ՀՈԴՎԱԾՆԵՐ. 2 («Տարեգիր»)

Հոդվածներ և այլ նյութեր՝ տպագրված «Տարեգիր» թերթում
(2009-2010 թթ.)


ՀԱՅՐԵՆԻՔԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏ ՉԷ

«Ոչ միայն ցավալի, այլև սարսափելի է, երբ մարդ հիասթափվում է ինքն իրենից: Սակայն ամենացավալին ու սարսափելին այն է, երբ մարդ հիասթափվում է իր ազգից, սկսում ատել ողորմելի, մի կտոր հացի համար ամեն ինչ ծախել-վաճառելու պատրաստ, աջ ու ձախ շարունակ խաբվող, ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունն անընդհատ կորցնող, հավերժական ստրուկ այն ժողովրդին, որը ծնել է իրեն»,- այս տողերը խորին ցավով գրել եմ 5-6 տարի առաջ, 2005 թվականին տպագրել իմ «Ձմեռային սերենադ» գրքում։

Ավելի վաղ գրել էի. «20-րդ դարի սկզբներին թուրքերի, իսկ նույն դարի վերջերից մեր հայրենակիցների ջանքերով Հայրենիք հասկացությունը հայերիս համար աստիճանաբար դառնում է վերացական ինչ-որ բան։ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը դիվանագիտական դաշտում վերածել ենք պարտության, քանզի թշնամու սադիզմին շարունակ հակադրում ենք մեր մազոխիզմը»:

Ինչո՞ւ հիշեցի։ Որովհետև առեւտրա-օլիգարխային համակարգը կրկին հաղթեց սեփական ժողովրդին։ Անձնական շահը, սեփական խնդիրների լուծումը ներկայացվեց որպես համազգային ցանկություն, որպես ժողովրդի երազանք. Ցյուրիխում ստորագրվեց մի փաստաթուղթ, որի ստորագրմանը դեմ էր ժողովուրդը։

Այսօր թե՜ Թուրքիայի և թե՜ Ադրբեջանի հետ դիվանագիտական դաշտում մենք նպատակաուղղված զոհաբերում ենք այն ամենը, որ մնացել է Մեծ Հայքից, «ծովից ծով Հայաստանից», մեր ազգային արժանապատվությունը, ազատ ապրելու իրավունքը։

Երբ քաղաքական որոշ շրջանակներում փորձում են մեր պարտվողական դիվանագիտությունն արդարացնել «արտաքին ճնշմամբ», ես դա չեմ կարողանում ըմբռնել, հասկանալ, ընդունել։ Ի՞նչ է, այդ ճնշումը կյանքի և առողջության համար ավելի՞ վտանգավոր է, միլիոնների մեջ լողացող, թանկարժեք սմոկինգներով պատենավորված, փափուկ գահավորակների մեջ ընկղմված այդ պարոններն ավելի շատ ու ավելի մեծ բա՞ն են վտանգում, քան նրանք, ովքեր իրենց ինքնաշեն հրացաններով բազմիցս դուրս են եկել ուժեղ թշնամու դեմ, նրանից ավտոմատներ ու տանկ առգրավել, ազգային բանակ ստեղծել և իրենց արյան ու կյանքի գնով Հայրենի հող պաշտպանել, գերված հող ազատագրել...

Լավ, ենթադրենք փողկապ-սմոկինգով պարոնների համար իսկապես «մահացու դժվար է» արտաքին ճնշումներին դիմագրավելը։ Բայց նման դեպքերի համար կա մի շատ հասարակ միջոց, այն է՝ թողնում, հեռանում են։ Քաղաքական տերմինաբանությամբ՝ հրաժարական են տալիս։ Թող գան նրանք, ովքեր չեն վախենում այդ «ճնշումներից», և նրանց համար հայրենիքը չի սկսում սեփական գրպանից։ Այսօր ազգին ոչ թե «ֆուտբոլային դիվանագիտություն» կամ «ֆուտբոլային դիվանագետ», այլ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՌԱՋՆՈՐԴ է պետք։

Անձամբ ես դեմ չեմ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուն։ Բայց ո՜չ այսպես, երբ հակառակորդը դեռ չի խոստովանել իր հանցանքը, երբ այսօր այդ երկրում քարտեզ են տպագրում դպրոցականների համար, որտեղ Հայաստանը չկա։ Ես հույս չունեմ, թե այս իշխանությունները կարողանալու են երկրի համար օգուտներ քաղել՝ ձեռքի տակ ունենալով մի փաստաթուղթ, որտեղ կան նախապայմաններ, փաստաթուղթ, որից պարտության հոտ է փչում։ Ինչպե՞ս կարող են նրանք հօգուտ սեփական ժողովրդի օգտագործել այդ փաստաթուղթը, երբ դիվանագիտական դաշտում ապաշնորհաբար պարտության վերածեցին արցախյան պատերազմում ձեռք բերած հաղթանակը՝ թե՜ իրավական, թե՜ պատմական ու քաղաքական հաղթաթղթերով։ Ինչպե՞ս հավատալ այս իշխանություններին, որ տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված հաղթանակին, փոխարենը, տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը։



ԿՐԿԻՆ ՇԵՇՏՎԵՑ, ՈՐ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ

«Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ էր տպագրվում Արցախում եւ արտերկրում անուն հանած «Դեմո» հանրային թերթը։ Այդ կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից վերջինը «Ղարաբաղ-2014» նախագիծն է։ Նրա շրջանակներում Հայաստանից եւ Ադրբեջանից երեքական փորձագետներ վերլուծական հոդվածներում ներկայացրել են սեփական կանխատեսումները՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ստեփանակերտում կայացած նախագծի շնորհանդեսին ներկա էին հայաստանյան հեղինակները, ինչպես նաեւ «Հաշտության պաշարներ» կազմակերպության կովկասյան ծրագրի համակարգող Լոուրենս Բրոյերսը։ «Ղարաբաղ-2014»-ի հեղինակների հոդվածները տպագրվել են «Անալիտիկոն» ամսագրում (www.analyticon.org): Նախագծում, ցավոք, չեն ներառել Արցախի փորձագետներին, այն դեպքում, երբ քննարկման թեման հենց Ղարաբաղի ճակատագիրն է։

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նշեց, որ ադրբեջանական փորձագետների դիրքորոշումներն ու տեսակետները փաստորեն չեն տարբերվում պաշտոնական դիրքորոշումից, մինչդեռ հայ հեղինակների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են պաշտոնականից: Ըստ երեւույթին, այդտեղ զարմանալու ոչինչ չկա. հայ ղեկավարները սեփական աթոռի, ապա հետո միայն` ազգի շահի մասին են մտածում (եթե իհարկե, վերջինիս համար ժամանակ են ունենում), իսկ հակառակորդի ճամբարում սկզբում ազգի շահն է, ապա հետո միայն` սեփական գրպանը։

Ինչ վերաբերում է տարբեր հոդվածներում շոշափվող Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման հետ կապված տարբերակներին, պատմագետ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ ազատագրված տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, դրանք հայկական, ղարաբաղյան հողեր են եւ սակարկության ենթակա չեն: «Անվտանգության համար ավելի լավ սահմաններ, քան այսօրվա սահմաններն են, ոչ ոք չի կարող սահմանել»,- նշեց նա։

Միջոցառման մասնակիցներից շատերն ընդգծեցին, որ Արցախի կարծիքը հաշվի առնված չէ ոչ միայն վերոհիշյալ ծրագրում, ակնարկելով նաեւ ՀՀ ղեկավարի հայտարարությունները Ղարաբաղի համար ճակատագրական հարցերում, ու նրա պատրաստակամությունը՝ Ադրբեջանին վերադարձնելու ազատագրված հողերը, ազերիներին կրկին վերաբնակեցնելու Արցախում եւ, ի վերջո, հայաթափելու Ղարաբաղը։ Ընդհանուր կարծիքն այն էր, որ Արցախը պետք է հստակորեն ներկայացնի իր դիրքորոշումն ու կարգավորման վերաբերյալ տեսակետները։



ԱՐՑԱԽԻՆ ԵՎՍ ՊԵՏՔ ՉԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԿԱԴՐԵՐ

Հայոց երկրին ոչ թե մասնագետներ եւ, առավել եւս, ազգանվեր ու հայրենասեր գործիչներ են պետք, այլ ստրուկներ, կամակատարներ ու շողոքորթներ, ովքեր պատեհ առիթը բաց չեն թողնում օրվա իշխանությունների տաբատի փոշին մաքրելու եւ իրենց տանը նախաճաշելիս անգամ «սիրելի ղեկավարների եւ իշխանության» կենացը հոտնկայս խմելու համար։ Դրանում կարելի է համոզվել ցանկացած քայլափոխի, ղեկավարների շուրջ օրվա հաց վաստակող անձանց վարքուբարքից, նաեւ՝ իշխանությունների վարած, այսպես կոչված, կադրային քաղաքականությունից։

Մեր տեղեկություններով, օրերս Արցախի պետհամալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան Հրաչ Արզումանյանը զրկվել է պետական կաճառում դասավանդելու իրավունքից։ Պատճա՞ռը։ Մի քանի օր առաջ Ստեփանակերտում Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանին, որի թեման հայ-թուրքական հարաբերություններն ու նախաստորագրված արձանագրությունների քննարկումն էր, մասնակցել էր նաեւ Հրաչ Արզումանյանը։ Դեռ ավելին, նա ելույթ է ունեցել այնտեղ ու ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների սկսված «խաղում» հայկական կողմն իր քայլերով վերջ է դնում Ցեղասպանության ճանաչման գործընթացին, փակում Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի որոշ տարածքների պահանջի հարցը, ինչպես նաեւ կորցնում է այն լծակը, որով գերտերությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի քաղաքականության վրա:

Հրաչ Արզումանյանն այն միտքն է հայտնել, որ երրորդ անգամ պետականության ձեւավորումից հետո հայերը կանգնում են մի նոր վտանգի առաջ, որով փորձ է արվում բաժանել հայ ժողովրդին, որպես օրինակ բերելով Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը, որտեղ սփյուռքահայերն այնքան էլ ջերմ չեն ընդունել նրան: Նա ակնարկել է Հայաստան-Սփյուռք պառակտման մասին։

Վերլուծաբանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում եւ նախաստորագրված արձանագրություններում ոչ մի դրական բան չի տեսնում հայկական կողմի համար, հավելելով, որ եթե գործընթացը կանգնեցնելու հնարավորություն չլինի, ապա պետք է ավելի զգոն լինել հետագա ոչ բարենպաստ քայլերից խուսափելու եւ դրանք կանխելու համար: Ըստ նրա, միջազգային ասպարեզում Թուրքիայի դերն ավելի է մեծանում, իսկ Հայաստանինը՝ նվազում:

Արզումանյանը հայտնել էր, որ Ղարաբաղում նույնպես պետք է պատրաստ լինեն դրանց, քանի որ հնարավոր է հայ ժողովրդի հույսը դարձյալ Ղարաբաղը լինի, ինչպես 1988-ին էր: Արցախում, ըստ վերլուծաբանի, պետք է զգոն լինել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով, ինչին լուրջ ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետագա քայլերը, հատկապես որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սկզբունքներ, որտեղ ամրագրված պայմաններից մեկը ազատագրված տարածքների հանձնումն է: «Հնարավոր չէ մի հարցում դու զիջես, իսկ ասենք ղարաբաղյան հարցում հույս ունենաս, որ չես զիջի: Քաղաքականությունը հույսերի ու հավատի վրա կառուցելը ճիշտ չէ»,- եզրափակել է Հրաչ Արզումանյանը։

Ի դեպ, վերլուծաբանը նախկինում աշխատում էր ԼՂՀ նախագահի աշխատակազմում։ Եվ, բնական է, որ այսպիսի տեսակետ ունեցող մարդը չպիտի տեղ ունենա պետական համալսարանում, որտեղ ռեկտորին «ժողովրդավարական սկզբունքներով ընտրում» են նախագահական նստավայրի հրահանգով։ Ըստ երեւույթին, պետական կաճառի ղեկավարին ու նրա անմիջական բոսերին ամենեւին պետք չեն անկառավարելի, հայրենասեր մարդիկ։

Հայրենասիրությունը, համազգային շահերով թելադրված տեսակետները հարգի չեն մերօրյա պետական համակարգում, այդ թվում՝ պետհամալսարանում, որտեղ որքան շատ լինեն անսկզբունք, չափազանց համեստ կարողություններով, լվացած, արդուկած գլուխներով երիտասարդները, այնքան հուսալի ձեռքերում կլինի երկրի ապագան։ Ինչպես այսօր է... Օրերս մի արցախցի ակնարկել է, որ շուրջ երկու հարյուրամյակ առաջ գեներալ Մադաթովի նախաձեռնությամբ Արցախում կաղնիներ են տնկվել, իսկ այսօր մի այլ հայազգի գեներալի հովանավորությամբ այդ կաղնիները հատում ու թանկարժեք փայտանյութն առաքում են արտասահման եւ հսկայական գումարներ դնում սեփական գրպան։ Մեր երկրին այսօր հենց այսպիսի կադրեր են պետք։ Մանկուրտների պահանջարկը շատ մեծ է պետապարատում։



ԻԲՐ Ի՞ՆՉ, ՈՐ ԴՈՒՔ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԱՂՄԿՈՒՄ ԵՔ
ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ


Երեւանյան լրատվամիջոցներից տեղեկացանք, որ օրերս ՀՀ մայրաքաղաքում դաշնակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե հայ-թուրքական վերջին զարգացուների հանդեպ Ղարաբաղը պասիվ է, բայց պետք է ակտիվանա, որովհետեւ «այս ուղտը մի օր չոքելու է Ղարաբաղի առջեւ»։

Ճիշտն ասած, վերջերս ավանդույթ է դարձել Երեւանում կատարվող այս կամ այն իրադարձության հանդեպ հրապարակավ մեղադրանք հնչեցնել Ղարաբաղի լռության կապակցությամբ։ Բայց խոսքն այդ մասին չէ, այլ այն, որ Հայաստանում շատերին թվում է, թե Ղարաբաղը աշխարհի կենտրոնում գտնվող մի փոքրիկ գյուղ է, որ պետք է անմիջապես արձագանքի աշխարհի անցուդարձերին։

Մյուս կողմից, զարմանալին այն է, որ «ղարաբաղյան լռության» վերաբերյալ տարակուսանք է հայտնում ՀՅԴ-ն։ Մի կուսակցություն ու քաղաքական ուժ, որի գործուն մասնակցությամբ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում իշխանության են եկել նրանք, ովքեր 1988-ին սկիզբ առած ազգային զարթոնքը, ազգային վերելքը վերածել են ազգակործան վայրէջքի։

Կարծես ՀՀ-ում իշխանության մաս կազմող այդ նույն Դաշնակցության անտարբերության ու լռության պայմաններում չեն տարիներ շարունակ շեփորում, որ ազատագրված հողերը պիտի տանք ազերիներին, նրանց փախստական կոչվածներին կրկին բերենք Արցախ ու հետո միայն մտածենք, թե իրենից ինչ պիտի ներկայացնի այդ Ղարաբաղ կոչվածը՝ ինքնավար կազմավորում Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ անվտանգության իր բոլոր միջոցները կամավոր թշնամուն հանձնած, մազից կախված փոքրիկ մի անկլավ, որ մի օր պիտի դառնա Նախիջեւան կամ փոքրիկ Արեւմտյան Հայաստան։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ինչո՞ւ է զարմանում, որ Ղարաբաղը ձայն չի հանում։ Երբ ՀՀ ներկայիս ղեկավարը տարիներ առաջ հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ» եւ «գրավյալ տարածքները պիտի հանձնվեն», ՀՅԴ-ն բողոքո՞ւմ էր դրա դեմ, թե՞ իշխանական աթոռների վրա բազմած, ժամանակ չէր գտնում նման «մանր-մունր» խնդիրների վրա ծանրանալու։

Ըստ երեւույթին, «ֆուտբոլային դիվանագիտություն» հիվանդությունը վարակել է շատերին, եւ նրանք կարծում են, թե Արցախը եւս ֆուտբոլի մարզադաշտ է. բավական է տրիբունաներից վանկարկել՝ «Ղա-րա-բա՛ղ, ակ-տի-վա-ցի՛ր», եւ վերջինս անմիջապես դեն է շպրտելու իր «պասիվության դիմակը»։

Մեզ՝ արցախցիներիս էլ է մտահոգում ղարաբաղյան վերնախավի լռությունն ու կրավորական պահվածքը, ու ամենից առաջ հենց ղարաբաղյան խնդրում։ Բայց Արմեն Ռուստամյանն ինչո՞ւ է զարմանում Ղարաբաղյան ղեկավարության լռությունից։ Նույն ՀՅԴ-ի Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը օրերս հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԼՂՀ ղեկավարության գործունեությունը արտաքին քաղաքական ոլորտում ամբողջապես համահունչ է մեր դիրքորոշմանը։ Սա միանշանակ է։ Այսօրվա դրությամբ Արցախի իշխանությունները, սա ասում եմ ամենայն վստահությամբ, Ղարաբաղի հիմնահարցում չեն շեղվել իրենց դիրքորոշումից»։

Ո՞ւմ հավատանք. Ա. Ռուստամյանի՞ն, որ տարակուսած է Ղարաբաղի պասիվությունից, թե՞ Դ. Իշխանյանին, որ միանգամայն պաշտպանում է տեղի իշխանությունների դիրքորոշումը։

Մյուս կողմից, եթե Ղարաբաղի հետագա ճակատագիրը որոշում է ՀՀ նախագահը, այն էլ՝ «մադրիդյան սկզբունքներով», իսկ ԼՂՀ իշխանությունները հրապարակավ հանդես չեն գալիս դրա դեմ՝ հանուն իրենց իսկ երկրի ապրելու իրավունքի, ինչո՞ւ զարմանալ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նրանց որդեգրած լռության վրա։

Եվ, վերջապես, վերջերս ակտիվացած ՀՅԴ-ն պահանջում է ՀՀ արտգործնախարարի հրաժարականը, մինչդեռ մեզանում քաղաքականությունից հեռու ամեն ոք գիտե, որ այս ողջ «շիլափլավի» հեղինակը ՀՀ ղեկավարն է։ Ասել է թե՝ դաշնակցության ակտիվացման-համարձակության նշաձողը մինչեւ Էդուարդ Նալբանդյանն է։ Այնպես որ՝ ցանկալի է, որ հենց ՀՅԴ-ն «ակտիվանա» ու վերջապես սկսի իրերը կոչել իրենց անուններով՝ քաղաքական հիմնահարցերը երբեք չշաղկապելով անձնական բիզնեսին առնչվող հարցերի հետ։ Իսկ ինչ մնում է ուղտին, ապա նա վաղուց չոքած է Հայ ժողովրդի ու Հայոց պետականության դռանը ու, առնվազն վերջին մեկեւկես տասնամյակում, մի օր անգամ չի հեռացել իր «նստավայրից»։




ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՏԵՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ժամանել է Արցախ։ Պաշտոնական ժլատ տեղեկատվության համաձայն՝ ՀՀ եւ ԼՂՀ նախագահները Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են հանրապետության հարավային շրջաններ, մասնակցել այնտեղ զինվորականների համար կառուցված բնակելի շենքի եւ ռազմական ենթակառուցվածքների շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը: Նույն աղբյուրի տեղեկատվության համաձայն, հաջորդ օրը նրանք նույն անձանց ուղեկցությամբ մեկնել են հանրապետության արեւելյան շրջանի պաշտպանական դիրքեր եւ հետեւել այնտեղ անցկացվող զորավարժությունների ընթացքին: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը ծաղիկներ են դրել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհված վայրում կանգնեցված հուշաքարին:

Մեր ձեռքբերած հաջորդ տեղեկատվությունը նրա Արցախի հեռուստատեսությանը տված պատասխաններն են, որը ներկայացվեց որպես լրագրողների հարցերի պատասխան։ Ցավոք հեռուստաէկրանին մենք այդպես էլ չտեսանք լրագրողներին, մինչեւիսկ այն լրագրողին, որի հարցերին պատասխանում էր Ս. Սարգսյանը։ Մենք չկարողացանք ՀՀ նախագահի այցի վերաբերյալ մեր ունեցած տեղեկատվությունից տարբերվող կամ լրացնող այլ պատասխան ստանալ։

Իր այցի նպատակը Սարգսյանն այսպես է ներկայացրել. «Այսպիսի այցելությունները նպատակ են հետապնդում ծանոթանալու այն խնդիրներին, որ զորքերն ունեն իրենց առօրյայում։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է առանձնասենյակի մանրահատակի վրա ճեմելով խոսել զորքերի մարտունակության, մարտական ոգու, տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին»։

Այս խորիմաստ նախաբանից հետո նա հայտնեց, որ «մեր զինված ուժերը վաղուց արդեն կայացել են, եւ իրոք մենք ունենք մարտունակ զինված ուժեր՝ ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր»։

Այնուհետեւ Սարգսյանը մեկնաբանել է «լրագրողների» այն հարցը, որ վերաբերում էր Ալիեւ կրտսերի վերջերս արած հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուն։ Սպասվում էր, որ նա հստակորեն կպատասխանի՝ տարածքները վերադարձնո՞ւմ է, թե՞ ոչ։ Իսկ նա սկսեց ավելի հեռվից. «Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, չկա։ Այդ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է ցանկանում, որ օր առաջ լուծվի այս խնդիրը։ Ես համոզված եմ, որ կան իրոք լուծումներ, եւ այդ լուծումները կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերը իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին»։

Հետո նա ավելի հստակեցրեց ասելիքը, հայտնելով, որ փնտրում են երկարաժամկետ լուծումներ, որոնք իրոք խաղաղություն կբերեն եւ այն կլինի տեւական։ «Ցանկացած բանակցություններում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում, երբ բանակցությունների ընթացքում ձգտում են ստանալ ամեն ինչ։ Երբ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին, այն ժամանակ կլուծվի խնդիրը,- ասաց նա։- Ուզում եմ կրկնել, որ բանակցությունների կոնտեքստից կտրել ինչ-որ հատված եւ խոսել դրա մասին, ճիշտ չէ։ Ճիշտ կլինի, որպեսզի ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, եւ ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրենք նախկին բանակցություններից ու ներկայացնենք սեփական լսարանին...»։

Ահա այն ամենը, ինչ կարողացանք ստանալ ՀՀ ղեկավարի այցի եւ հատկապես ազատագրված հողերը վերադարձնել-չվերադարձնելու վերաբերյալ։ Այսինքն՝ թե՛ այցի իրական պատճառի, եւ թե՛ վերոնշյալ տարածքները հակառակորդին հանձնելու վերաբերյալ մենք գիտենք այնքան, որքան գիտեինք մինչեւ Ս. Սարգսյանի այցը Ղարաբաղ։ Ահա թե ինչու հայ լրագրողները հիմնականում ձգտում են տեղեկություններ ստանալ ոչ թե սեփական երկրի ղեկավարներից, այլ օտար, առավելապես՝ հակառակորդի ճամբարից։




ՎԵՐՋԱՊԵՍ ՀԻՇԵԼ ԵՆ ՇՈՒՇԻԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները որոշել են ռուսաստանցի հայ գործարարների ու բարերարների շրջանում ֆինանսական միջոցներ հանգանակել Շուշի քաղաքի վերականգնման համար։ Անկասկած ուրախ ենք, որ հայկական մշակույթի երբեմնի կենտրոններից մեկի վերականգնման անհրաժեշտության մասին հիշել են, թեկուզ այն ազատագրելուց 17 տարի հետո, ցավալի է, սակայն, որ հայկական երկու պետությունների ղեկավարներն այդ նպատակով մեկնել են մի երրորդ պետություն, մեղմ ասած՝ փող խնդրելու։

Հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտնել է, որ «Հինավուրց հայկական բնակավայրերից մեկի՝ Շուշիի վերականգնումն ու զարգացումը հրատապ խնդիր է։ Քաղաք, որը դարեր շարունակ եղել է Արցախի քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կենտրոնը: Մենք ուզում ենք վերակենդանացնել Շուշիի երբեմնի փառքը, քաղաքը դարձնել ժամանակակից, ծաղկուն ու զարգացող»: Ըստ Բ. Սահակյանի՝ «Արցախի հին մայրաքաղաքի վերականգնումը կենսական նշանակություն ունի հայոց անկախ պետականության համար»։ Նա հավելել է նաեւ, որ Շուշին մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի կյանքում եւ 18-19-րդ դարերում այն Անդրկովկասի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական կենտրոններից մեկն էր:

Ղարաբաղի ղեկավարը քաղաքի պատմության ամենաողբերգական շրջանին՝ 1905 թ. հայկական առաջին կոտորածին, ավերմանն ու հայաթափմանը անդրադառնալուց հետո վերադարձավ Շուշիի ոչ նախանձելի ներկային։ Քաղաք, որը շուրջ երկու տասնամյակ սպասում է, որ հիշեն իր մասին։ Բ. Սահակյանը ներկաներին հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները Շուշի քաղաքի եւ ամբողջ շրջանի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդիր: «Այդ իսկ պատճառով նախատեսում ենք Շուշի տեղափոխել մի շարք պետական մարմիններ եւ գերատեսչություններ՝ հանրապետության դատական համակարգը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ, գրողների միությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը եւ մի շարք այլ օղակներ: Համոզված ենք, որ այս միջոցառումները նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանը»,- ասել է նա, ընդգծելով, որ «անելիքները Շուշիում շատ են եւ բազմաբնույթ՝ բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի եւ այլ օբյեկտների կառուցում եւ վերանորոգում»:

Իր ելույթի վերջում նա ասել է. «Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր է: Նրա շենացումը ցույց կտա աշխարհին մեր միասնականությունը եւ միակամությունը՝ ազգային արժեքների պաշտպանության, անկախ եւ ինքնիշխան պետության շարունակական զարգացման ու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում»:

Ի դեպ, ռուսաստանցի մեր համերկրացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը բարեբախտաբար չի ասել, թե «Շուշին մեր հայրենիքը չէ», ընդհակառակը, հայտնել է, որ «Ինչ էլ մենք տանք, չենք կարող ավելին տալ, քան այն արյունը, որ տվել են մեր զինվորները՝ հետ վերադարձնելով Շուշին»։

Հիշեցնենք, որ դեռեւս 1992 թվականին Շուշին ազատագրելուց հետո հաճախակի էին կարծիքներ հնչում, որ այն կրկին պիտի դարձնել Արցախի մայրաքաղաքը։



ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՔԱՐ ՆԵՏՈՂԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը։ Նիստի թերեւս ամենահետաքրքիր դրվագը «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հայտարարությունն էր:

Պատգամավորն իր գործընկերներին նախ հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներում ընդունել են օրենք, ըստ որի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձեր անող քաղաքացիներին ենթարկում են քրեական պատասխանատվության։ Ապա Արմեն Սարգսյանն առաջարկել է ԼՂՀ քաղաքացիների համաժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի հանրապետության սահմաններն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնողներին եւս ենթարկել քրեական պատասխանատվության:

Նա իրավապահ մարմիններին առաջարկել է` «բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փոխզիջմամբ կամ այլ տարբերակներով կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, ենթարկել քրեական պատասխանատվության, որովհետեւ դա ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ: Իսկ հակասահմանադրական քայլ անողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Համենայն դեպս, այսօր Արցախում շատ դժվար է գտնել այնպիսի մեկին, որը կասկածի տակ է դնում Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, այսինքն` համաձայն է ազատագրված հողերը զիջել թշնամուն։ Այնպես որ, ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի ակնարկած «հակասահմանադրական քայլ անողը» Հայաստանում է եւ զբաղեցնում է շատ բարձր պաշտոն։ Մնում է` Արցախի իրավապահ մարմինները կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ պատասխանատվության կանչելու ԼՂՀ սահմանադրության վրա համար առաջին քար նետողին։




ԻՆՉՊԵՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԴԱՍԱՅԻՆ ԿԱՐԳԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՐԿՐՆԵՐԸ

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ 1-ին եւ 2-րդ գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ հետ

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, համաձայնագրի ստորագրումը։

- Եթե դա քննարկենք միայն երկու կողմերի հարաբերության հարթությունում, անշուշտ պիտի ապակողմնորոշվենք եւ սխալ եզրահանգման գանք: Շատ կարեւոր է, որ մենք հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր համայնապատկերի վրա, որովհետեւ այս հարաբերությունների կարգավորումը եւ, ընդհանրապես, երկրագնդի ցանկացած մասում կատարվող իրադարձությունները գլոբալիզացիայի գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, այդ թվում՝ «Եվրոպան եւ նրա հարեւանները» ծրագրի, որը չի ճանաչում փակ սահմաններ, անհաշտ հարաբերություններ: Եվ, ընդհակառակը, ճանաչում է քաղաքական, տնտեսական եւ մշակութային ինտեգրացիան: Իսկ Թուրքիան եւ Հայաստանը ամեն կերպ ձգտում են մտնել եվրոպական ընկերակցություն, որպեսզի հնարավորություն ստանան օգտվելու համաեվրոպական «բարիքներից»:

- Երեւի թե գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հաշտեցման նախագծի հեղինակները Թուրքիան ու Հայաստանը չեն։ Համաձայնագրի ստորագրման ժամանակ «սցենարի» հեղինակներն ու ռեժիսորը կանգնած էին ՀՀ եւ Թուրքիայի արտգործնախարարների թիկունքում։ Այնուամենայնիվ, Հայաստանն ու Թուրքիան պետք է որ ակնկալիքներ ունենան հարաբերությունների կարգավորումից։ Ըստ Ձեզ, կողմերն ի՞նչ սպասելիքներ ունեն համաձայնագրի ստորագրումից։

- Տրամաբանական է, որ կողմերը ձգտում են բանակցային գործընթացը տանել իրենց համար շահեկան ուղղությամբ: Սակայն ցանկանալը դեռեւս քիչ է, որովհետեւ խաղի կանոնները թելադրողը մի երրորդն է, նրանք, որ կանգնած էին «դերակատարների» թիկունքում: Հայկական կողմը միանշանակ ձգտում է դուրս գալ երկարամյա շրջափակումից, ճանապարհ հարթել դեպի քաղաքակիրթ եւ բարեկեցիկ Եվրոպա: Թուրքիան նույնպես ձգտում է մտնել Եվրամիություն: Սակայն նրան ոչ պակաս չափով գրավում է նաեւ Կովկասյան տարածաշրջանում գլխավոր դերակատարություն ստանձնելու գայթակղությունը եւ աստիճանաբար իրականացնելու իր դարավոր երազանքը՝ Մեծ Թուրանի ստեղծումը:

- Իսկ երրորդ կողմն ի՞նչ է շահում, ի՞նչ նպատակ է հետապնդում հարաբերությունների կարգավորումից:

- Երրորդ կողմը, ըստ իս, համաշխարհային տիրապետության հավակնող մասոնական ուժերն են, որոնք իրենց տրամադրության տակ ունեն հզոր ֆինանսատնտեսական, քաղաքական, հասարակական եւ ռազմական համակարգեր ու լծակներ, որոնք գործադրելով՝ ազդում են ցանկացած աշխարհաքաղաքական գործընթացների վրա՝ ձգտելով ստեղծել նոր աշխարհակարգ: Այդ ուժերի գլխավոր թիրախը ազգային գաղափարախոսությունն է, կրոնը եւ ազգային ավանդույթները: Օգտվելով իրենց համար բարենպաստ պայմաններից, այն է՝ ժողովուրդների սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակից, իրենց տարբեր ինստիտուտների միջոցով կազմալուծում են վերջիններիս ազգապահպան հենասյուները եւ ներմուծում ապազգային ու նյութակրոն համակարգ:

- Հետաքրքիրն այն է, որ համաձայնագրից դժգոհ են ե՛ւ թուրքերը, ե՛ւ եւ հայ հանրությունը: Հայկական կողմի հաշվով՝ պարզ է, թե ինչու։ Բայց ինչո՞ւ են դժգոհ նաեւ թուրքերը։ Թե՞ ձեւանում են։

- Տարածաշրջանի երկրները, ի զորու չլինելով ինքնուրույն կարգավորելու իրենց հարցերը, տնտեսությունների կաթվածահար վիճակը, ստիպված ընկնում են հզոր Արեւմուտքի ոտքերը՝ նրանց հովանավորությունը եւ միջնորդությունը կորզելու համար: Իսկ միջնորդները եւ հովանավորները գործում են իրենց հետաքրքրությունների եւ շահերի տեսանկյունից: Համաձայնագիրը, բնականաբար, փոխզիջման վրա հիմնված փաստաթուղթ է, որը, հետեւաբար, ավելի ձեռնտու է միջնորդ կողմին:

Ո՞րն է փոխզիջումը: Եվրոպայի կողմից Թուրքիային իրենց ընտանիք մուտքագրելու համար նախապայմաններ են մարդու եւ խոսքի ազատությունները, քաղբանտարկյալների, ազգային, սեռական փոքրամասնությունների խնդիրները եւ հատկապես ամենաազդու գործոնը՝ Թուրքիայի կողմից դարասկզբի Ցեղասպանության ճանաչումը...

Հայկական կողմին պարտադրված է ճանաչել Թուրքիայի հետ առկա սահմանը, այսինքն՝ ետ կանգնել հողային պահանջատիրությունից: Այդ հանգամանքում Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից լուրջ վտանգ չի ներկայացնում, ընդամենը նրան թեթեւացնում է անցյալի բեռից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն իրականացվում է նույն ուժերի կողմից՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում, որտեղ Թուրքիան եւ Հայաստանը շահագրգիռ կողմեր են։ Իհարկե, ֆորմալ կապ չկա հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի հարցի կարգավորման միջեւ, սակայն իրականում տարածաշրջանային ընդհանուր ենթատեքստում օրգանապես իրար հյուսված հարցեր են:

- Թուրքիան կարծես թե ձգտում է բանակցային գործընթացը ձգձգելով, ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի առավելագույն զիջումներ կորզի Ղարաբաղի հարցում: Արդյոք թուրքերը կարողանալո՞ւ են փոխել միջնորդ կողմի գրած սցենարը։

- Ըստ իս, միջնորդները Թուրքիային եւ Ադրբեջանին կպարտադրեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, իսկ հայկական կողմը պետք է հանձնի ազատագրված տարածքները: Թուրքիայով ճանապարհ ունենալու դիմաց հայկական կողմը պիտի ճանապարհ տրամադրի Ադրբեջանին՝ հաղորդակցվելու Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական կողմերի հաստատուն եւ կարծր դիրքորոշման, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, բազմիցս հայտարարել է ազատագրված հողերից դուրս գալու իր պատրաստակամության մասին եւ Կարսի պայմանագրի վերաբերյալ: Տեսակետ կա, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս ամենը խաղ է: Իհարկե, դա չի բացառվում, սակայն պիտի ասենք, որ կրակի հետ ենք խաղում:

- ՀՀ ղեկավարն ինչո՞ւ է մտել այս «խաղի» մեջ։ Չէ՞ որ շատերիս համար պարզ է, որ հայկական կողմը շատ բան է կորցնում այդ, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորումից։

- Գերհզորները, ունենալով հստակ գլոբալիզացիոն ծրագրեր, հսկայական ֆինանսական միջոցներ եւ ժողովուրդներին կառավարելու մեծ փորձ, «երրորդ կարգի» երկրներին, հատկապես մեզ հմայել են բարեկեցիկ ապրելու պատրանքներով եւ, թասիբի գցելով քաղաքական արիություն ցուցաբերելու խաբկանքով, դրդել են համաձայնագրի այսօրինակ տարբերակին:

Մեր քաղաքական վերնախավը եւ օլիգարխները, ժամանակին յուրացնելով ազգային հարստության առյուծի բաժինը, ժողովրդի մեծ մասին մատնելով ծայրահեղ աղքատության, հեռացել են ազգային հոգեւոր-մշակութային արժեքներից եւ, ձգտելով ամեն գնով ճանապարհ հարթել դեպի բարեկեցիկ Եվրոպա, պատրաստ են շատ ազգային արժեքներ զոհաբերել: Նպատակին հասնելու համար չեն խնայում միջոցները՝ սեփական ժողովրդից ճշմարտությունը քողարկելով, ահաբեկելով, որ այդ ճանապարհը միակն է մեր գոյատեւման համար:

Անտեսելով մեր ազգային արժանապատվությունը, իշխանախումբը գերակա է համարում տնտեսական եւ բարեկեցիկ ապրելու շահը: Այդ մարդիկ չեն գիտակցում, որ սահմանը բացվելու հետ՝ փակվել էլ կա, իսկ այն արժեքները, որ զոհաբերվում են՝ մշտական են։ Այս վարչախումբը, գայթակղված լինելով նյութական անցողիկ արժեքներով, մոլորության է տանում նաեւ հայ հանրությանը՝ կեղծ քննարկումներ կազմակերպելով, դրանով իսկ մասնատելով նրան:

- Ընդհանուր առմամբ դե՞մ եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն։

- Դեմ չեմ կարգավորմանը, սակայն ո՛չ նման նախապայմաններով։ Այս հարաբերությունների բարելավումը սկսելով «ֆուտբոլային դիվանագիտությամբ», մոռանում են մի բան, որ ինչպես ֆուտբոլային թիմերն են տարբեր դասային կարգի, այնպես էլ երկրները եւ դիվանագետները: Գոնե խորագիտություն պետք է ունենանք՝ հրաժարվելու այն բարդ խաղերից, որտեղ մեզ խայտառակ պարտություն է սպասում:

- Հնարավոր համարո՞ւմ եք գործընթացում փոփոխություների հնարավորություն։

- Չեմ բացառում, որ գործընթացը կարող է այլ ընթացք ունենալ, սակայն սյուժեն չի փոխվելու, քանի որ նախագծի հեղինակները հետեւողական են իրենց ծրագրերի մեջ: Եվրոմիությունը եւ Եվրոատլանտյան դաշինքը ընդլայնում են իրենց սահմանները՝ հաստատվելով Փոքր Ասիայում եւ Անդրկովկասում՝ ընդհուպ մոտենալով Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի սահմանին: Երկրներ, որոնք այդ ուժերի եւ նրանց ծրագրերի իրականացման մեծագույն խոչընդոտներն են:

Ի դեպ, 1988-ին մենք ազգովի կանգնած ենք եղել նման ընտրության առաջ. ընտրել նյութակա՞նը, թե՞ ոգեղենը: Խոսքս վերաբերում է ԽՄԿԿ-ի կողմից մեզ տրամադրված 450 մլն ռուբլուն՝ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մենք այն ժամանակ մերժեցինք նյութական գայթակղությունը՝ նախընտրելով արժանապատիվ ու ազատ ապրելը մեր կենսատարածքում:

Ամեն մարդ կամ վարչախումբ իր ձեռնարկումներում ելնում է իր դավանած արժեհամակարգից եւ, բնականաբար, պաշտոնամոլ ու ընչաքաղց մարդիկ արդեն կողմնորոշվել են՝ ընդունելով նյութականի գերիշխանությունը։ Սակայն հույս ունեմ, որ ազգովի կհրաժարվենք ազգակործան այդ ուղուց...



ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԿԱՄ՝ ՄԵ՛Կ, ԵՐԿՈ՛Ւ, ԵՐԵ՛Ք, ԵՐԿԻՐԸ ՎԱՃԱՌՎԱ՛Ծ Է...

Մեկը դեղատնից գլխացավի հաբ է խնդրում, նրան խորհուրդ են տալիս. «Գլխացավի դեղ չունենք, բայց փոխարենը լավ լուծողական ունենք...»: Մոտավորապես նույնը կարելի է ասել հայ դիվանագետների մասին: Քանի որ այդ կարգի մասնագետներ չունենք, մի խումբ փինաչիների վրա մի ցուցանակ ենք կախել, վրան գրել՝ դիվանագետ, ու գործի գցել:

Մեր ժողովրդի պատմությունը՝ հին ժամանակներից, Հայկ նահապետից մինչև Սևրի պայմանագիր ու Արցախյան հարց, ծայրից ծայր քրքրեք, գրեթե ամեն ինչ կգտնեք՝ ազատագրական շարժումներ ու ապստամբություններ, մեծ պարտություններ ու բարոյական հաղթանակներ, ջարդեր ու ողբ, Աստծո հետ բանավիճող հանդուգն մտածողներ ու ճարտարապետներ, գրողներ, գիտնականներ ու շինարարներ, բայց հայ դիվանագետ չեք գտնի: Խոշորացույցով ու մանրադիտակով էլ փնտրեք՝ չեք գտնի:

Այդպիսի մի «դիվանագետ» տարիներ առաջ հեռուստահարցազրույց էր տալիս: Բայց քանի որ նրա համար ավելի կարևոր խնդիրն այն էր, թե հեռուստադիտողը նկատո՞ւմ է իր նոր գուլպանները, թե՞ ոչ, ոտքն այնպես էր ոտքով գցել, որ հեռուստաէկրանի շուրջ մի քանի մետր շառավղով տարածվել էր փայլփլուն կոշիկների և թանկարժեք գուլպանների մեջ խցկված անլվա ոտքերի «բույրը»... Տնաշենի տղա, եթե այդպես շատ ես ուզում, որ մարդիկ նոր գուլպաներդ տեսնեն, ավելի լավ չէ՞ր դրանք միանգամից գլխիդ վրայով հագնեիր: Կամ, ասենք, գլխիդ ու ոտքերիդ տեղները փոխեիր:
Դիվանագետների պիտակով մարդկանց մի խումբ այսօր էլ ղարաբաղյան հարցի վրա է «գլուխ կոտրում», իր ժողովրդի զավակների արյան ու կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը, իր հայրենի հողի մի մասը, իր երկիրը դրել թղթախաղի սեղանին, մտմտում է. մաս-մաս վաճառե՞լ, թե՞ միանգամից, լրիվությամբ...

Քանի որ այս գործում սրանք արդեն զգալիորեն «առաջ են անցել», հիմա էլ դրան հավելել են «ֆուտբոլային դիվանագիտությունը», եւ մեր հայրենիքն աստիճանաբար փորձում են վերածել ֆուտբոլի մարզադաշտի։ Ճիշտն ասած, այդ գործընթացը սկսել են իսկը ժամանակին, որովհետեւ վերջին մեկեւկես տասնամյակում «մարզադաշտից» հարյուր հազարներով հանդիսատեսներ անվերադարձ մեկնել են այլ երկրներ եւ նրանց տեղը թափուր է մնացել։ Պետք է այդ բացը մի բանով լցնել կամ լրացնել։ Թեկուզեւ թուրքերով։

Հիմա մեր, այսպես կոչված, դիվանագետները Թուրքիային խնդրում են սահմանները բացել, որպեսզի այնտեղից թուրք հանդիսատեսներ գան Հայաստան։ Ցավն այն է, որ կասկած կա, թե շատ հնարավոր է՝ այդ բաց սահմանով կտրուկ աճի բնիկների արտահոսքը դեպի արտերկիր։ Անշուշտ այդպես էլ լինելու է, բայց դա գլոբալիզացիայի դարում այնքան էլ էական նշանակություն չունի։ Ի՞նչ տարբերություն՝ աշխատուժը մնում է աշխատուժ, շուկայական հարաբերություններում դրանց գների տարբերություններն այնքան էլ մեծ չեն։

Մյուս կողմից՝ մեր դիվանագետներն ամեն ինչ մտածված ու հաշվարկով են անում։ Ավելի լավ չէ՞ կամաց-կամաց հարցը լուծել այսպես, խաղաղ ճանապարհով եւ անարյուն, քան թուրքին թույլ տալ յաթաղանով հարց լուծելու. եթե աստիճանաբար հայ բնիկները Հայաստանի Հանրապետությունից մեկնեն արտասահման՝ Սփյուռքն ավելի հզորացնելու, ապա թուրքերն այլեւս չեն մտածի նրանց հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնելու մասին։ Նրանց մարգարեներից մեկը չի ասե՞լ՝ չկա հայ, չկա պրոբլեմ։

Այդ չճանաչված Արցախի հանրապետության առումով եւս ամեն ինչ «օքեյ է», նախ՝ կազատվենք այդ գլխացավանք ազատագրված տարածքներից, հետո ազերի հազարավոր փախստականների մադրիդյան կամ, ասենք, մոզամբիկյան սկզբունքներով կբերենք Ղարաբաղ, մեր տների բանալիները հանդիսավոր կհանձնենք նրանց, կխնդրենք ժամանակին մուծել բնակարանի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի եւ մյուս կոմունալ ծառայությունների վարձը ու հանգիստ խղճով կմեկնենք Գլենդել կամ Հոլիվուդ...

Կատակը՝ կատակ, բայց իրոք շատ տխուր է այս աշխարհում, ու հատկապես Հայաստան կոչվող փոքրիկ այն աշխարհում, որ Աստված մեզ է տվել, բայց մենք ոչ մի ցանկություն չունենք այն պահելու։ Հայ դիվանագե՜տ... Իմ ծանոթներից մեկը կատակով ասում է. «Եթե սրանց վրա ծախսված հազարավոր, միլիոնավոր նյութական միջոցների մի չնչին տոկոսով մի քանի թուրք դիվանագետ վարձած լինեինք, ոչ միայն Ղարաբաղի, այլեւ »Հայոց հարցը« վաղուց լուծած կլինեինք մեր օգտին եւ այսօր հող ու ջրի, սեփական երկրի տեր կլինեինք...»

Հայ դիվանագե՜տ... Անունը կա, ինքը կարծես թե կա, բայց միաժամանակ չկա: Մեզ համար չկա՛:



ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մինչ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թեւերը քշտած, մտմտում են, թե ինչպես ազատվեն ազատագրված հողերից, ապա եւ` Ղարաբաղից, արցախցիները միանգամայն այլ կերպ են մտածում «հարցի կարգավորման» մասին։ Շարքային ղարաբաղցիները ոչ միայն միանշանակ չեն ընդունում ազատագրված տարածքների հանձնումը թշնամուն, այլեւ նույնիսկ չեն էլ ուզում մտածել, թե ազերի փախստական կոչված մեկը կրկին կարող է վերադառնալ Ղարաբաղ։

«Երբ Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերից մազապուրծ փախած ոչ մի հայ երբեք չի վերադառնալու իր նախկին բնակավայրը, ինչո՞ւ պիտի թեկուզ մի թուրք վերադառնա Արցախ,- ասում է 60-ին մոտ ավտովարորդ Գրիշա Սարգսյանը։- Հազիվ ազատվել ենք դրանցից, մեր հազարավոր զավակների կյանքի գնով մաքրել ենք մեր երկիրը...»։

Ղարաբաղի ղեկավարները, ճիշտ է, այդպես միանշանակ ձեւակերպումներ չեն անում, բայց, համենայն դեպս, երբեք Սերժ Սարգսյանի պես չեն ասել, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ» կամ «գրավյալ տարածքները» պիտի հանձնենք։ Ըստ երեւույթին, վերջիններս ինչ-որ տեղ իրենց համարում են ՀՀ նախագահի աթոռի պատանդը եւ չեն համարձակվում միանշանակ «ոչ» ասել նրա վարած արտաքին քաղաքականությանը, թեկուզ` միայն Արցախի հարցում:

Նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, նախագահական շենքի դիմաց, բազմաթիվ ստեփանակերտցիների ներկայությամբ, հետախույզի օրը նշվեց յուրօրինակ զորավարժություն-ներկայացմամբ։ ԼՂՀ ՊԲ զինվորները սրընթաց գրոհով վնասազերծեցին «թշնամու» ավտոբուսը, ապա իրենց գործը հասցրին հաղթական ավարտի...

Քաղաքի կենտրոնում բեմադրված այս ներկայացումը կարծես փորձ էր` ժողովրդին հասկացնելու, որ Ղարաբաղի իշխանությունները, ի տարբերություն Ս. Սարգսյանի, մարտականորեն են տրամադրված եւ ոչ մի մտադրություն չունեն հակամարտությունը կարգավորել Սերժ Սարգսյանի սցենարով։

Ցավոք, օրերս դժբախտ պատահար տեղի ունեցավ Արցախում։ Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքից 5 կմ հեռավորության վրա նոյեմբերի 3-ի ժամը 20.00-ի կողմերը հակատանկային ականի պայթյունից «Մոսկվիչ» մակնիշի մեքենայում գտնվող երկու հոգուց մեկը՝ 1957 թ. ծնված, Մարտունի քաղաքի բնակիչ Վլադիմիր Մուսայելյանը տեղում մահացել է, իսկ 1966 թ. ծնված, Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Վիլեն Գրիգորյանը՝ ծանր վիրավորվել։ Նրանք վերադառնում էին դաշտից:

Մեր տեղեկություններով՝ հիշյալ տեղանքը գտնվում է բնակավայրից հեռու, եւ այնտեղ ականների առկայության մասին տեղեկություններ չկային։
Պատահարից մի օր հետո The HALO Trust կազմակերպության աշխատակիցները հայտնաբերել եւ վնասազերծվել են հակատանկային 9 ական: Այդ կազմակերպության տվյալներով՝ 2009 թվականին հայտնաբերվել եւ վնասազերծվել է 730 ական, 759 կասետային ռումբ, մոտ 3 հազար այլ տեսակի պայթուցիկներ։ Հակատանկային ականների պայթյունից նույն տարում տուժել են 5 հոգի, որոնցից 2-ը մահացել են։



ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԻՍԿԱՊԵ՞Ս ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ՝ ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ...

Վերջերս, երբ ՀՀ իշխանություններն իրենց ղեկավարի եռանդուն մասնակցությամբ սկսել են ավելի հաճախակի խոսել ազատագրված հողերի վերադարձման մասին, Արցախում բոլորս միաձայն ասում ենք՝ այդ հողերն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ։ Անշուշտ, դա լավ է, որ Արցախում ազգովի փորձում ենք տեր կանգնել մեր պատմական հողերին, մեր ճակատագրին, ու վկայակոչում ենք հանրաքվեով ընդունված մեր հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը։

Երանի թե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես մենք ենք ցանկանում ու պատկերացնում։ Բայց, ցավոք, «վարագույրի» հետեւում դրությունն այլ է... Ի վերջո, մի օր մեր ընդդիմախոսները բացելու են մեր վկայակոչած Սահմանադրությունն ու կարդան «ազատագրված մեր հողերն ամրագրող» այդ հոդվածը։ Այն է՝ «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: (Հոդված 142)։

Ահա մեր վկայակոչածը։ Ա՞յս է մեր «տղամարդու պատասխանը»։ Չգիտես՝ լաս, թե խնդաս։ Գերզգուշավորությամբ գրված բառեր, որ նույնիսկ ամոթ է մարդամեջ հանելը։ Կարծես այն գրել է ոչ թե պատերազմում հաղթած, այլ պարտված կողմը։ Իհարկե, սա չեղածից լավ է։ Լավ է, որ վերջում հիշել ու գրել են դա։ Ավելի ճիշտ, տեղի դաշնակցական եւ հայրենասեր պատգամավորների ջանքերով կարողացել են այդ հոդվածը մտցնել Սահմանադրություն։

Ի դեպ, Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը նպատակահարմար չեն գտել ավելին անել։ Կարծես այն ոչ թե սեփական երկրի, սեփական ժողովրդի համար է, այլ՝ օտարներին հաճոյանալու։ Մյուս կողմից էլ՝ այդ օրերին իշխանական վերնախավում ո՞վ էր մտածում այնպիսի «մանրուքների» մասին, ինչպիսիք ազատագրված հողերն են։ Նախկին նախագահն ու նրա շրջապատն ավելի շատ մտմտում էին այն մասին, որպեսզի Ղուկասյանին իրավական հիմքեր տան «երրորդ սրոկ» ընտրվելու, ասել է թե՝ երկարաձգելու նաեւ իրենց իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ մի 4-5 տարով ձգելու պետական կերակրատաշտից օգտվելու ժամանակահատվածը։

Կրկին վերադառնանք մեր վկայակոչած այդ հոդվածին։ Ի՞նչ ասել է՝ «Մինչեւ ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը»։ Այսինքն՝ ժամանակավո՞ր, մինչեւ «ճշգրտե՞ն» մեր սահմանները։ Մինչեւիսկ վախեցել ենք օգտագործել «պետական» անվանումը։ Գրել ենք՝ «հանրային իշխանությունն իրականացվում է...»։

Ի դեպ, 2-րդ աշխարհամարտում պարտված Գերմանիան 1949 թ. ընդունած իր Սահմանադրության նախաբանում նշել է. «Գիտակցելով մեր պատասխանատվությունը Աստծո եւ մարդկության առջեւ, ոգեւորված իրավահավասար անդամի ձգտմամբ դեպի միացյալ Եվրոպա, ծառայելով համընդհանուր խաղաղությանը, գերմանական ժողովուրդը, ելնելով իր սահմանադրական իշխանությունից, ընդունում է այս Հիմնական օրենքը...»: Այնուհետեւ թվարկել պատմական Գերմանիայի բոլոր տարածքների անունները, որտեղ ապրող գերմանացիները պիտի հաստատվեն ազատ ու միասնական Գերմանիայում: Եվ այդ Սահմանադրությունն առայսօր չի փոփոխվել։

Պատգամավորներից մեկն ասում է, որ առաջարկել էր գրել՝ «ԼՂՀ տարածքը միասնական է եւ անբաժանելի», բայց չի ընդունվել։ Գոնե թվարկեին մեր ունեցած շրջանները, հավելելով՝ «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող պատմական հողերով կամ տարածքներով» եւ այլն։ Կարելի էր իրավաբանորեն հիմնավորված ավելի կոնկրետ ձեւակերպումներ ընդունել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք...

Ի դեպ, որպեսզի խոսքերս այլ կերպ չընկալվեն, ասեմ, որ երեւի թե առաջինը, որ վկայակոչել է ԼՂՀ Սահմանադրությունը, ես եմ եղել, եւ այն «մայնդորֆյան հռչակագրի» ստորագրումից 3 օր հետո՝ 2008-ի նոյեմբերի 5-ին տպագրվել է Regnum-ում (www.regnum.ru/news/1079188.html), ապա արտատպվել տասնյակ ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում։ Ազատագրված հողերի մասին խոսելիս վաղը դարձյալ վկայակոչելու ենք մեր Հիմնական օրենքը։ Այլ ելք չունենք, ալեկոծ ծովի վրա օրորվող այս «տաշեղն» ենք թողել մեզ՝ կառչելու համար, որպեսզի մեր որոշ պաշտոնասեր անձինք իրենց լավ զգան երեւաններում։

Զավեշտականն այն է, որ այսօր Ղարաբաղի Սահմանադրությունը վկայակոչում են նաեւ այն քաղաքական ուժերը, ովքեր եռանդով ընդդիմացել են, որ հանկարծ մի այնպիսի բան չգրվի «ազատագրված տարածքների» վերաբերյալ, որ վնասի երեւանյան բոսերի անձնական տեսակետներին։ Անգամ իրենց ապրելու իրավունքը, իրենց երկրի արժանապատվությունն են հարմարեցրել «տերերի» քիմքին, ովքեր էլ, մեծ հաշվով, վասալական կախվածության մեջ են արեւմտյան տերերից։

Իհարկե, ցանկության դեպքում, կարելի է իրավաբանական ինչ-ինչ հիմնավորումներ ու փաստարկներ բերել նույն այդ 142-րդ հոդվածի, այն է՝ ազատագրված հողերի պաշտպանության օգտին։ Անկասկած, այդպես էլ արվելու է։ Բայց ցավն այն է, որ մեր քաղաքագետ-դիվանագետները մարդկային սովորական համարձակություն, ավելի ճիշտ՝ ինքնապաշտպանական բնազդ անգամ չեն ունեցել սեւով սպիտակի վրա ամրագրելու իրենց պատմական, իրավական ու քաղաքական իրավունքները...

Այսօր, երբ հայկական կողմի անգործությունից ոգեւորված, միջնորդ պարոնները, խոսքները մեկ արած, կռավում են ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, մի հարցնող լինի նրանց. պարոնայք «միջնորդներ», կարո՞ղ եք մատնացույց անել Երկիր մոլորակի մի այլ երկիր, որ իր դեմ պատերազմ սանձազերծած հակառակորդին հաղթելուց հետո իր տարածքների մի մասը կրկին վերադարձրել է նրան։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկը՝ Ռուսաստանը, երկրորդ աշխարհամարտում սեփականել է իր հետ ցամաքային ոչ մի կապ չունեցող Կալինինգրադ-Քյոնիգսբերգը։ 17 մլն քառ. կմ տարածք ունեցող նույն Ռուսաստանը, որի մեջ կարող է տեղավորվել 3 ԱՄՆ եւ 46 Ճապոնիա, ինչո՞ւ ոչ մի գնով չի ուզում տերերին՝ ճապոնացիներին հանձնել Կուրիլյան մի քանի փոքրիկ կղզիները, որոնք իր համար նույն նշանակությունն ունեն, որքան ջրով լի դույլի մեջ նետած մի քանի կաթիլը, մինչդեռ դրանք փոքրիկ Ճապոնիայի համար կենսական մեծ նշանակություն ունեն։

Կամ նույն երկրորդ աշխարհամարտից հետո քանի ֆրանսիացի է պատերազմից հետո անմիջապես ետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը։ Մինչդեռ այսօր օրակարգային է համարվում ոչ միայն «չարաբաստիկ» հողերի վերադարձը, այլեւ ազերի փախստականների ետ վերադարձը, երբ հայ փախստականների մասին ոչ մի խոսք չկա։ Ասես վերջիններս իսկի չեն եղել կամ տասներորդ կարգի մարդիկ են...

Ղարաբաղի խնդիրը սոսկ արցախցիների խնդիրը չէ։ Այն համազգային խնդիր է։ Այսօր ազատագրված տարածքները տալով՝ վաղը կորցնելու ենք Արցախը (թեկուզ ամենաազդեցիկ երկրների ստորագրությամբ միջազգային հավաստիքներ լինեն)։ Արցախի կորստով յաթաղանը շողշողալու է առաջին հերթին Մեղրիի եւ Սյունիքի գլխին... Թե՞ մենք ամեն ինչ անում ենք, որ «ծովից ծով Հայաստանի» քարտեզը մեր գլխավերեւից կախենք ու Երեւանը դարձնենք քաղաք-պետություն։

Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին։ Փոխարենը տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը։



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Արցախի մայրաքաղաքում կառավարության շենքի առջեւ շարված «ինամարկաների» առկայությունը վկայությունն էր այն բանի, որ այնտեղ կառավարության հերթական նիստ է։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կառավարության անդամները եկել էին վավերացնելու մի շարք որոշումներ, իրենց իսկ ընդունած նախկին որոշումներում կատարելու նոր փոփոխություններ։

Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ջրամատակարարում եւ ջրահեռացում» Փակ բաժնետիրական ընկերություն՝ 10 մլն դրամ կանոնադրական կապիտալով, որը համապատասխանում է 100 սովորական բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով:

Փոփոխության է ենթարկվել միանվագ դրամական օգնության մասին կարգը: Այսուհետ՝ զոհված զինծառայողի մորը կամ հորը դրամական օգնություն նշանակելու համար անհրաժեշտ են նաեւ զոհված զինծառայողի ամուսնացած չլինելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված տեղեկանքի կամ ամուսնության ու ամուսնու մահվան վկայականների պատճենները։ Եթե դրանք չկան, ապա պետք է ներկայացնել հաշվառված չլինելու մասին ԼՂՀ ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթուղթ կամ փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք:

Եւ այս ողջ թղթաբանությունն արվում է նրա համար, որպեսզի զոհված զինծառայողի ծնողը միանվագ օգնություն ստանա։ Լավ է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ պետբյուջեից հանկարծ ավելորդ մի գրոշ չկորչի։ Ժողովրդին տրվելիք գրոշների հարցում իշխանությունները չափազանց զգուշավոր են, որ հանկարծ չխաբեն իրենց, այսինքն՝ պետությանը։

Այլ հարց է, երբ խոսքը վերաբերում է միլիոններին։ Այսպես օրինակ, ավարտին է մոտենում նույն կառավարության շենքին կից կառուցած, այսպես ասած, կառավարական համալիրի շինարարությունը՝ բազմաթիվ աշխատասենյակներով։ Այդ աշխատասենյակների առկայությունն, ամենայն հավանականությամբ, նշանակում է նոր աշխատատեղերի բացում։ Պետական ուռճացված ապարատն ավելի ծավալվելու հնարավորություն կստանա։ Նախկին վարչապետն այդ նորակառույցի անհրաժեշտությունը բացատրել էր այսկերպ. պետբյուջեում գումար է «տնտեսվել», եթե այն օգտագործվի կենսաթոշակները բարձրացնելու համար, ապա, ասենք 1000 դրամ կենսաթոշակի բարձրացումը մի մեծ բան չէ թոշակառուի համար, բայց ահա, կառավարության հսկա շենքը մեծ, երեւացող բան է...

Հետաքրքիրն այն է, որ խորհրդային տարիներին, երբ Ղարաբաղում միայն խաղողի տարեկան արտադրությունից ստացվում էր այնքան եկամուտ, որքան այսօրվա ԼՂՀ պետական բյուջեն է, նախկին շենքը լիովին բավարարում էր երկրին, իսկ այսօր, երբ ամեն ինչ մասնավորեցված, աջ ու ձախ բաժանած է, եւ պետական սեկտորը «ձեռի տակ» գրեթե ոչինչ չունի, եվրոպական մի համեստ քաղաքի բնակչություն ունեցող երկիրն ունի տասնյակից ավելի նախարարություններ, բազմաթիվ վարչություններ։ Չմոռանանք հավելել ասես անձրեւից հետո սնկի պես բուսած «մամլո ծառայությունները», որոնց բանուգործը ամիսը 1-2 անգամ իրենց գերատեսչության գոյության մասին հիշեցնելն է։



ՀՀ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՎԱ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՆՑ ԼՂՀ ԿՈՒՍԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ

Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ

- Լսել ենք, որ օրերս ՀՀ կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայաստանյան հեռուստաալիքներից մեկում ինչ-որ անհասկանալի բաներ է ասել։ Այն է՝ որ ինքը Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Կուրբանովին չի ասել, թե Հայաստանի կոմունիստները դեմ չեն, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում։ Ինչի՞ մասին է խոսքը։

- Հարցը նրանում է, որ կոմունիստական կուսակցությունների Մոսկվայում կայացած համագումարից հետո, որին մասնակցել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կոմկուսների պատվիրակությունները, վերջինիս ղեկավարը տեղական լրատվամիջոցներին ծավալուն հարցազրույցներ է տվել, որտեղ մասնավորապես հայտնել է, թե իբր Հայաստանի կոմունիստները դեմ չեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում։

- Բայց, արդյո՞ք, ՀՀ կոմկուսի ղեկավարը նման բան է ասել։

- Ճիշտն ասած, ինչ վերաբերում է Թովմասյանի արդարացման խոսքերին, այդ մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ներկա չեմ եղել կոմունիստական կուսակցությունների մոսկովյան համագումարին։ Ես չգիտեմ, թե նա այնտեղ ինչ է ասել կամ ինչ չի ասել։ Դա արդեն Հայաստանի կոմկուսի խնդիրն է. թող իրենք մտածեն այդ ուղղությամբ։

- Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չեք մասնակցել համագումարին։ Որքան հիշում եմ, Դուք միշտ մասնակցում էիք կոմունիստների մոսկովյան համաժողովներին, պարոն, ներողություն, ընկեր Զյուգանովը մշտապես հրավիրում էր Արցախի կոմկուսի պատվիրակությանը։

- Բանն այն է, որ այս անգամ նրանք այլ կերպ են վարվել, պարզապես մենք հրավեր չենք ստացել։ Այդ մասին տեղյակ եմ պահել ՀՀ կոմկուսի միջկուսակցական հարաբերությունների գծով քարտուղար Աշոտ Պապյանին, նա զանգել է Մոսկվա՝ ճշտելու, թե ինչն-ինչոց է։ Անձամբ ես ել եմ զանգել Ռուսաստանի կոմկուսի ղեկավարի տեղակալ Կոպուշեւին, վերջինս հայտնել է, որ մենք հրավիրված ենք Ադրկոմկուսի պատվիրակության կազմում։ Նրա ասելով, եթե մեզ առանձին հրավիրեն, ադրբեջանցի կոմունիստները հրաժարվելու են ներկայանալ։

Ես նրան հայտնել եմ, որ արդեն 20 տարի է ինչ մենք անկախ պետություն ենք եւ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունենք։ Այնուհետեւ ես նամակ եմ հղել Գ. Զյուգանովին, հայտնելով, որ Ղարաբաղի կոմունիստները երբեք չեն ներկայանալու համագումարին՝ Ադրբեջանի պատվիրակության կազմում։ Գրել էի նաեւ, որ կոմունիստական կուսակցությունը ինտերնացիոնալ կուսակցություն է եւ, ելնելով կոմկուսի պատմական փորձից ու լենինյան ազգերի ինքնորոշման գաղափարից, մենք պիտի ներկայանայինք առանձին, ինչպես մինչ այդ, եւ ինչպես առանձին պատվիրակությամբ ներկայացել են Աբխազիան, Օսեթիան ու Մերձդնեստրը... Բայց առայսօր պատասխան չեմ ստացել։

- Ինչ վերաբերում է մեր «բարեկամ» Ռուսաստանին, ապա ռուսներն առաջին անգամ չեն հանուն թուրքերի հետ բարեկամության զոհաբերում իրենց «ռազմավարական դաշնակից» հայերին։ Իսկ Հայաստանի Ձեր կուսակիցներն ինչո՞ւ են Մոսկվա մեկնել առանց ղարաբաղցիների։ Ինչո՞ւ նրանք էլ հակառակ պահանջը չեն առաջադրել՝ եթե Լեռնային Ղարաբաղի կոմկուսի պատվիրակությունն առանձին հրավեր չստանա, ՀՀ կոմունիստները չեն ներկայանալու համագումարին։ Թե՞ չգիտեին, որ դուք հրաժարվել եք Մոսկվա մեկնել կամ Իլյիչի անմահ գործի շարունակող Զյուգանովին կրկին տեսնելու առիթը մթագնել է նրանց ազգային զգացումները…

- Հայաստանի կոմկուսն, իհարկե, տեղյակ էր, որ մենք հրաժարվել ենք Մոսկվա մեկնել, քանզի ՌԴ մեր կուսակիցներն արդեն սկսել են գործել Ադրբեջանի թելադրանքով, դարձել են նրանց կամակատարը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կոմկուսին, ըստ իս, ցանկալի կլիներ, որ նրանք եւս հետեւեին մեր օրինակին։ Դա ավելի բարոյական կլիներ։ Բայց, հասկանալի է, որ ես չէի կարող նրանց նման առաջարկ անել։ Իրենք պիտի այդպիսի որոշում կայացնեին...

- Կուսակցական թեմայից շրջադարձ կատարենք դեպ համազգային մեր խնդիրները։ ՀՀ ղեկավարությունն արդեն ստորագրել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունները։ Սահմանի բացումն արդյո՞ք այն մեծ նպատակն է, որի իրականացման ճանապարհին մենք պիտի աջ ու ձախ զոհաբերություններ անենք։

- Հայ-թուրքական սահմանի բացումից, իմ կարծիքով, Հայաստանի թույլ տնտեսությունն ավելի կթուլանա: Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր թուրքական տեքստիլ արդյունաբերությունը Եվրոպայում առաջավոր դիրքեր է գրավում՝ ե՛ւ որակով, ե՛ւ քանակով, որովհետեւ եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ մեծ ներդրումներ են կատարել Թուրքիայում։ Թուրքիան այսօր տարածաշրջանի արդյունաբերական առաջատար պետություններից մեկն է դարձել, ուստի պարզից էլ պարզ է, որ Հայաստանին կխեղդի թեթեւ արդյունաբերության եւ լայն սպառման առարկաների արտադրության ոլորտում: Իմ հաշվարկներով՝ Հայաստանը կկորցնի իր համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:

Այսօր Հայաստանն ու Ռուսաստանն ունեն տնտեսական բավականին սերտ հարաբերություններ։ Ըստ իս, թուրք գործարարները Հայաստանում կհիմնեն այդ նույն արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերը կամ նոր գործարաններ կբացեն Հայաստանի բազայի վրա եւ Ռուսաստանին այն կներկայացնեն Հայաստանյան բրենդի ներքո: Մյուս կողմից՝ թուրք գործարարը հասկանում է, որ Հայաստանում աշխատուժն ավելի էժան է, եւ գլոբալիզացիայի արդյունքում Հայաստանը, ի վերջո, արդյունաբերող երկրից կդառնա սպասարկող երկիր:

Այնպես որ՝ փակ աչքերով չպետք է գնանք սահմանի բացմանը: Այդ կարգի հարցերը պետք է ժողովրդի հետ համաձայնեցվի: Չեմ ասում հանրաքվեի միջոցով, բայց գոնե քաղաքական ուժերի՝ դիմադիր եւ ընդդիմադիր ուժերի հետ պետք է համաձայնեցվի եւ կշռադատվի հարցի լավ եւ վատ կողմերը: Պարզապես միանգամից ասել ոչ, մենք դեմ ենք սահմանի բացմանը, դա մեր կողմից սխալ կլինի, մենք ապրում ենք 21-րդ դարում։

- Իսկ Ղարաբաղն, արդյո՞ք, չի դառնալու նույն այդ սահմանի բացման զոհը։

- Ինչ մնում է Ղարաբաղի հարցին, եթե դա նախապայման չի, ապա սահմանի բացելումը Թուրքիայի կողմից Ադրբեջանին մի ապտակ է: Իսկ, ընդհանրապես, հայ-թուրքական սահմանի բացումը մեր ժողովրդի համար ճակատագրական հարց է եւ պիտի լայն քննարկումների արժանանա։

Իմ կողմից ես ուզում եմ մի առաջարկություն անել։ Քանի որ արձանագրություններն արդեն ստորագրված են, վաղ թե ուշ դրանք վավերացվելու են Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանների կողմից, ես կարծում եմ, որ հիմա ցանկալի է, որ հիմք ընդունելով Սեւրի պայմանագիրը եւ այդ պայմանագրի համաձայն Հայաստանի ունեցած տարածքը, Սփյուռքի մեր հայրենակիցները տարբեր համայնքներում ընտրություններ անցկացնեն, ընտրեն արտագնա Ազգային ժողով, կազմավորեն կառավարություն ու ընտրեն Նախագահ, որի վերջնական նստավայրը պիտի համարվի այդ համաձայնագրով նախատեսված այն մարզերը, որ այսօր մնացել են Թուրքիայի կազմում։

- Ճիշտն ասած, որքան գիտեմ, պատմությանը հայտնի են նման արտագնա կառավարությունների ստեղծման օրինակներ։ Բայց ինչո՞վ պիտի զբաղվեն նրանք, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն։

- Նախ՝ Հայ դատի տարբեր կառույցներին կներգրավեն իրենց կազմում, ապա ՄԱԿ-ի միջոցով շարունակեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մի անգամ եւս փաստելով, որ իրենք նույն այդ Ցեղասպանության զոհերի զավակներն են, թոռները, աշխարհով մեկ սփռված հետնորդները։ Ըստ իս, Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու պատասխան քայլը Սփյուռքի կողմից դա պիտի լինի։ Արեւմտյան Հայաստանի տարածքում արտագնա կառավարության ձեւավորումը ներկայիս ՀՀ-ին հնարավորություն կտա ավելի ազատ ու ինքնուրույն քաղաքականություն վարելու Թուրքիայի հետ։ Մյուս կողմից՝ Սփյուռքը կդառնա ավելի միասնական եւ հզոր ուժ։ Ես այլ ելք չեմ տեսնում։



ՌԱԲԻՍ ԿԱՄ՝ ԽՆԱՅԵՑԵՔ ՄԵՐ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տասնամյակում ռաբիսը դուրս է եկել ավտովարորդների ավտոմագնիտաֆոններից ու սեղանատներից և գրավել ռադիոհեռուստաեթերը: Ազգ ու ժողովուրդ գրեթե համատարած ռաբիս է լսում, որովհետև այլ բան լսելու այլընտրանք չունի: Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, ասենք, որ Ստեփանակերտում գործող ռադիոկայանների երգացանկի «հայկական» բաժնի 90-95%-ը ռաբիս երաժշտություն է:

«Ի՞նչ կարող ենք անել,- ասում է տեղական »Փեյս« ռադիոկայանի աշխատակիցը,- երբ ռադիոլսողներն են գալիս և պատվիրում այս կամ այն ռաբիս երգը»: Երեւանաբնակ հաղորդավարներից մեկը, որ այժմ տեղափոխոխվել է Արցախ, հայտնեց, որ Հայաստանում էլ գրեթե նույն վիճակն է. «Առավելապես ռաբիս են լսում կամ անգլերեն ինչ-որ երգեր կոտրատում, չգիտես ում են ուզում զարմացնել իրենց էժանագին կապկումներով...»։

Իսկապես, ուրիշ ի՞նչ է մնում 18-20 տարեկան երիտասարդներին, երբ նրանց ապրած գիտակից կյանքն ամբողջովին ողողված է ռաբիսի կլկլոցներով: Երբ Երևան-Ստեփանակերտ միկրոավտոբուսի երիտասարդ ուղևորուհին ավտովարորդին խնդրում է. «Ինչ ուզում ես միացրու, միայն հայկական երգ չլինի, դրանից զզվում եմ», դրա պատճառը ոչ թե այն է, որ նա ատում է հայրենի երգարվեստը, այլ այն, որ նրա իմացած կամ նրա լսած հայկական երգը հենց այդ ռաբիսն է:

Երբ այսօր հաղորդավարներից շատերը հայտարարում են՝ «Իսկ այժմ հաղորդում ենք հայկական ժողովրդական սքանչելի մի կատարում» եւ հրամցնում ամենահետին պանդոկի ապաշնորհ մի սազանդարի շիքաստանման կլկլոցը, պարզ է, որ երաժշտական համեստ ճաշակ ունեցող ռադիոունկնդիրը հաջորդ օրը հենց այդ «սքանչելի կատարումն է» պատվիրելու սիրած աղջկա կամ թանկագին մայրիկի ծննդյան օրվա առթիվ:

Ցավոք, առավելապես հենց մերօրյա հայկական ռադիոկայաններն ու հեռուստաալիքներն են ժողովրդի, հասարակության մեջ ռաբիս ճաշակ դաստիարակել: Մինչդեռ դրանք իրականում պետք է, որ ավելի մեծ առաքելություն ունենային։ Նրանք ոչ թե չորեքթաթ պիտի գնան ժողովրդի հետևից, այլ առաջնորդեն իրենց ունկնդիրներին դեպի Վերելք, դեպի Գեղեցիկն ու մատնացույց անեն դեպ Տաճար տանող ճանապարհը:

Առավոտից կեսգիշեր լսելով արամասատրյանական երաժշտադպրոցի երգ-«մարգարիտները», ակամայից մտածում ես. իսկ գուցե իսկապես երբեք Կոմիտաս և Արամ Խաչատրյան, Խաչատուր Ավետիսյան և Տիգրան Մանսուրյան, Շարա Տալյան, Հովհաննես Բադալյան և Լուսինե Զաքարյան, Օֆելյա Համբարձումյան, Ռուբեն Մաթևոսյան և Վարդուհի Խաչատրյան չենք ունեցել:

Որ ռաբիսը մակարդակ է, դեպ Գեղեցիկը տանող սանդուղքի ամենաստորին՝ գետնաքարշ աստիճանը - դա անկասկած է: Սակայն ցավն այն է, որ այսօր ռաբիսային գետնաքարշ մակարդակ է տիրում ոչ միայն երգարվեստի ոլորտում: Ռաբիսը համառորեն խուժել է հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր բնագավառները, և դրանով ավելի է դժվարացել նրա դեմ պայքարելը: Երբ գրասեղանի հետևում նստած է օսլայած օձիք-փողկապով «քաղաքական ռաբիսը», նրան հազիվ թե հնարավոր լինի բացատրել, թե ինչ ասել է Գեղեցիկ և Վեհ, Ազգային արժեք և Համազգային գաղափարախոսություն, քանզի ողջ ուսումնառության ընթացքում նա սովորել է միայն երկու թվաբանական գործողություն՝ գումարում և բազմապատկում, և նրա ուղեղի ծալքերում հազիվ թե երբևէ տեղ գտնվի Ռեմբրանդտի, Բեթհովենի կամ Կոմիտասի համար:

Ռաբիսի դեմ պետք է պայքարել բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում, այլապես մի տասնամյակ հետո որևէ եվրոպացու հազիվ թե կարողանանք համոզել, որ մենք երբևէ քաղաքակիրթ ազգ ենք եղել, և մեր արվեստն ու թուրքական արվեստը ամենևին նույնը չեն:



ԱՐՑԱԽՈՒՄ ԳՐԵԹԵ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՏՊԱԳԻՐ ԽՈՍՔԻՆ

Երեւանաբնակ իմ բարեկամները, գործընկերները հաճախ են ինձ հարցնում՝ հայաստանյան թերթերից որո՞նք են Արցախում առավել շատ ընթերցում։ Ղարաբաղում հայաստանյան թերթեր (խոսքը սկանվորդներ, խաչբառներ, աստղագուշակներ տպագրող մամուլի մասին չէ) ընդհանրապես չեն վաճառվում, արդեն մի քանի տարի է՝ ղարաբաղցին երեւանյան թերթ չի կարդում,- իմ այս պատասխանից զրուցակիցներս մնում են տարակուսած՝ ինչպե՞ս թե...

Ազգային զարթոնքից, ազգային վերելքից սրընթաց վայրէջքը եւ այսօրվա ու ապագայի հանդեպ հավատի լուրջ սասանումն է ամենալուրջ պատճառը, որ արցախցին այսօր ոչ միայն գիրք, այլեւ գրեթե թերթ չի կարդում: Չի հա-վա-տում: Տեղական տպագիր մամուլից կրպակներում առավել հաջող վաճառվում են միայն 1-2 անկախ պարբերականներ։

Խորհրդային տարիներին, ադրբեջանական բռնապետության ժամանակներում Ստեփանակերտի գրախանութը Երեւանից պարբերաբար գրքեր էր ստանում, գեղարվեստական, գիտական ու պատմական գրականություն։ Այդ օրերը գրասերների համար իսկական տոն էին։ Գրախանութի առջեւ հաճախակի էին հերթեր գոյանում։ Իսկ այսօր մեր հայրենակիցները մոռացել են գրախանութ տանող ճանապարհը, քանզի սոցիալ-տնտեսական մեծ ու փոքր պրոբլեմների ծովում ոչ միայն ժամանակ, այլեւ փող չունեն գիրք գնելու համար: Իսկ նրանք, ովքեր փող ունեն, եւ շատ փող, թքած ունեն գրքի եւ առեւտրի կամ շուկայի հետ կապ չունեցող մյուս բոլոր սրբությունների վրա:

Անշուշտ, խոտան գրքեր տպագրվում էին նաեւ խորհրդային ժամանակներում: Սակայն այսօր, արժեքների հավասարեցման-համահարթեցման մեր օրերում, երբ նույն «գրախոսը» նույն թերթում գովում է ոչ միայն Շիրազի կամ Սեւակի, այլեւ գրական կոմերսանտի շքեղակազմ, հաստափոր խոտանը, երբ գրականության հետ ոչ մի կապ չունեցող ոտանավորչին բարձր մակարդակով իր հերթական գրքի շնորհանդեսն է կազմակերպում (Աստված գիտե, թե որտեղից է փող գտնում՝ թղթեր աղտոտելու համար), մերօրյա համեստ ընդունակություններով ընթերցողը հաճախ պարզապես չի կարողանում իրարից զանազանել սպիտակն եւ սեւը, լավն ու վատը, արժեքն ու տպագիր խոտանը։

Գեղարվեստական գրականության «խաղից դուրս» հայտնվելու մի պատճառ եւս. այսօրվա մեր հասարակական-քաղաքական կյանքի ռաբիսային մակարդակը առնվազն 20-30 տարով հասարակությունը շպրտել է ետ: Գրող-արվեստագետների մեծ մասը վերածվել է ամբոխի հավելվածի՝ նեղ անձնական իր ապրումներով, մոռանալով, որ երբ արվեստագետի ներաշխարհը կազմված է լինում միայն սեփական աշխարհից, ապա նա նման է այնպիսի դաշնամուրի, որ միայն մեկ ստեղն ունի:

Այսօր Ղարաբաղում գրիչ բռնողների մի ստվար բանակ կա, որոնց մեծ մասը (մոտ 6-7 տասնյակ) տեղի գրողների միության անդամներ են: Սակայն իրականում Արցախում այսօր հազիվ տասը գրող կա։ Ի դեպ, ԼՂՀ ԳՄ կոչվող հասարակական այդ կազմակերպությունը վաղուց դարձել է մեռած մի մարմին։ Այն տեղի հայտնի մտավորականների խոսքերով ասած՝ «անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպություն է, որից փչում են խորշակաբեր քամիներ, որ ամլացնում են բոլոր ծիլերը»:

Ամեն տարի մի խումբ մարդիկ «Արցախյան շարժումն արտացոլող գեղարվեստական գործերի» համար մրցանակներ են ստանում, բայց մեզանում այդպես էլ չի ստեղծվել լավագույն այդ երկը, թատերգությունը: Եվ չի էլ ստեղծվելու, քանի դեռ մենք բոլորս խարխափում ենք անղեկ մի նավում, քանի դեռ չենք ուզում տեսնել, որ թուրք-ազերիներին մեր հողից վռնդելու հերոսական պայքարից բացի, մնացյալը սխալների, չլուծված պրոբլեմների մի երկար շղթա է, որի արդյունքում հաղթող երկիրն ավելի լավ չի ապրում, քան պարտվողը:

Կարելի է տասնյակ կամ մի քանի տասնյակ ենթադրություններ անել գեղարվեստական գրականությունն իր արժանի տեղը վերադարձնելու ուղիների մասին, որոնք բոլորն, ի վերջո, հանգեցնելու են մի պարզ ու հասարակ ճշմարտության: Որպեսզի գիրքն ընդմիշտ գրավի իր տեղը, նախ, պետք է, որ հասարակական կյանքում, հասարակության մեջ իր կորսված արժանավոր տեղը գրավի ՄԱՐԴԸ, շարքային քաղաքացին, երեկվա պատերազմում կյանքն ու արյունը չխնայած սովորական մարդը, քանզի այս կյանքում նա ունի ոչ միայն պարտականություններ, այլեւ օրենքով ամրագրված իրավունքներ… Այդ թվում եւ ամենից առաջ՝ մարդավարի ապրելու իրավունք:



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀ ՄՆԱԼ «ԲԱՐԵՐԱՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

Մինչ «Ղարաբաղ Տելեկոմի» (ինչպես նաեւ «Վիվա Սելի») գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանը շարունակում է բարեգործական գործունեությունը Արցախում եւ Հայաստանում ու վայելում է երկու հանրապետությունների ղեկավարության բարձր հովանավորությունն ու սերը, ժողովուրդը, հատկապես Արցախի է բաժանորդները շարունակում են դժգոհ մնալ նրա գործունեությոնից։ Բազմիցս նշվել է, որ բջջային հեռախոսակապի սակագները Արցախում զգալիորեն բարձր են։

Չնայած հեռուստաալիքները շարունակում են գովազդել «Տելեկոմի» գործունեությունն ու ժողովրդին բացատրել «բարերարի» նորամուծությունները, զորօրինակ, որ դեկտեմբերի 1-ից Ղարաբաղում հեռախոսագծային կապով (Dial-Up) ինտերնետից օգտվողները գիշերվա ժամը 1.00-ից մինչեւ առավոտյան ժամը 9.00-ը 1 րոպեի համար վճարելու են ոչ թե 1 դրամ, այլ՝ 0,5 դրամ, բաժանորդները շարունակում են դժգոհ մնալ «Ղարաբաղ Տելեկոմի» անմիջական պարտականությունների կատարումից: Արցախում ոչ միայն դժգոհ են ինտերնետային Dial-Up կապից, այլեւ դժգոհ DSL կապից օգտվողները։

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի վերջերս կայացած նիստում հարց է բարձրացվել ինտերնետ կապի որակի մասին: Ինտերնետ կապի որակից բողոքում են թե՛ պետական հիմնարկների աշխատողներ, թե՛ մասնավոր բաժանորդները։

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը խոստացել է ուսումնասիրել նիստում հնչած բողոքները եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Համենայն դեպս, մի բան հստակ է՝ կատարած բարեգործական ծրագրերի մասին աջ ու ձախ գովազդելու փոխարեն ցանկալի է, որ «Տելեկոմը» նախեւառաջ մտածի իր անմիջական պարտականությունների մարդավարի կատարման մասին։



ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԵԼՈՒ

Ղարաբաղում հարցումներ անցկացնելիս ամենահիմնական խոչընդոտը, որ պիտի հաղթահարես, այն է, որ զրուցակցիդ բացատրես, թե դրանից նրա անձին վտանգ չի սպառնում։ Իմ գործընկերները պատմում են, որ հարցախույզի ժամանակ «Ինչպես ե՞ք գնահատում երկրի նախագահի գործունեությունը», ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում զույգ որդիներին կորցրած հաշմանդամ հայրը վախվորած նայել է չորս կողմն ու «գերազանց», «լավ», «տանելի», «վատ», «շատ վատ» տարբերակներից հարցաթերթիկում նշել մեջտեղինը՝ «տանելի»-ն։

Այս անգամ փորձեցի արցախցիներից ստանալ ընդամենը մի հարցի պատասխան՝ «Ինչպե՞ս եք ընդունում, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը միտված բանակցություններում ԼՂՀ-ի փոխարեն բանակցում է Հայաստանը, կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը»։

Առաջին քաղաքացին, որին դիմեցի այդ հարցով՝ Ա. Գասպարյանը, միջին տարիքի մի տղամարդ, չցանկացավ, որ նշեմ, թե որտեղ է աշխատում։ «Որքան գիտեմ, սկզբում Ղարաբաղը բանակցող կողմ էր, նրա ձայնը հաշվի էին առնում, բայց այնուհետեւ մեր փոխարեն բանակցում էր Ռոբերտ Քոչարյանը, այսօր էլ՝ Սերժ Սարգսյանը, ովքեր ներկայացնում են ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը,- ասաց զրուցակիցս։- Նրանք լավ քաղաքագետ են, թե վատ՝ հայաստանցիների որոշելիքն է, բայց նրանք բարոյական ոչ մի իրավունք չունեն որոշելու իմ երկրի, իմ ընտանիքի ճակատագիրը։ Գիտեմ, որ նրանք Երեւանում մեծ կարողությունների տեր են դարձել, բայց իրենց հարստությունը թող պաշտպանեն ոչ իմ երկրի կործանման հաշվին»։

Ուսանողուհի Անահիտ Սարգսյանի կարծիքով՝ «եթե Հայաստանի նախագահները ղարաբաղցիներ չլինեին, թուրքերն արդեն Աղդամում կլինեին»։ Բայց Սերժ Սարգսյանն ասում է, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»,- հիշեցրի ես ու բացատրեցի, որ բանակցություններն այսօր տարվում են մադրիդյան սկզբունքներով, որի հիմնական կետերից մեկը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին։
Ուսանողուհին զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «Չի կարող պատահել»։

Ավտովարորդ Արմեն Հարությունյանը գտնում է, որ ղարաբաղյան կողմի՝ բանակցություններից դուրս մնալու առաջին մեղավորը Արկադի Ղուկասյանն է։ «Եթե ժողովուրդը նրան նախագահ էր ընտրել, պարտավոր էր պաշտպանել իրեն ընտրած ժողովրդի շահերը, այլ ոչ թե իր աթոռը,- ասաց նա։- Երկրորդ մեղավորը Քոչարյանն է, որ Ղարաբաղում նախագահի պաշտոնը թողել, գնացել Երեւանում վարչապետ եւ նախագահ է դարձել, ինքնագլուխ կերպով մեզ դուրս թողել բանակցություններից»։

Պետական ծառայող Ս. Գրիգորյանն ասաց, որ «Սերժը չի կարող Ղարաբաղը հենց այնպես տալ», եւ դրանով զրույցն ավարտած համարեց։

Գործազուրկ Սեդա Ավանեսյանն ավելի կտրուկ գնահատականներ տվեց. «Իսկական տղամարդկանց մեծ մասը գնացել է։ Պատերազմում զոհված տղաների փոխարեն այսօր պետական ապարատում տիրություն են անում մորթապաշտներն ու կարիերիստները։ Իշխանավորների բոլոր ազգականները, բարեկամները, ընկերներն ու ծանոթները տեղավորված են փափուկ պաշտոններում։ Հենց դա է պատճառը, որ արժանապատվություն չունեցող այս խուժանը հանգիստ թույլ է տվել, որ իր փոխարեն բանակցի Հայաստանը»։

Պաշտպանության բանակի սպա Կ-ն (չցանկացավ, որ անունը հրապարակվի) անբարոյական է համարում այն, որ Հայաստանի ղեկավարներն իրենց իրավունք են վերապահում որոշելու Ղարաբաղի ճակատագիրը։ «Առավել անբարոյական է, որ մեր տեղական բարձրագույն իշխանությունները թույլ են տալիս, որ իրենց փոխարեն երկրի ճակատագիրը որոշեն ուրիշները...»,- ասաց նա։

Այդ պահին մեր զրույցին խառնվեց թոռան ձեռքից բռնած 60-ն անց մի տղամարդ։ «Նրանք եթե իսկապես տղամարդ լինեին, թույլ չէին տա, որ Ռոբերտը կամ Սերժը ներկայացնեին Ղարաբաղը։ Այսօր իրենց իրավունքները տվել են դրանց, վաղն էլ տալու են թուրքերին»,- զայրացած ասաց նա եւ հայհոյելով հեռացավ։

«Իհարկե, աննորմալ է, որ մեր փոխարեն Սերժն է բանակցում։ Հետո ի՞նչ, որ Ռոբերտը ծագումով Ղարաբաղից է, Սերժը՝ կիսաղարաբաղցի, կիսով չափ էլ Սյունիքից է,- ասում է Հ. Գալստյանը։- Կարո՞ղ է, որ մենք նրանց հատուկ մանդատ ենք տվել, լիազորել, որպեսզի մեր փոխարեն հարցեր լուծեն։ Որ Բարաք Օբաման ծագումով Աֆրիկայից է, ինչո՞ւ աֆրիկյան ժողովուրդների փոխարեն որոշումներ չի կայացնում։ Ասեմ ինչու՝ որովհետեւ նորմալ մարդ է»։

Վաճառողուհի Ա. Հայրապետյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը «հենց այնպես ժամանակ է անցկացնում»։ «Էդ բանակցությունները ստից բաներ են։ Սերժն էլ դա գիտե, Ալիեւն էլ։ Էդ բոլորը բլեֆ է։ Մինչեւ Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին, ոչ մի հարց էլ չի լուծվելու։ Առանց Ղարաբաղի հարց չի լուծվելու»։



ՆԺԴԵՀԻՑ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ՝ ՀԱԿԱՆԺԴԵՀՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության 8-րդ համաժողովը։ Զեկուցումով հանդես եկավ միության նախագահ, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում զոհված զինվորի մայր Գալյա Առստամյանը, որի մեծագույն ջանքերի ու նվիրական աշխատանքի շնորհիվ Ստեփանակերտում ստեղծվել է Ազատամարտի թանգարան՝ պատերազմում զոհված 3 հազարից ավելի արցախցիների լուսանկարներով, անձնական իրերով ու ամենանվիրական մասունքներով։

Տիկին Առստամյանը խոսեց միության կատարած աշխատանքների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հոգսերի ու խնդիրների մասին։ Միության ջանքերով հրատարակվում է Հուշամատյան՝ արցախյան պատերազմում նահատակվածների լուսանկարներով ու կենսագրությամբ։

Համաժողովին հրավիրված ու ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարը եւ պաշտոնական այլ աշխատողներ։ Համաժողովում ելույթ ունեցավ նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը կարդաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ մի սպա։ Ի դեպ, նա ոչ թե ընթերցեց, այլ, համաժողովի մասնակիցներից մեկի դիպուկ խոսքերով՝ «մի կերպ ճմրթեց» այն. կարծես վերջին պահին են իրեն տվել անծանոթ այդ տեքստը։

Ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը, այլեւ շատերի ելույթները լեցուն էին Գարեգին Նժդեհից մեջբերումներով։ Համաժողովին հրավիրված քաղաքական գործիչներից մեկը քթի տակ ժպտալով ասաց. «Շարունակ Նժդեհից մեջբերումներ ենք անում, բայց քայլում հականժդեհյան ճանապարհով...»։

Համաժողովն ավարտվեց Գալյա Առստամյանի նախաձեռնությամբ ստեղծված՝ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված տեսաֆիլմի դիտումով։ Համաժողովում, ճիշտ է, հնչեց «Ոչ մի թիզ հող թշնամուն», բայց այդպես էլ ոչ մի խոսք կամ գնահատական չհնչեց հակամարտության կարգավորմանը միտված բանակցություններում վերջին զարգացումների, ՀՀ իշխանությունների, հատկապես Սերժ Սարգսյանի՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունների, ազատագրված 7 շրջանները հակառակորդին հանձնելու նրա պատրաստակամության մասին։

Մեկ օր առաջ կայացած ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում, ընդունված Հայտարարության մեջ դատապարտվում է միայն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակվում որպես «անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում» եւ «Ելնելով վերոնշյալից, ԼՂՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը»: Ընդամենը այսքանը, իսկ պատգամավորներից մեկի ասելով՝ առա՛յժմ այսքանը։

Ի դեպ, նիստին հրավիրված ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի պատասխանից, այն է՝ «Մենք ներկայումս ճշտում ենք բոլոր մանրամասները... Իսկ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման մասին տեղեկություններ չունենք», կարելի է եզրակացնել, որ իր ճակատագրի հարցում Արցախը շարունակում է մնալ դիտորդի, այն էլ՝ պասիվ դիտորդի կարգավիճակում:



Ո՞Վ Է ԼԻԱԶՈՐԵԼ ՁԵԶ՝ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆԻՑ

«Ամբողջ ցեղս այստեղ է (խոսքը Ղարաբաղի մասին է - հեղ.): Պապերիս գերեզմանները կարող եմ ցույց տալ: Ուզում եմ, որ իմ որդին էլ այստեղ՝ իմ գերեզմանի վերեւում աղոթի: Խնդիրը ադրբեջանցիներինն է: Եթե ինձ մի քանի սերունդ առաջ մահացած ադրբեջանցու գերեզման ցույց տաք՝ իմ պնդումներից կհրաժարվեմ»,- այս մեջբերումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ թուրքական «Aksam» թերթին տված հարցազրույցից է։ Մեր, այսպես կոչված, դիվանագետ-քաղաքագետները վերջին 20 տարում եթե հասկացած լինեին այս շատ սովորական ու տարրական ճշմարտությունը, եւ եթե այն փորձած լինեին հասկացնել նաեւ, այսպես կոչված, միջազգային հանրությանը, աշխարհն այլ կերպ կընկալեր ղարաբաղյան խնդիրը։

Փոխարենը՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», «օկուպացված տարածքներ», «մադրիդյան սկզբունքներ»... Եվ այսօր սիրողական (չեմ ուզում ասել՝ դեբիլական) մակարդակի հայ դիվանագիտության ջանքերով բանակցասեղանին ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ ոչ մի լավ բան, եթե չասենք՝ ավելի վատթարը հնարավոր չէ պատկերացնել։

Սիրողական մակարդակի է ոչ միայն դիվանագիտությունը։ Մեր ողջ պետությունն է սիրողական մակարդակի՝ իր բոլոր կառույցներով։ Սակայն այդ մասին չէ խոսքը։

Խոսքն այն մասին է, որ վերջին 20 տարում իբր թե ստեղծել ենք երկու հայկական անկախ պետություն՝ իր բոլոր, այսպես կոչված, ատրիբուտներով, մեկը՝ միջազգայնորեն ճանաչված, մյուսը՝ չճանաչված։ Նրանցից առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը, վասալական կախման մեջ է հյուսիսային իր «ռազմավարական դաշնակցից», մասամբ էլ Արեւմուտքից: Մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, աշխարհին նայում է Հայաստանի աչքերով, հաջողությամբ «պատճենում» վերջինիս խորհրդարանում ընդունած օրենքները՝ ՀՀ-ն դարձնելով ԼՂՀ։ Քաղաքական գործիչներից մեկն ասում է, որ երկքաղաքացիության մասին եւ այլ նախագծեր կան, բայց տեղի ԱԺ-ն դրանց ընթացք չի տալիս, պատճառաբանելով՝ «Թող Հայաստանը ընդունի, հետո միայն մենք»։

Ասել է թե՝ մեր այս երկրորդ հայկական պետությունն էլ իր հերթին առաջինի վասալն է։ Անգամ իր ճակատագիրը, իր ընտանիքի, իր երկրի ճակատագիրն է հանձնել երեւանյան տերերին։

Անընդհատ շեշտում ենք՝ Ղարաբաղը պիտի դառնա բանակցային կողմ։ Մերթընդմերթ միջնորդներն էլ են հիշում այդ մասին, չնայած «անբարենպաստ եղանակի» պատճառով վերջերս այնքան էլ հաճախակի չեն գալիս Ստեփանակերտ՝ երեւի թե հաշվի առնելով նաեւ տեղի իշխանավորների աշխատանքային գերծանրաբեռնվածությունը. հանաք բան չէ՝ 140-150 հազար բնակչությամբ երկիր են ղեկավարում, քիթ սրբելու ժամանակ չունեն։ Նույնիսկ չեն հասցնում տարին 1-2 անգամ հարցազրույց տալ տեղի լրագրողներին, կամ օրենքով ընդունված 15 օրում (առավելագույնը՝ 30 օրում) պատասխանել քաղաքացիների դիմում-նամակներին։ Զավեշտն այն է, որ երբեմն պետական պաշտոնյաներն են տրտնջում. քանի՜ ամիս է, սպասում են, որ նախագահն ընդունի իրենց՝ ոչ անձնական, պետական հնչեղության խնդիրների մասին պայմանավորվելու...

Կրկին վերադառնանք այդ երկրի՝ Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ տեղի իշխանությունների դիրքորոշմանը։ Այն է՝ այդ երկիրն, ի վերջո, արդյոք ցանկանո՞ւմ է տեղ ունենալ բանակցասեղանի շուրջ։ Էլ չեմ ասում՝ ամենավճռորոշ ձայնի իրավունքով։ Շատ խիստ կասկածում եմ, որովհետեւ այդ ուղղությամբ կենդանության նշաններ ցույց չի տալիս։ Նույնիսկ սովորական դիտորդի կարգավիճակում չէ, այլ՝ պասիվ դիտորդի, լուսամուտի հակառակ, դրսի մասում գտնվող ոչ այն է՝ դիտորդի, ոչ այն է՝ հանդիսատեսի կարգավիճակում։

Ասվածի ճշմարտությունը հաստատելու համար բերեմ երկու թարմ օրինակ ։ ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստում պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Ղարաբաղի արտգործնախարար Գ. Պետրոսյանն ասել է. «Մենք ներկայում ճշտում ենք բոլոր մանրամասները, բայց արդեն իսկ ունեցած մեր տեղեկությունների հիման վրա կարող եմ ասել, որ էական տեղաշարժ ոչ միայն չի եղել, այլեւ կողմերը խստացրել են իրենց դիրքորոշումը: Ճիշտ է, մադրիդյան սկզբունքների հիման վրա են ընթանում բանակցությունները, բայց Հայաստանը մի քանի նոր տարր է մտցրել: Իսկ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման մասին տեղեկություններ չունենք»:

Ուշադրություն դարձրեք՝ «ճշտում ենք բոլոր մանրամասները...», «արդեն իսկ ունեցած մեր տեղեկությունների հիման վրա...», «այդ մասին տեղեկություններ չունենք...»։ Հիշատակած «մադրիդյան սկզբունքներն» էլ այն սկզբունքներն են, որ սկզբում պաշտոնական Ստեփանակերտը չէր ընդունում, իսկ հետո (ըստ երեւույթին՝ Երեւանից «պտուտակները սեղմելուց» հետո) հանկարծ պարզել է, որ ոչ թե ողջ սկզբունքները, այլ միայն մի քանի կետեր չի ընդունում։ Երեւանում նույնիսկ մարդատեղ չեն դնում ղարաբաղյան իրենց գործընկերներին՝ թեկուզ հաջորդ օրը տեղյակ պահելու հանդիպման ժամանակ քննարկված գոնե ամենակարեւոր կետերի մասին։ Վերջիններս էլ արժանապատվություն, ինքնասիրություն չունեն ոչ միայն պահանջելու հաշվետու լինել իրենց, այլեւ հայտարարելու՝ ձեզ ո՞վ է լիազորել Ղարաբաղի փոխարեն բանակցություններ վարել։

Երկրորդ օրինակը։ Կարդացեք նույն Ղարաբաղի խորհրդարանի վերջին հայտարարությունը։ Դատապարտվում է միայն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը եւ «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները» որակում որպես «անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում»։ Ահա բոլորը։ Եվ ոչ մի բողոք, ոչ մի դժգոհություն երեւանյան իրենց տերերի՝ թեկուզ միայն Արցախի հարցում վարած արկածախնդիր քաղաքականության դեմ։

Արցախի միակ մխիթարությունը. ԼՂՀ-ն կախվածության մեջ չէ Ռուսաստանից կամ Արեւմուտքից։ Վերջիններս չեն կարող ասել, թե Ղարաբաղն իրենց վասալն է։ Ղարաբաղի իշխանությունները միայն ՀՀ իշխանությունների վասալն են, քանզի վասալական հիերարխիայի հայտնի կանոնն ասում է՝ «Իմ վասալի վասալը իմ վասալը չէ»։



ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ՕՐԻՆԱԽԱԽՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

ԼՂՀ վերահսկիչ պալատը օրերս ստուգումներ է անցկացրել մի շարք օբյեկտներում։ Օրինախախտումների ծավալով, ինչպես սպասվում էր, առաջին տեղում Արցախի պետհամալսարանն է։ Ստուգման ենթարկված ՊՈԱԿ-ներում ԱրՊՀ-ն միակն էր, որ զբաղվում էր նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ, մինչդեռ նման իրավունք չունի։ Այն է՝ համալսարանին կից, ավելի ճիշտ՝ նրա կազմում գործում է ատամնաբուժական կլինիկա։

ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանի խոսքերով՝ դրա համար համալսարանը Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառության կարգով գումար է վերցրել, որի դիմաց 680 հազ. դրամ է մտցրել պետբյուջե՝ տոկոսահարկի տեսքով։ Իսկ վերահսկիչ պալատի մասնագետների ասելով, դա օրինախախտում է, քանի որ ԱրՊՀ-ն փոխառություն վերցնելու իրավունք չուներ, իսկ նշված 680 հազարը մուծել է ոչ թե պետբյուջե, այլ հիմնադրամի գանձարանը։

Պետհամալսարանը պետպատվերի շրջանակներում 1072 ուսանողի հաշվարկով պետբյուջեից ստացել է 191 800 հազ. դրամ՝ ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար, մինչդեռ անվճար համակարգով սովորող ուսանողների թիվը ոչ թե 1072 է, այլ 1038։ Այսինքն՝ չմատուցած ծառայության համար համալսարանը ֆինանսավորվել է 6 182 հազ. դրամի չափով։

Արցախի պետհամալսարանն իր բարձրության վրա է գտնվել նաեւ ուսանողներին տրվող ավարտական դիպլոմների «վաճառքի» խնդրում. ներդիրի հետ 2000 դրամ արժողությամբ դիպլոմների դիմաց սովորողներից գանձել է 3000 դրամ։

Բացի դրանից, 2002 թվականից համալսարանն ունի ավելի քան 2 մլն դրամ կրեդիտորական պարտք, որն առայսօր պետբյուջե չի վերադարձվել։ Համալսարանում բացակայում են դիպլոմների, հանրակացարանաբնակ ուսանողների բնակվարձերի ինքնարժեքների հաշվարկները եւ այլն։ Այդ եւ բազմաթիվ օրինախախտումներն ԱրՊՀ ռեկտորի կողմից արդարացնելու բոլոր փորձերը վերահսկիչ պալատի կողմից մերժվել են։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ատամնաբուժարան է գործում նաեւ տեղի գրական կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի մասնավոր համալսարանում, որի գլխավորած օբյեկտներում կատարված նմանատիպ ստուգումները մշտապես երեւան են հանում բազմաթիվ կոպիտ օրինախախտումներ ու խոշոր յուրացումներ, եւ որոնց համար նա առայսօր պատասխանատվություն չի կրել։ Ինչպես, ամենայն հավանականությամբ, ջրից չոր է դուրս գալու նաեւ ԱրՊՀ ռեկտոր Ս. Դադայանը, որը Ղարաբաղի իշխանությունների առաջարկով «ընտրվել է» համալսարանի կոլեկտիվի կողմից։



ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՍՏԻՊԵԼ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ

Ճեպազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ

- Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ին Աթենքում հրապարակած համատեղ հայտարարությունը կարծես թե վկայում է ղարաբաղյան հիմնախնդրին միջազգային հանրության ուշադրության եւ կարգավորման հիմնարար սկզբունքների արագ համաձայնեցմանը հասնելու ցանկության մասին: Դուք տեսնո՞ւմ եք լուրջ առաջընթացի հնարավորություններ։

- Նախարարների շահագրգռվածությունը կարելի է ողջունել, սակայն կան մեծ կասկածներ՝ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորության առումով, քանի որ երկխոսությունը շարունակվում է ոչ լիարժեք ձեւաչափով, կարգավորման քննարկվող հիմնարար սկզբունքները ոչ իրական են, իսկ միջազգային միջնորդների ընդունած կարգավորման մեթոդոլոգիան լուրջ առաջընթաց չի կարող ապահովել այդ գործընթացում։

Հիմնախնդրի շուտուփույթ լուծումը ենթադրում է այնպիսի որոշում, որը հիմնվում է, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա, որի անընդունելիության ու անիրական լինելու մասին խոսվել է բազմիցս։ Այդ իսկ պատճառով, վաղուց ժամանակն է վերանայել հակամարտության կարգավորման սկզբունքները, այսօրվա բանակցային ֆորմատն ու խնդրի կարգավորմանը միտված միջնորդների գործելաոճը։ Հայաստանն ու Արցախը չեն կարող գնալ հապշտապ որոշման՝ հիմնված նույն այդ մադրիդյան սկզբունքների վրա, քանզի նման որոշումը հակասում է մեր ազգային շահերին ու վտանգում հայկական պետականությունը։

Ոչ ոք չի կարող մեզ ստիպել դուրս գալ ազատագրված տարածքներից՝ խախտելով սեփական Սահմանադրությունը։ Ուստի ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը պետք է այլ ուղիներ որոնի, օրինակ, միջազգային քաղաքականության մեջ որդեգրի նոր մոտեցումներ, որի ականատեսը եղանք անցյալ տարի։ Նկատի ունեմ Կոսովոյի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի նախադեպը։

- Արցախի իշխանությունները, քաղաքական ուժերը արդյոք շա՞տ չեն անտարբեր սեփական ճակատագրի հանդեպ։ Մեր խորհրդարանը, ճիշտ է, օրերս հանդես եկավ հայտարարությամբ, բայց, ըստ իս, կարելի էր ավելի կոշտ քայլեր ձեռնարկել։ Իսկ գնացքը գնում է, հետո կարող է ուշ լինել։

- Բանակցային խեղված ձեւաչափն ու բանակցային անբարենպաստ ընթացքը վաղուց անհանգստացնում է ղարաբաղյան հանրությանը։ Մինչեւ խորհրդարանի հիշյալ հայտարարությունը, տպագրվել էին մի շարք հանրային կառույցների, ինչպես նաեւ առանձին վերլուծաբանների բավականին կոշտ հայտարարություններ։ Ինչ վերաբերում է «գնացքը մեկնելուն», կարծում եմ, մենք չպիտի սպասենք վիճահարույց զարգացմանն ու նոր միայն գործենք։ Ընդհակառակը, նման անբարենպաստ զարգացումները կանխելու համար պետք է վերականգնել բանակցային նախկին ձեւաչափը եւ եռակողմ լիարժեք ձեւաչափով մշակել ու ընդունել հակամարտության կարգավորման իրական սկզբունքներ ու մոտեցումներ։

Իսկ որպեսզի Ղարաբաղն իր տեղը գրավի բանակցասեղանի շուրջ, որն, ի դեպ, ընդունված է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի որոշումներում ու այլ փաստաթղթերում, հայկական երկու պետությունները պետք է հստակեցնեն իրենց դերն ու լիազորությունները բանակցային գործընթացում։ Այն հիմնարար հարցերը, որոնք պետք է ներառվեն ԼՂՀ-ի իրավասության ոլորտում, ՀՀ իշխանությունները չպիտի քննարկման առարկա դարձնեն ոչ միջնորդների, ոչ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Ուստի նրանք ստիպված կլինեն ղարաբաղյան կողմին հրավիրել տեղ գրավելու բանակցասեղանի շուրջ։ Այդպիսով, օգտագործելով ԼՂՀ եւ ՀՀ ներքին ռեսուրսները, կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության սուբյեկտի կարգավիճակը։

- Ադրբեջանը նոր ակտիվությամբ պատերազմով խնդիր լուծելու հայտարարություններ է անում։ Ճիշտն ասած, չեմ կարծում, թե Ադրբեջանը պատկանում է այն երկրների թվին, որոնք պատերազմ սկսելուց առաջ նախօրոք հայտարարում են այդ մասին։ Մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու այդ երկրի իրական դեմքը։ Բայց արդյոք այսօր իրակա՞ն է պատերազմի վերսկսման հավանականությունը։

- Եթե Ադրբեջանը Ղարաբաղի դեմ նոր ռազմական արշավ ձեռնարկի, ոչ ոք չի կարող կանխորոշել դրա տեւողությունն ու վերջնական արդյունքը։ Բաքուն չպիտի «կայծակնային փոքրիկ պատերազմի» հույսեր փայփայի։ Հաշվի առնելով ռազմաճակատային գծի այս եւ այն կողմում կուտակված ռազմական պոտենցիալը, կարելի է հստակ ասել, որ նոր պատերազմը աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այդ իսկ պատճառով, հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի սկզբունքներ փնտրելուն զուգահեռ, միջնորդներն ու տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ ուժերը պետք է իրականացնեն նոր պատերազմի վտանգը չեզոքացնելու աշխատանքներ։

- Ի դեպ, վերջերս մեզանում հարց եղավ Արցախի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին, բայց հանրությունն այդպես էլ հստակ պատասխան չստացավ։ Նման համաձայնագիր կա՞, թե՞ միայն խոսակցություններ են։

- Ինչպես գիտենք, քննարկման փուլում են գտնվում հակամարտության կարգավորման, այսպես կոչված, բազային սկզբունքները, որի համաձայնեցումից հետո վավերացման համար կպատրաստվի շրջանակային համաձայնագիր։ Վերջինիս հիման վրա էլ նախատեսվում է պատրաստել խաղաղության պայմանագիրը։ Դա է հակամարտության կարգավորմանը միտված քայլերի տրամաբանական ընթացքը։ Քանի դեռ համաձայնեցված չեն կարգավորման սկզբունքները, վաղ է խոսել շրջանակային համաձայնագրի մասին։



ՂԱՐԱԲԱՂԸ ՀՀ-ԻՆ ՉԻ ԼԻԱԶՈՐԵԼ ՈՐՈՇԵԼՈՒ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին Ստեփանակերտում կայացել է այդ կազմակերպությունների խորհրդի նիստը, որին հրավիրվել էին վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, իշխանությունների ներկայացուցիչներ։ Քննարկման թեման ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն էին, ինչպես նաեւ Ադրբեջանի վերջին ռազմատենչ հայտարարությունները։

Վերջին զարգացումների, այդ թվում՝ ԵԱՀԿ համանախագահող երկրների պատվիրակությունների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ին Աթենքում հրապարակած համատեղ հայտարարությանը, մինչ այդ ԼՂՀ խորհրդարանի ընդունած հայտարարությանն անդրադարձավ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Վերոհիշյալի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը։

Ստեփանակերտի մամուլի ակումբի (ՍՄԱ) նախագահ, «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ վաղուց պարզ է, թե ինչ զիջումներ են պահանջում կամ ինչ զիջումներ կարող է անել հայկական կողմը, բայց հետաքրքիրն այն է, որ առայսօր պարզ չէ եւ ոչ ոք չգիտե, թե ինչ զիջումներ պիտի անի Ադրբեջանը։ Մեզնից վերցրածի մի մա՞սը պիտի մեզ տա եւ այն անվանի փոխզիջում։ Ու ահա, Բաքուն ելքը գտել է՝ պատերազմ վերսկսելու մասին հայտարարություններ է անում (չնայած նա երբեք չի կարող ինքնագլուխ, առանց գերտերություններ «դաբրո»-ի նման արկածախնդրական քայլ անել), որպեսզի հետո իր կողմից պատերազմ չսկսելը ներկայացնի որպես «մեծագույն փոխզիջում»։

ՍՄԱ նախագահն ավելի տրամաբանական համարեց, որ Արցախի հասարակական կազմակերպությունները կամ հանրությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իրենց մտահոգությունների մասին հայտարարություններ հղեն ոչ թե ՀՀ իշխանություններին կամ միջնորդական առաքելություններին, այլ հենց ԼՂՀ իշխանություններից փորձեն ստանալ իրենց հարցի պատասխանը։ Ասել է թե՝ ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը։

Գ. Բաղդասարյանի այդ տեսակետը պաշտպանեց «Նոր էջ» հանրային թերթի խմբագիր, գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանը, նշելով, Ղարաբաղի ժողովուրդը անկախ պետություն է հռչակել՝ պետական բոլոր ատրիբուտներով. զինանշան, դրոշ, օրհներգ, ընտրել երկրի նախագահ ու Ազգային ժողով, երկիրն ունի կառավարություն՝ բազում նախարարություններով, սակայն, չգիտես ինչու, Ղարաբաղի ժողովրդի ու երկրի ճակատագիրը փորձում է լուծել մի երկրի նախագահ, որի ղեկավարած պետության միջազգայնորեն ճանաչած սահմաններում Ղարաբաղը չկա։ Այս ամենը չի տեղավորվում մարդկային տրամաբանության սահմաններում։

Կարծիք հնչեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին Ղարաբաղի կողմից պատասխանել նմանատիպ ռազմական կոչերով՝ Ադրբեջանի կողմից բռնազավթած Շահումյանի շրջանն ու Մարտակերտի ու Մարտունու շրջանների ազերիների վերահսկողության տակ գտնվող հողերն ազատագրելու համար։ Թե չէ՝ շարունակ Ադրբեջանն է բռունցք ցույց տալիս ու հոխորտում իր ռազմական հզորության մասին։

Տասնյակ այլ ելույթներ էլ հնչեցին։ Ոմանք ղարաբաղյան խնդրից թռան Իրանա-ամերիկյան հակամարտություն, ծանրումեծ փորձեցին մեկնաբանել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային քաղաքական վերջին անցուդարձերը։ Բարեբախտաբար, վերջում հիշեցին, թե ինչի համար են հավաքվել եւ ներկայացրին իրենց մտահոգությունը դեկտեմբերի 1-ի աթենքյան հայտարարության վերաբերյալ, որը նշանակում է՝ հապշտապ լուծել ղարաբաղյան խնդիրը, մինչդեռ առանց արցախյան կողմի, առանց շահագրգիռ կողմի մասնակցության հնարավոր չէ բանակցային գործընթացում տրամաբանական լուծում գտնել։

Հանդիպման մասնակիցները ՀՀ իշխանություններին կոչ են անում վերանայել հակամարտության կարգավորման անվան տակ բանակցասեղանին դրված, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, իսկ ԼՂՀ իշխանություններին կոչ արեցին վերականգնելու հակամարտող կողմի իր կարգավիճակն ու տեղ գրավել բանակցասեղանի շուրջ։ Իսկ ինչ մնում է ՀՀ ղեկավարությանը, ապա Ղարաբաղը նրան չի լիազորել արցախցիների փոխարեն որոշելու Արցախի ճակատագիրը։



ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳԾԱԳՐՈՎ

Ընդհանրապես մենք սիրում ենք ամեն ինչ կիսել, բաժանել: Երկիրը բաժանել ենք երկու մասի՝ ապարանքների, շքեղատես սուպերմարկետների եւ տարիներով վերանորոգման կարոտ անշուք խրճիթ-բնակարանների։ Ժողովուրդը նույնպես կիսվել է՝ մի խումբ օլիգարխների եւ մի հոծ զանգված դատարկ ու կիսադատարկ գրպանատերերի:

Վերջին երկտասնամյա մեր պատմությունը եւս կիսել ենք՝ հերոսական ժամանակաշրջան եւ զավեշտական ժամանակաշրջան: Հրադադարով ավարտվել է հերոսականը, այժմ սկսվել եւ բուռն ծաղկում է զավեշտական կամ, քաղաքագետ-տնտեսագետների ասած՝ անցման շրջանը: Ղարաբաղն ազատագրվել է թուրք-ազերիների լծից եւ արդեն ազատ ու անկախ երկիր է։ Այժմ օտարներն այլեւս չեն շահագործում ու թալանում մեզ։ Մենք արդեն չենք աշխատում օտարածին ինչ-որ ալիների, հասանների եւ այլազգի այլ պորտաբույծների համար։ Մենք վերջապես ունենք մեր սեփական, հայրենական արտադրության մեծահարուստներն ու թալանչիները, բյուրոկրատներն ու ազգային վամպիրները։

Եթե յոթ տասնամյակ շարունակ մեր աշխատանքի պտուղները վայելում էին օտարները, ապա այսօր մենք մեր ազգային հարստությունները հանձնել ենք մեր երկրի տերերին՝ մերազգի իշխանավորներին ու բոլոր նրանց, ովքեր անվերապահորեն վայելում են ազգի ընտրյալների հովանավորությունն ու աջակցությունը։ Մեր սուրբ հողի սահմաններից այնկողմ շպրտելով դարավոր ոսոխին, անկախության այս տարիների ընթացքում կյանքի բոլոր բնագավառներում ստեղծել ենք մեր, տեղակա՛ն կադրերը։ Նույնիսկ ունենք մեր սեփական, հարազատ եւ անձեռնմխելի գողերն ու ավազակները, կաշառակերներն ու հայրենական մաֆիան:

Մենք ունենք պետական դրոշ ու զինանշան, նախագահ ու վարչապետ, խորհրդարան, նախարարներ ու նախարարուհիներ՝ պետական հույժ կարեւոր ատրիբուտներ, որ տասնամյակներ առաջ երազում անգամ չէինք կարող երազել։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ենթակաների, ենթակաների ստորադրյալների, շարժական ու անշարժ գույքի իր հավաքածուն, աշխատակազմեր ու վարչակազմեր, աշխատակազմի ղեկավարներ ու օգնականներ, որոնք մեծ հաշվով, նույն քարտուղարուհիներն են, բայց՝ արական սեռի։ Մեր, այսպես կոչված, քաղաքական էլիտան ունի թիկնապահներ ու սիրուհիներ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներ ու սեփական բիզնես, առանձնատներ ու ապարանքներ...

Շոշափելի հաջողությունների ենք հասել նաեւ խաբեության ու կեղծարարության ասպարեզում։ Եթե մինչ այդ մեր պատմությունը կեղծում էին միայն թուրք-ազերիները, ապա այսօր այդ գործում մերոնք այնպիսի վարպետության են հասել, որ ոչ մի աճպարար չի հասնի նրանց։ Դեռեւս երեկվա Արցախյան շարժումն ու պատերազմի ժամանակահատվածն այսօր իր արտացոլումն է գտել գրիչ բռնել իմացող յուրաքանչյուր երրորդի խզբզանքում։

Ականատեսները դառնում են մասնակիցներ, երեւան են գալիս նոր հերոսներ, ովքեր այն ժամանակ, չգիտես ինչու, չկային։ Կարիերիստներն ու հանրահավաքային թամադաները սպրդում են թերթ ու գրքերի մեջ՝ որպես հասարակական-քաղաքական գործիչներ, ու արդեն դժգոհում են, որ իրենց չեն պարգեւատրում «Մարտական խաչ»-ով։

Գրասենյակային առնետները հոդվածներ ու գրքեր են տպագրում՝ գլխիվայր շրջելով ամեն ինչ: Պատերազմական տարիներին Հայրենիքը լքած կամ «բրոնյա»-ներ հաջողացրած տղերքը դառնում են մարտական գործողությունների մասնակիցներ, պաշտոնյաների սիրասուն բալիկները, որ «զինվորական ծառայությունն» անցկացնում էին մայրաքաղաքի իրենց շքեղ բնակարաններում կամ «զորանոցային» այլ վայրերում, այսօր կուրծք են ծեծում, թե՝ Հայրենիք ենք պաշտպանել: Եվ նրանցից ոչ մեկի խիղճը չի տանջում, ոչ ոք չի խոստովանում, որ նույնիսկ երազում խրամատ չի տեսել եւ չգիտե, թե որտեղ է գտնվում ավտոմատի ձգանը։

Որոշ, այսպես կոչված, գործիչներ էլ, չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով եւ իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով հանրահայտ «Շվեյկի արկածների» այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե երկրագնդի ներսում կա մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից։

Վերջերս մի պարոնի հոբելյանի կապակցությամբ հեռուստատեսությամբ հաղորդում էին ցուցադրում: Հաղորդման առնվազն 80 տոկոսն Արցախյան շարժման ու Գոյամարտի մասին էր. Շարժումը մտցրել էին պարոնի կենսագրության մեջ: Դա հիշեցնում է կոկոսի մեջ ընկած հանրահայտ Պույ-պույ մկնիկի առակը…

Աննկարագրելի ձեռքբերումների ենք հասել նաեւ մուրացկանության ու աղքատության ասպարեզում։ Ուղղակի ապշել կարելի է մեր ղեկավարների տնտեսա-քաղաքական փայլուն ծրագրերից, որոնց արդյունքում՝ իր տարածքի չափ հողեր ազատագրած երկիրը, որ կարող է կերակրել մի քանի միլիոն ազգաբնակչություն, այսօր չի կարողանում պահել եվրոպական սովորական մի քաղաքի փոքրիկ թաղամասի չափ բնակչություն ունեցող երկիրը: Մեկեւկես տասնամյա մեր անկախության տարիներին քանակական ու որակական թռիչքների ենք հասել նաեւ գործազրկության ու արտագաղթի բնագավառում։ Անցած դարի յոթանասուն տարում Հայրենիքն այնքան մարդ չի լքել, որքան վերջին տասնամյակում։ Ազգի ապագան ու աշխատուժը չվում են տաք երկրներ…

Եվ ամենակարեւորը՝ ժողովրդին եւս դուր է գալիս այս կյանքը, ժողովուրդը հարմարվել է, որ իրեն խաբեն ու թալանեն: Զորօրինակ՝ վերջերս առնվազն մեկեւկես անգամ անխղճորեն բարձրացրել են մի շարք, այսպես ասած, «առաջին անհրաժեշտության ապրանքների»՝ մասնավորապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Կողմնակի եւ օտար մեկին կարող էր թվալ, թե ժողովուրդը, նրա ցավերով տառապող կուսակցությունները, պատգամավորները պիտի դժգոհեին, բողոքեին, բայց…

Կեցցե ժողովրդի ծով համբերությունը, նա հո միամիտ չէ, որ չհասկանա՝ գազը մեր «ռուս բարեկամներն» են թանկացրել, էլեկտրաէներգիան… Դե ի՞նչ կա որ՝ երեւի էլցանցի մեր տղերքին «սրոչնի» փող է պետք, պիտի օգնել: Եվ ժողովուրդը հասկանում ու օգնում է բոլորին: Այլ հարց է, որ ոչ ոք չի ուզում հասկանալ նրան… Բայց դա այնքան էլ կարեւոր չէ. ժողովուրդը նրա համար է, որ Հայրենիք պահի։ Այսօր ժողովրդին չեն հիշում: Եվ ճիշտ էլ անում են: Ինչո՞ւ հիշեն, հո պատերազմ կամ նոր ընտրություններ չկան, որ ժողովրդին հիշեն։

Մի խոսքով, անցման շրջան է, կախարդական շրջան. անցնում ենք, անցնում, բայց շրջանից դուրս չենք գալիս: Կախարդական նույն շրջանն է նաեւ Հայաստանում, որին արցախցիները մի ժամանակ «Մայր Հայաստան» էին անվանում, իսկ այսօր մի խումբ կարիերիստ տղերք այն սեփականաշնորհել, դարձրել են իրենց անձնական արոտավայրը։



ԴԵ ԱՐԻ ՈՒ ԲԱՑԱՏՐԻՐ, ՈՐ ԵԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵՌՆՈՒՄ Է՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԴ ԿԱՐՈՂ Է ՓԼՎԵԼ

Այսօր մեր հասարակական-քաղաքական կյանքը մի մեծ ռաբիս է, որտեղ, մեծ հաշվով, մշակութը և արվեստը տեղ չունեն։ Իսկ արցախցի արվեստագետին այսօր, կարծում եմ, առավել շատ հուզում է «հացի խնդիրը», և այն դուրս է մղել մյուս բոլոր խնդիրներն ու հիմնախնդիրները, որոնց լուծումը կամավոր հանձնել է «պապաներին», այդ թվում՝ իր երկրի ճակատագիրը: Կարիք կա՞ ասելու, որ մշակույթի վիճակը ժողովրդի, երկրի վիճակի ստույգ ցուցիչն է, որ մշակույթը միայն նրա համար չէ, որ հպարտանանք անցյալի նրա նվաճումներով, որ առանց մշակութային արժեքների պետականություն կոչվածը տուն է՝ ավազի վրա:

Մինչև ազգային-ազատագրական շարժումը, որի արդյունքում ունեցանք անկախ պետականություն, մեր մշակույթի վիճակը շատ ավելի բարվոք էր, քան այսօր։ Ադրբեջանի տիրապետության տարիներին պետական մեր համույթներից բացի մենք ունեինք ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ, որոնք կատարողական մակարդակով ոչնչով չէին զիջում այսօրվա պետական համույթներին։ Մեր գրողները հենց այդ տարիներին են ստեղծել իրենց լավագույն երկերը։ Այդ տարիներին է ստեղծվել Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր լեռները» (Պապ ու տատը)։

Վաստակավոր լրագրող, արվեստագետ Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ «Այն աղբը, որ այսօր թափվում է էկրաններից, մեզ՝ հեռուստադիտողներիս, փորձում են ներկայացնել իբրև արվեստ: Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց այսօրվա եթերը հիմնականում լցված է ցածրորակ երաժշտությամբ, անգրագետ, գռեհիկ արտահայտություններով, ավելի շատ ուշադրություն է դարձվում արտաքին շղարշին, քան բուն ասելիքին, նրա իմաստին: Դրա համար էլ իսկական երաժշտության (կարևոր չէ՝ դասական, գուսանական, ժողովրդական, էստրադային) երկրպագուները դժգոհում են, որ ռաբիսը սպանում է զտարյուն երաժշտությունը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանք առաջնորդվում են »որքան վատ՝ այնքան լավ« սկզբունքով»:

Այն տարիներին, որ այսօր բռնապետական ենք անվանում, Արցախն իրոք ուներ թատրոն, որին հարգում էր նաև Հայաստանի հանդիսատեսը։ Մեր մայր թատրոնից շենքն է մնացել միայն, այն էլ՝ կիսավեր ու մոռացված...

«1969 թ. Թումանյանի 100-ամյակին նվիրված թատերական փառատոնում մեր թատրոնի բեմադրած «Մեծ լոռեցին» (հեղինակ՝ Վազգեն Օվյան, բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Կարապետյան, Թումանյանի դերում՝ Բենիկ Օվչյան) ներկայացումն այնքան լավն էր, որ արժանի էր առաջին մրցանակի: Բայց առաջին մրցանակը շնորհեցին, կարծեմ, Սունդուկյանի անվան թատրոնին, երևի մտածելով. «Ամոթ է, որ առաջին մրցանակը ոչ թե Մայր թատրոնը ստանա, այլ Ստեփանակերտի թատրոնը...

Իսկ հիմա՞,- ասում է Վ. Բաղրյանը:- Մեծ ափսոսանքով և խոր ցավով եմ նշում, որ այսօր Արցախում թատրոն չունենք: Ինչպես ասում են՝ անունը կա, ամանում չկա... «Այս տարվանից կառավարության որոշմամբ ստեղծվեց ԼՂՀ երգի-պարի պետական համույթ: Ո՞ւր է այդ համույթը, գոնե մեկ համերգ տվե՞լ է... Իսկ ինչպիսի՜ համույթ ունեինք խորհրդային տարիներին... Հիմա շարքային երգիչ-երգչուհի չկա, բոլորն «աստղեր» են...»։

Գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի կարծիքով՝ «Այսօր գիրք կարդացող չկա, նկար նայող այսօր չկա, եւ այլն, բայց, կարծում եմ, դա չպետք է խոչընդոտ լինի ստեղծագործելուն: Իսկ գնահատման առումով՝ Ղարաբաղը գավառական է՝ չափորոշիչներ չկան, սկսում է իշխել միջակությունը, թույլը: Ես ապշել էի. երբ, օրինակ, Շառլ Ազնավուրը եկավ՝ քիչ հետաքրքրություն կար, իսկ երբ Թաթա Սիմոնյանն է գալիս՝ ամբողջ հրապարակն է թնդում, վեր-վեր թռչում... Ղարաբաղում գերիշխում է գավառական մտածելակերպը, եւ դրանից ոչ միայն արվեստագետն է տուժում, այլև ժողովուրդը: Եթե այսպես շարունակվեց, ինչպես հիմա է, ապա ես չեմ հավատա ոչ մի բանի... Այսօրվա դրությամբ չեմ կարծում, թե վաղը լուսավոր լինի...»։

Ազատ ու անկախ Արցախում նախարարների փոփոխությամբ առաջին տեղում մշակույթն է։ Ով ասես, որ չի ղեկավարել բազմաչարչար այդ ոլորտը։ Այն մի տեսակ դարձել է որբի գլուխ, որի վրա վարսավիրություն են սովորում։ Ընդհանրապես մշակույթի հարցերով զբաղվող այդ ոլորտը, որ անվանում ենք մշակույթի նախարարություն, ոտից գլուխ փոփոխելու կարիքն ունի։ Այսօր այն ավելի շատ սեղանի հինգերորդ ոտք է հիշեցնում։ Վերջին առնվազն 15 տարում այդ ոլորտի բանուգործը եղել է հաղթանակի կամ անկախության տոներին հրապարակում էժանագին շոուներ կազմակերպելը։ Եվ զարմանալի չէ, որովհետեւ մշակույթի ոլորտի ղեկավարին նշանակում են մարդիկ, ովքեր նույնիսկ հեռավոր պատկերացում չունեն մշակույթի մասին։

Այսօր տեղի արվեստագետների մի մասը վերածվել է ամորֆ զանգվածի, ինչպես երեւանյան իրենց գործընկերների ստվար մասը, պատրաստ մի կտոր հացի համար վաճառել իր ձայնն ու սկզբունքները, եթե վերջինից դեռեւս մի բան մնացել է, գլխարկը հանած՝ գովերգել օրվա տերերին՝ երեկվա միջակություններին ու ոչնչություններին։ Մինչդեռ արվեստագետը որքան էլ սիրի ու հարգի օրվա իշխանությանը, հոգու խորքում պիտի ընդդիմություն լինի, քանզի ընդդիմադիրը միայն այն քաղաքական ուժը չէ, որ ուզում է գալ իշխանության։ Ի վերջո, այդ քաղաքական ուժերի թիկունքում կառավարման համակարգից դժգոհ հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ են լինում կանգնած, որ կոչվում են ժողովուրդ։ Արվեստագետը մշտապես հենց այդ «խավի» կողքին, ավելի ճիշտ՝ առջևից քայլողների առաջին շարքում պիտի լինի։

Այսօր քաղաքական կյանքի համատարած ամպամածություն-մթնշաղը տեսանելի ոչ մի հույս չի տալիս կարծելու, թե վաղը լավ կլինի։ Բայց, այնուամենայնիվ, պիտի հուսանք, որ մղձավանջը մի օր կանցնի, ավելի ճիշտ՝ արցախցին, երևանցին, հայը արժանապատվություն ու քաջություն կունենան վերացնելու մղձավանջը և տեր կանգնելու իրենց ազգային արժեքներին ու իրավունքներին։



ԱՐՑԱԽՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» ՎԻՃԱԿՈՒՄ

Ժամանակին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում վարպետ թիմեր էին խաղում, իսկ տրիբունաներում հաճախ ասեղ գցելու տեղ չէր լինում։

Ղարաբաղյան թիմի կազմում խաղում էին ֆուտբոլի իսկական վարպետներ՝ ԽՍՀՄ չեմպիոն և ֆուտբոլի գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, Սուրեն Մարտիրոսյանը, ճանաչված ֆուտբոլիստներ Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Ծատրյանը, Կառլեն Սիմոնյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Սլավա Գաբրիելյանը, Լեոնիդ Հովհաննիսյանը, Վարուժան Բաբայանը, Պողոս Գալստյանը...

Արցախյան ֆուտբոլի վերելքը սկսվել էր 1977 թվականից, երբ «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն եւ սկսեց մասնակցել ԽՍՀՄ առաջնակարգ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը (1979 թվականին գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը)։

1992-ին, պատերազմի տարիներին, ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվեց բանակի մարզական ակումբ՝ ԲՄԱ «Երազանք» անվամբ (թիմի պետ՝ Կառլեն Սիմոնյան, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյան)։ 1993 թվականից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»։ 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում։

2001 թ. «Ղարաբաղ» թիմը դարձավ 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան)։ Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը։ Այդ նույն տարվանից էլ, երբ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները լարվեցին, բանակը դադարեցրեց ֆինանսավորել ակումբին։

2002-ին թիմը վերանվանվել է «Լեռնային Արցախ»։ Այդ ժամանակ Հայաստանի առաջնություններին մասնակցում էին արցախյան չորս թիմեր՝ մեկական բարձրագույն և առաջին խմբերում, երկու թիմ էլ մասնակցում էր պատանեկան առաջնությանը։

2003-ին արցախյան ոչ մի թիմ չի մասնակցել ՀՀ առաջնություններին, 2004-ին մեկական թիմ մասնակցել են առաջին և պատանիների խմբերի առաջնություններին։

2007-ին ՀՀ ֆուտբոլի առաջնություններին մասնակցում էր միայն պատանեկան մի թիմ, որն էլ 4-րդ Համահայկական խաղերում դարձել է չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան)։ Հայաստանում ղարաբաղյան ֆուտբոլը ներկայացնում է միայն պատանեկան այդ թիմը։

Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի բռնատիրության տարիներին ղարաբաղյան թիմը, հաղթահարելով ադրբեջանցիների հարուցած բոլոր խոչընդոտները, կարողացավ դառնալ Ադրբեջանի չեմպիոն եւ իր ուժերը չափում էր ռուսական, վրացական, մերձբալթյան վարպետ թիմերի հետ, իսկ այս տարվանից այլեւս չի մասնակցում նույնիսկ ՀՀ առաջնությանը...

1996 թվականին ԼՂՀ փոխվարչապետ Ժ.Պողոսյանը նամակներ է հղել ՖԻՖԱ-ի նախագահ Ժ. Ավելանժին, գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթերին՝ Արցախի ֆուտբոլային ակումբը միջազգային մրցաշարերին ներգրավելու խնդրանքով։

Նամակներ են ուղարկվել նաեւ Բրազիլիայի սպորտի նախարար Պելեին, բարոնուհի Ք. Քոքսին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ հատուկ դեսպան Շառլ Ազնավուրին, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին, բարերար Ալեք Մանուկյանին եւ այլոց, վերջիններիս խնդրելով իրենց հեղինակությունն օգտագործել՝ վերոհիշյալ հարցում դրական պատասխան ստանալու համար (ՖԻՖԱ-ի 1996 թ. մայիսի նիստում պիտի քննարկվեր Ղարաբաղի դիմումը)։

«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, մեր գործադիր մարմինը որոշել է իրավունք չտալ Ձեր թիմերին մասնակցելու...»,- այս տողերով էր սկսում Ցյուրիխից ստացված պատասխանը։ Խնդիրը, սակայն, այլ է։ Համենայն դեպս, ԼՂՀ նախկին իշխանությունները ինչ-որ կերպ փորձել են ճեղքել պատնեշը եւ դուրս գալ միջազգային մարզասպարեզ։ Ղարաբաղի մերօրյա տերերը հանգիստ թույլ տվեցին, որ ղարաբաղյան թիմը չմասնակցի նաեւ ՀՀ ֆուտբոլի առաջնությանը։ Մինչդեռ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին։

Ղարաբաղյան ֆուտբոլը «խաղից դուրս» վիճակում է, բայց դա այսօր այլեւս զարմանալի չէ, որովհետեւ ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարության ջանքերով արդեն «խաղից դուրս» վիճակում է հայտնվում, այսպես ասած, ղարաբաղյան գործոնը։ Փոխարենը «բարձրագույն խմբում» հայտնվել են չափազանց ֆուտբոլասեր անձիք, որոնք «ֆուտբոլային դիվանագիտությամբ» փորձում են մեր հայրենիքը դարձնել ֆուտբոլի խաղադաշտ...



ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՈՂԲԱՑՈՂԻ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ...

«Մեզ համար գլխավորը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ ինչքան կարելի է՝ իշխանությունը մեր ձեռքներում երկար պահելը»։ Երեւի թե փորձում եք կռահել, թե ով է այս խոսքերի հեղինակը։ Ձեր աչքի առաջ թերեւս արդեն տեսանելի է դառնում նրա «փառահեղ» կերպարանքը։ Բայց, ստիպված եմ հիասթափեցնել. այս խոսքերի հեղինակը ՀՀ կամ ԼՂՀ նախագահները չեն, եւ ոչ էլ ճանաչված ու չճանաչված այդ երկրների բարձրաստիճան որեւէ այլ պաշտոնյա, չնայած նրանցից յուրաքանչյուրը մտքում հաճույքով կստորագրի այդ նախադասության տակ։ Այս խոսքերը վերցված են սերբ գրող Ռադոյե Դոմանովիչի ավելի քան 100 տարի առաջ գրված «Ստրադիա» վիպակից։ Ավելի ճիշտ՝ Ստրադիա երկրի մի նախարարի շուրթերից...

Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հայկական մեր պետություններն ու իրականությունն իրենց տեսակի մեջ եզակի են, չարաչար սխալվում են։ Այսօրվա Հայաստանում կամ Արցախում ստեղծված պետական-կլանային համակարգը՝ բարեկամական-ազգակցական կապերով իրար շաղկապված եզակի կադրերով, ովքեր վերջին 20 տարում մի կերպ սովորել են իրենց անուն-ազգանուններն անսխալ կամ նվազագույնս քիչ տառասխալով գրելը, ամենեւին նորություն չէ պատմության համար։ Ազգերի մի մասն իրենց պատմության ընթացքում երեւի թե ունեցել կամ ունենում են «զավեշտա-ողբերգական» ժամանակներ, սակայն հետո հաղթահարում են այն ու, սովորելով հնի սխալների վրա, փորձում իրենց հնարավորության սահմաններում կառուցել քաղաքակիրթ երկիր։

Բայց մեր եզակիությունն այն է, որ մենք երբեք չենք կարողանում դասեր քաղել մեր սխալներից։ Մեզ համար պատմությունը մշտապես կրկնվում է։ Մենք Աստծո ստեղծած եզակի այն ազգերից (ավելի ճիշտ՝ ազգն) ենք, որ մշտապես վատ է ապրում, շարունակ կորուստներ է տալիս, ցեղասպանության է ենթարկվում, Հայրենիք է կորցնում, աստիճանաբար սեղմում-օղակում իր մեծ կենսատարածք-հայրենիքից մնացած մի բուռ հողը, բայց սիրով մշտապես կրկնում է ճակատագրական իր սխալներն ու մեղավորներ փնտրում սահմանից այնկողմ։ Ու նաեւ եզակի այն ազգն ենք, որ հայրենիքից դուրս 2-3 անգամ ավելի շատ հայրենակիցներ ունենք, քան սեփական մեր հայրենի երկրում։

Դարավոր իրենց պատմության ընթացքում աշխարհասփյուռ եղած հրեաներն իրենց հեռավոր նախնիների երկրում հզոր պետություն են ստեղծել, այսօր մատների վրա խաղացնում են հարեւան բազմամիլիոն արաբական աշխարհը, իսկ հայերս օր-օրի զրկվում ենք հայրենի հողից, գաղթօջախներ հիմնում ամերիկաներում, ֆրանսիաներում, ռուսաստաններում, անգամ Ավստրալիայում, Արգենտինայում ու Բոլիվիայում, գուցե նաեւ Մոզամբիկում ու Անտարկտիդայում...

Բազմադարյա մեր պատմության ընթացքում Մեծն Տիգրանից երկհազարամյակ հետո հայն առաջին անգամ հող է նվաճել-ազատագրել, Արցախ-Ղարաբաղ է ազատագրել։ Բայց արի ու տես, որ դա ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու հայ տեսակի ուղեղի ծալքերում։ Մշտապես լաց ու ողբի սովոր հայը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ վերջապես մի անգամ հակառակորդին, դարավոր թշնամուն ստիպել է ողբալ ու ոռնալ կորցրածի ցավից։

Եվ ահա մեզ օգնության եկավ նման դեպքերում իր գործը հիանալի կատարող հայ դիվանագիտությունը։ Ավելի ճիշտ՝ ազգն իր ծոցում տաքացրեց-մեծացրեց իր անկյալներին, մտավոր կաղ ու հաշմանդամներին, քաղաքագետի, դիվանագետի, նախարարի, երեսփոխանի ու, աստված գիտե, թե էլ ինչ փոխանի պաշտոն ու մանդատ տվեց ու ասաց. «Մեզ վերադարձրո՛ւ մեր դիմանկարը...»։

Վերջիններս առայժմ փայլուն են կատարում իրենց գործը։ Ժողովուրդը կամաց-կամաց չվում է «տաք երկրներ», Արցախ կոչվածի ճակատագիրը սեփական ձեռքերով լիովին հանձնել ենք քաղաքական աճպարարների ողորմածությանը, Հայաստանի մի մասը տվել ենք հայրենի օլիգարխներին, մյուսը՝ «ռազմավարական մեր դաշնակցին», մնացյալի վրա վաղուց աչք ունեն Օսմանի թոռները, եւ եթե «սահմանի բացում» օպերացիան հաջողությամբ պսակվի, մեր երկրում կրկին տոն է լինելու, ոմանց գրպաններում փողի ավելի մեծ կապոցներ են լինելու, ժողովուրդը... Բայց հետաքրքիր է, նա որտե՞ղ է լինելու:

Զարմանալի է, Մարսի վրա առայսօր հայկական գաղթօջախ չկա:

Տխուր է, ծիծաղելի, զավեշտական թե ողբերգական, մեր իրականությունն ու կյանքն արբանյակի պես պտտվում է դրանց միջեւ եւ, կարծես, իր «ուղեծրից» դուրս գալու ոչ մի ցանկություն չունի։ Չէ, իսկապես «մերն ուրիշ է»։



ԷԴ Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՍ ՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՎ ԷԹՆԻԿ ԶՏՎԵԼՈՒ ԹՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ...

Ընդունելով ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանն այսպիսի միտք է հայտնել. «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, թե ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ էթնիկ զտումների: Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազներն իրականությունից, արդար լուծումները՝ հավակնություններից տարբերել կարողանան...»։

Առայժմ հայտնի չէ, Ղարաբաղի խորհրդարանի պատվիրակները մի բան հասկացե՞լ են այս խորիմաստ մեկնաբանությունից, թե՞ չէ, բայց հասարակ մահկանացուներիս համար միանգամայն հանելուկ է, թե ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած պարոնն ինչ է նկատի ունեցել «նոր տեղահանումներ եւ էթնիկ զտումներ» ասելով։ Այդ ո՞ւմ պիտի տեղահանեն եւ ովքե՞ր պիտի տեղահանեն։

Այդ ի՞նչ հանճարեղ լուծումների վրա են տարիներով գլուխ կոտրում ծագումով ղարաբաղցի ՀՀ վերջին երկու նախագահները, որ հնարավոր է նաեւ «նոր տեղահանումներ» լինեն։ Արցախցիների՞ն պիտի տեղահանեն իրենց երկրից, թե՞ ադրբեջանցիներին է սպասվում այդ նոր «ճամփորդությունը»։ Ազերիները պիտի գան Արցախ ու տեղահանեն բնիկ բնակչությա՞նը, թե՞ հնարավոր են նաեւ այնպիսի լուծումներ, որ հայերին ստիպի հարձակվել հակառակորդի վրա ու «տեղահանել» նրանց։

Այժմ վերադառնանք Սերժ Սարգսյանի մեկնաբանության երկրորդ ոչ պակաս հետաքրքիր դրվագին՝ էթնիկ զտումներին, որ դարձյալ հնարավոր են բանակցությունների արդյունքում սպասվելիք լուծումների դեպքում։ Դարձյալ անհասկանալի է, թե ով ում պիտի զտի, հայերը՝ ազերիների՞ն, թե՞ վերջիններս արցախցիներին։ Կամ այդ ինչպե՞ս պիտի իրար «զտեն», երբ Արցախում այլեւս զտելու ադրբեջանցի չկա, Ադրբեջանում գրեթե հայ չի մնացել, որ բռնեն ու «էթնիկ զտեն»։ Գուցե թե Սերժ Սարգսյանը նկատի ունի, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որ ենթադրում է ազատագրված հայկական հողերի վերադարձ Ադրբեջանին եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ՝ ազատագրված տարածքներ ու Արցախ։

Եթե նկատի ունենանք, որ բանակցություններում պրպտվող լուծումներում խոսք չկա հայ փախստականների վերադարձի մասին, մնում է ենթադրել, որ ազերի փախստականները պիտի գան եւ տեղահանեն հայերին կամ «էթնիկ զտեն» Ղարաբաղը։

ՀՀ ղեկավարի խոսքերը, ըստ իս, հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել։ Ահա թե ինչի վրա են գլուխ կոտրում պատերազմում հաղթած եւ նույն այդ պատերազմում պարտված երկրների ղեկավարները։ Հաղթողները՝ որ «երազներն իրականությունից, արդար լուծումները՝ հավակնություններից տարբերող» այնպիսի լուծումներ գտնեն, որպեսզի հաղթողները չտեղահանվեն ու էթնիկ զտվեն, պարտվողները՝ խաղաղ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում ստանան, որ իրենց հնարավորություն տա հաղթողներին վտարելու սեփական երկրից, Սարգսյանի բացատրությամբ՝ էթնիկ զտելու Ղարաբաղը։

Համենայն դեպս, մի բան հստակ ու զուլալ ջրի պես պարզ է. Արցախն այսօր դարձրել են որբի գլուխ, որի վրա վարսավիրություն են սովորում։ Գուցե թե տեղի ղեկավարներին մեծագույն հաճույք է պատճառում «մաեստրոյի» մկրատի տակ որբի կարգավիճակով հանգիստ ու անվրդով նստելը, բայց չեմ կարծում, թե ժողովուրդը հանդուրժելու է, որ իրեն ոչխարի պես խուզեն։ Արցախը հո մեկ-երկու հոգու պատանդը չէ, ինչ է թե՝ նրանք աթոռ եւ կուտակած հսկայական հարստություն պահելու խնդիր ունեն։



ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՐԱՆԳ ՈՒ ԳՈՒՅՆ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանը, ընդունելով Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլիին, մամուլում հրապարակված լուրերի համաձայն, մտքեր է փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, Սարգսյանն այն միտքն է հայտնել, թե Ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է եւ բացարձակապես կրոնական երանգ չունի:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը պարբերաբար այնպիսի մտքեր է հայտնում, որ մնում ես ապշած։ Հիմա նստել ու մտածում եմ՝ լա՞վ է, արդյոք, որ «Ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես կրոնական երանգ չունի»: Մյուս կողմից՝ Սարգսյանն ինչո՞ւ է շեշտել, որ հակամարտությունը կրոնական երանգ չունի։ Նույն հաջողությամբ նա կարող էր ասել նաեւ, որ հակամարտությունը նաեւ գյուղատնտեսական կամ, ասենք, մարզական երանգ չունի, այդ թվում՝ ոչ մի կապ չունի Նյուտոնի երկրորդ օրենքի հետ եւ այլն։

Լավ, ենթադրենք հակամարտությունը կրոնական երանգ չունի։ Հետո՞։ Հետո այն, որ տարբեր կրոնական դավանանքի երկու ժողովուրդներին կրկին կարելի է խցկել նույն տանիքի տակ եւ ասել՝ դե, հարգելիներս, իրար ջերմացրեք ձեր բարեկամությամբ։ Մենք որոշել ենք, որ խնդրի լուծման ամենաիմաստուն քայլն այն է, որ ադրբեջանցի փախստականները, որոնք առավելապես խորհրդային տարիներին էին իրենց ներկայությամբ երջանկացրել Արցախը, կրկին պիտի վերադառնան այնտեղ ու ժողովուրդների բարեկամության փայլուն օրինակ ցույց տան...

Երեւի թե սա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, նշելով, որ հակամարտությունը «բացարձակապես կրոնական երանգ չունի»:

Բայց, գրողը տանի, չէ՞ որ հակամարտությունը, ուզենք թե չուզենք, հենց կրոնական անհամատեղելիության արդյունք է նաեւ։ Այդ դեպքում ինչո՞ւ է թուրք-ազերին այդպես մոլեգին ոչնչացնում հայկական խաչքարերն ու եկեղեցիները։ Տեխնիկայով, բահ ու քլունգներով Նախիջեւանի հայոց գերեզմանաքարերի ջարդի թարմ օրինակն աչքներիս առաջ է։ Չէ՞ որ այնտեղ այլեւս հայ չի մնացել, խաչքարերն ինչո՞ւ են ջարդում, հողին հավասարեցնում։

Կրոնական երա՞նգ չունի։ Բարի: Ասենք թե չունի: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա չունեցած բանը խոթել զրուցակցի աչքը... Եթե, այնուամենայնիվ, այդ կարիքն էլ կա, այդ դեպքում թող պարոնը բացատրի, թե ի՞նչ երանգ ունի այն:

Բարեբախտաբար, դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այլապես կարելի է կարծել, թե քաղաքական կյանքում բանականության մթագնումն արդեն ՀՀ-ի սահմաններից դուրս է եկել եւ ընդունել միջազգային չափեր ։



ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ»

Բարեբախտաբար թե դժբախտաբար, մենք ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ խեղկատակությունն ամենաառաջին պլանում է։ Բարեբախտաբար՝ այն առումով, որ մեզ ողողած բազում հոգսերի ու գլխացավանքի մեջ հնարավորություն ենք ստանում մի պահ վերանալ մղձավանջային առօրյայից եւ մի թեթեւ ծիծաղել բարձր աթոռներ զբաղեցրած տարբեր տրամաչափի գործիչների «կարկառուն» մտքերի ու «հանճարեղ» մեկնաբանությունների վրա։

Օրինակ, ցանկացած երկիր, լինի անգամ Շվեդիա կամ Շվեյցարիա, ինչ ասես՝ չէր տա, ասենք, մի Գալուստ Սահակյան ունենալու համար, որի հետ լրագրողների յուրաքանչյուր հանդիպում պարզապես տոն է։ Էլ չենք խոսում ավելի բարձր տրամաչափի «մտքի հսկաների» մասին։ Դժբախտաբար՝ քանզի այդ ամենը սեւ ամպի պես նստած է մեր հոգուն, յուրաքանչյուր քայլափոխում այդ «տոնը շարունակ մեզ հետ է», կյանքի ամեն սանտիմետրում կամ յուրաքանչյուր ոլորտում թվում է, թե վայրկյան առաջ «այստեղով թուրքն է անցել»...

Որպես տարածաշրջանի երկիր, Վրաստանը եւս բացառություն չէ։ Միխայլո Սահակաշվիլիի միայն փողկապը ծամելը պատիվ կբերի տարածաշրջանի ցանկացած երկրի առաջին դեմքին։ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգմամբ»,- «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին տղամարդը։ Ըստ Սահակաշվիլու՝ «Կա խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս՝ այդ երկրների ուղիղ բանակցություններն ու միջազգային իրավունքի հաշվի առնելը, այդ թվում մարդկանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակության վայրեր ու պետական ինքնիշխանության հարգումը»։

Ըստ երեւույթին, կայծակնային պատերազմով Հարավային Օսեթիան գրավելու օպերացիայի ղեկավարը տվյալ դեպքում ոչ այնքան ազերիների Ղարաբաղ վերադառնալու խնդրով է մտահոգ, որքան ձեռքից գնացած Աբխազիան ու Օսեթիան ետ բերելու երազանքով։ Այնուհետեւ նա հանճարեղորեն հանգել է այն մտքին, թե «այն բանակցությունները, որ ընթանում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»։ Երեւի թե մեկնաբանություններն ավելորդ են։ Իլհամ Հեյդարովիչի ականջը կանչի։ Կարդալով գյուրջի իր բախտակից եղբոր հարցազրույցը, երեւի թե ուրախությունից վեր-վեր է թռել, կամ գուցե մտածել է՝ «Շան որդին այդ մտքերն իմ ծոցադավթարից է թռցրել...»։

Եվ հետո ասում են, թե մերօրյա հանրությունը գիրք չի կարդում։ Պա՜հ, էդ էր պակաս։ Գիրքն ինչի՞ն է պետք, երբ սեփական քաղաքական գործիչներից ամեն մեկը «չոփ կդնի» ցանկացածդ Քաջ Նազարի, Միկիտան Սաքոյի կամ Մազութի Համոյի ձեռին։



ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ

Ղարաբաղյան մամուլում վերջին օրերին հաճախ են շեշտում, թե Ստեփանակերտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 3 հանցագործություն, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում՝ 14-ական։ Այդ մասին ԼՂՀ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված խորհրդաժողովի ժամանակ:

«Առաջին հայացքից թվում է, թե Ղարաբաղում կոռուպցիա չկա, սակայն այդ բացասական երեւույթի առկայության մասին վկայում է անցած ժամանակաշրջանում մեր կողմից համատեղ բացահայտած եւ դատարաններ ուղարկած նման բնույթի հանցագործություններով քրեական գործերի շարժը»,- ասել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։

Բայց թե դրանք ինչ հանցագործություններ են, խոշոր տրամաչափի ինչ պաշտոնյա է դրանից տուժել, այդ մասին՝ ոչ մի խոսք։ Ի դեպ, խորհրդաժողովում նշվել է, որ 2008 եւ 2009 թվականներին, այսինքն՝ ղարաբաղյան նոր իշխանությունների օրոք, անցած տարիների համեմատ զգալիորեն աճել են պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ հանցագործությունները։ Հետաքրքիրն այն է, որ ըստ դատախազության, «դա արդյունք է այդ ուղղությամբ աշխատանքերի ակտիվացման»։ Երեւի ցանկացել են ասել, թե իրենց «ակտիվացման» արդյունքում են երեւան եկել այդ հանցագործությունները։

Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞վ էին զբաղված նույն այդ դատախազները՝ ղուկասյանական իշխանության տարիներին, միայն բարձր աշխատավարձ ստանալո՞վ։ Սակայն դատախազությունում հրավիրված խորհրդաժողովում այդ հաստատության ղեկավաները չեն մոռացել նշել, որ հույս ունեն, թե «իրենց գործունեության արդյունքում պետք է վերանա տարիների ընթացքում մարդկանց մեջ ձեւավորված անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ եւ որոշ մարդկանց շուրջ ստեղծված անպատժելիության պատրանքը»:

Ըստ երեւույթին, ղարաբաղյան դատախազները կարծում են, թե բավական է հայտարարել, որ 3-4 կամ, ասենք, 14 կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել, եւ արցախցիներն անմիջապես կմոռանան իրավապահ մարմինների հանդեպ տածած անվստահությունը, արհամարհանքը կամ ատելությունն ու սիրով կլցվեն հայրենի դատաիրավական համակարգի նկատմամբ։ Մի համակարգ, որի երեկվա ղեկավարը վերջին տասնամյակում հսկայական կարողության տեր է դարձել եւ այսօր բարձր աշխատավարձով զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոն։



ԻՍԿ 2010-Ը ԱՐԴԵՆ ՇԵՄԻՆ Է

Հինգ օր հետո մի տարի էլ կգլորվի պատմության ծոցը։ Հաշված օրեր են մնացել մինչև Նոր տարի, 2010-ն արդեն շեմին է։ Մի վերջին անգամ վերհիշենք՝ ի՞նչ ակնկալիքներ ունեցանք 2009-ից և ի՞նչ ստացանք։ Ոմանց սպասելիքներն արդարացան, տեր դարձան՝ ինչին սպասում էին, ոմանք ձեռք բերեցին ավելին, որ երազում անգամ չէին պատկերացնում։ Շատերն իրենց չիրականացած ծրագրերն ու երազները քարշ են տալու 2010՝ հուսով, որ գոնե այդ թվականը բարեհաճ կգտնվի իրենց հանդեպ։

Իսկ ի՞նչ ստացավ ազգն ընդհանրապես, հայկական ճանաչված եւ չճանաչված հանրապետություններն ի՞նչ ձեռքբերումներ ունեցան։ Դժվար հարց է, որովհետև, առնվազն վերջին տասնամյակում, ցավոք, տարբեր հարթություններում են հայտնվել Ժողովուրդ, Պետություն, Հայրենիք հասկացությունները... Համենայն դեպս, որեւէ ձեռքբերում տեսանելի չէ. իմ տան լուսամուտից այն տեսանելի չէ, հարևանիս, ընկերոջս ու բարեկամիս պատուհաններից ևս տեսանելի չէ այն։ Արցախի ճակատագիրը դեռևս փորձում են լուծել մարդիկ, ովքեր դրա իրավունքը չունեն, որոնց ղարաբաղցիները չեն լիազորել իրենց Կենաց հարցը որոշելու։ Հայաստանում քաղաքական խեղկատակություններին ողջ թափով գումարվել են դատաիրավական խեղկատակությունները...

Չէ, այնուամենայնիվ, ձեռքբերումներ էլ ունեցանք. մեր դիվանագիտությունն արդեն «ֆուտբոլային» է, որի արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններ։ Այսինքն՝ «գնդակախաղի» մեր վարպետները (այլ կերպ՝ հայ դիվանագետները) Ադրբեջանից հետո, ինչպես ասում են, քաղաքական երկրորդ ճակատն են բացել, այս անգամ՝ Թուրքիայի հետ...

Այժմ՝ ամանորյա մեր ակնկալիքների մասին։ Ի՞նչ է մեզ համար բերելու 2010-ը։ Աննշան բացառությամբ երևի թե այն, ինչ մեզ համար բերել են 2009-ը, 2008-ը կամ 2007-ը։ Ընդհանրապես՝ յուրաքանչյուր տարի մեզ համար բերում է այն, ինչին արժանի ենք (գուցե թե՝ աննշան բացառությամբ)։

Ասում են՝ խնձորն ինքն իրեն ծառից չի ընկնում, իհարկե, եթե որդնած կամ փտած չէ։ Այն պարզապես պետք է վայր գցել կամ մագլցել ծառն ու քաղել։ Այնպես որ՝ եթե ոչ ամեն ինչ, գոնե շատ բան մեզնից է կախված, ժողովրդից է կախված։ Եթե տեր կանգնենք մեր արժանապատվությանը, մեր իրավունքներին ու մեր երկրին, եթե ոչ 2010-ին, ապա հաջորդ տարի ստանալու ենք այն, ինչին արժանի ենք... Հակառակ դեպքում կրկին անգամ ստիպված ենք լինելու փոփոխել Հայաստանի օրհներգը, վերադառնալով բնօրինակին՝ «Մեր հայրենիք թշվառ, անտեր...»։

Մի քանի օր հետո Նոր տարի է։ Ես էլ ուզում եմ ինչ-որ մի լավ բան ցանկանալ այդ Նոր տարում։ Որքա՜ն կուզենայի 2010-ի հունվարի 1-ին աչքներս բացենք եւ, ո՜վ հրաշք, տեսնենք հայ քաղաքական գործիչների համաստեղությունը, այսինքն՝ «ընտրանին», հատուկ թե արտահերթ չվերթով մեկնել է Մարս՝ այնտեղ հիմնելու Հայոց երրորդ հզոր, ազատ ու անկախ պետությունը...



ԱՐՑԱԽՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ը

Փետրվարի 20-ին Ղարաբաղում նշվեց Արցախի ազգային ազատագրական շարժման 22-րդ տարեդարձը եւ Արցախի վերածննդի օրը: 22 տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 20-ին գումարվել է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որը որոշում է ընդունել՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

Ազգային ժողովում կազմակերպված տոնական հավաքում, որին հրավիրված էին Արցախի բոլոր գումարումների պատգամավորները, 1988-ի նստաշրջանը նախագահող Վիգեն Հայրապետյանը նշեց, որ Հայ ժողովրդի պատմության մեջ փետրվարի 20-ը մնալու է պայծառ օրերից մեկը: «Այն հիմնաքարն էր մեր բոլոր հաջողությունների, հաղթանակների: Չլիներ այդ օրը, վստահ եմ, ոչ մեկը չէր լինի»,- ասել է նա։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ասաց. «Խորապես համոզված եմ, որ ժամանակակից աշխարհում առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն ու միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջական երկխոսության միջոցով: Այնինչ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն՝ սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության եւ պատերազմի վերսկսման վտանգի տակ... Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետության եւ ժողովրդի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»:

Ի դեպ, Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը կրում է «Փետրվարի 20» անունը։ Երեւի թե այդ օրը արժանի է, որ բոլորը հիշեն։ Սակայն դա, արդյոք, շրջադարձային այն օ՞րն է, որից սկիզբ է առել Ազգային զարթոնքը։ Մինչ այդ ոչինչ չի՞ եղել...

Բարեբախտաբար, եղել է, այլապես հատկապես նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարյան այդ օրը խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ, իրոք, սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով, Լենինի եւ Գորբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ եւ սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»... Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարեւանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...

Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու ամենահայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարեւան մայթերից նայող բոլորը չէ, որ համարձակություն ունեցան քայլ անել դեպի Հրապարակ, միանալ ցուցարարներին։

Շատ-շատերը տագնապած ու շոկի մեջ էին։ Մինչ այդ ստորագրահավաք եղել էր, հազարավորներն իրենց անուններն են գրել «Միացման» մասին նամակների տակ։
Սակայն այլ բան է նամակ ստորագրելը, այլ բան՝ Ձմեռային պալատի պես Ղարաբաղի սրտում ցցված մարզկոմի շենքի դիմաց ազգային հարցով ցույցի դուրս գալը։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին։

Հետաքրքիր մի պահ եղավ. մարզկոմի շենքի պատուհաններից չինովնիկներից մեկը բարձրախոսը դուրս հանեց եւ ցուցարարներին ասաց, որ ցույցը արտոնված չէ. «Ձեզնից 1-2 հոգի թող գան մարզկոմ՝ ձեր պահանջը ներկայացնելու, մյուսները ցրվե՛ք...»։ Ցուցարարները մնացին տարակուսած, չգիտեին ինչ անել։ Մի քանի ծանր վայրկյաններ անցան։ Հանկարծ ցուցարարների միջից բարձրաձայն հնչեց՝ «Դա ձեւականությո՛ւն է»...
Ցուցարարներն ասես ակնթարթորեն լիցքավորվեցին դրանից եւ սկսեցին վանկարկել. «Ձեւականությո՛ւն է, ձեւականությո՛ւն է», եւ նորից՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...

Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երեւանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա Սկսվածի տրամաբանական շարունակությունն էր։ Պատգամավորներից ոմանց պարզապես բռնել եւ բերել էին՝ կայացնելու Այդ որոշումը։

Մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։

Այսօր, երբ այդ նստաշրջանում «բոցաշունչ» ելույթ ունեցողները փորձում են իրենց անունները կպցնել Արցախի ազատագրական պայքարի դրոշին, նման են հայտնի առակի եզան պոզին նստած ճանճին... Ու ցավն այն է, որ հենց այս կարգի «հերոսներն» են պատերազմից հետո մեդալներ ու շքանշաններ կորզում պետությունից։ Բանաստեղծի տասնամյակներ առաջ գրած խոսքերն այսօր էլ արդիական են. «Հերոսները շատացել են՝ պատվանդանները չեն հերիքում»։

Իսկ նրանցից շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։

Ահա թե որն է փետրվարի 20-ի եւ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը եւ սկիզբը դրեցին Արցախի ազատագրական պայքարին։



ԵՎ ՍԱՅՐ ՄԻ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՆՈՒՆ

60-70-ական թվականներին ղարաբաղցի մտավորականների մի մասը լքել է հայրենի եզերքը եւ հաստատվել Երեւանում։ Մեկ-երկուսը թողել են Ղարաբաղը, որովհետեւ նրանց մեղադրում էին ազգայնականության մեջ եւ հալածանքներ էին սկսվել նրանց դեմ։ Մի մասն ամենաաննշան վտանգից գլուխը կորցնելուց էր բռնել Երեւան տանող ճանապարհը, մնացածը՝ կամ հանգամանքների բերումով, կամ՝ առավելապես չէր կարողանում իր տեղը գտնել հայրենի երկրամասում։

Տարիներ անցան։ Մի քանիսը (Բագրատ Ուլուբաբյան, Սեւակ Արզումանյան, Ռադիկ Մարտիրոսյան, Ալեքսանդր Մանասյան եւ այլք) Հայաստանի մայրաքաղաքում, հայոց գիտության եւ մշակույթի կենտրոնում կարողացան գտնել իրենց հաստատուն տեղը, մնացյալը համալրեցին միջակությունների շարքերը։ Ղարաբաղյան շարժումը խառնեց շատերի խաղաքարտերը։ Հատկապես նրանց, ովքեր վաղուց թեւակոխել են կյանքի երկրորդ դարակեսը, բայց ո՛չ Հայաստանում են հետք կամ հետագիծ թողել իրենց «գրական» ու «գիտական» բագաժով, ո՛չ հայրենի Արցախում գիտեն նրանց գոյության մասին։ Վերջիններիս ավելի շատ նյարդայնացնում է այն, որ Արցախում ապրող նրանց տարեկիցներից շատերն ու ավելի ջահելներն ինչ-որ բան են արել իրենց երկրամասի համար, իսկ ոմանք նույնիսկ զանազան մեդալներ ու շքանշաններ են ճարպկորեն հաջողացրել իրենց համար։

Ծնունդով ղարաբաղցի երեւանաբնակ արդեն զառամյալ այս պարոնները հասկանալով, որ իրենց մի ոտքն արդեն այն աշխարհում է, բայց երեւանյան իրենց գոյությունը ենթարկվել է կատարյալ ֆիասկոյի, որոշել են յուրօրինակ ձեւով «ինտեգրվել» Արցախին։ Ոմանք 20 տարում մեկ-երկու անգամ տուրիստների պես այցելելով Ղարաբաղ, երեւանյան իրենց բնակարանի չորս պատերի ներսում պատսպարված, մոգոնում են «Արցախի նորագույն հերոսական պատմությունը»՝ թացն ու չորը խառնելով իրար՝ հաճախ անարժանին, վախկոտին ու դուրսպրծուկին դարձնում հերոս։

Մյուսներն իրենց «գիտական» հոդվածներով հեղեղում են ղարաբաղյան խմբագրությունները, երջանկանում՝ դրանցից 1-2-ը տպագրված տեսնելով, ոմանք էլ դարձել են Ղարաբաղում ապրող այս կամ այն սրիկայի խոսափողը՝ պատվերով զրպարտություններ են գրում Արցախում ապրող այն մտավորականների մասին, որոնց երբեք չեն տեսել եւ ոչինչ չգիտեն նրանց վաստակի ու գործունեության մասին։

Նախկին ղարաբաղցի, երեւանաբնակ Արտաշես Հակոբջանյանի գոյության մասին Ղարաբաղում շատ քչերը գիտեն, գուցե թե հիշում են միայն առավելապես նրա ծննդավայրի մի քանի տարեկիցները։ Բայց վերջինս արցախյան 1-2 թերթում մի քանի համեստ նյութ տպագրելուց հետո որոշել է ոչ միայն գիրք գրել ու դասեր տալ նախկին իր հայրենակիցներին, այլեւ մի քանիսի «պորտը տեղը դնելով»՝ ապահովել սեփական տեղը քաղաքական գործիչների համար խաղաքարտ, իսկ իրենց համար խաղատախտակ դարձած Ղարաբաղում...

Եվ ահա քաջարի նախկին ղարաբաղցին անհասցե (նշված չէ ոչ հրատարակչության կամ տպագրատան անունն ու հասցեն, ոչ խմբագրի ու տպագրիչի, եւ ոչ էլ հովանավորի անունը), պարտիզանական եղանակով բրոշյուր է լույս աշխարհ գցել, որը սկսվում է պատվիրատուի եռանդուն մասնակցությամբ (ականջները շատ ցցուն երեւում են) գրված զազրախոսությամբ՝ ուղղված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի եւ «նրա թիմի» դեմ։ Պատճառը միանգամայն հիմնավոր է՝ նեղ անձնական, դրան հավելած, որ Վ. Աթանեսյանը վերջերս քար է շպրտել պատվիրատուի՝ գրական մի կոմերսանտի բոստանի ուղղությամբ։

Հակոբջանյանին ափերից հանել է այն, որ Աթանեսյանը մամուլում ձեռ է առել նրա պես ամեն գնով Արցախին «ինտեգրվելու» փափագով տառապող երեւանաբնակ նախկին ղարաբաղցիներին, ովքեր, Հակոբջանյանի ասելով, «անձնուրաց պայքարել են հանուն Ղարաբաղի» (անհասկանալի է, թե իրենց գիտակից կյանքի մեծ մասն անցկացնելով Երեւանում, ինչպես են «անձնուրաց պայքարել հանուն Ղարաբաղի» - հեղ.)։ Ճիշտն ասած, բնավ ցանկություն չունեմ մեկնաբանելու նրա «փաստարկները»։

Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում ինքնահաստատվելու խնդիր ունեցող զառամյալ «գիտնականին» գլուխ դնելը։ Ի՞նչ ասես մի մարդու, որ թքած ունենալով տարրական էթիկայի ու բարոյականության վրա, «ազերթուրքական կողմնորոշման» մեջ մեղադրում է մի մարդու, ով մի անգամ եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, ապա երկու անգամ ընտրվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ Երեւի միայն Արտաշես Հակոբջանյանին է հայտնի, թե ինչպես կարող է մարդ լինել ազերթուրքամետ, բայց սեփական ժողովրդի կողմից երեք անգամ ընտրվել պատգամավոր։

Արցախաբնակ Վ. Աթանեսյանին «ոչնչացնելու» մոլուցքով տարված Հակոբջանյանին հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորը չէ շրջանառության մեջ դրել «օկուպացված տարածքները հանձնելու» մասին արտահայտությունը։ Երբ երեւանյան բարձրաստիճան այրերը հայտարարել են, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» եւ օկուպացված հողերը պիտի հանձնել, Երեւանից արցախցիներիս աշխարհագրություն սովորեցնող Հակոբջանյանն ինչո՞ւ ծպտուն չի հանել։ Թե՞ նրա սայրը միայն Արցախի ուղղությամբ է շարժվում։ Այն Արցախի, որի փոխարեն ուզում են այդ երկրի ճակատագիրը որոշել ՀՀ բարձրաստիճան այրերը։

Մի խորհուրդ պարոն «գիտնականին» եւ տարիներ առաջ կարկատած վարտիքով ու տրեխներով Երեւան մեկնած նմանատիպ կտրիճ ղարաբաղցիներին. բավական է երեւանյան ձեր տաքուկ սենյակների պատուհաններից «սիրեք» Ղարաբաղը։ Արցախցիներիս Արցախի պատմության ու աշխարհագրության դասեր տալու եւ Արցախի մասին Երեւանում սիրո էժանագին երգեր գեղգեղալու փոխարեն գուցե վաճառեք երեւանյան ձեր բնակարաններն ու գաք շենացնեք ձեր պապական օջախները, ինչպես դա վաղուց արել է նախկին երեւանաբնակ գրող Արտաշես Ղահրիյանը։

Երեւանից այստեղ ջուր պղտորելու եւ ձեր ասած «մեր պատմության արյունոտ էջերի մասին դասեր տալու» փոխարեն հասկացեք, որ այսօր Արցախում ապրող ամենասովորական պահակն ու հավաքարարը երիցս ավելին արժեն, քան իրենց խղճուկ գոյությամբ ՀՀ մայրաքաղաքը ողողած ձեզ նման հարյուրավոր «գիտնականները», ովքեր լղարիկ մի բրոշյուրի գումար հաջողացնելու համար հեշտությամբ ՍԱՅՐ են դառնում ամեն դուրսպրծուկի ձեռքին։

Ինչ վերաբերում է ձեր իսկ խոսքերով ասած «ազերթուրքերի հնարավոր վերադարձին», մի՛ սարսափեք, քանի մենք ապրում ենք այս հողում, դա երբեք չի լինելու։ Թե՞ շարունակվում է Արցախից ճողոպրածների առ հայրենիք սիրո հավաստման ավանդույթը. «Որ մեռնեմ, ինձ կթաղեք հայրենի Ղարաբաղում»։

Արցախը գերեզմանոց չէ, պարոնայք։ Եվ ոչ էլ «սվալկա»։
Մնաք բարով։ Հուսամ, որ երբեք չեմ հանդիպի ձեզ։




ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՆՁՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆՎԵԼ Է ԵՐԵԿ
(կամ՝ մտորումներ մի միջոցառումից հետո)


Մարտի 11-ին Ստեփանակերտում կայացավ Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում եւ իրականություն» զեկույցի շնորհանդեսը։ Միջոցառման կազմակերպիչների ասելով՝ Սիվիլիթասի այս զեկույցը նպատակ ունի «Հայաստանում եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձություններին, ի հավելումն տարբեր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ գնահատականների, գնահատական տալ ներսից»։

Քննարկմանը մասնակցելու էր եկել Սիվիլիթասի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Անկասկած, հաձին այդ զեկույցի, Սիվիլիթասը լուրջ գործ է կատարել, մյուս կողմից՝ ուրախալի է, որ ՀՀ նախկին արտգործնախարարն այսօր քննադատում է ներկայիս իշխանություններին՝ արտաքին քաղաքականության ոլորտում ու ներքաղաքական կյանքում, մեղմ ասած, անմտածված ու սխալ քաղաքականության համար։

Խոսենք միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման շուրջ ներկայիս զարգացումների վերաբերյալ Վ. Օսկանյանի մի պարզաբանման մասին, որովհետեւ այն ոչ միայն նախորդ եւ ներկա իշխանությունների կատարածի վերաբերյալ գնահատական է, այլեւ վերաբերմունք, նախորդ եւ ներկա հայ դիվանագիտության գործունեության հակադրման, տարանջատման փորձ։

Ստեփանակերտյան հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե նախկինում միջնորդների ներկայացրած փաստաթղթերն Ադրբեջանը մերժում էր, իսկ Հայաստանը՝ ընդունում, ապա այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Բաքուն արդեն որոշ վերապահումներով «այո» է ասել «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակին, իսկ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում...

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էր սպասում պրն Օսկանյանը։ Մի՞թե պարզ չէ, որ «կարգավորում» կոչվող այս խաղն այսպիսի ավարտ պիտի ունենար։ Տարիներ առաջ մեր կարկառուն քաղաքագետ-դիվանագետներից մեկը հայտարարել էր, թե մենք պիտի ընդունենք միջնորդների ներկայացրած բոլոր այն փաստաթղթերը, որն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Եվ Հայաստանի նախկին իշխանություններն այդպես էլ վարվել են։ Ադրբեջանը մերժել է, իսկ իրենք ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած բոլոր փաստաթղթերը։

Ադրբեջանի պահանջները բավարարելու համար միջնորդներն ավելի են բարձրացրել հայկական կողմից պահանջվող զիջումների նշաձողը, Ադրբեջանը դարձյալ մերժել է այն, մեր աննկուն իշխանություններն ընդունել են դրանք, որովհետեւ, իրենց երկաթե տրամաբանությամբ՝ այն, ինչ հակառակորդը մերժում է, Հայաստանը պիտի ընդունի։ Միջնորդներն ավելի են բարձրացրել նշաձողը՝ հօգուտ Ադրբեջանի, վերջիններս դա դարձյալ քիչ են համարել եւ դարձյալ մերժել են, իսկ Հայաստանը դարձյալ տղամարդու իր «այո»-ն է ասել։ Եվ այսպես մինչեւ «մադրիդյան նորացված սկզբունքներ» կոչվածը, որին Ադրբեջանը թեկուզ որոշ վերապահումներով արդեն տվել է իր համաձայնությունը։

Այսօր, ահա, «այո» ասող Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը զարմացած է, որ հիմա դերերը փոխվել են. ազերիներն «այո» են ասել միջնորդների ներկայացրած փաստաթղթերին, իսկ Հայաստանը հայտնվել է «էշը կորցրածի» կամ կոտրած տաշտակի առջեւ նստածի վիճակում։ Երեւի միայն հայ դիվանագետ պիտի լինես, որ հասկանաս, որ մի օր Ադրբեջանն «այո» է ասելու այն փաստաթղթերին, որն արդեն գրեթե լիովին բավարարում է իրենց (այսօր այն առնվազն 95 տոկոսով բավարարում է ազերիներին)։

Այժմ ՀՀ մերօրյա իշխանությունները հնձում են այն, ինչ երեկ ցանել են իրենց եղբայրները, որոնց թվում նաեւ՝ պրն Օսկանյանը։ Բայց նաեւ խոստովանենք, որ ՀՀ նախկին արտգործնախարարն ընդամենը բարեխղճորեն կատարել է այն, ինչ իրեն հանձնարարել են։ Ինչպես ընդամենը կատարել ու կատարում են թե՛ նախկին, թե՛ ներկա նույն տրամաչափի մյուս բոլոր պաշտոնյաները... Խոստովանեմ, որ անձամբ ոչինչ չունեմ Վարդան Օսկանյանի դեմ, հատկապես երբ միջոցառումից հետո մի քանիսից լսեցի, որ տեղի ԱԳՆ-ից, թեկուզ փոխնախարարի մակարդակով, ոչ միայն չեն ցանկացել մասնակցել վերոհիշյալ շնորհանդեսին, այլեւ փորձել են բոյկոտել այն։ Երեւի թե ավելորդ է փաստել, որ Վարդան Օսկանյանը, համենայն դեպս, առնվազն մի քանի անգամ ավելի տեղեկացված է Ղարաբաղյան խնդրի մասին, քան տեղի ԱԳՆ-ի բոլոր պաշտոնյաները՝ միասին վերցրած...

Ընդհանրապես, հայ քաղաքագետ-դիվանագետների մասին երեւի թե կարելի է հատորներ գրել։ Ըստ երեւույթին՝ հայ դիվանագետը բնության թե մարդկության յուրօրինակ գլուխգործոց է, աշխարհի ութերորդ մի հրաշալիք։ Այն, որ այսօրվա հայ իշխանավորները նախորդ իշխանությունների տրամաբանական, կատարելագործված շարունակությունն են, տեսանելի է անգամ անզեն աչքով։ Հիշենք թեկուզ «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի դառը պտուղները դեռ որքա՜ն տարիներ վայելելու է հայ ժողովուրդը։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հենց առաջին օրվանից հակառակորդը դիվանագիտորեն փորձում էր Հայաստանին «դարձնել» հակամարտող կողմ, իսկ պատերազմից հետո՝ նաեւ ագրեսոր։ Եվ դա, հայ քաղաքագետ-դիվանագետների եռանդուն ջանքերով, լիովին հաջողվել է նրանց։ ՀՀ նախորդ նախագահի շնորհիվ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, բանակցասեղանի շուրջ դեմառդեմ մնացել են իր «տարածքային ամբողջականությունը կորցրած», «խեղճ» Ադրբեջանն ու «ագրեսոր» Հայաստանը։ Մի կողմում ազերի-թուրքն է, մյուս կողմում՝ հայ ողորմելի դիվանագիտությունը, մեջտեղն ԱՐՑԱԽԸ՝ Թումանյանի խսքերով ասած. «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր»։

Վերջերս, երբ Ալիեւ կրտսերն ավելի է ընդլայնել ռազմատենչ հայտարարությունների հաճախականությունը, շարունակում է հոխորտալ Ղարաբաղը զենքի ուժով «ետ բերելու» մասին, նրան արժանի հակահարված տալու մասին հայկական կողմից պատասխանում է ոչ թե Արցախի նախագահը, այլ՝ ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, կարծես աշխարհին փորձելով մի անգամ եւս հասկացնել, որ ազերիներն իրավացի են՝ Հայաստանն ագրեսոր է։

Այնպես որ՝ այսօրվա հայ դիվանագիտությունը գտնվում է այն փոսում, որ երեկ փորել են իրենց եղբայրները։ Եվ որպեսզի պարապ չմնան, այսօր եռանդուն շարունակում են այդ փոսի ուղղահայաց «շինարարությունը»՝ չորս կողմից լայնացնելով այն, որ հայ ժողովուրդը կարողանա հարմար տեղավորվել այնտեղ...



ԻՍԿ ՁՆԱԳՈՒՆԴԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Որ Ադրբեջան կոչված երկրում, քնած թե արթուն, երազում թե նամազի ժամանակ Ղարաբաղը «հետ բերելու» մասին են մտածում ու պետական մակարդակով զօրուգիշեր ոռնում 70 տարով զավթածը կորցնելու համար, եւ «Ղարաբաղյան խնդրի» հողի վրա արդեն Իլհամ Ալիեւից մինչեւ ամենահետին չոբանը ազգային հոգեխանգարման են հասել՝ գաղտնիք չէ մեզ համար։ Շարքային ազերիները երազում անգամ սեփական իշխանություններից վախենում են Ղարաբաղի մասին պետական քարոզչության ոգուն անհարիր մի բան մտածել։

Բայց թե ինչու են Արեւմուտքը, Հյուսիսն ու Արեւելքը, քեռի Սեմը, ռուս Իվանը, թուրք Օսմանն ու այլք Ղարաբաղի համար իրարով անցել, քուն ու հանգիստ կորցրել՝ այնքան էլ պարզ չէ։ Կարծես այդ երկրներում այլ խնդիրներ ու պրոբլեմներ չկան, կարծես համաշխարհային բոլոր հակամարտությունները լուծել են, մնացել է Արցախը։ Վեց տասնամյակից ավելի է Ճապոնիան Ռուսաստանից պահանջում է հետ վերադարձնել իր Կուրիլյան կղզիները, Մերձավոր Արեւելքում, Իրաքում, Աֆղանստանում գրեթե ամեն օր ու ամեն ժամ մարդիկ են սպանվում, բայց այդ ամենը կարծես այնքան չի մտահոգում, այսպես կոչված, միջազգային հանրությանը, որքան համեմատաբար խաղաղ ղարաբաղյան երկինքը։

Գիտնականները վերջերս վարկածներ են շրջանառում, թե գլոբալ տաքացումը, որի ականատեսն է ողջ աշխարհը, կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, որի արդյունքում Նյու Յորքը, ամերիկյան բազմաթիվ այլ խոշոր քաղաքներ եւ աշխարհի հազարավոր բնակավայրեր կարող են հայտնվել ջրի տակ։ Բայց մոտալուտ վտանգը, սարսափելի այդ հեռանկարը կարծես այնքան չի հուզում տիկին Քլինթոնին եւ նրա այլազգի խոշոր տրամաչափի կոլեգաներին, որքան «Ղարաբաղի խնդիրը շուտափույթ հանգուցալուծելու» այս խաղը։

Բաքվի հարցում ամեն ինչ պարզ է, այդ երկիրը վերջին 20 տարում այնքան է «հալվա-հալվա՜», այսինքն՝ «Գարաբա՜ղ, Գարաբա՜ղ» բղավել, որ հոգեկան հիվանդի պես ամեն օր սպասում է, թե այն շուտով հայտնվելու է իր երախում։ Նույնիսկ եթե հանկարծ տիրանա այդ «համեղ պատառին», հետո էլ աչքը տնկելու է Մեղրիի եւ Զանգեզուրի, իսկ այնուհետեւ՝ Երեւանի վրա...

Բայց թե Ղարաբաղն ինչու է ոսկորի պես դեմ առել ամերիկաների եւ, այսպես կոչված, ռազմավարական մեր դաշնակից Մոսկվայի բկին, դա անհասկանալի է։ Եթե նրանց այդքան շատ է մտահոգում մեր տարածաշրջանի խաղաղությունը, ապա պիտի հասկանան, որ այդ խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգը ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում հաստատված ուժերի հարաբերակցության խախտումն է։

Հայկական զինուժի դուրսբերումը, ազատագրված տարածքների վերադարձը կտրականապես կփոխի ուժերի հարաբերակցությունը։ Իսկ եթե դրան հավելենք նաեւ հայ դիվանագիտության համաձայնությամբ բանակցասեղանին հայտնված «մադրիդյան սկզբունքների» այն կետը, որ ենթադրում է ազերի փախստականների վերադարձ, ապա դրանից հետո այլեւս պետք էլ չէ, որ Ադրբեջանը հարձակվի անպաշտպան դարձած Ղարաբաղի վրա, քանզի այդ պայմաններում Արցախում այլեւս հայ չի մնալու... «Խաղաղարար» միջնորդների անցկացրած նոր հանրաքվեին մասնակցելու են միայն Ղարաբաղ վերադարձած ազերիները։ Եվ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի համար հայոց ողբին կգումարվի «ողբ Ղարաբաղին» (դե, դա բնական է. մենք ողբասեր ժողովուրդ ենք, չէ՞)...

Զավեշտականն այն է, որ միջնորդ կոչված պարոնները որքան շատ են ճամարտակում «մինչեւ այս գարուն» կամ «մինչեւ այն աշուն» ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մասին, այն ավելի է շիկանում, ազերիների ախորժակն ու ոգեւորությունը կրկնապատկվում է, եւ նրանք ավելի հաճախակի են սկսում ռազմատենչ կոչեր շաղ տալ. «Շուտ արեք, թե չէ զենքով ենք լուծելու հարցը...»։ Նրանց ոգեշնչում է նաեւ այն, որ միջնորդ կոչված տղերքն ու նրանց երկրները աչք են փակում «օկուպացված տարածքները զենքով վերադարձնելու» հայտարարությունների վրա։

Եվ ձնագունդն օր-օրի մեծանում է։ Ու ցավն այն է, որ նախկին անմեղ այդ ձնագունդն արդեն վտանգավոր է դառնում։ Դա նաեւ այն պատճառով, որ հայերս չունենք հակամարտության լուծման ո՛չ հստակ ծրագիր, ո՛չ հստակ դիրքորոշում եւ, ի հավելումն դրա, մեր դիվանագիտությունը գետնաքարշ է...

Տարիներ առաջ, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերն այդ երկրի իշխանությունները պատճառաբանել են «ղարաբաղյան խնդրի» առկայությամբ։ Այսինքն՝ Ադրբեջանում չկա խոսքի ազատություն, ոտնահարվում են այդ երկրի քաղաքացիների իրավունքները, որովհետեւ «Ղարաբաղի հարցը» լուծված չէ (անշուշտ, նկատի ունեն իրենց՝ ազերիների օգտին)։

Օրեր առաջ այդ նույն հանճարեղ մարգարեությունը լսեցինք նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շուրթերից։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար։ «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։

Հանճարեղ մեկնություն է, չէ՞։ Ստացվում է, որ մեղավորը Ղարաբաղի չլուծված խնդիրն է, որի պատճառով վերոհիշյալ երկրներում քաղբանտարկյալներ կան, լրագրողների կողերը պարբերաբար ջարդում են եւ այլն։ Նույնն է թե՝ ինչ-որ մեկն, ասենք, այսպիսի մի գյուտ անի. «Կինս շարունակ աղջիկ է բերում, որովհետեւ »ղարաբաղյան հարցը« դեռեւս լուծված չէ»։ Կամ՝ մկներն ու զանազան այլ վնասատուները խժռում են մեր արտերը, գողությունները, դաժան սպանության դեպքերը հաճախացել են, որովհետեւ «Ղարաբաղի հարցը» լուծված չէ...

Զավեշտն այն է, որ մինչ Արցախի «պատճառով» Ադրբեջանում ու Հայաստանում «մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ կան», նույն այդ մարդու իրավունքների հարցում Արցախում իրավիճակը, համենայն դեպս, մի քանի անգամ ավելի բարվոք է, քան վերոհիշյալ խե՜ղճ երկրներում...

Եվ ձնագունդը մեծանում է նաեւ այսօրինակ հիմարությունների շնորհիվ։ Ցավն այն է, որ այդ ձնագունդը թափով սլանում է մեզ՝ հայերիս վրա։ Ու դրա մեղավորը առաջին հերթին մենք ենք՝ մեր տհաս քաղաքագետներով, գետնաքարշ դիվանագիտությամբ ու ստրկամիտ մտավորականությամբ։



ԱՐՑԱԽԻ «ՁԵՌՔԻՆ ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ»

Հայ ժողովրդի դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ դարեր ի վեր ընտրություն է կատարում վատի եւ վատթարագույնի միջեւ: Ցավն այն է, սակայն, որ հայերը մշտապես ընտրում են վատթարագույնը։ 20-րդ դարի սկզբներին՝ թուրքերի, իսկ նույն դարի վերջերից հայ ղեկավարների ջանքերով Հայրենիք հասկացությունը հայերիս համար աստիճանաբար դառնում է վերացական ինչ-որ բան:

Բոլոր նրանք, ովքեր խոսում են ազատագրված հողերը հանձնելու մասին, ոտնահարում են ոչ միայն ԼՂՀ Սահմանադրությունը, այլեւ Արցախի ժողովրդի արժանապատվությունը։

Սերժ Սարգսյանի՝ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում հայտնած միտքը, թե «Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները» որպես փոխզիջում պիտի վերադարձվեն Ադրբեջանին, դժգոհությունների տեղիք է տվել։ Կարծես ՀՀ իշխանությունները նոր-նոր են անտեսում ու արհամարհում արցախցիների կարծիքն ու իր հողում ապրելու իրավունքը։

Հայկական մամուլում հաճախ են հրճվանքով հայտնում, որ արտասահմանյան այս կամ այն նշանավոր կազմակերպություններն իրենց կայքում Ղարաբաղը ներառել են Հայաստանի կազմում, որը հիստերիա է առաջ բերել Ադրբեջանում։

Արտասահմանյան շատ կայքեր Արցախը դիտում են որպես անկախ պետություն։ Դա անկասկած ուրախալի է մեզ համար։ Բայց այսպիսի մի հարց տանք ինքներս մեզ. հայաստանյան քանի՞ հեռուստաալիք է ԼՂՀ-ն ներկայացնում Սահմանադրությամբ ամրագրված փաստացի սահմաններով։ Գրեթե բոլորը պատկերում են նախկին ԼՂԻՄ-ի քարտեզը՝ առանց ազատագրված հողերի։ Եթե փաստենք, որ հանրային կամ այլ անվանումներով այդ հեռուստաալիքները լիովին իշխանամետ են, մեզ համար վաղուց պարզ պիտի լիներ, որ ՀՀ թե՛ այս, եւ թե՛ նախորդ իշխանությունները ԼՂՀ-ն պատկերացնում են միայն ԼՂ ինքնավար մարզի տարածքով։

Դրան հավելենք նաեւ, որ «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ հակառակ Արցախից հնչող մերժողական կարծիքին, ՀՀ իշխանությունները, այսպես կոչված, բանակցություներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը փորձում են «կարգավորել» հենց այդ սկզբունքներով, որում ներառված բոլոր կետերն ի վնաս Արցախի են եւ ենթադրում են Ղարաբաղի հայաթափում։ Այդ կետերից մեկն էլ հենց վերաբերում է ազատագրված հողերը հակառակորդին հանձնելուն...

Այնպես որ՝ զարմանալի ոչինչ չկա, որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ ամրագրված հողերը կազմ ու պատրաստ ուզում է հանձնել ԹՇՆԱՄՈՒՆ։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որ վերջերս հայտարարել էր, թե ինքը «լիովին պաշտպանում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը», օրերս ասել է, որ ազատագրված տարածքների ինչ-որ մասը պետք է հանձնենք Ադրբեջանին՝ պատերազմից խուսափելու համար: Եթե «պատերազմից խուսափելու» համար ազատագրված հողերի մի մասը վախից պիտի տանք թշնամուն, վաղը նույն այդ թշնամին կրկին սպառնալու է պատերազմով, որպեսզի տիրանա մնացյալ տարածքներին, այնուհետեւ ողջ Արցախին։ Հետո նա աչքը տնկելու է Մեղրիի, Սյունիքի վրա։ Եվ մի օր Երեւանը դառնալու է քաղաք-պետություն։

Հայաստանի թե՛ հին, թե՛ նոր իշխանությունները, որ բարձր աթոռների են տիրացել հենց Արցախի շնորհիվ, այսօր ազատագրված հողերի եւ, ընդհանրապես, Ղարաբաղի «ձեռքին կրակն են ընկել»... Այսօր այն այլեւս պետք չէ նրանց։ Իսկ մե՞զ...



ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱ՞Կ, ԹԵ՞ ԳՈՐԾՈՆ

ՀՀ հեռուստաալիքներից մեկով ամերիկահայ մի ուսանող ասաց, որ ամերիկացի իր ընկերները գրեթե ոչինչ չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, և ինքը նրանց պատմում է, թե ինչպես են թուրքերը կոտորել 1.5 մլն հայերի։ Հայազգի այդ երիտասարդի խոսքերից խոր ցավ զգացի։ Ես ցանկանում եմ, որ իմ ազգին աշխարհը ճանաչի ոչ թե որպես զոհ, այլ որպես քաղաքակիրթ մի ազգ, որ հազարամյա մշակույթ ունի, Նարեկացի, Թումանյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան ունի, նշանավոր ծովակալ ու մարշալներ է տվել աշխարհին...

Ամեն տարի ապրիլի 24-ին հայությունը, շունչը պահած, սպասում է՝ ԱՄՆ նախագահը կկատարի՞ նախընտրական իր խոստումը՝ թուրքերի կողմից 1915-1923 թթ. իրականացրած ջարդերը որակելով ցեղասպանություն, թե՞ ինչպես սովորաբար անում են նախագահական աթոռին նստելուց հետո, չեն ցանկանա վիրավորել իրենց նատօ-ական գործընկերոջ «ազգային արժանապատվությունը»։ 1981 թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի շուրթերից արդեն հնչել է «ցեղասպանություն» բառը։ Բայց դրանից ինչ-որ բան փոխվե՞լ է հայերի համար։ Գերված մեր Վանը, Սասունը, Զեյթունը, Կարսն ու Արարատը մե՞րը դարձան։

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաշատ բնակավայրերում 1915-1923 թթ. իրականացված ոճիրը ազգային մեր մեծ ողբերգությունն է, բայց ազգային գերնպատակ պիտի դարձնենք ոչ միայն և ոչ այնքան այդ ոճրագործության միջազգայնորեն ճանաչումը, որքան Հայոց մեր երկրի զարգացումը, այդ թվում՝ Արցախի հզորացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, արտագաղթի փոխարեն՝ ազատագրված հողերի վերաբնակեցումը... «Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը անկախ ու հզոր պետականության կերտումն է..»,- ապրիլի 24-ի իր ուղերձում նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը...

Սակայն, ցավոք, միանգամայն այլ ուղղությամբ է շարժվում Հայոց պետական նավը, և դա ավելի շատ հիշեցնում է բաց ծով դուրս եկած անղեկ նավի, որ տաշեղի պես այս ու այն կողմ է քշվում։ Դրա վկայություններից մեկը «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ վախճանն է։ ՀՀ նախագահն օրերս իր հեռուստաուղերձով ժողովրդին հայտնեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին։

Արձանագրություններ, որին մինչ այդ «ոչ» էր ասել գրեթե ողջ հայությունը։ ՀՀ ղեկավարը գերտերությունների թելադրանքով մտել էր մի խաղի մեջ, որից եթե Հայաստանը մի բան «շահել է», դա այն է, որ կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունը, Թուրքիային դարձրել է գործոն՝ տարածաշրջանում, և վերջինս սկսել է քիթը խոթել «ղարաբաղյան խնդրի» մեջ, փորձելով իր կամքը թելադրել հայկական կողմին։

Օգտվելով հայկական գետնաքարշ դիվանագիտության խեղճությունից, նախապայմաններ էր առաջ քաշում Թուրքիան, երկիր, որ սրի է մատնել հայ ժողովրդի արևմտյան հատվածին և տիրացել նրա երկրին։ Զավթելով հայ ժողովրդի պատմական բնoրրանի 90 տոկոսը, «օկուպացված տարածքները» վերադարձնելուց խոսում է մի երկիր, որ 20-րդ դարի երկրորդ կեսին էլ զավթել է Կիպրոսի հյուսիսային մասն ու այնտեղ տնկել արյունոտ իր դրոշը։

Բացառված չէ, որ մի օր էլ ՀՀ նախագահը ուղերձով դիմելու է հայությանը, փորձելով բացատրել, որ հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի անվտանգության ամենամեծ գրավականը ազատագրված հողերը թշնամուն վերադարձնելն է և թուրք-ազերիների վերադարձը Արցախ... Որի դիմաց «միջազգային հանրություն» կոչվածը երաշխավորելու է արցախցիների անվտանգությունը։ Եվ այդ միջազգային հանրությո՜ւնը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական երկրների գլխավորությամբ, որի առջև ավանդական իր ոչխարապարն է պարում հայոց դիվանագիտությունը։

Հին իմաստնությունն ասում է՝ «Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը»։ Պատերազմի դաշտում ազերիներին ծնկի բերած ժողովրդի գլուխ կանգնել է նորին մեծություն Դիլետանտությունը՝ ողորմելի քաղաքական-դիվանագիտական գիտելիքներով։ Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք. կիսաեվրոպական տարազով, արևելյան մտածելակերպով, աֆրիկյան գործելակերպով մի երկիր, որի քաղաքացին լինելուդ համար ամաչում ես։

Ազգն էլ անտեր մնացած հոտի պես մտածում է ծանրումեծ՝ ի վերջո ռո՞ւսն է մեր բարեկամը, թե՞ քեռի Սեմը։ Եվ բազմադարյա մեր պատմության ընթացքում այդպես էլ չենք հասկացել, որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը և թե՛ երրորդները թքած ունեն մեզ վրա։ Նրանցից յուրաքանչյուրն իր երկրի հզորության մասին է մտածում։ Մեկընդմիշտ պիտի հասկանանք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և մյուսները նույնքան մեր բարեկամն են, որքան՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի, և մեր տարածաշրջանում միայն իրենց սեփական շահն են հետապնդում։ Իսկ որպեսզի մեզ հետ հաշվի նստեն, պիտի ուժեղ լինենք։ Այլապես ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային դիվանագիտություններում ընդամենը գնդակի դերում ենք լինելու։