25.12.2012

ՄԻ՛ ՈՏՆԱՀԱՐԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


Օրերս իմ բջջային հեռախոսով այսպիսի հաղորդագրություն ստացա. «Հարգելի բաժանորդ, Ստեփ. քաղաքապետարանը առաջարկում է Ձեզ վճարել գույքի, հողի հարկը և կումունալ վճարները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար»։ Հետո պարզեցի, որ նման sms-ներ են ստացել նաև իմ բարեկամներն ու ընկերները։ Հետաքրքիրն այն է, որ ես «գույքի, հողի հարկ և կումունալ վճարներ» կատարելու անհրաժեշտություն չունեմ (Ստեփանակերտում անձնական հողամաս չունեմ, ինչպես նաև իմ անունով կոմունալ որևէ ծառայության հետ կնքված պայմանագիր չկա)։

Նույն տարակուսանքն են հայտնել նաև իմ ընկեր-բարեկամները։ Կարելի է միայն ենթադրել, որ քաղաքապետարանն իր գործը դյուրացնելու համար դիմել է ՂՏ-ի ստեփանակերտաբնակ բոլոր բաժանորդներին՝ իրար խառնելով թացն ու չորը։ Հարց՝ որքանո՞վ է այս քայլը բարոյական և օրինական։ Արդեն ասացի, որ ես և ինձ նման շատերը նման վճարումներ կատարելու իրավական հիմք չունենք։ Բայց հաստատ կան հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր պարտաճանաչ կատարել են այդ վճարումները։ Որքանո՞վ է օրինական այդ մարդկանց այսպիսի տխմար հաղորդագրությամբ անհանգստացնելը (կասեի՝ անտեղի վիրավորելը)։ Այս տխմարության նախադեպն աչքի առաջ ունենալով, ՂՏ-ի բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է սեղմել քաղաքապետարանի ողջ անձնակազմի բնակարանի մուտքի զանգի կոճակը ու հարցնել. «Դրամապանակս գողացել են։ Կարո՞ղ է դուք եք թռցրել...» կամ նման մի բան։

Նույն կերպ «Ղարաբաղ Տելեկոմը» պարբերաբար այս տիպի sms-ներ է ուղարկում իր բաժանորդներին. «Մինչև հունվարի 13-ը կատարեք գնում ՂՏ մասնագիտացված խանութներից և շահեք Netbook+3Mb/s internet /Smartphone+Voske/artsate համար»... Եվ բազմիցս sms-ներ ստանալով, մտածելով, որ մեր բարեկամներից կամ ընկերներից շատ կարևոր հաղորդագրություն է եկել, գործից կտրվելով, բջջայինը բացում ու կարդում ենք նմանօրինակ անհեթեթություններ...

Մի անգամ զանգեցի ՂՏ-ի օպերատորի համարով և խնդրեցի իրենց մոտ նշել, որ այլևս նման աղտեղություններ չուղարկեն ինձ, որովհետև ես ոչ ոսկե կամ արծաթե և ոչ էլ ադամանդե կամ սուտակե համարի  կարիք չունեմ, նման հիմարություններով չեմ հետաքրքրվում... Օպերատորը փորձեց ինձ բացատրել, որ դա հնարավոր չէ, ես ՂՏ-ի բաժանորդն եմ, նման գրություններ ուղարկում են իրենց բոլոր բաժանորդներին... Հասկանալի է, որ դա օպերատորի մակարդակով լուծելի խնդիր չէ։ Պարզապես ՂՏ-ի բազազարտեմյան «էստի համեցեք»-ի ավանդույթներով աշխատող ղեկավարները պետք է հասկանան, որ ՂՏ-ի բաժանորդ լինելը դեռևս չի նշանակում լինել ՂՏ-ի սեփականությունը, որի հետ կարելի է վարվել ուզածի պես։

Ըստ երևույթին, այսօրինակ խեղկատակությունների հիմնական մեղավորը երևի թե մեր ժողովուրդն է, որ հանգիստ հանդուրժում է նման անօրինությունները։ Ցավոք, բազմիցս համոզվել եմ, որ օրինապաշտ իմ հայրենակիցները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար՝ առանց որևէ խտրականության...

Խոստանում եմ առաջիկա համարում իմ հայրենակիցներին ներկայացնել այդ «Հռչակագիրը»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

06.12.2012

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՏՐԵԼ ՆՐԱՆՑ...


Մորեղբորս տղան տեսաժապավեն էր դիտում, արցախյան պատերազմի տարիներին նկարահանված տեսաժապավեն: Իրենց ջոկատի տղաներն են: Նայում ու մտքով տեղափոխվում էր այն տարիները... Տղաներից շատերին անձամբ ես էլ գիտեի, մի քանի երիտասարդներ արդեն չկային, զոհվել են... Տղերքը տեսախցիկ էին հաջողացրել և հիմնականում նկարել իրենց հանգստի ժամերին, երբ կատակում են, երգում, մաքրում հրազենն ու դեսից-դենից զրուցում: Հետո սկսեց երգել անծանոթ մի երիտասարդ: Եվ այնքա՜ն լավ, այնքա՜ն սքանչելի էր երգում, լավ օրերի որքա՜ն քաղցր հուշ ու կարոտ կար այդ երգում.
Կարծես գինովցա, պարտեզը իջա,
Աղվորիկ աղջիկ մը տեսա:
Ես ապշած մնացի, անունը հարցուցի,
Անունը, ասավ ինձ, կկոչվի Գեղուհի աղջիկ...
Հարցրի, թե ով է այդ երիտասարդը, ասաց՝ Աշոտն է, թիֆլիսահայ է: Եկել, կամավոր զինվորագրվել է մեր ջոկատում...
- Հետո՞,- հարցրի,- հետո ի՞նչ եղավ այդ տղան...
- Պատերազմից հետո ուզում էր մնալ Արցախում: Շուշիում էր հաստատվել, երկար ժամանակ փորձում էր աշխատանք գտնել, տունուտեղ դնել... Բայց այդպես էլ ոչինչ չստացվեց:  Մի քանի անգամ տեսա նրան: Աչքերի նախկին փայլը չկար, հոգնած էր, հիասթափված: Վերջին անգամ երբ տեսա, թեթևակի խմած էր... Հետո թողեց, գնաց: Այլևս չեմ տեսել նրան...
Աշոտի՝ այդ երիտասարդի երգը ձայնագրել ու պահում եմ ինձ մոտ: Հաճախ եմ դիտում այն, լսում  թիֆլիսահայ անծանոթ տղայի երգն ու ամեն անգամ մտածում. հետաքրքիր է, այն տարիներին որքա՜ն աշոտներ կային, որոնց թուրքը, պատերազմը չկարողացավ ծռել, չկարողացավ կոտրել նրանց: Եվ նրանք հաղթեցին թուրքին ու պատերազմին... Պատերազմը վերջացավ, խաղաղություն հաստատվեց մեր լեռնաշխարհում, ստեղծեցինք ազատ ու անկախ մեր պետությունը, և այդ տղաներից շատերը, որոնց պատերազմը չկարողացավ կոտրել, որոնք պողպատի պես ամուր ու պինդ էին, ծղոտի պես մեկ-մեկ կոտրվեցին ու ցիրուցան եղան...