28.12.2016

Նոր տարվա հեքիաթ


Ամանորին քիչ ժամանակ էր մնացել: Ձմեռ պապը մի անգամ եւս մանրազնին պրպտեց Մոսկվայում լույս տեսած «Աշխարհի քարտեզը», բայց դարձյալ չկարողացավ գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քրտինքի կաթիլները սառած կախվել էին բեղ-մորուքից, արդեն հույսը լիովին կտրած, կանգնել էր Վրաստանի Սադախլո բնակավայրի մոտ, երբ կարմրած քթով մեկը հանկարծ տնկվեց առաջն ու հարցրեց.

– Ապեր, էդ ի՞նչ ես կորցրել:

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- խեղճ-խեղճ պատասխանեց Ձմեռ պապը:

– Վա՜յ, ցավդ տանեմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ասե՞ղ է, որ կորցնես: Մի կլորիկ գումար տուր, ավիացիոննի բենզինով աշխատող այս ավտոյովս ձեռաց թռցնեմ Ղարաբաղ:

– Բայց ինչո՞ւ այդ երկիրը քարտեզի վրա չկա,- զարմացած հարցրեց Ձմեռ պապը:

– Նայած ում քարտեզի վրա: Տեսնես ովքեր են կազմել էդ տիտռիկ քարտեզդ… Մեր քարտեզում, օրինակ, շատ լավ էլ կա…

– Բայց այդ ի՞նչ երկիր է, որ մեկի կազմած քարտեզում կա, մյուսում՝ չկա:

– Էդ նրանից է, ախպերս, որ Ղարաբաղը կամ Արցախը, այսպես կոչված, չճանաչված երկիր է… Մի խումբ շանորդիներ չեն ուզում տեսնել, ճանաչել այդ երկիրը…

Մինչ ճանապարհին ապարանցի Գարուշը Ձմեռ պապի համար «քաղպարապմունք» էր անցկացնում, վերից ու վարից պարզաբանում «Ղարաբաղյան հարցը», արդեն մոտեցել էին Ստեփանակերտի մատույցներին: Այդ պահին վերջապես տեղ հասավ նաեւ Ձմեռ պապի անձնական թռչող կառքը, որի անիվը մինչ այդ Հարավային Օսեթիայի մոտերքում պայթել էր ականից:

Ապարանցի Գարուշը ստացավ հասանելիք կլոր գումարը, հետն էլ երկու լիտր մաքուր թթօղի եւ հրաժեշտ տվեց Ձմեռ պապին: Վերջինս չափ գցեց ճեպընթաց կառքն ու մի քանի վայրկյանում հասավ Ստեփանակերտի նախադռանը, որտեղ պետավտոտեսչության անցակետում նրան կանգնեցրեց մի ոստիկան:

– Էդ ի՞նչ արագությամբ ես սուրում, հապա մի պրավադ ցույց տուր:

– Ստեփանակերտ եմ գնում, Ամանորի նվերներ պիտի բաժանեմ ժողովրդին,- ասաց Ձմեռ պապը:

– Ամանոր-մամանոր չգիտեմ, արագ քշելու համար պիտի տուգանեմ: Մի հազարանոց ցնծա…

– Բարեկամս, ուշանում եմ: Ամանորի այս նվերը վերցրու եւ բաց թող ինձ…

– Ամանորն ո՞վ է, չեմ ճանաչում:

– Սա էլ ձեզ հազար դրամը…

– Չէ՜, քիչ է, շատ թունդ էիր քշում, պրավադ պիտի ծակեմ,- ձեռ չէր քաշում ոստիկանը:
«Այս երկրում, ինչպես երեւում է, դրամաշորթներ են ապրում»,- ոստիկանից մի կերպ գլուխն ազատելով, մտածեց Ձմեռ պապը, եւ երբ հասել էր քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր բազմաթիվ մարդիկ էին հավաքվել շլացուցիչ լուսավորված տոնածառի շուրջ, մոտերքում նկատեց մի ծառի տակ նստած, հենակներով մի աղքատի:

– Բարեկամս, շնորհավոր Նոր տարի: Այս նվերը ձեզ, սա էլ մի քիչ փող է…

– Չէ, շնորհակալություն, Ձմեռ պապ, հենց այնպես ոչինչ չեմ կարող վերցնել,- ասաց հենակներով մարդը,- օրվա հացը ես վաստակում եմ մարդկանց կշռելու համար: Թույլ տվեք ձեզ կշռեմ:

Մարդուն չվիրավորելու համար, Ձմեռ պապը կշռվեց ու մտածեց. «Այս ի՜նչ ազնիվ մարդիկ են ապրում այս երկրում»:

Հետո նա իր մոտ եղած բազմաթիվ նվերներից մի քանի մեծ կապ թաքուն դրեց հրապարակի մեջտեղում գտնվող տոնածառի տակ ու շարունակեց ճանապարհը:
Շենքերից մեկում բնակարանի դուռը բացեց ծխախոտը ատամների արանքում սեղմած, փորն առաջ ցցած մի տղամարդ ու արհամարհանքով հարցրեց.

– Էդ նվերովդ ո՞ւմ ես ուզում խաբել: Ես բիզնեսմեն եմ, քո ձեռքուոտների մատների քանակով սուպերմարկետներ ու առեւտրի սրահներ ունեմ: Չէի՞ր կարող գոնե մի սովորական խանութ նվեր բերել…

«Այս երկրում ոնց-որ աչքածակներ էլ կան»,- մտորեց Ձմեռ պապն ու սեղմեց հարեւան շենքի դռներից մեկի զանգի կոճակը:

– Մտեք,- լսվեց ներսից:

Ձմեռ պապը կամաց բացեց դուռն ու սենյակի կենտրոնում նկատեց գրասեղանի հետեւում նստած փողկապավոր մի պարոնի:

– Ներեցեք, սա բնակարա՞ն է, թե՞…

– Ի՞նչ հարցով ես եկել,- լսվեց գրասեղանի հետեւից:

– Ձմեռ պապն եմ, նվերներ եմ բերել:

– Անձդ վկայող փաստաթղթեր ունե՞ս, նվերներ բաժանելու համար վերադասից թույլտվություն ունե՞ս: Եթե չունես, նստիր, երկու օրինակից մի դիմում գրիր, որ թույլ տամ նվերներդ բաժանես…

«Այս երկրում նաեւ բյուրոկրատներ են ապրում»,- պաշտոնյայի բնակարանից դուրս գալով, մտածեց Ձմեռ պապը եւ, երբ հասավ թատրոնի շենքի մոտ, դռների առջեւ նկատեց ձեռքերը գրպաններում, ինքնագոհ շվշվացնող, միջին տարիքի մեկին:

– Պարոն, ես այս թատրոնի տեր ու տիրակալն եմ, իսկ դու ո՞վ ես: Ճիշտն ասած, դեմքդ շատ ծանոթ է երեւում, Լիր արքա՞ն ես:

– Չէ, Ձմեռ պապն եմ:

– Չէ՜ մի, էշի պոզեր… Եթե դու Ձմեռ պապն ես, ուրեմն՝ ես էլ Անգլիայի թագուհին եմ… Հա՜, ճանաչեցի… Սոս Սարգսյանն ես:

– Սոս Սարգսյանը մեծ դերասան է, հարգում եմ նրան, բայց ես Ձմեռ պապն եմ:

– Դե լա՜վ, պոչ մի խաղացրու: Աշոտ Ղազարյանն ես…

– Դա ո՞վ է, անունը լսած չկամ:

– Ուրեմն՝ Թոխատյանն ես…

– Դրան էլ չեմ ճանաչում: Ես Ձմեռ պապն եմ:

– Որ էդպես պինդ կպել ես քո Ձմեռ պապին, ես էլ Ձյունանուշն եմ,- ասաց միջահասակ մարդը, գրպանից մի կեղծամ հանեց, դրեց գլխին ու սկսեց ցատկոտել Պապի շուրջը:

«Այս երկրում, ինչպես տեսնում եմ, ծաղրածուներ էլ են ապրում»,- մտմտաց Ձմեռ պապն ու մտավ թատրոնի ճեմասրահ, որտեղ երեխաները պար էին բռնել տոնածառի շուրջ եւ աշխույժ երգում էին. «Տոնածառ, ջան տոնածա՜ռ…»:

Փոքրիկներն այնպես երջանիկ էին, այնքան լավ էին երգում ու պարում, որ նրանց դիտելով, Պապի հոգնածությունն անցավ: «Այս երկրում բայց ի՜նչ սքանչելի երեխաներ են ապրում»,- բացականչեց Ձմեռ պապն ու միացավ փոքրիկների շուրջպարին: Հետո նա Ամանորի նվերներ բաժանեց երեխաներին եւ, թռչող իր կառքը նստելով, սուրաց վեր, շա՜տ վեր ու այնտեղից այդ երկրի փոքրիկ բնակիչների համար բյուր նվերներ սփռեց երկնակամարով մեկ: Նվերներն ուրախ զնգացին հանկարծ, ողողվեցին լույսով ու դարձան երկնքից կախված աստղեր, որոնք հավերժ պիտի ժպտան «Աշխարհի քարտեզի» վրա հազիվ նշմարվող Արցախ-Ղարաբաղ կոչվող այդ երկրի փոքրիկ բնակիչներին…

– Շնորհավոր Նոր տարի, մարդիկ, շնորհավոր Նոր տարի, աշխարհ,- վերեւից ուրախ կանչեց Ձմեռ պապն ու սուրաց, անհետացավ արդեն պատմություն դարձած դարերի ու հազարամյակների խորքում: