ՀՈԴՎԱԾՆԵՐ. 1 («Տարեգիր»)

Հոդվածներ և այլ նյութեր՝ տպագրված «Տարեգիր» թերթում
(2009-2010 թթ.)



Նամակ ընկերոջս՝ Սարգիս Հացպանյանին

Մեկ անգամ արդեն գրել եմ քեզ, մի քանի տարի առաջ, ժամանակին տպագրել մեզ մոտ՝ Ստեփանակերտում: Կրկին գրիչ եմ վերցրել և ուզում եմ գրել նոր նամակ, սակայն հանկարծ հիշեցի իմ նախկին նամակն ու, կարդալով այն, մտածեցի, որ այն, ինչ պիտի հիմա գրեմ, արդեն գրել եմ տարիներ առաջ: Աննշան շտկումներ կատարեցի և որոշեցի այս անգամ այն տպագրել Երևանում:

Բարեկամս, կարդալով քո «Ուղեցույց իշխանության և ազատագրված տարածքներ այցելողների համար» զավեշտաողբերգությունը, մտածեցի, որ մի օր նամակ պիտի գրեմ քեզ, իսկ այնուհետև, երբ կարդացի քո «Սփյուռք» շարքը, որոշեցի այլևս չձգձգել մտադրությունս:

Այն, ինչ գրել ես «Սփյուռք»-ում, ոչ ոք երբեք բարձրաձայն և այդպես ցավով չի ասել: Մեր առջև իր ողջ մերկությամբ ցուցանել ես մի ճշմարտություն, որ ոչ ոք չի համարձակվում ասել: Սարսափելի ու ցավալի մի ճշմարտություն: Ես գիտեմ, որ ճշմարտություն ասելու, հատկապես այդպիսի ճշմարտություն ասելու համար, պետք է ուժեղ լինել: Սարգիս, դու ուժեղ մարդ ես: Ուժեղ լինելը, սակայն, դեռևս քիչ է այդքան ծանր, շատ ծանր ճշմարտություն ասելու համար: Հայրենիքի, երկրի ու ազգի ցավով տառապելու ազնվություն է պետք, որ կարողանաս տղամարդու պես ասել՝ թագավորը մե՜րկ է... Սարգիս, դու նաև ազնիվ մարդ ես: Բայց այդ չեմ ուզում ասել:

Մենք ծանոթացել ենք մոտ երկու տասնամյակ առաջ: Հաճախ ենք հանդիպել, բայց մեր առաջին հանդիպման առաջին տպավորությունն առայսօր մնացել է իմ մեջ: Իմ առջև կանգնած էր մի Մարդ, որ ասես լույս էր ճառագում, իմ առջև կանգնած էր պայծառ մի երիտասարդ՝ Սարգիս Հացպանյան անունով:

Դա Արցախյան ազատամարտի տարիներին էր, պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուրս հպարտանում էինք, որ հայ ենք: Րաֆֆու, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Շիրազի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Պարույր Սևակի մեծությամբ դեռևս դպրոցական տարիներից հպարտանալուց հետո, գոյամարտի այդ օրերին գործնականում մենք շոշափելիորեն զգում էինք հայ լինելու հպարտությունը: Քեզ տեսնելով՝ կրկին այդպիսի զգացում ունեցա:

Հետո ազգային Զարթոնքին փոխարինեց ազգային Վայրէջքը: Պատերազմի դաշտում մեր տղաների կյանքի և արյան գնով կռած հաղթանակով, ասես, ավարտվեց Հերոսականը: Եկավ նոր ժամանակաշրջան, որ ընդհանուր ոչինչ չուներ նախորդի հետ: Օրը ցերեկով մեր ներսում, մեր երկրի ներսում եղած Լեռը գլխիվայր շուռ տվեցինք և դարձրինք Փոս, արժեզրկեցինք ամեն ինչ, և այդ սոդոմ-գոմորն անվանեցինք Անցման կամ չգիտեմ էլ ինչ գրողի տարած ժամանակաշրջան:

Գլխիվայր շուռ տված Լեռան հետ մենք գետնի տակ թաղեցինք նաև մեր Հավատը, Հպարտությունն ու Արժանապատվությունը: Երբեմնի հզոր ազգը, երբեմնի միասնական ժողովուրդը դարձավ ամբոխ: Հայ լինելու համար հպարտության զգացումը, «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնացին պատմության և գեղարվեստական գրքերի էջերում:

Ու դա չի ամենացավալին, ամենավիրավորականը, ամենանվաստացուցիչը, այլ այն, որ ավելի հաճախ հակառակ զգացումն է օձի պես փաթաթվում քեզ: Երբ Մեծ եղեռն տեսած ժողովրդի «նաիրյան դալար բարդին» մեկնում է Ստամբուլ՝ մարմին ու պատիվ վաճառելու, երբ Սումգայիթ ու Բաքվի ջարդեր տեսած հայրենակիցդ թուրք լրագրողին խոստովանում է, թե կարոտել է Բաքվին, երբ մեր բարձրաստիճան այրերը արտասահմանյան զանազան պաշտոնյաների տանում, ցույց են այդ հողերն ու ամաչելու փոխարեն հպարտորեն հայտարարում, որ դրանք չեն վերաբնակեցնում, երբ մի խումբ ազատամարտիկներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ փորձում են Հայաստանի շրջաններում բացատրական-քարոզչական ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների, սակայն իշխանությունները, հայրենի ոստիկանությունը արգելում են այդ ամենը, վերջապես, երբ թշնամուն հաղթած հայրենակիցդ իր իսկ հայրենիքում փող է մուրում, ամաչում ես հայ լինելուդ համար:

Ամաչում ես Հայրենիք ունեցող, բայց անհայրենիք բոշայի, ցիգանի պես աշխարհով մեկ թափառող ազգիդ համար: Ամաչում ես, որ ժողովուրդդ իր ճակատագիրը շարունակ վստահում է նրանց, որոնց ամենաքիչը պիտի վստահեր կամ ամենևին չպիտի վստահեր, և դեռ թույլ է տալիս, որ իրեն հիմարացնեն, լլկեն ու ստորացնեն: Ամաչում ես ազգիդ խրոնիկական դարձած հիշողության կորստի համար, դարերով նույնկերպ խաբվելու և շարունակ նույն ձևով սխալվելու համար...

Սակայն դա չեմ ուզում ասել:
Ուզում եմ ասել, որ այս պահին չնայած ֆիզիկապես իմ կողքին չես, ես իմ կողքին դարձյալ զգում եմ քո ներկայությունը: Քանի քեզ նման թեկուզ մի քանի մարդ կա այս ազգում, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ, ուրեմն դեռ հույս կա, ուրեմն դեռ կարող է մեր երկիրը, մեր Հայրենիքը փրկվել:
Բարեկամս, ահա այս էի ուզում քեզ ասել:




«Մեդալի» հակառակ կողմը կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Պ. ՍԵՎԱԿ


Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ Գրող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։

Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում րիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...

Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը:

Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում: Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։

Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։

Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «րական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։

2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.

ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։
բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...

Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...

Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։

Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...

Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։

Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։

Միաժամանակ՝ «Գրիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «Գրիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։

Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։

Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։

Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...

ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։

Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։

Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ չակերտներն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։




«Հայրենասերը» կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Այս հոդվածը Վարդան Հակոբյանի մասին է, մի մարդու, որ Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին հաջողացրել է դառնալ «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ»։ Բայց թե որն է նրա ներդրումը հայաստանյան մշակույթում, ոչ մեկին հայտնի չէ։ Միաժամանակ՝ արդեն 25 տարի է զբաղեցնում է ԼՂՀ ԳՄ նախագահի «գահը»։

ԼՂՀ գրողների միության տպագրած գրական տեղեկատուներից մեկում Վարդան Հակոբյանի կենսագրության մեջ գրված է, որ նա «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է» (հետաքրքիր է, իսկ ովքե՞ր են երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ղեկավարները - հեղ.)։ Իսկ Երևանից հարգարժան Ազատ Եղիազարյանը մի քանի տարի առաջ «Ահա այսպիսի վաստակավոր գործիչ» վերնագրով («Հայկական ժամանակ», 17 նոյեմբերի 2005 թ.) Հակոբյանին ձեռ առնող հոդվածի հեղինակին հայտնել է, թե Վ. Հակոբյանը «մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին»:

Չեմ ուզում նույն անձի մասին նույնատիպ մեջբերումներ անել նույն ԳՄ-ի և նրա մերձակա խոհանոցներում սարքված այլ աղբյուրներից։ Պարզապես ինքս ինձ մտածում եմ. այսպես օրը ցերեկով երբ մենք անգթորեն, անխղճորեն խեղաթյուրում, կեղծում ենք երեկվա դեռ պատմություն չդարձած Ազգային-ազատագրական շարժումը, հակառակորդից, մեր թշնամուց ինչո՞ւ ենք նեղանում ու նրանց մեղադրում պատմությունը խեղաթյուրելու և կեղծարարության մեջ։

Քանի որ, Իգոր Մուրադյանի ասած, բոլորը դեռ չեն մեռել, փորձենք վերհիշել, թե Վարդան (Սլավիկ) Հակոբյանն ինչպես էր «ղեկավարում» Արցախյան շարժումը։ Սկսենք ստորագրահավաքի ժամանակներից։ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը, որը կազմվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, և որի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ, Վարդան Հակոբյանին չեմ տեսել, նրա անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար։ Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել։ Սկզբում նրանց ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...

Ինչ վերաբերում է ավելի ուշ՝ 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանում Վ. Հակոբյանի և ոմանց «բոցաշունչ» ելույթներին, ապա այդ օրը մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ, 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն» վանկարկելով, սպասում էր, որ պատգամավորները թղթի վրա վավերացնեն այն որոշումը, որ արդեն կայացրել էր ինքը՝ ժողովուրդը։ Թող որևէ պատգամավոր փորձեր այլկերպ պահել իրեն, մեղմ ասած՝ բմբուլները քամուն կտային։

Այնուհետև Վ. Հակոբյանը Արցախի պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա։ Ճիշտն ասած, պարզ չէ, թե արփագյադուկցի միջակագույն կարողությունների տեր վարժապետ Սարգիսի ռուսերենի «գիտակ» Սլավիկ որդին ինչո՞ւ է մեկնել և ի՞նչ լեզվով պիտի խոսեր ԽՍՀՄ կարևոր դեմքերի հետ։

(Նրա մոսկովյան «հանդիպումների» մասին հատվածը իմ կողմից հարգված մի անձնավորության խնդրանքով հանել եմ հոդվածից)։

Եղել է հանրահայտ «Կռունկի» անդամ։ Բայց քանի որ Հակոբյանն այն մարդկանցից է, որոնց ողջ կյանքի և գործունեության միջով կարմիր թելի պես անցնում է անձնական շահի սկզբունքը, ձեռքերը ծալած չի նստել, հավատարիմ է մնացել իր դավանանքին. այն ծանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, նա երեք անգամ մոտ 1700 ռուբլի է (այն տարիների բարձր պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար...

Այնուհետև՝ միտինգային ելույթներ «մոսկովյան վարդագույն» խոստումների մասին... Հետո՝ պատերազմ։ Բանակում չծառայած Վարդան Հակոբյանը գտավ, որ «լավագույն ավանդույթները» պետք է շարունակել, և տեղի բարձրագույնի հումանիտար բաժիններից իր զավակներին հանեց և պետական լիմիտով տեղավորեց Երեւանի իրավաբանականում։ «Շարժման առաջին ղեկավարի» զորակոչի ենթակա զավակները 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով մեկնեցին Երևան։

Ողջ պատերազմի ընթացքում Վ. Հակոբյանի «հայրենասիրական» ձայնը չէր լսվում։ Ավելի ճիշտ՝ լսվում էր, բայց այլ կողմերից. Երևանում պատսպարված, այսուայնտեղ հայտարարում էր, թե արդեն Ղարաբաղ չկա, ամեն ինչ վերջացած է։ Իսկ ահա, պատերազմից հետո պարզվեց, որ մարդը «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է»։

Պարզապես հասկանալի չէ, թե «Շարժման առաջին ղեկավարն» ինչո՞ւ թե՛ սաֆոնովյան ռեակցիայի տարիներին, թե՛ պատերազմի դաժան տարիներին և թե՛ հետո, այս 15 տարում, երբ դարձյալ շարունակվում են սև ամպեր կուտակվել մեր Հայրենիքի գլխին, երբ անընդհատ խոսում են ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, ինչ-որ հանրաքվեի և անորոշ կարգավիճակի մասին, ծպտուն չի հանում։ Թե՞ դա ԼՂՀ ԳՄ նախագահի «կոմպետենտության» (իր բառն է - հեղ.) մեջ չի մտնում։

Գոնե մի փոքրիկ հոդված կամ պարզապես ելույթ չհրապարակեց՝ իր ժողովրդին «ուղղորդելու» (իր բառն է - հեղ.) և ցույց տալու, որ «Շարժման առաջին ղեկավարը» դեռ կենդանի է, և նրա հիմնական զբաղմունքը Արցախի գրական-մշակութային-կրթական-գիտական դաշտը ամայացնելը, անձնական հաշիվներ մաքրելու համար ինտրիգներ սարքելը, գրողներին իրար դեմ լարելը, պետության սուղ միջոցներով շքեղ հատորներ հրատարակելը, տպագրած թերթերից փողոցային հայհոյանքներ շաղ տալն ու փող դիզելը չէ միայն։ Բայց դա այլ թեմա է։

Ինչ մնում է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմին մասնակցելուն», զավեշտն այն է, որ Վարդան Հակոբյանը դա այդպես էլ հրապարակավ չհերքեց, երևի հույս փայփայելով, որ հանրությունն այդ «կուտը» կուլ կտա: Ստի ու կեղծիքի վրա կենսագրություն ու «փառք» հյուսող, հակառակորդների դեմ զրպարտություններ գրող-պատվիրող «գրական ջոկատի հրամանատարի» համար ի՞նչ մեծ բան է ստի բուրգի վրա մի սուտ ևս հավելելը։ Երևի թե կարելի է քսան կամ մի քանի հարյուր մարդու խաբել, բայց Ժամանակն ամեն ինչ և ամենքին իրենց տեղն է դնելու։

Օրերս իր մամլո ասուլիսում Հակոբյանը վերջապես հիշեց ղարաբաղյան հարցի մասին և, իրեն հատուկ կեղծ ոգևորությամբ, գյուտ արածի պես հայտարարեց, որ այն պիտի լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով։ «Շարժման առաջին ղեկավարը» (ինքն իրեն անվանում է նաև «ոգու սյուն», բայց շնորհակալ լինենք, որ իրեն չի անվանում, ասենք, «Երկրագունդ» կամ «Արեգակ») նույնիսկ չգիտե, որ 1988-ի հանրահավաքների ժամանակները վաղուց անցել են, որ գնացքն այդ «կայարանը» արդեն թողել է հետևում, և այսօր միանգամայն այլ հարցեր են քննարկվում։
Առայժմ այսքանը։
Վ. ՕՎՅԱՆ

«ՏԱՐԵԳԻՐ» Հ.Գ. Պատրաստ ենք հրապարակել փաստարկված պատասխան, եթե հրապարակման հերոսը ունենա այն եւ ներկայացնի խմբագրություն։ Հարկ ենք համարում հավաստիացնել, որ մեր նպատակն ամենեւին էլ մարդուն անվանարկելը չէ. ի վերջո, ժողովուրդը պիտի ճանաչի աջուձախ իրեն ծառայելու պատրաստակամություն հայտնողներին. չիմանա՞ն մարդիկ, թե ովքեր են իրեն ծառայողները։




«Տեղեկանք» առ այն, որ...

Հայաստանի մեկուսարաններում ու բանտերում պահվող քաղբանտարկյալներին ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու լուրը ստանալով, սպասում էի, որ ֆրանսահայ իմ բարեկամ Սարգիս Հացպանյանին եւս վերջապես կտեսնեմ ազատության մեջ: Սակայն մեծ եղավ իմ հիասթափությունը. մարդը դեռ շարունակում է պահվել վանդակաճաղերի հետեւում, Արցախի ազատության համար պայքարող մարդը ազատ ու անկախ Հայաստանում դեռ անազատության մեջ է:

Պարզվում է՝ ձեռքների տակ անհրաժեշտ տեղեկանք չունեն առ այն, որ 1991 թվականի նոյեմբերից մինչեւ Ղարաբաղի ազատագրումը Հացպանյանը եղել է Արցախում՝ սկզբում որպես Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի կամավորական ջոկատների զինվոր ու մարտական ընկեր, արցախյան բանակի կազմավորումից հետո՝ որպես ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկ: Ցանկացած անհեթեթություն կարելի է երեւակայել, բայց որ մեր օրերում հնարավոր է մարդու կյանքից վերցնել եւ «լուսանցքից այնկողմ» նետել կամավոր անձնուրացության 4-5 տարի, չեմ պատկերացնում:

Սարգիս Հացպանյանի հետ առաջին հարցազրույց վարողներից եմ, որը լուսանկարով տպագրվել է Ղարաբաղի հանրապետական «Արցախ» թերթում: Հենց այդ օրվանից սկսվեց մեր բարեկամությունը: Հաճախ ենք հանդիպել, բայց մեր առաջին հանդիպման առաջին տպավորությունն առայսօր մնացել է իմ մեջ: Իմ առջև կանգնած էր մի Մարդ, որ ասես լույս էր ճառագում, իմ առջև կանգնած էր պայծառ մի երիտասարդ՝ Սարգիս Հացպանյան անունով:

Դա Արցախյան ազատամարտի տարիներին էր, պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուրս հպարտանում էինք, որ հայ ենք: Րաֆֆու, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Շիրազի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Պարույր Սևակի մեծությամբ դեռևս դպրոցական տարիներից հպարտանալուց հետո, գոյամարտի այդ օրերին գործնականում մենք շոշափելիորեն զգում էինք հայ լինելու հպարտությունը: Սարգիս Հացպանյանին տեսնելով՝ կրկին այդպիսի զգացում ունեցա:

Նրա հետ մի քանի հարցազրույցներ եմ վարել, հոդվածներ գրել եւ տպագրել արցախյան մամուլում, առավելապես պաշտոնական մամուլում («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») եւ անկախ մամուլում («Դեմո» եւ այլն): Նրա հետ Ղարաբաղում հարցազրույցներ են վարել, տպագրել կամ եթեր արձակել իմ գործընկերներ Գեղամ Բաղդասարյանը, Գարիկ Գրիգորյանը (նրանք այժմ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ են), Վարդգես Բաղրյանը (ժամանակին «Արցախի հեռուստատեսության» ղեկավարն էր) եւ այլք:

Ղարաբաղի զինվորական հրամանատարությունը ժամանակին գնահատել է Սարգիս Հացպանյանի մարտական ծառայությունները: Այդ տարիներին նրան մարտական զենք են նվիրել: Արցախյան պատերազմից հետո էլ Սարգիսը շարունակում էր հնարավոր ամեն բանով օգնել Արցախին, առավելապես պատերազմից կիսավեր իր սիրելի Մարտակերտի շրջանին, որտեղ զինվորագրված էր...

Մարտակերտի պաշտպանական շրջանից զինվորական ռեպորտաժներ պատրաստելիս, շարունակ հանդիպում էինք անձնագրով Ֆրանսիայի քաղաքացի, սրտով եւ հոգով արախցի-հայաստանցի Սարգիս Հացպանյանին: Արցախի երեկվա զինվորը, հայրենասերն ու անկրկնելի մարդը, հիանալի ու պայծառ մարդը դեռ պահվում է Վարդաշենի ամենամռայլ հաստատությունում, քանզի «ոչ մի տեղեկանք-սպրավկա» չկա առ այն... Թե՞ Հացպանյանին վանդակախցում պահելու այլ «հիմնավոր» պատճառներ ունեն:




Երևի թե կգա մի օր

«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»... Իսկապես. հպարտանալու շատ բան ունեինք: Մաշտոց ու Խորենացի, Նարեկացի ու Քուչակ, Թումանյան ու Իսահակյան, Տերյան ու Չարենց, Կոմիտաս, Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Պարույր Սեւակ ունեինք, մշակույթ ու գիտություն, արդյունաբերություն ու գյուղատնտեսություն, մինչեւ անգամ սպորտ ունեինք, ինչո՞ւ չպիտի հպարտանայինք:

Այս ամենը, սակայն, անցյալում է: Իսկ այսօր երբեմն լինում են պահեր, որ ամաչում ես հայ լինելուդ համար: Ամաչում ես, որ երկու տասնամյակ ազատության ու անկախության մասին ես խոսում, բայց այդ տարիներին ոչ միայն չկարողացար հոգեւոր-մշակութային մի արժեք ստեղծել, այլեւ ունեցածիդ ճակատագիրն էլ թողել ես բախտի քմահաճույքին...

Հազարամյակների պատմությունից ենք խոսում, սակայն վերջին երկու տասնամյակում երբեմնի ծաղկուն երկրից հուշ-հիշողություններ են մնացել միայն: Չէ, այդ երկու տասնամյակում մենք հաղթանակ էլ ունեցանք: Մե՛ծ հաղթանակ: Առաջին անգամ հայը հաղթեց իր դարավոր թշնամուն: Հաղթեց ոչ թե սոսկ բարոյապես՝ ինչպես Ավարայրում, հաղթեց ոչ թե իր Մեծ հայրենիքը կորցնելով եւ կորսված իր մեծ տան սենյակներից մեկի շեմին կանգնեցնելով թշնամուն՝ ինչպես Սարդարապատում, այլեւ հաղթեց արժանապատվորեն, տղամարդու պես. փրկեց իր երկիրը, իր պատիվն ու, միաժամանակ, ազատագրեց գերված իր պատմական հողերի մի մասը: Եվ դա եղավ Արցախ-Ղարաբաղում՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգում:

Բայց այդ մեծ հաղթանակից առավելապես օգտվեց ազգի տականքը եւ սեփականաշնորհեց այն: Մերազգի որոշ գործիչներ, չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից:

Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք եւ ապշում. պարզվում է՝ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, այնինչը ոչ միայն հերոս է, այլեւ, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ ինքն ազգի փրկիչ է: Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը աջ ու ձախ ինտրիգներ սարքելով կամ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, մի վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով կամ իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով... Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:

Շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ, մտավորականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու: Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն: Վերջին 15 տարում պետական բարձր պարգեւներ են ձեռք գցել մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքում ոչ միայն մի բարի գործ չեն կատարել այս երկրի համար, այլեւ տզրուկի պես միայն ուրիշների վաստակն են սեփականել, իրենց, ընտանիքի ու մերձավորների համար փափուկ աթոռներ ձեռք գցել:

Եվ ջանք չեն խնայել՝ քծնել-շողոքորթել են, սողացել ու գլուխկոնծի տվել վերադասի առջեւ, բամբասել-զրպարտել ուրիշներին, իրենց հավանոցի համար մի դուռ սարքելու համար այլոց տուն ու օջախը քանդել... Մարդիկ, ովքեր այս երկրի համար ծանր բեռ են միայն:
Բարձրագույն պարգեւներ են ստանում անձնավորություններ, ովքեր ոչ մի սրբություն չունեն, մարդիկ, ովքեր օր ցերեկով լրբություն են քարոզում կամ որոնց համար վաղուց գողությունն «ուղիղ ճանապարհ» է: Մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին մանրադիտակով անգամ անտեսանելի էին...

Ոմանց երեւի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը: Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երեւակայի»: Երեւույթը նոր չէ: Ժամանակին մեծ մտածողներից մեկը նկատել է, որ «տափակ հարթության վրա յուրաքանչյուր հողակոշտ բլուր է թվում»:

Վիլյամ Սարոյանի հերոսը՝ Վեսլի Ջեկսոնը, մի օր, հուզմունքի պահին, մարդկանցից հեռու մի դաշտում, խոտերի մեջ պառկած, լալիս է իր բոլոր ազգականների, բարեկամների ու ծանոթների համար, հետո լալիս է իր երկրի քաղաքական գործիչների՝ պրեզիդենտի, դեմոկրատների եւ ոչ դեմոկրատների համար, գողերի, ոճրագործների ու գիտության համար, այնուհետեւ՝ փոքր ազգությունների ու փոքր երկրների համար, ողջ տիեզերքի ու նրա բոլոր անհայտ գաղտնիքների համար...

Բարեբախտաբար թե դժբախտաբար, զգացմունքայնությամբ ես այնքան էլ աչքի չեմ ընկնում, ուստի երբ մտովի ծանրութեթեւ եմ անում իմ ապրած ու ապրելիք տարիները, ամաչում եմ իմ ապրած ժամանակների համար, ժամանակի գլխավոր գործող անձերի ու անգլուխ գործող անձերի համար, պետական գերագույն այրերի եւ ոչ պետական շարքային մահկանացուների համար, պալատականների համար եւ պալատներից հեռու իրենց խղճուկ գոյությունը քարշ տվող հայրենակիցներիս համար:

Ամաչում եմ աթոռներից ամուր կառչած քաղաքական այրերի պնդերեսության եւ աթոռների արանքում ճզմվող, աթոռների պայքարում օգտագործվող ու օգտագործելուց հետո մի կողմ նետվող մեծ չափերով փոքրիկ մարդուկների համար, ես ամաչում եմ նրանց բոլորի փոխարեն, սկզբում՝ առանձին-առանձին, հետո՝ միասին վերցրած:

Ես ամաչում եմ նաեւ մեր մեծ երազանքների համար, որից չնչին փշրանքներ են մնացել միայն եւ այն էլ՝ պատմության դասագրքերի համար: Ես ամաչում եմ մեր ժողովրդի համար, որին միշտ խաբում են, եւ որը միշտ խաբվում է: Ես ամաչում եմ խաբողների համար, որ, վերջին հաշվով, սրիկաներ են, ես ամաչում եմ նաեւ խաբվողների համար, որ այնքան թույլ ու միամիտ են, որ շարունակ թույլ են տալիս իրենց խաբել:

Ես ամաչում եմ մեր երկիրը նվաճած տիրակալների եւ «խաղից դուրս» վիճակում հայտնված, ռուսաստանների, եվրոպաների ու ամերիկաների ճամփան բռնած հայրենակիցներիս համար...

Ես ամաչում եմ իշխանությունների համար, որ դարձյալ հաղթել են, ինչպես նաեւ՝ ժողովրդի համար, որ դարձյալ պարտվել է: Հայկական գետնաքարշ դիվանագիտության համար եմ ամաչում, որ երկու հազար տարի է՝ դեռ կայացման փուլում է...

Ես ամաչում եմ նաեւ Տեր Աստծո համար, որ թքած ունի այս ամենի վրա, որ թույլ է տալիս լիրբը սրբանա եւ, ընդհանրապես, մատների արանքով է նայում բոլոր անարդարություններին...

Իսկ առավել շատ ես ամաչում եմ ինձ համար, համատարած այս անկումը կանգնեցնելու իմ անզորության համար: Ես չեմ հավատում հեքիաթներին, բայց հոգուս խորքում շատ թաքուն մի տեղ երազում եմ, որ կգա մի օր... Թեկուզ ես չեմ լինի, բայց կգա մի օր...




Ո՞Վ ՀԱՆԳՑՐԵՑ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ

Վերջին օրերին մոտ երեք տասնյակ երկրներից հրավիրված քաղաքագետների, վերլուծաբանների մասնակցությամբ խորհրդաժողովներ ու համաժողովներ են տեղի ունենում Ստեփանակերտում։ Դրան զուգահեռ, Արցախում մեծանում է դժգոհությունը Հայաստանի իշխանությունների վարած ապազգային քաղաքականության նկատմամբ, որի գագաթնակետը ամիսներ առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հայտարարություններն էին, այդ թվում՝ ՀՀ իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պահանջը Արցախի անունից բանակցություններ վարելու համար։

Վերջին շաբաթներին, հիշեցնենք, Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես եկան դիմումով՝ Հայաստանի իրենց գործընկերներից պահանջելով պաշտպանել իրենց դիրքորոշումը, քանզի «վերջին իրադարձությունների եւ ընդհանուր պատկերի վերլուծությունը բերել է միանշանակ եզրակացության՝ հակամարտության մեջ ներգրավված Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ հասարակությունների մակարդակով խաղաղարար գործընթացի զարգացումն ունի ակնհայտ բացասական դինամիկա», եւ այն միանշանակ ի վնաս Ղարաբաղի է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ԼՂՀ մայրաքաղաքում Հայաստանի Կովկասյան ինստիտուտի եւ «Հենրիխ Բյոլ» գերմանական հիմնադրամի աջակցությամբ հրավիրված «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի ռազմավարությունից է կախված տարածաշրջանի կայունությունը, թե 10-12 տարի հետո ինչպիսին է լինելու տարածաշրջանը, հավելելով, որ այն որոշումը, որը պետք է կայացվի՝ հետագա սերունդների համար կլինի։

Ըստ ամերիկահայ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, եւ ամենեւին անկեղծ չեն հայտարարությունները՝ հակամարտության շուտափույթ կարգավորման մասին։ Նա առաջարկել է Հայաստանում եւ Ղարաբաղում իրականացնել հատկապես ռազմական բարեփոխումներ...

Եվ, վերջապես, հուլիսի 10-11-ը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ եւ ԼՂՀ նախագահի հովանավորությամբ Ստեփանակերտում կայացել է խորհրդաժողով՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շեշտել է, որ Հայաստանի նոր իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ստեղծել են մեզ համար ավելի բարդ իրավիճակ։ Այդ քաղաքականությունը, ըստ նրա, իր գագաթնակետին հասավ ապրիլի 22-ի հայտարարությամբ, որով սեպ խրվեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։

Օսկանյանի կարծիքով, մյուս մտահոգիչ հանգամանքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է՝ ժողովրդավարության բացակայությունը, վատ ընտրությունները, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ «Այս ամենը բարդ իրավիճակ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հասարակությունը բաժանված է, այսօր կա վստահության խնդիր՝ հասարակության եւ իշխանությունների միջեւ»,- հայտնել է նախկին արտգործնախարարը։

Նա խոսել է նաեւ Ղարաբաղյան հարցում Թուրքիայի նոր դերակատարության մասին, որի պատճառով ճնշումը Հայաստանի վրա հայ-թուրքական հարաբերություններից տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր։ Վարդան Օսկանյանն աննպատակահարմար է համարել նաեւ Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ նշված է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների սկզբունքների եւ այդ կազմակերպություններում ընդունված որոշումների հիման վրա։ Մինչդեռ այդ կազմակերպություններում ընդունած բոլոր որոշումները հօգուտ Ադրբեջանի են։

«Մենք պետք է հստակեցնենք մեր պահանջը՝ համահունչ այսօրվա իրականությանը, Արցախի 17 տարվա անկախությանը»,- ավելացրել է նա։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ մեր դիվանագիտության ամենամեծ ձախողումն այն է, որ այսօր մենք չունենք մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված լինեն մեր տեսակետներն ամբողջությամբ։ Նա նույնպես շեշտել է, որ բանակցությունների ներկայիս ընթացքը մեր օգտին չէ, այդ իսկ պատճառով արտաքին քաղաքականությունում բեկում պետք է լինի։ «Եթե անհրաժեշտ է՝ նաեւ բանակցությունների դադարեցման ճանապարհով, որովհետեւ այս ընթացքը լավ տեղ չի տանում մեզ»,- հավելել է նա։

Ա. Ռուստամյանի կարծիքով՝ անվտանգության հարցերը քննարկելիս պետք է շեշտը դրվի այն բանի վրա, որ անվտանգություն ասվածը չի կարող անջատված լինել կարգավիճակից։ Նա նշել է, որ «կարգավիճակը միջազգային ամենամեծ անվտանգությունը երաշխավորող հանգամանքն է։ Եթե սուբյեկտ ես՝ ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն կատարել քո սուվերենության վրա։ Մենք չենք կարող ընդունել որեւէ անվտանգության նոր ձեւ, որն ավելի պակաս լինի, քան այն, ինչ մենք փաստացի այսօր ունենք»։

Ռուստամյանը տարօրինակ է համարել այն, որ, չգիտես ինչու, մենք ընդունում ենք, որ գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, բայց չենք ուզում հրապարակ բերել Հայաստան-ԼՂՀ տանդեմը, որն այսօր աշխարհի համար գոյություն չունի։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շեշտել է, որ Թուրքիան մինչեւ հիմա շարունակում է նախապայմաններ առաջ քաշել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիայից հայկական իրավունքներից, ներառյալ տարածքային իրավունքներից հրաժարում, Արցախից հրաժարում եւ այլն։ Խոսելով ապրիլի 22-ի հայտարարության եւ դրան հաջորդած զարգացումների մասին, Կիրո Մանոյանը շեշտել է. «Մեր պաշտոնական կեցածքը պետք է փոխվի. զիջումայինից պետք է դուրս գանք եւ փորձենք վերստին վերականգնել գոնե այն կեցվածքը, որ պահպանվում էր 1998-ից մինչեւ 2008 թվականը»։

Ըստ Կիրո Մանոյանի, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ անհրաժեշտ են, սակայն, ամեն դեպքում, հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների։ Նրա խոսքերով՝ Ցեղասպանության ճանաչման հարցն այն զենքերից մեկն է, որն ունենք մեր ձեռքում՝ ստիպելու Թուրքիային հայության հետ թշնամական վերաբերմունքը փոխելու։ Այդ զենքը սակարկության առարկա չէ։ Այն պիտի պահել թիրախին ուղղված, սակայն, ըստ Մանոյանի, երբ զենքն է դառնում սակարկության առարկա՝ մենք կորցնում ենք եւ զենքը եւ թիրախին հասնելու միջոցը։

Երկու օր քննարկելով մեր ազգային-պետական կարևորագույն՝ Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը, հուլիսի 11-ին համահայկական համաժողովի մասնակիցներն ընդունել են Բանաձեւ, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրև մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձևաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը և մեր հարևաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները»։

«Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները և դադարեցնել բանակցությունները։ Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձևաչափը, և ԼՂՀ-ն հանդես գա իբրև լիիրավ կողմ։

Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը և առաջնորդվել 1991 թ© անկախության և 2006 թ© ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման և նրա անվտանգության ապահովման հարցերին և չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները և Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։

Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ© հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը և հետևանքների պատասխանատուն Ադրբեջանն է»։

Բանաձեւը անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ հայտարարությանը, նշելով, որ «Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից։

Ավելին՝ այն շրջանցում և լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։ Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։

Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար,- նշված է բանաձեւի մեջ։- Մեզ համար Արցախը Հայաստան է և մնալու է ադպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, և թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով... Մեզ համար գերագույն արժեքներ են Հայաստանի անկախ Հանրապետությունը, ազատ Արցախը, կազմակերպված Սփյուռքը և մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները»։

Համաժողովի մասնակիցները այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական եւ Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը խորհրդանշող հուշակոթողին։ Հետաքրքիրն այն է, որ երբ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել երկու պատերազմների զոհերի հուշակոթողին եւ շարժվել դեպի Մեծ եղեռնի եւ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող, հետ նայելով, շատերը նկատել են, որ «անմար կրակը», որ վառել էին համաժողովականների այցելությունից քիչ առաջ, արդեն հանգցված է։





ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ՌԴ նախագահ Մեդվեդեւի, ԱՄՆ նախագահ Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի համատեղ հայտարարությունից հետո պաշտոնական Ստեփանակերտի խորհրդավոր լռությունը վերջապես խախտվեց ԼՂՀ արտգործնախարարության ս.թ հուլիսի 15-ի հայտարարությամբ, որտեղ հայտնվում է, որ ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ, իսկ «ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: ԼՂՀ շահերը, ճակատագիրը եւ ապագան չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության»:

Կարծես այս ամենի մեղավորը, այսպես կոչված, միջազգային հանրությունն է, կարծես մեր փառապանծ ղեկավարները անձնազոհաբար մարտնչել են հանուն Հայոց ազգային շահերի եւ դարձել ՌԴ եւ ԱՄՆ նախագահների աչքի փուշը, էլ չենք խոսում Թուրքիայի հանդեպ ստրկամիտ ռեւերանսների մասին։ Կարծես վերջին տասնամյակում այդ ՀՀ ղեկավարները չեն Ղարաբաղի «տերերի» լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ նախապատրաստել Արցախի ստրկացման ծրագիրը, նախապես Ղարաբաղին դուրս մղելով բանակցային գործընթացից Համատեղ հայտարարության եւ հրապարակված, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների կիրառման վերաբերյալ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար դիմեցինք ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻՆ։

- Որքան գիտենք, այդ հայտարարության տեքստը շատ քիչ է տարբերվում ի պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի տարբեր մակարդակներով եւ տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից:

- Իրոք այդպես է։ Հատկանշականն այն է, որ ներկայումս երեք երկրների նախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում (http://www.osce.org/item/38731.html) հրապարակված կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցումը:

- Գուցե համառոտակի մեկնաբանեք, թե ինչ կարող ենք ստանալ այդ սկզբունքներից յուրաքանչյուրի իրականացումից։

- Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է ԼՂՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության խախտում, որտեղ ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ՝ ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական եւ պարենային անվտանգությունը: Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 քառ. կմ. ղարաբաղյան տարածքները ԼՂՀ վերահսկողությանը վերադարձնելու մասին:

Բանակցություններում խոսքը պետք է գնա ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մասին: Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո միայն երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանազատմամբ: Այդ է վկայում սահմանային վեճերի լուծման միջազգային պրակտիկան:

Երկրորդը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումն է՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ։ Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնիշխանությունը սահմանափակելու՝ կասկածի տակ դնելով նրա անկախ կարգավիճակը, եւ պետությանը սեփական անվտանգության համակարգից զրկելու փորձ է նշանակում:
Անվտանգության իրական ապահովում կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչը Արցախին նոր հնարավորություններ կընձեռեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Երրորդ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք։ ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապը հաստատվել է 1992-ի մայիսին եւ ընդարձակվել է 1993 թ. մարտական գործողությունների ընթացքում: Ուղղակի միամտություն կլիներ ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ներկայիս լիարժեք ցամաքային կապը սահմանափակել խոցելի «միջանցքով»: Հետաքրքիրն այն է, որ նշված սկզբունքն առաջարկվում է որպես հայերին արվող զիջում:
Չորրորդ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով։

ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության հիման վրա՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, եւ հաստատված մեկ այլ՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով՝ 2006 թ. դեկտեմբերի 10-ին: Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը 8 անգամ անուղղակիորեն արտահայտել է անկախ պետականությանն իր հավատարմությունը համապետական՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում՝ քվեարկելով քաղաքական կուսակցությունների եւ առանձին թեկնածուների ծրագրերի օգտին, որոնցում նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ պետականության ամրապնդման անհրաժեշտությունը:

Այսպիսով, վերջին 18 տարիներին ԼՂՀ քաղաքացիները 10 անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին:
Հինգերորդ՝ բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում։ Սույն սկզբունքը բոլոր երեք կողմերի միջեւ կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական հանգամանք կարելի է համարել «բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ միայն ադրբեջանցի փախստականներին նկատի ունենալը: Չնայած անհասկանալի է, թե ով եւ ինչ ձեւով կարող է ապահովել իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնք կարող են հայտնվել հակառակ կողմի տարածքում: Եվ վեցերորդ՝ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն։

- Այսինքն՝ մեզ առաջարկվում է ռազմական անվտանգության սեփական համակարգը փոխարինել «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով։

- ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը՝ թող որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կտրուկ կսահմանափակի հանրապետության ինքնիշխանությունը։ Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռեւս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որեւիցե լծակ։

Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին։ ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր ինքնիշխանությունը՝ չստանալով համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչում։ Անվտանգության պահպանման անմիջական պարտականությունների, իսկ դրանց հետ միասին նաեւ կոնկրետ տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ նույն անվտանգության ամրապնդում եւ իր մեջ նոր սպառնալիքներ է պարունակում։

- Ղարաբաղցիներն ունեն խորհրդային ժամանակաշրջանի «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձ, երբ 1980-ականների վերջին բնակչության անվտանգության ապահովման նպատակով ուղարկված զորքերը պարբերաբար թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ եւ չկարողացան Ադր. ԽՍՀ հայազգի բնակչությանը պաշտպանել ջարդերից ու բռնություններից։ 1991 թ. ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն այդ զորքերը հայազգի բնակչությանը բռնի տեղահանեցին Արցախի որոշ մասերից։ Հիշենք թեկուզ «Կոլցո» օպերացիան։

- Խաղաղապահ գործողությունների նվազ արդյունավետությունը դրսեւորվել է նաեւ այլ հակամարտ գոտիներում։ Խաղաղապահներին հակամարտության գոտի ուղարկող կառավարությունների համար հենց իրենց՝ խաղաղապահների շահերն ու անմիջական անվտանգությունը միշտ էլ ավելի կարեւոր են լինելու, քան տեղաբնիկների անվտանգությունը։

- Ենթադրենք մենք ընդունում ենք այդ սկզբունքները։ Ի՞նչ է մեզ սպասվում դրանց իրականացումից։

- Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրականացումն անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ազգային շահերին։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է նաեւ հուլիսի 10-11-ին ԼՂՀ մայրաքաղաքում անցկացված Համահայկական համաժողովի բանաձեւում։ Համաժողովի մասնակիցները ՀՀ իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը։

Այն տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը ունի ինչպես իրավաբանական ու քաղաքական, այնպես էլ պատմական իրավունք, բարոյական ուժեղ հարված է լինելու հայ ժողովրդի համար, ինչը կարող է նրան տեւական ժամանակով զրկել դիմադրելու ազգային կամքից եւ սեփական պետականություն կառուցելու իմաստավորումից։




ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿ: ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՍԿԻ ՉԷ

ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը մի վերջին անգամ փաստեց, որ Ղարաբաղյան հարցում ՀՀ ղեկավարության տասնամյա «աչքակապուկի» խաղը սեփական ժողովրդի հետ ավարտված է։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման պատրվակով անցկացվող բանակցային գործընթացում հայ դիվանագետների «ձեռքբերումների» մասին հեքիաթները, ի վերջո պարզվեց, որ սեփական ժողովրդին մոլորեցնելու էժանագին շոու էին։ Այսօր բանակցասեղանին դրված են, այսպես կոչված, մադրիդյան հիմնարար սկզբունքներ, որոնք, առանց բացառության, տանում են Արցախի ստրկացում ու վերջնական հայաթափում։

Եթե մինչ այդ ղարաբաղյան խնդրում պարտվողական անվանված կեցվածքն իսկույն արժանացավ Հայաստանի քաղաքական վերնախավի ու բնակչության բողոքի ալիքին ու ավարտվեց ՀՀ առաջին նախագահի պաշտոնանկությամբ, ապա այս անգամ Արցախը հազիվ թե հույս դնի նույն քաղաքական ուժերի եւ բնակչության պաշտպանության վրա, քանզի վերջին տասնամյակում ՀՀ ղեկավարների եռանդուն ջանքերով մեր «ձեռքբերումը» ղարաբաղցի-հայաստանցի օրեցոր խորացող անջրպետն է՝ Արցախի հանդեպ անթաքույց ատելությամբ, լավագույն դեպքում՝ Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ անտարբերությամբ։

Փորձ արվեց հայրենասիրական ուժերի ալիք բարձրացնել Արցախից՝ համահայկական համաժողովի տեսքով։ Ճիշտն ասած, այդ համաժողովում այնքան էլ տեսանելի չէին վերջին տասնամյակում Արցախի ճակատագրով իրոք մտահոգ անձինք, փոխարենը «բոցաշունչ» ելույթներ ունեցան գործիչներ, որոնց լուռ համաձայնությամբ կյանքի էր կոչվել հակամարտության կարգավորման մադրիդյան տարբերակը։ Բանաձեւ ընդունեցին, Ստեփանակերտի Հուշահամալիրում ծաղկեպսակ ու մեկական մեխակներ դրեցին, մեծ գործ արածի հպարտությամբ ուրախ-զվարթ լուսանկարվեցին ու մեկնեցին իրենց 25 երկրները։ Արցախը մնաց իր կոտրած տաշտակի առջեւ...

Բայց, անշուշտ, քավության նոխազ է պետք։ Մեկը պիտի պատասխան տա, չէ՞, բանակցասեղանին տանուլ տված խաղի համար։ Քավության նոխազի ընտրությունը կանգ առավ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի վրա։ ՀՅԴ Հայաստանի ղեկավար ընկերները պահանջում են սույն պարոնի հրաժարականը։ Պարզվում է՝ այս խայտառակ շիլափլավի մեղավորը Էդ. Նալբանդյանն է։ Կարծես նա ինքնուրույն ու ինքնագլուխ որոշումներ է կայացրել՝ ընդդեմ Ղարաբաղի։

Կարծես ՀՀ բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ չէ Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից եւ, հակառակ ԼՂՀ-ից հնչող ձայների, ընտրվել Մադրիդյան տարբերակը, որ տանում է ԼՂՀ կործանում, իսկ ՀՀ-ն վերածում բանանային պետության։ Հայաստանը մնում է Հայաստան, Սփյուռքը՝ Սփյուռք։ Արցախի ճակատագիրը մեր՝ այս հողում ապրողներիս ճակատագիրն է։ Լռությունը՝ թե՜ իշխանությունների, թե՜ քաղաքական ուժերի ու ժողովրդի, ոչ միայն ոսկի չէ, այլեւ տանում է այն կուրսով, որով դար առաջ շարժվել է «Տիտանիկը»...

ԼՂՀ քաղաքական ուժերը, ըստ երեւույթին, վերջապես հասկացել են, որ լռությունը պայքարի լավագույն ձեւը չէ։ Հուլիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ ԱԳՆ-ն, մի օր անց՝ Արցախի քաղաքական կուսակցությունները։ Վերջինները, վկայակոչելով 1991 թ. համաժողովրդական եւ 2006 թ. Սահմանադրության ընդունման հանրաքվեները, հաստատում են, որ «ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաեւ ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը եւ հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսեւորումները, ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը»:

Նրանք պահանջում են հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ապահովելով ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ՝ չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է ու ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը. «Մենք համոզված ենք, որ վերոհիշյալ պահանջները չիրականանալու դեպքում վտանգի է ենթարկվում մինչ այժմ խաղաղ պայմաններում ամրագրված տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետեւանքով ապագա ոչ ցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա»։

Հուսանք, որ Արցախի քաղաքական ուժերը, ինչպես մի քանի ամիս առաջ, կրկին համարձակություն կունենան պատասխանատվության կանչելու այսօրվա ստեղծված քաղաքական խայտառակ վիճակի իրական մեղավորներին։
Հուլիսի 17




ԴԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ՞ ՀԱՍԵԼ ՈՍԿՈՐԻՆ

ԵԱՀԿ եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը զգալիորեն աշխուժացրել է Ղարաբաղի միապաղաղ քաղաքական կյանքը։ Հայտարարություններ հրապարակեցին տեղի ԱԳՆ-ն, քաղաքական կուսակցությունները, հասարակական եւ այլ կազմակերպություններ։ Կարծես թե բոլորը հասկացան, որ ԵԱՀԿ շրջանակներում տարվող բանակցությունները Հայաստանի նախորդ ու ներկա նախագահի նախաձեռնությամբ տանում են դեպի Արցախի կործանում։

Եթե քաղաքական ուժերն իրենց հայտարարություններում մեղադրում են ում պատահի՝ Ադրբեջանին, ԵԱՀԿ-ին, միջազգային հանրությանը, պատրաստ են մեղադրել անգամ Հռոմի պապին կամ Բեն Լադենին, բայց ոչ երբեք Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարությանը, որ հանուն սեփական աթոռի, վաճառասեղանին են դրել Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը, ապա ոչ կառավարական, հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ մեղադրանքի խոսքեր են հնչում ՀՀ ղեկավարության հասցեին։

Հայտարարության հեղինակները կոչ են անում բանակցային գործընթացի միջնորդներին եւ մասնակիցներին «վերջ տալ քաղաքական ֆարսին եւ, ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների կարգավորման հիմք ընդունելով առկա իրողությունը, արմատապես վերանայելով ներկայիս ձեւաչափը եւ բանակցությունների հիմնարար սկզբունքները՝ վերջապես զբաղվել իրական խաղաղարար գործունեությամբ», փաստելով, որ «ԼՂՀ Սահմանադրությունը միակ անխախտելի օրենքն է, որին հետեւել եւ շարունակելու է հետեւել Արցախի ժողովուրդը։

Արտաքին ուժերի ցանկացած փորձ խախտելու ԼՂՀ Հիմնական Օրենքը, որով ամրագրված են նաեւ ազատագրված տարածքները, դատապարտված է... Խաղաղ կարգավորման պլատֆորմը առուծախի վաճառասեղան չէ. Ազատությունն ու Արժանապատվությունը ապրանք չեն»։ Արցախի հասարակական կառույցները պահանջում են ոչ միայն քաղաքական գնահատական տալ տեղի ունեցող բանակցություններին, այլեւ, գտնում են, որ «արդեն ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել բանակցությունների ընթացքի զարգացումն այն սցենարով, որի արդյունքում վտանգել է ոչ միայն մարդկանց կյանքը եւ հայկական պետականությունը որպես այդպիսին, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի հայերի եւ Հայաստանի ու Արցախի բարեկամների շահերը»։

Հասարակական կազմակերպությունները կրկին հիշեցնում են, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ համաձայնագիր չի կարող օրինական ուժ ունենալ, եթե այն չի արտացոլում ԼՂՀ քաղաքացիների կամքն ու օրինական իրավունքները, եւ եթե այդ փաստաթղթի տակ չկա ԼՂՀ ընտրված նախագահի ստորագրությունը»։ Զավեշտն այն է, սակայն, որ Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությունն առայժմ իրադարձությունների զարգացմանը հետեւում է հեռվից, ասես իր երկրի ու ժողովրդի ճակատագրի մասին չէ խոսքը։ Նրանց համար, ըստ երեւույթին, ավելի թանկ է ՀՀ ղեկավարության աթոռի խնդիրը, քան սեփական աթոռի ու երկրի։ Չնայած, դա, այնուամենայնիվ, շատ կասկածելի է։ Երեւի թե նրանց կարծիքով դանակը դեռ չի հասել ոսկորին։
Հուլիսի 21



ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆՆ ԱՊԱԿԱՆՎԱԾ Է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը ՀՀ նախագահների եւ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության վերածելուց հետո, վերջին տասնամյակում, բացի Ադրբեջանից, տարածաշրջանի կայունությամբ ու խաղաղությամբ շահագրգիռ գրեթե բոլոր երկրների տարբեր տրամաչափի քաղաքագետների եւ վերլուծաբանների բերանից մերթընդմերթ կարծիքներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին։ Հիշեցնենք, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել ՀՀ երկրորդ նախագահի ջանքերով։

Բացի նրանից, որ Արցախին բանակցություններից դուրս թողնելով, ՀՀ ղեկավարությունը Հայաստանին դրել է «ագրեսոր-օկուպանտի» կարգավիճակում, տասնամյա բանակցություններում որդեգրել է այնպիսի գործելակերպ, որ քայլ առ քայլ տանում է ոչ միայն Ղարաբաղի 20-ամյա անկախության վերացման, այլեւ այդ երկրամասի հայաթափման։ Դա էլ իր հերթին կտանի Հայաստանի թե՜ քաղաքական եւ թե՜ տնտեսական թուլացման՝ աննախանձելի ու մշուշոտ ապագայով, վտանգելով Հայոց պետականությունը։

Այն դեպքում, երբ Ղարաբաղի իշխանությունները տարբեր առիթներով շեշտել են, որ Արցախը չի ընդունում մադրիդյան սկզբունքները, ՀՀ ղեկավարները բանակցություններում հասել են այն բանին, որ հակամարտությունը լուծվի հենց այդ, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներով։ Մի պահ ենթադրենք, որ վաղը Ղարաբաղը վերադառնում ու տեղ է գրավում բանակցասեղանի շուրջ, հարց է ծագում՝ ի՞նչ հարցեր պիտի քննարկի հակառակորդի հետ, ի՞նչ սկզբունքներով պիտի լուծեն հակամարտությունը։

Ասել է թե՝ տասնամյա բանակցային գործընթացում, ավագ ու կրտսեր ալիեւների հետ ՀՀ ղեկավարների հետ պարբերաբար հանդիպումներում հարցի կարգավորման ինչպիսի հիմք են ստեղծել, որի վրա ղարաբաղյան կողմը պիտի կարգավորի հակամարտությունն ու տեւական խաղաղություն բերի իր երկրին։ Ցավոք, այսօր բանակցային սեղանին բացարձակապես ոչ մի լավ բան չկա Ղարաբաղի համար, եւ արցախցիներին բանակցասեղան «հրավիրելու» պատմությունը հիշեցնում է հանրահայտ անեկդոտը, երբ արջն ու գայլը համատեղ ուժերով մաքրազարդում, ավերում են հարսանյաց սեղանը, փսխում վրան, հետո հանկարծ հիշելով, որ մոռացել են փեսայի հորը, հրավեր ուղարկում նրան...

Դժբախտաբար, այսօր բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղին նույն բանն է սպասում։ Հազիվ թե Հայաստանի ղեկավարների, Ադրբեջանի եւ, այսպես կոչված, միջնորդ երկրների՝ տասը տարի շարունակ համատեղ եփած «շիլափլավը», հանուն Ղարաբաղի, փորձեն փոխել... Այնպես որ՝ կարծում եմ, որ «մենյուն» փոփոխության ենթակա չէ։

Այս է իրողությունը։ Անշուշտ, հանուն սեփական երկրի ու ազգի շահերի, հնարավոր է խուսափել այս սցենարից։ Իսկ դրա համար պետք է հրաժարվել այդ շահերը սեփական աթոռին զոհաբերելու ապազգային քաղաքականությունից։ Չեմ կարծում, թե մերօրյա ղեկավարները նման քաջություն ու ազնվություն ունենան։ Միաժամանակ, չեմ կարծում, որ արցախցիները, թերեւս նաեւ ողջ հայ ժողովուրդը, կրկին ցանկանա դարասկիզբը նշանավորել նոր ցեղասպանությամբ ու երկրի կորստով։
Հուլիսի 28



ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԶՈԽԻԶՄ

Անցյալ ամիս ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը եղավ Արցախում, հանդիպեց իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հայաստանյան լրատվամիջոցներից իմացանք, որ այդ խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք նկատեցինք, որ բանակցությունների հարցում ղարաբաղյան իշխանություններն անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին...»։

Եվ սա ասվել է «Ղարաբաղյան խնդրի կարգավորում» անվան տակ ՀՀ կողմից տարվող ոչ հայանպաստ քաղաքականության դեմ Արցախի քաղաքական ուժերի, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կոշտ հայտարարությունների ֆոնի վրա։

Գուցե Խ. Հարությունյանը փորձել է նոր Ամերիկա հայտնաբերել կամ, պարզապես, արջի ծառայություն մատուցել իր քաղաքական բոսսերին։ Դա իր անձնական խնդիրն է։ Սակայն երբ խոսքը վերաբերում է ազգային շահերին, համազգային խնդիրներին, անբարո է ամեն ինչ դիտարկել նեղ-անձնական շահերի պրիզմայով։

Համենայն դեպս, Արցախում իրեն հարգող ոչ մի մտավորական կամ շարքային քաղաքացի չի գտնում, որ ՀՀ-ն պետք է Ղարաբաղի անունից բանակցություններ վարի՝ վաճառասեղանին դնելով Արցախի ժողովրդի ազատությունն ու ապրելու իրավունքը։ Մեր ճակատագիրը, մեր խնդիրները պիտի որոշեն արցախցիները, նրանք, ովքեր ապրում են այդ հողում եւ ում զավակները շարունակելու են ապրել հազարավոր հայորդիների արյամբ ներկված այդ երկրում։ Նրա՜նք, ովքեր Արցախից հեռանալու հնարավորություն չունեն եւ, առավել եւս նրա՜նք, ովքեր այդ երկրից դուրս գալու ոչ մի ցանկություն չունեն։

Հրադադարից անմիջապես հետո հայ քաղաքական գործիչները, կուլ տալով փոխզիջումների մասին խայծը, ոտուգլուխ խրվել են այն իրականացնելու տարբերակների հորձանուտը։ Այն դեպքում, երբ հակառակորդն աշխարհին փորձում է համոզել, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, իսկ Հայաստանն ագրեսոր է, եւ ծրագրեր է կազմում իր քաղաքացիներին Շուշի բերելու մասին, օսկանյաններն ու մյուս կտրիճները մեզանում շրջանառության մեջ դրեցին «օկուպացված տարածքներ» հասկացությունը, հայտարարելով, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»։

Անշուշտ, մեզանում ոչ ոք չի կասկածում, որ Աղդամը ադրբեջանական քաղաք է։ Ադրբեջանական քաղաք, որ ռազմավարական նպատակներով ժամանակին կառուցել են Դաշտային Ղարաբաղի տարածքում։ Հայկական տարածքում, խորհրդային ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս մնացած հայկական հողում, պատմական մեր հայրենիքի մի մասում։ Ինչպես տասնամյակներ առաջ նույն ազերիները ադրբեջանական բնակավայրներ են ստեղծել նախկին Հայկական ԽՍՀ տարածքում։

Մի այլ հաց. յուրաքանչյուր բանական մարդ գիտե, որ ինչ-որ բան ստիպված ենք լինելու զիջել թշնամուն։ Բայց երբ հակառակորդը շարունակ հոխորտում է ամեն ինչ ու բոլորը ստանալու մասին եւ ամենափոքր իսկ ակնարկ չկա իր կողմից արվող որեւէ փոխզիջման մասին, իսկ մեր դիվանագիտական ճամբարում, ոտքները յուղած, մատուցարանի վրա իրար հետեւից շարում են մեզ համար կենսական նշանակություն ունեցող տարածքները, համաձայնում, որ ազերի «փախստականները» կրկին հայտնվեն Արցախում, սա առնվազն քաղաքական մազոխիզմ է։

Որքան բարձր կարողանանք պահել նշաձողը, այնքան շատ բան ենք կարողանալու պահել։ Մինչդեռ այսօր ՀՀ ղեկավարները բանակցություններում զոհասեղանին են դրել այն ամենը, ինչ ունենք։ Այդ թվում եւ մասնավորապես մեր Ազատությունը։

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում մեր Հաղթանակը մեր բազմադարյա պատմության եզակի վառ էջերից մեկն է։ Այսօր դիվանագիտական սեղանի շուրջ կամովին պատռել եւ դեն նետել այդ էջը՝ նշանակում է մեզ եւ աշխարհին մեկընդմիշտ ապացուցել, որ եղեռնագործ ազգերից բացի աշխարհում ապրում են նաեւ եղեռնասեր ազգեր...
Օգոստոսի 18



ԳԵՂ ԿԱՆԳՆԻ՝ ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ

Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշմամբ Հեքիմյան 20 շենքի դիմաց նախատեսվում էր կառուցել ավտոտնակներ։ Խնդիրն այն է, որ այդ տարածքը, որտեղ պիտի կառուցեն ավտոտնակները, ժամանակին զառիթափ էր։ Շենքի բնակիչները համատեղ ուժերով այնտեղ հող են լցրել, ծառեր տնկել, տարիներով մշակել այն։ Մյուս կողմից՝ այդ տարածքը երեխաների միակ խաղահրապարակն է։

Քաղաքապետարանի անօրեն որոշումն առաջացրել էր բնակիչների բողոքը։ Նրանք նամակ են հղել ԼՂՀ նախագահին։ Այնուհետեւ հանդիպել են այդ ընտրատեղամասից ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի հետ։ Մեր տեղեկություններով՝ Մ. Միրզոյանի միջամտությունից հետո վերոհիշյալ շենքի առջև ավտոտնակներ կառուցելու քաղաքապետարանի որոշումը սառեցվել է։ Միառժամանակ հետո այդ որոշումը կրկին կփորձեն կյանքի կոչե՞լ, թե՞ ոչ, հայտնի չէ։

Կարծես թե բնակիչների բողոքն արդյունք է տվել։ Խնդիրը, սակայն, այլ է. մերօրյա իշխանությունները վաղուց ավանդույթ են դարձրել անօրեն որոշումներ կայացնելը։ Չինովնիկների համար երկիրը բաժանվում է երկու մասի՝ այն, ինչ պատկանում է իրենց, և այն, ինչ չի պատկանում իրենց։ Այն, ինչ իրենցն է, ինչ տարիներ շարունակ յուրացրել են, դրանից մի մազ անգամ երբեք չեն զիջի ուրիշին, իսկ այն, ինչ դեռևս իրենցը չէ, փորձում են հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով սեփականել։ Այդ թվում՝ երեխաների սեփականությունը, նրանց ապագան...

Ինչո՞ւ պիտի քաղաքացիներն անպայման բողոքեն, ահազանգեն այսօր իշխանություն ունեցող երեկվա համեստ կարողություններով պարոնների անօրինությունների դեմ, որպեսզի կանխվի (լավագույն դեպքում) կամ չկանխվի այն։ Ո՞ւմ համար է ձեռք բերվել այս «անկախություն» կոչվածը, ժողովրդի՞, շարքային քաղաքացիների՞, թե՞ մի խումբ տղերանց համար։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ ասել է՝ անկախություն։ Ումի՞ց ենք անկախ։ Արտաքին աշխարհի՞ց (որ խիստ կասկածելի է), սեփական իշխանությունների՞ց, որ մի տեսակ դարձել է պետություն՝ պետության մեջ, եւ առաջնորդվում բացառապես նեղանձնական շահերով, որ երբեք չի խաչվում ժողովրդի ու երկրի շահերի հետ...

Ստեփանակերտի ծայրամասային համեստ մի թաղամասի բնակիչների՝ իրենց իրավունքների պաշտպանության գիտակցումից ծնված բողոքի քայլը կարծես թե հուշում է, որ ամեն ինչ դեռեւս կորած չէ, որ «գեղ կանգնի, գերան կկոտրի»...
Օգոստոսի 25



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԱՎ ԱՊՐՈՂ ՏՂԱՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ

Դուք լավ եք ապրում, տղերք: Երեկ նույնպես լավ էիք ապրում: Դուք լավ եք ապրելու նաև վաղը: Աշխարհում փոխվում են ժամանակներ ու իշխանություն, կյանքի սանդուղքներով մարդիկ են ելնում, մարդիկ են գլորվում այդ սանդուղքներից, քամիներ, հողմեր ու փոթորիկներ են անցնում աշխարհի վրայով, կռիվներ են ծագում ու պատերազմներ մարում, մարդիկ են զոհվում ու մարդիկ անմահանում... Բայց այդ ամենն անցնում են ձեր կողքով, դուք շարունակում եք ապրել, և՝ լավ ապրել:

Շարունակ ջրի երեսին եք դուք, տղերք, քանզի պղպջակներն երբեք չեն ընկղմվում: Որտեղ բարձր դրոշ՝ անմիջապես ցցվում եք տակին, երբ պետք է քար նետել ընկածի վրա, «թնդանոթաձիգների» առաջին շարքում եք դուք: Դուք առաջինն եք ներբողներ ձոնում վերև բարձրացողներին, և առաջինն եք ոտք գցում, երբ նրանք թավալգլոր ներքև են սուրում:

Դուք լավ եք ապրում, տղերք, որովհետև ձեր սեփական կարծիքները միշտ համընկնում են վերևների կարծիքին: Ձեզ համար միևնույն է, թե ինչ և ով է վերևում՝ վա՞րդ է, թե՞ կաղամբ, գլո՞ւխ է, թե՞ գավակ, հրեշտա՞կ է, թե՞ սատանա, զո՞հ է, թե՞ դահիճ. դուք շարունակ գլուխկոնծի եք տալիս դրանց շուրջ, ուրախ գզվռտվում ու ծափահարում, որ մի բան նետեն ձեզ իրենց ճոխ սեղանից:

Իսկապես դուք լավ եք ապրում, տղերք, քանզի «սրտաբաց» մարդիկ եք դուք և աշխատավայր-հիմնարկություն շարունակ շփոթում եք ձեր տան, քարտուղարուհիներին՝ ձեր կանանց հետ, իսկ պետական գույք ու ունեցվածք հաճախ հայտնվում են տներում ձեր շքեղ:

Երբ թեթևակի ճոճվում են աթոռները ձեր, ժամանակին կարողանում եք ցատկել մի այլ աթոռի վրա, աթոռների դուք քաջազուն հեծյալներ: Եվ ինչե՛ր ասես, որ չեք անում հանուն այդ աթոռների, ում առջև ասես, որ չեք ծալվում ի սեր այդ աթոռների: Կյանքում դուք չեք ընկնում, տղերք, քանզի սողալիս ընդհանրապես չեն ընկնում: Դուք երբեք չեք ընկնում մարմնով, դուք շարունակ ընկնում եք հոգով:

Եվ կանցնեն տարիներ: Կանցնեն շատ տարիներ: Աշխարհում կծնվեն շատ նոր բաներ և, միաժամանակ, շատ բաներ այլևս չեն լինի այս աշխարհում: Բայց դուք կլինեք դարձյալ և կշարունակեք լավ ապրել, տղերք, որովհետև դուք այդպե՜ս եք ապրում:

Ես վաղը կլինեմ կամ չեմ լինի: Թքա՜ծ, դա կարևոր չէ այսօր: Կարևոր չէ նաև, թե ես ինչ եմ հասցրել տեսնել և ինչ չեմ դեռ տեսել, թե ես ինչ գիտեմ և ինչ չգիտեմ այս աշխարհում: Թերևս շատ բան չգիտեմ, բայց այն, ինչ սովորել եմ ու գիտեի երեկ և ինչ գիտեմ այսօր, դա չի փոխվելու երբեք. մարդու ուժը չի չափվում պաշտոնի մեծությամբ, իսկ մարդու մեծությունը չի որոշվում նրա կրունկի և քթի միջև եղած տարածությամբ կամ ամբոխի ծափողջույններով: Մարդու հարստությունը նրա դրամապանակի ծանրությամբ չի չափվում և ոչ էլ որոշվում նրա կրծքին շարված մեդալ-շքանշանների ճոխությամբ ու վզից կախված ապարանջանների փայլով: Մարդու հարստությունը մարդու մեջ է լինում։

Բայց դա չէ, որ ուզում եմ ասել ձեզ, տղերք: Ես ձեզ ուզում եմ ասել մի շատ սովորական ու հասարակ մի բան, որպեսզի ի զորու լինեք հասկանալ. ես չեմ նախանձում ձեզ, տղերք, և ինչ էլ լինի, երբեք չէի ցանկանա ձեզ պես ապրել: Ընդամենը այդ եմ ուզում ասել, բայց, ցավոք, միևնույն է, դուք դա երբեք չեք հասկանա:
Օգոստոսի 25



ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ

Աթոռապահությունը՝ հայ դիվանագիտության գերխնդիր

Դեպ Արցախ տանող բոլոր բանական կամուրջներն այրում են։ Երեկ հնարավոր բոլոր ձեւերով ժողովրդի մեջ նետեցին «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտումը, այսօր «ղարաբաղցի-սփյուռքահայ» հատվածներն են փորձում հակադրել իրար, Սփյուռքն են փորձում թշնամացնել Ղարաբաղի հետ։ Արցախի ազատության համար կռված շատ տղաներ հայտնվեցին վանդակաճաղերի հետեւում։ Բանտերում հայտնվեցին նաեւ սփյուռքահայ մեր այն հայրենակիցները, ովքեր պահանջում են ազատագրված հողերը չտալ թշնամուն, ովքեր դեմ են «հակամարտության կարգավորում» անվան տակ Արցախը հայաթափելուն միտված բանակցային խեղկատակությանը։

ՀՀ իշխանությունները ոչ միայն մերժեցին բեյրութցի մեր հայրենակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ու Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները, այլեւ նրանց բանտ նետեցին։ Արցախին նույնպես հասկացրին մերժել կամ անպատասխան թողնել Ղարաբաղի քաղաքացիություն ստանալու Սեֆիլյանի դիմումը։

Սարգիս Հացպանյանը շարունակում է մնալ վանդակաճաղերի հետեւում։ Համաներումը չտարածվեց նրա վրա, որովհետեւ Ղարաբաղի ՊՆ արխիվներում չեն կարողանում գտնել ԼՂՀ ՊԲ 49971 զորամասում ծառայած Սարգիս Հացպանյանի անունը, որին զենք է եղել ամրագրված։ Մարդը 1991 թվականից մինչեւ 1994-ի հրադադարը եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանում, նրա զինակիցներից շատերը կենդանի են, գրավոր վկայություն են տվել, բայց ՊՆ արխիվում Հացպանյանի անունը չկա ու չկա։ Արցախի վերոհիշյալ կառույցից անհրաժեշտ «սպրավկան» չեն տրամադրում, որ մարդը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին։

Երեւանյան իշխանական ճամբարում միաբերան ասում են՝ գիտենք, որ Արցախյան պատերազմի մասնակից եք, անձամբ ճանաչում ու սիրում ենք քեզ, օր ու գիշեր սպասում ենք, որ դուրս գաս բանտից, բայց դե, մենք ի՞նչ կարող ենք անել, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ տեղեկանքը չի տալիս։ Ղարաբաղցիները «սպրավկա» չեն տալիս, որ դու մասնակցել ես պատերազմին... Այնպես է ստացվում, որ անգամ ՀՀ բարձրագույն իշխանություններն են հալումաշ լինում Սարգիս Հացպանյանի ճակատագրով, բայց այդ «կողահաստ» ղարաբաղցիները չեն ուզում անհրաժեշտ տեղեկանքը տալ առ այն, որ...

Դրամատուրգիայում թատերական այս ներկայացումն անվանում են տրագիկոմեդիա։ Սրտիդ ուզածի չափ կարող ես լալ, բայց դա շատ ծիծաղելի է։ Կամ ընդհակառակը... Կարծես թե ԼՂՀ ԱԺ որոշման ուժ ունեցող պատգամավորների նամակը (այն ստորագրել է Արցախի ԱԺ պատգամավորների 1/3-ը), որ ստորագրել են նաեւ արցախցի մի քանի տասնյակ հայտնի մտավորականներ, զինվորականներ, Հացպանյանի մարտական ընկերներ, սովորական մի «սպրավկայի» արժեք չունի։

Սակայն հարցն այն չէ, թե ԼՂՀ ՊՆ արխիվում համապատասխան փաստաթուղթն իրականում կա՞, թե՞ չկա։ Խնդիրն այն է, որ ֆրանսահայ, սփյուռքահայ մարդու հետ փորձում են հաշվեհարդար տեսնել Ղարաբաղի ձեռքով։ «Հայաստանցի-ղարաբաղցի» օրեցօր դիտավորյալ խորացող թշնամանքին այժմ փորձում են գումարել «ղարաբաղցի-սփյուռքահայ» պառակտումը։

Կար ժամանակ, որ Արցախն իրոք գործոն էր։ Ցավալի է, բայց Ղարաբաղն այլեւս գործոն չէ։ Լավագույն դեպքում՝ երբեմն օգտագործում են որպես գործիք։ Ընդամենը որպես գործի՜ք, այն էլ՝ երբ դա պետք է հայաստանյան իշխանություններին։ Ո՞ր մանկամիտը կհավատա, որ Սարգիսին բանտում պահելու մեղավորները գտնվում են Ստեփանակերտում։ Ղարաբաղը եթե այդքան ուժ ու համարձակություն ունենար, բանակցություններից դուրս չէր մնա։ Ո՞վ չգիտե, որ այս ներկայացման բոլոր հեղինակները՝ սցենարիստը, ռեժիսորը, գլխավոր եւ երկրորդական խորհրդատուները գտնվում են Երեւանում։

Այո՛, իսկապես կար ժամանակ, որ Ղարաբաղն իրոք մեծ, հզոր ուժ էր։ Արցախյան շարժումը ցնցել էր ողջ աշխարհը, սասանել խորհրդային կայսրության հիմնասյուները։ Այն սկիզբը դրեց կայսրության փլուզման։ Արցախի ուժը երեւաց նաեւ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում։ Այդ տարիների Հայաստանը եւս ուժ էր, կարող էր կամք թելադրել ոչ միայն պատերազմի դաշտում... Այսօր այդ ամենից հուշի պատառիկներ են մնացել, այն էլ՝ պատմության դասագրքերի համար (չնայած հիմա այդ Պատմությունն են անգամ խեղաթյուրում)։ Բայց դա այլ թեմա է...

Ի սեր Աստծո, հանգիստ թողեք Ղարաբաղն ու ղարաբաղցիներին։ ՀՀ իշխանությունները գոնե համարձակություն ու տղամարդություն ունենան՝ Արցախին չխառնելու իրենց անձնական հաշիվներին ու հաշվեհարդարներին։ Անբարո բան է մի ողջ ժողովուրդ ու երկիր զոհաբերել հանուն ինչ որ աթոռների կամ բազկաթոռների։

Ամեն ինչ արվում է Արցախն ու արցախցիներին կոտրելու, միայնակ թողնելու համար, որպեսզի հանուն սեփական պաշտոնների, վաղը կարողանան վաճառասեղանին դնել հայ իշխանությունների բկին մնացած «յոթ շրջանները», ապա նաեւ այն ամենը, ինչ դրանից հետո մնալու է «ԼՂԻՄ-ի քարտեզի» վրա։ Խնդիրը Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը չէ միայն, ոչ էլ Սարգիս Հացպանյանի ազատ արձակման հարցն է։ Որքան էլ երեւանյան գետնաքարշ դիվանագիտությունն ու սրճարանային քաղաքագետները փորձեն իրողությունն այլ կերպ ու այլ գույներով ներկայացնել, այսօր զոհասեղանին ոչ միայն Արցախն է դրված, այլեւ Հայաստանի ապագան, հեռանկարում՝ Երեւան բանանային քաղաք-պետությամբ։

Սնապարծությունը դարձել է մեր ազգային հատկանիշներից մեկը։ Սիրում ենք ֆռֆռալ ամերիկաներում, մեզ փորձում համեմատել հրեաների հետ։ Վերջիններս, սակայն, կորսված հայրենիքում կրկին պետություն ու երկիր են ստեղծել, տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը, իսկ մենք հող առ հող կորցրել ենք հսկա մի երկիր, որ կոչվում էր Մեծ Հայք, Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա, պատսպարվել 30 հազար քառ կմ մի քարաժայռի վրա...

Դարավոր մեր պատմության ընթացքում առաջին անգամ, ահա, երկիր ենք ազատագրել, գերված հողերի մի փոքրիկ մասը ետ վերցրել թշնամուց, բայց այսօր այդ ամենը կրկին թշնամուն հանձնելու բանակցություններ ենք վարում, որպեսզի տղերքը կարողանան Երեւանում աթոռ պահել... Ու այդ աթոռի պաշտպանությունը դարձել է հայ դիվանագիտության գերխնդիրը։

Մեծ պատմիչի «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»-ը դարեր ի վեր հետապնդում է մեզ, որովհետեւ իսկապես որ ողբի «մատերիալ» ենք։
Օգոստոսի 28



ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՍԵՑՆԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ, ԱՅԼԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

Ճեպազրույց Արցախյան շարժման ակտիվիստ, «Կռունկ» կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վետերան, պահեստի գնդապետ Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։

- Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձն է։ Շուրջ երկու տասնամյակ է՝ Արցախն ապրում է Ադրբեջանի լծից դուրս, ինքնուրույն կյանքով։ Վերջին տասնամյակում, սակայն, բանակցություններ են տարվում առանց ղարաբաղյան կողմի մասնակցության։ Դեռ ավելին, բանակցությունները կարծես հանգեցրել են այն կետին, որ Արցախը զրկվելու է իր բոլոր ձեռքբերումներից, ստանալով ինչ-որ անորոշ կարգավիճակ ու վտանգված ապագա։ Ձեզ չի՞ թվում, որ Անկախությունն այսօր դարձել է սակարկության առարկա։

- Մեր անկախությունը ձեռք ենք բերել շատ տարիներ առաջ՝ հազարավոր մեր տղաների արյան գնով՝ հաղթող դուրս գալով մեզ պարտադրված պատերազմում։ Ղարաբաղյան շարժումից մի քանի տարի հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Չնայած ոչ ոք չի բեկանել միացման մասին Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1988 թ. դեկտեմբերյան որոշումը, սակայն Հայաստանն անկախություն հռչակեց Հայկական ԽՍՀ տարածքում՝ առանց Արցախի։ Մենք այլ ելք չունեինք, ստիպված եղանք մենք ևս անկախություն հռչակել։

Անկախության ճակատագիրը միայն մեր ձեռքում է։ Պետք չէ հույս դնել ինչ-որ բանակցությունների վրա, սպասել, որ այնտեղ որոշեն մեր ապագան։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն կասեցնել արտագաղթը, այլև ամեն կերպ նպաստել Արցախի վերաբնակեցմանը, ծայրամասային ու քայքայված գյուղերը շենացնելուն։ Պետք է առնվազն հինգ տարով դադարեցնել հարկեր գանձելը, որպեսզի մարդիկ, քաղաքացիները, հատկապես գյուղացիությունը կարողանան ոտքի կանգնել, չմտածեն օտար ափեր մեկնելու մասին։ Եթե անցած մեկուկես տասնամյակում Ղարաբաղի բնակչությունը կրկնապատկեինք կամ եռապատկեինք, ստիպված կլինեին մեզ հետ հաշվի նստել, հարգել ազատ ապրելու մեր իրավունքը...

- Բայց այդպես չեղավ, Ձեր թվարկածներից ոչինչ չիրագործվեց։ Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Եթե վաղը, ասենք, ՀՀ իշխանությունները փորձեն մեզ պարտադրել, մեր վզին փաթաթել բանակցություններում ստորագրված ինչ-որ փաստաթուղթ՝ ազատագրված տարածքների հանձնում, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հայկական զինուժի դուրսբերում Ղարաբաղից և այլն, այդ դեպքում ի՞նչ պիտի անենք, կրկի՞ն փողոց դուրս գանք՝ նոր հանրահավաքների։

- Կարծում եմ՝ գործը չի հասնելու դրան։ Հայկական կողմից ոչ ոք չի համարձակվի նման փաստաթուղթ ստորագրել։ Նման փաստաթուղթ ստորագրողը դրանով կվավերացնի սեփական դատավճիռը։ Որպեսզի մեզ համար աննպաստ ցանկացած փաստաթղթի ստորագրում բացառվի, պետք է ավելի հզորացնենք մեր բանակը։ Ադրբեջանն իր համար է հայտարարում, որ ժամանակակից ուժեղ բանակ ունի, մենք ու Հայաստանը համարում ենք, որ մեր բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում։ Ցանկացած բանակի ուժեղ կամ թույլ լինելը որոշվում է միայն պատերազմի դաշտում։ Իսկապես մենք ուժեղ էինք և հաղթեցինք թվակազմով ու տեխնիկայով մեզ գերազանցող թշնամուն։ Բայց այսօր, ցավոք, այդ թվականների ոգին չկա ժողովրդի մեջ։ Կամավոր գալիս, զենք էին խնդրում, պահանջում՝ թշնամու դեմ կռվելու համար։

- Ինչո՞ւ նախկին ոգին չկա, ո՞վ է մեղավոր դրա համար։

- Պատճառները շատ ու շատ են։ Նախ և առաջ այսօր չկան այն մարդիկ, որ ղեկավարում էին Շարժումը։ Անկեղծորեն նվիրված, պայքարող այդ մարդկանց 90 տոկոսը հիմա չկա։ Եթե նրանք լինեին, այսօր զերծ կմնայինք բազում սխալներից։

- Իսկ ինչո՞ւ այդ մարդիկ չկան։

- Մի մասը դուրս է մնացել, մյուսներին դուրս են թողել քաղաքական գործընթացից, շատերն այսօր կենդանի չեն։ Սա է իրողությունը։ Այսօր մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որ կարողանանք դուրս գալ փակուղուց։ Անգործությունը կամ նոր սխալները կործանարար են։
Սեպտեմբերի 1



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ՞ ՍՏՈՐԱԳՐԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Ճեպազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ։

- Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձն է։ Շուրջ երկու տասնամյակ պետականորեն նշում ենք այդ տոնը։ Առանց արցախյան կողմի, սակայն, բանակցություններ են տանում, փորձում որոշել մեր ճակատագիրը։ Բանակցություններում քննարկվող հարցերի վերաբերյալ եղած հրապարակումները ենթադրել են տալիս, որ մի օր մենք կորցնելու ենք մեր պետականությունը։ Ձեզ չի՞ թվում, որ մեր Անկախությունն այսօր դարձել է սակարկության առարկա։

- Հնարավոր է՝ մի քիչ պարզունակ հնչի, բայց մեր անկախությունը մեր անկախությունն է, եւ ոչ ոք չի կարող այն դարձնել «սակարկության առարկա»: Երկրորդ, անկախությունը ոչ միայն իրավունք, այլեւ, գուցե ավելի շատ, պատասխանատվություն է: Ես տպավորություն ունեմ, որ մեզանում ավելի հաճախ ընդգծվում է իրավունքը եւ, ցավալիորեն, շրջանցվում պատասխանատվությունը: Ահա դրանից էլ թյուր պատկերացում է ձեւավորվում, որ ինչ-որ տեղ կարող են ինչ-որ նախագծեր իրացվել: Ոչ, չեն իրացվելու, եթե, իհարկե, Արցախի ժողովուրդը մինչեւ վերջ մնա սեփական ընտրության, որը, նորից եմ ուզում շեշտել, ամենից առաջ պատասխանատվություն է՝ տերը: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի այդ մեծ ներուժը:

- Ղարաբաղն, ի վերջո, ընդունո՞ւմ է Մադրիդյան սկզբունքները, թե՞ ոչ։ Հատկապես ի՞նչը չի ընդունում։ Եվ Հայաստանը բանակցություններում արդյոք պաշտպանո՞ւմ է Արցախի այդ դիրքորոշումը։

- Ես, բնականաբար, այն անձը չեմ, որ ինձ պետության եւ ժողովրդի անունից խոսելու իրավասություն վերագրեմ: Կարող եմ ասել, որ «մադրիդյան» կոչված սկզբունքները, որպես այդպիսին, այլեւս անցյալ են: Սա չի նշանակում, թե վաղը միջնորդներն առաջարկելու են մի տարբերակ, որը լիովին բավարարելու է մեր հետաքրքրությունները: Չպետք է ունենալ չափազանցված սպասումներ: Այս առումով հարկ է նկատել, որ կարգավորման այն գաղափարը, որի վրա կառուցվել են «մադրիդյան» սկզբունքները, անընդունելի է առաջին հերթին Ադրբեջանի համար:

Այսինքն, Ադրբեջանը չի ընդունում, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարող է լուծվել ազատ կամարտահայտությամբ, որի արդյունքները կունենան իրավական ուժ: Բանակցությունների հիմնական, առանցքային հարցը դա է: Եւ այստեղ կողմերն ունեն տրամագծորեն ներհակ ընկալումներ: Այն ամենը, ինչ ասում են միջնորդները, զանազան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ եւ քաղաքագետներ, կարելի է համարել ցանկություն: Խոսքն այն մասին է, որ, անշուշտ, կան ուժեր, ուժային բեւեռներ, որոնք ձգտում են «ոսկե միջինի» մեկնակետով հարթել լարվածությունը:

Նման վերաբերմունքը խիստ ուտիլտար է եւ մեզ համար՝ անընկալելի: Իմ տպավորությամբ, այո, մեր ժողովրդի մտահոգությունները եւ հետաքրքրությունները Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային դրսեւորումներում բավարար չափով պաշտպանվում են:

- Ամիսներ առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավորների շուրթերից կոշտ հայտարարություններ հնչեցին, այդ թվում առ այն, որ Արցախը ՀՀ-ին չի լիազորել իր կողմից բանակցություններ վարել։ Ընդհանուր տպավորությունն այսօր այն է, որ ԼՂՀ իշխանությունները կրկին հաշտվել են այն մտքին, որ Արցախի ճակատագիրը որոշեն առանց ղարաբաղյան կողմի մասնակցության։ Արցախն արդյոք լրջորեն ցանկանո՞ւմ է տեղ գրավել բանակցասեղանի շուրջ։

- Չէի ցանկանա վերաբերմունք արտահայտել իմ գործընկերներից ոմանց իրոք հնչեցրած տեսակետի եւ մոտեցման շուրջ: Այդուհանդերձ, ասեմ, որ, իմ գնահատմամբ, նման հուզականությունը իրավիճակին բացարձակապես համարժեք չէր: Բանակցություններն ունենում են, այսպես ասած, վերելքի եւ վայրէջքի պահեր: Կարեւոր է, որ կարողանանք էականը, ուղենշայինը առանձնացնել: Բանակցություններին ԼՂՀ մասնակցությունը, հավանաբար, չպետք է ընկալել այնպես, որ դրանով մեր մոտեցումները կդառնան լիովին ընդունելի:

Դա, թող թույլ տրվի ասել, չափազանցված եւ ոչ իրատեսական ընկալում է: Կա մեկ անառարկելի, աքսիոմատիկ ճշմարտություն. բանակցություններում կողմերն ինչ-որ բան շահում են, ինչ-որ բան՝ կորցնում: Բանակցություններին մասնակից դառնալու համար, կարծում եմ, հարկ է, որ ԼՂՀ-ն որոշարկի այդ՝ «կորուստի» եւ ձեռքբերումի միջակայքը: Նույնը՝ նաեւ Ադրբեջանը: Սա շատ դժվար է, բայց եթե կա իրավիճակը հաղթահարելու ձգտում եւ կամք, ապա հակամարտության իրական կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու այդ ճանապարհն անցնել: Այսօր դա դեռեւս տեսանելի չէ: Նույնիսկ չի էլ ուրվագծվում, ուստի, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կվերադառնա իր շրջանը: Ներկայում ամենաիրատեսականը փաստացի իրավիճակի պահպանման հնարավորությունն է:

- ՀՀ կողմից մեզ համար անցանկալի փաստաթղթի ստորագրման դեպքում ինչպիսի՞ն կլինի ԼՂՀ պաշտոնական արձագանքը։
- Նման փաստաթուղթ Հայաստանը չի ստորագրի:
Սեպտեմբերի 2



ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշեց անկախության հռչակման 18-րդ տարեդարձը։ Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ «18 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազում փորձություններ, զրկանքներ, կորուստներ։ Դրա հետ մեկտեղ մենք ունեցել ենք նաեւ նվաճումներ»: Նա նշեց, որ ողջ հայ ժողովրդի մասնակցությամբ նվաճված անկախությունը բացահայտել է այն գերագույն իմաստը, որ չկա հայրենիքից բարձր արժեք:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Բակո Սահակյանն ասաց, որ «այդ գործընթացն ակտիվություն չի կարող ունենալ, քանի դեռ հիմնական կողմը՝ Ղարաբաղը, ներկայացված չէ բանակցություններում։ Միայն բանակցային գործընթացի ձեւաչափը վերականգնելուց հետո մենք կարող ենք խոսել ակտիվ ժամանակաշրջանի մասին»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների ճակատագրին, Բակո Սահակյանն առանց մանրամասնելու հայտնեց. «Մենք ԼՂՀ անկախությունը տեսնում ենք ոչ ԼՂԻՄ-ի տարածքների շրջանակներում, եւ այլ կերպ չի կարող լինել»:

Հասկանալի չեղավ, թե «ոչ ԼՂԻՄ-ի տարածքների շրջանակներում»-ից որն է մնալու Արցախին՝ ազատագրված բոլոր հողե՞րը, դրանց մի մա՞սը, թե Արցախը Հայաստանին կապող մի «պորտալար»՝ Լաչինի միջանցք անվամբ... Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի՝ օրերս հրապարակված երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունների մասին, Բակո Սահակյանն ասաց, որ դժբախտաբար գործ ունենք մի այնպիսի երկրի հետ՝ ի դեմս Թուրքիայի, որտեղ խաբեբայությունը դեռ կազմում է նրա քաղաքականության մի մասը:

«Մենք տեսնում ենք, թե արձանագրությունից հետո ինչպիսի մեկնաբանություններ են անում Թուրքիայի պետական պաշտոնյաները: Իհարկե, սա չի կարող մեզ հույս ներշնչել, որ այդ պահվածքով ու կեցվածքով կարող ենք ակնկալել ազնիվ եւ անկեղծ հարաբերությունների կառուցում...»,- նկատեց ԼՂՀ նախագահը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այդ գործընթացից հաղթող դուրս կգա, որովհետեւ «Հայաստանի մտադրություններն ու տրամադրություններն ազնիվ են»։

Արցախի զինված ուժերի նախկին հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ պատասխանելով տարածքների հանձնման մասին հարցին, ասաց, որ «այս հողը, հրաշալի բնությունը մերն է, ու միշտ էլ մերը կմնա»: Կոմանդոսն ընդգծեց, որ լինելով զինվորական, ում ընկերներն այստեղ արյուն են թափել, դրական ոչինչ չի կարող ասել տարածքների հանձնման վերաբերյալ: «Ի՞նչ կարող ենք հանձնել, մենք այնքա՛ն ենք հանձնել՝ Շահումյանն ենք հանձնել, Մարտակերտը, Արծվաշենը, շատ հողեր ենք հանձնել, էլ ի՞նչ պիտի հանձնենք»։ Նա հավելեց, որ չի հասկանում բոլոր նրանց, ովքեր խոսում են տարածքների հանձնման մասին:

Մատնացույց անելով արցախյան պատերազմի մասնակիցների Հուշահամալիրի տարածքում ամփոփված շիրմաքարերը, Արկադի Տեր-Թադեւոսյանը հուզված ասաց. «Երբ գալիս ու նայում ես այս տղերքին, հասկանում ես, թե ինչ են արել նրանք, եւ որն է նրանց հերոսությունը»։
ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ Արցախ էր ժամանել նաեւ Սերժ Սարգսյանը: Նա, սակայն, լրագրողներին ճեպազրույց չտվեց։ Մեր կարծիքով, սովորության համաձայն, նա հարցազրույց կտա միայն հայաստանյան Հ1-ի պալատական մի թղթակցի։
Սեպտեմբերի 3



ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՃԵՊԱԶՐՈՒՅՑ ՏԱԼ ԱՐՑԱԽՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտ էին ժամանել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը եւ դիվանագիտական կորպուսի պատասխանատուները։ Նրանք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովում՝ պատգամավորների եւ ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու աշխատողների հետ։ Ապա հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԼՂՀ ԱԳՆ պատասխանատու աշխատողների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առկա վիճակի, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, արտաքին քաղաքական ասպարեզում տարվող աշխատանքների համակարգման և այլ խնդիրների հետ, հնչել են մի շարք գործնական առաջարկություններ. այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Պատվիրակության անդամներին այնուհետեւ ընդունել է նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նախագահական նստավայր հրավիրված լրագրողներին հայտնել է, որ Էդ. Նալբանդյանը ճեպազրույց չի տալու։

Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այցի ընթացքում փորձում են ծանոթանալ Ղարաբաղում առկա խնդիրներին, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տրամադրություններին: Հարցին, թե հանդիպումների ժամանակ ինչ-որ համաձայնություններ կամ տարաձայնություններ եղե՞լ են, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «Ի՞նչ անհամաձայնությունների մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, թե ինչպես անել, որ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Խոսքը նաեւ ղարաբաղյան կարգավորման մեխանիզմների մասին է, որ այդ ամենը լինի արդյունավետ, քանի որ մեր նպատակն ընդհանուր է»։

Այսքանով ավարտվեցին հայ դիվանագիտական մտքի կարկառուն դեմքերի արցախյան հանդիպումները։



ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Արցախում կեսլուրջ-կեսկատակ ասում են՝ Երեւանում ցանկացած վատ բան վաղ թե ուշ հայտնվում է Ստեփանակերտում (ի դեպ, որքան գիտեմ, Հայաստանում ընդհակառակն են պնդում՝ Ղարաբաղում որքան վատ բան կա, հայտնվում է Երեւանում)։ Հայաստանից Արցախ ժամանած վատ երեւույթներից մեկը հայոց լեզվի հանդեպ ջարդարարական վերաբերմունքն է՝ զանազան դրսեւորումներով։

Այսօր հայազգի գրեթե բոլոր տրամաչափի աստիճանավորներից մինչեւ հեռուստալրագրող ու հաղորդավար, մտավորական ու շարքային քաղաքացի, այնպիսի անհոգությամբ են աղավաղում հարազատ մայրենին, կարծես դա գերագույն հաճույք է պատճառում իրենց։ Եթե տասնամյակներ առաջ յուրաքանչյուր դպրոցական գիտեր, որ պետք է «հույս դնենք մեզ վրա», «մեզ համար (ինձ համար) գրքեր են ուղարկել», ապա այսօր համատարած՝ «մեր համար (իմ համար) բոլյոր հարաֆային երկրները բաց են», «մեր վրա (իմ վրա) հույս մի դրեք», «ես քթնում եմ, որ մեզ քցում են...», «շնորհակալություն եմ հայտնում ձեզնից…»։

Ու ցավալին այն է, որ այսպես ոչ միայն խոսում, այլեւ գրում են: Եվ այս շիլաշփոթը հրամցվում է ամեն օր, ամեն ժամ՝ հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրանք սպրդում-հայտնվում են թերթի էջերում: Ու այս ամենը դարձել է սովորական, առօրեական երեւույթ: Եւ ահա, ինչպես Հայաստանում, Արցախում եւս հաճախակի խախտվող օրենքների համաստեղությունում «Լեզվի մասին օրենքը» հայտնվել է առաջին հորիզոնականում։ Չնայած Ստեփանակերտում մի քանի շենքերի ճակատից «Լեզվի տեսչությունը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է», այսօր ղարաբաղյան կադրերի գերակշիռ մասը ռուսախոսներ են։

«Իմ համար» կամ «մեր համար» չի լինում, «մեր վրա» կամ «իմ վրա» չի լինում։ Մեր ապուպապերը դարեր ի վեր գրել եւ ասում են՝ մեզ համար, ինձ համար, մեզ վրա, ինձ վրա... Գտնում են եւ ոչ թե՝ քթնում, գցում են եւ ոչ թե՝ քցում... Ռուսախոս բարձրաստիճան մեկը սկսել է հայերենով ֆիքսել, եւ արդյունքում՝ հայազգի մեծ ու փոքր գրաճանաչները ամրագրելու փոխարեն սկսել են աջ ու ձախ ֆիքսել ու պրոգնոզներ անել պրետենզիաների մասին...

Ստեփանակերտում ու ողջ Արցախում շենքերի վրա փակցված զանազան ցուցանակները շարունակում են խեղաթյուրել մայրենին։ Նոր ժամանակներում մեր երկիրը լցված ամենատարբեր ՓԲԸ-ների ու ՍՊԸ-ների տերերն իրենց առեւտրական ու այլ կարգի օբյեկտների ճակատները զարդարել են «Հոլստեն» ու «Բոգինիա»-ով, «Ժեմչուգ» ու «Տյուլպան»-ով, «Թու լիփս» ու «Պյատաչոկ»-ով... Հաճախակի կարելի է հանդիպել հայերեն տառերով գրված անվանումների, որոնք ասես վերցված են հանրահայտ «Գովք հիմարության» գրքից։

Հեռուստաալիքներով ցուցադրվող տեղական գովազդային հոլովակների մի մասը հրամցվում է ոչ հայերեն, օտար ռուսերեն լեզվով։ Այդ հոլովակներից կարելի է պատկերացում կազմել դրանց պատվիրատուների ինտելեկտի ու ճաշակի մասին։ Իսկ քանի որ գովազդային հոլովակներ հիմնականում պատվիրում են նրանք, ովքեր նման շռայլության համար փող ու հնարավորություն ունեն կամ, այլ կերպ ասած, մոտ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, կարելի է ենթադրել, թե «Լեզվի մասին ԼՂՀ օրենքին» ինչպես են վերաբերվում իշխանությունները։

Արցախի հանրային հեռուստատեսությամբ լեզվի մասին օրենքը խախտում են հատկապես իշխանավորները։ Բարձր աթոռին բազմած համեստ կարողություններով նախարարուհին ճամարտակում է օտար ռուսերենով, անգամ հայերենով տրված հարցերին է պատասխանում օտար լեզվով, ու դրա համար ոչ ոք նրան պատասխանատվության չի ենթարկում, չնայած Արցախում եւս գոյություն ունի լեզվի տեսչություն, ու այնտեղ աշխատող մարդիկ հանգիստ խղճով ամսեամիս աշխատավարձ են ստանում։ Այնպես է ստացվում, որ այսօր իշխանական բուրգում հայտնված շատերին թվում է, թե խելոք երեւալու ամենաառաջին պայմանը օտար լեզվի խղճուկ իմացությամբ հանրությանը զարմացնելն է։

Կա նաեւ հակառակ ծայրահեղությունը. փորձ է արվում հայացնել, հայկական տարազ հագցնել միջազգայնորեն ընդունված բոլոր տերմիններին: Առայսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պիտի արվեստագետին՝ նկարչին ու երաժիշտին անվանենք արհեստավարժ: Այդ երբվանի՞ց է նկարչությունը, երաժշտությունը արհեստ դարձել… Ինչպե՞ս կարելի է հիմնախնդիր կամ հիմնահարց անվանել անձնական փոքրիկ մի պրոբլեմը… Ի՞նչ վատ կլինի, եթե հիմնահարցերին զուգահեռ փորձենք լուծել նաեւ մեր փոքրիկ պրոբլեմները…
Այդ թվում եւ ամենից առաջ՝ լեզվի պրոբլեմը, մեր մայրենիի՝ հայոց լեզվի պրոբլեմը... Որ վաղը հիմնահարց է դառնալու։



ԼՂՀ ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է, ԱԳՆ-Ն՝ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ

Ադրբեջանական 1news.az-ը տեղեկատվություն է տարածել, որ սեպտեմբերի 10-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական ռազմուժի շփման գծի Աղդամի հատվածում տեղի է ունեցել կատաղի փոխհրաձգություն, որի ընթացքում սպանվել է 5 հայ զինվոր, իսկ 3-ը վիրավորվել են։ Նույն աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական կողմից վիրավորվել է մի զինվոր, որից հետո դրությունը նորմալացել է։

ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է այդ տեղեկատվությունը, հայտնելով, որ Աղդամի ուղղությունում նման միջադեպ չի եղել, որ «դա ադրբեջանական քարոզչամեքենայի վառ երեւակայության արդյունք է, ոչ մի փոխհրաձգություն չի եղել։ Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերահսկում են հակամարտ զինուժի շփման գծի բոլոր հատվածները»։

Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է մեկ այլ հայտարարություն։ Այն վերաբերում է Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում նշանակելուն։ ԼՂՀ արտգորնախարարությունը հայտնում է, որ «պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար»:

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է, որ ԱՄՆ-ն այսուհետ եւս լուրջ ուշադրություն կդարձնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կնպաստի բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմանը՝ այն առումով, որ այս գործընթացը առաջ շարժվի եւ ունենա դրական արդյունքներ»:




ԱՐՑԱԽԻ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԵՆ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»

Սեպտեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշեցին, որ դաշնակցության արցախյան կառույցը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով համամիտ է հայաստանյան կառույցի հետ։ Ընդգծվեց, որ այդ հարաբերությունների վերաբերյալ Արցախն ունի իր հստակ կարծիքը։ Դավիթ Իշխանյանն ասաց, որ այդ հարաբերությունների զարգացումները դարձել են համահայկական նշանակության եւ արդեն դուրս են Հայաստան-Թուրքիա հարաբերություններից. «Սա համազգային նշանակության խնդիր է, որը, բնականաբար, պետք է ունենա նաեւ համապատասխան քննարկումներ ԼՂՀ-ում»։

Հիշեցնելով հայ-թուրքական հարաբերությունների երեք նախապայմանները՝ տարածքային պահանջներից ՀՀ-ի հրաժարում, Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում եւ Ղարաբաղի հարց, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով ներկայացված են արձանագրություններում, Դավիթ Իշխանյանը շեշտեց, որ չնայած հայկական դիվանագիտությունը փորձում է ներկայացնել, որ չկան նախապայմաններ, դաշնակցությունն այլ կարծիքի է, որն արտահատված է ՀՅԴ սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ:

Դավիթ Իշխանյանը վտանգ է տեսնում հենց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հարցի միջեւ զուգահեռների անցկացման մեջ։ Ըստ Արմեն Սարգսյանի, հայ-թուրքական սահմանի բացումը եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը հասարակական պահանջ չեն ներկայացնում։ «Մենք դեմ չենք այդ հարաբերություններին, բայց դեմ ենք, որ այդ հարաբերությունները զարգանում են ազգային անվտանգության եւ ազգային շահերի անտեսման հետեւանքով»,- ասաց նա։ Անդրադառնալով արձանագրությունների՝ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչման մասին կետին, Ա. Սարգսյանն նշեց, որ դա նշանակում է Կարսի պայմանագրի հաստատում:

Ինչ վերաբերում է հայկական կողմից տարածքների հանձնմանը եւ Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքին, ապա Ա. Սարգսյանի կարծիքով՝ մի 5-10 տարի հետո կամ մի հարմար պահի ադրբեջանցիները միանգամից հարձակվելու են միջանցքի վրա, որի հետեւանքով Արցախը կտրվելու է Հայաստանից ու աշխարհից եւ կապիտուլացվելու: Ա. Սարգսյանի խոսքերով՝ «Պատերազմ չլինելու համար պետք է հողերը պահել, հանձնումը բերելու է նոր պատերազմի եւ նոր կորուստների»։

Ի դեպ, մինչեւ սույն մամուլի ասուլիսը, Ստեփանակերտում փակցվել են պաստառներ՝ որոնք ազդարարում են՝ ո՜չ թուրքական նախապայմաններին։ Ենթատեքստից հասկացվում է, որ այդ «ոչ»-ը վերաբերում է ոչ միայն թուրքական նախապայմաններին, սակայն առայժմ դաշնակցականները չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Հստակ զգացվում է, որ Արցախի դաշնակցականներն այնքան էլ ոգեւորված չեն Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությամբ», որի արդյունքում գնդակի դերում հայտնվել է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստան պետությունը։




ՓՉԻՐ, ԳԱՎՐԻԼԱ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԸ

Սեպտեմբերի 16-ին կայացավ ԼՂՀ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը։ Մինչ ղարաբաղցի պատգամավորներն արձակուրդում էին եւ իրենց վաստակած հանգիստն էին վայելում, մեր տարածաշրջանում տեղի են ունեցել հետաքրքիր իրադարձություններ եւ սպասվում են նոր զարգացումներ։

Մասնավորապես՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման, սահմանի բացման, Ստամբուլից մինչ Բաքու՝ հայկական տարածքով, մասնավորապես Լաչինի միջանցքով «խաղաղության ճանապարհ» բացելու հետ։ Դրանց գերակշիռ մասն առնչվում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։

Սպասվում էր, որ արձակուրդից վերադարձած ղարաբաղցի պատգամավորները կներկայացնեն իրենց դիրքորոշումը վերոհիշյալ զարգացումների վերաբերյալ... Բայց ոչ. Արցախի խորհրդարանում առավել սուր հարցեր են կուտակվել։ Ահավասիկ՝ ինչպես անել, որ ավելի ընդլայնվեն ԼՂՀ օրհներգ-հիմնի «օգտագործման շրջանակները»։ Ի դեպ, Արցախի օրհներգի յուրահատկությունն այն է, որ ժամանակին այն քննադատել, ծաղրել ու մերժել էին նույն խորհրդարանում, սակայն տարիներ հետո, ինչ-ինչ պատճառներով, այն հանկարծ հավանել ու հռչակել են որպես հանրապետության պետական հիմն։ Չնայած դրա խոսքերը շարունակ տպագրում են, անգամ՝ դպրոցական տետրերի կազմերին, «երգի» բառերն այդպես էլ չեն կարողանում սերտել, էլ չենք խոսում երգելու մասին։

Ու ահա, պատգամավորներից մեկն առաջարկեց, որ նիստերի բացման ժամանակ խորհրդարանականները կատարեն օրհներգը, առաջարկ եղավ նաեւ տեքստը բազմացնել ու տրամադրել ԱԺ երեսփոխաններին։ Բացի դրանից, առաջարկվեց այդ խոսքերը զետեղել նաեւ խորհրդարանի «մոնիտորի» վրա, որպեսզի պատգամավորներն ավելի հավեսով երգեն։

ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահ Արպատ Ավանեսյանը կրկին անդրադարձավ մինչեւ արձակուրդ գնալն իր հնչեցրած հարցին։ Այն է՝ ԼՂՀ կրթության ու գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, որ մինչ այդ ԼՂՀ ՊԲ շտաբի պետն էր, չունի գիտական ոչ մի կոչում, բայց գլխավորում է ֆիզիկայի գծով քննական հանձնաժողովը...

Ըստ երեւույթին՝ Արցախյան խնդրի կարգավորման, նրա միջազգային ճանաչման բանալին թաքնված է պատգամավորների կողմից ԼՂՀ օրհներգի կատարման մեջ։ Իսկ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ ԼՂՀ կրթության ու գիտության նախարարը յուրացրել է «ֆիզիկայի հանձնաժողովի» ղեկը։

Այս ամենից հետո դեռ գտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, թե Ղարաբաղի իշխանություններին չի հուզում սեփական երկրի ճակատագիրը։




ԱՄԵՆ ՄԵԿԸ ՄԻ ՏԵՂ ՔՈՒՋՈՒՋ Է ԱՆՈՒՄ՝ ԳԼՈՒԽԸ ՊԱՀՈՒՄ

Հայկական, այսպես կոչված, անկախ ու ժողովրդավարական հանրապետություններում «կադր» հասկացությունը վերջին մեկեւկես տասնամյակում կորցրել է իր իմաստը։ Այն փոխարինվել է «թիմ» հասկացությամբ։ Ցավոք, այն ընդհանուր ոչինչ չունի սպորտի ոլորտից մեզ ծանոթ նույնանուն հասկացության հետ։ Վերոնշյալ «թիմն» իր մեջ ներառում է ազգականների, ընկեր-բարեկամների, ծանոթների մի խառնիճաղանջություն, որոնց մեջ մասնագիտական որակները կամ իսպառ բացակայում են, կամ գտնվում են ամենավերջին տեղում։

Այդպես է Հայաստանում, այդպես է նաեւ Արցախում։ Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական եւ այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, ավելին՝ հակացուցված են զբաղեցրած պաշտոններին...

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարական համակարգում։ Գրեթե բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում եղել են կադրային փոփոխություններ։ Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարական ապարատի ուռճացվածության մասին։ Այդ առումով նոր նախագահից ակնկալվում էին հակառակ գործողություններ։ Սպասելիքները, սակայն, առայժմ արդարացման հույսեր չեն ներշնչում։

Նախկին նախագահի «կադրերը» հաճախ, ազատվելով զբաղեցրած պաշտոններից, հաջողությամբ տեղավորվում են այլ «փափուկ» պաշտոններում։ Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երեւույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղեւորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն, եւ տեղ կազատվի։ Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլեւ մեքենա են խցկվում մի քանի նոր ուղեւորներ եւս։ Թե այդքանը ոնց են տեղավորվում համեստ չափերով ավտոմեքենայում՝ դուրս է ֆիզիկայի օրենքներից։

Փոքրիկ Արցախում պետական ապարատը հիշեցնում է հայտնի դանայան տակառը։ Լցնում են, լցնում, բայց «չի լցվում»... Արցախում պետական ուռճացված ապարատի յուրաքանչյուր միջին տրամաչափի ղեկավարի որդին կամ դուստրը, խնամին կամ սիրուհին պարտադիր աշխատում է հարեւան նախարարությունում։ Պետական ապարատն իրենից ներկայացնում է մի մեծ տուն, որտեղ բոլորը «յուրային» են։ Ստեփանակերտում կառավարության շենքին կից կառուցվում է, ավելի ճիշտ՝ արդեն կառուցվել է «կառավարական մի համալիր», մնում է սենյակները կահավորել-լցոնել համամապատասխան «կադրերով»։

Հարգի է անգամ սիրուհիների ամուսինների խնամակալությունը։ Անկողնային լուրը կամ ռեպորտաժը դուրս են «Տարեգիրի» կոռեկտության սահմաններից, ուստի օրինակ չբերենք, թեեւ այդ օրինակները հաճախ են շրջանառվում ստեփանակերտցիների բանավոր խոսակցություններում։ Բիզնեսը հիմնականում գտնվում է բարձր ու միջին պաշտոնյաների ձեռքում՝ որդու կամ դստեր, սիրուհու կամ փեսայի, անգամ՝ զոքանչի անվամբ։

Հայկական կադրային քաղաքականության ամենաբնորոշ, ամենատարածված երեւույթներից մեկն էլ «ռակիրովկան» է։ Երկու բարձր պաշտոնյայի վերցնում եւ պարզապես փոխում են գումարելիների տեղերը։ Համաձայն կանոնի՝ գումարը չի փոխվում։ Ըստ երեւույթին մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել բուն մասնագիտության եւ նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, եւ նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։

Հանդիպումներից մեկի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն արձանագրել է, որ որոշ պաշտոնյաներ «իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»։ Նա նշել է նաեւ, որ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքի են ընդունում միայն «ծանոթ-բարեկամի» սկզբունքով։ Ցավն այն է, սակայն, որ «ծանոթ-բարեկամի» սկզբունքով ոչ միայն աշխատանքի են ընդունում, այլեւ մինչեւիսկ նոր «փափուկ» հաստիք են ստեղծում այդ «կադրերի» համար։

Իշխանության եկածը, յուրաքանչյուր նոր իշխանություն իր հպատակներին հանգստացնում է՝ կադրային ջարդ չի լինելու։ Մինչդեռ ցանկալի՜ է, որ լինի։ Պե՜տք է լինի։ Ու ամենից առաջ այն պիտի լինի ոչ միայն բարձր, այլեւ միջին օղակներում, որտեղ տարիներ շարունակ «քուջուջ են անում» կադրեր, որոնց միակ կարողությունը, բան ու գործը քուջուջ անելն է՝ ամենաուղիղ եւ փոխաբերական իմաստներով։ Պետական ավգյան ախոռում տարիներով կուտակված աղբը պետք է մաքրել։ Այլապես երկիրը շնչահեղձ է լինելու։




ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է

Արցախում ստեղծվել է միաբեւեռ քաղաքական դաշտ։ Այլեւս չկան ընդդիմադիր քաղաքական ուժեր, չկա ընդդիմություն, ասել է թե՝ իշխանության համար այլեւս չկա գլխացավանք։ Բոլորը «մերոնք» են։ Ճիշտ է, այդ «մերոնքն» այնքան էլ միագույն չէ՝ կան սիրելի մերոնք, կան պարզապես հանդուրժելի մերոնք։ «Սիրելի մերոնք» հիմնականում տեղավորված են բարձր ու միջին օղակներում, «հանդուրժելի մերոնցից» որոշ հանդուրժելիներ պետական ապարատում որոշակի «փափուկ» աթոռներ են զբաղեցնում։ Ահա եւ ողջ քաղաքական դաշտը։

Երեւանում մարտիմեկյան դեպքերից հետո արցախյան արձագանքներ չեղան։ Ընդդիմադիր շատ գործիչներ, արցախյան պատերազմի մասնակիցներ տարակուսանքի մեջ էին։ Արցախցի իրենց ընկերների, զինակիցների լռությունը անհասկանալի էր, չէր տեղավորվում տրամաբանության սահմաններում։ Հրապարակային դժգոհություններ էլ հնչեցին...

Իսկ ամեն ինչ շատ հասարակ ու պարզ է։ Արցախից ովքե՞ր պիտի արձագանքեին մարտիմեկյան դեպքերին։ Իշխանական ճամբարից, բնական է, որ արձագանք չէր կարող լինել։ Ողբերգական դեպքերին ցավակցորեն արձագանքել կարող էր միայն ընդդիմությունը։ Բայց այն արդեն պարզապես չկա, այլեւս գոյություն չունի։

Նրանց մի մասը, որ զենքը ձեռքին հայրենիք է պաշտպանել, այսօր գրեթե մոռացված է եւ ընտանիքի բազում հոգսերից հոգնած ու խեղճացած։ Նրանց մյուս մասը, որ տարիներ առաջ ժողովրդավարական բարեփոխումների հույսեր էր փայփայում, Ղարաբաղի նախկին նախագահի եւ իշխանությունների կողմից «անկյուն էր քշվել»։ Նրանք սպասում էին, որ Հայաստանի իրենց բախտակիցները, ՀՀ կառավարական բուրգից դուրս մնացած քաղաքական ուժերը, հասարակական գործիչները ինչ-որ կերպ կփորձեն նեցուկ կանգնել իրենց։

Բայց, ցավոք, այդ բանը տեղի չունեցավ։ Նույն այդ ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր երեւանցի տղերքը տոն օրերին Ստեփանակերտում լուսանկարվում էին նախկին նախագահի հետ, նրա նախագահական առանձնասենյակում դեսից-դենից զրուցում, երջանկացած ու բավարարված մեկնում Հայաստան, չմոռանալով հընթացս մի քանի լրագրողի հայտնել, որ Արցախում ամեն ինչ «օքեյ է»...

Երեւանյան այդ ընկերներից ոմանք բացեիբաց հրապարակավ ողջունում էին ղուկասյանական «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ ընդդիմադիր մամուլն առավելապես առաջնորդվում էր (ցավոք՝ այսօր եւս) «Ղարաբաղի ներքին կյանքի մասին կամ միայն լավը, կամ՝ ոչինչ» սկզբունքով։ Քիչ չի պատահում, որ երեւանյան ընդդիմադիր թերթերը կատարում են ստեփանակերտցի ինչ-որ ստահակի պատվերը։ Երեւանում շատերի կարծիքով Արցախը ոչ թե երկիր կամ հանրապետություն, այլ մի մեծ տուն է, որտեղ պարզապես ղարաբաղցիներ են ապրում։ Միանման լավ, կամ միանման վատ՝ բոլոր նրանց համար, ովքեր նեղացած կամ զզված են ղարաբաղյան ծագումով մեկից...

Թե ինչու Արցախում չկա ընդդիմություն, դրանում, այսպես թե այնպես, մեղքի իրենց բաժինն ունեն հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները։ Այսօր Արցախի քաղաքական դաշտում խաղաղություն է, հարաբերական անդորր: Դա իսկապե՞ս հարաբերական անդորր է, թե՞ մշտական` ցույց կտա ժամանակը։




ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼԸ

Ճեպազրույց ԼՂՀ Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

- Հայկական դիվանագիտությունը վերջին երկտասնամյակում արդյոք ամենաճի՞շտ ճանապարհն է ընտրել։ Մասնավորապես, այսպես կոչված, «ղարաբաղյան կարգավորման» հարցում։

- Մեր դիվանագիտությունը ի զորու չեղավ միջազգային հանրությանն ըստ արժանվույն հրամցնելու հայ ազգի օրինական եւ իրավական պահանջները: Ռազմի դաշտում տարած հաղթանակը հայկական դիվանագիտությունը չկարողացավ օգտագործել եւ պարտված Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Ըստ իս՝ ղարաբաղյան հիմնախնդիրն այնպես, ինչպես ներկայացվում է, գոյություն չունի: Այն գերտերությունների կողմից արհեստականորեն ստեղծած քաղաքական ծուղակ է, որի նպատակն է տարածաշրջանում պահպանել ազդեցությունը: Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկախացել է եւ, իրավական տեսանկյունից, կորցրել իր ազդեցությունը բռնակցված Արցախի եւ Նախիջեւանի նկատմամբ: Նախիջեւանը հայաթափվել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք է բերել փաստացի անկախություն եւ ազատորեն կարող էր վերամիավորվել Հայաստանին:

- Իսկ ինչո՞ւ չի վերամիավորվել Հայաստանին։ Մի՞թե մեր միակ նպատակը անկախ պետության ստեղծումն է եղել:

- Նման հարցին ի պատասխան սովորաբար նշում են, թե տվյալ ժամանակահատվածում միակ եւ ճշմարիտ քայլը դա է եղել: Չմոռանալով ավելացնել նաեւ, որ «անկախ պետությունը» միջոց է նպատակին՝ Միացմանը հասնելու համար: Նախ՝ եթե իրոք անկախ պետության ստեղծումը անհրաժեշտ քայլ է եղել, ապա ինչո՞ւ այդ քայլը առաջադրող կամ պարտադրող պետությունը կամ պետությունները ԼՂՀ անկախությունը մինչեւ հիմա չեն ճանաչել: Բացի դրանից՝ անկախ պետություն ստեղծելու եւ միջազգայնորեն ճանաչվելու գործնթացը ավելի բարդ է, քան ճանաչված պետության կազմի մեջ մտնելը, մանավանդ որ առկա են թե՜ իրավական, թե՜ պատմական բոլոր հիմքերը:

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը չի հասել իր բաղձալի նպատակին, այսինքն՝ վերամիավորում Մայր Հայաստանին տեղի չի ունեցել: Դեռ ավելին՝ ԼՂՀ-ն, ընդունելով Սահմանադրություն, որտեղ բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության եւ մեր ամբողջական հայրենիքի մասին, էլ ավելի է հեռացել Շարժման բուն նպատակից:

- Գոյություն ունի շրջանառվող մեկ այլ տեսակետ, ըստ որի՝ ԼՂՀ անկախության հռչակումը փոխզիջում է:

- Այդ տեսակետի կողմնակիցների հիմնավորումը շատ թույլ է եւ խոցելի: Նախ՝ հետաքրքիր է իմանալ. Ադրբեջանը ընդունե՞լ է այդ փոխզիջումը եւ դրա փոխարեն ի՞նչ է զիջել: Բացի դրանից, Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն, թե Արցախը բաժանվելուց հետո (իրավաբանորեն՝ վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 1-ին) անկախ պետությո՞ւն է ստեղծում, թե՞ միանում է այլ պետության:

Հայկական դիվանագիտությունը, այսպես կոչված, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջնային է համարում ազգերի ինքնորոշումը, դրանով իսկ նսեմացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց իրականում այդ սկզբունքները ոչ միայն չեն հակասում, այլեւ լրացնում են մեկը մյուսին: Խնդիրն այն է, որ մենք՝ հայերս, ազգային-ազատագրական պայքարի ենք ելել ոչ թե օտարի տարածքում ինքնորոշվելու, այլ՝ վերացնելու օտարի գաղութային լուծը, վերականգնելու պատմական արդարությունը եւ վերամիավորվելու Մայր Հայաստանին:

- Արդյոք գնացքն արդեն չի՞ մեկնել։ Ի՞նչ քայլեր պետք է անել, որ հող նախապատրաստվի մի ամբողջական պետություն ստեղծելու համար։

- Առաջին քայլը կարող է լինել ՀՀ եւ ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը եւ չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում:

- Բայց այսօր շատ քչերն են մտածում այդ մասին՝ թե՜ Արցախում, թե՜ Երեւանում։ Դեռ ավելին՝ ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացմանը» միտված քայլերը ոչ մի լավ բան չեն խոստանում։

- Ես այլ ելք չեմ տեսնում։ Դա մի օր պիտի կատարվի։ Այդ է ճանապարհը։ Բայց, ամեն դեպքում, անաչառ գնահատելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքը, թերությունները եւ ներկա իրավիճակը, պետք է գոհունակությամբ ու հպարտությամբ նշենք, որ եղած արդյունքներն էլ ազգային գոյապահպանության, հայկական պետականության կայացման, ազգային արժանապատվության վերականգնման տեսանկյուններից անգնահատելի են:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, սահմանի բացման հարցին, ապա կարծում եմ, որ դա գերտերությունների եւ Թուրքիայի կողմից պատրաստած ծուղակ է։ Քանի դեռ Թուրքիան ուրանում է իր կատարած ոճիրը, Գերմանիայի եւ քաղաքակիրթ այլ երկրների օրինակով չի ընդունում իր մեղքն ու ներողություն չի խնդրում կատարածի համար, մենք չպիտի նրան ձեռք մեկնենք, թե՝ «ուզում ենք բարելավել մեր հարաբերությունները»։ Կարծես մենք ենք փչացրել կամ մեր մեղքով են փչացել այդ հարաբերությունները... Հետաքրքիրն այն է, որ ոչ թե մենք, այլ հենց թուրքերն են նախապայմաններ առաջադրում։ Ինչպես Ադրբեջանն է անում։ Նույն ոճն է, նույն ձեռագիրը։ Իսկ մենք սխալվելու իրավունք չունենք։ Ինչպես ասում են՝ այլեւս տեղ չկա, ետեւում մեր ապրելու, գոյատեւման խնդիրն է։




ԴԵՌԵՎՍ ՆՈՐԱՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ

Մերօրյա որոշ գործիչներ, չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հայթայթելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որը փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից։

Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք եւ ապշում. պարզվում է՝ այսինչը, ոչ ավելի, ոչ պակաս, հերոս է, այնինչը ոչ միայն հերոս է, այլեւ, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ ինքն ազգի փրկիչ է: Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը աջ ու ձախ ինտրիգներ սարքելով կամ նախորդների վրա ցեխ շպրտելով, մեկ ուրիշը՝ կաշառելով..., մի վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով կամ իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով... Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:

Ոմանց երեւի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը: Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երեւակայի»: Երեւույթը նոր չէ։ Ժամանակին մեծ մտածողներից մեկը նկատել է, որ «տափակ հարթության վրա յուրաքանչյուր հողակոշտ բլուր է թվում»։

«Գոլոս Արմենիի» թերթի սեպտեմբերի 8-ի համարում տպագրված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի «Վարդան Հակոբյան՝ գրողների միության նախագահ» վերնագրով հոդվածը Արցախյան շարժման ու պատերազմի շատ վետերանների, Ղարաբաղի վերջին երկտասնամյա պատմությանը շատ թե քիչ քաջածանոթ մարդկանց, մեղմ ասած, տարակուսանքի մեջ է գցել։ Երեւի թե այդ ժամանակահատվածի մասին առայսօր տպագրված խեղաթյուրումների շարքում վերոհիշյալ հոդվածը երկար տարիներ կմնա չգերազանցված։

Հոդվածի հեղինակը հայտնում է, թե իր հոդվածը գրել է «արխիվում պահպանվող նյութերի հիման վրա»։ Հետաքրքիր է՝ դա ի՞նչ արխիվ է, որտե՞ղ է պահվում այդ արխիվը, որի հիման վրա պրոֆեսորը հայտնում է, որ «Вардан Акопян был не только поэтом, но и азатамартиком, политическим деятелем, интеллигентом, прошедшим весь путь страданий и героизма».

Մի կողմ թողնենք ականատեսիս սուբյեկտիվ կարծիքը։ Ես զրուցել եմ արցախցի մի քանի պետական, հասարակական, քաղաքական գործիչների հետ. նրանցից ոչ ոք չի գտնում, որ Վարդան Հակոբյանը ազգային-ազատագրական պայքարի պիոներ է կամ քաղաքական գործիչ։

Բավական չէ, որ պատմաբանն արցախյան պատերազմի հետ երբեք առնչություն չունեցած մարդուն անվանում է «ազատամարտիկ», այնուհետեւ հայտնում է, թե 1988 թ. փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանի հրավիրման առաջարկությունը ներկայացրել են Վ. Հակոբյանն ու Արմո Ծատրյանը։ Հետո, ըստ պրոֆեսորի՝ «Վարդան Հակոբյանն իր վրա է վերցրել արտակարգ նստաշրջանի կազմակերպման պատասխանատվությունը»։

Իր շքախմբով Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ղեկավար Ք. Բագիրովը փորձել է կանխել արտահերթ նստաշրջանի աշխատանքը։ Ըստ պատմաբանի՝ «Предпринимались попытки либо заставить Вардана изменить свою позицию, либо запугать его. Однако его ответ был четким и отрицательным». Հոդվածի հեղինակը, «արխիվային նյութերի հիման վրա» պատմում է, որ Վարդանը մոտեցել է խոսափողին... Եվ նրա խոսքերից հետո Բագիրովին այլ բան չէր մնում, քան հեռանալ նիստերի դահլիճից։

Այն մարդիկ, ովքեր իրոք զբաղվում էին նստաշրջանի կազմակերպման խնդրով, բարեբախտաբար, դեռ կենդանի են, եւ ես զրուցել եմ նրանց հետ։ Նստաշրջանի կազմակերպման խնդրով զբաղվում էր Ռազմիկ Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ նստաշրջանի նախագահ Վիգեն Հայրապետյանից բացի կար նաեւ նախագահի «պահեստային» տարբերակ, որ հայտնի է միայն իրեն... Ռ. Պետրոսյանը հավելեց նաեւ, որ քվորում ապահովելու համար պատգամավորներից երկուսին անձամբ ինքն է բերել նիստերի դահլիճ։

Ըստ Հրանտ Աբրահամյանի, չնայած «Կռունկ» կոմիտեի նախագահը Արկադի Մանուչարովն էր, «խորհրդի բոլոր աշխատանքները փաստորեն կոորդինացնում էր» նրա տեղակալ Վարդան Հակոբյանը։ «После того, как 24 марта »Крунк« запретили, Вардан часто общался с населением области, посещал районы, выступал перед их жителями, призывал организовываться, создавать оборонительные отряды, вооружаться...»,- գրում է հոդվածի հեղինակը։

Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը, ովքեր ժամանակին եղել են ոչ միայն ինքնապաշտպանության կոմիտեի անդամներ, այլեւ «Կռունկ»-ի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամներ, այնուհետեւ նաեւ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Արցախից, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վետերաններ են (պահեստի գնդապետի եւ փոխգնդապետի կոչումներով), հայտնեցին, որ «Կռունկի» անդամներից միայն 4-5 հոգի էին տիրապետում ողջ ինֆորմացիային, իսկ իրականում բոլոր ծրագրերը կազմում եւ ղեկավարում էր Ինքնապաշտպանության շտաբը, որի կազմում էին Արկադի Մանուչարովը, Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը... «Գործողությունների պլան կազմելիս մենք խորհրդակցում էինք նաեւ Վաչագան Գրիգորյանի, Բորիս Դադամյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասացին նրանք։

«Շտաբը սկզբում գտնվում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, ապա ներկայիս քաղաքապետարանի դիմացի շենքում, այնուհետեւ՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, որտեղ պատահական ու անվստահելի մարդիկ ելումուտ չունեին»,- ասում է Ռ. Պետրոսյանը։

Ես զրուցել եմ նաեւ այլ գործիչների ու ակտիվիստների հետ։ Նրանցից ոչ ոք երբեք չի տեսել ու չի լսել, որ Վ. Հակոբյանը մեկնած լիներ Ղարաբաղի շրջանները՝ բնակչությանը «պաշտպանական խմբեր ստեղծելու կամ զինվելու» կոչ անելու։ Թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ այդ հարցով հատուկ մարդիկ էին զբաղվում, եւ դա խիստ գաղտնի էր կատարվում, քանզի ամեն տեղ շրջում էին կագեբե-ի «ականջներ»...

Մի փաստ եւս. իմ բոլոր զրուցակիցները, ովքեր այդ տարիներին կալանավորվել ու բանտարկվել են, ժպտալով հարցրին. «Եթե ամեն ինչ Վարդանն էր անում ու կազմակերպում, ապա ինչո՞ւ մի անգամ էլ նրան չեն բանտարկել...»։ Նրա անունը չկա նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո պետանվտանգության արխիվներում գտնված շարժման կազմակերպիչների ու ղեկավարների ցուցակներում։

Հ. Աբրահամյանը սխալ է ներկայացնում նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհդին առնչվող հատվածն ու շարունակում. «Первым на сессии выступил депутат облсовета Вардан Акопян. Он предложил провозгласить область Нагорно-Карабахской суверенной республикой».

Զրուցակիցներս հայտնեցին, որ Խորհուրդն ուներ համանախագահողների կազմ, որի մեջ էին մտնում Վաչագան Գրիգորյանը, Վահան Գաբրիելյանը, Սեմյոն Բաբայանը, Արկադի Մանուչարովը (նա պատվավոր նախագահ էր համարվում), Հենրիխ Պողոսյանը (վերջինս հետո հանել էր իր թեկնածությունը)։ Հրանտ Աբրահամյանի հերոսը նախագահության քսան շարքային անդամներից մեկն էր միայն եւ նա, ըստ իմ զրուցակիցների, «չէր կարող այնպիսի հայտարարություններ անել, որի համար թե՜ իրավասու չէր, եւ թե՜ նրա ուժերից վեր էր»։«28 декабря. 8-9 мая 1992г. Вардан Акопян принимал активное участие в боевых действиях по освобождению Шуши»,- Հ. Աբրահամյանն այս տողերով է ավարտում իր խոսքը։

Ճիշտն ասած, երեւանաբնակ պրոֆեսորը, որ Վ. Հակոբյանի արժանիքներն ու ծառայությունները հիշելու համար շարունակ վկայակոչում է երեւանաբնակ մեր մեծերին (առավելապես՝ հանգուցյալ), լավ կլիներ փորձեր Երեւանում բնակվող հանրահայտ «Կոմանդոսից»՝ Արկադի Տեր-Թադեւոսյանից եւ ԼՂՀ ՊԲ նախկին զորահրամանատար ու պաշտպանության նախարար Սամվել Բաբայանից ճշտել, թե Վ. Հակոբյանը ի՞նչ զորամիավորման կազմում էր «ակտիվորեն մասնակցում Շուշիի ազատագրման ռազմագործողությանը»։

Պարզապես հիշենք Իգոր Մուրադյանի խոսքերը. «Բարեբախտաբար, մենք բոլորս դեռ չենք մեռել...»։ Այլապես մի օր կարող է «պարզվել», որ Կոլումբոսից առաջ, ասենք, Կիկոսը կամ Կիրակոսը արդեն հայտնաբերել էին Ամերիկան։




Ո՞Վ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՐ ԱՊՐՈՒՄ Է ԵՎ ՄԵՂՔ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ. ԱՅՍ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱՊՐՈՒՄ ՎԵՀԱՓԱՌԸ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ղարաբաղում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում հանդիպել է տեղի լրագրողների հետ։ Հանդիպմանը ներկա էին արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու այլ հոգեւոր այրեր։

Ինչպես սպասվում էր, լրագրողների առաջին հարցերը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, սահմանի բացմանն ու ղարաբաղյան խնդրին։ Գարեգին երկրորդն ասաց, որ այդ հարցերը քննության կառնեն գերագույն հոգեւոր խորհրդի առաջիկա նիստում, եւ միայն դրանից հետո Հայ Առաքելական եկեղեցին կարտահայտի իր տեսակետը: Այսպես կոչված՝ «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ եւս Վեհափառի պատասխանը խուսափողական էր. «Կարծում եմ, ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ողջ հայության կամքն է՝ ապահովված տեսնել Արցախի ազատ, անկախ ապրելու իրավունքը»: Նա հավելեց, որ հայ եկեղեցին իր կարողությունները նույնպես ներդնում է, «որպեսզի Արցախի մեր ժողովրդի արդար իրավունքը միջազգայնորեն ճանաչում գտնի»:

Ազատագրված տարածքներում «եկեղեցաշինության» հարցին պատասխանեց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ «Քարվաճառում ունենք 4 վերաբացված եկեղեցի, Քաշաթաղում՝ 2 վերանորոգված, 4-ն էլ վերաօծված են»,- հայտնեց նա։ Մնացյալ շրջանների մասին խոսք չեղավ։ Եթե առայսօր դրանք չեն վերաբնակեցնում, բնականաբար այնտեղ չեն կարող եկեղեցիներ վերանորոգել... Լրագրողներից մեկի՝ Ստեփանակերտի Վարարակնի տարածքում վերջերս հայտնաբերված եկեղեցու վերաբերյալ հարցին արցախյան թեմի առաջնորդը պատասխանեց, որ ինքը չգիտե՝ դա եկեղեցի՞ է, թե՞ ոչ։ Պատասխանից պարզ դարձավ, որ նա դեռեւս չի էլ տեսել այդ շինությունը։ Հոգեւոր հովիվներից մեկը պատասխանեց, որ դա իրոք հայկական եկեղեցի է։

Այն հարցին, որ մամուլում հայ հոգեւորականի առավելապես բացասական կերպար է ձեւավորվում, Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց, որ ինքը «մեծապես բավարարված է» հոգեւոր հայրերի գործունեությունից, չնայած երբեմն, իրոք, լինում են անցանկալի դեպքեր, եւ իրենք վերջին տարիներին կարգալույծ են արել շատ եկեղեցականների։ Միաժամանակ նա մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը՝ «Ո՞վ է այն մարդը, որ ապրում է եւ մեղք չի գործում»...




ԱՐՑԱԽՆ ԱՊՐՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔՈՎ...

Մինչ հայկական լրատվամիջոցները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հարցը, իսկ թուրքական Ekolay կայքէջի հավաստմամբ՝ Թուրքիայում դպրոցական նոր դասագրքեր են տպագրում, որտեղ քարտեզում Հայաստանը (ինչպես նաեւ Հյուսիսային Իրաքը, Բուլղարիայի մի մասը, Կիպրոսի հունական մասը, Վրաստանի մի մասը՝ Բաթումով եւ Նախիջեւանը) ներառված են Թուրքիայի կազմում, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, Արցախի իշխանություններն ապրում են բնականոն կյանքով։ Ղարաբաղի նախագահը պատվավոր հյուրեր է ընդունում, ամենատարբեր հարցեր քննարկում հետները եւ ճանապարհ դնում։

Օրերս նա ընդունել էր Ամենայն Հայոց կաթողիկոսին, հետը զրուցել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի մասին ու հավաստացրել, որ «Արցախի անկախությունը եւ անվտանգությունը քննարկման ենթակա չեն», ապա սեպտեմբերի 29-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած հայ նշանավոր կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին, «բարձր գնահատել մաեստրոյի ավանդը մշակույթի զարգացման գործում եւ հույս հայտնել, որ անվանի կոմպոզիտորը այսուհետ էլ կապրի ակտիվ ստեղծագործ կյանքով»:

Արցախի զբոսաշրջային ոլորտի պատվիրակությունն էլ, չնայած ադրբեջանական իշխանությունների բողոքներին, մասնակցում է Փարիզում օրերս կայացած TOP RESA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որի համար պետական բյուջեից հատկացվել է 6 մլն դրամ, եւ այն ծասվել է տաղավար վարձելու ու պատրաստելու համար։ Արցախցիները երկու շաբաթ հետո պատրաստվում են մասնակցել նաեւ Իտալիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին:

Շարքային արցախցիներն աշխարհի անցուդարձերին ծանոթանում են ռուսական ու հայաստանյան հեռուստաալիքներից, հատկապես վերջինների հաղորդումներից «լուսավորվում» հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ «ադաբրյամս»-ներով...

Այնպես որ՝ Ղարաբաղում առայժմ ամեն ինչ «օքեյ» է։ Դեռ ավելին՝ անձրեւային եղանակը կարծես փոխարինվում է արեւայինով... Բայց, այսպես թե այնպես, առջեւում ձմեռ է սպասվում...




Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ

Ղարաբաղի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, սահմանի բացման հարցում առայժմ խորհրդավոր լռություն են պահպանում։ Իշխանական ճամբարից առանձին անձինք, հիմնականում՝ պատգամավորական մանդատ ունեցողներն են արտահայտում իրենց անհամաձայնությունը, վերջում հիմնականում ավելացնելով, որ չեն կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու որեւէ փաստաթուղթ ստորագրել Ալիեւ կրտսերի հետ՝ Արցախի վերաբերյալ։

Փորձեցինք պարզել, թե ինչ են մտածում շարքային ղարաբաղցիները։ Ստեփանակերտում հանդիպած առաջին քաղաքացին՝ միջին տարիքի Արմեն Հարությունյանն ասաց. «Քանի դեռ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, բռնազավթել է ողջ Արեւմտյան Հայաստանը, առանց թաքցնելու Արցախի հարցում պաշտպանում է Ադրբեջանին, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող խաղերը նմանվում են գայլի եւ գառան մտերմությանը»։

Ուսանողուհի Անահիտ Գրիգորյանի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանը չի կարող այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որ վնասի հայության շահերին»։

Բարձրագույնի դիպլոմով գործազուրկ Աշոտ Աբրահամյանն ասաց. «Չեմ հասկանում, ո՞ւմ է պետք իմ կամ ժողովրդի կարծիքը, երբ Հայաստանի նախագահն արդեն շեշտել է, որ Թուրքիայի նախագահի հետ փաստաթուղթը, միեւնույն է, ստորագրելու է։ Արդեն նա միայնակ որոշում է կայացրել ու հետո էլ մեկնում է արտասահման՝ Սփյուռքի կարծիքն իմանալու։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանը բացելուն, դա ձեռնտու է միայն մանր-մունր առեւտրականներին եւ մարմնավաճառության համար Թուրքիա մեկնող կանանց...»։

Տնային տնտեսուհի Ասյա Սարգսյանը գտնում է, որ Թուրքիայի հետ սահման բացել-չբացելը Հայաստանի գործն է։ «Ինչ մնում է Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ ազատագրված տարածքները պիտի հանձնվեն, ապա դա իր որոշելիք խնդիրը չէ։ Այդ հողերը մեր ամուսինները, մեր զավակներն են ազատագրել իրենց արյան ու կյանքի գնով, եւ այստեղ՝ Ղարաբաղում ապրողներս արդեն որոշել ենք այդ հողերը երբեք չտալ թշնամուն։ Հակառակ դեպքում՝ այստեղ ոչ մի հայ չի մնա...»,- ասաց նա։

Պետական ծառայող Ա. Կ.-ն (չցանկացավ անունը հրապարակվի) ասաց. «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրում Հայաստանն իրեն պահում է սկսնակ երեխայի ու վիզը ծուռ որբի պես։ Արդեն մեկ-երկու տարի է Երեւանում շարունակ խոսում են սահմանը բացելու մասին, եւ այնպես են խոսում, կարծես իրենք են սահմանը փակել ու հիմա որոշել են բացել։ Մյուս կողմից՝ սահմանի բացումը ձեռնտու է միայն Թուրքիային։ Առանց սահմանի բացման հայկական շուկան հեղեղված է թուրքական արտադրանքով։ Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի պատկերը սահմանը բացելուց հետո»։

Թոշակառու Հ. Ավանեսյանի կարծիքով՝ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն այլ հարց են, Ղարաբաղի խնդիրը՝ այլ։ Եթե ցեղասպանություն իրականացրած եւ պատմական Հայաստանի հողերի 80 տոկոսը զավթած Թուրքիան եւ ոչ թե տուժող կողմ Հայաստանն է նախապայմաններ առաջադրում, Սերժ Սարգսյանի փոխարեն ես կհրաժարվեի դրանց հետ հարաբերություններ բարելավելու հարց քննարկել։ Ինչ վերաբերում է մեր ազատագրված տարածքներին, դրանք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ։ Իսկ Սահմանադրության դեմ որեւէ ոտնձգություն քրեորեն պատժելի արարք է...»։

«Թուրքիա-մուրքիա չգիտեմ, ես ղարաբաղցի եմ, իմ հայրենիքը Ղարաբաղն է։ Երեւանում եթե որեւէ մեկը գտնում է, որ մեր հողերը պիտի տանք թշնամուն, որ ազերիները նորից պիտի վերադառնան Ղարաբաղ եւ մի տասը տարի հետո միայն որոշենք մեր երկրի ճակատագիրը, ապա ես այդ մարդկանց, ուզում է նախագահ լինի, ուզում է՝ շարքային քաղաքացի, ասում եմ՝ Երեւանի ձեր տները վաճառեք, եկեք ինձ հետ ղարաբաղյան մի գյուղում ապրեք ու հետո միայն ցնդաբանեք Արցախի ճակատագրի մասին»,- ասաց իմ վերջին զրուցակից Արմենակ Հայրապետյանը, որ շտապում էր նստել հայրենի գյուղ մեկնող ավտոբուսը։




«ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՂԱՆԱԿՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԽԱՆԳԱՐԵՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Բարեբախտաբար, այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ չխոչընդոտվեց «անբարենպաստ եղանակի պատճառով»։ Դեռ ավելին՝ հոկտեմբերի 2-ի կեսօրին մոտ նրանք արդեն գտնվում էին Ղարաբաղում եւ զրուցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ճիշտ է, վերջին տասնամյակում նրանց այցելություններն առավելապես չէին արժանանում շարքային արցախցիների ուշադրությանը, հիմնականում նրանց ընդունում էին սովորական տուրիստների տեղ, բայց վերջին իրադարձությունները՝ կապված հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների հետ, արցախցիներին հասկացնել տվին, որ այս պարոնների այցելությունն այնքան էլ անամպ երկինք չի խոստանում Ղարաբաղին։

Ղարաբաղի ղեկավարի հետ հանդիպումից հետո համանախագահների եռյակը պատասխանել է լրագրողների հարցերին: Յուրի Մերզլյակովը հայտնեց, որ հանդիպման ընթացքում Բակո Սահակյանին են ներկայացրել հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մանրամասները, վերջին ժամանակահատվածի զարգացումները, որոնց դինամիկան, նրա կարծիքով՝ դրական է: ԼՂՀ նախագահի հետ երկժամանոց զրույցը երեւի թե բավարար չէր, քանզի ռուս համանախագահը հայտնեց, որ Բակո Սահակյանի հետ զրույցը կշարունակեն նաեւ երեկոյան։

Ինչ վերաբերում է բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցին, Յուրի Մերզլյակովը նշեց, որ եթե դա ավելի վաղ չլինի, ապա կլինի համաձայնագիր մշակելու ժամանակ: Նա հայտնեց, որ դա կլինի «մադրիդյան սկզբունքների» հիման վրա կազմված համաձայնագիր, որն առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հնարավոր չէ, որովհետեւ «խոսքը բնակչության կյանքի, Լեռանային Ղարաբաղի կարգավիճակի մասին է»:

Բեռնար Ֆասյեն հավելեց, որ ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին կախված չէ համանախագահներից: Հիշեցրեց, որ «Ղարաբաղի ներկայացուցիչները նախկինում մասնակցել են բանակցություններին, այնուհետեւ դա դադարեցվել է՝ հայկական կողմի որոշման պատճառով»: Հիշեցրեց նաեւ, որ Ղարաբաղի մասնակցությունը կախված է ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական կողմից։ Ըստ ֆրանսիացու՝ համաձայնագրի ստորագրումից հետո կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ «Ղարաբաղն այլեւս չլինի վախի մեջ, ունենա քիչ վտանգներ, քան այսօրվա ստատուս-քվոյի պայմաններում» (ըստ երեւույթին, հայ քաղաքագետները կարողացել են համանախագահների պատկերացումների մեջ ձեւավորվել «վախեցած ղարաբաղցու» կերպար )։ Միաժամանակ նրանք հայտնեցին, որ «Ամեն ինչ կախված կլինի դրանց իրագործումից»:

Ինչ վերաբերում է համաձայնեցված սկզբունքների մասին հարցին, համանախագահները նախընտրեցին չբացել փակագծերը, քանի դեռ բոլոր սկզբունքները համաձայնեցված չեն։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի շաղկապվածության հարցին, համանախագահները կրկնեցին Երեւանում իրենց արած հայտարարությունը։ Այն է՝ դրանք երկու իրարից տարբեր գործընթացներ են. «Դրանք իրար վրա ազդեցություն կարող են ունենալ, բայց արհեստականորեն մեկը մյուսով պայմանավորել չի կարելի»։

«Արհեստականորեն, ուրեմն, կարելի է առանձնացնել իրարից»,- եղավ կիսաձայն արձագանքը, որին համանախագահները չպատասխանեցին` հայերեն չհասկանալու պատճառով:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, որ առաջին անգամ է Ղարաբաղում, առայժմ փորձում է ծանոթանալ իրավիճակին ու չցանկացավ կարծիք հայտնել։

Յուրի Մերզլյակովը հույս հայտնեց, որ Քիշնեւում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը կստեղծի եւս մի նոր հանդիպման հնարավորություն:
Այսօր համանախագահները Ստեփանակերտից կվերադառնան Երեւան, հաջորդ օրը կմեկնեն Բաքու, որտեղ կմնան մինչեւ ամսի 6-ը։




ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ

Հարցազրույց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին
հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ


- Հետաքրքիր գործընթաց է կատարվում Հայաստանում։ Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ՀՀ ղեկավարությունը, առանց ժողովրդի կամքն ու ցանկությունը հարցնելու, փորձում է «հայ-թուրքական հարաբերությունները բարելավել». ժողովուրդը հիմնականում դեմ է դրան, սակայն իշխանական ճամբարից փորձում են հակառակն ապացուցել։

- Այստեղ զարմանալու բան չկա. ղեկավարությունն ինչ գործողություն ձեռնարկում է՝ ճիշտ թե սխալ, համակարգը պաշտպանում է նրան։ Ամենասխալ գործընթացն անգամ արդարացնում ու ներկայացնում են որպես «ազգի փրկություն» կամ հերոսություն։ Նույնը կատարվում է հիմա. ՀՀ ղեկավարությունը փաստորեն դավաճանություն է կատարում, բայց ժողովրդին փորձում են համոզել, որ դա հերոսություն է։

- Իսկ գուցե մարդը որոշել է հայ ժողովրդի եւ թուրքերի միջեւ գոյացած պատնեշը քանդե՞լ։

- Թող քանդի, բայց ոչ ազգային ու պետական շահի հաշվին։ Եթե ողջ ազգը դա չի ընդունում, չի ցանկանում, իսկ դու վազում ես քեզնից ուժեղի մոտ, թե՝ եկել եմ հաշտվենք, այդտեղ ի՞նչ քաջության կամ հերոսության նշույլ կա։ Դա բոլորովին չի տեղավորվում բանականության ու բարոյականության սահմաններում։ Դա պարզապես կոչվում է դավաճանություն։
Եթե մի թուրքի վարձեինք որպես մեր դիվանագետ, ապա նա երբեք նման քայլի, նման ստորացման չէր գնա՝ թեկուզ հանուն իր հեղինակության եւ դիվանագետի իմիջի։ Մեզ համար նա ավելի նպաստավոր, այսպես կոչված, արձանագրություններ կկազմեր...

- Իսկ սահմանի բացումն արդյոք այն մեծ նպատա՞կն է, որի համար կարելի է դեմ գնալ սեփական ժողովրդի կամքին, չհաշված արդեն ակնհայտորեն երեւացող զոհաբերությունները։

- Սահմանի բացումը մեզ ոչ մի լավ բան չի տալիս՝ ո՜չ մշակույթում, ո՜չ բարոյահոգեբանական առումով, նույնիսկ տնտեսական օգուտ չկա դրանից։ Թուրքը երբ ցանկանա՝ սահմանը փակելու է, բեռները թողնելու է ճանապարհին, վագոնների պարունակությունը սեփականելու է, որ մենք կատարենք իր այս կամ այն ցանկությունը։ Մյուս կողմից էլ՝ իսկ ի՞նչ ունենք, որ արտաքին շուկա հանենք։ Մեր քարե՞րը պիտի հանենք ու աշխարհին զարմացնենք։ Շարունակ մեր խելքից ու ինտելեկտից ենք խոսում։ Խելոք ենք՝ զենք արտադրենք, զարգացնենք մեր գիտատեխնիկական պոտենցիալը, մի փոքրիկ ճամպրուկի մեջ դուրս բերենք արտաքին շուկա եւ միլիարդներ վաստակենք...

Ողջ աշխարը, մեղմ ասած, ինչ զիբիլ ասես, բերել լցրել է մեր շուկան, իսկ մենք ոչինչ չունենք արտահանելու։ Սահմանի բացումով մեր խղճուկ տնտեսությունն ավելի է քանդվելու։ Առանց սահմանը բացելու թուրքական խոտանով արդեն հեղեղված են Հայաստանն ու Արցախը։ Սահմանի բացումից հետո ինչքան էժան զիզիբիզիներ ունեն, բերելու, թափելու են սոցիալապես ողորմելի վիճակում գտնվող մեր ժողովրդի վրա։

- Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ իբր թուրքական կողմից ոչ մի նախապայման չկա, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում, իսկ թուրքական իշխանությունները մի բերան նախապայմաններով են խոսում, ձեր ասած՝ վնասից բացի մեզ ոչինչ չտվող սահմանի բացումը կապում Արցախի խնդրի հետ։

- Անկախ նրանից, թե ՀՀ կամ Թուրքիայի ղեկավարներն ինչպես են մեկնաբանում ստորագրվելիք փաստաթուղթը, այդ արձանագրությունների ենթատեքստում շոշափվում է թե՜ Արցախի, թե՜ Ցեղասպանության հարցը։ Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրների մի ստվար մասը պետություն է դարձել հենց ազգային-ազատագրական շարժման միջոցով, մեր վեհ պայքարը՝ ազգային-ազատագրական պայքարը արձանագրությունների տողատակերին ընկալվում է որպես «օրենքից դուրս» մի բան։ Ադրբեջանը թուրքերի աջակցությամբ հեշտ ու հանգիստ կարող է հաշվեհարդար տեսնել մեզ հետ, քանի որ մենք «անօրեն» ենք, իսկ Հայաստանը Թուրքիայի հետ այդ համաձայնագրով պարտավորված է լինելու կանգնել ոչ թե «օրենքից դուրս» Ղարաբաղի, այլ Թուրքիայի կողքին։

- Հայաստանի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին։

- Երբ նայում եմ այս ղեկավարությանը, նրա գործելակերպին, մազաչափ կասկած չունեմ, որ նա կռվելու է մեր դեմ։ Կամ զորքերն է հանելու, կամ զորքին հրամայելու է կրակել մեզ վրա։ Չեչեններից-բանից բերելու են, խառնեն մեր ավազակների հետ, մի բանդա սարքեն եւ թիկունքից խփեն մեր մեջքին։ Կասկած չունեմ, որ այդ քայլին կգնան... Այնպես որ՝ այն, ինչ կատարում է Հայաստանի ղեկավարությունը, մի բառով կոչվում է դավաճանություն։

- ՀՀ նախագահը արդեն հայտարարել է, որ ազատագրված հողերը պիտի հանձնենք, ազերի փախստականները պիտի վերադառնան...

- Ինչ վերաբերում է՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» եւ նման կարգի հայտարարություններին, ապա այս հողը, ներառյալ ազատագրված հայրենի հողերը, միջազգային բոլոր օրենքներով պատկանում են մեզ։ Այս տարածքները երբեք «Ադրբեջան» կոչվող պետության կազմում չեն եղել։ Պարզապես մեր ղեկավարների քաջությունը չի հերիքում իրերը կոչել իրենց անուններով։ Մի հարցնող լինի. քեզ ո՞վ է ստիպում, ինչո՞ւ ես աշխարհով մեկ դրանք անվանում «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»... Ի դեպ, հայրենի հողը, հայրենիքն ինչպե՞ս կարող է անվտանգության գոտի կոչվել։ Այդտեղ մեր հայրենակիցները, նրանց պապերն են ծնվել, դարերով ապրել։ Մարդկանց ծննդավայրը, հայրենիքը գոտի՞ է... Հետո էլ հայտարարում ես, որ այն պիտի վերադարձնես թշնամուն։ Աշխարհը գիտե, որ այն մերն է։ Դո՞ւ ես ազատագրել, որ հիմա ուզում ես տալ թշնամուն։

Չեմ կարծում, որ պատերազմում հաղթած ժողովուրդը կարող է այն աստիճանի ոչխարանալ, որ թույլ տա իր երկիրը դնեն վաճառասեղանին։ Եթե այս գործընթացը չկանգնեցվի, վերջը համազգային ապստամբություն է լինելու։

- ... Այս ամենը կոչվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»։ Չնայած իրոք նմանություն կա՝ մեր երկիրը, մեր արժանապատվությունը փորձում են դարձնել ֆուտբոլի գնդակ։ Որքան գիտեմ, Սփյուռքում եւս վատ են ընդունում այս ազգակործան գործընթացը։

- Մարդ ինչպե՞ս կարող է մոռանալ իր պապ ու տատերի, իր ծնողների թափած արյունը։ Երբ հարազատներիդ, ազգականներիդ սպանողը երբեք չի ապաշխարհում, չի զղջում գործած ոճիրի համար, դու ի՞նչ իրավունքով ես գնում նրա մոտ եւ ժողովրդիդ անունից բարեկամության ձեռք մեկնում։ Իսկ նա ասում է՝ սպանել եմ, լավ եմ արել։ Մեր ղեկավարությունը բան է հնարել՝ «ֆուտբոլային դիվանագիտություն»...

Ընդհանրապես, կան բաներ, որ հնարավոր չէ փոխել՝ անկախ գիտատեխնիկական առաջընթացից, մարդկային հարաբերությունները չեն փոփոխվում։ Դավաճանությունն ինչ դիմակի տակ թաքցնես, ուզում ես «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանիր, ուզում ես՝ մի այլ բան, մնում է դավաճանություն։

- Իսկ եթե ՀՀ ղեկավարը ստորագրի այդ փաստաթուղթը, ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվում դրանից հետո։

- Հայաստանի ղեկավարությունն այդ փաստաթուղթը ստորագրելով՝ տարածաշրջանում փաստորեն հրահրում է պատերազմ։ Այս փաստաթղթով Ղարաբաղը դառնում է «անօրեն», եւ Ադրբեջանը լրիվ իրավունք ունի «կորսված տարածքները» ետ վերադարձնելու անվան տակ պատերազմ սկսելու Ղարաբաղի դեմ։ Հայաստանին այլ բան չի մնում. կամ չեզոք դիրք պիտի գրավի, կամ պիտի միանա մեր ընդհանուր թշնամուն՝ իր «բարեկամ» Թուրքիային, որի հետ համաձայնագիր է ստորագրել։ Հայաստանցիները եթե փորձեն միանալ եւ օգնել մեզ, աշխարհը նրանց անվանելու է ագրեսոր... Կարճ ասած՝ ՀՀ նախագահն ամեն կերպ պատերազմ է հրահրում։




ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԻ ԱԼԻՔ

Հարցազրույց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ

- Հայ-թուրքական հարաբերություններում ի հայտ են եկել նոր զարգացումներ։ Դրանք առավելապես անընդունելի են հայերիս համար։ Ո՞րն է ՀՅԴ Արցախյան թեւի դիրքորոշումը։

- Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների կողմից օգոստոսի 31-ին ստորագրված փաստաթղթից անմիջապես հետո ոչ միայն ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, այլեւ համայն դաշնակցությունն իր տեսակետն է ներկայացրել հայտարարությամբ, որտեղ եւս մի անգամ շեշտել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ուղեգծից, որի հետեւանքով ստորադասվում են մեր ազգային շահերը։

ՀՅԴ-ն իր գործողություններով փորձում է ստեղծել ընդհանուր մթնոլորտ, ընդհանուր ալիք՝ այս գործընթացը որեւէ ձեւով կանխելու կամ արձանագրություններում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար։ Չնայած ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է, որ նախաստորագրված փաստաթղթերում նախապայմաններ չկան, իրականում այնտեղ առկա են հողային պահանջատեր լինելուց ու Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցի հետ առնչվող խնդիրները։

- ՀՀ նախագահն, այնուամենայնիվ, ստորագրելո՞ւ է մի փաստաթուղթ, որին կարծես թե միանշանակ դեմ է համայն հայությունը։

- Իմ համոզմամբ, հայկական կողմը ոչ միայն ստորագրելու, այլեւ խորհրդարանում վավերացնելու է այդ փաստաթուղթը, որը մեզ կդնի բավականին ծանր կացության մեջ։ Նախ՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ եւ միջազգային հարաբերություններում, երկրորդ՝ ՀՀ-ն, Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը կհայտնվեն կրկնակի ծանր կացության մեջ՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ։

Ակնհայտ երեւում է, որ փաստաթղթի ստորագրումից հետո Արցախի հարցում երեւան կգան նոր մոտեցումներ։ Չի բացառվում, որ Թուրքիան եւս դերակատարություն ունենա այդ գործընթացում, որովհետեւ փաստաթղթի նախաստորագրումից հետո նա արդեն դարձել է գործոն տարածաշրջանում, իսկ հայկական կողմի համար տարածաշրջանի հիմնական հարցերից մեկը Ղարաբաղի հիմնախնդիրն է։

- Չե՞ք կարծում, որ փաստորեն Երեւանն է իր «ֆուտբոլային դիվանագիտությամբ» Թուրքիային դարձրել գործոն տարածաշրջանում։

- Իհարկե, դա այդպես է։ Ակնհայտ է, որ արտաքին միջամտությունն առկա է, ակնհայտ է նաեւ, թե դա որտեղից, ում կողմից էր թելադրված։ Թուրքիան արդեն դարձել է ոչ միայն գործոն, այլեւ փորձում է դառնալ գործուն դերակատար։ Այս գործընթացից հետ դառնալու համար հայկական կողմից բավականին մեծ ջանքեր են պահանջվում։ Լավագույն տարբերակը համահայկական ընդվզման ալիքի դրսեւորումն է։

Չնայած ՀՀ հանրային լրատվամիջոցները փորձում են իրականությունը ներկայացնել այլ կերպ, բայց ակնհայտ մեծ դժգոհություն կա թե՜ Հայաստանում, թե՜ սփյուռքում։ Չնայած ղարաբաղյան որոշ շրջանակներ արտահայտում են իրենց վստահությունը ՀՀ ղեկավարին, Արցախում եւս կա մեծ դժգոհություն։ Մեր կողմից թեկուզ լրագրողների մակարդակով արված հարցումները ցույց են տալիս, որ Արցախն ամբողջությամբ դեմ է այդ գործընթացին։ Դա չի շեշտվում, բայց այն ակնհայտ է։

- Շատերն են ահազանգում, որ Հայաստանի ղեկավարությունը եթե սկզբում Արցախի հարցն էր դրել զոհասեղանին, ապա այսօր վտանգել է նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան։ Ինչո՞ւ է այս ամենն արվում։

- Չեմ կարող ասել, թե ինչի համար է արվում այս ամենը, բայց կցանկանայի անդրադառնալ հետեւանքներին, որոնք կամ չեն հաշվարկվել, կամ սխալ են հաշվարկվել։ Նախ՝ չպիտի մոռանանք, թե ինչու եւ ինչ պայմաններում է փակվել սահմանը։ Այն կապված էր ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի հետ։ Մեզ համար թե ռազմադաշտում, թե դիվանագիտական դաշտում կար միայն մեկ՝ հայ-ադրբեջանական ճակատ։ Սահմանի բացումը մեզ գոտեմարտի մեջ է մտցնելու նաեւ Թուրքիայի հետ։

- Անդրադառնանք ԼՂ հիմնախնդրին։ Շուրջ երկու տասնամյակ է՝ ունենք անկախ պետություն՝ պետական բոլոր ատրիբուտներով, ունենք մեր Սահմանադրությունը, բայց մեր ճակատագիրը որոշում է Հայաստանի ղեկավարը։ Այն դեպքում, երբ Հայաստանի այսօր միջազգայնորեն ճանաչված սահմաններում դե ֆակտո Ղարաբաղը չկա, ՀՀ-ի նախագահը որոշում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի ճակատագիրը, իրեն իրավունք վերապահում որոշելու ազատագրված հողերը տալու-չտալու հարցը։ Այստեղ որեւէ տրամաբանություն կա՞։

- Կարծում եմ՝ նախ պիտի վերականգնվի Արցախի կարգավիճակը բանակցային գործընթացում։ Այդ մասին այստեղ արտահայտվեցին նաեւ համանախագահները։ Ղարաբաղը պիտի լիարժեք կողմ դառնա, որովհետեւ ունի իր ճակատագիրը տնօրինելու, իր ճակատագրին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները։

Մի կարեւոր հանգամանք եւս. չի բացառվում, որ Ադրբեջանը պատրաստակամություն եւ հնարավորություն ունենա բոլոր տարածքներում իրականացնել վերաբնակեցման քաղաքականություն։ Մի հանգամանք, որին պիտի լուրջ ուշադրություն դարձնել։ Վերաբնակեցման նպատակաուղղված քաղաքականության դեպքում մենք կարող ենք բանակցային գործընթացում մեր ձեռքում հաղթաթուղթ ունենալ։

- Իսկ մեր իշխանություններն ինչպե՞ս են արձագանքում Ղարաբաղի վերաբերյալ զարգացումներին։ Հարցն ուղղում եմ ձեզ, որովհետեւ եթե Հայաստանում ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից եւ գործում է ընդդիմադիր դաշտում, մինչդեռ Արցախում դաշնակցությունը իշխանության մաս է կազմում։

- Այսօր իշխանության մեջ մենք ունենք մեր տեղը։ Այդ տեղն ամրագրված չէ կոալիցիոն որեւէ համաձայնագրով։ Հնարավոր է որոշակի տարաձայնություններ ունենք իշխանությունների հետ՝ ներքաղաքական տարբեր հարցերում, սակայն ԼՂՀ ղեկավարության գործունեությունը արտաքին քաղաքական ոլորտում ամբողջապես համահունչ է մեր դիրքորոշմանը։ Սա միանշանակ է։ Այսօրվա դրությամբ Արցախի իշխանությունները, սա ասում եմ ամենայն վստահությամբ, Ղարաբաղի հիմնահարցում չեն շեղվել իրենց դիրքորոշումից։




ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ՝ ՉՄՈՌԱՆԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման եւ դրանից բխող հետեւանքների մասին Ղարաբաղում եւս, մեղմ ասած, խորը մտահոգություն կա։ Այս անգամ փորձեցինք լսել հասարակական-քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ եւ ուսանողուհի ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ կարծիքը։

«Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների նախաստորագրած արձանագրությունները, ավելի շատ հիշեցնում են 1918թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագրը. «Պայմանագիր Օսմանյան կայսրության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` համերաշխության եւ բարեկամության մասին»: Ցավոք սրտի, պատմությունը կրկնվում է, անցյալին քամահրանքով ենք նայում ու դասեր չենք քաղում` նույն ճակատագրական սխալը նորից կրկնում ենք,- ասում է Աշոտ Սարգսյանը:- Նախաստորագրված արձանագրությունների մասին անհանդուրժողական տեսակետներ շատ են արտահայտել, որոնք հիմնականում կրում են ազգայնական, քաղաքական, առեւտրա-տնտեսական բնույթ: Համեմատաբար քիչ են բարոյա-հոգեբանական եւ հոգեւոր բնույթի մեկնաբանությունները, որոնք, ըստ իս, խիստ կարեւոր են ազգամիջյան հարցերը կարգավորելու համար:

Ի՞նչ խոսք, երկու հարեւան ազգերի հաշտեցումը կարեւոր է: Բայց գերտերությունների նախաձեռնությամբ (մեկի անմիջական մասնակցությամբ, մյուսների համաձայնությամբ) քաղաքական հաշտեցումը երկու հարեւան թշնամի պետությունների միջեւ դատապարտված է ձախողման: Այն երբեք չի լինելու իրական հաշտեցում երկու ազգերի միջեւ, այն պարզ պատճառով, որ միջազգային քաղաքականությունն իրագործող գերտերությունները ցանկացած որոշում բխեցնելու են իրենց երկրների ազգային եւ պետական շահերից ելնելով:

Երկու ազգերի իրական հաշտեցումն ավելի շատ հոգեւոր ոլորտի խնդիր է: Իրողությունն այն է, որ թուրք ազգը ցեղասպանություն է գործել հայ ազգի նկատմամբ, այսինքն` թուրքը ազգովին խախտել է Աստծո «Մի՜ սպանիր» պատվիրանը: Իսկ, քանի որ ցեղասպանությունը որակվում է որպես հանցագործություն` ուղղված համայն մարդկության դեմ, խնդիրը ավելի քան լուրջ է: Քրիստոնյաներին (եւ ոչ միայն) հայտնի է, որ ներելու համար, նախ` մեղսագործը պետք է գիտակցի իր մեղքը, զղջա, խոստովանի, ապաշխարհի, փոխհատուցի, հետո միայն կարող է ստանալ մեղքերի թողություն: Դրա լավագույն օրինակն է հանդիսանում հետպատերազմյան Գերմանիան»:

Բայց Թուրքիան պատրա՞ստ է ճանաչելու Հայոց ցեասպանությունը՝ իմ հարցին քաղաքական գործիչը պատասխանեց.

«Համոզված եմ, որ ո՜չ: Ուրեմն՝ անիմաստ են փաստաթղթերի ստորագրումը: Ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարծես թե ազգը բաժանվել է երկու մասի` նյութապաշտների եւ հոգեպաշտների: Գուցե Մեծն Նժդեհը հենց այս պահի համար է գրել. «Տվեք ինձ հոգեպաշտ հայեր, ես ձեզ տամ ծովից-ծով Հայաստան»:

Ուսանողուհի Անուշ Հակոբջանյանը 18 տարեկան է: Ծնվել է պատերազմի տարիներին:

«Ծնողներս, տատիկ-պապիկներս միշտ պատմում էին ինձ հայ-ադրբեջանական պատերազմի մասին: Քանի՛-քանի քեռի, հորեղբայր կարող էինք ունենալ մենք, բայց չունենք, որովհետև զոհվել են մեր երկիրը պաշտպանելիս, մեր հողերն ազատագրելիս։ Զոհվել են թուրք-ազերիների արյունոտ ձեռքով։ Նրանցից շատերն իմ տարիքին էին կամ նույնիսկ ավելի փոքր էին։ Ամեն անգամ նայելով հորս վիրավոր ձեռքին, ավելի ու ավելի եմ ատում թուրքին,- Ասում է Անուշը։- Եթե մենք թշնամուն վերադարձնենք մեր ազատագրված հողերը, կրկին կհայտնվենք այն նույն ճահճում, նույն անդունդի եզրին, որտեղից հազարավոր մեր հայրենակիցների կյանքի և արյան գնով դուրս ենք եկել։ Նրանք մի գիշերվա մեջ կկրկնեն 1915 թիվը:

Քանի՛-քանի մայրեր են կորցրել իրենց զավակներին, հարսեր՝ իրենց ամուսիններին, եղբայրներին: Ի՞նչ պատասխան պիտի տանք մենք այդ մարդկանց, համաձայնվելով հետ տալ նրանց զավակների, ամուսինների ու եղբայրների կյանքի գնով ազատագրված հողերը: Ինչպե՞ս թողնենք թուրքը կոխկրտի այն հողը, որը հայ ազատամարտիկների արյունով է շաղախված։ Բարեբախտաբար, ես թուրք չեմ տեսել, բայց իմ հարազատների պատմածներից ու մեր ժողովրդի պատմությունից գիտեմ, թե ինչ չարիք է դա։ Թուրքը միշտ եղել ու կմնա բարբարոս, նա չի կարող խաղաղ ճանապարհով հարց լուծել, նա միայն զենքով է ընդունակ գործել: Չմոռանանք պատմության զգաստացնող դասերը»: