18.05.2012

ԻՍԿ ԵԹԵ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞...


Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում հոդված է տպագրվել անցյալ տարվա փետրվարյան համարում։ Այն տպագրվել էր նաև հայաստանյան պարբերականներում։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանության և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ բնակչության շրջանում։

Առայսօր ոչ ոք չի ժխտում պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Իսկ Ադրբեջանն օրուգիշեր հոխորտում է օրեցօր աճող իր ռազմական բյուջեի և «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին։ Դա նաև Հայաստանի և հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող միջնորդ երկրների վրա ճնշում գործադրելու ձև է նաև։ Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ թշնամին երբ զգա իր ռազմական գերազանցությունը, անպայման կփորձի զենքի ուժով հարցու լուծել հօգուտ իրեն։

Կրկին հիշեցնենք հայտնի արտահայտությունը. «Եթե պատից հրացան է կախված, ապա այն մի անգամ կրակելու է»։ Առիթ թե անառիթ, թշնամին պարբերաբար «պատից կախ իր հրացաններից» է խոսում։ Մի այլ հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգումԱրցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ գաղտնիք չէ, և այդ մասին ակնարկում են նաև քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ՝ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ, ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...

Նկուղների մաքրման աշխատանքներն իրականացնում է բնակարանային շահագործման տնտեսությունը, որը քաղաքապետարանի կողմից նախապես ստանում է մաքրման ենթակա շենքերի ցուցակը: Մեր տեղեկություններով՝ դրանց մաքրման համար քաղաքային բյուջեն 2011թ-ին հատկացրել է ընդամենը 767 հազար դրամ, և մաքրվել է 16 շենքի նկուղ։

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։

Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան՝ խորհրդային նախկին առաջնորդի ժամանակներում կառուցված շենքեր, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր։ Նկուղների վարձակալությունը տրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից. 1 քառ. մետրի համար սահմանված է տարեկան 3600 դրամ: Վարձակալող կողմը կնքում է պայմանագիր, ըստ որի պատերազմի վերսկսման ժամանակ պարտավորվում է 6 ժամում ազատել նկուղը:

Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ 6 ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... 6 անորոշ ժամ՝ այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...

Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը...

Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...

Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։ Տարրական ինքնապաշտպանական այս հարցերի մասին Քաղաքացիական պաշտպանության և այլ ծառայության ղեկավարները, երկրի անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյաները երբևէ մտածե՞լ են...

Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...

Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում։ Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն և ամուր շենքերն են քանդում ու տեղը մի նոր «առևտրի կենտրոն» կամ նման այլ անհեթեթություն կառուցում։ Մայրաքաղաքի կենտրոնն աջ ու ձախ պատում են մարմարե սալիկներով։ Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր թիվ 1 անհրաժեշտությունը ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որ սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։

Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գւրծողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ գործողություններով։

Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий