25.06.2013

350 մտավորական նամակ են ստորագրել կամ՝ երբ երկրի ու ժողովրդի անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են

Կարդալով վերնագիրը՝ «Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին», ապա նայելով այն ստորագրողների պատկառելի քանակը (350 հոգի)՝ անկեղծորեն ուրախացա. վերջապես հայ մտավորականները լեթարգիական քնից զարթնել են, հասկացել են, որ Հայոց երկիրը սրընթաց ու անշեղորեն սլանում է դեպ կործանում։ Քրեաօլիգարխիկ անօրինություններն ու ավերածությունները, սարսափելի չափերի հասած արտագաղթը, դրան գումարած՝ Արցախի հարցում մեր «ռազմավարական դաշնակցի» ադրբեջանանպաստ հայտարարությունները, 1 մլրդ դոլարի հասնող ռուսական տեխնիկայի վաճառքը մեր թշնամուն, դրան զուգահեռ՝ Հայաստան ներմուծվող գազի սակագնի բարձրացումը, «Գազպրոմի» կողմից հայաստանյան մասնաբաժնի 20 տոկոսը զավթելուն ուղղված գործընթացները և Հայաստանը հայաթափելուն միտված բազում մյուս գործողությունները արթնացրել են հայ մտավորականներին...

Կարդացի նամակի առաջին տողը՝ «2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում և Արցախում...» ու, շատ մեղմ ասած, մնացի ապշած։ Մտածելով, որ երևի տեսողական խաբկանք է, որոշեցի մի նախադասություն էլ ընթերցել «Բաց նամակի» միջնամասից. «Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչո՞ւ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ»…

Համամիտ եմ, պատվարժան տիկնայք և պարոնայք, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հռչակավոր համալիրի տեսքն աղճատելն անօրինություն է, բայց, հարգելիներս, այսօր Ձեզ համար մեր ազգային լինելությանն ու երկրին սպառնող ամենամեծ վտանգն արդյո՞ք Գանձասարի շրջապարսպի սալիկապատումն է։ Ինչո՞ւ վանքի սալիկապատումն է միայն այդպես համերաշխ համախմբել Ձեզ։ Մտավորականի Ձեր սուր աչքն առնվազն վերջին 2-3 շաբթում միայն դա նկատե՞ց։ Ուրիշ համազգային խնդիրներ ու պրոբլեմներ չկա՞ն «Հայաստան՝ երկիր դրախտավայրում»։ Հայոց հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական ու մշակութային կյանքում ամեն ինչ Ok է ու մեր հանգիստ, անհոգ ու երջանիկ կյանքին միակ խանգարողը Գանձասարի շրջապարսպի սալիկապատո՞ւմն է։

Նամակը ստորագրողների մեջ, բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր իրենց հրապարակումներում բազմիցս ահազանգել են Հայոց երկիրը դեպ կործանում տանող հիմնական խնդիրների մասին, իրենց քաղաքացիական կեցվածքով երիցս բարձր են նամակում իրենց կողքին կանգնած բազմաթիվ մտավորական կոչվածներից, ու վերոհիշյալ նամակը ստորագրելով, ապացուցում են, որ իրենք անտարբեր չեն մեր երկրի ցանկացած պրոբլեմային հարցի հանդեպ։

Իմ խոսքն ուղղված է երեք հարյուրից ավելի մյուս նամակագիրներին, ովքեր իրենց թանկագին ժամանակը զոհաբերել, համերաշխ հավաքվել ու բազում վերքերից մահամերձ «հիվանդի» մարմնի վրա գոյացած «գորտնուկի» հարցն են բարձրացնում... Հարգելիներս, շատ կներեք, բայց ինձ թվում է, որ Դուք և երկիրն ու ժողովուրդն այս պահին միանգամայն տարբեր ժամանակատարածքային «գոտում» եք ապրում։ Ձեզ բարի ժամանց եմ մաղթում ու անկեղծորեն նախանձում, որ Ձեր գոյությանն ու երջանկությանը սպառնացող միակ վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս

12.06.2013

ԿՈՐՉԵՆ ԾԱՌԵՐԸ, ԿԵՑՑԵՆ ԹՓԵՐԸ

Հայոց լեռնաշխարհում, այդ թվում՝ Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում բարձր մակարդակով շարունակում են ծառահատումները։ Եվ լավ էլ անում են։ Ո՞ւմ են պետք այդ ծառերը, որ տնկվել են ադրբեջանական բռնակալության ծանր ու դաժան տարիներին։ Թող կորչեն հնի մնացուկ բոլոր այդ կանաչտերևավորները։ Կեցցեն թփերը։ Պետք է զարկ տալ կանաչապատման «թուփ» եղանակին։ Ընդհանրապես թուփը, գազոնը հասարակության բոլոր ոլորտներում պետք է դարձնել համընդհանուր ընդօրինակման առարկա, չափանիշ, էտալոն, որ միշտ աչք է շոյում իր համեստությամբ՝ ի տարբերություն վեր ցցված ու մեր նվաճումների վրա ստվեր նետող զանազան այլանդակ ծառազգիների... Թփերը հեշտ «ղեկավարելի են», մի փոքր վեր են բարձրանում, հատուկ մեքենա-սարքավորումով խուզում, հավասարեցնում են։

Հայոց մերօրյա կադրերն աննշան տարբերությամբ՝ այդ ԹՈՒՓ տեսակից են՝ ո՛չ միայն ինտելեկտուալ առումով։ Պարզապես ունիվերսալ են՝ որտեղ տնկում ես՝ աճում են։ Անկախ նրանից՝ գյուղնախարարությո՞ւն է, կրթության և գիտության ոլո՞րտ, թե՞ մշակույթի խոպան... Հապա նայեք վերոհիշյալ կամ մյուս նախարարությունների համայնապատկերին՝ ոնց որ գեղեցիկ գազոն լինեն. նախարարի, դռնապանի կամ հավաքարարի ինտելեկտուալ մակարդակների միջև գրեթե ոչ մի տարբերություն չես գտնի... Ամենակարևորը՝ գրագետ են, հիմնականում հայոց այբուբենը գիտեն, և ամեն ամիս պարտաճանաչ ստորագրում ու աշխատավարձ են ստանում...

Ի դեպ, ուղղակի ապշել ու զարմանալ կարելի է, թե ինչպես հարևան հետամնաց ու պահպանողական Թուրքիայում ինչ-որ Գեզի զբոսայգու ծառահատման աշխատանքների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր ու հակակառավարական ակցիաներ են անում։ Ամենածիծաղելին այն է, որ ծառահատման դեմ այդ անմիտ բողոքի շարժումը տարածվել է թուրքական 67 քաղաքներում։ Այ քեզ տխմարներ, գոնե օրինակ վերցրեք մեզնից։ Օրինակ վերցրեք նաև Հայաստանից, որտեղ նույնպես ծառերն օրենքից դուրս են հայտարարվել, քանի որ ամեն քայլափոխում հիշեցնել են տալիս խորհրդային անազատ ու ապազգային 70 տարիները (օրինակ՝ Դիլիջանում «էլիտար» դպրոց կառուցելու համար հատկացվել է 88 հեկտար անտառապատ տարածք և արդեն շինարարության համար հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ)...

Ծիծաղելի է անշուշտ։ Բայց ախր շատ է տխուր։ Ամեն անգամ գլխատված ծառ տեսնելիս հիշում եմ հորս՝ Վազգեն Օվյանի վաղուց գրված այս բանաստեղծությունը.

Կա հին մարագը և խոտի դեզը,
Կալատեղն էլ կա, բայց չկա եզը։
Եզը ի՞նչ աներ, անցել է դարը,
Դե եզ է, էլի, գլուխը քարը...

Տրակտորի տված բարիքը ծով է,
Ատոմի դարում եզ պահողն ո՞վ է։
Արորի բախտը բերեց այս անգամ,
Եկան քաղաքից, տարան թանգարան։

- Էքսպոնատ է արորը,- ասին,-
Պիտի իմանա աշխարհն էդ մասին։
- Բա ե՞զն,- հարցրին,- ի՞նչ անի անգործ։
- Եզան համար էլ կա սպանդանոց։

Եզը խեղճ եզ էր, դե ո՞ւմ բողոքեր,
Վճիռը անբեկ ու անողոք էր։
Տարան մորթելու, ու չբառաչեց,
Տարան քերթելու, ու չհառաչեց.

Ականջում արտի շրշյուն-շորորն էր,
Հոգում մաճկալի հո՜-հորովելն էր։
Հեռվում մարագն էր ու խոտի դեզը...
Եվ ոչ ոք չասաց. «Ափսո՜ս է եզը»։

1984 թ.

ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ ԵՆ

Երբ լուրջ-լուրջ վերլուծություններ ու կարծիքներ եմ կարդում առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը բարձրացրել է կամ «Եվրոտեսիլ» կոչվող շոուում Հայաստանի ներկայացուցչին 2 միավոր է տվել, Ադրբեջանին՝ 12, ներառյալ նաև՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում «ռազմավարական դաշնակցի» հայտարարությունը, ըստ որի՝ Ղարաբաղյան խնդրում «Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է» և այլն, մնում եմ տարակուսած հարցադրումներից՝ «մեր մեծ բարեկամ», «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն ինչո՞ւ է այդպես անում...

Այդ հարցի պատասխանն իմանալու համար ընդամենը պետք է ճանաչել դիմացինին։ Տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Իսկ նրան ճանաչելը դա ռուս ընկերոջ հետ բաժակ զարկելը չէ միայն և ոչ էլ ռուս ժողովրդի ազնիվ զավակ ու տղամարդ լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ մեր ժողովրդի մասին ասված հիանալի խոսքերը։

Պարզապես պետք է դիմել սեփական պատմությանը, այլ ոչ թե այն ամուր փակել ու բանալին դնել գրպանում։ Պատմությունը հպարտանալու կամ դառն ճակատագիրը ողբալու համար չէ միայն։ Պատմությունից սովորաբար նաև դասեր են քաղում, որպեսզի ոչ միայն անցյալի սխալները չկրկնեն, այլև նոր սխալներ չգործեն։

1828 թվականից ի վեր, երբ «ռուսի օրհնած ոտքը» մտել է Հայաստան ու այն դարձրել իր գաղութը, կարճ ժամանակ հետո պարզ է դարձել, որ այդ երկրին Հայաստանը պետք է միայն որպես տարածք՝ առանց բնիկ ազգաբնակչության։ Առայսօր ոչինչ չի փոխվել, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին կայսրություն է, որ դարեր ի վեր ընդարձակվել է ոչ միայն արևմուտքից արևելք, այլև՝ հյուսիսից հարավ՝ մինչև Կամչատկա և Հայաստան, ճանապարհին ոտնատակ անելով կամ միաձուլելով բազում մանր-մունր ցեղերի ու ժողովուրդների։
Թե այդ կայսրությունն ինչքան է գոյատևելու, դժվար է գուշակել։ Թերևս մեզ համար դա չէ էականը, այլ այն, որ այդ ընթացքում մեր երկիրն ավելի շուտ չվերանա աշխարհի քարտեզից։ Ի տարբերություն մեզ, ռուսները բազմամիլիոն ազգ են, կայսրության փլուզումից հետո առնվազն երկու Ուկրաինայի չափ պետություն մնալու է։ Մեր պարագայում գլխավոր խնդիրն այն է լինելու, որ ոտնատակ չընկնենք ու ընդմիշտ կորցնենք մեր մատնաչափ երկիրը։
Հատկապես երբ դրա շատ դառը փորձն ունենք՝ Արևմտյան Հայաստանի կորուստը։

Վերջապես եկեք հասկանանք, որ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև «բարեկամությունն» ընդամենը Ստրուկի և Տիրոջ բարեկամություն է։ Դրա թարմ վկայությունները՝ էներգակիրների մենաշնորհը Ռուսաստանին հանձնելը, սեփական տարածքի մի որոշ մասը երկարաժամկետ ու առանց վարձավճար նրան հանձնելը՝ ռազմաբազաների համար։ Որքան գիտեմ, Կիրգիզիան իր տարածքում տեղադրված ռազմաբազաների համար վարձավճար է ստանում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից...

Սա լուրջ հոդվածի թեմա է։ Այս պահին ավելի ծավալվելու ցանկություն ու ժամանակ չունեմ։ Եզրափակեմ. մեր բոլոր դժբախտությունների ու սխալների պատճառները պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Այն մեր մեջ է։ Քանի դեռ ինքներս չենք ուզում ձերբազատվել մեր մեջ նստած ստրուկից, քանի դեռ ազգային արժանապատվություն, ինքնասիրություն հասկացությունները մեզ համար վերացական ինչ-որ բաներ են, մեր դռանն ուղտի պես միշտ չոքած է լինելու ոտնատակ ընկնելու և որպես ազգ ու երկիր վերանալու վտանգը։

ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, ԲԱՅՑ...

Արցախյան գոյամարտի տարիներին երբ տղամարդիկ հեռանում, փախչում էին վտանգված հայրենիքից, ես նրանց չէի կարողանում ներել։ Անգամ երբ իմ ծանոթներից կամ ընկերներից էին։ Հանրապետական թերթում հրապարակել էի այն գրող-մտավորականների ցուցակը, ովքեր այդ տարիներին լքել էին Հայրենիքը։

Շուրջ 20 տարի է անցել։ Պատերազմի տարիներին Արցախից հեռացած շատերն այսօր ռուսաստաններում և այլուր երիցս լավ են ապրում, առնվազն 100 անգամ ավելի լավ քան ես՝ իմ ընտանիքով։ Սակայն այսօր ևս ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը։ Իմ կյանքն աշխարհի ուրիշ ոչ մի անկյունում չեմ պատկերացնում...

Նոր ժամանակներ եկան։ Կարծես թե մեր լեռնաշխարհն ու մենք չենք փոխվել։ Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է, և այսօր ես չեմ կարողանում մեղադրել պատերազմի դաժան բովով անցած այն մարդկանց, այն տղաններին, ովքեր հեռանում են Հայրենիքից։ Բացարձակապես չեմ կարողանում մեղադրել, հիմք ու պատճառներ չեմ գտնում, և դա է ամենասարսափելին...

Իմ այս խոսքերը մորթապաշտներին, վախկոտներին չեն վերաբերվում։ Այստեղ նրանց լինել-չլինելը մի հաշիվ է։ Ամենափոքր վտանգի դեպքում նրանք, միևնույն է, ծլկելու են։ Իմ աչքի առաջ այն տղաներն են, ովքեր արյուն են թափել մեր հողի համար։ Նրանցից շատերը բազմանդամ ընտանիք ունեն, երեխաներ ունեն։ Ոմանք սարսափելի պայմաններում են ապրում, ոմանք, դրան գումարած՝ ոչ մի կերպ չեն կարողանում աշխատանք գտնել։ Շատերը տասնյակ, անգամ հարյուրավոր անգամ ճակատները պատին խփելուց հետո կոտրվում են, հերթական անգամ հիասթափված տուն վերադառնալով ու փոքրիկների անմեղ ու սպասողական աչքերին նայելով, անզորությունից քիչ է մնում լան։ Եվ մի օր էլ, ուրիշ ոչ մի ելք չտեսնելով, ցավով կապում են ճամպրուկներն ու հեռանում իրենց արյան, առողջության գնով ազատագրված և մերսեդեսներով, դղյակներով հեղեղված հայրենի երկրից... Իմ աչքի առաջ այդ մարդիկ են...

Իմ հարազատներից մեկն Արցախյան ազատամարտի տարիներին վիրավորվել էր։ Տեղափոխվել էր Երևան և վիրահատվել։ Պատերազմից հետո նպաստ էր ստանում՝ որպես 2-րդ կարգի հաշմանդամ։ Մի քանի տարի հետո 2-րդ կարգը փոխեցին ու դարձրին 3-րդ կարգ։ Մի որոշ ժամանակ էլ անցավ։ Երևանից ժամանած բժշկական հանձնաժողովը «ստուգեց» ու նրան զրկեց կարգից։ Ընտանիքը, երեխաներին պահելու համար ստիպված այնպիսի աշխատանքներ էր կատարում, որ իրեն հակացուցված էր, չէր կարելի։ Հետո «աշխատանքային սեզոնն» ավարտվեց ու նա մնաց անգործ...

Բարեբախտաբար, նա չի մտածում հայրենի հողը լքելու մասին։ Ավագ որդին մի տարի հետո կզորակոչվի բանակ՝ իր նման հազարավոր տղաների պես պաշտպանելու մեր երկիրը։ Այս մարդիկ են մեր ներկան ու ապագան։ Ամեն ինչ պետք է անել, որ նրանք երբեք չմտածեն օտար ափեր մեկնելու մասին։ Այլապես մի օր մենք կորցնելու ենք այն ամենաթանկը, ինչ թշնամուց պաշտպանել ենք կյանքի ու արյան գնով՝ մեր Հայրենիքը։