28.04.2013

«ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՑ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅԱՍՏԱ՞Ն...


Երեկ Արա Նախշքարյանի «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ն էի դիտում։ Ամեն անգամ անբացատրելի խորը ցավ ես զգում քո Մեծ ու իրական կորուսյալ երկրի մասին լսելիս։ Հազարամյակներ շարունակ այդ երկրում ապրող, այդտեղ քաղաքակրթություն ստեղծած բնիկների՝ քո նախնիների բնօրրանը, հայրենիքը պատկանում է օտարին, քո ժողովրդին կործանողին, ֆիզիկապես ոչնչացնողին։ Քո նախնիների, պապերի կառուցած տներում օտարներ են ապրում, նրանց կառուցած կոթողներն անտերության են մատնված, քանդում են կամ, լավագույն դեպքում, օգտագործում որպես հարդանոց ու ախոռ, որպես մզկիթ...

Այդ երկիրն այլևս կորսված է, այլևս քոնը չի լինելու։ Քոնը միայն քարտեզն է մնացել այդ երկրից՝ Մեծ Հայք անվամբ։ Սա է դառն իրողությունը։ Վանը, Մուշը, Սասունը ետ բերելու մասին խոսքերը պարապ զառանցանք են, ցավոք։ Այն ետ վերադարձնելու համար մենք պետք է Մեծ հայրենիքից մի կերպ փրկված, ՀՀ կոչվող այս տարածքում Իսրայելի պես պետություն կառուցեինք։ Միակ ելքը դա էր։ Դրա հնարավորությունը մենք ունեինք, բայց ոչինչ չենք արել։ Բոլոր գնացքները բաց ենք թողել։ Փոխարենն ավելի վատթարագույնն ենք անում՝ հակառակ ուղղությամբ ենք շարժվում...

Կորուստները ողբալու, կորուստների համար լալու ժամանակ չկա այլևս։ Այսօր պիտի մտածենք Մեծ երկրից մի կերպ փրկված բեկորը (ՀՀ և Արցախ) պահելու մասին։ Հիմա թուրքը, ազերին մեր ամենաառաջին թշնամին չէ։ Հիմա նա մնացել է սահմանի մյուս կողմում։ Հիմա մի նոր թշնամի կա, քեզնից սերվածը, քո կողքին մեծացած տականքը՝ ներքին թուրքը։ Եղածը փրկելու համար պետք է սրանցից ազատվել։ Նա թուրքից ոչ պակաս նենգ ու ստոր է, ոչ պակաս ագահ ու գարշելի։ Սրանց դեմ պետք է պայքարել ու հաղթել։ Փախուստը, հեռանալը փոքրոգություն է, սեփական արժանապատվության կոխկրտում, պապերիդ, նախնիներիդ կողմից քեզ կտակածի հանդեպ դավաճանություն։ Այլապես...

Այլապես վաղը աշխարհի տարբեր ծերերից մենք ողբալու ենք ոչ միայն Զեյթունի, Մուշի, Վանի, Կարսի համար, այլ նաև Երևանի, Սևանի, Սյունիքի, Արցախի, մի ողջ երկրի՝ Հայոց երկրի կորուստը։ Իսկ մեր խղճին ծանրացած է լինելու մի շատ մեծ ու անբացատրելի դաժան ցավ՝ սեփական Մեղքի ցավը։ Մենք նման ենք լինելու այն անառակ որդուն, որը մսխել է իրեն կտակված ամեն ինչ և, ի տարբերություն բիբլիական հերոսի, հետդարձի տեղ չունի...

28.04.13

18.04.2013

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Զարմանում եմ, տարակուսում եմ, երբ ամեն տարի Հայաստանը անկախության տոն է նշում, հեռուստաէկրաններից ինչ-որ պարոններ շքեղ ճառեր են ասում, գողտրիկ խոսքեր են նվիրում այդ անկախությանը, փորձում են ցույց տալ, որ ՀՀ տարածքում ժողովրդական, ազգային տոն է, ժողովրդավարական, ազատ ու անկախ Հայոց երկրի բնակիչները երջանկությունից փայլում են։

Ախր շատ հետաքրքիր է, արդեն քանի՜ տարի է մարդիկ, ՀՀ քաղաքացիները սեփական երկրից անընդհատ գնում են, մեկնում են, անգամ փախչում են այլ երկրներ, օտար երկրներ։ Որքան գիտեմ, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան նույնպես անկախ, ժողովրդավարական երկրներ են։ Ինչո՞ւ այնտեղից քաղաքացիները չեն գալիս Հայաստան, ինչո՞ւ մերոնք են հնարավորության դեպքում անմիջապես ճամպրուկներ կապում։ Գուցե նրանց անկախությունը, ժողովրդավարությունը մերինից տարբեր, սխալ անկախություն է, նրանց ազատությունը սխալ ազատություն է։ Կամ գուցե մե՛ր անկախությունը, մեր ազատություն-ժողովրդավարությունն է սխալ։ Այդ դեպքում ինչո՞ւ այս սխալն անվերջ կրկնվում է չար երազի պես։ Բայց սա երազ չէ, ախր։ Երազում կարող են քեզ խաբել, իրական կյանքում հնարավոր չէ շարունակ խաբել։

Նստել ու մտածում եմ. ինչո՞ւ իրերը չենք կոչում իրենց անուններով։ Ախր սա կրկնակի հանցագործություն է։ Դրանով նաև մարդկանց հավատը, երազանքն ենք սպանում։ Եթե դու ասում ես՝ սա ժողովրդավարություն է, ապա նշանակում է, որ դու ասում ես՝ դրանից առաջ այլևս մարդավարի ոչինչ չկա, սա ամենավերջն է, սա բոլորիս իրական ու անիրական երազանքների գագաթնակետն է։ Դրանից վեր այլևս բարձունքն չկա, մի՛ երազեք այլևս, դուք արդեն ձեր երազների գրկում եք...

Բայց, գրողը տանի, ախր երազներից չեն փախչում՝ ինչպես բորոտից։ Ուրեմն ինչ-որ բան այն չէ, ուրեմն սա մեր երազածը չէ, ուրեմն մեզ խաբում եք։ Սպանում եք վաղվա, ապագայի մասին մեր վարդագույն երազները։

Սակայն ավելի լավ չէ՞ չխաբեք մեզ, տղամարդու պես խոստովանեք, որ սա ժողովրդավարություն չէ, սա անկախություն չէ, սա բոլորովին ուրիշ բան է՝ անարխիա է, բռնապետություն է, անօրինություն է, ոստիկանական երկիր է կամ նման մի այլ իրավակարգ է, որտեղ մարդ բացարձակապես արժեք չէ, մարդը ոչինչ է, արժեքը փողն է միայն, որտեղ Ոսկե հորթն է միակ աստվածը... Ու մարդիկ կհասկանան, թե որտեղ են ապրում ու կսկսեն երազել Ազատության, Անկախության, Ժողովրդավարության մասին։ Մարդիկ արդեն երազանք կունենան։ Այս երկրում, Հայոց մեր երկրում, իրենց սեփական երկրում մարդավարի ապրելու երազանք։ Եվ գուցե նաև սկսեն պայքարել այդ երազանքի իրականացման համար...
2008 թ.