29.03.2015

Այն դաժան տարիներին իմ պատրաստած լապտերը


Այս լապտերը պատրաստել եմ 24 տարի առաջ, երբ դեռ Շուշին ազատագրված չէր, և գրեթե ամեն օր Ստեփանակերտը հրետակոծվում էր։ Քաղաքն ամայի էր թվում. Ստեփանակերտի մի ծայրից մյուսը գնալիս փողոցում հազիվ 5-6 մարդ կարող էիր տեսնել։ Բնակիչների մի մասը պատսպարվել էին նկուղներում, մյուս մասը տեղափոխվել էին Արցախի ավելի անվտանգ բնակավայրերը, իսկ ոմանք ուղղաթիռով հաջողացրել էին մեկնել Երևան...

Ստեփանակերտում ոչ հոսանք կար, ոչ գազ։ Առավոտից կեսգիշեր նկուղներում մոմի լույսի տակ կերակուր էին սարքում, զրուցում, քննարկում «իրադրությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ»։

Խանութները գրեթե դատարկ էին, անկենդան, փշրված ապակիներով, մերկ ցուցափեղկերով ու դարակներով։ Հազիվ մի քանի լապտերներ մնացած լինեին մարդկանց մոտ, եղածների մարտկոցների պիտանիության ժամկետն էլ վաղուց լրացած էր։

Մտքովս անցավ մեխանիկական լապտեր պատրաստել։ Երկու օր շրջում էի քաղաքում, ծանոթ-բարեկամների մոտ ինձ համար անհրաժեշտ զանազան դետալներ որոնում՝ ատամնավոր անիվներ, լիսեռներ, մետաղե զանազան կտորտանքներ և այլն։ Աշխատանքի գործիքներս մկրատը, խարտոցը, պտուտակահանը, մուրճն էին ու էլի մի քանի նման բաներ։ Դանակի, մկրատի սուր ծայրով կամ խարտոցով էի մետաղե թիթեղների վրա անհրաժեշտ անցք բացում։ Մի քանի տեղից նույնիսկ 1-5 կամ 2 մմ հաստությամբ երկաթե թիթեղ եմ ծակել մկրատի սուր ծայրով։

Շուրջ 10-15 օր հետո լապտերս պատրաստ էր։ Այն մոտավորապես աշխատում էր մոտորի, հեծանիվի «դինամոյի» սկզբունքով. մագնիս խարիսխը պտտելու շնորիվ ստեղծված էլեկտրոմագնիսական դաշտից փաթույթում մոտ 4-5 վոլտ հոսանք էր առաջանում։ Լապտերի կողքից դուրս եկած փոքրիկ բռնակը «շարմանկայի» պես պտտելով, փոքրիկ պտույտներն ատամնավոր անիվների շնորհիվ ավելի մեծ պտույտներ էին ստանում, որը փոխանցվելով խարիսխին, այն պտտում էր շատ մեծ արագությամբ։ Ու փոքրիկ լամպը վառվում էր, լուսավորում ինչպես ամենասովորական լապտերները։

Նախկինում նաև «ժուկ» (մենք «տժվժիկ» էինք անվանում) լապտերներ կային։ Ուղղակի այդ օրերին այդ ամենը մնացել էր հեռու անցյալում։ Ես, որ մանկությունից լապտերների հանդեպ թուլություն ունեի, այդ օրերին մի լապտեր անգամ չունեի ձեռքիս տակ։ Չնայած եթե ունենայի էլ, հազիվ թե աշխատեր, որովհետև այդ օրերին, ինչպես արդեն նշեցի, ոչ խանութներ կային, ոչ այնտեղ վաճառվող մարտկոցներ...

Շատերը զարմանքով ու մի քիչ նախանձով էին նայում լապտերիս... Ամենուր մշտական ուղեկիցս էր։ Ու այն հատկապես շատ պետք եկավ 1992-ի փետրվարի 26-ի գիշերը։ Այդ օրը Շուշիի գրադ կայանքի հիմնական թիրախը մեր բնակելի շենքն էր։ Արկ-հրթիռներից մեկը ծակելով հաստ պանելը, ընկել էր նաև նկուղի մեր հարևան սենյակը, որտեղ բարեբախտաբար մարդ չկար (բայց դա այլ պատմություն է)...

Մեր շենքի տարբեր շքամուտքերում 4-5 տուն էր վառվում։ Լապտերովս լուսավորելով, ջուր էինք հասցնում այդ բնակարանները՝ կրակը մարելու համար։ Մեկը դեռ լրիվ չհանգցրած, մյուս բնակարանների համար էին խնդրում լապտերս, քանզի ծխի ու փոշու մեջ գրեթե ոչինչ չէր երևում շենքի ներսում...

Հիմա երբ մատնոցի չափ լապտերներ կան արդեն, որոնք այն հեռավոր տարիների հսկա լապտերի ու իմ լապտերի չափ լույս են սփռում, այնուամենայնիվ ես մի առանձին քնքշությամբ սիրում ու պահում եմ մոտ 13-14 սմ երկարությամբ համեստ այդ «լուսավորիչը», որն այնքա՜ն մեծ ծառայություն մատուցեց 1992-ի ծանր ու դաժան այն օրը...

17.03.2015

Ապուշը

(ԿԱՄ՝ ԶՐՈՒՅՑ ԱՊՈՒՇԻ ՀԵՏ)


ԶՐՈՒՅՑ ԱՌԱՋԻՆ

- Բարև ձեզ։
- Բարև։
- Կարելի՞ է ձեզ հետ մի քիչ զրուցել։
- Իսկ ինչի՞ մասին։
- Գրականության, գրողների մասին։
- Խնդրեմ։ Բայց մինչ այդ գուցե սրբես քիթդ։
- Իսկ դա պարտադի՞ր է։
- Ցանկալի է։
- Ճիշտն ասած, մոտս թաշկինակ չկա։ Այդպիսի երկրորդական բաներ չեմ պահում։
- Բայց պետք է պահես։
- Ձերը մի րոպեով չե՞ք տա։
- Ի՞նչը, թաշկինա՞կը։
- Հա։
- Բայց օգտագործված է։
- Ինչ կա որ։ Թաշկինակը օգտագործելու համար է։
- Խնդրեմ։
- Շատ մերսի։
(Նա երկար քչփորեց քիթն ու թաշկինակս մեկնեց ինձ)։
- Թող մնա քեզ մոտ։ Քեզ եմ նվիրում։
- Մերսի։
- Գրականության մասին էիր ուզում զրուցել։
- Հա, ճիշտ է։ Չարենցի մասին էի ուզում զրուցել։ Էդ Չարենցին լավ էլ թարգմանել են։ Ո՞վ է թարգմանել։
- Չարենցը շատ լեզուներով է թարգմանվել։
- Շատի հետ գործ չունեմ, նրան ո՞վ է հայերեն թարգմանել։ Նայեցի, ոչ մի տեղ թարգմանողի անունը չկար։
- Չարենցը հայերեն էր գրում։
- Հա՞... Հաստա՞տ։ Բա որտե՞ղ է այդպես լավ սովորել հայերեն։
- Հայաստանում։ Նա հայ է։
- Հա՞յ է... Ա՜յ քեզ բան... Մտքովս չէր անցել։ Բա ինչո՞ւ ազգանունը «յան»-ով չի վերջանում։


ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ

- «Գդակը պոպոզ, անունը Կիկոս...»։ Ո՞վ է գրել դա։
- Հովհաննես Թումանյանը։
- Լավ է գրել, ինձ շատ դուր եկավ։ Բայց այդ բանը չպիտի աներ։
- Ի՞նչը չպիտի աներ։
- Չպիտի թողներ, որ Կիկոսը ծառը բարձրանար։ Կամ կարող էր, չէ՞, այդ գրողը՝ Թումանյանը, վազել դրանց տնեցիների մոտ ու ասեր՝ ձեր լակոտը բարձրացել է ծառը, եկեք իջեցրեք, թե չէ ընկնելու է և վարի գնա... Դրանից բացի մնացածը շատ լավ է գրել, շատ ապրի։


ԶՐՈՒՅՑ ԵՐՐՈՐԴ

- Եթե ես լինեի երկրի պրեզիդենտը, բոլոր այդ գրողներին կամ բանտ կնստեցնեի, կամ կգնդակահարեի։
- Գրողների հանդեպ նոր մոտեցում չէ։ Այդպես վարվողներ եղել են արդեն։ Բայց մի կարևոր բան մոռացար։
- Ի՞նչը։
- Նրանց գրքերն այրելը։
- Հա, լավ հուշեցիք. գրքերն էլ կվառեի։
- Բայց ինչո՞ւ։ Գրողներն ի՞նչ են արել քեզ։
- Նրանք բոլորը գող են։
- Հաստա՞տ։
- Հաստա՛տ։
- Իսկ ի՞նչ են գողացել։
- Նրանց գրածները ինտեռնետում կան։ Այնտեղից գողացել, թռցրել են։
- Հա՞։
- Հաստա՛տ։
- Ահա՜ թե ինչ։ Բայց, այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ դու էլ ես ինտերնետ մտնում։
- Շատ մերսի։ Բայց առայժմ անձամբ չեմ եղել այնտեղ, դեռ միայն կոմպյուտերով եմ ինտեռնետ մտնում։ Բայց մի բանում սխալվել եմ. եթե ես էլ գրող դառնայի, ամենահարուստը կլինեի։
- Բայց դու դրա կարիքը չունես։
- Ինչո՞ւ։
- Առանց այդ էլ դու շատ հարուստ ես։
- Չէ, շատ փող չունեմ դեռ։ Ինձնից հարուստ մարդիկ շատ կան։
- Ես փողը նկատի չունեմ, այլ խելքը։
- Հա՜, էդ մի հարցում դուք լրիվ ճիշտ եք։


ԶՐՈՒՅՑ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

- Գիտե՞ք ինչ եմ մտածում։
- Նախագահ դառնա՞լ։
- Դեռ չէ։ Որոշել եմ դեպուտատ դառնալ։ Ի՞նչ եք կարծում, կստացվի՞։
- Անպայման։ Քեզ պես շատերն են պատգամավոր դարձել։
- Գիտեմ։ Դրա համար եմ ասում։ Որ դեպուտատ դառնամ, հետո հեշտ կլինի մինիստր դառնալը։
- Իրավացի ես։
- Լավ մարդ եք։ Ինձ շատ դուր եկաք։ Որ մինիստր դառնամ, ձեզ համար մի լավ պաշտոն կհաջողացնեմ։ Չնայած, մեր մեջ ասած, էնքան քույր, եղբայր, բարեկամներ, ազգականներ ունեմ, որ բոլորին տեղավորելուց հետո կարող է ազատ տեղ չմնա ձեզ համար։
- Շնորհակալություն։ Քեզ պես ինտելեկտուալ մարդու ղեկավարությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի։
- Միայն դուք եք հասկանում դա, իսկ շատերն ինձ ապուշ են համարում։
- Երբ նախարար դառնաս, շատ են փոշմանելու։
- Ճիշտ է։ Հերթ են կանգնելու, որ ընդունեմ իրենց, իսկ ես քարտուղարուհուս հանձնարարելու եմ դրանց մի քանի օր շարունակ ասի՝ շեֆը խիստ զբաղված է, խորհրդակցություն է։
- Փայլուն գաղափար է։
- Գիտեմ։
- Կարծես էլի թաշկինակի կարիք է զգացվում։
- Հա, իրոք։ Բայց ինչո՞ւ եք ինձ հետ դու-ով խոսում։
- Որովհետև դեռ մինիստր չես դարձել։
- Ճիշտ է։ Մի պահ մոռացա... Ասացի, չէ՞, դուք լավ մարդ եք։ Չէ՜, ինչ էլ պատահի, ձեզ համար անպայման մի լավ պաշտոն եմ պահելու...

17 մարտի, 2015 թ.