21.05.2020

Ալեքսանդր Գրիգորյան... Մարդ էր, Հորացիո...


Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

Ավագ ընկեր ունեինք՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանը։ Պրոֆեսիոնալ լրագրող էր. գրում էր հնարավորինս սեղմ և փոքր ծավալում կարողանում էր ամեն ինչ ասել։ Ինֆորմացիայի ժանրի վարպետ էր։ Պաշտոնաթերթերին էր թղթակցում և առավելապես պաշտոնական շրջանակներում էին օգտվում նրա ծառայություններից։ Բայց դա բացարձակապես չէր ազդում մեր՝ ոչ պաշտոնական, ազատ մամուլում աշխատողիս և ընկերոջս՝ Գեղամ Բաղդասարյանի հետ հարաբերությունների վրա։

Ավելին՝ միշտ մեզ հետ էր կիսվում։ Իսկ երբ հրատարակում էինք «10-րդ նահանգ» անկախ թերթը, քննադատում գործող իշխանություններին՝ սկսած երկրի առաջին դեմքից, և իշխանություններին հաճոյանալու համար շատերը հեռուստաեթերից ցեխ էին շպրտում թերթի վրա, 1937-ի ոգով «մերկացնում» մեզ՝ «ժողովրդի թշնամիներիս», Ալեքսանդրը հրապարակավ ելույթ ունեցավ և պաշտպանեց մեզ, որի համար ծանր կշտամբանքներ ստացավ երկրի առաջին դեմքից և կորցրեց աշխատանքը...

Շատ տարիներ առաջ էր, Ա. Ղուկասյանի պաշտոնավարման վերջին տարիներին։ Ինձ ու Գեղամի հետ, որին ավելի վաղուց էր մոտ, հերթական հանդիպման ժամանակ Սաշան (նրան միշտ այդպես էինք դիմում) ասաց. «Տղերք, մի անհամեստ հարց պիտի տամ։ Ինձ լավ գիտեք, այն, ինչ ասեք, մեր մեջ կմնա... Տարիներ առաջ, երբ հրատարակում էիք «10-րդ նահանգ» թերթը և այդ մռայլ տարիներին քննադատում իշխանություններին, որքա՞ն աշխատավարձ էիք ստանում... Ներեցեք այս հարցիս համար, եթե չեք ուզում, կարող եք չպատասխանել...»։

Գեղամն ասաց. «Խնդիր չկա, թող Վարդգեսը պատասխանի»։ Ասացի, թե որքան էի ստանում, Գեղամն էլ ասաց, թե ինքը որքան էր ստանում։
Ալեքսանդրը՝ Սաշան ժպտաց, կարծելով, թե կատակում ենք... Հետո հասկացավ, որ միանգամայն լուրջ ենք ասում, զարմացած նայեց մեզ ու ասաց. «Տղերք, դուք խելագա՞ր եք... Եվ այդ աննշան գումարի համար դուք վտանգում էիք ձեր կյա՞նքը»... Ասացինք, որ գումարի համար չէինք գրում, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, արտահայտում էինք մեր վերաբերմունքը, մեր կարծիքը, տեսակետը, մեր դիրքորոշումը...

«Դուք լավ գիտեք, որ սիրել, սիրում ու հարգում եմ ձեզ։ Այդ հարգանքը հիմա բազմապատկվեց... Ես երբեք չեմ կարող այդպես։ Մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես միշտ իշխանամետ եմ, ես էլ այդպիսին եմ»,- ասաց Ալեքսանդրը։

Դրանից տարիներ հետո աշխատանքից վերադառնալիս, մի օր հանդիպեցի Սաշային։ Անտրամադիր էր։ Ասաց՝ եթե չես շտապում, եկ մի քիչ զբոսնենք։
Հիմնականում ինքն էր խոսում։ Խոսում էր ցավով, խորապես զզված և հիասթափված իշխանություններից, այն մարդկանցից, որոնց հետ երկար աշխատել է և այն մարդկանցից, որոնց հավատում էր։

Արդեն հրաժեշտ էինք տվել։ Մի քանի քայլ էի արել, լսեցի Սաշայի ձայնը՝ ինձ էր կանչում։ Շրջվեցի։ «Այսպիսի երկիրը ապագա չունի...»,- ասաց, ձեռքը թափ տվեց ու գնաց։
Մտքովս չէր անցնում, որ դա մեր վերջին հանդիպումն է։ Մի ամիս հետո, 2007 թվականի փետրվարի 27-ին Սաշան արդեն չկար...

Շեքսպիրի հերոսի այս խոսքերը կարող եմ կրկնել Ալեսանդր Գրիգորյանի մասին՝ «Մարդ էր, Հորացիո»...