03.02.2019

Լույս և խավար


Վերջին հետանկախական տասնամյակներում երբ մեզանում հավատացյալների կտրուկ աճ է նկատվում և դա բացատրվում է «վերադարձ արմատներին»-ով, մնում եմ տարակուսած։ Ստացվում է, որ մեր ազգի արմատները սկսում են մեր թվարկության 301 թվականից։ Իսկ մինչ այդ մենք անդեմ, անգո, անլեզու ինչ-որ գոյացություններ էինք։ Ստացվում է, որ մեր բազմադարյան, 5-հազարամյա մեր պատմության մասին աղբյուրները սուտ ու կեղծիք են (ի դեպ, ոմանք մեր արմատները նույնիսկ 50 հազար տարվա խորխորատներն են հասցնում)։ Ուրեմն չե՞ն եղել «Ծովից ծով Հայաստանն» ու Տիգրան Մեծը՝ մեր պատմության ամենապայծառ դեմքերից մեկը, որին նվիրված երկու տասնյակից ավելի օպերաներ են գրել եվրոպացի կոմպոզիտորները, այդ թվում՝ Վիվալդին, Հենդելը, Սկարլատին, Գլյուկը, Հասսեն...

«Հավատը նահանջում է, աթեիզմն առաջ է շարժվում, բայց միայն Չինաստանում է բնակչության մեծ մասը համոզված հայտարարում, որ Աստծուն չի հավատում»,- այս տողերով է սկսում WIN/Gallup-ի հարցման արդյունքների հիման վրա գրված «China and Europe stand out on world map of atheism» («Չինաստանն ու Եվրոպան առանձնանում են աթեիզմի համաշխարհային քարտեզի վրա») վերնագրով հոդվածը։

Ըստ հոդվածի, աշխարհի «ամենաանաստված» երկիրը Չինաստանն է, որտեղ բնակչության 67 տոկոսն իրեն համոզված աթեիստ է համարում։ Երկրորդ խոշոր «աթեիստական» երկիրը Ճապոնիան է (29 %), մյուս ասիական պետությունը՝ Հարավային Կորեան (23%)։

Աթեիստների մեծ տոկոսով աշխարհի 20 երկրներից 18-ը գտնվում են Եվրոպայում՝ Սլովենիա (28%), Չեխիա (25%), Ֆրանսիա և Բելգիա (21%), Շվեդիա (18%), Իսլանդիա (17%), Իսպանիա (16%), Գերմանիա և Դանիա (14%), Մեծ Բրիտանիա (11%), Նորվեգիա, Ավստրիա, Էստոնիա (10%), Լատվիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Ալբանիա (9%), Իտալիա (8%)։ Նույն «աթեիստական» երկտասնյակում են գտնվում ոչ եվրոպական երկու երկիր՝ Ավստրալիան (13%) և Կանադան (10%)։ Աշխարհի խոշորագույն երկրներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում աթեիստները 7 տոկոս են կազմում։

Հայաստանում, այդ հարցման արդյունքներով, աթեիստներն ընդամենը 2 տոկոս են կազմում, Ադրբեջանում՝ 0 տոկոս։

Բայց աթեիստներից բացի կան նաև, այսպես ասած, ոչ կրոնապաշտ, ոչ հավատացյալ մարդիկ, որոնց թվով առաջատար երկրներն են՝ Շվեդիան (55%), Ավստրալիան, Էստոնիան, Նորվեգիան (50%)։ Զարմանալին այն է, որ վերջիններիս անցել են Վիետնամն (57%) ու մեր հարևան Ադրբեջանը (64%). Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է (58%)։
Սակայն վերադառնանք մեր երկիր։ Այս ցուցակում Հայաստանը կրկին վերջին տեղերում է՝ 4 տոկոս։ Ասել է թե՝ Հայաստանը ոչ հավատացյալների տոկոսով 16 անգամ զիջում է Ադրբեջանին։

Ոմանք կդժգոհեն, կամաչեն մեզ վերաբերող այս տվյալներից, ոմանք կհպարտանան՝ «տեսեք որքան ամուր է մեզանում հավատն առ Աստված», երրորդները կկասկածեն հարցման արդյունքների վրա։ Ես առաջին և երրորդ խմբին եմ պատկանում՝ ամաչում եմ և կասկածում գոնե Հայաստանի և Ադրբեջանի մասով արդյունքների վրա։ Թերևս հնարավոր է, որ մանր անճշտություններ լինեն, բայց պատկերն իրոք, մեղմ ասած, հաճելի չէ։

Ես զուգահեռ եմ անցկացնում այսօրվա և խորհրդային Հայաստանի միջև, որ գերազանցապես աթեիստական երկիր էր, ուսումնական ծրագրերում կար նաև «Գիտական աթեիզմ» առարկա, տարեց մարդկանց մի փոքրիկ մասն էր միայն եկեղեցի հաճախում։ Ես այն տարիները համեմատում եմ մերօրյա իրականության հետ, երբ եկեղեցին մուտք է գործել դպրոց և երեխաներին «Հայ եկեղեցու պատմություն» են սովորեցնում, երբ ջահել վանականները բարձր աշխատավարձով հայտնվել են Հայոց բանակում, երբ աջ ու ձախ բիզնեսմեն մեր երևելիները եկեղեցիներ են կառուցում...

Համեմատում եմ ու սարսափում վերջին տասնամյակների մեր պետության համար, որտեղ կոռուպցիան, կաշառակերությունը սողոսկել են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներն ու ծակուծուկերը, և այսօր մարդիկ երիցս ավելի քիչ են վստահում ու հավատում իրար, երիցս պակասել է ազնվությունը, բարությունը, հարգանքն առ դիմացինը, քան «աթեիստական», «անհավատ» Հայաստանում էր։

Համեմատում եմ և ցավում մեր իրականության լայնասփյուռ գաղջից ու խավարից։ Մինչդեռ տասնամյակներ առաջ որքա՜ն լույս ու հավատ կար մեր ուժերի հանդեպ, իրար նկատմամբ։ Գրողը տանի, բա ասում եք՝ հավատը մեզ ազնվություն, արժանապատիվ ապրել է սովորեցնում է և, ընդհակառակը, սովորեցնում է արհամարհել ամենայն վատը՝ գողությունը, ստորաքարշությունը, խաբեությունը, անազնվությունը, խարդախությունը և այլն։

Ցավում եմ, որ այսօր այնքա՜ն դեֆիցիտ կա ամենայն լավի, գեղեցիկի, ազնվության, բարության։ Խավարն այսօր երիցս շատ է և Լույսի աներևակայելի պակաս կա այսօր, ու սա է ամենամեծ մտահոգությունս։
Տխուր ենք ապրում, պարոնայք։