31.05.2011

Աշխարհում ուժեղին են հարգում

Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի։ Հայկական մամուլը լեփ-լեցուն է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և հայկական կողմի խաղաղասիրական ձգտումների մասին հրապարակումներով։ Մինչդեռ ցանկացած գիտակից մարդ թերևս բազմիցս լսած ու կարդացած կլինի՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կամ՝ «Խաղաղության ամենամեծ գրավականը հզոր երկիր և ուժեղ բանակ ունենալն է»։ Ժամանակին խորհրդային երկիրը եթե միջուկային զենք և ուժեղ ռազմական պոտենցիալ չունենար, նրա բմբուլները վաղուց քամուն տված կլինեին։

Միևնույն ժամանակ, որպես հակառակորդի ռազմական տեխնիկայի հակակշիռ, վկայակոչում ենք մարդկային գործոնը։ Այսինքն՝ Ադրբեջանը նախկինում էլ տեխնիկայով բազմիցս գերազանցում էր մեզ, բայց մենք մեր մարդկային գործոնով պատերազմում հաղթեցինք նրան՝ առգրավելով նրա տանկերն ու ռազմական մյուս տեխնիկան՝ դրանց փողերն ուղղելով թշնամու դեմ։ Այո, դա այդպես է եղել, և մենք դրան հասել ենք բազմաթիվ զոհերի կյանքի ու արյան գնով։ Այսօր մոռանում ենք, որ այդ տարիներին մենք մի այլ հզոր զենք ունեինք՝ մեր հավատն ու ոգին, որն այսօր սեփական իշխանությունների ջանքերով խաթարվել կամ իսպառ վերացել է։

Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում։ Ազերիներն, օրինակ, արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, չենք անում։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարողանում էինք արտադրել, նույնիսկ հրթիռ։ Ու այնպիսի զենքեր էինք արտադրում, որ նմանը չկա աշխարհում...»։

Որևէ շատ բարձր պաշտոնյա կարո՞ղ է պատասխանել այս հարցին։ Հասկանում եմ, որ մեր բարձրագույն չինովնիկության մի ստվար մասի գերնպատակը փող դիզելն ու բացառապես սեփական բարեկեցության խնդիրները լուծելն է։ Նրանցից «ամենահեռատեսները» այլ երկրներում բանկային հաշիվներ ունեն, և պատերազմի վերսկսման դեպքում իսկույն ճողոպրելու են, ինչպես դա մի քանի տարի առաջ արեցին Հարավային Օսեթիայի քաջարի այրերը։ Բայց ամենևին չեմ հասկանում բոլոր նրանց լռությունը, ովքեր այս երկրից հեռանալու ոչ հնարավորություն ու միջոցներ ունեն և, առավել ևս՝ ոչ ցանկություն, ու հենց նրանց ուսերին է ծանրանալու պատերազմի ողջ ծանր բառը։

Վերջերս Ռուսաստանի հետ կնքած ռազմական համագործակության պայմանագրով հայ առաջնորդներն այնպես են ոգևորվել, ինչպես սեփական տկարության ու անկարողության մեջ համոզվածը կարող է ուրախանալ՝ կանգնելով իրենից ուժեղի թիկունքում, հակառակորդին էլ լեզու ցույց տալով...

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին զօրուգիշեր խոսում է առավելապես հայ քաղաքական վերնախավը։ Որոշ խելոքներ էլ մի քանի անգամ հայտարարել են, թե ուր որ է՝ սահմանը բացվելու է (կարծես սահմանի «բանալիներն» իրենց գրպանում են)։ Իսկ հակառակորդը տեսնելով, թե հայ չինովնիկն ու գործարար զանգվածը որքան են փափագում ու տրտինգ տալիս սահմանի բացման համար, և որքան խեղճ ու ողորմելի են, շարունակում է նախապայմաններ առաջադրել՝ ամենից առաջ հենց Արցախի հարցում. Ղարաբաղը հանձնեք, սահմանը բացեմ...

Աշխարհում հարգում են միայն նրան, ով արժանապատվություն ունի և ուժեղ է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий