16.01.2016

ԴՈՒԴՈՒԿ ԵՎ ՍՐԻՆԳ


Դուդուկն այնպես թախծոտ, այնպես մելամաղձոտ էր նվագում, որ շուրջբոլոր իջել էր համընդհանուր տխրություն, և ամենքը լալիս էին: Լալիս էր նաև հենց ինքը՝ Դուդուկը: Նրա աչքերից արցունքներ էին հոսում, ընկնում մայր հողին, և համատարած այդ վշտից հողը նույնպես խեղճացել ու թմրել էր լիովին...

Միայն Սրինգն էր, որ չէր ուզում համակերպվել այդ մեծ տխրությանը: Քիչ հեռվում նստել ու երբեմն փորձում էր իր նվագով ցրել այդ տխրությունը, մեկ-մեկ ցանկանում էր ժպտալ, ուզում էր ծիծաղել մի քիչ, սակայն Դուդուկն իր ողբաձայն նվագով իրեն էր ենթարկել ողջ շրջապատը, և Սրնգին գրեթե լսող չկար:

- Սրինգ ջան, չորս կողմ մարդիկ ամբողջովին տարված են իմ նվագով: Վշտերը տակնուվրա են արել նրանց հոգիները, և ինձ հետ ահա լալիս են բոլորը: Ամենքը կիսում են մեր ցավը, բացի քեզնից: Նվագս գերել է նրանց, իսկ դու հեռվում նստել և, երևում է, չես ընդունում իմ նվագը: Իմ բարեկամ Սրինգ, ասա, ինչո՞ւ չես սիրում դու ինձ,- հորդացող արցունքները սրբելով, լալագին հարցրեց Դուդուկը:

- Թշվառ իմ բարեկամ, իսկապես դու ճիշտ ես նկատել. ես քեզ չեմ սիրում,- պատասխանեց Սրինգը:- Ես չեմ կարողանում տանել քո նվագը, որովհետև տարիներ ու դարեր շարունակ դու միայն լացացնում ես մարդկանց: Նրանց անընդհատ իրենց վշտերն ու կորուստներն ես հիշեցնում, դու խոսում ես միայն նրանց ցավերից, և նրանք դարեր ի վեր լալիս ու ողբում են քեզ հետ...
- Սրինգ եղբայր, ուրեմն քո կարծիքով մենք մոռանա՞նք մեր կորուստները, ուրեմն սպանե՞նք մեր հիշողությունն ու հրաժարվե՞նք մեր պատմությունից...

- Ոչ, Դուդուկ եղբայր, դու ինձ ճիշտ չհասկացար և երևի երբեք չես հասկանա, քանզի կյանքում դու միայն դառնություններն ես տեսնում: Մեր ապրած ու ապրելիք կյանքին դու նայում ես լոկ սև ակնոցներով: Մինչդեռ նայիր, տես ինչ գեղեցիկ ու հիասքանչ է կյանքը: Նայիր, ինչպես են բացվել ծաղիկները, ինչպես են նրանց շուրջ թիթեռնիկների պես թռվռում մանչուկները: Դու մտածիր նաև այդ ծաղիկների ու մանչուկների մասին... Նրանք են Ապագան: Եթե այսօր չմտածես նրանց մասին, ապա վաղը, երբ մեծանան նրանք, նույնքան տխուր ու խեղճ կլինեն, ինչպես այսօր նրանց ծնողներն են, ինչպես նրանց պապերն ու ապուպապերն են եղել...
- Սրինգ, սիրելիս, բայց ես զվարճանալու և ծիծաղելու պատճառներ չեմ տեսնում...

- Չես տեսնում, որովհետև մարդկանց մեջ դու շարունակ խեղճություն ու լալկանություն ես պատվաստում, և հենց դու ես մեղավոր, որ դարեդար մեր հայրենակիցներից չի բաժանվում թշվառությունը, ողբերգությունը, եղե՜ռնը...
Ես նույնպես հիշում եմ մեր ժողովրդի դառնություններն ու կորուստները: Նրանց ցավերը նաև իմ ցավերն են, և ես երբեմն տխրում եմ այդ կորուստների ծանրությունից: Բայց ես, Դուդուկ եղբայր, երբեք չեմ լալիս ու ողբում: Ես հավատով եմ նայում իմ ժողովրդի այսօրվան ու վաղվան, և իմ նվագով փորձում եմ նրա մեջ ոչ միայն դիմանալու ուժ ու կորով ներարկել, այլև ապրելու հավատ, պայքարելո՛ւ և հաղթելո՛ւ հավատ:
Ես ուզում եմ, որ մարդկանց երբեք չլքի ազգային արժանապատվության զգացումը, որ նրանք ոչ թե լան ու ողբան, այլ պայքարեն իրենց ոտնահարված իրավունքների, ինքնասիրության ու ազատության համար: Ես նվագում եմ իսկական տղամարդկանց համար և այդ տղամարդկանց արժանի կանանց համար:
Եվ, վերջապես, իմ Դուդուկ բարեկամ, ես նվագում եմ ոչ միայն անցյալի տխուր հուշերի, այլև այսօրվա ու վաղվա մեր անցնելիք դարավոր ուղու մասին,- այսպես ասաց Սրինգը և զվարթաձայն հնչեցրեց իր ձայնը...

Նրա նվագում երբեմն տխուր ու թախծոտ ելևեջներ կային, բայց ավելի շատ կենսասիրություն ու հույս, կորով ու հավատ կար: Նրա նվագում սեփական ուժերի հանդեպ անսահման մեծ վստահություն ու լավատեսություն կար: Եվ մարդիկ, որ վշտահար ու տխուր էին, խեղճությունից կորացած ու նվաստացած, կամաց-կամաց ուղղեցին իրենց մեջքը, դադարեցին ողբալուց: Նրանց բերանի անկյուններում աստիճանաբար ժպիտ երևաց, բազուկները լցվեցին ու պրկվեցին, և նրանք հասկացան վերջապես, որ իրենք Մարդ են ու ապրելու նույնքան իրավունք ունեն, որքան աշխարհի մյուս բոլոր մարդիկ: Եվ նրանք, սեղմված բռունցքներով, հպարտ ու վես սկսեցին շարժվել դեպ իրենց նախնյաց լքված օջախներն ու գերված շիրիմները, բայց ոչ թե այնտեղ լալու ու ողբալու, այլ ազատագրելու և ծխացնելու հայրենի օջախների ծուխը, իրենց պապենական, իրենց դարավոր, միակ ու սուրբ Հայրենիքի ծուխը: Նրանք արդեն պատրաստ էին պաշտպանելու իրենց երկրի Ազատությունը, Անկախությունն ու Պատիվը:

Հունիս, 1993 թ.