18.06.2020

Երգահան-գեներալը


Բարձր դասարանում էի սովորում։ Մի օր հայրս աշխատավայրից՝ Արցախի մարզային ռադիոխմբագրությունից, որտեղ երկար տարիներ գրական-երաժշտական հաղորդումների ավագ խմբագիր էր աշխատում, զանգեց տուն և ասաց.
- Գեներալ տեսած կա՞ս։ Ո՛չ հեռուստացույցով, այլ իսկական։

Այն տարիներին Ստեփանակերտում ո՞վ էր իսկական գեներալ տեսել, և բնականաբար պատասխանեցի.
- Չէ, չեմ տեսել։

- Դե շտապ եկ ինձ մոտ, խմբագրություն։ Եկ կենդանի գեներալի հետ ծանոթացնեմ, Մոսկվայից է եկել։

Մի քանի րոպե հետո հայրիկիս աշխատավայրում էի (այն տարիներին մեր տունը ռադիոխմբագրությունից 100 մետրի վրա էր գտնվում)։ Հորս աշխատասենյակի դուռը բացեցի և ներս մտա։ Համազգեստով հաճելի մի տղամարդ էր նստած։ Ինձ թվաց, որ հորս տարիքին կլիեր, բայց հետո իմացա, որ 4-5 տարով մեծ է հայրիկիցս։ Հայրս ծանոթացրեց.
- Միլիցիայի գեներալ Ալեքսեյ Հեքիմյան։ Կոմպոզիտոր է նաև, երգեր է գրում։
Գեներալը ծիծաղեց ու սեղմեց ձեռքս։ Իսկ հայրս իրեն հատուկ կեսլուրջ-կեսկատակ շարունակեց.
- Ընկեր Հեքիմյանը խոստացել է նաև հայերեն երգեր գրել։ Այդպես է, չէ՞, Ալեքսեյ Գուրգենովիչ։

Հեքիմյանը ժպտաց և գլխով հաստատեց։ Այդ օրերին ես կարծում էի, թե հայրս ինձ ծանոթացրել է մոսկվացի հայ գեներալի հետ։ Միայն տարիներ հետո երբ հայրս ստացավ Ալեքսեյ Հեքիմյանի ուղարկած ձայնասկավառակը՝ հայերեն հրաշալի երգերով՝ Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Վարդուհի Խաչատրյանի, Նար Հովհաննիսյանի կատարմամբ, հասկացա, որ իմ տեսած գեներալը հիանալի կոմպոզիտոր է։

Դրանից մոտ մի տարի հետո հայրս Հեքիմյանից նոր նվեր ստացավ՝ «Սիրելի ուսուցիչ» երգի նոտաների ֆոնի վրա կոմպոզիտորի դիմանկարը՝ նրա մակագրությամբ.
«Հարգելի ընկեր Հովյան,
Շնորհավորում եմ ձեր նոր տարին։
Ալեքսեյ Հեքիմյան»։
(նա կարծում էր, թե Օվյանը Հովյանի ռուսերեն թարգմանությունն է)...

1981-ի սեպտեմբերին Հեքիմյանը կրկին Արցախում էր։ Այս անգամ ես նրան չտեսա, քույրերս հանդիպեցին և լուսանկարվեցին հետը։ Հայրս ասաց, որ Հեքիմյանը պատահական լսելով իր երկու բանաստեղծությունների հիման վրա գրված Գեղունի Չթչյանի ռոմանսները, բացականչել է. «Վազգեն Գարեգինովիչ, հարգելիս, իսկ ես կարծում էի, թե միայն արձակագիր ես։ Ինչո՞ւ ես ինձնից թաքցրել, որ հրաշալի բանաստեղծություններ ունես»։ Եվ առաջարկել է անպայման ուղարկել բանաստեղծություններից՝ տեքստերի հիման վրա երգեր գրելու համար։ Հայրս ընտրել է իր ձեռքով մեքենագրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ և ուղարկել կոմպոզիտորին։

Դրանից մի քանի ամիս հետո՝ 1982-ի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության օրը լսեցինք, որ սիրված կոմպոզիտորը Մոսկվայում վախճանվել է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

12.06.2020

Անցյալ դարձած գեղեցիկ մի աշխարհ


Հովհաննես Կարապետյանին հիշում եմ 1969 թվականից։ Հովհաննես Շիրազի մանկության ընկերներից է, ծնված նույն թվականին և նույնպես Հովհաննես (Օնիկ) Կարապետյան։ Երկար տարիներ եղել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ժողովրդական արտիստ։ 1969 թվականին հայրիկիս՝ Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» պիեսը, որ բեմադրել էր Հովհ. Կարապետյանը, Թումանյանի 100-ամյակին նվիրված ներկայացումների մրցույթում Երևանում երկրորդ մրցանակ էր շահել։ Հիշում եմ, որ ներկայացման մասնակիցները հպարտությամբ պատմում էին, որ Երևանում իրենց ասում էին՝ «Դուք առաջինն եք... Բայց դե քաղաքականություն, դիվանագիտություն-բան կա, ցավոք...»։

Այդ թվականին Հովհաննես Լևոնովիչը 55 տարեկան է եղել, հայրս՝ 37 տարեկան, ես՝ 9 տարեկան, որ տասնյակ անգամ կուլիսների հետևից, ավելի ճիշտ՝ բեմի կողքի աջ անկյունից թաքուն դիտում էի ներկայացումը, որովհետև այդ տարիներին 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը խստիվ արգելվում էր...

Հովհ. Կարապետյանը հոգով, սրտով, ողջ էությամբ գյումրեցի-լենինականցի էր՝ հումորով լի, հպարտ, տաղանդավոր ու շատերի համար նաև մի քիչ տարօրինակ։ Ասում են՝ շատ դժվար է դերասանների հետ, դերասանների միջավայրում աշխատելը։ Եվ նա մի քանի անգամ խռովել, զայրացել, թողել է մեր թատրոնն ու մեկնել Երևան։ Հետո ամեն անգամ հարգված դերասաններից կազմված հատուկ մի պատվիրակություն էին ուղարկում նրա ետևից՝ Երևան, որ խնդրեն, համոզեն և ետ բերեն Ստեփանակերտ։

Երբ առաջին անգամ հետ վերադարձավ, հայրիկիս հետ գնացի հյուրանոց՝ նրան տեսնելու։ Ազատ նորմալ համար չլինելու պատճառաբանությամբ նրան անշուք, խոնավ ու գարշահոտությամբ ներծծված մի սենյակ էին հատկացրել։ Հայրս զայրացավ ու ասաց, որ թույլ չի տալու նրան ապրել նման անպետք վանդակում։ Եվ Հովհաննես Լևոնովիչը մոտ երկու ամիս Մայր թատրոնի հարևանությամբ, Կնունյանց փողոցում գտնվող մեր նախկին բնակարանն ընդամենը երկու սենյակից էր բաղկացած, Իսկ առաստաղն այնքան ցածր էր, որ ես դեռ յոթերորդ դասարանից րատկում և ձեռքով դիպչում էի առաստաղին, բարձրահասակ հայրս կատակով ասում էր՝ բնակարան տալիս գոնե բոյս հաշվի առնեին...

Հետո Հովհաննես Կարապետյանին բնակարան տվեցին մեր թաղամասում, և հայրս ու նա դարձյալ պարբերաբար հանդիպում էին և շատ հաճախ ես էլ էի լինում նրանց հետ։ Զրուցում էին թատրոնի, արվեստի, գրականության մասին, նաև նարդի էին խաղում, որը յուրօրինակ մի ներկայացում էր։ Կարապետյանը առավել շատ պարտվում էր ու դժգոհում. «Չէ, բախտդ բերում է երկար խաղով։ Արի էս անգամ կարճ խաղանք»։ Դարձյալ պարտվում էր ու զայրացած սկսում հայհոյել զառերին՝ «Ծախված զառեր, խուլիգան զառեր, անդաստիարակ, տմարդի, անպետք զառեր...»։ Դրանով չբավարարվելով, նա սկսում էր զառերին անվանել չսիրած մարդկանց անուններով, ասենք՝ Առաքել Սարուխանյան զառեր, Մուկուչյան զառեր, թուրք զառեր...

Այնուհետև, ընկերներով սեղանի շուրջ կատակներ անելիս, հայրս մի քիչ գունազարդած պատմում էր այդ ամենը, Հովհաննես Կարապետյանը բարեհոգի ժպտում էր ու իբր ջղայնացած ասում. «Մի սրան նայեք, էս ո՞նց է կարողանում էսպես գեղեցիկ հնարել...»։

Հովհաննես Լևոնովիչը նույնիսկ ցանկացավ ինձ դերասան դարձնել։ Թարգմանված մի ինչ-որ պիեսում 10-12 տարեկան երեխայի դեր պիտի խաղայի։ Հաճույքով դերիս տեքստը արտագրեցի ու սկսեցի անգիր անել։ Բայց հասկանալով, որ այդ ողջ տեքստը պիտի արտաբերեմ հարյուրավոր մարդկանց, բազմաթիվ հանդիսատեսի աչքի առաջ ցցված, ես, որ այդ տարիներին շատ ամաչկոտ էի, ի խոր հիասթափություն Հովհաննես Կարապետյանի, հրաժարվեցի դերասան դառնալու մտքից։

Ճիշտ է, դերասան դառնալու մտքից հրաժարվեցի, բայց թատրոնը սիրելուց չկարողացա հրաժարվել։ Երբ արդեն 16 տարիս լրացավ, ներկա էի լինում նաև փորձերին։ Ինձ համար յուրօրինակ հրաշք մի աշխարհ էր թատրոնը։ Ճանաչված, սիրված դերասաններ կային՝ Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Բենիկ Օվչյան... Դերասաններ կային, որ տարիներ առաջ մեծն Վահրամ Փափազյանի խաղընկերն են եղել... Նրանց ամեն անգամ տեսնելիս, մտածում էի, որ մտավորականներն ահա այսպես են լինում՝ աներևակայելի բարեկիրթ, հպարտ ու խելացի։

Փորձերի ժամանակ Հովհաննես Լևոնովիչը նստում էր դահլիճում, փոքրիկ մի սեղանիկ առաջ և այդտեղից ղեկավարում ողջ պարահանդեսը։ Եվ այդ ընթացքում նա այնքան էր տեղից ցատկում, բեմ բարձրանում, դերասաններին բացատրում, թե որտեղ և ինչպես պիտի կանգնել, ինչպես պիտի արտասանել նախօրոք սովորած, նաև բազմիցս կրկնած տեքստը, որ ես զարմանում էի, թե ոչ ջահել ու զգալիորեն ծանրամարմին այդ մարդը ոնց է կարողանում բազմաթիվ անգամ բարձրանալ բեմ ու իջնել և ոնց է կարողանում բոլորի հետ կրկնել նրան տեքստն ու խաղալ, մարմնավորել նրանց դերը…

Հիշում եմ, թե մի անգամ սիրային տեսարանի փորձի ժամանակ ինչպես էր Հովհաննես Կարապետյանը վրդովել. «Ծո, ա՛յ տղա, էդ ինչպե՞ս ես խաղում, կյանք չկա կերպարիդ մեջ, սեր չկա  մեջդ... Էդպես, որ տատիկիս սեր բացատրեիր, քեզ պատուհանից դուրս կշպրտեր...»։

Իր արժեքն ու տաղանդը քաջ գիտակցողի պես նա հաճախ էր դժգոհում, որ իրեն չեն գնահատում։ Նման պահերին ասում էր. «Ինձ պես տաղանդավոր, պատկառելի մարդուն սրանք էս ո՞ւմ տեղն են դրել...»։  Նա չէր ծխում, բայց կինը՝ տիկին Ռոզան հայրիկիս հավասար ծխում էր։ «Դե, տանը մի ծխող պիտի լինի, Ռոզիկս ծխում է, ես էլ ծխեմ՝ բա հացի փողը որտեղի՞ց պիտի գտնենք»,- կատակով ասում էր Կարապետյանը։

Հայրիկիս սիրում էր ինչպես կրտես եղբոր կամ ավագ զավակի։ Երբ զայրացած ու անտրամադիր էր լինում, ասում էր. «Տաղանդավոր մարդ ես, էստեղ կորչելու ես, արի թքենք, գնանք Երևան։ Ինձ այնտեղ տուն ունեմ, քեզ էլ իսկույն տուն կտան...»։ Հայրիկիս երևանաբնակ ընկերներն էլ էին առաջարկում տեղափոխվել Երևան։ Ասում էին՝ «Էդտեղ ի՞նչ ես կորցրել, եկ Երևան՝ ավելի շատ կտպագրվես, ավելի հայտնի կդառնաս...»։ Իսկ հայրս միշտ ձեռքը թափ էր տալիս՝ «Չէ, չեմ կարող։ Բա մեր էս չքնաղ երկիրն ո՞ւմ թողնենք, Մուհամեդի թոռների՞ն...»։

Շա՜տ-շատ տարիներ են անցել։ Վաղուց չկան նրանք՝ հայրիկս, Հովհաննես Լևոնովիչը, սիրված դերասանները, սիրելի մարդիկ։ Նրանց հետ կարծես գեղեցիկ մի աշխարհ է հեռացել, դարձել անցյալ ու պատմություն։ Գեղեցիկ ու հրաշք մի աշխարհ, որտեղ «Մեր մանկության տանգոն» ու «Հին օրերի երգը» կար, Ֆրունզիկ-Մհեր Մկրտչյան կար, Սոս Սարգսյան ու Կարպ Խաչվանքյան կար, որոնք այդ գեղեցիկ աշխարհում մի մեծ աշխարհ էին...

Նայելով այս նկարներին, կրկին մտածում եմ՝ երանի մի հրաշք լիներ, գոնե մի օրով, թեկուզ մի ժամով վերակենդանանար այդ հրաշք աշխարհը, որտեղ նույնպես ապաշնորհներ ու սրիկաներ կային, բայց նրանք կարծես այնքան էլ շատ չէին, մարդիկ ավելի շատ էին Մարդ... Եվ շատ մեծ հավատ կար գեղեցիկ այդ աշխարհում, որ մնացել էր քառասուն սարի հետևում՝ ինչպես երազ ու անդառնալի քաղցր հուշ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Նկարներում՝ Հովհաննես Կարապետյան։ Երկրորդ լուսանկարում տեսարան «Մեծ լոռեցին» ներկայացումից (Թումանյան՝ Բենիկ Օվչյան, Խորհրդավոր ծերունի՝ Հովհ. Կարապետյան), Աջից վերևի լուսանկարում՝ հայրիկս, դերասաններ Բ. Օվչյանը և Ժ. Մովսիսյանը, 1969 թ.։ Ներքևի լուսանկարում՝ Բ. Օվչյան, Հ. Կարապետյան, երրորդին չեմ կարողանում հիշել, նրանից աջ՝ հայրս։