Շուրջ 30 տարի է ես երազում եմ այնպիսի ժամանակներ, այնպիսի Հայաստան, այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։ Այս տողերը տարբեր ձևակերպումներով բազմաթիվ անգամ ասել եմ, այդ թվում՝ հարցազրույցներում։ Բայց, ցավոք, հազարավոր մղոններով հեռու ենք այդ երազանքից։
Լսելով Արշակ Զաքարյանի խոսքը, որտեղ նա նույնն է ասում. «Ո՞նց էր ասել՝ «Հայաստանը մեր տունն է, իմ օջախն է»... Եթե օջախի գլուխը լինեիր, պարոն Փաշինյան, էսօր բոլորն իրենց գործերը թողած, չէին զբաղվի ձեր գործերով։ Ես էլ չէի այսօր խոսա քաղաքականությունից, մյուսներն էլ չէին խոսա... Ամեն մեկս կգնանք մեր գործով զբաղվենք...
Բայց քանի որ երկիրն անգլուխ ա... Մեր ապագան, մեր երեխաների ապագան սրանից ա, չէ՞ կախված... Դրա համար բոլորն իրենց գործերը թողել են, լուրջ, զբաղված մարդիկ իրենց գործերը թողել են, զբաղվում են նրանով, որով դուք պիտի զբաղվեիք... Մենք մեր հարկերից ձեզ վճարում ենք, որ դուք ձեր գործով զբաղվեք։ Բայց քանի որ յուրացնում եք իշխանությունը և ձեր քմահաճույքին եք ծառայեցնում... Հավատացեք, եթե ճիշտ գլուխ լիներ կանգնած երկրի գլխին, հաստատ ամեն մեկս կգնայինք զբաղվեինք մեր գործով՝ շինարարը շինարարություն կանի, դերասանը դերասանություն կանի...» և այլն։
Հատկապես դրսից, արտերկրից ոմանք ինձ պարբերաբար հիշեցնում են, որ ես գրող եմ, արվեստի մարդ եմ, կոռեկտ կամ ոչ կոռեկտ ինձ խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ քաղաքական գրառումներ անելուց, փոխարենը սիրուն նովելներ ու պատմվածքներ գրել և տեղադրել իմ էջում...
Անշուշտ վատ խորհուրդ չէ, անգամ հաճելի է երբ շեշտում են արվեստագետ լինելս։ Բայց ցավն այն է, որ նման խորհուրդներ տվողները նրանք են, որոնք եվրոպաներում, ամերիկաներում փափուկ տեղավորված, Հայաստանից դուրս տարբեր երկրներում խնամիներ գտած, իրենց զավակ ու թոռներով կյանք են վայելում և հայաստանյան իրադարձություններին նայում ինչպես հեռուստաէկրաններից ցուցադրվող կինոնկար։
Համացանցում մի տեսագրություն է տարածված։ Գանգատուփի կատարին փոփոլի պես մազափունջը ցցած մի կապիկուհի, կողքով անցնողներին «բոնժուրներ» հղելով, կիսահայերեն-կիսառուսերեն ճվճվալով, հայրենիքում ապրող «ուբլյուդոկներիս» եվրոպաներից հրամայական ու սպառնալից տոնով խրատում էր՝ պաշտպանել Փաշինյանին։ Կատարից մինչև ոտքերը քաղքենի ու տհաս այս ցուցանմուշին ոչինչ չունեմ ասելու (չարժե իջնել նրա մակարդակին), բայց ահա ամերիկա-եվրոպաներից տարիներ շարունակ իշխող ռեժիմ պաշտպանող, այսօր էլ ատամներով նիկոլ պաշտպանող և հայրենիքում ապրողներիս դասեր տվողներին պիտի ասեմ.
Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայրենիքում՝ Հայաստանում (ներառյալ Արցախում) ապրողները մենք ենք՝ մեր ընտանիքներով, զավակ-թոռներով։ Մեր երեխաներն են մեր այս երկրի սահմանները պաշտպանում, մեր երեխաները, մեր հարազատներն են սահմանում կամ խաղաղ պայմաններում բանակում զոհվում։ Գրեթե ամեն օր մենք պատերազմի մեջ ենք, բայց եթե վաղն ավելի մեծ և բազմիցս ավելի կործանարար պատերազմ լինի, մեր երեխաներով արյան ու կյանքի գնով մենք ենք մեր երկիրը պաշտպանելու և ոչ թե դուք կամ ձեր սիրասուն զավակները։
Մենք երբեք չենք խառնվում այն երկրների գործերին, որտեղ դուք ապրում եք և որոնք ձեզ պահում են՝ որպես իրենց քաղաքացիների։ Օրինակ, մենք չենք դիմում ամերիկա-եվրոպաներում ապրող պետությունների քաղաքացիներին, թե՝ այդտեղ ապրող և Հայաստանի ներքաղաքական գործերին միջամտող հայերին վռնդեք, թող գան Հայաստան։ Դա անբարո կլիներ, ինչպես անբարո է ձեր կողմից մեզ դասեր տալը։ Ես արդեն մեկ-երկու նման գրառում եմ արել իմ էջում և խնդրել մեզ խորհուրդներ չտալ։ Եթե իսկապես սիրում եք Հայաստանը, եթե այդպես պաշտում եք «մեր վարչապետ Փաշինյանին» (չակերտներումը ձեր արտահայտությունն է), թողեք ձեր բարեկեցիկ կյանքը, վաճառեք ձեր տունուտեղը և եկեք Հայրենիք, որտեղ երկու տարի է արդեն Նիկոլը երկիր է «շենացնում ու ծաղկեցնում»։
Այս անգամ ձեզ չեմ խնդրելու մեզ դասեր չտալ, որովհետև շատերդ արդեն անցել եք քաղաքավարության, բարոյականի, մարդկայինի բոլոր սահմանները։ Արտերկրից նիկոլ գովերգողներիդ, Նիկոլ Փաշինյանին պաշտպանողներիդ, մեզ դասեր տվողներիդ, մեզ վրա հոխորտացողներիդ արդեն ստիպված ասում եմ՝ վերջապես ձեններդ կտրե՛ք։ Ավելին, ձեր պաշտելիի բառերով եմ ասում՝ տեղներդ հանգիստ վեր ընգեք և ձեր գործերով զբաղվեք։ Գոնե մեծ հայուհու՝ Հասմիկ Պապյանի գրառումները կարդացեք և փորձեք մի փոքր շարժել ձեր ուղեղիկի չորացող բջիջները։ Դուք բոլորդ միասին նրա եղունգը չարժեք։
Կրկնում եմ, խոսքս բացառապես վերաբերում է նիկոլին ՊԱՇՏՊԱՆՈՂՆԵՐԻՆ և մեզ ԴԱՍԵՐ ՏՎՈՂՆԵՐԻՆ։
Արտերկրում ես հարյուրավոր հրաշալի ընկերներ ունեմ, որոնց իսկապես հուզում է Հայրենիքի ճակատագիրը և ովքեր իրոք տառապում են մեզ հուզող խնդիրներով։ Նրանցից շատերը եթե նիկոլի տեղը լինեին, մի օրում իրենց մի որոշմամբ Հայաստանի համար երիցս ավելին կանեին, քան նիկոլն է արել այս 2 տարում։ Արտերկրում հազարավոր, տասնյակ կամ հարյուր հազարավոր հայրենակիցներ ունենք, որոնք երբեք չեն անցնում բարոյականի, մարդկայինի սահմանները։ Իմ այս խոսքը նրանց չի վերաբերում։
Комментариев нет:
Отправить комментарий