ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ-1

-ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՆՍՏԱՐԱՆԻՑ
-ԽԵՂԿԱՏԱԿԸ
-ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
-ԱՐԴԱՐ ՕՐ
-ՁՅՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՎ
-ԲԱԺԱԿԱՃԱՌ
-ՊԱՏԱՀԱՐ




ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՆՍՏԱՐԱՆԻՑ

- Երիտասա՛րդ, չես լսում...
Ես նայում եմ մեր թեկնածուի ակնոցի հետևում պատսպարված աչքերին ու հասկանում, որ նկատողությունն ինձ է վերաբերում։ Ձևացնում եմ, թե ընդունում եմ քննադատությունը և կրկին համոզվում, որ այս անիծյալ դասախոսությանը չպիտի մնայի։ Մեր կենսաբան թեկնածուն, ոչինչ, վատ մարդ չէ, բայց կաչաղակի պես ձանձրալի է։ Մի փոքրիկ թերություն էլ ունի. խելք չունի և բոլորովին չի կարողանում թաքցնել իր այդ թերությունը, ու ես մի քիչ խղճում եմ նրան։

Եվ հիմա, երբ դրսում գարուն է ու հետաքրքիր, և ես սովորաբար նման դեպքերում բարեխղճորեն փախչում եմ դասախոսություններից, չգիտեմ ինչու, այս անգամ զոհել եմ քառասունհինգրոպեներս ու առաջին շարքի վերջին նստարանից զանազան հիմարություններ եմ դուրս տալիս ինքս ինձ։
Ես միշտ նստում եմ առաջին շարքի վերջին նստարանին։ Այստեղից ամեն ինչ երևում է։ Ինձնից աջ լսարանն է, իսկ դեպի ձախ, պատուհանից այն կողմ՝ Ազատությունը։ Ավելի շատ սիրում եմ երկրորդը և, անհամեստություն չհամարվի, դասախոսություններից փախչելու գծով առաջինն եմ ոչ միայն մեր ֆակուլտետի մասշտաբով։

Հիշում եմ, մի անգամ մեր աղջիկները պայմանավորվել ու փախել են պրոֆեսորի դասախոսությունից, իսկ ես պատահաբար ներկա եմ գտնվել այդ դասաժամին։ Պրոֆեսորը կատաղել է, փրփրել ու կանչել դեկանին, և նրանք մեր աղջիկներին «պարգևատրել են» նկատողություններով։ Աղջիկներից մեկն ասել է, որ իրենք առաջին անգամ են փախել դասախոսությունից, իսկ որոշ մարդիկ պարբերաբար փախչում են և ոչ մի նկատողություն էլ չունեն։ Այդ «որոշ մարդիկը» ես էի, և ներքուստ շատ հպարտացա, որ հիմար աղջիկն իմ մասին հոգնակի արտահայտվեց։ Բայց, այնուամենայնիվ, ինքնասիրությանս մի քիչ դիպչել էին, և ես ասացի, որ բացի դրանից, այդ «որոշ մարդիկ» նույնիսկ գերազանցիկի թոշակ էլ են ստանում։ Այդ կիսամյակում գերազանցիկ էի։

Դրանից հետո, իհարկե, չսահմանափակեցի կանոնավոր փախուստներիս թիվը, և մի անգամ ընկերս՝ Վարդանը, ասաց, որ ինքը թաքուն հաշվել է իմ բաց թողած դասաժամերը։ Դրանց քսան տոկոսը միանգամայն հերիք էր, որ ինձ հեռացնեին ինստիտուտից։ Այս նորությունը ես չգիտեի և դրանից հետո ավելի հպարտացա իմ անձով։
- Այ տղա՛, չես լսում։

Ես նորից ընդունում եմ մեր թեկնածուի քննադատությունն ու հրեշտակային անմեղությամբ նայում նրան։ Չեմ հասկանում, թե ինչու է անպայման ուզում, որ ես էլ լսեմ իրեն։ Իհարկե, այստեղ կարևորը լսելը չէ, այլ գրելը։ Դասախոսներին դուր է գալիս, որ իրենց պաշտպանած և չպաշտպանած դիսերտացիաներն անմահացնում ենք մեր տետրերում։ Ես մի առանձին սեր չունեմ դասախոսություններ գրելու նկատմամբ, որովհետև եթե կենսաբանական գիտությունների օվկիանոսում խորանալու հավես ունենայի, գրված դիսերտացիաների երկու տոկոսն էլ բավական էր, որ մի քանի տարուց հետո համալրեի անխելք կենսաբանների բանակը։ Չեմ հասկանում, թե այդ ինչից է, որ մեր կենսաբան գիտնականների քանակը հակադարձ կախման մեջ է կենդանական աշխարհի ներկայացուցիչների թվաքանակից։ Ինչքան տուժում է աշխարհի ֆաունան, նույնքան անգամ ստվարանում է գիտնականների բանակը։ Մի անգամ մեր թեկնածուն ասել է, որ կապիկների թիվը նվազում է, և դա ցավալի է։ Ես ասել էի, որ ավելի ցավալին այն է, որ դրան հակառակ, ավելանում է կապիկների թիվը մարդկանց մեջ։ Նա ոչինչ չէր հասկացել ու ասել էր, որ ես հիմարություններ դուրս չտամ։

Թեկնածուն ակնոցի հետևում նորից պտտեցրեց աչքերն ու հանգստացավ, կարծելով, թե «լսում եմ»։ Ես իսկապես խղճում եմ նրան, որովհետև ինձ հետ մեծ հույսեր է կապում՝ կենսաբանական նորանոր հայտնագործությունների հաշվով։ Իսկ ես թքել եմ այդ բոլոր հայտնագործությունների, գրված և գրվելիք դիսերտացիաների վրա։ Ո՞ւմ են պետք այդ հայտնագործությունները, երբ մենք մի քանի տասնյակ դելֆիններ պիտի ոչնչացնենք, համոզվելու համար, որ նրանք մեկուկես կիլոգրամ ուղեղ ունեն։ Երբ կրկեսի էժանագին մի ծաղրածու պիտի ոստոստի նախշերով փոխան հագցրած արջի հետ, իբր պարում է, և մենք ծափահարում ենք ու չենք հասկանում, թե որն է առավել ողորմելի. ա՞րջը, որ խղճուկ ոստոստում է ետևի վերջավորությունների վրա, թե՞ մարդը, որ հիմար ծամածռություններ է անում՝ հանուն արջի խղճուկ ոստոստումների։

Ո՞ւմ են պետք այդ հայտնագործությունները, երբ փիղը չոքում է։ Չոքում է, որովհետև մենք այդպես ենք ուզում։ Չոքում է, ու կիսամերկ մի քած մագլցում է նրա կնճիթը և ուլունքի պես կախվում ականջից։ Չոքում է, և մենք ծափահարում ենք, որ չոքում է։ Մենք ստիպում ենք նաև, որ նա պառկի մեր ոտքերի տակ։ Մենք կարող ենք այնպես անել, որ նա հավիտյան պառկած էլ մնա։ Մենք ամենազոր ենք, տիեզերք ենք հասել։ Մենք մարդ ենք, և ես ուզում եմ թքել...
- Չե՛ս լսում։
Թո՛ւհ, զզվեցրեց։ Վարդանը բոթում է արմունկս.
- Քեզնից ի՞նչ է ուզում,- կամաց հարցնում է նա։
- Դստեր հետ ժամադրվել եմ, և հիմա սա կատաղել է, որ իր աղջկան փոխարինել եմ տխմար դասախոսությամբ,- հանգիստ բացատրում եմ ես։
Նստարանի տակ Վարդանն ուժեղ սեղմում է ոտքս։ Ես գիտեի, որ նա թաքուն սիրահետում է կենսաբանի աղջկան։ Միշտ մեկին սիրահարվում է ընկերս, և ես մի քիչ նախանձում եմ նրան։

Մեր թեկնածուն ոգևորված բլբլացնում է՝ ակնոցի վերևից աչքերը պտտեցնելով լսարանով մեկ։ Ես նորից խղճում եմ նրան ու մտածում. տեսնես մեր չորքոտանի բարեկամները, սողուն և կիսասողուն նախնիները գիտե՞ն, արդյոք, որ հանձինս այս կաչաղականման ու մի քիչ անխելք դասախոսի, խոսում է հենց ինքը՝ ֆաունայի մեծ բարեկամը, և մի քանի ամիս հետո կթռչի մայրաքաղաք՝ դոկտորականի համար։

Ճիշտն ասած, ես էլ եմ սիրում կենդանիներին։ Գյուղի մեր բակում առանց դասակարգային պայքարի տիրություն են անում կատուների ու շների տասնյակ խառնածիններ՝ իրենց խայտաբղետ ձագերով։ Գուցե դրանից էր, որ քաղաքներից եկած և մեր գյուղում բնավորված կենսաբանության նոր ուսուցչուհին մի օր հայտնվեց մեր տանն ու հանդիսավոր հայտարարեց.
- Սահակ, տղադ մեծ կենսաբան պիտի դառնա։

Իսկ մինչ այդ ես չգիտեի, որ մեծ կենսաբան պիտի դառնամ։ Ընկերներս էլ չգիտեին, որովհետև զբաղված էին իրենց առաջին սիրո համար օբյեկտներ որոնելով։ Իսկ ես այդ ժամանակներում փոքրիկ թափառաշրջիկների մի խումբ ետևիցս արած, պարկուճներ էի պայթեցնում, ու մեր գյուղի առավոտները միշտ կրակոցներով էին բացվում։ Եվ երբ առաջին անգամ արևը ծագեց առանց կրակոցների, համագյուղացիներս շատ զարմացան ու մտածեցին, որ ինձ հետ երևի վատ բան է պատահել։ Դա այն օրվա առավոտն էր, երբ ուսուցչուհիս ասել էր, որ ես մեծ կենսաբան պիտի դառնամ, ու հայրս ուրախությունից շշմել էր։

Եվ հիմա ես, ապագա մեծ կենսաբանս, ափսոսում եմ, որ չծլկեցի այս ձանձրալի դասաժամից։ Իսկ համակուրսեցիներիս մեծ մասը զբաղված է դասախոսություն գրելու արարողությամբ։
Առաջին շարքի առաջին նստարանին մեր ավագն է տեղավորված և, ինձ թվում է, թե չափից դուրս լավ է տեղավորված։ Նա միշտ առաջին նստարանին է նստում, բայց, այնուամենայնիվ, մեր կուրսի ամենահիմար անձնավորությունն է։

Մեր շարքում, ինձնից ու Վարդանից բացի, համարյա բոլորն էլ գրում են։ Ընկերս գիրք է կարդում ու ձեռքին մեքենայաբար շարժում գրիչը, և մեր կենսաբանը համոզված է, թե նա գրանցում է իր գիտական շարադրանքները։
Երկրորդ շարքի ամենամոլեռանդ դասախոսություն գրողը Մարիամն է։ Դասախոսություններից նա երբեք չի բացակայում և, գրելիս ետ մնալով, շրթունքներն է շարունակ կծոտում։ Յուրաքանչյուր դասախոսության համար տանն առանձին տետրեր ունի, որտեղ խնամքով արտագրում է օրվա գրածը, բայց, այնուամենայնիվ, քննություններին «բավարարներ» է ստանում ու բողոքում անարդարությունից։
Մարիամի հետ Բենոն է նստած, և նույնպես գրում է։ Չափից դուրս շատ է լուսանցք թողնում, ու ես հասկանում եմ, որ բանաստեղծություն է գրում։

Չորրորդ նստարանին Արմինեն է։ Ձեռքերը նստարանի տակ են։ Ես չեմ տեսնում, թե ինչով է զբաղված, որովհետև Ռաֆայելն ու Էմինը իրենցով ամեն ինչ ծածկել են։ Ռաֆոն Արմինեից ձախ է նստած և նստարանի վրա գրչի հակառակ կողմով ինչ-որ բան է փորագրում։ Իսկ ետևի նստարանին շռայլորեն Էմինն է մեկնվել։ Քնա՞ծ է, թե՞ երազում է։ Երևի առաջինը։ Նա երազելու ընդունակություն չունի։ Նրա փոխարեն մտածում ու երազում են հայրն ու գիտնական հորեղբայրը։ Կան մարդիկ, ովքեր կարող են իրենց կյանքը նվիրել քեզ, և դու կարող է չիմանաս էլ այդ, բայց կան մարդիկ, ովքեր լուցկու մի հատիկ կտան քեզ, և այդ մասին ողջ աշխարհը կիմանա։ Էմինը երկրորդներից է։

Երկրորդ շարքի վերջին նստարանին Գարեգինն ու Սևակն են։ Սրանք միշտ ինչ-որ բաներ են խզմզում, կարդում ու գլուխները ցած՝ թաքուն ծիծաղում։
Երրորդ շարքում գրեթե բոլորն էլ գրում են։ Իսկ ամենից եռանդունը Կարոն է։ Թերևս սրա հետ կարելի է հույսեր կապել՝ հանուն կենսաբանական նվաճումների։

Մեր աղջիկների մեծ մասը կենսաբանությամբ այնքան է հետաքրքրվում, որքան մաթեմատիկայով, ֆիզիկայով, աստղագիտությամբ ու քաղաքատնտեսությամբ։ Թոշակի համար քննություններին մի քիչ չարչարվում են, բայց նրանց երազների հատման կետը տղաներն ու դիպլոմն են։ Մինչև բարձրագույն ընդունվելը անմեղության մարմնացում են ձևացնում, հետո, ինստիտուտ ընդունվելուց հետո իրենց եգիպտական փարավոնների պես են պահում։ Լեզվագրական ֆակուլտետում մեկը կա, գեղեցիկ է և, ինչպես գրեթե բոլոր գեղեցկուհիները, չափազանց հիմար։ Սկզբում օրը մի հինգ-վեց անգամ բարևում էր ինձ։ Հետո, երբ ինստիտուտ ընդունվեց, բավարարվում էր մի բարևով։ Իսկ հիմա սպասում է, որ ես բարևեմ, ու ինքը թեթև շարժի գլուխը։

Գյուղից եկածների մեջ խելոք աղջիկներ կան, բայց մի մասը թեթևամիտ են, և առաջին անգամ իրենց շրթներին զգալով շրթներկի համը, լսելով բարձրակրունկների տկտկոցը ողորկ ասֆալտին, ընդմիշտ մոռանում են գյուղն ու հարազատներին, ու քաղաքը համալրվում է նոր քաղքենիներով։ Սրանք սկզբում տղայի անուն լսելով՝ փշաքաղվում ու շառագունում են մինչև ականջածայրերը, մի քանի ամիս հետո վայելում առաջին համբույրի բերկրանքը, իսկ այնուհետև արդեն կազմ ու պատրաստ են ցանկացած արուի վզից կախվելու։ Եվ քաղաքը համալրվում է...
- Ա՛յ տղա, դարձյալ...

Թեկնածուն չավարտեց նախադասությունը։ Հնչեց զանգը, իսկ դասամիջոցին ստիպված էի լսել նրա ձանձրալի խորհուրդները։ Եվ երբ գլուխս կախ լսում ու սպասում էի նրա շաղակրատանքի ավարտին, մտովի վայելում էի հաջորդ 45 րոպեի ազատությունս, անսպասելիորեն հնչեց զանգը...
Սկսվեց երկրորդ 45 րոպեն, ու ես առաջին շարքի վերջին նստարանից սկսեցի թաքուն ողբալ կորսված ազատությանս համար։ Զայրույթից շրթունքներս եմ կծոտում, իսկ ընկերս քթի տակ ուրախ ժպտում է, որ մենակ չմնաց։

Գլխումս մի միտք է ծագում։ Անհամբեր սպասում եմ։ Թեկնածուն կարծես դիտմամբ չի ուզում ինձ նայել։ Վերջապես գլուխը բարձրացրեց ամբիոնին դարսած թղթերից։ Որսալով նրա հայացքը, լայն հորանջում եմ։
- Արտա՛կ, դո՛ւրս...
Համակուրսեցիներս շրջվեցին և հետաքրքրությամբ նայեցին ինձ։ Ես, հրճվանքս թաքցնելով, վեր կացա ու միանգամայն հանգիստ պատրաստվում էի թողնել լսարանը։ Երբ անցնում էի ամբիոնի և նրա ետևում հպարտ ձգված կենսաբան թեկնածուի մոտով, կանգ առա ու ասացի.
- Ընկեր Խորենյան, այնուամենայնիվ, աշխարհում կապիկների թիվը բոլորովին էլ չի նվազել...
- Տեսնում եմ,- ոտից գլուխ ինձ չափելով, ասաց թեկնածուն, և ես դուրս փախա՝ թիկունքիս լսելով համակուրսեցիներիս ուրախ ոռնոցը։
Դրսում հիանալի եղանակ է։ Ես մի պահ մտածեցի, որ թեկնածուն լավ կծեց, հետո մոռացա ամեն ինչ և երբ պիտի անցնեի փողոցը, նկատեցի մի ծեր կնոջ ու շտապեցի օգնել նրան։

* * *
Ութ օր հետո ինստիտուտի ռեկտոր Սերգեյ Հակոբյանը այսպիսի մի նամակ ստացավ Լեռնաշենից.
«Հարգելի ռեկտոր Սերգեյ Լևոնովիչ, ուսումս շարունակելու հավես չունեմ։ Ձեզ մոտ, ինստիտուտում, մի քանի զույգ թղթեր ունեմ, որոնք պատմական ոչ մի արժեք չեն ներկայացնում և ինձ պետք չեն։ Եթե Ձեզ մոտ, արխիվում տեղ չկա, կարող եք ուղարկել հետևյալ հասցեով...
Ձևականության համար ուղարկում եմ դիմումս՝ ձեռագիր երեք օրինակից։ Եթե չօգնեն, ուզում եմ հիշեցնել, որ ահագին բացականեր ունեմ։
Հարգանքներով՝ սույն թվականի կենսաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսի նախկին ուսանող և ապագա գյուղատնտես Աբելյան Արտակ Սահակովիչ։
Հ. Գ.- Բարևներս խնդրում եմ հաղորդեք կենսաբանության ամբիոնին»։
Սեպտեմբեր, 1985 թ.




ԽԵՂԿԱՏԱԿԸ

Գյուղական ութամյակն ավարտելուց հետո, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց քաղաք, և ես տեղավորվեցի իններորդ «Ա»-ի երկրորդ շարքի երրորդ նստարանին, մեր նույն շարքի վերջին նստարանի տղային բոլորը «Խեղկատակ» էին անվանում։

Անունը Հրայր էր։ Իր ներկայությամբ Հրայր էին ասում, թաքուն՝ Խեղկատակ։ Ինքն էլ գիտեր այդ ու կարծես ներքուստ համաձայն էր, որ իրեն Խեղկատակ անվանեն։ Միջահասակ էր, հաճելի դեմքով։ Սկզբում ես կարծում էի, թե առանց նրա մեզ՝ իններորդցիներիս համար դասաժամերը չափազանց ձանձրալի կլինեին, հետո հասկացա, որ այդ դասաժամերը ձանձրալի կլինեին նաև ուսուցիչների համար։ Յուրաքանչյուր դաս անցնում էր նրա անմիջական մասնակցությամբ։ Դաս հարցնեին կամ չհարցնեին, միևնույն է, պիտի խոսեր, այլ կերպ չէր կարող։ Ուներ զարմանալիորեն նուրբ հումոր ու իր ռեպլիկներով ձեռ էր առնում ոչ միայն ընկերներին, այլ այդ ռեպլիկները երբեմն էլ ուղղված էին լինում ուսուցիչներին։ Եվ ոչ ոք չէր նեղանում, որովհետև նա երբեք չէր չարաշահում իր «իրավունքները»։

Բացի մաթեմատիկայից, մնացած բոլոր առարկաներից Հրայրը միջակ կամ լավ գնահատականներ էր ստանում։ Իսկ մաթեմատիկան նրա տարերքն էր։ Մենք թաքուն այն կարծիքին էինք, որ նա մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Ավետիսյանից էլ շատ գիտե, ու այդ բանը հենց ինքը՝ ընկեր Ավետիսյանն էլ է հասկանում, բայց դիվանագիտորեն ցույց չի տալիս։

Առաջին օրը, սեպտեմբերի մեկին, երբ ես հայտնվեցի իններորդ «Ա»-ում, և դպրոցի դիրեկտոր ընկեր Կոնստանտին Մարգարյանն ինձ ներկայացրեց իններորդցի իմ ապագա դասընկերներին ու դուրս եկավ դասարանից, գյուղական պատանու իմ տեսքն այնպիսի աշխուժություն էր առաջ բերել տղաների մեջ, որ մոտ տասը րոպե արբանյակների պես նրանք պտտվում էին իմ շուրջն ու իմ մասին ամենաբազմազան մտքեր փոխանակում իրար հետ։ Իսկ աղջիկներն իրենց նստարաններից թագուհիների արժանապատվությամբ նայում էին դասարանի մեջտեղում արձանի նման ցցված իմ գոյությանն ու երգաձայն քրքջում։

Ես մտածեցի, որ իմ կողմից լավագույն քայլը թերևս չքվելը կլիներ, բայց ոտքերս ոչ մի ուղղությամբ չէին ուզում շարժվել։
Իմ շուրջ ծավալված այդ ընդհանուր զվարթությանը չէր մասնակցում միայն մի տղա։ Նա նստել էր երկրորդ շարքի վերջին նստարանին, գլուխը հենել ձախ ձեռքին ու շատ հանգիստ նայում էր իմ հայտնությունից առաջացած ուրախ տեսարանին։ Հետո նա դանդաղ բարձրացավ տեղից ու վերջին նստարանից, կարծես ոչ մեկին չնկատելով, սկսեց շարժվել դեպի գրատախտակի առջև արձանացած իմ գոյությունը։

- Անունդ ի՞նչ է,- ասաց նա և բոլորը՝ իմ շուրջ պտույտներ գործող տղաների խումբն ու նստարաններին տեղավորված իմ ապագա թագուհի ընկերուհիները, հանդիսավոր լռեցին։
- Ռաֆայել,- ասացի ես ու մտածեցի, որ սա կամ պիտի փրկի ինձ, կամ վերջին փառահեղ ջարդը տա։
- Իսկ իմը՝ Հրայր,- ասաց նա։- Տղերք, Ռաֆայելը մեզ հետ է ավարտելու միջնակարգը։ Մեկ-մեկ ներողություն խնդրեք ու ծանոթացեք։ Դու առայժմ կնստես ինձ մոտ՝ մեջտեղի շարքի վերջին նստարանին։

Երբ նա դուրս եկավ, տղաներից մեկն ասաց.
- Խեղկատակն այսօր լուրջ է։
Նույն վայրկյանին տղաներից մեկի բռունցքը իջավ նրա գլխին։ Ես սպասում էի, որ ամեն ինչ նորից պիտի սկսվի, բայց, ի զարմանս ինձ, տղաները ներողություն խնդրեցին ինձնից ու մեկ-մեկ սեղմեցին ձեռքս։
Ընդամենը երկու ժամ նստեցի Հրայրի մոտ։ Հետո մեր դասղեկի դասն էր, և նա ինձ տեղափոխեց մեջտեղի շարքի երկրորդ նստարան՝ ինձ վրա ծիծաղող թագուհիներից մեկի մոտ, որը հետագայում, այսինքն երեք ու կես ամիս հետո, դարձավ իմ երրորդ թե չորրորդ սերը, և ես սիրային բանաստեղծությունների ավելի քան չորս տետր ձոնեցի նրան։

Հենց առաջին օրից Հրայրը դարձավ իմ ամենամտերիմ ընկերը։ Մի ամիս հետո գյուղական ամոթխած պատանուց իմ մեջ համարյա ոչինչ չէր մնացել։ Միայն առաջին երկու ամսում մոտ տասնհինգ անգամ տուրուդմփոցների մեջ ընկա և, խոստովանում եմ, դրանցից ավելի քան տասներկուսում հակառակորդներս ոչ մի մեղք չունեին, ու եթե Հրայրը չլիներ, հազիվ ինձ բախտ վիճակվեր իմ ֆիզիկական գոյությունը հասցնել մինչև առաջին կիսամյակ։

Ամենուր Հրայրն ինձ հետ էր, և կարծես իմ արարքների ողջ պատասխանատվությունը նրա ուսերին էի բարձել։ Ինչ ուզում՝ անում էի, համոզված, որ նա անպայման կփրկի ինձ։ Հրայրն ինձ համար ոչ միայն մտերիմ ընկեր էր, այլև ավագ եղբայր։ Ես այնքան էլ անտարբեր չէի դեպի հումանիտար առարկաները, կարելի է ասել, որ նույնիսկ լավ էի սովորում, ու Հրայրը հույս ուներ, թե ինձնից անպայման մի բան դուրս կգա։ Իսկապես այնքան էլ համոզված չէի, թե ինձնից անպայման մի բան դուրս կգա, բայց չէի ուզում այդ հարցում հիասթափեցնել իմ սիրելի ընկերոջը, որ մեր բոլորի և անձամբ ընկեր Ավետիսյանի հաստատ համոզմամբ անպայման մաթեմատիկոս պիտի դառնա։

Մի օր էլ հայոց լեզվի ու գրականության մեր նոր ուսուցչուհի Մանյա Շաքարյանը կանգնեցրեց նախավերջին նստարանի մեր աղջիկներից մեկին՝ Անահիտին, և հանձնարարեց նախադասություն կազմել «վերամբարձ կռունկներ» կապակցությամբ։ Երբ ուսուցչուհին շրջվեց դեպի գրատախտակը, Անահիտը շրջվեց Հրայրի կողմը, որը կամաց ինչ-որ բան ասաց նրան։
- Վերամբարձ կռունկները չվում են տաք երկրներ,- նախանձելի անմեղությամբ ասաց Անահիտը։

Մոտ հինգ րոպե մեր ուսուցչուհին չէր կարողանում մեզ լռեցնել։ Ծիծաղում էին բոլորը, բացառությամբ մեր ուսուցչուհու։
- Վերամբարձ կռունկները բույն են հյուսում, որպեսզի մեջը ձագեր հանեն,- ասացի ես։
Ուսուցչուհին կատաղորեն նայեց ինձ ու ասաց.
- Ձայնդ կտրի՛ր, ապուշ գյուղացի։
Դասարանում քար լռություն տիրեց։

- Ինչո՞ւ եք վիրավորում Ռաֆայելին,- վերջին նստարանից լսվեց Հրայրի ձայնը։
- Քեզ նման խեղկատակները չէ, որ պիտի ինձ սովորեցնեն, թե ում նկատողություն անեմ,- ասաց Մանյա Շաքարյանը,- երբ նա շրջվեց դեպի գրատախտակն ու արտասանեց կատարվելիք վարժության համարը, բոլորս դժգոհությամբ բացեցինք մեր տետրերը։
- Ընկեր Շաքարյա՛ն, «երփներանգ» բառը բ-ով եք գրել,- ասաց Հրայրը։
Ուսուցչուհին նայեց գրատախտակին,- մենք նկատեցինք, թե ինչպես նրա ականջները զարդարվեցին վառ կարմիրով։
- Վերջապե՜ս,- երգեցիկ ձայնով ասաց նա,- վերջապես գտնվեց մեկը։ Դիտմամբ սխալ եմ գրել, տեսնեմ հասկանո՞ւմ եք, թե՞ պատահականորեն եք իններորդում հայտնվել։

Մի շաբաթ հետո, երբ լեզվի և գրականության ուսուցչուհին բաժանել էր շարադրությունների մեր տետրերը, Հրայրն ասաց.
- Ընկեր Շաքարյաюն, դուք սխալմամբ ինձ «չորս» եք նշանակել։ Բողոքում եմ։
- Ի՞նչ, «հինգ» ես ուզո՞ւմ։
- Երկու կոպիտ սխալ էլ եմ արել։ «Երփներանգ» բառը երկու անգամ բ-ով եմ գրել, իսկ «վայրէջքը»՝ ե-ով, բայց դուք չեք նկատել... դիտմամբ։ Ձեր դասերին չեմ նստելու,- ասաց Հրայրն ու դուրս եկավ դասասենյակից։

Հրայրի հարցը դրվեց մանկավարժական խորհրդում։ Մանկխորհին մենք՝ բոլոր իններորդցիներս, վերջնագիր ներկայացրինք. եթե Հրայրին պատժեք, մեզ այլևս դպրոցում չեք տեսնի։ Հրայրին, այնուամենայնիվ, նկատողություն տվեցին, իսկ Շաքարյանը ստիպված եղավ ուրիշ դպրոց տեղափոխվել։
Միջնակարգն ավարտելուց հետո ես թղթերս հանձնեցի մանկավարժականի պատմական ֆակուլտետ։ Հրայրն ասաց, որ ինքն ուզում է աշխատել էլեկտրալամպերի գործարանում, որտեղ իր հայրն է աշխատում։

- Իսկ մաթեմատիկա՞ն,- զարմացած հարցրի ես։
- Մաթեմատիկան ի՞նչ։ Ես սիրում եմ այն, ինձ դուր է գալիս թվերի աշխարհը, բայց դա մասնագիտություն չէ ինձ համար, պարզապես հետաքրքիր ժամանց է։ Ես սիրում եմ հորս աշխատանքը, փականագործի աշխատանքը։
Այնուամենայնիվ, ծնողները ստիպեցին, որ նա թղթերը հանձնի մեր ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետ։

- Հանձնել եմ, բայց, միևնույն է, չեմ ընդունվի, կտեսնես,- ասաց նա։
Ընդունելության քննությունից հետո նա ուրախ-ուրախ դուրս եկավ ու ինձ մեկնեց ծալծլված մի թուղթ։
- Այստեղ գրել եմ ինձ մոտ նստած աղջիկների անունները։ Օգնել եմ, «հինգ» կամ «չորս» պիտի ստանան։
- Իսկ դո՞ւ...
- Դիտմամբ միայն առաջին հարցն եմ գրել։ Ի դեպ, երբ առաջինը ես աշխատանքս հանձնեցի և դուրս եկա, դասախոսը նայեց կիսատ աշխատանքիս ու, երբ դուռը ծածկել էի, հետևիցս լսեցի՝ խեղկատա՛կ... Հետաքրքիր է, չէ՞։

Հաջորդ օրը մենք անհամբեր սպասում էինք մեր գնահատականներին։ Հրայրը, ավելի ճիշտ, սպասում էր իմ և «իր աղջիկների» գնահատականներին։ Ես «չորս» էի ստացել, աղջիկները՝ «չորս» և «հինգ», Հրայրը՝ «երեք»։
- Ամեն ինչ գնում է իմ կազմած ծրագրով,- ուրախ ասաց նա։- Այս մեկն էլ պիտի «երեք» ստանամ։ Կարող եմ նաև «երկու» ստանալ, բայց մի տեսակ անհարմար է, ինձ պատիվ չի բերում։

Հրայրն այս անգամ էլ իր խոսքի տերը եղավ՝ «երեք» ստացավ և երրորդ քննությանը գնաց աղջիկներից մեկին օգնելու համար միայն։
- Անունը Արմենուհի է։ Լավ աղջիկ է։ Ի դեպ, «հինգ» էր ստացել և միայն ինքը շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ այդ «հինգը» ես եմ վաստակել։
Ես և Արմենուհին ընդունվեցինք։ Հրայրի ուրախությանը չափ չկար։
Հետո նա աշխատանքի անցավ էլեկտրալամպերի գործարանում։
- Մի քանի ամիս հետո, երբ Հրայրին բանակ էինք ճանապարհում, հրաժեշտ տալու էր եկել նաև Արմենուհին։

...Անցան տարիներ։ Ես ավարտել էի մանկավարժականը և պատմություն էի դասավանդում մեր դպրոցում։ Հրայրն ամուսնացել էր Արմենուհու հետ։ Մի աղջիկ ուներ, երկրորդ երեխան պիտի ծնվեր։ Հաճախ էինք հանդիպում։ Ես մի քիչ փոխվել էի, մասնագիտությունս ինձ ստիպել էր ավելի լրջանալ, բայց նա նույն ուրախ ու անհոգ տղան էր՝ ժպիտը միշտ դեմքին։

Նախկին շրջանավարտների հետ հանդիպում էր կազմակերպվել դպրոցում։ Հրայրն էլ էր։ Մեր սեղանի շուրջ չորս տղամարդ էինք ու երկու կին։ Մեզ մոտ նստած էր նաև ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչներից մեկը՝ Թելման Դադաշյանը, տափակ քթով ու կովի աչքերով մի երիտասարդ։ Չորրորդ տարին է մեզ մոտ է աշխատում։ Հորեղբայրը ֆիզկուլտուրայի ինստիտուտում դեկան է։ Նրա շնորհիվ էլ եղբորորդին ավարտել է բարձրագույնը։ Մի քանի անգամ պիտի դուրս մնար, ինչ-որ մութ պատմություններ են եղել, հորեղբայրը փրկել է...

Նրան մեզ մոտ ոչ ոք չի սիրում։ Հաճախ ձյութի պես կպչում է որևէ մեկին, ձանձրացնում ուսանողական իր քաջագործությունների հուշերով, որոնք մեծամասամբ ավարտվում են անկողնու վրա կամ տուրուդմփոցներով։ Զարմանալիորեն նրան չեն սիրում նաև աշակերտները, հատկապես բարձր դասարանցիները։ Աղջիկները չեն ուզում մասնակցել նրա դասաժամերին, մի քանի անգամ բողոքել են, բայց դիրեկտորը, չգիտեմ ինչու, չի ուզում «սայլը տեղից շարժել»։

Դահլիճի կենտրոնում մեր դպրոցի նախկին շրջանավարտ մի կին ինչ-որ ձանձրալի պատմություն էր անում։ Տղաներից մեկը սրամիտ մի հանելուկ ասաց։ Օգտվելով առիթից, ֆիզկուլտուրայի ուսուցիչը գռեհիկ մի անեկդոտ պատմեց։ Իր պատմությունից նա ուրախ հռհռաց, իսկ մենք անհարմար զգացինք։ Հետո նա երկրորդը սկսեց։ Ես արդեն ենթադրում էի, թե ինչ վերջաբան պիտի ունենա նրա անեկդոտը և հազիվ էի զսպում ինձ։ Հանկարծ լսեցի Հրայրի ձայնը.
- Մի րոպե։ Ներեցեք, չե՞ք կարող կանգնել։
Դեմքի հիմար արտահայտությամբ՝ Թելմանը կանգնեց։
- Իսկ հիմա մի փոքր շրջվեք։ Չէ՛, չկա։ Բայց հետևի կողմից ավելի պատկառելի տեսք ունեք։ Չե՞ք փորձել այդ կողմից էլ նկարվել։
- Ի՞նչ չկա,- դեռևս ոչինչ չհասկանալով, Թելմանը հիպնոսացածի պես նայում էր Հրայրին։

- Ինձ խաբել են։ Ստեփանո՛ս, դուք պոչ չունեք։
Սեղանի շուրջ մենք հազիվ էինք մեզ զսպում։
- Բայց ես Ստեփանոսը չեմ։
- Ինչպե՞ս թե... Իսկ ո՞վ եք։ Ձեր անո՛ւնը։
- Թելման,- թյուրիմացությունը բացահայտածի հպարտությամբ ասաց նա։
- Թելմա՞ն... Կներեք, դուք արտասահմանի՞ց եք։
- Չէ։
- Ահա թե ինչ։ Շատ շքեղ անուն ունեք։ Չնայած, իմ կարծիքով, ձեզ ավելի է սազում Ռոսինանտ կամ Բուցեֆալ անունը,- Հրայրը վիզը երկարեց դեպի դպրոցի դիրեկտորի սեղանը։- Ո՞վ, ե՞ս,- ասաց նա՝ իբր դիմելով դիրեկտորին,- հա՜... Թելմանը։ Շեֆը ձեզ կանչում է։

Մենք հազիվ էինք զսպում մեզ, և երբ Թելմանը վեր կացավ ու շարժվեց դեպի դահլիճի հակառակ ծայրում գտնվող սեղանը, որտեղ դիրեկտորն էր ու մեր պատվավոր հյուրերը, մենք ազատություն տվեցինք մեր ուրախ քրքիջին։
- Հերի՞ք է, թե՞ շարունակեմ,- իր արվեստի գինն իմացողի արժանապատվությամբ հարցրեց Հրայրը։
- Բայց ինչպե՞ս եք այդպես լուրջ պահում ձեզ,- ասաց մեր ուսուցչուհիներից մեկը։- Այնքան լուրջ եք, որ խեղճը բոլորովին չի հասկանում, որ իրեն ձեռ եք առնում։

- Հրա՛յր, շարունակիր, ահա գալիս է,- ասաց տղաներից մեկը։
- Նստի՛ր, մաեստրո՛,- իր դերի մեջ մտավ Հրայրը։- Ինչո՞ւ էր կանչել։ Ի՞նչ։ Չի կանչե՞լ։ Զարմանալի է, իսկ ինչո՞ւ գնացիք, որ չէր կանչել։ Չպետք է շտապել։ Երբ չեն կանչում, չի կարելի գնալ... Ի դեպ, դուք ֆիզիկա եք դասավանդում, չէ՞։
- Չէ, ֆիզկուլտուրա։
- Չի կարող պատահել։ Չէի ասի։ Դուք շատ նման եք Օպենհեյմերին։ Ներեցեք, Բուլգակովի հերոս Շարիկովը ձեզ ազգակի՞ց է...
Այստեղ մեր սեղանից այնպիսի մի քրքիջ բարձրացավ, որ դահլիճի կենտրոնում ձվով ֆոկուսներ ցուցադրող տասներորդցի տղան նայեց մեր կողմն ու ուրախ գլուխ տվեց։

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը վերջապես հասկացավ, որ իրեն ձեռ են առնում։ Նրա դեմքի ապուշահիմարավուն արտահայտությունը կամաց-կամաց փոխվեց բութ կատաղության։
Մեր սեղանակիցները, Հրայրն էլ, վաղուց ամեն ինչ մոռացել, զրուցում էինք ու մասնակցում մրցույթ-վիկտորինային, իսկ Թելմանն անտարբեր դես ու դեն էր նայում, և ես գիտեի, որ նա ամեն կերպ ուզում է ինչ-որ բանով վրեժ լուծել Հրայրից։ Նրա աչքերում անսահման չարություն կար։

Թելմանը մի քանի անգամ վեր կացավ, ինչ-որ տեղ գնաց ու եկավ անտարբեր նստեց մեզ մոտ։
Հրայրը նայեց ժամացույցին ու ոտքի կանգնեց։
- Խնդրում եմ ինձ ներեք։ Տանը հյուրեր կան, պիտի գնամ։ Կարծում եմ, իմ բացակայությունը չի զգացվի։
Նա հրաժեշտ տվեց մեզ ու դուրս եկավ դահլիճից։ Մի քանի րոպե հետո միայն նկատեցի, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն էլ չկա։ Ինչ-որ վատ բան կասկածեցի։

Դրսում մարտյան ցրտություն կար։ Արդեն տասն անց էր հինգ րոպե։ Հրայրը երևի տուն գնալիս պիտի լինի, մտածեցի ես ու արագացրի քայլերս։ Անպայման պիտի անցներ զբոսայգով, այստեղից ավելի մոտիկ է տունը։
Զբոսայգում ամենուր լռություն էր։ Դատարկ նստարանները, անշարժ կարուսելները և, ընդհանրապես, ողջ ամայի զբոսայգին մոռացված սիրո տպավորություն էր թողնում։

Ինչ-որ ձայներ լսեցի։ Արագացրի քայլերս և... Վեց հոգի էին։ Ճանաչեցի Հրայրին և Թելմանին։ Մյուս չորսին առաջին անգամ էի տեսնում։ Ավելի ճիշտ, գիշերալամպերի թույլ լույսը հազիվ էր թափանցում այնտեղ, և ես դժվարությամբ էի զանազանում կռվողներին։ Հրայրը կատաղորեն պաշտպանվում էր, բայց նրան հասցվող հարվածներից ներսումս ինչ-որ բան էր կծկվում։ Հանկարծ ինձ պաշարեց վախը։ Հասկանում էի, որ պարտավոր եմ օգնել իմ ընկերոջը, պիտի ինչ-որ բան ձեռնարկեմ, բայց չէի համարձակվում։ Հինգը մեկի դեմ։ Թեկուզև երկուսով մենք ոչինչ չէինք կարող անել, մտածեցի ես։ Միևնույն է, ինձ էլ կջարդեն։ Իսկ դրանից Հրայրին ի՞նչ օգուտ։ Ես դանդաղ շրջվեցի։ Պետք է շուտ հեռանալ։ Հազիվ թե Հրայրը նկատած լիներ ինձ։ Իսկ գուցե միլիցիա կանչեմ։ Երկու կոպեկանոց է պետք։ Պրպտեցի գրպաններս։ Չէ, միլիցիա զանգելու կարիք չկա։ Երևի Հրայրն էլ չէր ցանկանա տհաճ պատմության մեջ ընկնել։ Թվաց, թե լսեցի անունս. «Ռաֆայե՜լ...»։

Չէ, չի կարող պատահել։ Հրայրը ինձ չի նկատել, ստվերում էի։ Արագ հեռանալ է պետք...
Կեսգիշեր է։ Քունս չի տանում։ Մտածում եմ, որ երբեք Հրայրն այդպես չէր վարվի։ Սկսած դպրոցական տուրուդմփոցներից քանի՜ անգամ է իմ պատճառով կռվի մեջ ընկել... Հետո ինձ համոզում եմ, որ միևնույն է, նա չէր կարող ինձ տեսած լինել և, բացի դրանից, մենք երկուսով ի՞նչ պիտի անեինք հինգի դեմ։ Գոնե չորսը լինեին...

Հանկարծ հիշեցի, որ առավոտյան բաց դաս ունեմ։ Փրկության պարան հայտնաբերած խեղդվողի պես ես կառչեցի այդ մտքից, և մի քանի ժամ առաջ պատահածը մոռանալու ու խիղճս հանգստացնելու համար սկսեցի մտքում զանազան ծիծաղելի տեսարաններ հորինել։ Մի պահ պատկերացրի, որ ընկերոջս օգնելու համար ես էլ եմ նետվել կռվի մեջ ու մի լավ ծեծ կերել։ Եվ ահա, առավոտյան, աչքատակերը կապտած, ականջներից մեկը իննսուն աստիճանի անկյան տակ ցցված, փողկապը երկու հավասար լեզվակների բաժանված, գլուխը նրբագեղորեն աջ ու ձախ ճոճելով, թագավորական քայլերով դասարան է մտնում պատմության կիսավաստակաշատ ուսուցիչ Ռաֆայել Մարտիրոսյանը։ Փորձեցի ժպտալ այդ տեսարանի վրա, չստացվեց։ Ես չէի մասնակցել կռվին, ոչ մի տեղս չէր ցավում, բայց կարծես ամբողջովին ջարդված լինեի։ Չէ, արդեն ուշ է, պետք է քնել...

...Բարձրանում էի հիվանդանոցի աստիճաններով, ականջներիս մեջ հեռախոսի չարագուշակ զնգոցն էր և Արմենուհու հեծկլտոցը. «Հրայրի դրությունը...»։
Հիվանդանոցի միջանցքում, Հրայրի հիվանդասենյակի դռան մոտ, երկու միլիցիոներ էին կանգնած։ Բժիշկը ոչ մեկին թույլ չէր տալիս ներս մտնել։ Կինը՝ Արմենուհին էլ այնտեղ էր։ Աչքերը կարմրած էին։
Բժիշկն ասաց, որ Հրայրի դրությունը լուրջ է, շատ է արյուն կորցրել, գլխին երկու ծանր վերք կա...

Մի ժամ հետո թույլ տվեցին ներս մտնել։
- Միայն երկու րոպե,- ասաց բժիշկը, և հետևիցս ծածկեց դուռը։
Հրայրը ամբողջովին վիրակապված էր։ Ձախ ձեռքի երակին ռետինե խողովակներ էին միացված։ Գլուխը նույնպես վիրակապված էր, դեմքը հազիվ էր երևում։ Նայեցի աչքերին, անչափ հոգնած էին։ Նրան երբեք այդպես չէի տեսել։

Հրայրը շատ տխուր ու հոգնած նայեց ինձ ու փակեց աչքերը։ Շրթունքները դողացին։ Հասկացա, որ ուզում է ինչ-որ բան ասել։
- Քեզ կանչեցի, չլսեցիր,- կամաց շշնջաց նա։
Ես կանգնել էի Հրայրի մահճակալի մոտ ու ոչինչ չէի կարողանում անել։ Այդպես մի անգամ տարիներ առաջ, սեպտեմբերի մեկին, ես կանգնել էի իններորդ «Ա»-ի գրատախտակի դիմաց, և այն ժամանակ Հրայրն ինձ փրկեց։
Ես նայում էի Հրայրին, որն այլևս չէր կարող ինձ փրկել։ Մի օր առաջ ես պիտի փրկեի իրեն։ Կյանքում առաջին անգամ պիտի ինձ վտանգեի հանուն իմ ընկերոջ, բայց փախա ամենավերջին վախկոտի պես։

Ինչպես տարիներ առաջ իններորդցիների դիմաց, ես կանգնել էի քարե արձանի պես։ Բայց, ո՛չ, դա միևնույնը չէ։ Այն ժամանակ ուրիշ էր։ Թեկուզև մի ամբողջ հավիտենություն կարող էի կանգնած մնալ գրատախտակի դիմաց։ Այն ժամանակ իմ մեջ ինչ-որ մեծ, շատ մեծ բան կար, որ ինձ պահում էր։ Հիմա դա այլևս չկա...

Դանդաղ իջա հիվանդանոցի աստիճաններով ու ես էլ չգիտեի, թե ուր եմ գնում։ Մտածում էի, որ վաղը Հրայրի վիճակը ավելի լավ կլինի, և ես ամեն ինչ կխոստովանեմ նրան։ Գուցե ների։ Նա իմ լավագույն ընկերն է, թերևս կների ինձ։
Ամբողջ օրն աննպատակ թափառում էի։ Ոչ մի տեղ չէի ուզում գնալ։ Խուսափում էի մարդկանց հանդիպելուց։ Չէի համարձակվում մարդկանց աչքերին նայել։

Արդեն բավականին մութ էր, երբ մտա զբոսայգի։ Ամեն ինչ նույնն էր։ Գիշերալամպերի նույն թույլ լույսը, դատարկ նստարանները, քամուց դանդաղորեն քշվող ու ոտքերիս տակ խշխշացող չոր տերևները և մաքուր, սառն օդը։ Ես շարժվեցի դեպի այն տեղը, ուր Հրայրն ու այն հինգն էին կռվում։ Երեկվա սարսափելի գիշերվա մասին վկայող ոչինչ չկար այստեղ։ Ոչինչ չէր փոխվել։ Ամեն ինչ նույնն էր, բացի Հրայրի ու այն հինգի ներկայությունից։ Հանկարծ ինձ թվաց, թե Հրայրն այլևս չկա։ Մարմնովս դող անցավ։ Ոչ, դա չի կարող պատահել։ Հրայրը պառկած է հիվանդանոցում։ Վաղը վիճակն ավելի կթեթևանա, ես անպայման ամեն ինչ կխոստովանեմ։

Երեկոյան, տասնմեկն անց կեսին, երբ բարձրանում էի մեր սանդուղքներով, վերևից լսեցի համադասարանցի Սերոբի ձայնը.
- Քեզ էի փնտրում,- հոգնած նայեց դեմքիս ու ծխախոտ վառեց։- Ուրեմն արդեն լսել ես։
- Այո,- կամաց շշնջացի ես,- դրությունը ծանր է։
- Մահացել է։ Այդպես էլ չիմացան, թե ովքեր են եղել։ Ես դրանց...

Անշարժ կանգնել էի աստիճանների վրա ինչ-որ տեղ և չէի կարողանում հասկանալ, որ Հրայրն այլևս չկա։ Մտածում էի, որ շուտով կվերջանա այս տխուր երազը, և ես վերջապես կարթնանամ, կգնամ ամեն ինչ խոստովանեմ, ներողություն կխնդրեմ նրանից ու բոլորովին չէի կարողանում հասկանալ, որ արդեն ուշ է, շատ է ուշ։
Մայիս, 1987 թ.




ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Շարքային ուսուցիչ Մեսրոպ Սարյանը միլիցիայի բաժանմունքից ծանուցագիր ստացավ։ Նա երբեք բախտ չէր ունեցել այդ հաստատության հետ ծանոթանալու, իսկ բանից պարզվում է, այնտեղ շատ են հետաքրքրվում իր անձով։ Թղթի կտորը ձեռքում շուռումուռ տվեց, տարբեր կողմերից ուսումնասիրեց, կարծես այդ չոր ու ցամաք պաշտոնական գրությունից պիտի դուրս քաշեր բոլոր գաղտնիքները։ Շուռումուռ տվեց թղթի կտորն ու ավելի զարմացավ. ինչո՞ւ են կանչել։

Մեսրոպ Սարյանը երեք տարի առաջ էր ավարտել մանկավարժական ինստիտուտը ու երեք տարի է հայոց լեզու և գրականություն է դասավանդում։ Դասավանդում ու միշտ համոզվում, որ իր տեղը դեռևս չի գտել կյանքում։ Դպրոցում մեկ-մեկ բանաստեղծություններ էր գրում, և ոչ ոք այդ մասին չգիտեր։ Ընկերներն էլ չգիտեին։ Իսկ ինստիտուտում սովորելու տարիներին ձեռ էր առնում կուրսի պոետներին ու նորից, էնպես, թաքուն բանաստեղծություններ հորինում։ Համակուրսեցի աղջիկներին մեկ-մեկ ընկերական կարգով ծաղրում էր ու թաքուն սիրային ոտանավորներ գրում։

Հիմա արդեն երեք տարի է ուսուցիչ է։ Մեկ սենյականոց բնակարան ունի, բնակվելու տեղ կա, բայց դեռևս կյանքում իր տեղը չի գտել ու ինքն էլ գիտե, որ դա լավ չէ, որ այդպես է։ Երեխաների հետ վատ չէ։ Իններորդի և տասերորդի աղջիկները միայն գրականություն են սովորում, որ դուր գան նրան։ Նա գիտե այդ բանը, և դա նրա սրտովն է։

Մեսրոպ Սարյանը ծանուցագրի տպագիր ու ձեռագիր բոլոր գրությունները նորից աչքի անցկացրեց։ Կարդաց, հասցեն իրենն է, անուն-ազգանունն իրենն է, և իր հասցեն ու անուն-ազգանունն ոչ մի կերպ չէր կարողանում կապել այդ թղթի կտորի հետ։ Հակառակ կողմից նստեց աթոռին, արմունկները հենեց թիկնակին ու սկսեց ծանր ու մեծ խորհել։ Մարդ չէր սպանել, կաշառք չէր վերցրել։ Չէ, կաշառքն ո՞վ պիտի տա, որ վերցնի։ Գուցե վերցնի։ Ու Մեսրոպ Սարյանը աթոռից թքեց կաշառքի վրա և հիշեց, որ երեք օր առաջ ապտակել է իններորդի Կարոյին։ Եվ լավ էլ ապտակել է շան որդուն։ Այդ իններորդի Կարոն, որ տասերորդում պիտի լիներ, ինչ-որ խաղաթղթեր էր բերել և դասին, գրականության դասին, գլուխն անմեղ-անմեղ իջեցրել, հաստլիկ Վաղոյին խաղաթղթերն էր ցույց տալիս ու թարմ մսի հոտ առած շան լակոտի պես շրթունքները լիզում։ Մեսրոպ Սարյանը աննկատ խաղաթղթերը թռցրեց տղաներից և, երբ խեղճերն իրարով էին անցել, հասկացավ, որ դրանք ամենևին էլ խաղաթղթեր չէին, ու երբ ակնթարթորեն գրպանում թաքցրեց մերկ աղջիկներին, դասարանում ոչ ոք չհասկացավ, թե ինչու ապտակեցին Կարոյին։

Մեսրոպ Սարյանը հիշեց, որ Կարոյի հայրը խանութում է աշխատում, սեփական ավտոմեքենա ունի, փող էլ ունի, և եթե ցանկանա, մեկն էլ կգնի ու ղեկի մոտ նստեցնի իններորդի Կարոյին, որ տասերորդում պիտի լիներ։ Իսկ ինքը դասերից հետո Կարոյին քարշ է տվել մի խուլ անկյուն, նրա ներկայությամբ այրել մերկ աղջիկներին։ Ինչ-որ բան էլ է ասել, բայց չի հիշում, թե ինչ է ասել։ Ուզեց հիշել, մտածեց, որ կարիք չկա ու հիշեց, որ միլիցիայից ծանուցագիր է ստացել, որով հայտնում են, թե քաղաքացի Մեսրոպ Սարյանը պիտի ներկայանա բաժանմունք։ Թե ինչի համար պիտի ներկայանա, չէին գրել, ընդունված չէ։ Իսկ գուցե որպես վկա են կանչել։ Ու քանի որ նրա ներկայությամբ ոչ գողություն են արել, ոչ մարդ սպանել կամ կաշառք վերցրել, նա իր վկա լինելու հավանականության վրա էլ թքեց ու շորերով մեկնվեց մահճակալի ճերմակության վրա։

Մեսրոպ Սարյանն արթնացավ ու այնպիսի թեթևություն զգաց, կարծես ոչ թե չորրորդ հարկի միսենյականոց բնակարանի խեղճ ու կրակ մահճակալի վրա է գտնվում, այլ հայրենի գյուղում՝ ծառից կախված ճոճվող օրորոցի մեջ, և թռչուններն էլ երգում են։ Հետո ծույլ-ծույլ նայեց թևի ժամացույցին ու չզարմացավ, որ դասին ընդամենը հինգ րոպե է մնում և ամբողջ գիշեր շորերով է քնել, մեռածի պես։ Մահճակալից, պառկած տեղից վերցրեց հեռախոսն ու պառկած տեղից զանգեց դպրոց։ «Լսում ենք»,- հեռախոսալարի հակառակ ծայրից լուրջ-լուրջ ծավալվեց դիրեկտորի ձայնը, և Մեսրոպ Սարյանը հայհոյելու ցանկություն զգաց, բայց հիշեց, որ մանկավարժ է, քթի տակ ժպտաց միայն։ Հետո դիրեկտորն իր առանձնասենյակի դիրեկտորական հեռախոսի լսափողի մեջ լսեց Մեսրոպ Սարյանի ձայնը ու չհասկացավ, որ իր հետ խոսողը պառկած է շորերով։ Իսկ սա պառկած տեղից ասաց, որ դատարանում կարևոր գործ ունի, մեղադրվում է սպանության, գողության ու կաշառակերության մեջ, խուլիգանություն էլ կա։ Հետո հակառակ ծայրում, դիրեկտորական կաբինետում, եզրակացրին, որ երիտասարդը հավանաբար լավ կոնծել է, բայց քանի որ առավոտյան ութն անց հիսունութ էր, հասկացան, որ քաղաքում այդ ժամին հարբած մարդ չի լինում ու երևի տղայի մոտ աղջիկ կա։ Մեսրոպ Սարյանն ասաց, որ դեռևս աղջիկ չկա, բայց հավանաբար առաջիկա հնգամյակում լինի, իսկ հիմա դատարանում լուրջ գործեր ունի։ Հետո ասաց, որ դատարանի և դասարանի տարբերությունը մի տառի մեջ է, ու երբ դիրեկտորն ուզում էր անկեղծորեն զարմանալ, նա ցած դրեց լսափողը։

Հարց տվողը երկուսն էին. մի ճաղատ տղամարդ, որ քառասուն-քառասունհինգ տարեկան պիտի լիներ և մի հմայիչ կին, որի տարիքը դժվար էր գուշակել առանց առնվազն տասը տարով սխալվելու։ Անկյունում նստած էր մի աղջիկ, որ գեղեցիկ էր։ Այդ գեղեցկությունը Սարյանին դուր եկավ, ու նա զգաց, որ չի կարող այդ աղջկան չնայել։
Քննիչը ներածական ճառ արտասանեց և այդ ներածական ճառում նշեց, որ չի սիրում զանազան ձևականությունների հետևից ընկնել, իզուր ժամանակ վատնել։ Եվ որպեսզի զանազան ձևականություններով իզուր ժամանակ չվատնի, անմիջապես անցավ գործի.
- Քաղաքացի Սարյան, դուք սույն ամսի տասնութին ապօրինի կերպով, այսպես ասած, սեռական կապի մեջ եք մտել քաղաքացուհի Լենա Գալոյանի հետ և հրաժարվել հետևանքներից։

Հետագայում հիշելով այդ զարմանալիորեն տարօրինակ օրը, Սարյանը ինչքան էլ խորհեր, չէր կարողանալու հասկանալ, թե ուրա՞խ էր, որ ապտակի համար չէին կանչել։ Իսկ շան որդուն լավ էր ապտակել, առատաձեռն։ Մոռացել է, որ ինքը խորհրդային մանկավարժ է, իսկ դիմացինը խորհրդային աշակերտ, և վերից վար շրմփացրել է իններորդի Կարոյին, որը մեկ-երկու տարի հետո կնստի հոր կամ իր սեփական ավտոմեքենայի ղեկի մոտ, փողոցում կտեսնի, բայց չի նկատի Մեսրոպ Սարյանին։

Նա ոչինչ չհասկացավ սեռական կապից ու կարծեց, թե քննիչը կատակում է։ Հետո նայեց նրա ճաղատին ու լուրջ դեմքին, հասկացավ, որ դա կատակ չէ, և հմայիչ կինն էլ կատակի համար չի նստել ճաղատի կողքին։ Հետո քաղաքացի Սարյանը ցանկացավ հիշել Լենա Գալոյանին, որի հետ սեռական կապի մեջ է մտել, բայց չկարողացավ։ Նա Լենա Գալոյանին պատկերացրեց հմայիչ կնոջ տեսքով ու քթի տակ թեթև ժպտաց։ Հետո նայեց անկյունում սղագրող աղջկան ու ամաչեց սեռական կապի համար։ Այնուհետև ասաց, որ քաղաքացուհի Լենա Գալոյանին չի ճանաչում, առհասարակ նման անունով մարդ չի ճանաչում, և ինքը վերոհիշյալ անձնավորության հետ ոչ սեռական, ոչ հեռախոսային կապ է ունեցել, ոչ էլ նամակագրական։

Ուզում էր ասել, որ հայոց լեզվի դասագրքում սեռական կապի մասին ոչինչ չի գրված, բայց նայեց քննիչի ճաղատին, հետո անկյունում սղագրող աղջկան և չլսեց նոր հարցը։
- Երիտասարդ,- այս անգամ խոսողը հմայիչ կինն էր,- մի՞թե տղամարդություն է օգտագործել անմեղ աղջկա ֆիզիկական թուլություններն ու խաղալ նրա պատվի հետ։

Մեսրոպ Սարյանն ինչ-որ տեղ կարդացել էր խաչաձև հարցաքննության մասին ու մտածեց, որ հենց սա է խաչաձև հարցաքննությունը։
- Քաղաքացի քննի՛չ, երդվում եմ, որ ոչ մի Լենա Գալոյան չեմ ճանաչում, իսկ ձեր խաչաձև գրոհներով իսկապես ժամանակ եք վատնում։ Գուցե փոխենք զրույցի թեման։ Դուք սիրո՞ւմ եք շախմատ խաղալ։
Հմայիչ կինը քթի տակ թեթև ժպտաց, իսկ ճաղատը իբր չլսեց։

Մեսրոպ Սարյանը նայեց սղագրող աղջկան ու հասկացավ, որ նա իրեն էր նայում և չի ուզում, որ սեռական կապը ճիշտ լինի։
- Երիտասարդ, մենք պարապ պատմություններով զբաղվելու ժամանակ չունենք և հիմարություններ լսելու համար չենք ձեզ բերել,- քննիչը շեշտեց «բերելը»,- դուք մեղադրվում եք վերոհիշյալ ապօրինի կապի, ինտիմ կապի համար և ձեր հանցանքը խոստովանելով միայն կմեղմացնեք ձեզ հասանելիք պատժի չափերը։

- Քաղաքացի քննի՛չ,- Սարյանը նորից նայեց անկյունում սղագրող աղջկան և, որպեսզի վերջինս կարողանա հասցնել, հատ-հատ արտասանեց.- Քաղաքացի քննի՛չ, ինձ թվում է, որ մեր երեքից մեկը խելագար է,- ուշադրություն չդարձնելով քննիչի պատկառելի ճաղատին, որ հանկարծ կապտակարմրավուն բծերով ծածկվեց, հանգիստ շարունակեց.- Այդ երեքից մեկը ես եմ, և ես ինձ մի քիչ ավելի լավ գիտեմ, ներեցեք, քան դուք, ու ինձ թվում է, որ դեռևս խելագար չեմ։ Ձեր թեկնածությունը, ներեցեք, նույնպես հանում եմ, որովհետև կատարված հանցանքի համար մեղադրյալ որոնելը և հանցանքը գտնված մեղադրյալին սազացնելը ձեր մասնագիտությունն է։ Մնաց մի թեկնածու,- Սարյանը նկատեց, որ հմայիչ կնոջ ժպիտը անսպասելիորեն սառեց։- Այդ թեկնածուն,- նա նայեց հմայիչ կնոջը,- այդ թեկնածուն Լենա Գալոյանն է, որին ես կցանկանայի տեսնել։

Քննիչը ձեռքն անփութորեն երկարեց դեպի զանգի կոճակը և այնպիսի հայացքով նայեց Մեսրոպ Սարյանին, որ կարծես ասում էր. աղավնյակս, բավական է սեղմեմ այս զանգի կոճակը և դուք կփոշիանաք։
Միլիցիոների ուղեկցությամբ ներս մտավ Լենա Գալոյանը, և քանի որ Մեսրոպ Սարյանը չփոշիացավ, քննիչը հարցրեց աղջկան.
- Քաղաքացի Լենա Գալոյան, ահա մեղադրյալ Մեսրոպ Սարյանը։ Դուք վաղո՞ւց եք ճանաչում նրան։

- Նա Մեսրոպ Դարյան էր,- հազիվ պատասխանեց աղջիկը, և Մեսրոպ Սարյանը խղճաց աղջկան։ Հասկացավ, որ նա միայն մեղադրյալի անուն-ազգանունը գիտե ու փոշմանեց, որ նրան խելագար է համարել։ Եվ երբ աղջիկը դուրս եկավ միլիցիոների ուղեկցությամբ, Սարյանը քաղաքում նոր կառուցվող շենքի իններորդ հարկից նայեց ներքևում, դիմացը նստած քննիչին, նրա ճաղատին, որ կարծես փոքրացել, դարձել էր հավի ձվի չափ, ու լաց լինելու ցանկություն զգաց։ Լաց չեղավ, նայեց հավի ձվի չափ գլխով քննիչին, որ քիչ առաջ ուզում էր փոշիացնել իրեն, նայեց նրա կողքին նստած հմայիչ կնոջը, աչքի տակով նայեց սղագրող աղջկան, ուզում էր ասել, որ հենց այդտեղից պիտի սկսեին ամեն ինչ, ուզում էր ասել, որ դպրոցում էլ երբեմն աշակերտները սխալվում են, որ դասարանի ու դատարանի տարբերությունը մի տառի մեջ չէ, ուզում էր ասել... Բայց ոչինչ չասաց, թաքուն նայեց սղագրող աղջկան ու հասկացավ, որ նա ոչինչ էլ չէր գրում։

- Երիտասարդ, թյուրիմացություն է կատարվել,- հմայիչ կինը դեմքին հմայիչ ժպիտ սարքեց ու շարունակեց,- իսկ որտե՞ղ եք աշխատում, քաղաքացի Սարյա՛ն,- «քաղաքացի» ասելիս աչքի պոչով նայեց ճաղատին։
Մեսրոպ Սարյանը կատակելու տրամադրություն ուներ և ասաց.
- Պահածոյի գործարանում։ Ապագա գողեր, գիտնականներ, մարդասպաններ ու բանաստեղծներ ենք պահածոյում և արտահանում տարբեր տեղեր...

Հմայիչ կինը ժպտաց, և Մեսրոպ Սարյանը հասկացավ, որ նա դեռևս գեղեցիկ է ու նորից նայեց անկյունում նստած աղջկան։ Աղջիկը նույնպես ժպտում էր ու գեղեցիկ էր, և քանի որ նրա ժպիտն ավելի գեղեցիկ էր, Մեսրոպ Սարյանը շարունակեց.
- Մասնագիտությամբ ինչ-որ չափով կապված եմ սեռական կապի հետ. սեռական հոլով, ներգործական սեռ, կրավորական սեռ, ուղղակի և անուղղակի կապ, սեռական կապ և ապօրինի կապ, ինտիմ կապ...

Նա մտածեց, որ անկյունում նստած աղջիկը շատ լավ աղջիկ է ու հիշեց, որ ինքը կյանքում դեռևս սեփական տեղը չի գտել, իսկ կյանքը հետաքրքիր է ու գեղեցիկ...
Ճաղատը նույնպես ներողություն խնդրեց «ստեղծված անհարմար վիճակի և թյուրիմացության» համար։
- Ընդհակառակը, քաղաքացի քննիչ, հիանալի ժամանակ վատնեցինք։ Եթե զրուցելու կարիք զգաք, թեկուզ ներգործական սեռի հարցով կանչեցեք ինձ, կամ իններորդի Կարոյին ապտակելու համար։ Դեսից-դենից կզրուցենք, շախմատ կխաղանք, սուրճ կամ թեյ կխմենք, կփիլիսոփայենք սեռական կապի, խաչաձև հարցաքննության ու շատ բաների մասին։

Նորից նայեց սղագրող աղջկան, և երբ ուսուցիչ Մեսրոպ Սարյանը ձեռքերը գրպաններում, շվշվացնելով, թեթև-թեթև իջնում էր միլիցիայի բաժանմունքի աստիճաններով, մտածեց, որ իններորդի Կարոն էլ նման ձևով իջնում է զուգարանի աստիճաններով, թաքուն ծխելու համար։ Իսկ այնտեղ՝ միլիցիայի բաժանմունքում և այստեղ՝ Մեսրոպ Սարյանի աչքերի մեջ սղագրող աղջիկն էր։ Ու դրսում չնայած անձրև էր, Մեսրոպ Սարյանին թվաց, թե պայծառ եղանակ է, և նա արձակեց շապիկի կոճակները։
Մայիս, 1984 թ.




ԱՐԴԱՐ ՕՐ

Լեռնաշենում թիթեղ էին վաճառել։ Վաճառողը Կարապետանց Առաքելն էր։ Չհարցրին, թե ինչ թիթեղ է, որտեղից է։ Ում պետք էր՝ գնեց։ Բոստանչի Մարտիրոսը տուն ուներ, իսկ տանիքը հին էր։ Մի տասներկու հատ թիթեղ էլ ինքը գնեց ու տան կտուրը սարքեց։

Մի ամիս հետո Առաքելը բռնվեց հարևան գյուղում թիթեղ վաճառելիս։ Վկաներ գտնվեցին, գործը հանձնվեց դատարանին։ Բոստանչի Մարտիրոսը լսեց Առաքելի բռնվելու լուրը, և այդ լուրը նրա սրտովը չէր։ Նրան էլ կանչեցին շրջկենտրոն՝ որպես վկայի։ Այգիներից նոր էր տուն եկել և ուզում էր հենց այդպես էլ, առանց շոր-մոր փոխելու, գնալ շրջկենտրոն։ Կինը մի կերպ համոզեց, պապենական սնդուկից հանեց Մարտիրոսի կրտսեր որդու հնացած կոստյումը, հագցրեց ամուսնուն, և ամուսինը կարծես քսան-քսանհինգ տարով ջահելացավ։ Մարտիրոսը երբեք փողկապ չէր կապել ու մտածեց, որ փողկապով ավելի լավ պիտի լինի։ Տունը տակնուվրա արեցին, փողկապ չգտան։ Հարևան ուսուցչից փողկապ խնդրեցին, և երբ բոստանչի Մարտիրոսը որդու հին կոստյումով, որ իրեն չափազանց նոր ու գեղեցիկ էր թվում, ու հարևանի նախշուն պուտերով փողկապով պատահականորեն նայեց հայելուն, այնտեղ, հայելու մեջ անծանոթ մարդ տեսավ։ Ուզում էր բարևել, բայց հասկացավ, որ այդ անծանոթը ինքն է, ու քթի տակ ժպտաց։ Մտածեց, որ երևի գյուղխորհրդի նախագահից այնքան էլ չի տարբերվում և եթե մի քսան-երեսուն տարի առաջ ցանկանար, կարող էր առնվազն կոլտնտեսության նախագահ դառնալ։ Կինը՝ Սիրանույշն էլ նայեց յոթանասունչորսամյա ամուսնուն, որ կրտսեր որդու հին կոստյումով ու հարևան ընկեր Գրիգորի փողկապով քառասուն-քառասունհինգ տարեկան կերևար, ու մի տեսակ նախանձեց։ Նախանձեց ու հպարտացավ։ Կրկին նայեց ամուսնուն ու կասկածեց. այնտեղ՝ դատարանում, շաշ-մաշ բան չխոսես։ Մեր Առաքելն է, մեղք է, հինգ երեխա ունի։ Մարտիրոսը չլսեց կնոջը։ Հայելու մեջ իրեն էր ուսումնասիրում ու զարմանում, որ այլևս բոստանչու նման չէ, և մի տեսակ ամաչեց, որ բոստանչի է։

- Վկա Մադաթյան Մարտիրոս,- լսվեց ինչ-որ մեկի ձայնը, և բոստանչի Մարտիրոսը հասկացավ, որ վկա Մադաթյան Մարտիրոսը ինքն է։ Հպարտ ու ծանր կանգնեց ու սպասեց։
- Վկա Մադաթյա՛ն, մեկ ամիս առաջ թիթեղ եք գնել։ Ումի՞ց եք գնել։
- Ի՞նչ թիթեղ,- Մարտիրոսը անկեղծ զարմացավ,- Հա՜, թիթե՞ղ, դե գնել եմ էլի։ Չեմ հիշում, մեր կողմերից չէր։
- Դեմքը չեք հիշո՞ւմ։

- Ո՞ւմ, թիթեղի՞, հա՜, վաճառողին չենք նայել։ Մեզ հատկապես թիթեղն էր հարկավոր, դեմքը ինչի՞ս է պետք։ Որտեղի՞ց իմանայինք, թե թիթեղ վաճառողն ինչպիսի մարդ է։ Ճակատին այդ մասին բան չէր գրված։ Գրված էլ լիներ, ո՞վ պիտի կարդար, անգրագետ աշխատավոր ենք, մեր գործը հողի հետ է։ Իսկ տանիքս վաղուց հնացել էր, անձրևներից հետո ես ու Սիրանույշը լող տալով էինք իրար գտնում։ Ոչ մի տեղ այդ բանից, թիթեղից չէին ծախում։ Դե հասկանալի է, ընկեր դատավո՛ր, ծակ տանիքը պետք է մի բանով ծածկել, ինչպես, ասենք, մարդու, ներողություն, ժողովու՛րդ, ինչպես մարդու քամակը։ Տանիքը հո Սիրանույշի վարտիքով չէի ծածկելու...

Հետո Մարտիրոսը չհասկացավ, թե դատարանում ինչ կատարվեց։ Նայեց անծանոթ ամբոխին, առաջին շարքում տեսավ Առաքելի կնոջ անամոթ աչքերն ու հիշեց, որ գյուղում ասում են, թե նա իսկի վարտիք չի հագնում։ Չէ, հագնում է։ Հագին չի տեսել, բայց լվացաթոկից զինվորների պես շարքով շարված եռանկյունիներ է տեսել ու մտածել, որ երևի Առաքելին աղջիկ է ծնվել։ Իսկ քանի որ Առաքելն այն ժամանակ երեք ամսվա ամուսին էր, հասկացել է, որ եռանկյունիներն ամենևին էլ երեխայի համար չեն։ Ու զարմացել է. այդպիսի փալասփուլուսով հնարավո՞ր է, արդյոք, որևէ բան ծածկել։

- Հայրի՛կ, հարցից մի շեղվեք։ Ճանաչու՞մ եք մեղադրյալ Կարապետյան Առաքելին։
- Մեր Առաքելի՞ն, տրակտորիստ Առաքելի՞ն։ Մի երեսուն տարի առաջ գուցե չճանաչեի, որովհետև էն ժամանակ ինքը փոքր էր, իսկ գյուղը՝ մեծ։ Հարյուրքսան երդիկից ծուխ էր ելնում։ Հիմա ընդամենը հիսունութ տնավոր ենք, ո՞նց չճանաչեմ։ Ազնիվ, արդար մարդ է, մեզ վատություն չի արել։

- Մի ամիս առաջ Կարապետյան Առաքելից գողացած թիթեղներ եք գնել, ճի՞շտ է։
- Հասկանալի բան է, գնել ենք, բայց ծախողը Առաքելը չէր։
- Ի՞նչ գիտես, ասում էիր, թե դեմքին չեմ նայել։
- Որ Առաքելը լիներ, առանց նայելու էլ կճանաչեի։
- Վկա Մադաթյան Մարտիրոս, սուտ ցուցմունքներ մի՛ տվեք, հակառակ դեպքում կտուգանվեք։

- Էդ ո՞նց կտուգանվեմ։ Գող չեմ, ավազակ չեմ, կաշառք չեմ վերցրել, հալալ աշխատանքով թիթեղ եմ գնել, տան կտուրը ծակ էր...
- Հարցից մի՛ շեղվեք։
- Կույր չենք, չենք շեղվի։ Հասկանում ենք։ Մենք էլ ենք հայրենիքի համար արյուն թափել։ Էն ժամանակ չենք շեղվել, հիմա պիտի շեղվե՞նք։ Ճիշտ է, գրագետ չենք, ստորագրել չգիտենք, բարձրագույն չենք ավարտել, պատասխանատու պոստերում չենք եղել, բայց որոշ բան հասկանում ենք։ Մենք հատկապես ժողովրդին գործից չենք կտրում, թե տեսեք, թիթեղ են վաճառել։ Բա տան կտուրը...
- Խոստովանո՞ւմ եք, որ Կարապետյան Առաքելից թիթեղ եք գնել։ Խոսքը կտուրը մի՛ գցեք։ Պատասխանեք կարճ՝ այո կամ ոչ։

- Հարցը ինքնըստինք... Մի խոսքով հարցը կոնկրետ պարզ է, մենք հասկանում ենք և, կներեք, խոսքը կտուրը չենք գցում, չնայած կտուրն էլ կարևոր է։ Ու, ինչպես մեր գյուղացի Աղաջանն է ասում, մասնավորապես հարցի էությունն ենք ուզում բացահայտել։ Մենք էլ ենք ծրագրից որոշ բաներ ըմբռնում։ Էնտեղ թիթեղի մասին բան չկա գրված։ Իսկ դուք թիթեղի, ներեցեք, պոչից եք բռնել ու կարծում եք մեծ գործի վրա եք։ Չաղ ոչխարներին բաց եք թողել, տկլոր գառներին եք խուզում... Սպասեք, դեռ չենք վերջացրել։ Էդ թղթերը, ընկեր դատավո՛ր... Խնդրում եմ մեզ չխանգարել։ Ի՞նչ։ Շատ ներողություն, մենք ափեղցփեղ խոսողներից չենք։ Էլ ինչո՞ւ ենք Լեռնաշենից վեր կացել եկել, որ մի երկու խոսք չպիտի ասենք։ Հա, էդ թղթերը իրար վրա դարսել եք ու թղթերից բացի ոչինչ չեք տեսնում։ Թղթերի վրա տուն չեն շինում, ընկեր դատավո՛ր։ Շատ կներեք, հո գրող չե՞ք։ Մի դուրս եկ տես աշխարհում ինչ կա, ինչ չկա։ Թե չէ, թղթերը շարել եք ու թիթեղներից բռնել։ Մի տես լակոտներն ինչո՞ւ են առաջին դասարանից երազում վարորդ կամ խանութպան դառնալ։ Տես ինչո՞ւ մեր գյուղում երիտասարդ չի մնացել, գյուղից զորացրվել են։ Էլ գյուղը հեչ, անցյալի մնացուկ է։ Մի տես ինչպես է պահեստապետ Արսենը երեք հարկանի պալատ սարքել ու տղան էլ երկու անգամ ավտոմեքենա է վաճառել ու անպատիժ մնացել։ Որ թիթեղ վաճառեր, կբռնվեր։ Մի տես էդ ոնց է, որ Համոյի տղան այբուբեն չգիտե, բայց ինստիտուտ է ընդունվել, «չորս» ու «հինգ» է ստանում։ Դպրոցում չէր ստանում։ Իսկ դուք պինդ նստել և թիթեղներից եք բռնել։ Չէ, ծրագրում էդպիսի բան չկա։

Ութ ամիս հետո բոստանչի Մարտիրոսը իրեն վատ կզգա, կգա տուն ու կնոջից կպահանջի. էն շորերը բեր, ուզում եմ մի անգամ էլ հագնել։ Կհագնի կրտսեր որդու հին կոստյումն ու կնոջը կուղարկի հարևան ուսուցչի մոտ՝ փողկապի համար։ Ու երբ Սիրանույշը կգնա հարևանի մոտ, փողկապի համար, Մարտիրոսը կպառկի թախտին, իսկ կինը նախշուն պուտերով փողկապը ձեռքին կգա ու կտեսնի ժպիտը դեմքին, թախտին հանգիստ պառկած ամուսնուն և անմիջապես չի հասկանա, որ նա այլևս չկա։ Հետո կնայի նրա անփայլ ու սարսափելիորեն անշարժ աչքերին, ամեն ինչ կհասկանա, բայց երբեք չի իմանա, որ Մարտիրոսը մի քանի վայրկյան առաջ ասել է. «Սիրան ջան, էն հիսուն ռուբլին, որ տուգանեցին, հեչ բան է, լավ խոսեցինք...»։
Հունիս, 1984 թ.




ՁՅՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՎ

Լեռնաշենցիք Մոսկվա գնալու համար պետք է Լեռնաշենից ավտոմեքենա նստեն, հասնեն շրջկենտրոն, շրջկենտրոնից նորից պիտի ավտոմեքենա նստեն, հասնեն մարզկենտրոն։ Մարզկենտրոնը Լեռնաշեն չէ, ինքնաթիռ ունի, օդանավակայան ունի, և ինքնաթիռով մայրաքաղաք կարելի է հասնել ընդամենը կես ժամում։ Իսկ մայրաքաղաքից Մոսկվա գերձայնային ինքնաթիռով մեկ ու կես ժամվա «ճանապարհ» է։

Փոստատար Սահակ Ավագյանը Մոսկվա չէր գնում, և առհասարակ ոչ մի լեռնաշենցի Մոսկվայում երբեք չի եղել։ Նա գյուղի փոստը պիտի հասցներ շրջկենտրոն։ Իսկ Լեռնաշենից շրջկենտրոն փոստի ավտոմեքենայով ընդամենը կես ժամվա ճանապարհ է։

Դեկտեմբերի վերջն էր։ Լեռնաշենում կեսգիշերից թանձր ձյուն էր մաղում։ Իսկ առավոտյան քամի էլ սկսվեց ու դժվար էր հասկանալ՝ ձյունը գետնից երկինք է համբարձվո՞ւմ, թե՞ երկնքից է ցած իջնում։ Սահակ Ավագյանը ձյան խելահեղ պարն էր դիտում ու մտածում, որ այնքան էլ լավ չէ, որ փոստի ավտոմեքենան չի աշխատում։ Երկու ծանրոցն ու նամակների կապոցը ձեռքին նա կանգնեց Լեռնաշենը շրջկենտրոնի ու մեծ աշխարհի հետ կապող միակ ճանապարհին և հասկացավ, որ երեկվանից այդ ճանապարհով ոչ մի մեքենա չի անցել։ Բայց քանի որ այդ ճանապարհով մեծ աշխարհի հետ կապված են հինգ գյուղ ևս, մտածեց, որ հավանաբար ավտոմեքենա կլինի։

Սահակ Ավագյանը սկզբում հաճույքով էր քայլում ծնկներին հասնող ձյան միջով։ Նույնիսկ նրան թվաց, որ այդպես, առանց մեքենայի ավելի լավ է։ Օդն սառն ու մաքուր էր, իսկ կրունկների տակից լսվող ձյան փափուկ ճռճռոցը՝ հաճելի։ Նա սկսեց մտածել, որ հավանաբար հինգ-տասը օր հետո իր մոտ գտնվող նամակներն ու ծանրոցները կհայտնվեն երկրի ամենատարբեր ծայրերում, և նրանք, որ պիտի ստանան նամակներն ու ծանրոցները, երևի չհասկանան, թե դրանք ինչպես են իրենց հասել։

Մի ժամ հետո Սահակ Ավագյանը հասկացավ, որ առանց մեքենայի, սառած ոտքերով գնալ չի կարող։ Բայց մեքենա չկար։ Իսկ նորից ետ դառնալը հիմարություն կլիներ։ Եվ երբ մոտերքում ավտոմեքենայի դռռոց լսվեց, նա մոռացավ ոտքերի ցավն ու հեռվից սկսեց վայելել փափուկ ու տաք ավտոմեքենայով գնալու հաճույքը։ Մեքենան բեռնատար էր, և վարորդից բացի մեկն էլ կար խցիկում։ Փոստատարը տաքուկ խցիկում նստելու հաճույքը փոխարինեց բեռնատարի թափքում կուչ գալու անհրաժեշտությամբ ու մտածեց, որ դա ավելի լավ է, քան սառած ոտքերով ավելի քան երեսուն կիլոմետր ճանապարհ անցնելը։ Ավտոմեքենան մոտեցավ, հավասարվեց Սահակ Ավագյանին ու վարորդն ուսերը ցնցելով մի շարժում արեց, որ նշանակում էր. ոչինչ չեմ կարող անել, ինչպես տեսնում ես, տեղ չկա։ Երբ մեքե-նան անցավ ու անհետացավ ինչ-որ տեղ, նրա թափքը դատարկ էր։ Փոստատարը մտածեց, որ երևի ոչ մի ավտոմեքենա էլ չկար, աչքին է երևացել։ Ու երբ նորից շարունակեց ճանապարհը, նրա մեջ ինչ-որ բան էր սասանվել, և նա չկարողացավ հասկանալ, թե դա ինչ էր...

Քայլելն ավելի դժվարացավ, իսկ ձյան պարը դեռ չէր դադարել։ Սահակ Ավագյանը չէր հասկանում, թե ուր է գնում և ինչի համար։ Նրան թվաց, թե բեռնատարի տեսիլից հետո մի ամբողջ հավիտենություն է անցել։ Բացի ձյան ու քամու խելագար զուգապարից, աշխարհում ամեն ինչ անշարժացել էր։ Ուզում էր նայել թևի ժամացույցին, բայց մտածեց, որ ժամանակը նույնպես կանգ է առել, անշարժացել։ Նա վաղուց մոռացել էր սառած ոտքերի մռմռոցն ու թվում էր, թե իսկի էլ չի քայլում, ոտքեր չունի, ծանր լողում է ճերմակ տարածության մեջ։ Կարծես երազում ինչ-որ ձայն լսեց, կանգ առավ ու ետ նայեց։ Ավտոմեքենա էր։ Սահակ Ավագյանը կարծես արթնացավ հավիտենական անզգայությունից ու հասկացավ, որ կյանքն ամենևին էլ կանգ չի առել։ Նայեց մոտեցող ավտոմեքենային ու աշխարհում, բացի մոտեցող ավտոմեքենայից, ոչինչ չէր տեսնում։ Չէր տեսնում ձյան խելահեղ պարը քամու նվագի տակ, աշխարհում չկար Լեռնաշեն ու շրջկենտրոն, կար շարժվող ավտոմեքենա, և այդ ավտոմեքենան միայն Սահակ Ավագյանի համար էր ստեղծված։

Ավտոմեքենան եկավ հավասարվեց նրան, ու վերջինս ավտոմեքենայի մեջ, վարորդի կողքին, նկատեց Վասակ Կարախանովիչին, որ այնպես էր տարածվել մեքենայի մեջ, կարծես մոր արգանդից հենց այդպես, ավտոմեքենայով է դուրս եկել։ Իսկ Վասակ Կարախանովիչը կարծես ամենևին էլ չնկատեց Սահակ Ավագյանին։ Ճանապարհին ոչ մի Սահակ Ավագյան էլ չկար, հեռագրասյուն էր, անտեր կոճղ էր, մոլորված ծառ էր ամայի դաշտում։ Եվ երբ Վասակ Կարախանովիչն իր պաշտոնական ավտոմեքենայով գնաց կորավ ճերմակ անհայտության մեջ, փոստատար Սահակ Ավագյանն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռքից սահեցին նամակներն ու ծանրոցները։ Երկար նայեց դեպի հեռուն, ուր այլևս մեքենա չկար, մեքենայի մեջ ծանր-ծանր բազմած Վասակ Կարախանովիչ Հակոբյան չկար, ու Սահակ Ավագյանին աշխարհը թվաց տխուր ու ձանձրալի։ Խեղճ ու անօգնական կանգնել անվերջանալիորեն երկար ճանապարհի ինչ-որ կետում, իրեն զգում էր անգթորեն կողոպտված ու միայնակ։

Սահակ Ավագյանը չհասկացավ, թե ինչու գետնից վերցրեց նամակների կապոցն ու չհասկացավ, թե ինչու հանկարծ նայեց ծանրոցներին ու նրանցից մեկի վրա կարդաց. քաղաք Մուրմանսկ, Հակոբյան Ալբերտ Վասակի... Նա ցանկացավ ջարդուփշուր անել ծանրոցը, պարունակությունը թափել ու կոխկրտել, կոխկրտել նաև իր անզորությունը, բայց մտածեց, որ որդին մեղավոր չէ։ Գուցե չգիտե, որ հայրը՝ Վասակ Կարախանովիչ Հակոբյանը, սրիկա է, բյուրոկրատ է... Կամ եթե գիտե էլ, ի՞նչ մեղք ունի, որ հայրը տասը տարում գյուղը, կոլտնտեսությունը քանդել է, գյուղից ու գյուղատնտեսությունից առհասարակ ոչինչ էլ չի հասկանում, բայց լավ թիկունք ունի։ Տասը տարի առաջ քաղաքում վարորդ էր։ Հետո գյուղատնտեսականն ավարտեց... հեռակա։ Հեռակա կարգով ծանոթացավ գյուղին ու գյուղատնտեսությանը և հիմա իր հեռակա գիտելիքները կիրառում է կյանքում։ Ակումբի բակում ծաղկանոց կար ու աղբյուր։ Տասը տարում աղբյուրը դարձրեց ցայտաղբյուր ու չհասկացավ, որ աղբյուրը մարդկանց շատ էր պետք։ Իսկ ծաղկանոցի համար նոր սերմեր բերեց։ Ու երբ վերևից, շրջկենտրոնից մարդիկ են գալիս, ցայտաղբյուրն ու ծաղկանոցն է ցույց տալիս։ Իսկ պահեստապետ Սիմոնը, շողոքորթ ժպիտը դեմքին, ուզում է ապացուցել, որ առաջ ծաղիկներն այնպես լավ չէին բուրում, ինչպես հիմա, և ջուրն էլ ճիշտ չէր հոսում։ Ու նրանք, որ վերևից, շրջկենտրոնից են եկել, գիտեն, բայց չեն ուզում նկատել, որ Վասակ Կարախանովիչը ինքնագլուխ կերպով Լեռնաշենի մերձակա անտառը դարձրել է եգիպտացորենի դաշտ, իսկ փաստաթղթերում այդ վեց-յոթ հեկտար տարածությունը չի նշվում...

Փոստատար Սահակ Ավագյանը մոռացել էր, թե երբ է դուրս եկել գյուղից ու ինչքան ժամանակ է այդպես քայլում։ Նայեց թևի ժամացույցին ու զարմացավ, որ ընդամենը հինգ ու կես ժամվա ճանապարհ է անցել։ Ոտքերի ցավն ավելի է սաստկացել, և նա ճերմակ ճանապարհին մեկնվելու պահանջ էր զգում։ Իսկ ճանապարհը վերջ չուներ։ Ինչպես վերջ չկար ձյան ու քամու կատաղի պարին։

Սահակ Ավագյանը չգիտես ինչու ետ նայեց, ու մոտեցող ավտոմեքենան ճերմակ տարածության մեջ ճախրող ճերմակ կարապ թվաց։ Նայեց մոտեցող ավտոմեքենային, որ ճերմակ կարապ կթվար, ու սիրտը սկսեց ուժգին զարկել։ Ավտոմեքենայի մեջ վարորդն էր ու մի աղջիկ։ Եվ մի քանի վայրկյան հետո, երբ Սահակ Ավագյանը նայեց հեռացող ավտոմեքենային, որ ճերմակ կարապ կթվար, չհասկացավ, թե ինչու ամեն ինչ հանկարծ ծածկվեց անգույն մշուշով։ Նա չտեսավ, թե ինչպես իր մեջ ինչ-որ շատ մեծ բան փլվեց, չհասկացավ, թե հանկարծ ուր վազեցին ոտքերը, և ինչու կտրված ծառի պես ընկավ ձյան վրա։ Հետո, ինչպես երազում, տեսավ, որ իրեն ուզում են ինչ-որ տեղ խցկել, բայց չեն կարողանում։ Հետո կարապի պես ճերմակ ավտոմեքենա տեսավ, որի դուռը բաց էր։ Ուզում էր ներս մտնել, բայց չէր կարողանում, ոտքերը այս ու այն կողմ էին փախչում։ Հետո նրան թվաց, թե նստած է ճերմակ կարապի վրա ու ճախրում է անհունության մեջ։ Եվ երբ ծանրորեն բացեց կոպերը, զարմացավ, որ ավտոմեքենայի մեջ է։ Աչքերը նորից փակեց, բայց այլևս ճերմակ կարապ չկար։ Ու կարծես ոչ թե ինքը, այլ հեռվում, ինչ-որ տեղ մտածում են, թե որն է երազ, կարա՞պը, թե՞ ավտոմեքենան։

- Արթնացա՞ր։ Երևի գիշերը լավ չէիր քնել։ Իսկ մենք զարմացել էինք, թե հանկարծ ո՞ւր չքացար ճանապարհից։ Եթե այս աղջիկը ետ չնայեր, երևի այդպես էլ մինչև կյանքիդ վերջ քնեիր ձյան տակ,- լսվեց վարորդի ձայնը, և Սահակ Ավագյանը շատ հեռվից, ասես մշուշի միջից, սկսեց կամաց-կամաց հասկանալ ամեն ինչ։
Նա ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում։ Ու թվաց, թե խոսելն էլ էր մոռացել։ Ձեռնոցներն ուզում էր հանել, չկարողացավ, ձեռքերը սառն ու անզգա էին։ Ատամներով պինդ բռնեց ձեռնոցներից և սկսեց ձգել։

- Երևի շատ ես սոված, ձեռնոցներից ես սկսել,- նորից լսվեց վարորդի ձայնը, և փոստատարը հասկացավ, որ դիմացը, հայելում ամեն ինչ երևում է ու մի տեսակ անշարժացավ։
- Հայրի՛կ, ձեռքդ տուր օգնեմ,- ասաց աղջիկն ու երկուսով հազիվ դուրս քաշեցին սառած ու կուչ եկած մատներին սոսնձված ձեռնոցները։
- Ինչքա՜ն սառն են, թողեք շփեմ...

- Դու էլ գործ գտար։ Գուցե ջուր դնես ու ոտքերն էլ լվաս։ Վարպե՛տ, իսկ դու խոսելու միտք չունե՞ս։ Մի անեկդոտ պատմիր, միայն առանց մանրամասնությունների, աղջիկ կա...
Աղջիկն արհամարհանքով նայեց խոսողի կողմն ու շարունակեց շփել փոստատարի սառած մատները։
- Էդ ծանրոցները չլինի՞, թե ինձ համար ես բերել։ Գիտե՞ս ինչ, արի բացենք, տեսնենք մեջն ինչ կա։

Աղջիկը նորից նայեց վարորդին, բայց ոչինչ չասաց։
- Լա՛վ, ծանրոցներդ պետք չեն, նամակներդ էլ հազիվ հետաքրքիր լինեն։ Գյուղացիք ի՞նչ պիտի ուղարկեն. մածուն, չիր ու չամիչ կամ հոտած պանիր։ Վարպե՛տ, իսկ գուցե մի բան երգես...
- Վե՛րջ տուր,- ճչաց աղջիկը։
- Լավ, ինչո՞ւ ես զայրանում։ Իսկապես ճիշտ են ասում, որ կանայք կատակից բան չեն հասկանում։

- Դեռևս կինդ չեմ...
- Մարդ կատակից էլ զայրանա՞,- վարորդը հայելու մեջ փնտրեց փոստատարի հայացքը, բայց չգտավ։- Վարպե՛տ, գյուղում ի՞նչ ես գտել, հարյուր ռուբլով տուն կպահե՞ն։ Այսինքն ո՞վ գիտե, կանաչեղեն բան կա, վաճառում ու թաքուն հարստանում եք։ Բայց էդ գյուղացիքդ շատ ժլատ ժողովուրդ եք։ Փողը սնդուկում եք պահում, կարծես էն աշխարհում պիտի վայելեք։ Լավ չէր լինի՞ մի ավտոմեքենա գնեիր ու էս սառնամանիքին էլ ճանապարհին չքնեիր։

- Դու վատ մարդ ես,- Սահակ Ավագյանը շատ հեռվից հազիվ լսեց իր ձայնը։
- Վերջապես ձայնդ լսեցինք։ Ասում ես վատ մարդ եմ, հա՞։ Որ վատ մարդ եմ, ինչո՞ւ քեզ չթողեցի ճանապարհին քնած։
- Չվերցրիր։ Ասացի՝ չվերցրիր։ Եթե ետ չնայեի, չէիր վերցնի։ Հետաքրքրությունից կանգնեցրիր։ Ասում էիր գյուղացի մարդ է,- զայրույթից աղջիկը կարմրել էր,- ասում էիր, թե երրորդն ավելորդ է։
- Լա՛վ, մի չափազանցացրու։ Ես տաքսու շոփեր չեմ, որ ամեն մի պատահական մարդու համար մեքենա կանգնեցնեմ։
- Մեքենան կանգնեցրո՛ւ։

Վարորդը մեքենան արգելակեց ու զարմացած ետ նայեց։ Փոստատարը վերցրեց նամակների կապոցն ու զույգ ծանրոցները, դուրս եկավ մեքենայից։
Ձյունը շարունակում էր թանձր մաղել, և դրսում ավելի ցուրտ էր, բայց դա ցրտից չէր, որ Սահակ Ավագյանը դողում էր։ Նա շատ բան ուներ ասելու վարորդին, ու աշխարհին։ Ուզում էր ասել, որ ինքը վարորդի տարիքին որդի ունի, և նա երբեք իր հետ այդպես չի խոսել։ Ուզում էր ասել, որ վարորդը շան որդի է, որ Վասակ Կարախանովիչը բյուրոկրատի մեկն է։ Աշխարհում առհասարակ կան շան որդիներ։ Ուզում էր ասել, որ աղջիկը երբեք չպիտի վարորդի կինը դառնա։ Լավ աղջիկ է։ Շատ բան պիտի ասեր, բայց հազիվ շշնջաց միայն.
- Դու վատ մարդ ես...

Ավտոմեքենան շարժվեց, և Սահակ Ավագյանը սպասեց, որ նա լուծվի ճերմակ տարածության մեջ։ Բայց հանկարծ այն նորից կանգ առավ։ Սահակ Ավագյանին թվաց, թե ավտոմեքենան շատ երկար կանգնեց, և երբ այն նորից շարժվեց ու անհետացավ հեռվում, ճանապարհին, որտեղ քիչ առաջ մեքենան էր, աղջիկն էր կանգնած ու սպասում էր փոստատարին...
Հունիս, 1984 թ.




ԲԱԺԱԿԱՃԱՌ

Մեր հիմնարկությունը կոչվում է ապահովագրական վարչություն կամ նման բան։ Ամեն օր առավոտյան ներկայանում ենք, իսկ երեկոյան հինգին ավարտում մեր աշխատանքը։ Ես ինչ-որ թղթեր եմ ստանում, համեմատում ու ներկայացնում մեքենագրության։ Գրեթե նույն բանն է անում մյուս բաժինը, որտեղ ընկերս՝ Սուրենն է աշխատում։ Սա երբեմն կատակով ասում է, որ մենք բոլորս միասին երեք-չորս մարդու աշխատանք ենք կատարում։ Հիմնարկության ղեկը գտնվում է նոր շեֆի՝ Երվանդ Գավրուշիչի կամ, ինչպես ընկերս է ասում, Սողունի հուսալի ձեռքերում։ Շեֆին մենք հազվադեպ ենք տեսնում, որովհետև ամիսներով գործուղման է մեկնում։ Ճիշտն ասած, այդպես ավելի լավ է, որովհետև առանց նրան գործն ավելի հեշտ է առաջ գնում, որովհետև նա բոլորովին գործից գլուխ չի հանում, բայց միշտ ուզում է ապացուցել, որ իր ղեկավարության այս երկու տարում ավելին է արել, քան մեր հին դիրեկտորը՝ Սամվել Գրիգորիչը, ամբողջ տասնհինգ տարում։ Իսկ Սամվել Գրիգորիչի ժամանակներում իսկապես լավ էր։ Նա մի քիչ հիմար էր, բայց ինքն այդ չգիտեր ու հաճախ էր մեզ զվարճացնում իր «խենթություններով»։ Սամվել Գրիգորիչը զարմանալիորեն հումորի զգացում ուներ և նրա հետ ամեն մի հանդիպում յուրօրինակ ներկայացում էր։ Նա ամեն ինչ կարդում էր, ու յուրաքանչյուր տպագրված տող նրա համար կատարյալ ճշմարտություն էր։ Եթե նրան ցույց տայինք Շիրվանզադեի ձեռագիրը, երևի ծիծաղեր մեծ գրողի վրա, բայց բավական է Սամվել Գրիգորիչին ցույց տալ մեր մեքենագրուհու տպագրած որևէ հիմարություն, և նա անկեղծորեն կհավատար դրան։ Ու երևի այդ էր պատճառը, որ հաճախ նա իրար էր խառնում իր կարդացած հիմարություններն ու ճշմարտությունները։ Մենք ժողովներին ներկայանում ենք պարտաճանաչ աշակերտների պես։ Հիշում եմ, մի անգամ նա անսպասելիորեն այսպիսի հարց տվեց. «Ինչու՞ Հռոմի պապը չէր ուզում ընդունել շոգեքարշի գյուտը»։ Մենք հաստատ չգիտեինք, Հռոմի պապը ընդունո՞ւմ էր շոգեքարշի գյուտը թե ոչ, բայց սկսեցինք զանազան կարծիքներ առաջ քաշել. որ իբր միայն աստված կարող է ինչ-որ բան ստեղծել, որ ըստ եկեղեցու, մարդ իբր չի կարող արարել, որ շոգեքարշի սուլոցը սղոցում էր աստծո դյուրազգաց ականջները, և նա չէր կարող լսել իր ոչխարների ծնկաչոք ճամարտակությունները և այլն։

Իսկ Սամվել Գրիգորիչը ծանր ու մեծ գլուխը դես ու դեն էր պտտում. «Չէ, չիմացաք, զավակներս։ Ձեր կարճամիտ պատասխաններով դուք մի անգամ էլ ապացուցեցիք, որ աստեղային հեռավորությամբ հեռու եք գտնվում հոմո սապիենսից, և ձեր մտածողության կենտրոնը էլեկտրոնային ճշտությամբ համընկնում է ձեր սեփական մարմնի ծանրության կենտրոնին»։

Ու մինչ ես, ժպիտս թաքցնելով, դիմացս նստած մեքենագրուհի Մարինեի մտածողության կենտրոնի տեղն էի մտովին որոշում, Սամվել Գրիգորիչը հանդիսավոր շարունակում էր. «Ճստիկներս, Հռոմի պապը ձեզ նման հիմար չէր, որ նման սարսաղություններ մտածեր։ Նրա ուսերին սոխի գլուխ չէր և ահա թե ինչ էր մտածում. եթե շոգեքարշով կարելի է, ասենք, Հռոմից հասնել Փարիզ կամ Մոսկվա, ապա այստեղից էլ մարդիկ կսկսեն եզրակացնել, որ կարելի է նաև կապիտալիզմից հասնել սոցիալիզմին։ Այսպես պետք է տրամաբանել, հիմարիկներս»։

Մինչ ես ջանում էի մի կերպ խեղդել քրքիջիս անիծյալ պոռթկումը, Սուրենը կոշիկների քուղերով ինչ-որ խաղ էր անում ու լարովի արջուկի պես ցնցվում...
Նոր շեֆի՝ Երվանդ Գավրուշիչի օրոք այդ ամենը հին երազ է թվում։ Վերացավ ծիծաղը, փոխվեցին մարդիկ, աշխատանքը դարձավ ծանրագույն պարտականություն։ Երվանդ Գավրուշիչը հազվադեպ է այցելում բաժինները և միշտ դժգոհում է մեր աշխատանքից։ Նա այնպես է պահում իրեն, ինչպես ամեն ինչից հղփացած փաշան՝ իր հարճերի մոտ։ Ոչ մեկին չէր նայում, ավելի ճիշտ, նրա սառը հայացքը թափառում էր մեր գլուխներից վեր ինչ-որ տեղ։ Նա ինքը երբեք մեզ չի բարևում։ Մենք նրա մոտ ուշադրության անարժան ծառեր, հեռագրասյուներ, քարի կտորներ ենք։ Մեր բարևին չի պատասխանում. գլուխը պահում է մի անորոշ ուղղությամբ ու թեթև ցնցում հոնքամեջը, որ ասել է թե՝ մեզ տեսավ։ Ես չեմ հիշում մի դեպք, որ նա մեզ նայած լիներ։ Նույնիսկ այն ժամանակ էլ, երբ մեզնից որևէ մեկին իր մոտ է կանչում, սառը հայացքը մեխում է պատուհանին ու ասում. «Հա՜, ի՞նչ է պատահել»։ Հետո հիշում է, որ ինքն է մեզ կանչել. «Հա՜, լավ չեք աշխատում, բաժնից բողոքներ կան»։

Եվ ահա, հավաքվել, մեր շեֆի ծնունդն ենք նշում։ Բոլորս մի տեսակ վատ ենք զգում։ Տեղակալը առաջարկեց Երվանդ Գավրուշիչի կենացը և ասաց, որ նրա ղեկավարության երկու տարում մեր հիմնարկությունը հասել է զգալի հաջողությունների, վերացրել ենք մի շարք թերություններ, սկսել կարգին աշխատել և այլն։ Համարյա նույն բանն ասվեց հաջորդ երկու-երեք կենացներում։ Երվանդ Գավրուշիչը, պատկառանքով տեղավորված բազկաթոռի մեջ, բաժակը պահում էր, իսկ մենք մոտենում, կամաց չխկացնում ենք ու ինչ-որ բաներ մրթմրթում։ Բոլորս, բացառությամբ Երվանդ Գավրուշիչի, ճնշված էինք զգում։ Տեղակալն անգամ, որ ստանձնել էր թամադայի պարտականությունը, մերթ պատառաքաղն էր գցում, մերթ շուռ տալիս բաժակները։ Կենացներից հետո լռություն էր տիրում, և մենք խոնարհվելով մեր ափսեներին, թույլ դերասանների պես ուտելու տեսարան էինք ներկայացնում։ Շարժվում էինք անաղմուկ, բաժակի կամ դանակի յուրաքանչյուր չխկոց անմիջապես ուշադրություն էր գրավում։ Լռությունն ավելի էր շիկացնում մթնոլորտը։ Չէինք համարձակվում փսփսալ նույնիսկ կողքներիս նստածների ականջին։

Ձախ կողքիս նստած էր Սուրենը։ Նա իմ մտերիմ ընկերն է, և ես երբեմն վախենում եմ նրա համար։ Մի անգամ մեր դեկանն ասել է, որ Սուրենի մեծագույն թերությունն այն է, որ խելոք է, և դա նրան շատ անախորժություններ կպատճառի։ Իսկ իմ կարծիքով նրա ամենամեծ թերությունն այն է, որ իր կարծիքը հայտնում է բարձրաձայն։ Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է սեփական կարծիք ունենա, բայց միշտ չէ, որ այն կարելի է բարձրաձայն հայտնել։ Ճիշտ է, ես չեմ հիշում դեպք, որ նա սխալ լիներ, բայց և հիշում եմ տասնյակ դեպքեր, երբ նա փորձանքի մեջ է ընկել իր այդ ճշմարտությունների պատճառով։

Սուրենի ձախ թևում Մարինեն էր։ Ընկերս մեքենագրուհուն չէր սիրում, որովհետև վերջինս տղամարդկանց ներկայությամբ գռեհիկ անեկդոտներ պատմելու սովորություն ուներ։ Եվ մի օր էլ, երբ նա պատմել էր ամենաքստմնելի հիմարություններից մեկը, Սուրենը մոտեցել էր նրան ու ասել. «Եթե մի անգամ էլ այդպիսի ապուշություններ լսեմ, երդվում եմ, բոլորի ներկայությամբ քեզ...»։

Երբեմն աչքի տակով նայում եմ շեֆին ու սարսռում. նրա դեմքի կենդանի վկան սառած աչքերն են ու ծնոտի տակ, ինչպես գորտերի մոտ, թրթռացող գունդը։ Ժամանակի հավասարաչափ պարբերությամբ նա պատառաքաղը դեպի բերանն է տանում ու աննշան շարժում ծնոտը։ Կարծես ուտելիքը ոչ թե ծամում, այլ կուլ է տալիս։

Անցավ որոշ ժամանակ, քաղցից գլուխս դժժում է ու անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի ավարտվի այս անիծյալ խնջույքը, որ մեր տանը մարդավարի ընթրեմ։ Հանկարծ նստած տեղից բարձրացավ Սուրենը, և սարսափով ու զարմացած նկատեցի, որ նա հարբած է։

- Ընկերնե՛ր, ես կը... կրկին անգամ ուզում եմ խմել մեր փառապանծ Երվանդ Գավրուշիչի թանկագին կենացը։
Մնացել էինք ապշած։ Ես Սուրենի մանկության ընկերն եմ, բայց երբեք նրան այսպես չէի տեսել, նույնիսկ չեմ էլ պատկերացրել այս տեսքով։ Ինձ միշտ հիացնում էր նրա ինքնազսպվածությունն ու սառնարյունությունը։ Ինստիտուտում էլ էր կատակներ անում, ձեռ առնում, բայց ոչ այս ձևով։ Հիշում եմ, միացյալ դասախոսության ժամանակ էր։ Քաղաքատնտես թեկնածուն հպարտ ու ինքնագոհ դասախոսություն էր կարդում։ Ես գլուխս կախ գրում էի ու հանկարծ նկատեցի, որ Սուրենը ինչ-որ գիրք է կարդում և փչակում մեղր գտած քոթոթի պես բավականությամբ ծպպացնում։ Հարցրի, ասաց՝ «Շվեյկ» է կարդում։ Քաղաքատնտեսն ավարտեց ճառն ու, ինչպես միշտ, դասախոսությունների վերջում, ասաց. «Գրականություն, Մարքս, հատոր 1, էջ 158, տիրե, էջ 171, Էնգելս, հատոր 2, էջ 167, տիրե, էջ 184...»։ Երբ նա վերջացրեց, ընկերս վեր կացավ ու հարցրեց. «Կարելի՞ է լրացնել»։ Մեր թեկնածուն անակնկալի եկավ, մի կերպ հավաքեց իրեն ու ասաց՝ խնդրեմ։ «Նիկիտին, քաղաքատնտեսության դասագիրք, էջ 152, ներքևից իններորդ պարբերություն, տիրե, էջ 174, վերևից երրորդ պարբերություն»։ Թեկնածուն գունատվեց. «Ի՞նչ ես ուզում ասել»։ «Ոչինչ,- ասաց Սուրենը,- ձեր դասախոսության տիեզերական սահմաններն եմ ուզում ճշտել»։

Եվ ահա, Սուրենը ամենավերջին հարբեցողի պես օրորվելով ու բառեր ծամծմելով, ասում էր.
- Երվանդ Գավրուշիչը, մեր հոգևոր հայրը, իսկապես մեզ մարդ դը... դը... դարձրեց։ Հիմա մեր հիմնարկությունը հպարտանալու շատ բան ունի։ Նախ և առաջ մենք ունենք հիանալի ղը... ղը... ղեկավար, ունենք Երվանդ Գավրուշիչ, և նրա կենացը խմելը մեր սուրբ պարտքն է։ Ի՞նչ էինք մեզնից ներկայացնում Սամվել Գրիգորիչի օրոք. խղճուկ որբեր։ Ուրեմն, ընկերներ, ուր էլ լինենք, որտեղ էլ նըս... նստենք, քեֆի թե պատարագի, պարտավոր ենք միշտ առաջինը բաժակ բարձրացնել Երվանդ Գավրուշիչի պատվին։ Մը... մենք նրանից սովորելու շատ բան ունենք։ Ճիշտ է, չար լեզուներն ասում են, որ իբր Երվանդ Գավրուշիչը, շատ ներողություն, մարդ չէ, իբր սը... սող... սողուն է, շատ կներեք, բայց դա ստոր բամբասանք է։ Ո՛չ, ընկերներ, Երվանդ Գավրուշիչն այնքան էլ նման չէ սողունի...

Հանկարծ հիշեցի մի դեպք։ Ինստիտուտում մի անհաջողակ գրողի գրքի քննարկում էր։ Ամեն ինչ ընթանում էր մեր դեկանի նախօրոք կազմած ծրագրով։ Ուսանողները գովում, փառաբանում էին այն գիրքը, որ տասնյակներով բազմած է գրախանութների դարակներին, իսկ հեղինակն իրեն այնպես էր պահում, որ կարծես վաղուց է ճաշակել փառքի քաղցրությունը։ Յուրաքանչյուր ելույթից հետո մենք ընդունված կարգով ծափահարում էինք և հոգնած ու ձանձրացած սպասում հաջորդ թութակին։ Խոսքը տրվեց Սուրենին։ Ես գիտեի, որ դեկանը նախօրոք զգուշացրել էր նրան ավել-պակաս չխոսել։

- Ընկերներ,- սկսեց նա,- ուզում եք հիմա՞ ինձ ծափահարել, թե՞ ավարտեմ՝ հետո...
Լսարանն ալեկոծվեց։ Այսպես լինում է կրկեսում, երբ ձանձրալի համարներից հետո վերջապես մանեժ է դուրս գալիս սիրված ծաղրածուն։ Իսկ սա հանգիստ շարունակում էր.
- Հիմա ծափերի գինն այնքան է իջել, որ էստրադային անհաջողակ երգիչներն էլ իրենց ծափ են տալիս ու շարժումներով հասկացնում հանդիսատեսներին, որ ծափահարեն...

Վերջին նստարանների տղաները, որ սև ու սպիտակ կոպեկանոցներով շաշկի էին խաղում, թողել ամեն ինչ, հետաքրքրությամբ լսում են Սուրենին, իսկ վերջինս ամենևին չէր ուզում նկատել, որ դեկանը ասեղների վրա է նստած։
- Երբ քիչ առաջ մերոնք ելույթ էին ունենում,- ասում էր նա,- այնքան լավ էին երգում, որ հպարտությամբ մտածեցի. եկեղեցական փառահեղ երգչախումբ կստացվի սրանցից։

Հաճույքից տրաքվում էինք։ Այսպիսի տեսարան երազում էլ չէինք պատկերացնում։
- Բայց, կարծեմ, պատարագ լսելու համար չենք հավաքվել այստեղ։ Ընկեր Մովսիսյանի գիրքը պիտի քննարկենք, ասել է թե՝ երգենք մեր սեփական ձայնով։ Ուրեմն՝ թույլ տվեք բարձրացնել վարագույրը։
Այստեղ նա բացեց գրքի առաջին էջը և այն, ինչ հետո կատարվեց, անհնար է նկարագրել։ Խեղճ գրողը, որ քիչ առաջ ինքնագոհ ու ամբարտավան տեսք ուներ, կարծես կենդանության օրոք իր դամբանականն էր լսում։ Դեկանը վաղուց դադարեցրել էր ապարդյուն շարժումներն ու կառափնարան գնացող մահապարտի կերպարանք ստացել...

Եվ հիմա, երբ Երվանդ Գավրուշիչի պատվին Սուրենը ճառ էր ասում, մենք դեռևս կարգին չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։
- Իսկ նրանք, որ ասում են, թե իբր Երվանդ Գավրուշիչը անգրագետ է, դրանք խը... խըղ... խղճուկ խաբեբաներ են։ Ճիշտ է, Երվանդ Գավրուշիչը երբեմն իր ազգանունը փոքրատառով է գրում և հիմնարկության անվան մեջ տառասխալներ անում, բայց դա դեռևս չի նշանակում, թե պիտի ջուր բաց թողնենք բամբասասերների ջրաղացին։ Երվանդ Գավրուշիչը ոչ միայն բը... բազ... բազմակողմանիորեն զարգացած ղեկավար է, այլև...

Նա մի այնպիսի շարժում արեց, որ մենք վախեցանք, թե հանկարծ պիտի մեկնվի սեղանին։ Բայց մի կերպ պահեց հավասարակշռությունն ու շարունակեց.
- Խնդրում եմ ինձ ձեռ չտալ, ես հարբած չեմ։- Ես կրկին անգամ համոզվեցի, որ հարբածները սիրում են անվերջ կրկնել՝ հարբած չեմ, և նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց հարբածի տեղ ենք դնում։ Իսկ Սուրենը զարմանալիորեն գտավ մտքի թելն ու շարունակեց.- ...այլև Երվանդ Գավրուշիչը ընտանիքի սիրված հայր ու ամուսին է։ Խնդրում եմ չզարմանալ։ Մի՞թե դուք հավատում եք այն փչաններին, որ ասում են իբր Երվանդ Գավրուշիչը գործուղման է փը... փախ... փախչում սիրուհու հետ։ Սո՛ւտ է։ Ինչպես սուտ է և այն, որ Երվանդ Գավրուշիչի համար խանութում միշտ երեք կապ միս են պահում. իր՝ Երվանդ Գավրուշիչի, նրա ավտովարորդի և սիրուհու համար։ Ա՜յ թե գարշելի զրպարտություն է։ Կեղծի՛ք...

Այստեղ Սուրենն այնպես բղավեց, որ Երվանդ Գավրուշիչն էլ ցնցվեց։ Իսկ լիքը բաժակը ընկերոջս ձեռքում այնպես էր զիգզագներ գծում, որ ես վաղուց հասկացել էի, որ պարունակությունն ինձ վրա պիտի թափվի։ Նրան նստեցնելու փորձ անելն հիմարություն կլիներ։ Արդեն ուշ էր։ Նայեցի շեֆին, նրա սառն ու անփայլ աչքերին և... քիչ մնաց զարմանքից ճչայի։ Նրա աչքե՜րը։ Այդ աչքերը ես տեսել եմ ինչ-որ տեղ։ Ոչ, այդ չեմ ուզում ասել։ Նա մեր շեֆն է և պարզ է, որ շատ եմ տեսել նրան։ Բայց նրա աչքերը ես մի ուրիշ տեղ էլ եմ տեսել...

Հիշեցի։ Մի քանի օր առաջ գազանանոց էի գնացել։ Շրջիկ գազանանոց էր։ Այնտեղ վանդակների մեջ փակված գազաններ կային՝ արջեր, առյուծներ ու կապիկներ։ Նրանց աչքերում անսահման տխրություն կար։ Նայում էին մարդկանց ու ոչինչ չէին տեսնում։ Նրանք վանդակի մեջ էին։ Մարդիկ քարեր էին նետում նրանց վրա, քարեր էին նետում ու հրհռում։ Ինձ թվաց, թե այդ քար նետողների մեջ նա էլ, մեր շեֆն էլ կար։ Գուցե չկար, բայց նրա աչքերը տեսել եմ այնտեղ, քար նետողների մեջ։ Այդ ժամանակ ես մտածել էի, որ հեռավոր Ամերիկայում մոտ մի հարյուրամյակ առաջ անմեղ ու անպաշտպան կենդանիներ՝ բիզոններ կային։ Մարդիկ վանդականման վագոնների մեջ ձանձրույթից ծխում էին և կրակում ազատության մեջ անպաշտպան կենդանիների վրա։ Կրակում էին ու ոչնչացնում։ Իսկ կանայք հորանջում էին և ծիծաղում տղամարդկանց զբաղմունքի վրա։ Հետո կանայք ասում էին, որ Աֆրիկայի վագրերի մորթին ավելի թանկ արժե...

Ես այսքանը հիշեցի ընդամենը մի քանի վայրկյանում, իսկ Սուրենը, հազիվ ոտքի վրա կանգնելով, շարունակում էր.
- Երվանդ Գավրուշիչը ծըն... ծնվել է միայն ու միայն մարդկանց ղեկավարելու համար։ Ընկերնե՛ր, հիշեք Սամվել Գրիգորիչին։ Մի՞թե ծիծաղելի չէ. նա զրուցում էր ոչ միայն իր տեղակալի, այլև մեքենագրուհի Մարինեի և նույնիսկ ինձ հետ։ Իսկ որտե՞ղ է նրա ղե... ղեկավարային արժանապատվությունը։ Ղեկավարը միշտ էլ մնում է ղեկավար։ Ընտանիքում էլ։ Դիս... դիստանցիա՛, ընկերնե՛ր...

Երվանդ Գավրուշիչը պը... պայծա՛ռ անհատականություն է։ Ոչ մի խաբեբա չի կարող մեզ հավատացնել, որ իբր Երվանդ Գավրուշիչը վերևներում ծնկաչոք, ետևի վերջավորությունների վրա է ման գալիս...
Սուրենը ծղոտի վրա կանգնած մորեխի պես ճոճվում էր ու ես անհամբեր նայում եմ նրա լիքը բաժակին։ Վերջապե՜ս։ Վերջապես այն թափվեց... Բաժակը, որ ամենայն հավանականությամբ ինձ վրա պիտի թափվեր, թափվեց Սուրենի ձախ թևում միանգամայն ապահով նստած մեքենագրուհու ծնկներին։ Իսկ ընկերս ամենևին ուշադրություն չդարձնելով կատարվածի վրա, հարբած ոգևորությամբ շարունակվում էր բաժակաճառը։

- Երվանդ Գավրուշիչը սուրբ մարդ է, և սրբապղծություն կլինի չխմել այդ սուրբ մարդու պայծառ հոգու կենացը։ Այս կենացը, ընկերներ, պը... պիտի խմվի հոտնկայս...
Մենք ակամա ոտքի ելանք և սկսեցինք չխկացնել մեր բաժակները։ Կարծես հեքիաթում լինեինք։ Չգիտեինք, թե ինչ է կատարվում մեր շուրջ։
Շեֆի աչքերի սառնությունն ավելի էր կրկնապատկվել, իսկ ծնոտի տակ չարագուշակ փուչիկն ավելի արագ էր ուռչում ու անհետանում։ Սողո՜ւն...

Մենք մի տեսակ հանգստացել էինք, չքացել էր ավելորդ նյարդայնությունը։ Նոր լսած բաժակաճառի տպավորության տակ էինք, բայց և չէինք կարողանում կարգին հասկանալ, թե ինչ է կատարվել։
Խնջույքն ավարտվեց։ Մենք հրաժեշտի խոսքեր մրթմրթացինք հոբելյարին և դուրս եկանք։ Դրսի սառն ու մաքուր օդը խփվեց դեմքներիս։ Ես պինդ բռնել էի ընկերոջս թևից ու հազիվ էի պահում նրան։

- Տղերք, չգիտեմ, ես եմ ձեր կարիքը շատ զգո՞ւմ, թե՞ դուք իմ։ Կարծեմ, մեր ճանապարհները համընկնում են,- ծլվլաց մեքենագրուհին ու մյուս կողմից թևանցուկ արեց Սուրենին։
- Եթե խոսքը անկողին տանող ճանապարհների մասին է, դուք իրավացի եք։ Առա՛ջ,- ասաց Սուրենն ու քիչ մնաց երկուսիս տապալեր գետնին։
Մարինեն ուրախ կչկչաց.
- Այսօր ձեր տեսքը հոյակապ է, իսկ մենախոսությունը, չնայած ինձ մի քիչ լողացրիք, հիանալի էր։ Ափսոս, որ չձայնագրեցինք։ Համլետի «լինել-չլինելը» հեչ բան է ձեր բաժակաճառի մոտ։

Ճանապարհին նրանք անվերջ շաղակրատում էին, բլբլացնում ամենատարբեր հարցերի մասին։ Սուրենը կայծակնային արագությամբ փոխում էր զրույցի թեման։ Նա զանազան հիմարություններ էր դուրս տալիս տիեզերքի անսահմանության մասին ու հանկարծ ասում, որ հեռուստացույցը աշխարհի իններորդ հրաշալիքն է, որովհետև այնտեղ կարելի է «Առավոտյան փոստ» դիտել։ Նա առանց ամաչելու դուրս էր տալիս ինչ խելքին փչեր։ Եվ ամեն անգամ, երբ ես մտածում էի, որ երանի այս կամ այն բանը չասեր, նա զարմանալիորեն հենց այդ էր ասում, իսկ Մարինեն աշխույժ կչկչում էր։

Երբ նրանք շաղակրատում էին հավերժական սիրո և ընտանիքի մասին, մեքենագրուհին ասաց, որ իր ամուսինն ավանակ է։
- Ավանա՞կ,- անկեղծորեն զարմացավ Սուրենը։
- Այո, ավանակ, ամենաիսկական ավանակ։
Մենք հազիվ էինք պահում Սուրենին, որ հանկարծ չմեկնվի մայթին։ Նա քրքջում էր ու կրկնում՝ ավանա՞կ...
- Ի՞նչ է, չես հավատո՞ւմ։
- Հավատում եմ, բայց...
- Էլ ի՞նչ «բայց»։
- Ուրեմն դու ամեն օր էշի հետ ես պառկու՞մ,- և երկուսով այնպես էին կչկչում, կարծես հարբեցողների մի մեծ խումբ էր ոռնում։

Իսկ երբ արդեն հրաժեշտ էինք տալիս Մարինեին, Սուրենն ասաց, որ նա մեր հիմնարկության ամենասիմվոլիկ անձնավորությունն է։
Վերջապես մնացինք երկուսով։ Ինձ թվաց, թե նա այլևս չի օրորվում։ Մի քիչ լուռ քայլեցինք, և Սուրենն ազատեց թևը։
- Արդեն հարբածությունդ անցա՞վ։
- Դու էլ ես այդ կարծիքի՞ն։
- Որ ի՞նչ։
- Ես հարբած չեմ։
- Գիտեմ։
- Ոչինչ էլ չգիտես։ Ես միայն հանքային ջուր եմ խմել։ Իսկ այդ հիմարի ծնկներին իսկապես օղի եմ թափել։

Մնացել էի ապշած։
- Ի՞նչ ես աչքերդ չռել։ Ի դեպ, նկատե՞լ ես, թե մեր մեքենագրուհու հագին ինչ հոյակապ զգեստ կար։ Գրեթե ոչինչ չէր թաքցնում։ Եվ երբ հանդիսավոր կանգնած, մեր բաժակներն էինք չխկացնում Սողունի պատվին, նայեցի նրա զգեստի լայն բացվածքին, գայթակղվեցի և...
- Ի՞նչ...
- Բաժակիս մյուս կեսն էլ թափեցի նրա կրծքին՝ բացվածքից ներս։ Շան աղջիկը սարսռաց, բայց ծպտուն չհանեց։ Ավանակն այսօր հարբելու է կնոջ գրկում։ Թո՛ւհ։ Ի՞նչ է, վատ ես զգո՞ւմ։

Չգիտեմ, թե ինչպիսի տեսք ունեի այդ պահին, բայց երևի բավականին հիմարավուն արտահայտություն կար դեմքիս։ Կարծես սավառնում էի հեքիաթի և իրականության միջև ինչ-որ տեղ։
- Հա, երևի խենթ կամ խելագար ես համարում ինձ։ Իսկ նրա՞նք, որ քծնում ու շողոքորթում են Սողունին։ Նրանց մասին ի՞նչ ես մտածում,- Սուրենի դեմքին անսահման տխրություն կար։

Մի քիչ լուռ քայլեցինք։ Նա հանկարծ կանգ առավ ու ասաց.
- Գիտե՞ս երբեմն ինչ եմ մտածում։
- Ի՞նչ։
Նա լռեց մի պահ։
- Լավ, արդեն ուշ է, բարի գիշեր։
Երբ նա մի քանի տասնյակ մետր հեռացել և գիշերվա խավարում հազիվ էր նշմարվում, ես միայնակ կանգնել էի փողոցի մեջտեղում ու ինձ թվում էր, թե նա կրկին օրորվում է հարբածի պես։
Ապրիլ, 1985 թ.




ՊԱՏԱՀԱՐ

- Շտապիր ինձ մոտ,- Լևոնը լսափողի մեջ լսեց պետի ձայնն ու դժկամ շարժվեց դեպի Վռամ Արշակիչի առանձնասենյակը։ Քարտուղարուհին շրթունքներն էր ներկում և որպես «բարևի» պատասխան, առանց հայացքը հայելու իր արտացոլումից կտրելու, շրթունքներով թեթևակի ծպպացրեց։ Նրանից օծանելիքի զգլխիչ հոտ էր ճառագայթում, և Լևոնն ամբողջովին ներծծված քարտողարուհու բուրմունքով, տհաճությամբ բացեց Վռամ Արշակիչի առանձնասենյակի լաքապատ դուռը։ Սենյակը, ինչպես միշտ, աչք կուրացնելու չափ ողողված էր ծխի թանձր ամպերով, և Լևոնը հազիվ նշմարեց իրենից մոտ տասը քայլ հեռավորության վրա գտնվող Վռամ Արշակիչի վերևի կեսը։ Նրա մյուս կեսը արժանապատվությամբ հանգչում էր բազկաթոռի և գրասեղանի միջև ինչ-որ տեղ՝ ներքևում, ու քարտուղարուհու բուրմունքից դեռևս ուշքի չեկած, Լևոնը կարծեց, թե ծխի ամպերի ետևում հանձինս Վռամ Արշակիչի, տեսնում է երկնայինի ահեղ կերպարանքը։ Հետո երկնայինը սելեկտորի մեջ ինչ-որ բան մռնչաց, որ նշանակում էր, թե քարտուղարուհին թեյ պիտի պատրաստի, և գրասեղանի վրա շարված ամենախայտաբղետ գրիչների, զույգ հեռախոսների ու զանազան թղթերի ետևում գտնվող երկնայինի մեջ Լևոնը ճանաչեց իր պետին՝ Վռամ Արշակիչին։ Վերջինս այնպես էր ընկղմվել բազկաթոռի մեջ, որ ձուլվել, իրենով մի տեսակ լցրել էր բազկաթոռի բոլոր խորդուբորդությունները։ Կարծես վերևից, իններորդ հարկից են նետել, գցել բազկաթոռի մեջ, մտածեց Լևոնն ու լսեց պետի ձայնը։

- Ի՞նչ է պատահել, երիտասարդ։
- Դուք ինձ կանչել եք, Վռամ Արշակիչ։
- Հա՜, մենք ենք կանչել ուրեմն. բարեհաճում եք այդպես արտահայտվել։ Եթե չեմ սխալվում, այստեղ պետական հիմնարկություն է և ոչ թե ամենահետին քարվանսարա։ Սա պետք է լավ հասկանաք։ Ձեզ նրա համար չենք աշխատավարձ տալիս, որ զավզակություն անեք ու աչքաթողի տաք պետական աշխատանքները, այո՛, աչ-քա-թողի տաք,- վերջին կապակցությունն ըստ երևույթին Վռամ Արշակիչին շատ էր դուր եկել։- Կարծեմ ձեզ կանչել եմ տասնմեկն անց քսանինն րոպեին, իսկ հիմա բարի եղեք նկատել, որ արդեն տասնմեկն անց է երեսունչորս րոպե։ Որտե՞ղ էիք թրևում։ Կամ գուցե ուզում եք ապացուցել, որ թքել եք աշխատանքային կարգապահության վրա։

Լևոնը հասկանում է, որ Վռամ Արշակիչին վերևում հուպ են տվել, հասկանում է, որ Վռամ Արշակիչն իրավացի չէ, ինքը ոչ մի մեղք չունի։ Հասկանում է ու լռում, որովհետև բնավորությամբ այդպիսին է։ Նա հեռու է հիմար լինելուց, բայց երբեմն նրան ապուշի տեղ են դնում ու հաճախ ոտնատակ տալիս։ Իսկ ինքը չի խոսում, չի ընդդիմանում, լռում է ու իր գոյությունը քարշ տալիս համեստության ու անհամարձակության սահմաններում ինչ-որ տեղ։

Դուրս գալով պետի առանձնասենյակից, Լևոնն այդպես էլ չի հասկանում, թե ինչի մասին էր ծավալվում Վռամ Արշակիչը։ Նա մի տեսակ վարժվել է այդ դերին։ Չի վիրավորվում, բայց երբեմն տհաճություն է զգում։ Վերջերս Վռամ Արշակիչը կանչել էր նրան և անվանել դանդալոշ կրիա ու նախապատմական ռոմանտիկ։ Ասել էր, որ իբր Լևոնի երեսից ամբողջ բաժինը տուժում է, որովհետև մարդավարի աշխատել չգիտե և հաճախ էլ դիտմամբ ուշանում է աշխատանքից։ Լևոնը լռել էր ու կծոտել շրթունքները, որովհետև համաձայն չէր պետի հետ։ Նա երբեք չի ուշացել աշխատանքից, բարեխղճորեն է կատարում իր պարտականություններն ու երբեք չի խախտել աշխատանքային կարգապահությունը։

Լևոնը հազիվ էր տեղավորվել իր աշխատասեղանի ետևում, լսեց մեքենագրուհու ձայնը.
- Լևոնչիկ, այդ ի՞նչ զզվելի հոտեր ես բերել, շունչս կտրվեց։
Լևոնը թեթև ժպտաց, որովհետև նկատել է, որ մեքենագրուհին այնքան էլ չի սիրում պետին ու քարտուղարուհուն։ Իսկ բաժնի վարիչը՝ Զոյա Շահենովնան, բոլորովին չհասկացավ կատակը, աչքերը չռեց Լևոնի վրա ու, մսեղ քիթը կնճռոտելով, բղավեց.
- Հասմիկ՛, պատուհան՛ը...

Մեքենագրուհին բացեց պատուհաններն ու ծիծաղից ամբողջովին ցնցվում էր։ Լևոնը երբեմն չէր հասկանում նրան։ Հիմնարկում միայն նա, Հասմիկն էր դուր գալիս Լևոնին։ Սակայն վերջինս հազվադեպ էր կարողանում նայել աղջկա աչքերին։ Քաշվում էր նրանից, բայց մի տեսակ հաճույք էր ստանում նրա զրնգուն կչկչոցից ու կատակներից։ Մեքենագրուհին միշտ ուրախ տրամադրության մեջ էր լինում, և Լևոնը ներքուստ հրճվում էր, տեսնելով, թե նա ինչպես է ձեռ առնում մատակարարման բաժնի իր արբանյակներին։
Մի օր էլ Հասմիկը տկտկացնում էր գրամեքենան ու, աչքի տակով դես ու դեն նայելով, իր սովորության համաձայն, փռթկացնում։ Երբ բաժնի վարիչ Զոյա Շահենովնան դուրս եկավ, Լևոնը կարմրելով հարցրեց ուրախության պատճառը։

- Ախր մի՞թե դու չես տեսնում։ Մեզ մոտ ամեն ինչ ծիծաղելի է։ Մի՞թե ծիծաղելի չէ այդ Վռամ Արշակիչը, այդ գրասեղանի մորեխը։ Այս արդուկած խլեզները, որ մտավորական են խաղում ու, իրենց պսպղուն փողկապները ֆռֆռացնելով, գզվռտում շուրջս՝ հաճոյախոսությունների էժանագին հատորներ շաղ տալով։ Իսկ գիտե՞ս, թե այդ ապուշներից մեկն ինչպիսի տխմարություն է մոգոնել։ Իր համար հնարել է ռեժիմ, մի տեսակ կյանքի ռեժիմ։ Հավաքել է բոլոր նշանավոր մարդկանց կենսագրություններն ու դրանց հիման վրա կազմել իր կյանքի պլանը։ Եթե այսինչ գիտնականը ամուսնացել է երեսունմեկ տարեկանում, ապա ինքն էլ պարտադիր պիտի ամուսնանա նույն տարիքում և ամպայման տասնութամյա աղջկա հետ։ Եթե մի այլ նշանավոր դիսերտացիա է պաշտպանել երեսունչորս տարեկանում, ինքը նույնպես նույն տարիքում պիտի թեքնածու դառնա։ Բայց, ճիշտն ասած, չգիտեմ, թե այդ կապիկը որ տարիքն է ընտրել իր մահկանացուն կնքելու համար՝ Բայրոնի՞, թե՞ Միքելանջե-լոյի։ Վախենում եմ աչքածակություն անի ու գալիք սերունդներին էլ կրակի մեջ գցի։ Ես խղճում եմ նրա ապագա հարսնացուին, որ պլանով պիտի երեխաներ ստեղծի այդ հիմարի համար... Ողորմելին կարծում է, թե արծիվների կեցվածք ընդունելը բավական է, որ հավերը արծիվների պես թռչեն...

Մեքենագրուհին անզուսպ ծիծաղում է, և Լևոնն աղջկա զրնգուն ձայնից ու գեղեցիկ աչքերի փայլից հրճվում է ու, ամեն ինչ մոռացած, թևածում քարտուղարուհու օծանելիքի հոտից, Վռամ Արշակիչի ծխակույտից ու ամպերից էլ շատ վեր։
- Լավ, հեռու չգնանք։ Դո՛ւ։ Մի՞թե պակաս ծիծաղելի ես, Լևոնչիկ։ Ոնց-որ քավության նոխազ։ Հիմնարկությունից թղթեր են կորել՝ գլխիդ են շրխկացնում, թերություն կա՝ մեղավորը դու ես, շաբաթօրյակ է՝ չարչարվողը դու ես, բայց էլի գլխիդ են տալիս, որ լավ չես աշխատում, պետի քեֆը տեղը չէ՝ վերևներում իր մեջ կուտակած թույնը քեզ վրա է թափում։ Մի՞թե այս բոլորը ծիծաղելի չէ։

Հասմիկն անսպասելիորեն լռեց, մի հայացք նետեց դռան կողմն ու, Լևոնի աչքերի մեջ նայելով, շատ կամաց ասաց.
- Իսկ գիտե՞ս, որ Վռամ Արշակիչն ինձ առաջարկություն է արել։ Հենց այնպես... զվարճանալու համար...
Հասմիկը գլուխն առավ ափերի մեջ ու սկսեց ցնցվել լացից։ Լևոնը քարացած նստել ու ոչինչ չէր հասկանում։ Աշխատանքային օրվա ավարտին մի ժամ մնացած լսափողի մեջ լսեց պետի ձայնը.
- Շտապ ինձ մոտ...

Վռամ Արշակիչի տրամադրությունը դարձյալ լավ չէր և այս անգամ նա Լևոնին մեղադրեց այն բանում, որ դիտմամբ փաստերը խառնում է ու կեղծում քարտերի թվերը։ Առանձնասենյակից նա դուրս եկավ մռայլ ու հոգնած և չի էլ հիշում, թե ինչպես ավարտվեց աշխատանքային օրն ու ինչպես տուն հասավ։ Կինը՝ Զարինեն, երկրորդ հերթ էր, և բավականին ուշ տուն եկավ։ Փոքրիկ աղջիկը մորն ինչ-որ բան ասաց, բայց նա չլսեց։ Իսկ երբ բացեց հյուրասենյակի դուռը, մնաց ապշած։ Նա մի պահ կարծեց, թե ուրիշի բնակարան է ընկել։ Պատից կախված գորգն իր ամբողջ շքեղությամբ մեկնվել էր հատակով մեկ։ Մյուս սենյակից փոքրիկի ապագա գրասեղանը հայտնվել էր հյուրասենյակի ամենավերջին մասում, իսկ հսկա սեղանը նրան փոխուղղահայաց դիրք էր գրավել ու թխսկանի պես իր տակն արել բնակարանում գտնվող գրեթե բոլոր աթոռները, անգամ խոհանոցի հին աթոռներն ու դաշնամուրի պտտվող աթոռը։ Հեռախոսը միջանցքից հասել էր գրասեղան և նրանից չարագուշակ կախ էր ընկել կտրված լարը։ Հեռուստացույցը հայտնվել էր սենյակի հակառակ կողմում, փոքրիկի գրասեղանի հակառակ ծայրում։ Հյուրասենյակի երկու բազկաթոռներն ու բազմոցը չգիտես ուր են չքացել։ Անկյունի պահարանը, որ լցված էր բյուրեղապակյա սպասքով, այժմ ծանրաբեռնված էր անկանոն շարված գրքերով ու ամսագրերով։ Իսկ ամենավերջում, փոքրիկի ապագա գրասեղանի ետևում նստած է Լևոնը, որին անհնար է ճանաչել։ Կտրված լարով հեռախոսի լսափողը ականջին, ինչ-որ բան էր կարգադրում ու բղավում։

- Թույլ չեմ տա... Զոյա՛, ինձ միացրու այդ անպետք Վռամի հետ... շտապ ինձ մոտ... Բաժինը չի աշխատում... Զավզակություններ եք անում...
- Լևոն...
Լևոնը անապակի ակնոցները մոտեցրեց աչքերին, տարօրինակ աչքերով նայեց այնտեղ, ուր կինն էր կանգնած ու, հեռախոսի լսափողը գրասեղանին խփելով, բղավեց.
- Դու՛րս, ո՞վ է թույլ տվել... Քարվանսարա չէ ձեզ համար... Զոյա, ինչպե՞ս ես թույլ տվել, զբաղված եմ... Դու՛րս... Չեք աշխատում, ուշանում եք աշխատանքից...

Հետո Լևոնն աջ ձեռքի բռունցքը մոտեցրեց ականջին ու ասաց.
- Ալո, Վռամ, ինձ մոտ, շան որդի... Խիստ նկատողություն...
Ամբողջ գիշեր զառանցում էր։ Ջերմությունը ոչ մի կերպ չէր իջնում։ «Շտապ օգնության» գնալուց հետո դեռևս շարունակում էր զառանցել։
Երրորդ օրը դրությունը մի քիչ լավացավ։ Ջերմությունն իջավ, գիտակցությունն արդեն նորմալ էր, բայց մի տեսակ մտախոհ էր։ Կնոջ հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս, ու Զարինեն որոշեց ոչինչ չհարցնել հյուրասենյակն առանձնասենյակի վերածելու և իրեն իբրև պետ ներկայացնելու տխուր կատակերգության մասին։

Երկու օր հետո Լևոնի վիճակը լավացավ։ Բժշկուհին ասաց, որ արդեն կարող է աշխատանքի գնալ, բայց Զարինեն զգում էր, որ նա այնքան էլ գլուխ չի հանում Լևոնի հիվանդությունից։
- Լևոն, սիրելիս, ինչ-որ բան թաքցնում ես։ Ի՞նչ է պատահել։
- Ոչինչ, ոչինչ էլ չկա։ Երևի մի քիչ մրսել եմ։
Կինը որոշեց մի առ ժամանակ նման հարցերով չանհանգստացնել ամուսնուն։

Առաջին անգամ Լևոնն աշխատանքի վայր հասավ ուշացումով։ Բարևեց ու նստեց իր գրասեղանի մոտ։ Բաժնի վարիչը՝ Զոյա Շահենովնան, առաջիններից էր, որ իսկույն նկատեց Լևոնի մեջ կատարված տարօրինակ փոփոխությունը։ Մեքենագրուհին աչքի տակով երբեմն նայում էր Լևոնին ու մտախոհ շարունակում մատներով տկտկացնել գրամեքենային։
Մի քանի ժամ հետո Զոյա Շահենովնայի ջերմ մասնակցությամբ հիմնարկությունում տարածվեց, որ «Լևոնի մոտ ինչ-որ բան է կատարվում»։

Անցավ մի քանի օր։ Հիմնարկությունում այլևս չէին խոսում Լևոնի «տարօրինակությունից», բայց աշխատում էին հեռու մնալ նրանից։ Մի օր էլ Հասմիկի արբանյակներից մեկը, որ երևի արտակարգ տրամադրություն ուներ, կանգնել էր Լևոնի գրասեղանի մոտ, մատներով թմբկահարում էր գրասեղանն ու աշխատում զբաղեցնել աղջկան։ Մեքենագրուհին ուշադրություն չէր դարձնում, բայց մի անգամ պատահմամբ նայեց Լևոնին, հասկացավ, որ ինչ-որ վատ բան պիտի պատահի ու բղավեց.
- Ապու՛շ, խանգարում ես, դուրս կորի՛ր...
Երիտասարդը սփրթնեց, ներողություն խնդրեց ու փախավ։ Իսկ այդ րոպեին սարսափելի բան կատարվեց. հանկարծ ծլնգաց Լևոնի հեռախոսը։ Այն, որ միացված էր Վռամ Արշակիչի սելեկտորին։ Նա գունատվեց մի պահ ու վերցրեց լսափողը։
- Շտապ ինձ մոտ։

Լևոնը լուռ վեր կացավ ու դուրս եկավ։ Հասմիկը շարունակեց տկտկացնել, բոլորովին չհասկանալով, թե ինչ է մեքենագրում։
Լևոնին առաջին անգամ զզվելի թվաց քարտուղարուհուց բուրող օծանելիքի հոտը, և առաջին անգամ չբարևեց նրան։ Ուզում էր բարևել, բայց հետո մտածեց, որ չարժե։

Թե ինչ կատարվեց պետի առանձնասենյակում, ոչ ոք այդպես էլ չիմացավ։ Երբ Լևոնը դուրս եկավ Վռամ Արշակիչի մոտից, քարտուղարուհին նայեց ու վախից գույնը գցեց։ Նրա աչքերում ինչ-որ վայրենի բան կար։ Քարտուղարուհին մի պահ մտածեց, որ պետք է օգնություն կանչել։ Վերցրեց լսափողը, բայց պետի առանձնասենյակից չարագուշակ լռություն էր տարածվում։ Վեր կացավ, անհամարձակորեն բացեց նրա առանձնասենյակի դուռը։ Այնտեղ ինչ-որ մարդ էր նստած, որ մեռելի կերպարանք ուներ և մի քիչ նման էր Վռամ Արշակիչին։

- Վռամ Արշակիչ...
- Դուրս կորի՛ր...
Քարտուղարուհին սարսափած փակեց պետի առանձնասենյակի դուռը։
Անցան օրեր, շաբաթներ։ Լևոնին պետի հետ կապող հեռախոսն այլևս չէր ծլնգում։ Աշխատանքն ընթանում էր բնական հունով։ Մեքենագրուհին տկտկացնում էր գրամեքենային ու հաճախ աչքի տակով նայում Լևոնին։ Վերջինս երբեմն ընդհատում էր աշխատանքը, աչքերը հառում սենյակի անկյունում ինչ-որ կետի ու մտածում։

- Լևոն Սահակիչ...
Լևոնը զարմացած նայեց Հասմիկին։ Զարմացած էր նաև Զոյա Շահենովնան։
- Լևոն Սահակիչ, դիմում եմ գրել։
- Ի՞նչ դիմում,- Լևոնը ոչինչ չէր հասկանում։
- Այլևս այստեղ չեմ աշխատելու։ Ուզում եմ նախապատրաստվել պոլիտեխնիկականի ընդունելության քննություններին։ Բայց այդ չեմ ուզում ասել,- աղջիկը սկզբում մտախոհ նայեց իր առջև դրված գրամեքենային, հետո Լևոնին։- Դուք լավ մարդ եք, իսկ այստեղ ոչ ոք չգիտե այդ...

Աղջկա գնալուց հետո աշխատասենյակը կարծես դատարկվեց։
Անցավ երեք ամիս։ Նոր մեքենագրուհի են ընդունել։ Զոյա Շահենովնան թոշակի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Բաժնի վարիչ նշանակվեց Լևոնը։ Վերջինիս տեղը նույնպես նոր մարդ են ընդունել, ուրախ ու կատակասեր մի տղա։
Դրանից մի տարի և չորս ամիս հետո Լևոնը նշանակվեց պետի տեղակալ, իսկ նախկին տեղակալը ստանձնեց հիմնարկության տնօրենի պարտականությունները։

Անցան տարիներ։ Մի օր էլ, երբ հիմնարկության նոր պետ Լևոն Վարդանյանը աշխատանքից տուն եկավ դարձյալ մռայլ ու մտախոհ, Զարինեն հարցրեց.
- Լևոն, ախր քեզ հետ ինչ-որ բան է պատահել, ինչո՞ւ ես թաքցնում։
Լևոնը ոչինչ չպատասխանեց։ Հետո, երբ լույսերը հանգցրին, և հարևան սենյակում լսվեց աղջկա ու առաջին դասարանցի որդու խաղաղ շնչառությունը, Լևոնը հասկացավ, որ կինը դեռևս սպասում է իր պատասխանին։

- Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ, թե ինձ հետ ինչ է կատարվում,- ասաց նա։- Ըստ երևույթին, շատ բան է կատարվել... Շարքային աշխատող էի, դարձել եմ հիմնարկության ղեկավար։ Վատ չեմ աշխատում։ Թվում է աշխատակիցներն էլ դժգոհ չեն ինձնից։ Բայց առաջ, երբ բաժնի սովորական աշխատող էի, ավելի լավ էր։ Աշխատանքը շատ էր, բայց լավ էր։ Իսկ հիմա տխուր է, շատ է տխուր։ Չգիտեմ, թե ինչու է այդպես։
Սեպտեմբեր, 1985 թ.