29.03.2015

Այն դաժան տարիներին իմ պատրաստած լապտերը


Այս լապտերը պատրաստել եմ 24 տարի առաջ, երբ դեռ Շուշին ազատագրված չէր, և գրեթե ամեն օր Ստեփանակերտը հրետակոծվում էր։ Քաղաքն ամայի էր թվում. Ստեփանակերտի մի ծայրից մյուսը գնալիս փողոցում հազիվ 5-6 մարդ կարող էիր տեսնել։ Բնակիչների մի մասը պատսպարվել էին նկուղներում, մյուս մասը տեղափոխվել էին Արցախի ավելի անվտանգ բնակավայրերը, իսկ ոմանք ուղղաթիռով հաջողացրել էին մեկնել Երևան...

Ստեփանակերտում ոչ հոսանք կար, ոչ գազ։ Առավոտից կեսգիշեր նկուղներում մոմի լույսի տակ կերակուր էին սարքում, զրուցում, քննարկում «իրադրությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ»։

Խանութները գրեթե դատարկ էին, անկենդան, փշրված ապակիներով, մերկ ցուցափեղկերով ու դարակներով։ Հազիվ մի քանի լապտերներ մնացած լինեին մարդկանց մոտ, եղածների մարտկոցների պիտանիության ժամկետն էլ վաղուց լրացած էր։

Մտքովս անցավ մեխանիկական լապտեր պատրաստել։ Երկու օր շրջում էի քաղաքում, ծանոթ-բարեկամների մոտ ինձ համար անհրաժեշտ զանազան դետալներ որոնում՝ ատամնավոր անիվներ, լիսեռներ, մետաղե զանազան կտորտանքներ և այլն։ Աշխատանքի գործիքներս մկրատը, խարտոցը, պտուտակահանը, մուրճն էին ու էլի մի քանի նման բաներ։ Դանակի, մկրատի սուր ծայրով կամ խարտոցով էի մետաղե թիթեղների վրա անհրաժեշտ անցք բացում։ Մի քանի տեղից նույնիսկ 1-5 կամ 2 մմ հաստությամբ երկաթե թիթեղ եմ ծակել մկրատի սուր ծայրով։

Շուրջ 10-15 օր հետո լապտերս պատրաստ էր։ Այն մոտավորապես աշխատում էր մոտորի, հեծանիվի «դինամոյի» սկզբունքով. մագնիս խարիսխը պտտելու շնորիվ ստեղծված էլեկտրոմագնիսական դաշտից փաթույթում մոտ 4-5 վոլտ հոսանք էր առաջանում։ Լապտերի կողքից դուրս եկած փոքրիկ բռնակը «շարմանկայի» պես պտտելով, փոքրիկ պտույտներն ատամնավոր անիվների շնորհիվ ավելի մեծ պտույտներ էին ստանում, որը փոխանցվելով խարիսխին, այն պտտում էր շատ մեծ արագությամբ։ Ու փոքրիկ լամպը վառվում էր, լուսավորում ինչպես ամենասովորական լապտերները։

Նախկինում նաև «ժուկ» (մենք «տժվժիկ» էինք անվանում) լապտերներ կային։ Ուղղակի այդ օրերին այդ ամենը մնացել էր հեռու անցյալում։ Ես, որ մանկությունից լապտերների հանդեպ թուլություն ունեի, այդ օրերին մի լապտեր անգամ չունեի ձեռքիս տակ։ Չնայած եթե ունենայի էլ, հազիվ թե աշխատեր, որովհետև այդ օրերին, ինչպես արդեն նշեցի, ոչ խանութներ կային, ոչ այնտեղ վաճառվող մարտկոցներ...

Շատերը զարմանքով ու մի քիչ նախանձով էին նայում լապտերիս... Ամենուր մշտական ուղեկիցս էր։ Ու այն հատկապես շատ պետք եկավ 1992-ի փետրվարի 26-ի գիշերը։ Այդ օրը Շուշիի գրադ կայանքի հիմնական թիրախը մեր բնակելի շենքն էր։ Արկ-հրթիռներից մեկը ծակելով հաստ պանելը, ընկել էր նաև նկուղի մեր հարևան սենյակը, որտեղ բարեբախտաբար մարդ չկար (բայց դա այլ պատմություն է)...

Մեր շենքի տարբեր շքամուտքերում 4-5 տուն էր վառվում։ Լապտերովս լուսավորելով, ջուր էինք հասցնում այդ բնակարանները՝ կրակը մարելու համար։ Մեկը դեռ լրիվ չհանգցրած, մյուս բնակարանների համար էին խնդրում լապտերս, քանզի ծխի ու փոշու մեջ գրեթե ոչինչ չէր երևում շենքի ներսում...

Հիմա երբ մատնոցի չափ լապտերներ կան արդեն, որոնք այն հեռավոր տարիների հսկա լապտերի ու իմ լապտերի չափ լույս են սփռում, այնուամենայնիվ ես մի առանձին քնքշությամբ սիրում ու պահում եմ մոտ 13-14 սմ երկարությամբ համեստ այդ «լուսավորիչը», որն այնքա՜ն մեծ ծառայություն մատուցեց 1992-ի ծանր ու դաժան այն օրը...

Комментариев нет:

Отправить комментарий