25.07.2012

«ՈՂՋԱՄԻՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»


Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»...

«Ողջամիտ փոխզիջումներ» ասելով՝ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքները», խայտառակ մի փաստաթուղթ, որի յուրաքանչյուր կետի իրագործում նշանակում է Արցախի վերջի սկիզբ:

Չեմ հասկանում, Արցախը ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է ՀՀ այս կամ այն նախագահին իրավունք տվել հայտարարություններ անելու իր՝ Արցախի անունից և որոշելու Արցախի ժողովրդի ճակատագիրը։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» խայտառակության վնասը կարծես քիչ էր, հիմա էլ «ողջամիտ փոխզիջումների դիվանագիտություն» է սկսվում... Կարծես մինչ այդ մենք փորձում էինք անողջամիտ փոխզիջումների գնալ, հիմա էլ «ողջամիտն» են հրապարակ նետել՝ այդպես էլ շարունակ մոռանալով մեզ բացատրել, թե հակառակորդն ի՞նչ է զիջելու մեզ...

Դժվար չէ կռահել, թե ինչ «ողջամիտ զիջումներ» են ակնկալում մեզնից։ Վերոհիշյալ հայտարարությունից մի քանի օր հետո Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Երևանում հայտարարել է, որ «Հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակությունների միջոցով։ Դա թույլ կտա փոխել ստատուս-քվոն, և այն ժամանակ տարածաշրջանում կհաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»: Ապա հավելել է՝ «Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հասարակության կամքը...»։

Հետաքրքիր է, պարզվում է մենք պետք է ինչ-որ ողջամիտ զիջումներով խախտենք ստատուս-քվոն, մեղմ ասած, մեր ունեցածից՝ տարածքից, ազատությունից բաժին տանք թշնամուն, որպեսզի «տարածաշրջանում հաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»:

Համենայն դեպս, Ադրբեջանը շատ բան կարող է ուզել։ Միջազգային հանրություն կոչվածը նույնպես չի թաքցնում իր ակնկալիքները։ Զարմանալին Արցախի և նրա ժողովրդի ճակատագիրն առանց Արցախի ու նրա ժողովրդի՝ պաշտոնական Երևանի կողմից ինքնակամ որոշելու նպատակաուղղված քաղաքականությունն է։ Տարօրինակն այն է նաև, որ մեր դեպքում պատմությունը շարունակ կրկնվում է, և այդ պատմության սխալներից մենք երբեք դասեր չենք քաղում։ Կարծես խոսքը ոչ թե մեզ, այլ հարևան կամ հեռավոր մի ինչ-որ երկրի է վերաբերում։

Հայ քաղաքական այրերը ե՞րբ են վերջապես հասկանալու, որ մեղավորի, վախկոտի իրենց պահվածքով ավելի լկտի են դարձնում թշնամուն և ավելի մեծացնում պատերազմի վերսկսման վտանգը, իսկ միջազգային հանրությանը հնարավորություն տալիս ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել հայկական կողմի նկատմամբ։

Յուրաքանչյուր ներկայացում ի վերջո ավարտվում է։ Մի օր այս բանակցային շոուն էլ կավարտվի։ Ցավն այն է, վերջում կարող է պարզվել, որ մինչ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սեփական երկրի խնդիրները թողած, զբաղված էր վերոհիշյալ շոուով ու սեփական գահի խնդրով, օլիգարխներից ու բազում պրոբլեմներից հոգնած Հայոց լեռնաշխարհի մի բուռ բնակչությունը լույսը մարել, մեկնել է։ Իսկ սա ամենևին ողջամիտ չէ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

«ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ». ՇԱՀԵՑ ՆԱԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ


Վերջերս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի ժամանակակից գրող Լուի Վերինի «Խոշոր շահում» պիեսը։ Թեթև ժանրի մի ներկայացում, որի պահանջը թերևս առավել շատ էին զգում հայկական էժանագին ու այլանդակ հեռուստասերիալներից հոգնած-ձանձրացած մեր երիտասարդները։
Բեմադրության հեղինակն է երիտասարդ դերասանների մասնակցությամբ մի քանի այլ բեմադրություններով Արցախի հանդիսատեսին արդեն քաջածանոթ, պետթատրոնի նախկին դերասանուհի, այժմ ռեժիսոր շնորհալի երիտասարդ արվեստագետ Վեներա Ավագիմյանը։ Երաժշտական ձևավորման հեղինակը Ալբերտ Սաֆարյանն է, նկարչական ձևավորման հեղինակը՝ Զորիկ Գալստյանը։

Սովորական ու առօրեական է պիեսի սյուժեն. երիտասարդ ամուսինների՝ շարքային ծառայող Ժակի և Լաուրայի ընտանեկան հարաբերություններն այնքան էլ նախանձելի չեն։ Ամուսինը պարբերաբար գործուղումների է մեկնում, մենությունից ձանձրացած, ամուսնու անտարբերությունից վիրավորված կնոջ շուրջ սկսում է պտտվել ու սիրահետել երիտասարդ, նույնպես սովորական մի ծառայող՝ Ալենը։

Այդ օրը Լաուրան անհամբեր սպասում էր ամուսնուն՝ միասին նշելու ամուսնության տարելիցը։ Ժակը եկավ դարձյալ հոգնած ու մռայլ՝ վերջնականապես փչացնելով կնոջ տրամադրությունը... Իսկ հաջորդ օրը, երբ Ժակը դարձյալ գործուղման մեկնեց, հայտնվեց երջանկությունից շողացող Ալենը՝ 6 միլիոն շահած վիճակախաղի տոմսը ձեռքին։ Տոմս, որ Լաուրայի հետ էր գնել, և այն ընտրել էր վերջինս...

Երջանիկ սիրահարները սկսում են ապագայի ծրագրեր կազմել, ապագա, որ երիտասարդներին պատկերանում է հեքիաթային գույներով... Հետո հայտնվում է Ժակը, որ դեռ չէր մեկնել։ Ժակի անսպասելի վերադարձը սառը ջրի ազդեցություն է թողնում. Ալենը դուրս է պրծնում սիրուհու տնից՝ սեղանին թողնելով խոշոր գումար շահած տոմսը։ Ժակը, որ վիճակախաղի ավելի մոլի երկրպագու էր ու ինքն էլ էր տոմսեր գնել, սեղանի վրա նկատելով տոմսը, կարծում է, թե 6 միլիոն շահած այդ տոմսն իրենն է...

Դերերը փոխվում են։ Հոգնած-մռայլ Ժակը անսպասելի երջանկությունից պայծառանում է, ու հիմա էլ ինքը սկսում կնոջ հետ ապագայի ծրագրեր կազմել, իսկ անփութության պատճառով «կարողությունը» կորցրած Ալենը դառնում է կոպիտ ու անտանելի՝ ամեն ինչում մեղադրելով Լաուրային... Ապա ծրագիր է կազմում, վերջինիս աջակցությամբ գողանալու սեփական միլիոնները...

Լաուրայի կանացի խորաթափանցության թե խորամանկության շնորհիվ 6 միլիոնը մնում է երիտասարդ ամուսիններին։ Արկածային երանգներով փոքրիկ պատմություն։ Սակայն ռեժիսորական տքնաջան աշխատանքի ու սովորական այս պատմությանը ռոմանտիկ-իրական կերպավորում հաղորդելու, երիտասարդ դերասանների գրագետ դերակատարման շնորհիվ հանդիսատեսը մինչև ներկայացման վերջ լարված սպասում է հանգուցալուծմանը, կարծես ինքն էլ դառնալով դրամատիկ այդ պատմության ականատեսն ու մասնակիցը։

Ժակի դերակատար Դավիթ Ղահրամանյանը մի քանի տարի առաջ է ավարտել պետդրամթատրոնին կից դերասանական ստուդիան։ Մինչ այդ արդեն հասցրել է հանդես գալ Վեներա Ավագիմյանի բեմադրած տարաբնույթ դրամատիկական ստեղծագործություններում։ Սակայն, Ժակի կերպարը երևի թե կարելի է համարել Դավիթի դերասանական կարիերայի փորձաքարը։ Եվ նա, կարելի է ասել, պատվով դուրս եկավ այդ փորձությունից՝ մարմնավորելով մարդու կերպար, որ կարծես կորցնում է ամեն ինչ՝ կին, ընտանիք, աշխատանք, բայց իր և սիրած մարդու՝ Լաուրայի ջանքերով տեր է դառնում իր երջանկությանը։ Ներկայացման ողջ ընթացքում Դավիթն ասես չէր տեսնում, չէր զգում դահլիճի ներկայությունը։ Ինքն էր ու ընտանեկան իր դրաման։ Մնացյալ ու կողմնակի ամեն բան նրան չէր հետաքրքրում, նրա համար գոյություն չուներ։

Ինչ-որ տեղ ավելի ծանր ու դժվար էր դերասանական ստուդիայի նորավարտ Զարուհի Մկրտչյանի՝ Լաուրայի դերակատարի համար։ Ներկայացման սկզբից մինչև վերջ նա բեմում է։ Ամեն ինչ պտտվում է նրա շուրջ։ Երկու հերոսներն իրենց անձնական երջանկությունը փորձում են հյուսել նրա շուրջ։ Ամուսնուն անսահման սիրող կին, ու հանկարծ վերափոխվում է սիրուհու, բայց սրտի խորքում շարունակում է իր հաստատուն տեղն ունենալ ամուսինը։ Ապա կարծես պետք է կորցներ ամեն ինչ՝ ամուսին, ընտանիք, 6 միլիոնի կորստից դեռ ուշքի չեկած սիրեկան... Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ սայթաքելով, հուսահատվելով, բայց նվիրվածության ու համառության շնորհիվ նա փրկում է իր համար ամենաթանկը՝ ընտանիքը, վերագտնում Սերը...

Իր դերում համոզիչ էր նաև Աշոտ Սարգսյանը՝ Ալենի դերակատարը։ Երիտասարդ, որ ինչպես մի ակնթարթում դարձել էր «աշխարհի տերը»՝ վիճակախաղի 6 միլիոնի հետ ձեռք բերելով սիրած կին, հանկարծ մի ակնթարթում կորցնում է ամեն ինչ։ Կարծում եմ, շնորհալի այս երիտասարդին բեմում տեսնելու առիթներ հանդիսատեսը դեռ շատ կունենա...

Հերոսները խոշոր գումար շահեցին, իսկ ամենամեծ «շահումը» երևի թե վերագտած Սերն է։ Երիտասարդ դերասաններն իրենց բաժինը «շահեցին»՝ ինքնահաստատվելու, ինքնաբացահայտվելու հնարավորություն ստացան և «խաղը» շահեցին։ Ուզում եմ հավատալ, որ այս սովորական-առօրեական ներկայացումից շահեց նաև հանդիսատեսը։ Թատրոնի ճանապարհը վաղուց մոռացած հանդիսատեսը կրկին հնարավորություն ստացավ մտնել Արցախի մայր թատրոն ու համոզվել, որ ամեն ինչ դեռ կորսված չէ։ Խոնավություն ու նեխահոտ փչող կիսավեր այս շենքում դեռ կան մարդիկ, ովքեր հանդիսատեսի հետ միասին փորձում են գտնել դեպ Տաճար տանող ճանապարհը։ Ու ամենակարևորը՝ նրանք երիտասարդ, կարող ուժեր են։ Նրանց հետ կարելի է հույսեր կապել...

Վեներա Ավագիմյան. երիտասարդ այս արվեստագետի անվան հետ է կապված Մայր թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի վերջին առնվազն տասամյա գործունեությունը։ Այսօր մեր թատրոնի ապագան կապում ենք նրա սաների հետ։ Չեմ հիշում դեպք, որ հանդիսատեսը, արվեստագետները երբևէ դժգոհ մնային նրա բեմադրություննեից։ Ընդհակառակը, նրա բեմադրությունները մշտապես աչքի են ընկել ռեժիսորական հետաքրքիր լուծումներով և արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Ինչը չես ասի նրա ռեժիսոր կոլեգաների մասին։ Եվ հետաքրքիրն այն է, որ նա, մի հետաքրքիր զուգադիպությամբ, մշտապես ընտրում է առավել դժվարամատչ ու բեմի համար «անհարմար» ստեղծագործություններ, որ ամենավառ երևակայության դեպքում հազիվ թե պիես անվանես... Ինչպես, օրինակ, դերասանական ստուդիայի սաների «դիպլոմային աշխատանքը» կամ վերջերս բեմադրած «Բարև, հայ» գեղարվեստական-հրապարակախոսական տարբեր կտորներից կազմված ներկայացումը և այլն։ Ու այդքանով հանդերձ, Վեներա Ավագիմյանի բեմադրությունները միշտ էլ ջերմ ընդունելություն են գտել։

Արդեն քանի՜ տարի է թատրոնը որոնումների մեջ է։ Մի տնօրենին, մի գեղարվեստական ղեկավարին փոխարինում մի ուրիշը։ Արդյունքում՝ այսօր նեխահոտ է փչում ոչ միայն թատրոնի քայքայված, վերանորոգման կարոտ պատերից... Դրությունը չեն փրկում նաև Հայաստանից երբեմն հրավիրվող ռեժիսորները, ովքեր մեկ-երկու պիես են բեմադրում և մեկնում։ Թատրոնին իսկական Տեր, արվեստի նվիրյալ մարդ է պետք։ Եվ պետք չէ երևանները մեկնել՝ նրանց որոնելու համար։ Միևնույն է, եկողների համար այնքան էլ դյուրին չէ ձերբազատվել «գաստրոլյորի» հոգեբանությունից։ Գալիս ու գնում են, իսկ «կոտրած տաշտակը» մնում է։

Կարծում եմ, պետք չէ սար ու ձոր ընկնել։ Այդ արվեստագետին այստե՛ղ, մե՛ր մեջ փետք է փնտրել։ Եվ անպայման կգտնվի...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄՅՈՒՍԸ


Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է։ Մի կողմից՝ անսահման, չափի մեջ չտեղավորվող հրճվանք, մյուս կողմից՝ արհամարհանք առ այդ որոշումը։ Վերջինները՝ արհամարհողները, գտնում են, որ ոգևորվելու պատճառ չեն տեսնում, Ֆրանսիան դա արել է իր շահերից ելնելով...

Հարգելիներս, աշխարհի քարտեզի վրա ցույց տվեք մի այլ երկիր, որ իր պետական-ազգային շահերը մի կողմ դրած, բարեգործություններ է շաղ տալիս շուրջբոլոր։ Մեր հյուսիսային եղբայր կոչվածը, որ իր «ավանդն» ունի մեր ժողովրդի վերջին երկհարյուրամյակի ողբերգությունների մեջ, Հայաստանը ծառայեցնում է բացառապես իր շահերին։ Նրա համար հայերը, վրացիները, ազերիները, չեչեն-ինգուշները, լեզգիները, կաբարդինները և այլք ընդամենը «կովկասյան ազգության ներկայացուցիչներ են»...

Այդ մենք ենք, որ կուրորեն բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ։ Մեզ հետ հարաբերվելիս յուրաքանչյուրն առաջնորդվում է միայն իր շահերից ելնելով... Պարզապես մենք պիտի կարողանանք բաց չթողնել առիթը՝ ինքներս էլ մեր ազգային խնդիրները լուծելու։ Ուրիշ ձև չկա, ու աշխարհը միայն սև և սպիտակ գույներից չի կազմված...

Մեր բոլոր դժբախտությունների պատճառներից մեկը հենց դա է։ Մենք առաջնորդվում ենք միայն այսրոպեական զգացմունքայնությամբ։ Մինչդեռ մարդուն ի վերուստ տրված է նաև սառը դատելու ունակությունը։ Աշխարհը պիտի ճանաչենք այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ ինչպես մենք ենք ցանկանում...

Իրոք գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, շարունակ խաղարկում են ցեղասպանության հարցը... Շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի այս քայլը ամենից առաջ իրեն է պետք։ Բայց այն նաև մե՛զ է ձեռնտու։ Իրենք թող իրենց ուզած ձևով օգտվեն դրանից, մենք՝ մեր ուզած ձևով։ Քաղաքականությունը հենց դա է, այլ ոչ թե այն, որ ազերիները «փոխզիջում» բառը դեռ չեն արտաբերել, իսկ մեր վայ-դիվանագետներն արդեն ծայրից-ծայր բանակցասեղանին են դրել այն բոլորը, որ կարող ենք «փոխզիջել», հանձնել թշնամուն...

Որ մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք, դրանում ամենաառաջին և ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք։ Երբ ինքներս մեզ չենք հարգում, լուրջ չենք ընդունում (խոսքը դատարկ սնապարծության մասին չէ - դա մեր մի այլ ծայրահեղություններից է), ինչպե՞ս կարող է ուրիշը, աշխարհը մեզ հարգել և լուրջ ընդունել։

Ամենաթարմ օրինակը։ Ընդամենը մեկևկես տասնամյակ առաջ Արցախը սուբյեկտ էր, հաշվի էին նստում հետը, անգամ թշնամին ստիպված էր նույն բանակցասեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցչի հետ... Այսօր այդ նույն Արցախը մեր իսկ մեղքով, մեր, այսպես կոչված, ՀՀ ղեկավարների, դիվանագետների մեղքով դարձել է ողորմելի մի ՕԲՅԵԿՏ, որի գլխի վրա վարսավիրություն են սովորում ամեն տրամաչափի հայ և այլազգի բախտախնդիրներ...

Մեր պատմության ոչ մի սխալից այդպես էլ դասեր չքաղեցինք, և մեր պարագայում պատմությունն անընդհատ կրկնվում է, և անընդհատ կորցնում ենք, կորցնում հող, երկիր, արժանապատվություն... Բայց մի օր պետք է կանգնեցվի այս նահանջը։ Մեծ հայրենականում ասում էին՝ ետևում Մոսկվան է...





ԱՆԴԱՐՁ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...


Այս լուսանկարն արվել է Արցախից, Հայկական լեռնաշխարհից շատ հեռու մի տեղ։ Նախապես նախագծել, մայրուղի են կառուցել, որ անցնում է տափաստանով։ Ճանապարհը կառուցելիս նկատել են, որ անցնելիք մայրուղու տեղը ծառ կա։ Եվ անմիջապես ելքը գտել են՝ պարզապես շրջանցելով ծառը։ Արդյունքում՝ շահել է բնությունը, շահել է նաև մարդը՝ փրկելով իրեն արարող, սնուցող բնության թեկուզ աննշան մի մասնիկը, սովորական մի ծառ։

Այսօր վերոհիշյալ լուսանկարը հաստատ մեզանում տարակուսանք կարող է առաջացնել որոշ խավի մարդկանց մեջ։ Նրանք հաստատ այլ կերպ կվարվեին. տեղնուտեղը արմատահան կանեին ծառը, գիշերը մի հսկա խարույկ կվառեին՝ մի քանի շամփուր միս խորովելու համար, ապա կշարունակեին ճանապարհաշինական իրենց գործը։

Այդ լուսանկարն ինձ մտքերի մեջ գցեց. հետաքրքիր է, վերջին 10-15 տարում թեկուզ միայն Ստեփանակերտում քանի՞ հարյուր կամ քանի հազար ծառ է գլխատվել։ Եվ այդ ծառահատման հրամանատարներն իրենց կյանքում քանի՞ հատիկ ծառ են տնկել սեփական ձեռքով։

Տասնամյակներ առաջ դեռ դպրոցական նստարանից թե՛ մեր ծնողները, թե՛ ուսուցիչները մեզ սովորեցնում էին սիրել կենդանի բնությունը, խնամքով վերաբերվել ցանկացած ծառի՝ անկախ նրանից՝ բերքատո՞ւ է այն, թե՞ ոչ։ Այսօր ինչպե՞ս պիտի սովորեցնենք մերօրյա դպրոցականին ու մեր երեխաներին՝ սիրել ու հարգել բնությունը, ինչպե՞ս նրանց բացատրենք սեփական ձեռքերով ծառ տնկելու հաճույքը, տարիներ հետո քո տնկած ծառին արդեն ներքևից նայելու և զմայլվելու բերկրանքը, երբ գրեթե յուրաքանչյուր օր նրանց աչքի առաջ ծառեր են գետնին տապալում ու էլեկտրական սղոցներով հարձակվում վերջին «ջարդը տալու»...

Մեզ սովորեցնում էին կառուցել, հպարտությամբ մեզ բացատրում էին, որ հայը շինարար ժողովուրդ է, դարեր ի վեր կառուցել է՝ տուն, բերդ, քաղաք, երկիր... Վերջին մեկևկես տասնամյակում նույն այդ հայը միայն մայրաքաղաք Ստեփանակերտում քանի՞ տուն կամ շենք է քանդել, հողին հավասարեցրել՝ տեղը դղյակ, սուպերմարկետ, բանկ կամ որևէ մի զվարճատեղի կառուցելու համար։

Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը։

Մեր երկրի տարածքի չափ հող ենք ազատագրել, որտեղ ամայություն է տիրում այսօր։ Արցախյան շատ գյուղեր դատարկվում են։ Գնացեք այնտե՛ղ կառուցեք, պարոնայք «կառուցողներ» ու «շինարարներ»։

Այսօր օր-օրի Ստեփանակերտը փոխվում է։ Նորանոր բարձրահարկեր, նոր տիպի շինություններ են վեր խոյանում հատկապես քաղաքի կենտրոնում։ Մայթեզրերին երբեմնի հպարտ վեր խոյացող ծառերի փոխարեն այսօր սրբատաշ քարերով «բորդյուրներն» են միայն արևի տակ կուրացնելու չափ «աչք շոյում»։ Գեղեցկանո՜ւմ է մեր մայրաքաղաքը։ Բայց միայն քաղքենու, չտեսի, այսօր մայրաքաղաքը հեղեղած գեղցի տիպի համար, որ թանկարժեք ջիպ-մերսեդեսով է հյուր գնում հարևան շենքի իր բարեկամին...

Անդառնալիորեն կորցնում ենք մեր Ստեփանակերտը՝ կանաչազարդ ու գողտրիկ մեր քաղաքը, բայց դա ամենամեծ ցավը չէ։ Անդարձ կորցնում ենք բարոյական մեր կերպարը, արարող, շինարար հայի, ամենահաս ու բարեհոգի արցախցու մեր տեսակը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ