14.07.2011

Շուտով երեւի թե Գանձասարն էլ սալիկապատեն

Արցախի Գանձասարի եկեղեցական համալիրում կատարվող նորոգման աշխատանքների մասին լուրերը, որ տպագրվեցին մամուլում, կայքերում ու սոցիալական ցանցերում, ազդարարեցին, որ աղճատվում է պատմամշակութային հուշարձանի պատմական ու մշակութային դեմքը: Խնդիրն այն է, որ 13-րդ դարի եկեղեցու պարիսպը սալիկապատվում է ժամանակակից շինանյութով։ Այսպես ասած՝ «եվրոռեմոնտ» են անում:

Արցախի զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը հայտնեց, որ մինչ այդ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ստորագրությամբ նամակ են ստացել, որտեղ արքեպիսկոպոսը հայտնել է, թե ռուսաստանահայ գործարար Լեւոն Հայրապետյանը, որ ծնունդով Արցախի Վանք գյուղից է, ցանկանում է սալիկապատել եկեղեցու պարիսպը։

Սարգսյանի ասելով՝ իրենք խորհրդատվության համար դիմել են ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչություն եւ, հաշվի առնելով, որ հայաստանյան իրենց գործընկերները նույնպես դեմ են եկեղեցու պարսպի սալիկապատմանը, բացասական եզրակացություն են ուղարկել Արցախի թեմի առաջնորդին։

Սակայն, չնայած բացասական եզրակացությանը, Գանձասարում շարունակում են պարիսպը երեսպատել տրավերտինե սալիկներով՝ պատճառաբանելով, թե դրանք այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Կիրակի օրը Շուշիում լրագրողների հարցերին տված պատասխաններից ակնհայտ է դառնում, որ Պարգեւ արքեպիսկոպոսը դեմ չէ սալիկապատման աշխատանքներին։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է կիրառել վերականգնման ժամանակակից միջոցներ՝ պահպանման ավելորդ աշխատանքից ազատվելու համար:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտնում է միայն վանքը, քանի որ պարիսպը բազմիցս վերակառուցվել է՝ վերջին անգամ 1996 եւ 2003 թվականներին: Հերթական վերանորոգումն անհրաժեշտություն էր, այլապես այն շատ ավելի դժվար կլիներ պահպանել: Մի քանի օրը մեկ պարիսպը զննելը եւ խոտերն արմատախիլ անելը աշխատանքի եւ միջոցների ծախս կնշանակեր»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը, ապա ավելացրել, որ «երեսպատումը կպաշտպաներ Գանձասարի վանքի պարիսպը մի քանի օրը մեկ արմատներ գցող խոտից»։

Նա նշել է նաեւ, որ «ժամանակակից նյութերի կիրառումը բուն վանքային շինության դեպքում արդեն ցանկալի չէ: Այդպես եղավ Ամարասի վանքի հետ: Այնտեղ մենք անհրաժեշտ միջոցներ չհայթայթեցինք եւ ստիպված էինք վանքի կտուրը թիթեղապատել: Ինչ խոսք, միջոցների առկայության դեպքում այդպես չէինք անի: Բայց այս դեպքում էլ բարերար չգտնվեց, եւ ստիպված էինք առձեռն միջոցներով խնդիրը լուծել»: Ապա հայտնել է, որ վանքի իջեւանատեղին նույնպես այսօր չի համապատասխանում միջնադարում կառուցված «բնօրինակին»։

«Նախկինում դրա հատակը հողեղեն էր: Այնտեղ ապրում էին ճգնավորները, սակայն այսօր ճգնավորներ չունենք, եւ մեզ մոտ եկող ուխտավորներին չէինք կարող այդպիսի պայմաններում տեղավորել մի քանի օրով եւ նրանց համար հոդացավերի վտանգ ստեղծել: Այդ պատճառով էլ սալահատակեցինք»,- նշել է Պարգեւ Մարտիրոսյանը:

Արքեպիսկոպոսի խոսքերից պարզ է դարձել նաեւ, որ, չնայած ԼՂՀ զբոսաշրջության նախարարության հուշարձանների պահպանման բաժինը բացասական եզրակացություն է տվել պարսպի նորոգմանը, եւ մարտի սկզբին նորոգումը կանգ էր առել, մի քանի օր առաջ այն վերսկսվել է բարերար Լեւոն Հայրապետյանի ցանկությամբ:

Հետաքրքիրն այն է, որ արցախյան թեմը շարունակ ակնարկում է պարսպի անմխիթար վիճակի ու այն «բազմիցս վերակառուցած» լինելու մասին, իսկ «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակը, որ գործում է նույն թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, տարածած մի տեղեկատվության մեջ հայտնում է, թե «Գանձասարը շրջապատող պարիսպն իրականում կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Ներկա պահին իր անորակության պատճառով պարիսպը սկսել էր քանդվել, ինչը կանխելու համար որոշում ընդունվեց երեսպատել այն տրավերտինե սալիկներով» եւ այլն։

Այս կապակցությամբ Արցախի հուշարձանների պահպանության բաժնի պետ Սլավա Սարգսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր եկեղեցի ժամանակին պարսպապատված է եղել։ Այդ թվում նաեւ 13-րդ դարում կառուցված Գանձասարի վանքը։ Ճիշտ է, 17-րդ եւ հետագա դարերում այն վերակառուցվել է, բայց երբեք չի աղճատվել նրա դեմքը։ ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ ցանկացած շինարարական աշխատանք իրականացնելիս պետք է խորհրդակցեն մասնագետների հետ։

Պարիսպը եթե քանդվել է, ապա մասնագետները պիտի զբաղվեն։ «Մեր պապերը երբեք տուֆով կամ, այսպես կոչված, տրավերտինով պարիսպ չեն կառուցել։ Հին ժամանակներից ի վեր այն կառուցել են ամուր անտաշ քարով։ Մեր պատմամշակութային բոլոր հուշարձաններն ունեն իրենց ուրույն ոճը, սեփական դեմքը։ Եթե պարիսպը սալիկապատում են, ապա այն այլեւս պարիսպ չէ, այլ՝ ցանկապատ»,- ասաց Ա. Սարգսյանը եւ դժգոհություն հայտնեց, որ Գանձասարում կատարվող աշխատանքներում հաշվի չեն առել կառավարությանն առընթեր կառույցի՝ հուշարձանների պահպանության բաժնի մասնագետների կարծիքը։

Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչը գտնում է, որ այս ամբողջ պատմության արմատները գտնվում են ավելի վաղ թույլ տրված մեծ սխալի մեջ։ «Իմ խորին համոզմամբ՝ դա հետեւանք է նրան, որ հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժինը մշակույթի ոլորտից հանել ու մտցրել են նորաստեղծ զբոսաշրջության վարչության կազմի մեջ,- հայտնեց նա,- մինչդեռ մշակույթն ու տուրիզմը լիովին անհամատեղելի են։
Բացառված չէ, որ Գանձասարում կատարվածը դարձյալ կրկնվի մեր ազգային մշակութային մի այլ արժեքի հետ… Զբոսաշրջության վարչությունն իր երկրին նայում է տուրիստի աչքերով, այլ ոչ թե տանտիրոջ, մտածում է ոչ թե հոգեւորի, այլ հանգստի գոտիներ, քոթեջներ, խաղասրահներ սարքելու միջոցով զբոսաշրջիկներին հրապուրելու մասին»։

Բազմիցս գրել ենք մեզանում հիվանդություն դարձած սալիկապատման մասին, բերելով Ստեփանակերտի կենտրոնական մասը, կառավարական շենքերը, դրանց մերձակա փողոցները, զբոսայգիները սալիկապատելու օրինակը, կատակով հավելել, թե բացառված չէ, որ մի օր սկսեն սալիկապատել նաեւ շենքերի տանիքները, պատուհանները եւ այլն։ Կարծես թե արդեն եկել է այդ ժամանակը։

Комментариев нет:

Отправить комментарий