31.05.2011

Լավագույն տղերքը հեռանում են Արցախից

Որ իրոք Արցախից մեկնում են, այն էլ, առավել հաճախ, լավագույն կադրերը, ոչ միայն փաստ է, այլև՝ տխուր փաստ է: Վերջին մի քանի տարում Արցախը լքել են տեղի շնորհալի լրագրողները՝ Կարինե Օհանյան, Նաիրա Հայրումյան, Գեղամ Բաղդասարյան... Երևան են մեկնել տարբեր պատճառներով՝ մեկն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, մյուսին գործ են առաջարկել, երրորդը մեկնել է մի այլ պատճառով...

Պատճառները թերևս շատ են, իսկ փաստը մեկն է՝ լավագույն կադրերի մի մասը հեռանում է հայրենի երկրից...

Արցախից հեռացածների մի ստվար մասը Երևան է մեկնել տեղի քաղաքական վերնախավի առաջարկով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայելու: Նրանցից շատերն այստեղ վաճառել են իրենց տունուտեղը, Երևանում բնակարաններ ձեռք բերել: Հայաստանի մայրաքաղաք մեկնածների մեջ զգալի թիվ են կազմում բարձրագույն չինովնիկների բարեկամները, ընկերները, սրանց ծանոթները: Աստված նրանց հետ: Նրանց լինել-չլինելուց Արցախում ոչինչ չի փոխվում: Ցավը բարձրակարգ մասնագետների, ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց Արցախից հեռանալու մեջ է: Մարդիկ, ովքեր պատերազմական ծանր տարիներին երբեք չեն լքել մեր երկիրը՝ իրենց ներդրումն ունենալով Արցախի ազատագրական պայքարում:

Ցավոք, Արցախից հեռանում են նաև տաղանդավոր արվեստագետները, որոնց կարիքը պետք է որ շատ ունենա մեր երկիրը, մեր մշակույթը, մեր արվեստը:
Վերջին երկտասնամյակում Արցախում ամենատաղանդավոր երգիչն անկասկած Տիգրան Մկրտչյանն էր: Ծննդով Արթիկից է: Սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1989-ից տեղափոխվել է Ղարաբաղ: Եկավ, սիրեց Արցախը և մնաց: Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը:

Բազմիցս հանդիպել, զրուցել ենք: Ձգտում էր ազատ ու ինքնուրույն լինել, ազատ հնարավորություն ունենալ ստեղծելու իր համույթը՝ ազգագրական կատարման իր դպրոցը: Եվ 2002-ին ստեղծեց «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ: Երաժշտասերների շրջանում «Վերնատունը» դարձել էր սիրված երաժտական համույթը: «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ու Արցախում մեծ տարածում է գտել ռաբիսը, արևելյան, արաբական-թուրքական ելևեջներով շաղախված թեթև ու էժանագին երաժշտությունը: Տիգրանի ասելով՝ «Վերնատունը» դպրոց է, որի առաքելության նպատակն է դաստիարակել սերունդներին, ուսուցանել նրանց իրենց պապերի ու ապուպապերի երգարվեստը. երգեր, որոնք մեր ազգային հպարտությունն են ու մեր խիղճը, մեր պատիվը, մեր սրբություն-սրբոցը:

Ցավն այն է, որ զրկված լինելով պետական աջակցությունից, քառյակը հիմնականում գոյատևում էր ինքնաֆինանսավորմամբ և որոշ չափով էլ գործարարների հովանավորությամբ: Տիգրան Մկրտչյանը համերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում:

Տիգրանի հետ վերջին հանդիպումներին զգացվում էր, որ մարդու մեջ մեծացել է դժգոհությունը: Մշակույթի նախարարությունում այդպես էլ լիովին չընկալեցին այդ արվեստագետի արժեքը: «Ուզում եմ գնալ: Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա:- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդկանց բացատրել, թե ինչ ասել է Արվեստ, ազգային երաժշտություն...»:
2002 թ. Արցախի իշխանությունները նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալ են տվել, ապա, տևական քաշքշուկից հետո հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհել: Բայց արդյո՞ք դա ամենակարևորն է արվեստագետի համար:

Մոտ մի տարի առաջ մի օր էլ թողեց ու մեկնեց Երևան: Նրա մեկնումից չգիտեմ ինչ կորցրեց ինքը, բայց Արցախը կորցրեց մի բարձրակարգ ու անկրկնելի երգիչ ու արվեստագետ, որ կոչվում է Տիգրան Մկրտչյան:
Ընդամենը մի ճակատագիր: Մի մարդու ճակատագիր՝ մի քանի տասնյակներից... Ցավոք, կարծես նույն ճակատագիրն է սպասում նաև մի այլ արվեստագետի՝ պարուսույց Գենադի Բադալյանին, մասնագետ, որի նմաններին Երևանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել...

«Լավագույն տղերքը հեռանում են...»՝ ասվում է Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգում: Ցավոք, հեռանում էին ոչ միայն այն դաժան ու ծանր պատերազմական տարիներին, և հեռանում էին ընդմիշտ, հեռանում են նաև այսօր՝ ազատ ու անկախ մեր երկրից: Վախենում եմ, որ մի օր երբ ինչ-որ մանչուկ հարցնի՝ «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», նրան այլևս պատասխանող չլինի: Կամ, լավագույն դեպքում, պատասխանեն... ռաբիսով:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий