Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է։ Մի կողմից՝ անսահման, չափի մեջ չտեղավորվող հրճվանք, մյուս կողմից՝ արհամարհանք առ այդ որոշումը։ Վերջինները՝ արհամարհողները, գտնում են, որ ոգևորվելու պատճառ չեն տեսնում, Ֆրանսիան դա արել է իր շահերից ելնելով...
Հարգելիներս, աշխարհի քարտեզի վրա ցույց տվեք մի այլ երկիր, որ իր պետական-ազգային շահերը մի կողմ դրած, բարեգործություններ է շաղ տալիս շուրջբոլոր։ Մեր հյուսիսային եղբայր կոչվածը, որ իր «ավանդն» ունի մեր ժողովրդի վերջին երկհարյուրամյակի ողբերգությունների մեջ, Հայաստանը ծառայեցնում է բացառապես իր շահերին։ Նրա համար հայերը, վրացիները, ազերիները, չեչեն-ինգուշները, լեզգիները, կաբարդինները և այլք ընդամենը «կովկասյան ազգության ներկայացուցիչներ են»...
Այդ մենք ենք, որ կուրորեն բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ։ Մեզ հետ հարաբերվելիս յուրաքանչյուրն առաջնորդվում է միայն իր շահերից ելնելով... Պարզապես մենք պիտի կարողանանք բաց չթողնել առիթը՝ ինքներս էլ մեր ազգային խնդիրները լուծելու։ Ուրիշ ձև չկա, ու աշխարհը միայն սև և սպիտակ գույներից չի կազմված...
Մեր բոլոր դժբախտությունների պատճառներից մեկը հենց դա է։ Մենք առաջնորդվում ենք միայն այսրոպեական զգացմունքայնությամբ։ Մինչդեռ մարդուն ի վերուստ տրված է նաև սառը դատելու ունակությունը։ Աշխարհը պիտի ճանաչենք այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ ինչպես մենք ենք ցանկանում...
Իրոք գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, շարունակ խաղարկում են ցեղասպանության հարցը... Շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի այս քայլը ամենից առաջ իրեն է պետք։ Բայց այն նաև մե՛զ է ձեռնտու։ Իրենք թող իրենց ուզած ձևով օգտվեն դրանից, մենք՝ մեր ուզած ձևով։ Քաղաքականությունը հենց դա է, այլ ոչ թե այն, որ ազերիները «փոխզիջում» բառը դեռ չեն արտաբերել, իսկ մեր վայ-դիվանագետներն արդեն ծայրից-ծայր բանակցասեղանին են դրել այն բոլորը, որ կարող ենք «փոխզիջել», հանձնել թշնամուն...
Որ մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք, դրանում ամենաառաջին և ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք։ Երբ ինքներս մեզ չենք հարգում, լուրջ չենք ընդունում (խոսքը դատարկ սնապարծության մասին չէ - դա մեր մի այլ ծայրահեղություններից է), ինչպե՞ս կարող է ուրիշը, աշխարհը մեզ հարգել և լուրջ ընդունել։
Ամենաթարմ օրինակը։ Ընդամենը մեկևկես տասնամյակ առաջ Արցախը սուբյեկտ էր, հաշվի էին նստում հետը, անգամ թշնամին ստիպված էր նույն բանակցասեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցչի հետ... Այսօր այդ նույն Արցախը մեր իսկ մեղքով, մեր, այսպես կոչված, ՀՀ ղեկավարների, դիվանագետների մեղքով դարձել է ողորմելի մի ՕԲՅԵԿՏ, որի գլխի վրա վարսավիրություն են սովորում ամեն տրամաչափի հայ և այլազգի բախտախնդիրներ...
Մեր պատմության ոչ մի սխալից այդպես էլ դասեր չքաղեցինք, և մեր պարագայում պատմությունն անընդհատ կրկնվում է, և անընդհատ կորցնում ենք, կորցնում հող, երկիր, արժանապատվություն... Բայց մի օր պետք է կանգնեցվի այս նահանջը։ Մեծ հայրենականում ասում էին՝ ետևում Մոսկվան է...
ԱՆԴԱՐՁ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...
Այս լուսանկարն արվել է Արցախից, Հայկական լեռնաշխարհից շատ հեռու մի տեղ։ Նախապես նախագծել, մայրուղի են կառուցել, որ անցնում է տափաստանով։ Ճանապարհը կառուցելիս նկատել են, որ անցնելիք մայրուղու տեղը ծառ կա։ Եվ անմիջապես ելքը գտել են՝ պարզապես շրջանցելով ծառը։ Արդյունքում՝ շահել է բնությունը, շահել է նաև մարդը՝ փրկելով իրեն արարող, սնուցող բնության թեկուզ աննշան մի մասնիկը, սովորական մի ծառ։
Այսօր վերոհիշյալ լուսանկարը հաստատ մեզանում տարակուսանք կարող է առաջացնել որոշ խավի մարդկանց մեջ։ Նրանք հաստատ այլ կերպ կվարվեին. տեղնուտեղը արմատահան կանեին ծառը, գիշերը մի հսկա խարույկ կվառեին՝ մի քանի շամփուր միս խորովելու համար, ապա կշարունակեին ճանապարհաշինական իրենց գործը։
Այդ լուսանկարն ինձ մտքերի մեջ գցեց. հետաքրքիր է, վերջին 10-15 տարում թեկուզ միայն Ստեփանակերտում քանի՞ հարյուր կամ քանի հազար ծառ է գլխատվել։ Եվ այդ ծառահատման հրամանատարներն իրենց կյանքում քանի՞ հատիկ ծառ են տնկել սեփական ձեռքով։
Տասնամյակներ առաջ դեռ դպրոցական նստարանից թե՛ մեր ծնողները, թե՛ ուսուցիչները մեզ սովորեցնում էին սիրել կենդանի բնությունը, խնամքով վերաբերվել ցանկացած ծառի՝ անկախ նրանից՝ բերքատո՞ւ է այն, թե՞ ոչ։ Այսօր ինչպե՞ս պիտի սովորեցնենք մերօրյա դպրոցականին ու մեր երեխաներին՝ սիրել ու հարգել բնությունը, ինչպե՞ս նրանց բացատրենք սեփական ձեռքերով ծառ տնկելու հաճույքը, տարիներ հետո քո տնկած ծառին արդեն ներքևից նայելու և զմայլվելու բերկրանքը, երբ գրեթե յուրաքանչյուր օր նրանց աչքի առաջ ծառեր են գետնին տապալում ու էլեկտրական սղոցներով հարձակվում վերջին «ջարդը տալու»...
Մեզ սովորեցնում էին կառուցել, հպարտությամբ մեզ բացատրում էին, որ հայը շինարար ժողովուրդ է, դարեր ի վեր կառուցել է՝ տուն, բերդ, քաղաք, երկիր... Վերջին մեկևկես տասնամյակում նույն այդ հայը միայն մայրաքաղաք Ստեփանակերտում քանի՞ տուն կամ շենք է քանդել, հողին հավասարեցրել՝ տեղը դղյակ, սուպերմարկետ, բանկ կամ որևէ մի զվարճատեղի կառուցելու համար։
Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը։
Մեր երկրի տարածքի չափ հող ենք ազատագրել, որտեղ ամայություն է տիրում այսօր։ Արցախյան շատ գյուղեր դատարկվում են։ Գնացեք այնտե՛ղ կառուցեք, պարոնայք «կառուցողներ» ու «շինարարներ»։
Այսօր օր-օրի Ստեփանակերտը փոխվում է։ Նորանոր բարձրահարկեր, նոր տիպի շինություններ են վեր խոյանում հատկապես քաղաքի կենտրոնում։ Մայթեզրերին երբեմնի հպարտ վեր խոյացող ծառերի փոխարեն այսօր սրբատաշ քարերով «բորդյուրներն» են միայն արևի տակ կուրացնելու չափ «աչք շոյում»։ Գեղեցկանո՜ւմ է մեր մայրաքաղաքը։ Բայց միայն քաղքենու, չտեսի, այսօր մայրաքաղաքը հեղեղած գեղցի տիպի համար, որ թանկարժեք ջիպ-մերսեդեսով է հյուր գնում հարևան շենքի իր բարեկամին...
Անդառնալիորեն կորցնում ենք մեր Ստեփանակերտը՝ կանաչազարդ ու գողտրիկ մեր քաղաքը, բայց դա ամենամեծ ցավը չէ։ Անդարձ կորցնում ենք բարոյական մեր կերպարը, արարող, շինարար հայի, ամենահաս ու բարեհոգի արցախցու մեր տեսակը...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий