Մինչ այս գրությունը մեջբերելը, ներկայացնեմ այն ժամանակահատվածը, որ նախորդել են այդ նամակ-գրությանը և այն իրավիճակը, երբ գրվել են այդ տողերը։
1985 թվականին հայրս հիվանդացավ։ Կյանքում երբեք չէր հիվանդացել, և մենք մտածում էինք, որ լուրջ բան չկա, շուտով կրկին ոտքի կկանգնի։ Հիվանդանոցում էր պառկած, պարտաճանաչ ընդունում էր նշանակված դեղամիջոցները։ Ընդհանրապես նա մարդկանց շատ էր հավատում, շուտ էր վստահում դիմացինին, որ բխում էր նրա ազնվությունից և պարզամտությունից։ Նույնիսկ մի անգամ մայրս ասաց. «Ամեն դեղ մի՛ խմիր, զգույշ եղիր»։ Թվում էր՝ մեկ-երկու օրից դուրս կգրեն հիվանդանոցից։ Բայց մի օր տեսանք, որ վիճակն անսպասելի ավելի է վատացել։ Երևանից պրոֆեսոր հրավիրեցինք։ «Այս հիվանդությունն այսպես չպիտի զարգանար, ինչ-որ բան այն չէ»,- հորեղբորս մի կողմ քաշելով, ասաց պրոֆեսորը։
Հայրս այն տարիներին Արցախում իրոք մեծ ժողովրդականություն էր վայելում։ Շատ-շատերն էին նրան հարգում ու սիրում։ Ինքն էլ, լինելով անկեղծ, ազնիվ և բարեսիրտ մարդ, ամենաանծանոթ շրջապատում անգամ մի քանի րոպեում կարողանում էր ջերմ, ընկերական մթնոլորտ ստեղծել։ Բայց քանի որ հայրս նաև սուր հոդվածներ, ֆելիետոններ, պամֆլետներ և երգիծական այլ ստեղծագործություններ էր գրում, նաև յուրաքանչյուր ամիս մարզային ռադիոյով եթեր էր արձակվում, ժողովրդի լեզվով ասած, «Մախաթը», որը մերկացնում-ծաղրում էր այն տարիներին հակաօրինական, դատապարտելի արարքներով աչքի ընկած «հերոսներին», և այդ հաղորդման խմբագիրը հայրս էր, բնականաբար նա չէր կարող չունենալ նաև չարակամներ ու թշնամիներ։ Թերևս ոչ միայն այդ շրջապատում։ Հաճախ էր ընկերների և ոչ ընկերների, միանգամայն անծանոթ ընթերցողների մոտ կարդում Բրեժնևին, Ալիևին, Կևորկովին և խորհրդային մեծ ու փոքր պաշտոնյաներին ուղղված իր պամֆլետներն ու էպիգրամները։ Քիչ չէին նաև նրան նախանձող, այսպես կոչված, մերձավորները...
Բայց արդեն երեք շաբաթ հայրս պառկած էր հիվանդանոցում, և այդ օրերին հազիվ հնարավոր լիներ պարզել, թե ինչ էր նախորդել չարաբաստիկ հիվանդությանը։ Կամ ինչո՞ւ հանկարծ վիճակն ավելի ծանրացավ... Մենք մտածում էինք միայն նրան բուժելու, կյանքը փրկելու մասին։
Հայրիկիս տեղափոխեցինք Երևան։ Մայրս էր ուղեկցում։ Կրկին հիվանդանոցային կյանք, հոգնեցուցիչ ստուգումներ, նոր նշանակումներ, դեղորայքնե՛ր, զանազան դեղամիջոցնե՛ր...
Երևանից եկան։ Կրկին հայրենի օջախում էր, սեփական տանը։ Ժամանակը հոսում է, բայց հորս վիճակն ամենևին չէր լավանում։ Ընդհակառակը՝ ավելի էր նիհարել և գունատվել։ Վերջին հույսը Մոսկվան էր։ Բժիշկ ընկերները՝ Եղիշե Փարամազյանը, Էդուարդ Ղուկասյանը, Փարավոն Ադամյանը, Բենիկ Միրզոյանը և ուրիշներ խորհուրդ տվեցին հայրիկիս տանել Մոսկվա։
1986 թվականն էր։ Որոշեցինք, որ նրան կուղեկցի կրտսեր եղբայրը՝ Մաքսիմը։ Ես ու մայրս նրանց ուղեկցեցինք Կիրովաբադ, որտեղից ինքնաթիռով պիտի թռչեին Մոսկվա։ Եկավ հրաժեշտի պահը։
Ի դեպ, մեր ընտանիքում աչքի չէինք ընկնում զգացմունքայնությամբ։ Հայրս ջերմ, հայրական սիրով սիրում էր մեզ՝ ինձ, որ ավագն էի, Նարինեին և երջանկահիշատակ կրտսեր քրոջս՝ Նվարդին։ Ես չեմ հիշում, որ այն տարիներին համբուրեինք մեր ծնողներին, առավել ևս՝ հայրիկին, որին անսահման սիրում էինք, և այդ սերը ցուցադրական որևէ այլ ձևով չէինք կարողանում արտահայտել, բացի ներքուստ նրանց սիրելուց, որդիաբար պաշտելուց և մեր ծնողներով հպարտանալուց։ Նույն կերպ մեր ծնողներն էին մեր հանդեպ։ Բայց կար մեկը, որ բացառություն էր կազմում մեր ընտանիքում։ Մեր տան կրտսերն էր՝ Նվարդը, որին հայրս պաշտում էր, իսկ մենք այնպես էինք նրան սիրում, ինչպես ընդհանրապես սիրում են տան կրտսերին, ընտանիքի փոքրին։
Եվ ահա, եկավ հրաժեշտի պահը։ Գրկեց ինձ և համբուրեց։ Ես էլ իրեն համբուրեցի՝ ցավով և հույսով, որ Մոսկվայից կվերադառնա այնպես ձիգ, իր բարձր հասակով և նախկին հպարտությամբ ու կենսուրախությամբ լի...
Անցավ ծանր ու սպասումներով լի երկու շաբաթ։ Այն տարիներին մեծ դժվարությամբ էինք կարողանում հեռախոսով կապվել մեր հեռավոր ազգականի հետ, որի տանը պիտի հյուրընկալվեին հայրս ու հորեղբայրս։ Այդ երկու շաբաթն անցավ ինչպես երկու տարի, ինչպես ծանր, մղձավանջային տարիներ։
Վերջապես զանգեցին և ասացին, որ վերադառնում են։
Հորս դեմքին ոչ մի լավ փոփոխություն չնկատեցինք։ Ընդհակառակը՝ ավելի հոգնած տեսք ուներ։ Մեզ տեսնելով, աչքերը միայն կարճատև փայլեցին։ Գրկել էի նրան և չէի ուզում բաց թողնել։ Կարծես արդեն կանխազգում էի, որ օր-օրի կորցնում ենք նրան...
Կրկին անկողնային ռեժիմ, ծանր ու դժվարին օրեր և աղոտ, շա՜տ աղոտ հույս, որը սակայն, մոմի պես հալվելով, արդեն գրեթե սպառվել էր։ Եվ 1987 թվականի փետրվարի 23-ին կեսօրին մոտ, մեր օջախում մի մեծ լույս հանգավ։ Եվ ոչ միայն մեր օջախում։ Հրաժեշտի արարողությունը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի սրահում էր. հազարավոր մեր հայրենակիցներ էին եկել վերջին հրաժեշտը տալու սիրելի գրողին։ Ընկերներս պատմում են, որ դեպի մեր հայրենի Դաշուշեն գյուղ շարժվող ավտոմեքենաների շարասյան ծայրը չէր երևում...
* * *
Հայրիկիս մահից ամիսներ հետո, երբ ես ու քույրերս փորձում էինք կարգի բերել նրա պատկառելի արխիվը՝ բազմաթիվ ձեռագիր ու մեքենագիր էջերով, տասնյակ մշակված ու վերամշակված տարբերակներով, մի քանի տասնյակ հաստափոր տետրերով ու նոթատետրերով, նոթատետրերից մեկում գտանք այս նամակ-գրությունը։ Հայրս այն գրել էր մոսկովյան մի հիվանդանոցում, սակայն, չգիտես ինչու, չէր ուղարկել։
Գրության առաջին տողերից, պարզ, խոսակցական լեզվից զգացվում է, որ սկզբում մտադիր էր նամակ գրել մեզ, բայց հետո միտքը փոխել էր և այն գրել որպես կարճ մտորում ինքն իր հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ օրերի ծանր ապրումները, հոգնածությունը, հուսախաբությունը և ծայրահեղ վատ տրամադրությունը ստիպել էր նրան փոխել մեզ նամակ գրելու նախկին մտադրությունը։ Հայրս չէր ցանկացել մեզ ավելի տխրեցնել այդ նամակով։ Ահա այն.
Սիրելիներս,
Մոսկվան ինձ ընդունեց տխուր ու մռայլ, և դա նորություն չէր ինձ համար։ Մարդիկ այստեղ կոպիտ են. մի բան ես հարցնում, իսկույն վրա են քշում. «Ի՞նչ ես զահլա տանում»։
Այսօր ավարտվեց նախնական պոլիկլինիկային անալիզներս, վաղը պիտի լինեմ բժշկի մոտ, որը պիտի հայտնի ինձ, թե հիվանդանոցում բուժվելու համար կոմիսիան ե՞րբ պիտի լինի... Ամեն ինչ այդ կոմիսիայից է կախված՝ բաց կթողնի՞ բուժվելու, թե՞ կասի՝ գնա տեղում բուժվիր։
Ամեն ինչ նման է տխուր երազի. չեմ հասկանում, որ ես՝ ես եմ և ի՞նչ եմ անում այս անհոգի մարդկանց մոտ։ Օրերս չեն մթնում և, ավելի ահավորը՝ չեն լուսանում։
Մաքսիմը այսօր դուրս եկավ «հետախուզության», գուցե մոտիկ շենքերում ժամանակավոր գիշերելու որևէ տեղ գտնի։ Այստեղ նրան տեղ չեն տալիս, մի կերպ տեղավորվում ենք, իսկ Սեդայի տղայի մոտ հնարավոր չէ. նա հենց ինքը տնկեց է, ուրիշի բնակարանում։ Լավագույն դեպքում նրա մոտից կարող է միայն զանգել ձեզ։
Փարավոնի հեքիաթները՝ հեշտ ընդունելու մասին, սոսկ հեքիաթներ են։ Առաջներում այդպես էր... Հիմա կովկասցիները բժիշկների համար եկամտի վարար աղբյուր են՝ միայն թե փող պոկեն։ Իրենք՝ կովկասցիներն են մեղավոր. նրանց այդպես են սովորեցրել։
Չգիտեմ, կդիմանա՞մ այս քաշքշուկին։ Բարեկամներ ու ծանոթներ չունեմ, այստեղ ամեն ինչ որոշում է պնդաճակատությունը, նաև փողը։ Սա իմ աշխարհը չէ։ Բայց դե հույս ունեմ։
Ուրեմն՝ ճակատագիրս կորոշվի այս վերջին երեք-չորս օրում։
Է՜հ, երեխաներիս եմ կարոտե՜լ, շա՜տ։
* * *
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում 1986 թվականին գրած այս տողերից հետո նա այլևս գրիչ չի վերցրել ձեռքը։ Մի քանի անգամ տանը փորձել է գեղարվեստական ինչ-որ կտորներ, մանրապատումներ թելադրել քույրերիս, բայց հետո հրաժարվել է դրանից... Այլևս ստեղծագործելու տրամադրություն չկար։ Դանդաղ սպասում էր անխուսափելիին, չնայած երբեմն մի քանի վայրկյան պայծառանում էր և ասում, որ հենց կազդուրվի, անպայման հայրենի գյուղում տուն կկառուցենք...
Վարդգես Օվյան
Комментариев нет:
Отправить комментарий