՀ օրենքը» թվում է, նրա համար է միայն, որ երբեք չգործի... Իսկ ցուցանակների եղած-չեղած հայերենի անգրագիտությունն ու մեր գործիչների լեզվագոհարները մինչև անգամ երրորդ դասարանցիներն են մատնացույց անում. «Մեր համար ոչ մի հիմնախնդիր չկա...», «Իմ համար անհրաժեշտ չէ...», «Այդ բանը ֆիքսվել է...» և այլն։

Արցախում այսօր գոյություն ունի մի հրաշալիք, որ հաստատ մեր երկրի անկախության ծնունդ է։ Այդ հրաշալիքի հավաքական անունն է «Արցախյան ռադիո»։ Նախապես ասեմ, որ խոսքը հանրային ռադիոյի մասին չէ, այլ նրա տեխնիկապես ավելի հագեցած ու ժամանակակից կոլեգաների՝ սնկերի պես եթերում բուսած ռադիոկայաննների։ Ոմանք կարծում են, թե դրանք ստեղծվել են միայն զվարճանալու-զվարճացնելու համար։ Գուցե իրոք այդպես է, բայց, ըստ իս, դրանք ստեղծվել են նաև «Լեզվի մասին» մեր օրենքի անգործունեությունը մի ավելորդ անգամ հրապարակայնորեն ցուցադրելու համար։

Եթե Լուսնից մեզ մոտ ընկած մեկը «արցախյան ռադիո» լսելով փորձի գուշակել, թե որտեղ է ընկել, ապա հազիվ թե նրա մտքով երբևե անցնի, որ այդ երկիրը Հայկական հանրապետություն է կամ այդ երկրի պետական լեզուն Հայերենն է։ Լավագույն դեպքում նա կարող է ենթադրել, թե այս երկրում Մուրոմցի Իլյայի թոռներն են ապրում կամ սա առնվազն Պուտինյան Ռուսիայի հեռավոր գաղութներից մեկն է։ Ի դեպ, լուրջ թե կատակով ասում են, իբր բազմաթիվ եզդի ընտանիքներ ապաստան են խնդրել մեզ մոտ, որովհետև մեր լարային ռադիոն ավելի կանոնավոր ու անխափան է հեռարձակում նրանց մայրենի հաղորդումները։

Բայց զավեշտը դա չէ, այլ այն, որ ռուսալեզու մեր հայրենակիցներն են աջ ու ձախ աղմուկ բարձրացնում, դժգոհում, բողոքում իրենց «ռուսազգային իրավունքները» ոտնահարելու համար։ Այսօր կռիվ-դավով իրենց զավակներին ռուսական դպրոցներ են տալիս, իսկ մի 10-15 տարի հետո բողոքելու են, թե «այդ հայերն» իրենց որդիներին աշխատանքով չեն ապահովում... Եթե, իհարկե, այդ ժամանակներում Հայկի հետնորդները սպիտակ եղեռնին զոհ գնացած չլինեն...

Քանի որ վերևում խոսք եղավ դիվերսանտների մասին, անկեղծորեն խոստովանեմ՝ ամենակատաղի դիվերսանտներն անգամ հազիվ կարողանային այնպես աղճատել-աղավաղել մեր հայրենակիցների ճաշակը, որքան այդ ռադիոկայաններն՝ իրենց արևելյան-մուղամաթային «երգ-մարգարիտներով»։ Լսելով տնաբույս այդ սազանդարների ծործորանքներն ու կլկլոցները, թվում է, թե զբոսնում ես Ստամբուլի կամ Բաղդադի փողոցներով և ուր որ է դիմացդ կցցվի Շահ-Աբասի կերպարանքով մեկն իր հարճերով, ու կսկսվի անզուսպ պորտապարը...

Կարծես չարամիտ մեկը կախարդական իր գավազանով մի ամբողջ հարյուրամյակ ետ է շպրտել պատմության մեր անիվը։ Կարծես մենք երբեք Կոմիտաս ու Սպենդիարյան, Արամ Խաչատրյան ու Էդգար Հովհաննիսյան չենք ունեցել, կարծես աշխարհում երբեք Բախ ու Մոցարտ, Բեթհովեն ու Շտրաուս չի եղել։ Ասես մեզ դիտմամբ փակել են գարշահոտ մի նկուղում և միացրել լսողությունդ սղոցող, հոգիդ ճանկռտող ռաբիսը.
Ջան, ջան, ջիգյար ջան,
Ջան իմ, թագավոր յար ջան...

Որպեսզի 250 հազար դրամանոց սմոկինգ հագած մեկն ինձ չմեղադրի, թե ես «սև ակնոցներով» եմ նայում ակնառու մեր նվաճումներին, կամ մեր շողշողուն կյանքում միայն վատն եմ տեսնում, շարունակենք մեր պտույտը մայրաքաղաքի փողոցներով։ Ապա մի տեսեք, թե որքա՜ն գեղեցիկ շինություններ են կառուցվել անկախության վերջին տասը տարում։ Հետո ինչ, թե դրանք ժողովրդի համար չեն։ Թող ժողովուրդը նայի և սովորի, թե ինչպես պետք է կառուցել ու՝ անպայման սալիկապատել թանկարժեք մարմարով։ Որովհետև այդպես շատ ավելի սքանչելի է։

Իսկ այս ջիպ ու մերսեդեսնե՜րը... Հպարտանալ է պետք, որ մեր հայրենի նորահարուստներն իրենց պապերի պես գրաստով չեն շրջում։ Ոչ թե նախանձել, այլ ամեն օր պետք է ջանադիր աղոթել, որ նրանց ունեցածը կրկնապատկվի, քառապատկվի, հարյուրապատկվի, որ մի օր էլ մենք ունենանք մեր մորգանները, ռոտշիլդներն ու ռոկֆելլերները...

Իսկ ո՞վ ասաց, որ ես ծիծաղում եմ... Չէ, բայց իսկապես ծիծաղում եմ, որովհետև հիշեցի թոշակառու իմ մի ծանոթին։ Երբ 7-ամյա թոռը հարցրել է, թե ինչի՞ համար է եղել արցախյան շարժումը, նա պատասխանել է. «Որպեսզի մեր հարևանի աներձագը սեփական դղյակ ու «Մերսեդես» ունենա...»։ Ընդհանրապես իմ այդ ծանոթը շատ մասխարա տիպ է։ Վերջերս էլ այսպիսի մի անեկդոտ է պատմել. «Հարավային Կովկաս այցելած դիտորդներից մեկը երբ վերադառնում է իր եվրոպաները, այնտեղ հարցնում են, թե ինչ կա-չկա այդ երկրներում։ Սա պատմում է. Վրաստանում հեղափոխություն են անում, Ադրբեջանում շարունակում են հոխորտալ Ղարաբաղի վրա, իսկ Հայաստանում ազգովի լոտո են խաղում։ «Դե, բնական է, հայերն իրենց կիսավայրենի հարևանների նման չեն,- եզրակացնում են եվրոպացիները,- քաղաքակիրթ ազգ են։ Հետագա տասնամյակում էլ «դուռակի» են խաղալու»...

Սակայն ոնց-որ շեղվեցինք մեր ճանապարհից։ Շարժվենք առաջ։ Բայց, չէ, այնուամենայնիվ, ավելի լավ է դադարեցնենք մեր պտույտները։ Միևնույն է, որքան էլ պտույտներ անենք, ի վերջ հայտնվելու ենք նույն այն կետում, որտեղից սկսել ենք, և երբեք չենք կարողանալու խլել Մագելանի փառքը. դեռ քանի՜-քանի դար առաջ է նա ապացուցել, որ երկիրը կլոր է, իսկ Անդերսենի մանուկը դեռ ե՜րբ է ասել, որ թագավորը մերկ է։ Լավագույն դեպքում ընդամենը կարող ենք կրկնել մեր մեծ հայրենակցի՝ Սարոյանի խոսքերը. «Չգիտեմ, թե ում եմ ատում և ինչու եմ ատում, բայց ինչ-որ բան ատում եմ հավանաբար... Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։




ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐՈՋՍ՝ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

Բարեկամս, կարդալով քո «Ուղեցույց իշխանության և ազատագրված տարածքներ այցելողների համար» զավեշտաողբերգությունը, մտածեցի, որ մի օր նամակ պիտի գրեմ քեզ, իսկ այնուհետև, երբ կարդացի «Սփյուռքը՝ ինչպես որ կա»-ն, որոշեցի այլևս չձգձգել մտադրությունս։

Այն, ինչ գրել ես «Սփյուռք»-ում, ոչ ոք երբեք բարձրաձայն և այդպես ցավով չի ասել։ Մեր առջև իր ողջ մերկությամբ ցուցանել ես մի ճշմարտություն, որ ոչ ոք չի համարձակվում ասել։ Սարսափելի ու ցավալի մի ճշմարտություն։ Ես գիտեմ, որ ճշմարտություն ասելու, հատկապես այդպիսի ճշմարտություն ասելու համար, պետք է ուժեղ լինել։ Սարգիս, դու ուժեղ մարդ ես։ Ուժեղ լինելը սակայն դեռևս քիչ է այդքան ծանր, շատ ծանր ճշմարտություն ասելու համար։ Հայրենիքի, երկրի ու ազգի ցավով տառապելու ազնվություն է պետք, որ կարողանաս տղամարդու պես ասել՝ թագավորը մե՜րկ է... Սարգիս, դու նաև ազնիվ մարդ ես։ Բայց այդ չեմ ուզում ասել։

Մենք ծանոթացել ենք մոտ մեկևկես տասնամյակ առաջ։ Հաճախ ենք հանդիպել, բայց մեր առաջին հանդիպման առաջին տպավորությունն առայսօր մնացել է իմ մեջ։ Իմ առջև կանգնած էր մի Մարդ, որ ասես լույս էր ճառագում, իմ առջև կանգնած էր պայծառ մի երիտասարդ՝ Սարգիս Հացպանյան անունով։

Դա Արցախյան ազատամարտի տարիներին էր, պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուրս հպարտանում էինք, որ հայ ենք։ Րաֆֆու, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Շիրազի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Պարույր Սևակի մեծությամբ դեռևս դպրոցական տարիներից հպարտանալուց հետո, գոյամարտի այդ օրերին գործնականում մենք շոշափելիորեն զգում էինք հայ լինելու հպարտությունը։ Քեզ տեսնելով՝ կրկին այդպիսի զգացում ունեցա։

Հետո ազգային Զարթոնքին փոխարինեց ազգային Վայրէջքը։ Պատերազմի դաշտում մեր տղաների կյանքի և արյան գնով կռած հաղթանակով, ասես, ավարտվեց Հերոսականը։ Եկավ նոր ժամանակաշրջան, որ ընդհանուր ոչինչ չուներ նախորդի հետ։ Օրը ցերեկով մեր ներսում, մեր երկրի ներսում եղած Լեռը գլխիվայր շուռ տվեցինք և դարձրինք Փոս, արժեզրկեցինք ամեն ինչ, և այդ սոդոմ-գոմորն անվանեցինք Անցման կամ չգիտեմ էլ ինչ գրողի տարած ժամանակաշրջան։ Գլխիվայր շուռ տված Լեռան հետ մենք գետնի տակ թաղեցինք նաև մեր Հավատը, Հպարտությունն ու Արժանապատվությունը։ Երբեմնի հզոր ազգը, երբեմնի միասնական ժողովուրդը դարձավ ամբոխ։ Հայ լինելու համար հպարտության զգացումը, «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնացին պատմության և գեղարվեստական գրքերի էջերում։

Ու դա չի ամենացավալին, ամենավիրավորականը, ամենանվաստացուցիչը, այլ այն, որ ավելի հաճախ հակառակ զգացումն է օձի պես փաթաթվում քեզ։ Երբ Մեծ եղեռն տեսած ժողովրդի «նաիրյան դալար բարդին» մեկնում է Ստամբուլ՝ մարմին ու պատիվ վաճառելու, երբ Սումգայիթ ու Բաքվի ջարդեր տեսած հայրենակիցդ թուրք լրագրողին խոստովանում է, թե կարոտել է Բաքվին, երբ չգիտես որտեղից հայտնված բախտախնդիր մեկը օտար լեզվով հիստերիկ ճղճղում է, թե ինքը հայ է և պահանջում է օտար մի ռուսերենի տալ պետական կարգավիճակ, երբ թշնամուն հաղթած հայրենակիցդ իր իսկ հայրենիքում փող է մուրում, ամաչում ես հայ լինելուդ համար։

Ամաչում ես Հայրենիք ունեցող, բայց անհայրենիք բոշայի, ցիգանի պես աշխարհով մեկ թափառող ազգիդ համար։ Ամաչում ես, որ ժողովուրդդ իր ճակատագիրը շարունակ վստահում է նրանց, որոնց ամենաքիչը պիտի վստահեր կամ ամենևին չպիտի վստահեր, և դեռ թույլ է տալիս, որ իրեն հիմարացնեն, լլկեն ու ստորացնեն։ Ամաչում ես ազգիդ խրոնիկական դարձած հիշողության կորստի համար, դարերով նույնկերպ խաբվելու և շարունակ նույն ձևով սխալվելու համար...
Սակայն դա չեմ ուզում ասել։

Ուզում եմ ասել, որ քո «Ուղեցույցն» ու «Սփյուռքը» կարդալով, ես ոչ միայն քեզ հետ միասին խոր ցավ ապրեցի, այլև իմ մեջ փոքրիկ մի հույս ծագեց, որ քանի դու և քեզ նման թեկուզ մի քանի մարդ կա այս ազգում, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ, ուրեմն դեռ հույս կա, ուրեմն դեռ կարող է մեր երկիրը, մեր Հայրենիքը փրկվել։
Բարեկամս, ահա այս էի ուզում քեզ ասել։
Հունիս, 2005 թ.




ՀՈՒՅՍ ԴՆԵՆՔ ՈՉ ԹԵ ՆՐԱՆՑ, ԱՅԼ՝ ՄԵ՛Զ ՎՐԱ

Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ռուս ամենաբարձրաստիճան մեկը հայերիս ասի. «Не надентесь на нам»։ Հայերիս առաջին տպավորությունը կլինի. սույն պարոնը չգիտե, որ ռուսը մեր բարեկամն է... Երկրորդ միտքը, որ կփայլատակի մեր գլխում մոտավորապես այսպես կլինի. սույն պարոնը նաև անգրագետ է, որովհետև նա նույնիսկ իր մայրենի լեզուն չգիտե։ Ոչ թե на нам, այլ՝ на нас...

Սակայն ռուսը, այն էլ բարձրաստիճան մեկը երբեք չի ասի на нам, для нам, для мой և այլն։ Նույնիսկ ամենաշարքային ռուսը, ամենահեռավոր շրջանի գավառամիտ ռուսն անգամ իրեն թույլ չի տա այդպիսի տգիտություն։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, կիսով չափ ռուսերեն տիրապետող հայն անգամ չի ասի՝ для мой очень приятно... և այլն։ Սակայն այսօր հայազգի գրեթե բոլոր տրամաչափի աստիճանավորներից մինչև մայրհայաստանյան հեռուստալրագրող ու հաղորդավար, մտավորական ու ազատ-անկախ քաղաքացի այնպիսի անհոգությամբ են աղավաղում հարազատ մայրենին, կարծես գործ ունեն ոչ թե հազարագանձ մայր լեզվի, այլ վատ հարևանի ցախավելի հետ...

«Ղարաբաղի հարցը մեր համար մղվել է եգրոդ պլան», «Մեր վրա հույս մի դրեք...», «Իմ համար բոլյոր հարաֆային քամիները հետարքիր են...», «Ես քթնում եմ, որ մեզ քցում են...»։ Պետք է գրել և կարդալ՝ երկրորդ, բոլոր, հարավային, հետաքրքիր և այլն։

Եվ այս շիլաշփոթը հրամցվում է ամեն օր, ամեն ժամ՝ հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրանք սպրդում-հայտնվում են թերթի էջերում՝ պղծելով մաշտոցյան սուրբ գրերը... Ու այս ամենը դարձել է սովորական, առօրեական այնպիսի մի երևույթ, ինչպիսին յուրաքանչյուր 5-6 րոպեն մեկ նյարդեր սղոցող գովազդները՝ Վստահիր ուժերիդ, հավատա ծարավիդ..., Թարմության արկածախնդրություն..., «Թամարա» պաղպաղակ ենք համփ անում...

Ասես, կախարդական գավազանի մի հարվածով իրար են խառնել թացն ու չորը, սևն ու սպիտակը, ասես բոլոր խելքը գլխին մարդիկ՝ լեզվաբան ու գիտնական, գրող ու ուսուցիչ բնաջնջվել են այս երկրից...

Պարոնայք և տիկնայք, «իմ համար» կամ «մեր համար» չի լինում, «մեր վրա» կամ «իմ վրա» չի լինում։ Դարեր ի վեր Հայկի թոռները գրել և ասում են՝ մեզ համար, ինձ համար, մեզ վրա, ինձ վրա... Գտնում են և ոչ թե՝ քթնում, գցում են և ոչ թե՝ քցում...
Ռուսախոս բարձրաստիճան մեկը սկսել է հայերենով ֆիքսել, և արդյունքում՝ հայազգի մեծ ու փոքր գործիչ-գործիքները աջ ու ձախ ֆիքսում ու պրոգնոզներ են անում պրետենզիաների մասին...

Հարգարժան հայորդիներ, եվրոպատիպ ձեր կոշիկներն ամեն օր մաքրելիս, երբեմն մտածեք նաև աղտոտված-այլասերված գավառահոտ ձեր լեզվի մաքրության մասին։ Ճանաչեք ձեզ ու ձե՛ր երկիրը, ճանաչեք ու սիրեք ձե՛ր մշակույթը, ձե՛ր արվեստն ու գրականությունը։ Երբ սովորեք վերաարժևորել ձեր անցյալն ու ներկան, հասկանաք, թե որտեղից եք գալիս և ուր եք գնում, այնժամ դուք կկարողանաք գնահատել համաշխարհային արժեքները։

Վե՛րջ տվեք քառատրոփ Եվրոպա սլանալու մենեջմենթա-մարկետինգային ծիծաղելի ձեր տրտինգներին, հավատացեք, որ Ասիան պակաս քաղաքակիրթ ու գեղեցիկ չէ, քանզի այդ աշխարհամասում են գտնվում Ճապոնիան ու Հնդկաստանը, Կորեան ու Չինաստանը... Ասիայում է նաև մեր երկիր Նաիրին՝ իր բիբլիական Արարատով ու ալմաստ-վահան Արագածով, ծիծաղախիտ Վանա ծովով ու կապուտաչյա Սևանով, Նարեկացի և Քուչակով, Թումանյան ու Կոմիտասով, Իսահակյան ու Տերյանով, Չարենց ու Սևակով, Շիրազ ու Սարյանով...

Թափ տվեք ձեր գլուխները այսուայնտեղից փչող միջանցիկ քամիներից և այնժամ կհասկանաք, որ ավելի լավ է ընդմիշտ մնալ խելոք ասիացի, քան թերուս ու անխելք եվրոպացի...




ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ ՉԵՆ ԿԻՍՈՒՄ

Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը,
Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների
շինարարական մեծագործությունը։
Գարեգին ՆԺԴԵՀ


2005 թվականը հայոց գրերի ստեղծման 1600-ամյակն է։ Երբ յուրաքանչյուր հայորդի 1600 տարվա բարձունքից հպարտությամբ է նայում իր առջև մարգարտահատիկների պես շարված, անկրկնելի ու անգին այդ հրաշքին, որ մեսրոպյան գրեր են կոչվում, և որի ստեղծմամբ հայ ժողովուրդն ամրագրեց ապրելու ու գոյատևելու իր իրավունքը, դրանով բիբլիական իր անցյալը շաղկապելով իր ժամանակներին և դարերի միջով պատգամելով մեզ՝ որպես պատմություն, ազգային մշակույթ, ազգային ոգի ու ազգային կերպ, երբ կարծես թե երեկ էր, որ ազգովի ոտքի ելանք օտարից պաշտպանելու մեր երկիրը, ազատությունն ու արժանապատվությունը՝ զոհասեղանին դնելով հազարավոր հայորդիների կյանքեր, անկատար թողնելով բյուր երազներ, երբ դեռ նոր-նոր ենք թոթափել օտարի լուծը և փորձում ենք ոտքի կանգնել ու կարգի բերել Հայոց մեր տունը, երբ արտաքին թշնամին դեռ շարունակում է ատամներ կրճտացնել ու մեր երկրի սահմանների տարբեր հատվածներում երիտասարդ կյանքեր խլող կրակոցներ են լսվում, մեզանում մերթընդմերթ... Չէ, կրակոցներ չեն լսվում...

Պարզապես մեր պատմության էջերին չսպիացող վերքերի պես փաթաթված ողբերգությունները հիշեցնում են, որ հայը միայն արտաքին վտանգների դեմ չէր պայքարում, և մեր դժբախտությունների, կորուստների ու ողբերգությունների մեղավորը միայն թշնամիները չէին...

Մեզանում մերթընդմերթ ձայներ են լսվում, որ իբր անհրաժեշտ է ռուսաց լեզվին տալ պետական կարգավիճակ, ու այս ձայներն առավելապես գալիս են, այսպես կոչված, սակայն արդեն առանձին ազգության կարգավիճակի ձգտող ռուսալեզուներից։ Բայց, նախևառաջ՝ ինչ ասել է ռուսալեզու։

Մեզանում մարդկանց այս խմբին կարելի է բաժանել երկու մասի. ա) ռուսական կրթություն ստացած մարդիկ, ովքեր հոգով ու սրտով հայ են, և ժամանակի ընթացքում լուծել են մայրենի լեզվի պրոբլեմը, բ) ռուսական կրթություն ու դաստիարակություն ստացած մարդիկ, ովքեր արհամարհում են հայոց լեզուն, հաղորդակցվում առավելապես օտար լեզվով։

Նախ՝ առաջինների մասին։ Այս խումբը մեր ժողովրդի այն հատվածն է, որ խորհրդային տարիներին, «Ռուսաց լեզուն մեծ Լենինի լեզուն է» կարգախոսի ժամանակներում պարտադրաբար, ստիպված, թյուրիմացաբար կամ անկեղծորեն հավատալով ստացել է ռուսական կրթություն։ «Բոլոր ազգերն ու լեզուները միաձուլվելու են» կոմունիստական հեքիաթը հավատացրել է մարդկանց, որ վաղ թե ուշ բոլորը, ողջ աշխարհը դառնալու է ռուսալեզու զանգված։ Ուրեմն՝ ինչո՞ւ ուշանալ գնացքից։ Եվ մարդիկ իրենց զավակներին տվել են ռուսական դպրոցներ։ Բայց գնացքն այդ, բարեբախտաբար, տեղ չհասավ, միֆը ցրվեց, կուռքերը վայր գլորվեցին, և աշխարհը հայտնվեց իր բազում հոգսերի ու պրոբլեմների հորձանուտում։ Սոցիալիզմի ճամբարի երկրներում սկիզբ առավ մի շարժում, որ կարելի է անվանել ազգային զարթոնք, ազգային ինքնագիտակցության արթնացում...

Սակայն վերադառնանք Արցախ, քանզի այդ զարթոնքը առավել հուժկու արտահայտվեց Արցախում, Հայոց լեռներում։ «Վերադարձ արմատներին» կենսակերպը ոտքի հանեց մեր փոքրիկ լեռնաշխարհը, և առաջին շարքերում նաև նրանք էին՝ ռուսական կրթությամբ՝ հոգով ու սրտով հայ մեր հայրենակիցները, ազգակիցները, հարազատները...

Այսօր նրանց համար միանշանակ պարզ է, թե ովքեր ենք մենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում (թեև «ուր գնալու» ճանապարհն առայժմ մշուշապատ է...)։ Ռուսական կրթություն ստացած նաև այս մարդկանց շնորհիվ է շարունակվելու հայոց գենի փոխանցումը սերնդեսերունդ։ Նաև այս մարդկանց շնորհիվ է ապրելու և շարունակելու բարգավաճել հայոց մեր բազմադարյա կաղնին։

Նրանցից իմ գործընկերների շրջանում էլ կան՝ Նաիրա Հայրումյան, Սուսաննա Բալայան, Աշոտ Բեգլարյան. ոչ հայեցի կրթություն ստացած լրագրողներ, ովքեր ոչ միայն կարողանում են գրել ու կարդալ մայրենիով, այլև օրեցօր զարգացնում ու կատարելագործում են ձեռք բերածը։ Նրանք ցուցադրաբար չեն շեփորում՝ ես հայ եմ, քանզի յուրաքանչյուր ազգի զավակ հպարտանում է իր ազգությամբ, և դա ընդունում է որպես սովորական ու բնական փաստ։

Իսկ այժմ նրանց մասին, ովքեր ռուսերեն կրթություն ու դաստիարակություն են ստացել, և արհամարհում ու ատում են հայոց լեզուն։ Սրանք հենց այն մարդիկ են, ովքեր չեն տեսնում և չեն ուզում հասկանալ, որ ԽՍՀՄ-ը վաղուց փլուզվել է, որ Արցախը Ռուսաստան չէ, որ Ռուսաստանն արդեն մնացել է յոթ սարերի հետևում ու, գնալով, ավելի ու ավելի է ստվարանում մեզ բաժանող սարերի թիվը, նվազում մեզ և աշխարհի վրա Ռուսաստանի ազդեցությունն ու հեղինակությունը... Եվ հենց այս փոքրիկ խումբն է ձգտում ետ բերել կորցրածը, թեկուզ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու գնով։

Նրանք անհրաժեշտության դեպքում ավելի բարձր են ճչում հայրենասիրության մասին, բայց այնքան թյուր պատկերացում ունեն դրա մասին, որ, օրինակ, ասենք, չկարողանալով իրենց տեղը գտնել ռուսաստաններում, իրենց հետդարձը Արցախ համարում են հայրենասիրություն։ Հանուն կարիերայի, երբ պետք է լինում, աղմկում ու ճչում են՝ ավելի հայ ենք, քան դուք։ Օտար ափեր ընկնելով, այս մարդիկ հնազանդորեն կարող են սովորել ոչ միայն անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, արաբերեն, այլև թուրքերեն, բայց հարազատ հայրենիքում զլանում են հարգել հայոց լեզուն՝ սեփական երկրի պետական լեզուն։ Աղմուկ-աղաղակ կսարքեն, կկոխկրտեն, ոտքի տակ կտան ամեն սրբություն, վայնասուն կբարձրացնեն, միայն թե՝ աչքներին չերևա այդ անիծյալ «արմյանսկին»...

Այսօր նրանցից շատերի դժգոհության պատճառներից մեկն այն է, որ նրանք խորհրդային ժամանակներից սովորած լինելով հեշտ ու հարմարավետ կյանքի, Արցախյան շարժումից ու պատերազմից հետո զրկվելով նախկին բարեկեցությունից, կարծում են, թե այդ ամենի մեղավորը հայերն են, և նրանք թաքուն կամ անթաքույց ատում են այն ամենը, ինչ հայկական է։ Զարմանալի չէ, որ հենց այս ճամբարից միայն կարելի է լսել. «Դուք՝ հայերդ...», «Հայե՛ր, խելքի եկեք...» (ասես իրենք առնվազն Իլյա Մուրոմեցի թոռներն են)։ Բայց, չնայած բարձրացրած աղմուկ-աղաղակին, այնուամենայնիվ, առավելապես հենց ա՛յս խմբի մարդիկ են կարողացել փոքր ու մեծ աթոռներ ձեռք գցել պետական կառույցներում, հենց նրանց «փափուկ տեղավորվելու» պատճառով բազմաթիվ որակյալ մասնագետներ (ոչ միայն հայկական կրթությամբ) այսօր կամ անգործ են, կամ տարբեր այլ աշխատանքներ են կատարում, որպեսզի օրվա հաց վաստակեն...

Ինքնահավան, ինքնասիրահարված ու քիթը ցցած մարդուն ժողովուրդն անվանում է պտկան ծաղկած։ Պտկանծաղկածության երևույթը հենց այս կարգի ռուսախոսների ամենաբնորոշ հատկանիշներից մեկն է։

Սրանք այն մարդիկ են, ովքեր մեկ-երկու սերունդ հետո լիովին կտրված են լինելու հայկական արմատներից, որովհետև այսօր էլ համառորեն շարունակում են զավակներին օտար կրթություն տալ, որպեսզի տարիներ հետո բղավեն. «Մեր զավակներին աշխատատեղ տվեք, նացիոնալիստներ...»։ Նրանք ոչ միայն չգիտեն մայրենի լեզուն, այլև իրենց նախնիների՝ իրենց ժողովրդի պատմությունը, նրանց ոգին այլևս հայկական չէ։ Սրանք ևս հայ են, բայց ծագումո՛վ հայ, ինչպես Եվգենի Պետրոսյանը, Իգոր Սարուխանովը, Իրինա Ալեգրովան և բազմաթիվ շատ ուրիշներ, որոնց ազգային պատկանելությունն արդեն չգիտենք...

Կարելի է ասել. Աստված նրանց հետ, թող չսովորեն մայրենին, թող օրերով մոմ վառեն իրենց իմացած միակ լեզվի առջև... Սակայն, այնուամենայնիվ, կա մի վտանգ, որից պետք է զգուշանալ։ Դա ազգի պառակտումն է, ազգի տրոհումն է երկու մասի։
Նախ՝ ինչ ասել է ազգ։ Այդ բառի գիտական բնորոշումը. «Ազգը մարդկանց սոցիալ-էթնիկական ընդհանրության պատմական զարգացման բարձրագույն ձև է, որն ունի լեզվի, հավատի, տարածքի, տնտեսական կյանքի, հոգեբանության ու մշակույթի որոշակի նույնություն ու ազգային ինքնագիտակցություն»։

Հարավսլավական պատերազմների ծագման պատճառներից մեկը նույն ազգի կիսում-տարանջատումն էր։ Դարեր առաջ խախտվեց ազգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ հավատը կիսվեց։ Սերբ ու բալկանյան այլ ազգերի մի զանգված ընդունեց մահմեդականություն, սկսեց երկրպագել այլ կուռքերի ու սրբերի, զարգանալ քրիստոնեությունից տրամագծորեն տարբեր օրենքներով։ Երկար տարիներ կարծես համերաշխ ու խաղաղ ապրում էին, սակայն դանդաղ գործողության ռումբն արդեն գործի էր գցված ու շարունակում էր տկտկալ... Դրանք արդեն տարբեր ազգեր էին, և այդ տարբերությունը վավերացրին հազարավոր զոհերի կյանքի գնով՝ կործանարար պատերազմով...

Մի օր այդ կործանարար ռումբը կարող է գործի գցվել նաև մեզանում, մեր իսկ ազգի ներսում։ Եվ դրա պատճառը կարող է դառնալ ազգի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ լեզվի պառակտումը... Այսօր այդ վտանգը գուցե թե յոթ սարերի հետևում է, սակայն երբ կարիերիստ ու բախտախնդիր մեկը ինչ-որ գլխաքանակի անունից փորձում է թքել ազգի սրբությունների ու արժանապատվության վրա, մարդկանց հոգում սկսում է լսվել «ռումբի» տկտկոցը...

Այնպես որ՝ Ղարաբաղյան հակամարտություն-հանգույցը դեռ չլուծած, ներղարաբաղյան մի նոր թնջուկ ստեղծելու արկածախնդրությունը մի օր կարող է ավարտվել ոչ միայն Արցախի կորստով...

Մինչև ռուսների տիրապետությունը, իր բազմադարյա պատմության քառուղիներում, աշխարհագրական դիրքի պատճառով, Հայաստանը հաճախ է ընկել տարբեր բռնապետությունների տիրապետության տակ՝ սկսած Բյուզանդական կայսրությունից ու Պարսկաստանից, մինչև մոնղոլ-թաթարներ, արաբներ ու թուրք սելջուկներ։ Եվ եթե հայ ժողովուրդն ամեն անգամ, սեփական կամքով, կամավոր, իր մայրենիից բացի պետական լեզու դարձներ այս կամ այն նվաճողի լեզուն՝ հունարենը, պարսկերենը կամ թուրքերենը, ապա այսօր չէր լինի ոչ Հայաստանը, ոչ հայ ժողովուրդը։

Սեփական երկիրը չե՛ն կիսում։ Ով այսօր փորձում է հող նախապատրաստել այդ կիսման համար, վաղը, տարիներ հետո, վճարելու է նաև ի՛ր շառավիղների կյանքի գնով։




ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար,
և միշտ քաջաքաջ ու մահապատրաստ։
Գարեգին Նժդեհ


Երբ ասում ենք Հերոս, անմիջապես հիշում ենք, որ երեկ պատերազմ է եղել, ծանր ու դաժան պատերազմ, և սովորական մարդիկ՝ առավելապես արբունքահաս երիտասարդներ, ռազմի դաշտից վերադարձել են որպես հերոսներ։ Այդ հերոսներից շատերը վերադարձել են վահանի վրա։ Նրանցից ոչ մեկը հերոս դառնալու մտադրություն ու ցանկություն չի ունեցել։ Նրանք զենք են վերցրել հայրենի հողն ազատագրելու և պաշտպանելու համար միայն։ Նրանք ժամանակ չեն ունեցել հերոս դառնալու մասին մտածելու. դիմացը թշնամին էր, թիկունքում մայրը, որդին, քույրն ու սիրած կինը... Սակայն հետպատերազմյան ժամանակներն ու իրադարձությունները հակառակն ապացուցեցին։ Պարզվում է՝ առանց պատերազմի էլ կարելի է արցախյան պատերազմի հերոս դառնալ, պարգևատրվել մեդալներով ու շքանշաններով։

Մայիսինյան եռատոնի կապակցությամբ հերթական մեդալաշքանշանաբաժանումը կրկին ապացուցեց, որ վերջին տասնամյակում հասարակական-քաղաքական կյանքի ամենացավոտ երևույթներից մեկը դարձել է արժեքների արժեզրկումը, ընդհանուր համահարթեցումը։ Մարդիկ կատակով ասում են՝ պարգևատրվածների մեջ, բարեբախտաբար, կռվող տղաներ էլ կային։

Տասնամյակից ավելի է անցել մահաբեր պատերազմից։ Հարաբերական անդորր է սահմանի զույգ կողմերում, ռազմագործողություններ չկան առայժմ. (չհաշված հակառակորդի քարոզչական հզոր մեքենան, որ անդադար դիվանագիտական կրակահերթեր է սփռում բոլոր ուղղություններով)։ Քանի որ պատերազմական գործողություններ չկան, պարզ է, որ չեն կարող լինել նաև հերոսներ։ Խորհրդային ժամանակներում, իհարկե, խաղաղ երկնքի տակ էլ ծնվում էին հերոսներ, սակայն՝ աշխատանքի հերոսներ։ Բայց քանի որ աշխատանքի հերոս դառնալու համար նախ և առաջ պետք է լինի աշխատանք, որը մեր օրերում վաղուց դեֆիցիտ ապրանքի պես մի բան է դարձել, ուրեմն աշխատանքի հերոս դառնալու մասին հույսի նշույլ անգամ չի կարող լինել...

Պատերազմ չկա (առայժմ, բարեբախտաբար չկա, և տա Աստված, որ երբեք չլինի), աշխատանք չկա, բայց արի ու տես, որ մեր խաղաղ օրերում ավելի շատ հերոսներ են ծնվում, քան պատերազմական դաժան օրերին։ Հերոսանում են աջ ու ձախ։ Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է, որ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, իսկ դու, չիմանալով այդ, նրա հետ փողոցում խոսել ես՝ ինչպես ամենահետին ստահակի հետ։ Այնինչը ոչ միայն հերոս է, այլև հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ հերոսը հենց ինքն է, դեռ ավելին՝ ազգի փրկիչ։

Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը՝ թաքուն, անաղմուկ, երրորդը՝ աջ ու ձախ ինտրիգներ սարքելով և պղտոր ջրում ձուկ որսալով, հաջորդը՝ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով, նույնիսկ սողալով կամ, պարզապես, իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով...

Մեկը կարծում է, թե հերոս դառնալու համար ամենակարևոր հատկությունը մեծ գլուխ ունենալն է, երկրորդի կարծիքով՝ լավ լսողությունն ու հոտառությունը, երրորդին թվում է, թե հերոս դառնալու համար անպայման պետք է բարեկամներ ունենալ իշխանական նստավայրերում...

Իսկ մենք, ցավոք, չգիտենք, որ նրանք հերոս են։ Դե, պարզ է, որ չէինք էլ կարող իմանալ. այն ծանր ու դժվարին տարիներին ո՞վ ժամանակ ուներ՝ շրջելու նկուղներն ու հարցազրույցներ կազմակերպելու նրանց հետ. բոլորի ուշադրությունն ուղղված էր ռազմի դաշտ, որտեղ կենաց ու մահու կռիվ էին մղում մեկի որդին ու հայրը, մյուսի ամուսինն ու եղբայրը, կամ բոլորը միասին... Որովհետև այնտեղ՝ մեր փոքրիկ հողակտորի ինչ-որ հատվածներում վճռվում էր երկրի լինել-չլինելու խնդիրը։

Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով ու խոշորացույցով անգամ չէիր գտնի, հեռադիտակով նույնպես չէիր գտնի. անչափ շա՜տ էին հեռու՝ ծովային հետադիտակով անգամ տեսանելի լինելու համար։ Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը։

Ու ամենազավեշտականը, թերևս՝ ամենասարսափելին ոչ թե այն է, որ ծանր պատերազմում հաղթած մի ժողովուրդ այսքան վատ է ապրում, այլ այն, որ այսքան վատ ապրող փոքրիկ ժողովուրդն այսքան շատ հերոսներ ունի։ Հետպատերազմյա՜ն հերոսներ։ Շատ լավ և շատ շքեղ ապրող հերոսներ։

Գրեթե նույն վիճակն է նաև քաղաքացիական ոլորտում՝ արվեստի, գրականության, կրթության ու գիտության բնագավառներում։ Այսօր շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ ու գիտնականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու։ Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, մարդիկ, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն։

Ու այսօր, պարզվում է, նրանք հերոսներ են, և հերոսանում են առանց ամոթի ու խղճի խայթի, հերոսանում են՝ առանց հասարակության կամքը հարցնելու։ Ոչ մեկը հարկ չի համարում հարցնել ժողովրդին, թե նա ի զորու է այդքան հերոսներ կրելու իր վտիտ ուսերին։ Ոչ ոք չի հարցնում նաև, թե այդ ինչու հերոսների թիվն ավելանում է, բայց ժողովուրդը, երեկվա զոհված զինվորի մայրը, կինն ու երեխան շարունակում են վատ ապրել...

Դրանք, հերոսացման մոլուցքով տառապող այդ հիվանդները, գուցե փորձեն մի ավելի օգտավետ գործով զբաղվել, իրենց ողջ ուժն ու եռանդը ուղղեն այլ բանի վրա։ Ասենք՝ հերոս դառնալու փոխարեն փորձեն նախ և առաջ Մարդ լինել, որը, կարծում եմ՝ ոչ պակաս կարևոր է։ Եվ հետո՝ ի՞նչ պարտադիր է, որ բոլորը հերոս դառնան։ Հերոսությունը փողոցում ընկած դատարկ բազկաթոռ չէ, որ ամեն պատահական անցորդ վրան բազմի...

Այն տպավորությունն է ստեղծվում, որ չինովնիկների ինչ-որ խավի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, արժեքների և ոչ արժեքների հավասարեցումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը։ Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»։ Արդյունքում՝ խեղվում է մարդկանց հավատը, զինվորի, արվեստագետի ու գիտնականի հավատը։ Արցախյան պատերազմի հերոսն այսօր հոգու խորքում վիրավորված է զգում իրեն, որ իր մարտական շքանշաններից ու մեդալներից ստացել են նաև մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ամենևին արժանի չեն դրան։ Գրող ու գիտնականներն իրենց վիրավորված են զգում, որ պետականորեն խրախուսվում են գրչակներն ու վայ-գիտնականները...

«Երեկ հպարտանում էի իմ մեդալով, որ արյան գնով վաստակել եմ իմ ծառայությունների համար,- ասում է արցախյան պատերազմի վետերաններից մեկը,- իսկ այսօր այն ինձ համար դարձել է սովորական մի երկաթակտոր, որից ունեն նաև մարդիկ, ովքեր պատերազմն անց են կացրել իրենց նկուղներում»։

Վերջերս Ստեփանակերտում անցկացվեց հայկական երգի մրցույթ-փառատոն՝ «Ընծա» անվամբ, որին մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան այրեր, և վերջում նրանք թանկարժեք պարգևներ բաժանեցին երգիչ-երգչուհիների, ովքեր իրենց վարպետությամբ զիջում են այսօր իրենց գոյությունը մի կերպ պահող շատ ու շատ արվեստագետների։

Արցախցի չինովնիկը նախընտրում է մասնակցել կազինոների կամ բիլիարդի մրցումների բացման արարողությանը, քան ներկա գտնվել տեղական շնորհալի երգչի կամ ազգագրական համույթի ելույթներին։ Ստեփանակերտի մայր թատրոնը տասնամյակից ավելի է ղեկավարում է մի մարդ, որի ջանքերով արցախցի հանդիսատեսը վաղուց մոռացել է դեպի թատրոն տանող ճանապարհը։ Այդ «վաստակի» համար վերջերս նրան շնորհել են ԼՂՀ ժողովրդական արտիստի կոչում...

Լավատեսներն ասում են. «Ոչինչ, ամեն ինչ իր տեղը կընկնի, չէ՞ որ անցման շրջան է»։ Հոռետեսները հուսահատ թափ են տալիս ձեռքները, իսկ իրատեսներն ասում են. «Այս անցման շրջանը մի տեսակ կախարդական շրջան է դարձել, որից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ»։

Էպիլոգ։ Երեկ փողոցում հանդիպեցի ծանոթ մի թոշակառուի։ Երբ հարցրի՝ ինչպես եք, տխուր պատասխանեց. «Պատերազմի, հրետակոծությունների ժամանակ ես կարծում էի, թե սարսափելի է մեռնելը, իսկ այժմ, երբ նայում եմ աչք ծակող դղյակներին և մոտերքում՝ աղբարկղերում մի կտոր հաց որոնող մուրացկաններին, մտածում եմ, որ սարսափելի է ապրելը»։




ԹԻՐԱԽՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆ Է

Ամերիկյան մարտաֆիլմերի, սարսափի, ուրվականների և այդ կարգի այլ կինոնկարների մասին առաջին անգամ գրել եմ մոտ տասը տարի առաջ, երբ այդ կինոնկարները մեզ մոտ դեռևս չէին հեղեղել հեռուստաեթերը, երբ այսօրվա երիտասարդների գերակշիռ մասը դեռ նոր-նոր էր տառաճանաչ դառնում։ Այսօր կրկին գրում եմ այդ մասին, որովհետև մեզանում դիտվող գրեթե բոլոր հեռուստածրագրերի եթերաժամի մի մասը տրամադրվում են այդ ֆիլմերին։

Ռուսական հեռուստաալիքներն աղբաջրի պես նման ֆիլմեր են թափում երիտասարդության վրա ու զարմանում, որ սափրագլուխները օրը ցերեկով Մոսկվայի կենտրոնում մարդ են սպանում, որ երկիրը հեղեղվել է նացիստական կազմակերպություններով։ Այսօր երիտասարդ սերունդը սնուցվում ու զարգանում է այնպիսի հեռուստաարտադրանքով, որտեղ ամենայն մանրամասնությամբ ցուցադրում են մարդ սպանելու արհեստը, որտեղ «բանական արարածը» գերժամանակակից զենքերով բնաջնջում է հարյուրավոր իր նմաններին։

Աստված նրանց հետ, թող ամենևին չմտածեն, որ վաղը հնձելու են այն, ինչ այսօր ցանում են։ Սակայն ցավն այն է, որ այդ նույն հեռուստաարտադրանքը դիտում են նաև մեր երիտասարդները, Արցախի ապագան։ Ու ես ստիված կրկին գրում եմ այդ մասին ոչ թե այն հույսով, որ վերջ է տրվելու այդ սոդոմ-գոմորիզմին, այլ հուսով, որ մեր երիտասարդությունը քննադատորեն, վերևից է նայելու արվեստի հետ ոչ մի կապ չունեցող այդ հեռուստաարտադրանքին...

Թե որքան անմեղ հոգիներ են խեղել, այսպես կոչված, սարսափի ֆիլմերն ու մարտաֆիլմերը (բոևիկներ), այդ մասին վիճակագրական ստույգ տեղեկություններ չկան։ Բարեբախտաբար՝ չկան, քանի որ բազմանիշ այդ թիվը կարող է մի նոր «սարսափաֆիլմի» ստեղծման նյութ հանդիսանալ։

Հեռուստատեսությամբ ամերիկյան մի քանի կինոնկար եմ դիտել, որոնցում պատմվում է, թե ինչպես արաբ ահաբեկիչները փորձում են պայթեցնել Պենտագոնը կամ գերի վերցնել Նահանգների նախագահին։ Զավեշտականն այն է, որ այդ կինոֆիլմերը նկարահանվել են սեպտեմբերի 11-ին իր դաժանությամբ աշխարհը ցնցած ահաբեկչությունից առաջ։ Հնարավոր է, որ ահաբեկիչները հենց այդ կինոֆիլմերն են աչքի առաջ ունեցել՝ ինքնաթիռներով երկնաքերների վրա գրոհելիս։

Միաժամանակ, հնարավոր չէ չնկատել, որ արվեստն անգամ սադոմազոխիստական կրքոտությամբ օգտագործվում է չարիք ու դաժանություն հրահրելու համար։ Փող շինել ամեն ինչից։ Իսկ ամերիկյան կինեմատոգրաֆիայում ամենափորձված և ամենաարդյունավետ միջոցը սենսացիան է, որ կարմիր թելի պես անցնում է բոևիկա-սարսափազդու կինոնկարների միջով, և որոնք աչքի են ընկնում հատկապես կատարողական բարձր մակարդակով, սպեցէֆեկտներով ու կոմպյուտերային բազմապիսի հնարքներով։

Ո՞րն է այս կինոնկարների առանձնահատկությունը։ Այս կինոնկարներում, հնդկական ֆիլմերի պես, հանդիսատեսն ընդամենը պասիվ դիտող է՝ լիովին անջատված մտածողության ապարատով։ Նրա համար խորհելու, մտածելու «նյութ» չկա։ Բոլորի փոխարեն մտածում-գործում է գլխավոր հերոսը (ռեժիսորը, կինոսցենարիստը) և ի՛ր ճշմարտությանը հասնելու ճանապարհին կոխկրտում-ավերում շատ այնպիսի բաներ, որոնք, թերևս, բազում անգամ թանկ են կասկածելի այդ ճշմարտությունից։

Մարտաֆիլմերն ու սարսափի կինոնկարներն այնքան էլ աչքի չեն ընկնում սյուժետային բազմազանությամբ, հերոսների հարուստ ներաշխարհով կամ... կինոսցենարիստի վառ երևակայությամբ։ Կարելի է հարյուրավոր կինոնկարներ թվարկել, որոնցում հերոսներից մեկին ավտոմեքենայով հետապնդում են, իսկ նա մուլտֆիլմի հիմար նապաստակի պես մինչև հալից ընկնելը վազում է ճանապարհի մեջտեղով, և նրա մտքով այդպես էլ չի անցնում դուրս գալ ճանապարհից ու մտնել որևէ նրբանցք կամ զբոսայգի՝ ազատվելու հետապնդումից։

Ընդհանուր առմամբ, այդ կինոնկարները զարգանում են սյուժետային միևնույն ծեծված-ծամծմված ուղեգծով։ Ահավասիկ. մարտաֆիլմի հերոսը հետապնդում է մարդասպանին կամ հանցագործները հետապնդում են գլխավոր հերոսին, և այդ հետապնդումների ժամանակ ջարդում, ավերում, հրկիզում շենքեր, ավտոմեքենաներ, պայթեցնում զինպահեստներ, հաշմանդամ դարձնում կամ պարզապես սպանում հարյուրավոր մարդկանց...

Եվ ահա, գլխավոր հերոսը վերջում բռնում է մարդասպանին։ Հերոսը (Սիլվեստր Ստալոնե, Ժան Կլոդ Վանդամ, Շոն Պեն, Չակ Նորիս և այլն) հաղթել է, հաղթել է նրա ճշմարտությունը, մեղավորը պատժված է։ Մեկուկեսժամյա անվերջ հրաձգություններից, մարդկանց խոշտանգումներից ու սպանությունների տեսարաններից հոգնած հանդիսատեսը վերջապես ազատ շունչ է քաշում։ Վարագույրն իջեցված է, ու հանկարծ ինքդ քեզ հարց ես տալիս. բայց չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր մարդիկ են զոհ գնացել, որպեսզի բռնվի կամ պատժվի մի մարդասպան, որ ընդամենը մե՛կ մարդ է սպանել... Եթե մի հանցագործի բռնելու և պատժելու համար անհրաժեշտ եղավ զոհել տասնյակ կամ հարյուրավոր անմեղ մարդկանց, ապա ավելի լավ չէ՞ր անպատիժ թողնել այդ չարագործին և փոխարենը պատժել կամ մեկուսացնել գլխավոր հերոսին (ռեժիսորին, կինոսցենարիստին)...

Մարտաֆիլմի հերոսը մեն-մենակ դուրս է գալիս մի ողջ վաշտի, գնդի կամ, պարզապես, բանակի դեմ և հաղթում։ Առանց աչք թարթելու նա պայթեցնում է մի քանի տասնյակ մարտական տեխնիկա ու զինանոց, նրա կրակահերթերից ավտոմեքենաները օդում փառահեղ պտույտներ են գործում և, գետնին ընկնելով՝ պայթում, իրար հետևից նա հնձում է հակառակորդի հարյուրավոր զինվորների, և ակամա հարց ես տալիս. իսկ ի՞նչ է, նրա ախոյանները ներկա չե՞ն եղել հրաձգության դասին, թե՞ նրանց զենքերի փողերում «մածուն է մերած»... «Վրիժառուն» կինոնկարի հերոսը ատրճանակով ռազմական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ է ցած գցում և չես զարմանում, քանզի նման ֆիլմերում... դա հնարավոր է։

Զարմանալի ոչինչ չի լինի, եթե նա, ասենք, մկնորսական թակարդով տանկ բռնի կամ նիզակով սուզանավ պայթեցնի... Ես չեմ հիշում դեպք, որ մեզ մոտ ավտովթարներից մեքենաները հրդեհվեն։ Ամերիկյան մարտաֆիլմերում, սակայն, ավտոմեքենաները ոչ միայն հրդեհվում, այլև պայթում են ռումբի, զինապահեստի պես... Ի դեպ, եթե «բոևիկներում» բոլոր սպանվածներին, անմեղ ու մեղավոր բոլոր զոհերին գումարելու լինենք, ապա Միացյալ Նահանգներում այսօր միայն ուրվականներ կլինեին մնացած...

Սպանություն... Դե էլ ի՞նչ մարտաֆիլմ կամ սարսափի ֆիլմ՝ առանց սպանությունների... Եվ սպանում են աջ ու ձախ, սպանում են անխղճորեն, մի առանձին հաճույքով, մսագործի հմտությամբ, ասես աշխարհում դա ամենահաճելի զբաղմունքն է... Սպանում են գնդացրով ու ավտոմատով, ատրճանակով ու դանակով, սպանում են կացնով ու պատառաքաղով, եղանով ու ու մկրատով... Սպանում են նաև սպանվածներին, կրակում են նաև դիակների վրա՝ դրանից սպորտային հաճույք զգալով...

Սակայն գանգստերական ու «բոևիկ» կարգի կինոֆիլմերում զոհվում են ո՛չ միայն էկրանային կերպարներ ու հերոսներ, դրանից հաշմվում են հանդիսատեսների, հատկապես դեռահասների ու երիտասարդների հոգիները։ Նրանց կրակոցներն ավելի հաճախ ուղղված են հենց հանդիսատեսների վրա, նրանց դեռևս չհաշմված հոգիների վրա...

Թերևս կան այդ ժանրի հաջողված կինոնկարներ, բայց որ մարտաֆիլմի ժանրն արդեն արդեն մուտք է գործում մուլտաշխարհ, որ բոևիկ-մուլտֆիլմեր են նկարահանում երեխաների համար, դա արդեն ոչ միայն անբարո է, այլև հանցագործություն։ Բացառված չէ, որ մուլտի-բոևիկ դիտող այսօրվա մանչուկը շատ տարիներ հետո գեղեցիկ մի օր իր հաճույքի համար մի նոր սեպտեմբերի 11 սարքի աշխարհի գլխին։ Չարիքի սերմերն այսօր ծլարձակելով, պարզ է, որ մի օր պտուղներ են տալու...

Ուզում ենք, թե ոչ, ամերիկյան մարտաֆիլմերը կան ու շարունակելու են բարգավաճել, իսկ նրա կրակոցներն առաջին հերթին ուղղված են լինելու հեռուստադիտողի, հատկապես երիտասարդ հանդիսատեսի վրա։ Չեմ կարծում, թե պետք է դոնկիխոտյան նիզակով արշավել հողմաղացների դեմ։ Սակայն այսօր, երբ հեռուստաալիքները հեղեղված են ամերիկյան նմանատիպ «գոհարներով», պարզապես ուզում եմ իմ հայրենակիցներին հիշեցնել հայտնի ասացվածքը. «Դեղին ամեն բան ոսկի չէ»...




ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԸ

Եթե մեկևկես դար առաջ Եվրոպայում և ընդհանրապես ողջ աշխարհում ընդամենը մի ուրվական էր շրջում, կոմունիզմի ուրվականը, ապա այսօր Միացյալ Նահանգները, նրա երկինքն ու երկիրը վխտում են զանազան ուրվականներով, դևերով, սատանաներով ու հրեշներով։ Ակամայից այս մտքին ես հանգում ամեն անգամ դիտելով ամերիկյան «սատանայական» ու «դևաբանական» ֆիլմերը։

«Դարավոր պատերազմը Աստծո և Սատանայի միջև՝ երկնքից տեղափոխվել է երկիր»,- լուրջ-լուրջ հայտարարվում է նման ֆիլմերից մեկի սկզբում։ Պարզվում է՝ դարեր շարունակ շատ թունդ պատերազմներ են մղվել Աստծո և Սատանայի միջև, իսկ մենք յոթ տասնամյակ շարունակ ընդարմացած «կոմունիստական թմրանյութով», ոչինչ չենք իմացել։ Թերևս ոչինչ չեն իմացել նաև մեր նախապապերը, այլապես Մովսես Խորենացին, Եղիշեն, Նահապատ Քուչակը, Խաչատուր Աբովյանը, Րաֆֆին, Շիրվանզադեն ու Թումանյանը մի քանի տողով կպատմեին այդ «դարավոր պատերազմի» մասին...

Կատակը՝ կատակ, սակայն հայկական և ռուսաստանյան (հատկապես արբանյակային) հեռուստածրագրերով դիտելով ամերիկյան այդ ֆիլմերը, ստիպված ես կարծել, թե ողջ Ամերիկան ողողված է ուրվականներով, պոչավոր ու անպոչ սատանաներով, գարշելի դևերով ու հրեշներով և, ընդհանրապես, յուրաքանչյուր 100 ամերիկացու առնվազն մեկ սատանա կամ դև է բաժին ընկնում։ Էլ չենք խոսում երկնքում ճախրող բյուրավոր հոգիների մասին, որոնց բոլորի վերաբերյալ «Աշխարհի բնակչությունը» գրքում չգիտես ինչու ոչինչ չի ասվում...

Ասում են՝ փչիր, բայց չափն իմացիր։ «Նոր ֆիլմերի» հեղինակներն առայժմ լավ յուրացրել են ասացվածքի առաջին մասը, փչո՜ւմ են։ Փչում են անխղճորեն, աջ ու ձախ։ Դեռ ավելին՝ յուրաքանչյուր նման փչոց էկրանավորելու համար ծախսում են մի քանի տասնյակ միլիոն դոլար։

«Ծնոտներ» կինոֆիլմը միայն առաջին տարում 134 միլիոն դոլար շահույթ է բերել։ «Այլմոլորակայինը», «Աստեղային պատերազմներ», «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում», «Ուրվականներ որսացողները» կինոֆիլմերը ԱՄՆ-ում և Կանադայում ցուցադրվելուց գոյացած ընդհանուր գումարը մեկ միլիարդ դոլարից ավելի է։

Առանց բացառության այդ ֆիլմերն աչքի են ընկնում պարզունակ սյուժեով։ Գիտատեխնիկական նվաճումների դարում, երբ տիեզերանավեր ու արբանյակներ են թռցնում դեպի Մարս և այլուր, Նահանգներում ոչ միայն փորձում են ապացուցել սատանաների ու դևերի, ուրվականների ու հրեշների գոյությունը, այլև ուզում համոզել, որ մարդկության ու նրանց միջև պայքարը վերջ չունի և երկուստեք ծանր կորուստներ են կրում։

Բարեբախտաբար, այդ «սարսափելի» պատերազմները մարդկանց և սատանա-ուրվականների միջև դեռևս չեն հասել Արցախ, թե չէ, մեր բազում պրոբլեմները թողած, սուր ու նիզակ վերցրած, պայքարի մի նոր ճակատ պիտի բացեինք՝ գոյություն չունեցող հողմաղացների դեմ։ Խոստովանեմ, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ՝ զոհվել դևի կամ ուրվականի հետ կենաց-մահու մենամարտում։ Նույնն է թե՝ խեղդվել սեփական թեյի բաժակի մեջ... Մեզ մոտ՝ Արցախում, ավելի շատ ծիծաղում են նման հիմարությունների վրա, սակայն գերզարգացած Նահանգներում, պարզվում է, միլիոնավոր մարդիկ հավատում են նման անհեթեթություններին, ու ստիպված ես մտածել, որ այսօր միջին ամերիկացին զարգացման մակարդակով այնքան էլ բարձր չէ կանգնած միջնադարյան իր նախնիներից։ Ի դեպ, «Նյու-Յորք թայմս» թերթը նման ֆիլմերից մեկն անվանել է «աղմկոտ և ունայն, որն ինտելեկտով զիջում է լողափին վազվզող ցանկացած մանկան»։

Այդ կինոֆիլմերը տաղանդավոր կինոդերասանների կարիք չեն զգում։ Հրեշների, սատանաների ու այլմոլորակայինների դերերում հաճախ հանդես են գալիս էլեկտրոնային տիկնիկներ ու ռոբոտներ։ Արցախցի երիտասարդներին քաջածանոթ «Ծնոտներ» կինոֆիլի համար ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը օգտագործել է էլեկտրոնային կառավարմամբ 14 մետրանոց շնաձուկ։ «Իմ նպատակը հանդիսատեսների մեջ պսիխոզ առաջացնելն է»,- խոստովանել է նա։

Նման ֆիլմերի էկրանավորման գլխավոր շարժառիթը փողն է, շահույթը (ի դեպ, ԱՄՆ-ում ռեժիսորի հեղինակությունը որոշվում է նրա ֆիլմի ցուցադրումից գոյացած դոլարների քանակով)։ Այդ ֆիլմերի ռեժիսորները, թերևս, թքած ունեն սատանաների, ուրվականների ու հրեշների վրա։ Նրանք լավ գիտեն հանդիսատեսի (հատկապես ամերիկյան հանդիսատեսի) հոգեբանությունը և գիտեն, թե ինչ «եղանակ նվագեն», որ փող դուրս գա... Եվ հանուն դրա «երկրային պատերազմներից» կարծես հոգնած-ձանձրացած Ս. Սպիլբերգն ու Ջ. Լուկասը ձեռք են զարկել երկնային՝ «աստեղային պատերազմների» ու այլմոլորակայինների թեմային։ Դա էլ պակաս շահութաբեր չէ։

Եվ զարմանում ես, թե ինչպես մի երկրում, որն աշխարհին հիացրել է «Կլեոպատրա», «Քրիստինա թագուհի», «Քամուց տարվածները», «Աֆրիկյան թագուհի», «Ում մահն են գուժում զանգերը», «Կնքահայրը», «Թռիչք կկվի բնի վրայով», «Հռոմեական արձակուրդներ», «Մարդորս», «Հրաշալի յոթնյակ», «Մի անգամ Ամերիկայում» ու այլ հանրահայտ ֆիլմերով, մարդկանց մեծ մասը հավատում է սատանաների, ուրվականների և աշխարհի վերջի մասին հեքիաթներին և գտնում է, որ տեսնելու է այդ վերջը։

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ չգիտեմ, բայց ամեն անգամ դևերի, ուրվականների ու հրեշների մասին անհեթեթ ֆիլմեր նայելիս մտածում ես, որ թերևս շատ հեռու չէ բանականության վերջը...




ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ կամ «առաջին ծիծեռնակները»

Տասնամյակներ առաջ եթե մեկն ասեր, որ ուզում է 40 կամ 50 սերիանոց կինոֆիլմ նկարահանել, մարդիկ կծիծաղեին նրա վրա. այդ ո՞ր հիմարն է ամիսներ շարունակ նստելու հեռուստացույցի առաջ, թե՝ 50 սերիանոց ֆիլմ եմ դիտում։ Սակայն ինչ-որ խենթ համարձակվել ու ավելի քան հարյուր սերիանոց հեռուստաֆիլմ է նկարահանել և... գտնվել են հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որ պարտաճանաչ աշակերտի պես ամեն օր նստել են հեռուստացույցի առջև՝ տեսնելու, թե հետո ինչ է լինելու։

Եվ այդպես՝ մի ամբողջ տարի։ Ու այդ ժամանակահատվածում հեռուստադիտողներից ոմանք հրաժեշտ են տվել երկրային կյանքին, ոմանք ամուսնացել կամ ամուսնալուծվել են, մյուսների ընտանիքներում երեխաներ են ծնվել, չորրորդների տունը հրդեհվել է, հինգերորդները բանկում հաշիվ են բացել իրենց զոքանչի անվամբ և այլն... Սակայն նրանք բոլորը ամեն օր նույն ժամին նստել են հեռուստաարկղի առջև ու մի ողջ տարի սպասել, թե ինչպես է, ասենք, գլխավոր հերոսը բաժանվելու իր չսիրած կնոջից և ամուսնանալու սիրած աղջկա հետ...

«Հարուստները նույնպես լալիս են», «Վայրի վարդ», «Արևադարձուհին», «Արևադարձուհու գաղտնիքը», «Աղջիկը՝ ճակատագիր անունով», «Ճակատագրական ժառանգություն», «Հենց այնպես Մարիա», «Սանտա-Բարբարա», «Դալլաս», «Իմ երկրորդ մայրը» թե՞ երրորդ հայրը և այլն. միլիոնավոր մարդիկ հարյուրավոր ժամեր կտրել են իրենց կյանքից, որպեսզի դիտեն այս էժանագին բարբաջանքները։

Տարիներ առաջ դիտել եմ «Սանտա-Բարբարա» կինոնկարի մի քանի սերիա և զգացել, որ իզուր ժամանակ եմ վատնել։ Մի տարի հետո երբ պատահմամբ դիտել եմ հերթական սերիաներից մեկը, ուղղակի ապշել եմ. ինձ թվացել է, թե ես դիտում եմ հենց այն հատվածից, որ մի տարի առաջ կիսատ եմ թողել. նույն գործողությունը, նույն տեսարանները, նույն խոսքերն ու բառերը... Թվում է՝ սցենարի հեղինակ Բրիջիդ և Ջերոմ Դոբսոնները ծուլանալով, պարզապես վերցրել են հարյուրավոր սերիաներ առաջ գրած հատվածները և նորից արտագրել որպես սցենարի շարունակություն։ Կամ գուցե նրանք ընդհանրապես չեն էլ հիշում, թե ինչ են գրել նախորդ 1000 կամ 2000 սերիաներում և հասկանալի պատճառով նորից «նույն ձայնապնակն են դրել»...

Ընդհանրապես այդ հեռուստասերիալը բոլոր առումներով արժանի է տեղ գրավելու Գիննեսի ռեկորդների գրքում։ Եթե աշխարհի բոլոր ծամոնները կցմցեին իրար և մինչև վերջ ձգեին, երևի չկարողանային հասնել «Սանտա-Բարբարային»...
Մի երկու խոսք էլ ամերիկյան «Դալլաս» սերիալի մասին։ Սկզբում այս կինոնկարը կարծես բոլոր նախադրյալներն ուներ լավ ֆիլմ կոչվելու համար, սակայն հետո, չգիտեմ, ռեժիսո՞րն է գլխով ընդհարվել տրամվայի հետ, թե՞ սցենարիստն է իններորդ հարկից գլխիվայր թրմփացել դատարկ ջրավազանի մեջ, քանզի այս կինոնկարը ևս վերածվել է մի նոր «Սանտա-Բարբարայի»։ Հերոսները մահանում և հարություն են առնում։ Գլխավոր գործող անձերից մեկին հանդիսավոր հողին են հանձնում, բայց երկու տասնյակ սերիաներ հետո նա ողջ-առողջ ցցվում է դիմացդ...

Պարզվում է՝ նրա ողբերգական մահը տեղի է ունեցել միայն կնոջ երազում։ Այսինքն՝ մոտ 20 սերիա նրա կողակիցը երազ է տեսել, և հեռուստադիտողը գլխի չի ընկել, որ 20 ժամ շարունակ ինքը պարզապես ականատեսն է ինչ-որ մի խախտված տիկնոջ զառանցանքի (ի դեպ, ըստ իս, կանոնավոր մարդկանց երազը սովորաբար 7-8 ժամից չի անցնում, որովհետև քնելուց 7-8 ժամ հետո սովորաբար աքլորներն արդեն կանչում են։ Բայց դե՝ սերիալը մնում է սերիալ. այնտեղ երևի օրվա տևողությունն էլ է երկար)... Մի սքանչելի էպիզոդ ևս այդ կինոնկարից. գեղեցիկ մի օր հայտնվում է մի այլ հերոս, որ մի քանի տարի առաջ էր զոհվել ավիաաղետից։ Կինը մոտ մի տարի տեսնում է նրան, զրուցում հետը և չի կարողանում հասկանալ. դա նույն տղամա՞րդն է, որի հետ 40 տարի քնել է, թե՞ խաբեբայի մեկն է։

Լատինաամերիկյան սերիալնե՜ր... Իրենց գեղարվեստական մակարդակով սրանք նույն հնդկական կինոնկարներն են, սակայն 40-50 անգամ ավելի ձգձգված, ավելի պարզունակ և ավելի հիմար։ «Արևադարձուհու գաղտնիքը» կինոնկարում, ինչպես Չեխովի հերոսը կասեր՝ ձիու դեմքով երկվորյակ քույրերից մեկը անմեղ գառնուկի պես բարի ու ազնիվ մի հրեշտակ է, իսկ մյուս քույրը, որ կիսած խնձորի պես նման է նրան, ընդհակառակը, իր մեջ մարմնացնում է մարդկային բոլոր արատները։ Եվ ահա վերջինս խարդախությամբ ամուսնանում է քրոջ սիրածի հետ։ Երիտասարդն, ինչպես ասում են, այնուամենայնիվ, հիմար չէ և... մի քանի ամիս հետո իսկույն գլխի է ընկնում, որ իրեն քթից բռնած ֆռռացրել են...

Վերջում, պարզ է, արդարությունը հաղթում է, սիրահարները ամուսնանում են, երկնքից երեք խնձոր է ընկնում... Բայց քանի որ այս սովորական զավեշտը կարելի է տեղավորել մի անեկդոտի կամ 2 սերիայի ցանքատարածքում, կինոնկարի սցենարիստն ու ռեժիսորը հիշյալ ընտանեկան դրամային զուգահեռ նկարահանել են վերջիններիս ազգականների, ընկերների ու սրանց ծանոթների մեծ ու փոքր ընտանեկան բոլոր անցուդարձերն ու զրույցները։ Եվ արդյունքում՝ լույս աշխարհ է եկել մի սերիալ ևս։
Ինչպես են սերիալ սարքո՞ւմ։ Խնդրեմ... Բայց քանի որ խոսքը սերիալների մասին է, թույլ տվեք այստեղ վերջակետ դնել և գրել՝

վերջ առաջին մասի, շարունակությունը՝ հաջորդիվ։



ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ կամ սերիալներ սարքելու արհեստը

Ինչպե՞ս են սերիալ սարքում։ Նախ ասենք, որ հարյուր կամ երեքհարյուր (կամ 4-5 հազար) սերիանոց բոլոր հեռուստասերիալները կարելի է տեղավորել 3-4 ժամանոց սովորական մի կինոնկարի տարածքում։ Սակայն եթե մեկն ուզում է ամեն օր միանգամից հյուրասիրել. ասենք 500-600 հոգու, բայց ձեռքի տակ ընդամենը մի քանի կգ միս ունի (այսինքն՝ գլխավոր հերոսներ), որով, լավագույն դեպքում, կարելի է 2-3 ժամ կերակրել մեկ-երկու հյուր (հեռուստադիտող), և խոհարար-սցենարիստ-ռեժիսորը այդ մի քանի ոսկրախառը մսի կտորը գցում է 500 լիտրանոց կամ 4-5 տոննանոց հսկա մի կաթսայի մեջ, վրան մի քանի բուռ բրինձ, սիսեռ, չոր լոբի և կաղամբի թևեր շաղ տալիս (դրանք էպիզոդիկ հերոսներն են), հետո ամբողջ կաթսան լցնում է ջրով և դնում խարույկի վրա (դա հեռուստացույցն է)։ Եվ, խնդրեմ՝ կերակուրը (այսինքն՝ սերիալը) պատրաստ է, համեցեք անուշ արեք...

Ի՞նչ է պետք հեռուստասերիալի սցենար գրելու համար։ Ամենից առաջ՝ մի քանի արկղ գրիչ կամ մատիտ։ Հետո... Հետո՝ պարզապես ոչինչ։ Եթե մի լավ պատմվածք, բանաստեղծություն կամ սովորական կինոնկարի սցենար գրելու համար ամենից առաջ անհրաժեշտ է խելք, երևակայություն ու պատկերավոր մտածողություն, ապա հեռուստասերիալի հեղինակների համար խելքը, մտածողությունն ու երևակայությունը ուղղակի «խաղից դուրս» կատեգորիաներ են։ Չէ, թերևս երևակայություն պետք է, բայց մի քիչ այլ տեսակի՝ հիվանդ երևակայություն։ Որոշ բանաստեղծներ խոստովանում են, որ իրենց սիրային ոտանավորների մեծ մասը պարզապես գրել են անկողնում։ Հեռուստասերիալների սցենարիստները նման անկեղծության պահերին անշուշտ կխոստովանեին, որ իրենց ֆիլմերում սիրային տեսարանները հղացել են ոչ թե գրասեղանի առջև կամ անկողնում, այլ մահճակալի տակ...

Ո՞վ կարող է հեռուստասերիալի սցենար գրել։ Յուրաքանչյուր ոք, ով տառաճանաչ է,կարողանում է մինչև 50-ը հաշվել և անսխալ գրել անուն-ազգանունը։ Ահա բոլորը։
Ընթերցողը կարող է հարցնել. դե լավ, որ այդպես է, ինչո՞ւ են հազարավոր, միլիոնավոր մարդիկ հեռուստասերիալ դիտում։

Շուկայում տարբեր գներով տարբեր ապրանքներ կան։ Կան նաև թանկ գներով ցածրորակ ապրանքներ։ Սակայն գտնվում են մարդիկ, որ այնուամենայնիվ, գնում են այդ ապրանքները։ Եթե կուզեք, դրանք հիմնականում վերոհիշյալ ֆիլմերի երկրպագուներն են։ Ինչպես վաճառականները, այնպես էլ շատ ռեժիսոր-սցենարիստ-պրոդյուսերներ այնքան էլ հիմար չեն. շատ հեռվից էլ նրանք կարողանում են զգալ իրենց «կլիենտների» գրպաններն ու ճաշակը։

Հ.Գ.- Գուցե ինձ մեղադրեն, որ շատ եմ զվարճալի գրել, բայց, որքան գիտեմ, ծիծաղելի բաների մասին երբ շատ լուրջ դատողություններ են անում, դառնում են ավելի ծիծաղելի, քան հենց ինքը՝ ծիծաղի օբյեկտը։


-----------------------------------------------

Հոդվածները տպագրվելեն պարբերական մամուլում՝ մինչև 2005 թ.