15.11.2019

Հորս՝ Վազգեն Օվյանի վերջին նամակ-գրությունը


Մինչ այս գրությունը մեջբերելը, ներկայացնեմ այն ժամանակահատվածը, որ նախորդել են այդ նամակ-գրությանը և այն իրավիճակը, երբ գրվել են այդ տողերը։
1985 թվականին հայրս հիվանդացավ։ Կյանքում երբեք չէր հիվանդացել, և մենք մտածում էինք, որ լուրջ բան չկա, շուտով կրկին ոտքի կկանգնի։ Հիվանդանոցում էր պառկած, պարտաճանաչ ընդունում էր նշանակված դեղամիջոցները։ Ընդհանրապես նա մարդկանց շատ էր հավատում, շուտ էր վստահում դիմացինին, որ բխում էր նրա ազնվությունից և պարզամտությունից։ Նույնիսկ մի անգամ մայրս ասաց. «Ամեն դեղ մի՛ խմիր, զգույշ եղիր»։ Թվում էր՝ մեկ-երկու օրից դուրս կգրեն հիվանդանոցից։ Բայց մի օր տեսանք, որ վիճակն անսպասելի ավելի է վատացել։ Երևանից պրոֆեսոր հրավիրեցինք։ «Այս հիվանդությունն այսպես չպիտի զարգանար, ինչ-որ բան այն չէ»,- հորեղբորս մի կողմ քաշելով, ասաց պրոֆեսորը։

Հայրս այն տարիներին Արցախում իրոք մեծ ժողովրդականություն էր վայելում։ Շատ-շատերն էին նրան հարգում ու սիրում։ Ինքն էլ, լինելով անկեղծ, ազնիվ և բարեսիրտ մարդ, ամենաանծանոթ շրջապատում անգամ մի քանի րոպեում կարողանում էր ջերմ, ընկերական մթնոլորտ ստեղծել։ Բայց քանի որ հայրս նաև սուր հոդվածներ, ֆելիետոններ, պամֆլետներ և երգիծական այլ ստեղծագործություններ էր գրում, նաև յուրաքանչյուր ամիս մարզային ռադիոյով եթեր էր արձակվում, ժողովրդի լեզվով ասած, «Մախաթը», որը մերկացնում-ծաղրում էր այն տարիներին հակաօրինական, դատապարտելի արարքներով աչքի ընկած «հերոսներին», և այդ հաղորդման խմբագիրը հայրս էր, բնականաբար նա չէր կարող չունենալ նաև չարակամներ ու թշնամիներ։ Թերևս ոչ միայն այդ շրջապատում։ Հաճախ էր ընկերների և ոչ ընկերների, միանգամայն անծանոթ ընթերցողների մոտ կարդում Բրեժնևին, Ալիևին, Կևորկովին և խորհրդային մեծ ու փոքր պաշտոնյաներին ուղղված իր պամֆլետներն ու էպիգրամները։ Քիչ չէին նաև նրան նախանձող, այսպես կոչված, մերձավորները...

Բայց արդեն երեք շաբաթ հայրս պառկած էր հիվանդանոցում, և այդ օրերին հազիվ հնարավոր լիներ պարզել, թե ինչ էր նախորդել չարաբաստիկ հիվանդությանը։ Կամ ինչո՞ւ հանկարծ վիճակն ավելի ծանրացավ... Մենք մտածում էինք միայն նրան բուժելու, կյանքը փրկելու մասին։

Հայրիկիս տեղափոխեցինք Երևան։ Մայրս էր ուղեկցում։ Կրկին հիվանդանոցային կյանք, հոգնեցուցիչ ստուգումներ, նոր նշանակումներ, դեղորայքնե՛ր, զանազան դեղամիջոցնե՛ր...

Երևանից եկան։ Կրկին հայրենի օջախում էր, սեփական տանը։ Ժամանակը հոսում է, բայց հորս վիճակն ամենևին չէր լավանում։ Ընդհակառակը՝ ավելի էր նիհարել և գունատվել։ Վերջին հույսը Մոսկվան էր։ Բժիշկ ընկերները՝ Եղիշե Փարամազյանը, Էդուարդ Ղուկասյանը, Փարավոն Ադամյանը, Բենիկ Միրզոյանը և ուրիշներ խորհուրդ տվեցին հայրիկիս տանել Մոսկվա։

1986 թվականն էր։ Որոշեցինք, որ նրան կուղեկցի կրտսեր եղբայրը՝ Մաքսիմը։ Ես ու մայրս նրանց ուղեկցեցինք Կիրովաբադ, որտեղից ինքնաթիռով պիտի թռչեին Մոսկվա։ Եկավ հրաժեշտի պահը։

Ի դեպ, մեր ընտանիքում աչքի չէինք ընկնում զգացմունքայնությամբ։ Հայրս ջերմ, հայրական սիրով սիրում էր մեզ՝ ինձ, որ ավագն էի, Նարինեին և երջանկահիշատակ կրտսեր քրոջս՝ Նվարդին։ Ես չեմ հիշում, որ այն տարիներին համբուրեինք մեր ծնողներին, առավել ևս՝ հայրիկին, որին անսահման սիրում էինք, և այդ սերը ցուցադրական որևէ այլ ձևով չէինք կարողանում արտահայտել, բացի ներքուստ նրանց սիրելուց, որդիաբար պաշտելուց և մեր ծնողներով հպարտանալուց։ Նույն կերպ մեր ծնողներն էին մեր հանդեպ։ Բայց կար մեկը, որ բացառություն էր կազմում մեր ընտանիքում։ Մեր տան կրտսերն էր՝ Նվարդը, որին հայրս պաշտում էր, իսկ մենք այնպես էինք նրան սիրում, ինչպես ընդհանրապես սիրում են տան կրտսերին, ընտանիքի փոքրին։

Եվ ահա, եկավ հրաժեշտի պահը։ Գրկեց ինձ և համբուրեց։ Ես էլ իրեն համբուրեցի՝ ցավով և հույսով, որ Մոսկվայից կվերադառնա այնպես ձիգ, իր բարձր հասակով և նախկին հպարտությամբ ու կենսուրախությամբ լի...

Անցավ ծանր ու սպասումներով լի երկու շաբաթ։ Այն տարիներին մեծ դժվարությամբ էինք կարողանում հեռախոսով կապվել մեր հեռավոր ազգականի հետ, որի տանը պիտի հյուրընկալվեին հայրս ու հորեղբայրս։ Այդ երկու շաբաթն անցավ ինչպես երկու տարի, ինչպես ծանր, մղձավանջային տարիներ։

Վերջապես զանգեցին և ասացին, որ վերադառնում են։
Հորս դեմքին ոչ մի լավ փոփոխություն չնկատեցինք։ Ընդհակառակը՝ ավելի հոգնած տեսք ուներ։ Մեզ տեսնելով, աչքերը միայն կարճատև փայլեցին։ Գրկել էի նրան և չէի ուզում բաց թողնել։ Կարծես արդեն կանխազգում էի, որ օր-օրի կորցնում ենք նրան...

Կրկին անկողնային ռեժիմ, ծանր ու դժվարին օրեր և աղոտ, շա՜տ աղոտ հույս, որը սակայն, մոմի պես հալվելով, արդեն գրեթե սպառվել էր։ Եվ 1987 թվականի փետրվարի 23-ին կեսօրին մոտ, մեր օջախում մի մեծ լույս հանգավ։ Եվ ոչ միայն մեր օջախում։ Հրաժեշտի արարողությունը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի սրահում էր. հազարավոր մեր հայրենակիցներ էին եկել վերջին հրաժեշտը տալու սիրելի գրողին։ Ընկերներս պատմում են, որ դեպի մեր հայրենի Դաշուշեն գյուղ շարժվող ավտոմեքենաների շարասյան ծայրը չէր երևում...

*  *  *
Հայրիկիս մահից ամիսներ հետո, երբ ես ու քույրերս փորձում էինք կարգի բերել նրա պատկառելի արխիվը՝ բազմաթիվ ձեռագիր ու մեքենագիր էջերով, տասնյակ մշակված ու վերամշակված տարբերակներով, մի քանի տասնյակ հաստափոր տետրերով ու նոթատետրերով, նոթատետրերից մեկում գտանք այս նամակ-գրությունը։ Հայրս այն գրել էր մոսկովյան մի հիվանդանոցում, սակայն, չգիտես ինչու, չէր ուղարկել։

Գրության առաջին տողերից, պարզ, խոսակցական լեզվից զգացվում է, որ սկզբում մտադիր էր նամակ գրել մեզ, բայց հետո միտքը փոխել էր և այն գրել որպես կարճ մտորում ինքն իր հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ օրերի ծանր ապրումները, հոգնածությունը, հուսախաբությունը և ծայրահեղ վատ տրամադրությունը ստիպել էր նրան փոխել մեզ նամակ գրելու նախկին մտադրությունը։ Հայրս չէր ցանկացել մեզ ավելի տխրեցնել այդ նամակով։ Ահա այն.

Սիրելիներս,
Մոսկվան ինձ ընդունեց տխուր ու մռայլ, և դա նորություն չէր ինձ համար։ Մարդիկ այստեղ կոպիտ են. մի բան ես հարցնում, իսկույն վրա են քշում. «Ի՞նչ ես զահլա տանում»։
Այսօր ավարտվեց նախնական պոլիկլինիկային անալիզներս, վաղը պիտի լինեմ բժշկի մոտ, որը պիտի հայտնի ինձ, թե հիվանդանոցում բուժվելու համար կոմիսիան ե՞րբ պիտի լինի... Ամեն ինչ այդ կոմիսիայից է կախված՝ բաց կթողնի՞ բուժվելու, թե՞ կասի՝ գնա տեղում բուժվիր։

Ամեն ինչ նման է տխուր երազի. չեմ հասկանում, որ ես՝ ես եմ և ի՞նչ եմ անում այս անհոգի մարդկանց մոտ։ Օրերս չեն մթնում և, ավելի ահավորը՝ չեն լուսանում։
Մաքսիմը այսօր դուրս եկավ «հետախուզության», գուցե մոտիկ շենքերում ժամանակավոր գիշերելու որևէ տեղ գտնի։ Այստեղ նրան տեղ չեն տալիս, մի կերպ տեղավորվում ենք, իսկ Սեդայի տղայի մոտ հնարավոր չէ. նա հենց ինքը տնկեց է, ուրիշի բնակարանում։ Լավագույն դեպքում նրա մոտից կարող է միայն զանգել ձեզ։

Փարավոնի հեքիաթները՝ հեշտ ընդունելու մասին, սոսկ հեքիաթներ են։ Առաջներում այդպես էր... Հիմա կովկասցիները բժիշկների համար եկամտի վարար աղբյուր են՝ միայն թե փող պոկեն։ Իրենք՝ կովկասցիներն են մեղավոր. նրանց այդպես են սովորեցրել։
Չգիտեմ, կդիմանա՞մ այս քաշքշուկին։ Բարեկամներ ու ծանոթներ չունեմ, այստեղ ամեն ինչ որոշում է պնդաճակատությունը, նաև փողը։ Սա իմ աշխարհը չէ։ Բայց դե հույս ունեմ։
Ուրեմն՝ ճակատագիրս կորոշվի այս վերջին երեք-չորս օրում։
Է՜հ, երեխաներիս եմ կարոտե՜լ, շա՜տ։

*  *  *
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում 1986 թվականին գրած այս տողերից հետո նա այլևս գրիչ չի վերցրել ձեռքը։ Մի քանի անգամ տանը փորձել է գեղարվեստական ինչ-որ կտորներ, մանրապատումներ թելադրել քույրերիս, բայց հետո հրաժարվել է դրանից... Այլևս ստեղծագործելու տրամադրություն չկար։ Դանդաղ սպասում էր անխուսափելիին, չնայած երբեմն մի քանի վայրկյան պայծառանում էր և ասում, որ հենց կազդուրվի, անպայման հայրենի գյուղում տուն կկառուցենք...

Վարդգես Օվյան

11.04.2019

Արցախը ստիպված էր անկախություն հռչակել


կամ՝ փոխադարձ անվստահության հիմնական պատճառները

Արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, գրել եմ, որ վերջին այս 30 տարում ոչ արցախցիներս կարողացանք ճանաչել ՀՀ քաղաքացիներին (չեմ ասում հայաստանցիներին, Արցախն էլ է Հայաստան), ոչ էլ վերջիններս ճանաչեցին արցախցիներին։

Որոշ քաղաքական գործիչների և քաղաքական գործիքների պարբերաբար կրկնվող հիմար հայտարարություններ շարունակում են խորացրել անջրպետը նույն ազգի, նույն ժողովրդի երկու հատվածների միջև։ Այսօր տարօրինակ ու անհասկանալի է թվում արցախցիների մի որոշ հատվածի, այսպես ասած, «անկախասիրությունը»։ Բայց դա և իրար չհասկանալն ու փոխադարձ անվստահությունն իրենց պատճառներն ունեն։
Փորձեմ ներկայացնել ըստ իս ամենահիմնական պատճառները։

Երբ պետականությունը կորցրած Հայաստանը բաժանվել էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև, հատկապես 16-18-րդ դարերում Արցախը որոշ չափով շարունակում էր պահպանել իր անկախությունը։ Արցախում և Սյունիքի մի հատվածում իշխում էին հայ մելիքները։ Խամսայի մելիքություններն այդ ժամանակաշրջանում այնքան հզոր էին, որ գլխավորում էին հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների։

Արցախի Դիզակ գավառի տիրակալ, Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ, Մելիք-Եգանյաններ տոհմի հիմնադիր մելիք Եգանի ընդունարանի շքամուտքի մոտ ՌՃՁԶ թվականի (այսինքն՝ 1737 թ.) գրություն կա, որտեղ այսպիսի տողեր կան. «...երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա...»։

Ուշադրություն դարձրեք, Մելիք Եգանն իր երկիրն անվանում է Հայաստան («...ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա»)։ Իսկ Մելիք Եգանի ղեկավարած Խամսայի մելիքության այդ տարածքը համընկնում է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հետ։

Խամսայի մելիքությունների ժամանակահատվածը արցախցիների համար անկախ կամ համեմատաբար անկախ ապրելու եզակի ժամանակաշրջան չէ։ 1923 թ. ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցվելով նոր ստեղծված «Ադրբեջան» հանրապետությանը, ինքնավար մարզի կարգավիճակով Արցախը փաստորեն համեմատաբար անկախ էր՝ ի տարբերություն Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող բազմաթիվ այլ հայկական բնակավայրերի։ Արցախում պետական դրամատիկական թատրոն ունեինք, տեղական մարզային ռադիոն ամենօրյա հաղորդումներ էր եթեր արձակում՝ անգամ հայրենասիրական երգերով։ Բացառությամբ Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական մեկ դպրոցի և երկու ռուսական դպրոցների, ինչպես նաև Շուշիի ադրբեջանական դպրոցների և Հադրութի ռուսական դպրոցի, Ստեփանակերտի 8 միջնակարգ դպրոցները և շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի հարյուրավոր բոլոր դպրոցները հայկական էին։

Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր Արցախում օգտագործել Նախիջևանի Հանրապետությունում կիրառած մեթոդները, ամեն ձև ու հնարավորություն, որպեսզի Արցախը հայաթափի։ Բայց, ի տարբերություն Նախիջևանի, որ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման չուներ, բաժանված էր Հայակական ԽՍՀ-ով, Արցախը չորս կողմից գտնվելով ադրբեջանական-թշնամական շրջապատման մեջ, շարունակում էր ապրել հայեցի կյանքով...

Հիմա փոխադարձ անվստահության մասին։ Շատ հեռուները չգնանք, ընդամենը երկու թարմ օրինակ։
Կարդացեք Լեոյի և ժամանակակիցների հուշերը՝ 20-րդ դարասկզբի մեր ծանր ու ողբերգություններով լի ժամանակաշրջանի մասին։
Շուշիի կոտորածից առաջ Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը։ Ընդունած նամակ-հեռագրում ասվում է, որ «Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են...

Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը,- ասվում է նամակում,- և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել»:
Նամակն ավարտվում է այսպես. «Քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ»։

20-րդ դարասկզբի Շուշիի կոտորած, ջարդեր, տեղահանություններ (Բաքվի ջարդերի մասին չենք խոսում, Բաքուն շատ հեռու էր Հայաստանից), հետո Արցախ-Ղարաբաղի բռնակցում Ադրբեջանին։

Եկավ 1988-ը՝ նոր հույսերով, մեծ հավատով, բայց նորից մեզանում ավանդույթ դարձած՝ կրկնվող սխալներով։ Ի վերջո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Հայաստանը մեծ դժվարությամբ տվեց իր համաձայնոթյունը։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո փաստորեն մի կողմ շպրտվեց այդ որոշումը, և Հայաստանն անկախություն հռչակեց Հայկական ԽՍՀ սահմաններով։ Անկախություն հռչակելուց առաջ և հետո արցախցիները բազմաթիվ անգամ փորձեցին Հայաստանի իշխանություններին համոզել տեր կանգնել 1989 թ. որոշմանը։ Սակայն՝ ապարդյուն։ Պատահական չէ, որ Արցախում անկախության հանրաքվեն անցկացվեց անկախություն հռչակելուց ամիսներ հետո՝ դեկտեմբերի 10-ին։ Իսկ խորհրդարանական ընտրություններն Արցախում տեղի ունեցան շատ ավելի ուշ՝ անկախություն հռչակելուց ավելի քան կես տարի հետո։ Այդ ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին ապարդյուն փորձում էին համոզել Արցախը ևս ներառել Հայաստանի Հանրապետության կազմում։
Ահա այսպես է ստեղծվել Արցախի Հանրապետությունը։

Թերևս կան շատ այլ մեծ ու փոքր պատճառներ, բայց հիմնականում սրանք են հայության երկու հատվածի իրար չհասկանալու, փոխադարձ անվստահության պատճառները։ Եվ երբ երևանյան սրճարանների մշտական հաճախորդ երիտասարդը, օդում ծխի օղակներ նկարելով, ասում է՝ «Արցախը Հայաստանի մարզ է», Արցախում ոչ միանշանակ արձագանք է գտնում այդ հայտարարությունը։ Այսպես էլ են մտածում՝ «Իսկ եթե նորից խաբվե՞նք, ինչպես լտպ-ականները խաբեցին 1989-ին, իսկ հետո՝ Շահումյան, Մարտակերտ... Գոնե ավելի բարձր ինքնուրույնության կարգավիճակով, որպեսզի երբ նորից մեզնից հրաժարվեն, կրկին մեզ դեն նետեն, մեզ պաշտպանելու ներուժ ունենանք...»։
Առանց սեփական մեկնաբանության, ես ընդամենը ներկայացրի թյուրըմբռնում, իրար չհասկանալու, անվստահություն ու թյուրիմացություններ ծնող, ըստ իս, հիմնական պատճառները։

03.02.2019

Լույս և խավար


Վերջին հետանկախական տասնամյակներում երբ մեզանում հավատացյալների կտրուկ աճ է նկատվում և դա բացատրվում է «վերադարձ արմատներին»-ով, մնում եմ տարակուսած։ Ստացվում է, որ մեր ազգի արմատները սկսում են մեր թվարկության 301 թվականից։ Իսկ մինչ այդ մենք անդեմ, անգո, անլեզու ինչ-որ գոյացություններ էինք։ Ստացվում է, որ մեր բազմադարյան, 5-հազարամյա մեր պատմության մասին աղբյուրները սուտ ու կեղծիք են (ի դեպ, ոմանք մեր արմատները նույնիսկ 50 հազար տարվա խորխորատներն են հասցնում)։ Ուրեմն չե՞ն եղել «Ծովից ծով Հայաստանն» ու Տիգրան Մեծը՝ մեր պատմության ամենապայծառ դեմքերից մեկը, որին նվիրված երկու տասնյակից ավելի օպերաներ են գրել եվրոպացի կոմպոզիտորները, այդ թվում՝ Վիվալդին, Հենդելը, Սկարլատին, Գլյուկը, Հասսեն...

«Հավատը նահանջում է, աթեիզմն առաջ է շարժվում, բայց միայն Չինաստանում է բնակչության մեծ մասը համոզված հայտարարում, որ Աստծուն չի հավատում»,- այս տողերով է սկսում WIN/Gallup-ի հարցման արդյունքների հիման վրա գրված «China and Europe stand out on world map of atheism» («Չինաստանն ու Եվրոպան առանձնանում են աթեիզմի համաշխարհային քարտեզի վրա») վերնագրով հոդվածը։

Ըստ հոդվածի, աշխարհի «ամենաանաստված» երկիրը Չինաստանն է, որտեղ բնակչության 67 տոկոսն իրեն համոզված աթեիստ է համարում։ Երկրորդ խոշոր «աթեիստական» երկիրը Ճապոնիան է (29 %), մյուս ասիական պետությունը՝ Հարավային Կորեան (23%)։

Աթեիստների մեծ տոկոսով աշխարհի 20 երկրներից 18-ը գտնվում են Եվրոպայում՝ Սլովենիա (28%), Չեխիա (25%), Ֆրանսիա և Բելգիա (21%), Շվեդիա (18%), Իսլանդիա (17%), Իսպանիա (16%), Գերմանիա և Դանիա (14%), Մեծ Բրիտանիա (11%), Նորվեգիա, Ավստրիա, Էստոնիա (10%), Լատվիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Ալբանիա (9%), Իտալիա (8%)։ Նույն «աթեիստական» երկտասնյակում են գտնվում ոչ եվրոպական երկու երկիր՝ Ավստրալիան (13%) և Կանադան (10%)։ Աշխարհի խոշորագույն երկրներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում աթեիստները 7 տոկոս են կազմում։

Հայաստանում, այդ հարցման արդյունքներով, աթեիստներն ընդամենը 2 տոկոս են կազմում, Ադրբեջանում՝ 0 տոկոս։

Բայց աթեիստներից բացի կան նաև, այսպես ասած, ոչ կրոնապաշտ, ոչ հավատացյալ մարդիկ, որոնց թվով առաջատար երկրներն են՝ Շվեդիան (55%), Ավստրալիան, Էստոնիան, Նորվեգիան (50%)։ Զարմանալին այն է, որ վերջիններիս անցել են Վիետնամն (57%) ու մեր հարևան Ադրբեջանը (64%). Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է (58%)։
Սակայն վերադառնանք մեր երկիր։ Այս ցուցակում Հայաստանը կրկին վերջին տեղերում է՝ 4 տոկոս։ Ասել է թե՝ Հայաստանը ոչ հավատացյալների տոկոսով 16 անգամ զիջում է Ադրբեջանին։

Ոմանք կդժգոհեն, կամաչեն մեզ վերաբերող այս տվյալներից, ոմանք կհպարտանան՝ «տեսեք որքան ամուր է մեզանում հավատն առ Աստված», երրորդները կկասկածեն հարցման արդյունքների վրա։ Ես առաջին և երրորդ խմբին եմ պատկանում՝ ամաչում եմ և կասկածում գոնե Հայաստանի և Ադրբեջանի մասով արդյունքների վրա։ Թերևս հնարավոր է, որ մանր անճշտություններ լինեն, բայց պատկերն իրոք, մեղմ ասած, հաճելի չէ։

Ես զուգահեռ եմ անցկացնում այսօրվա և խորհրդային Հայաստանի միջև, որ գերազանցապես աթեիստական երկիր էր, ուսումնական ծրագրերում կար նաև «Գիտական աթեիզմ» առարկա, տարեց մարդկանց մի փոքրիկ մասն էր միայն եկեղեցի հաճախում։ Ես այն տարիները համեմատում եմ մերօրյա իրականության հետ, երբ եկեղեցին մուտք է գործել դպրոց և երեխաներին «Հայ եկեղեցու պատմություն» են սովորեցնում, երբ ջահել վանականները բարձր աշխատավարձով հայտնվել են Հայոց բանակում, երբ աջ ու ձախ բիզնեսմեն մեր երևելիները եկեղեցիներ են կառուցում...

Համեմատում եմ ու սարսափում վերջին տասնամյակների մեր պետության համար, որտեղ կոռուպցիան, կաշառակերությունը սողոսկել են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներն ու ծակուծուկերը, և այսօր մարդիկ երիցս ավելի քիչ են վստահում ու հավատում իրար, երիցս պակասել է ազնվությունը, բարությունը, հարգանքն առ դիմացինը, քան «աթեիստական», «անհավատ» Հայաստանում էր։

Համեմատում եմ և ցավում մեր իրականության լայնասփյուռ գաղջից ու խավարից։ Մինչդեռ տասնամյակներ առաջ որքա՜ն լույս ու հավատ կար մեր ուժերի հանդեպ, իրար նկատմամբ։ Գրողը տանի, բա ասում եք՝ հավատը մեզ ազնվություն, արժանապատիվ ապրել է սովորեցնում է և, ընդհակառակը, սովորեցնում է արհամարհել ամենայն վատը՝ գողությունը, ստորաքարշությունը, խաբեությունը, անազնվությունը, խարդախությունը և այլն։

Ցավում եմ, որ այսօր այնքա՜ն դեֆիցիտ կա ամենայն լավի, գեղեցիկի, ազնվության, բարության։ Խավարն այսօր երիցս շատ է և Լույսի աներևակայելի պակաս կա այսօր, ու սա է ամենամեծ մտահոգությունս։
Տխուր ենք ապրում, պարոնայք։