«Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար...»։ Բայց դա ե՞րբ էր, է՜, Հովհաննես Թումանյանի օրերում, «մութ ու խավար» ժամանակներում։ Եթե ճիշտն եք ուզում իմանալ, Սաքոն ոչ մի տեղ էլ չի փախել, թքել, դուրս է եկել էն մութ ու ձանձրալի ծմակներից, նստել առաջին պատահած ավտոբուսը և մեկնել մայրաքաղաք...
Հետո՞։ Հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես դասագրքերից դուրս հայտնի է բոլորիս։ Ականջը կանչի Միկիտան Սաքոյի... Հա, խոսքը հենց նույն այդ Միկիտան Սաքոյի մասին է, որին էն մորուքավոր վիպասան Պռոշյան Պերճը նկարագրել է զանազան տեսակի բացասական գծերով։ Ուրեմն՝ հենց այդ նույն Միկիտան Սաքոն, այսինքն՝ Սարգիս Նիկիտիչը, մայրաքաղաքում մասնավոր համալսարան բացել, դիպլոմ էր վաճառում։ Լոռեցի Սաքոն, քաղաք հասնելուն պես, մեկնեց ուղիղ Սարգիս Նիկիտիչի մոտ։
- Զեմլյա՛կ, ես ել եմ եկել,- ասաց,- ինչո՞վ կարող ես օգնել ինձ։
Սարգիս Նիկիտիչն ակնոցի վերևից զարմացած նայեց նրան, աչքերը ճպճպացրեց.
- Ա՛յ տղա, Սերգո, էդ դո՞ւ ես...
- Հա, ես եմ, բայց անունս Սաքո է։
- Զավա՛կս, Սաքոյի ժամանակները անցել-գնացել են։ Այսօրվանից դեն կնետես վրան «խելագարի» պիտակ կպցրած գրական այդ տիտռիկ անունդ ու կդառնաս Սերգո Ավանեսիչ...
Աչքերը զարմանքից ճպճպացնելու հերթը հիմա էլ լոռեցունն էր.
- Սերգոն հասկացանք, բայց «Ավանեսիչն» ո՞վ է։
- Ա՛յ մարդ, հիմա ո՞վ է հիշում հորդ անունը։ Գոնե դու հիշո՞ւմ ես։ Չէ՛։ Դե՝ ջա՛ն։ Ուրեմն որպես հայրանուն կվերցնենք գրական կնքահորդ՝ Թումանյան Հովհաննեսի անվան ժամանակակից ձևը, կդառնաս Սերգո Ավանեսիչ։ Օ քե՞յ...
- Դա ո՞վ է։
- Ախմախ, դա ով չէ, դա ամեն ինչ է։ Հետո կսովորես։ Հիմա ասա, տեսնեմ, սրանցից որն ես ուզում,- Սարգիս Նիկիտիչը մատնացույց արեց իր գլխավերևում լվացաթոկից կախած տարբեր ձևի դիպլոմները։
- Էն կարմիրն ավելի սիրուն է երևում...
- Կեցցե՛ս, լավ ճաշակ ունես։ Ճիշտն ասած՝ դա թանկ է, բայց ոչինչ, փողը հետո կտաս...
Հետո տարիներ անցան։ Մի օր էլ նախարար Սերգո Լոռեցյանը հանկարծ հիշեց, որ դիպլոմի փողը դեռ չի վճարել։ Սելեկտորի կոճակը սեղմեց, քարտուղարուհուն հանձնարարեց «շտապ միացնել» Սարգիս Նիկիտիչի հետ։
- Ա՛յ տա, Սաքո՞, էսօր իմ հաշվին ես։ Եվ հետո՝ քեզ բան պիտի տամ... Հիմար, չէ-չէ չանես... Ավտոս ուղարկե՞մ, թե...
Հա, շատ ճիշտ էլ հասկացել եք։ Էդ նույն Սաքոն, լոռեցի Սաքոն մեկնել է մայրաքաղաք և նախարար դարձել... Հիմա նրա ձեռի տակին հարյուրավոր մարդիկ են ֆռֆռում։ Դուք էլ նստել ու ողբում եք՝ խե՜ղճ Սաքո, տատի հեքիաթները հիշեց և էնքան միամիտ ու խավարամիտ էր, որ դրանից խելագարվեց, գնաց կորավ էն մութ ծմակներում...
Կամ՝ «Բաց արին տեսան գրած զակոնում, թե չոբան Չատին Սիբիր է գնում...»։ Բարև ձեզ։ Չէ՜ մի, Կամչատկա է գնում։ Ախր, ի՞նչ գործ ունի ինչ-որ սիբիրներում, ի՞նչ չոռ ու ցավ է կորցրել էն օտար ծմակներում։ Մեր ծմակներից դուրս եկել, ռուսի վայրենի անծայրածիր անտառները պիտի գնա՞ր... Ներողություն, մի քիչ սպասեք, հեռախոսը զանգում է...
- Այո, բարև ձեզ։ Լսում եմ, Չատի Մատիևիչ... Այո, ճիշտ այդպես։ Այդպես էլ կգրենք... Ուրեմն՝ հեկտարից ստացել ենք մեկ ամբողջ երեք տասնորդական ցենտներ բերք։ Այո, հասկացա, թվերով գրեմ՝ 1,3 ցենտներ։ Գրեցի... Իհարկե, դա շատ բարձր ցուցանիշ է... Այո, այո, լսում եմ։ Շտապ գրեմ և ուղարկեմ բացբերան իդիոտների՞ն... Հա՛, հա՛, Չատի Մատիևիչ, կռահեցի, որ կատակով եք ասում, բայց ճիշտ եք ասում, նկատի ունեք լրատվամիջոցներին։ Ճիշտ այդպե՛ս, եղա՛վ, պարոն նախարար։ Ցտեսությո՛ւն...
Օ՜ֆֆ, սպասեք քրտինքս սրբեմ։ Հասկացա՞ք, խոսում էի գյուղնախարարի հետ։ Հա՛, հենց նույն Չատիի հետ, որին իբր Սիբիր են ուղարկել թե քշել... Տո՜, ի՞նչ Սիբիր, ի՞նչ բան, մարդը գնացել, ագրոնոմի բարձրակարգ դիպլոմ է ձեռք բերել, բարով-խերով նախարար է աշխատում... Հասկանո՞ւմ եք, մարդիկ արդեն ուղեծիր են ընկել, իրենց քեֆին պտտվում են՝ մի օր այս պաշտոնում են ֆռռում, մյուս օրը մի ուրիշ բարձր պաշտոնում։ Ասում են, չէ՞... Այո, ժողովուրդն է ասում՝ «Տաշած քարը գետնին չի մնա»։ Այնպես որ՝ հիմա իսկը և իսկը քարերի ժամանակներն են... Բոլոր չորս կողմերից՝ աջից, ձախից, ներքևից, վերևից և, ամենակարևորը՝ մեջից տաշած քարերի ժամանակնե՜րը...
Կամ մեր սիրելի Պետրոս Պողոսիչը... Հա՛, հենց նույն Քավոր Պետրոսը, որի մասին Րաֆֆին վերցրել ու մի մեծ վեպ է գրել, անունն էլ դրել «Խաչագողի հիշատակարան»... Ներողություն, ձեռիս հեռախոսն է զանգում, կինս է... Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ կողակիցս նշանավոր Էլիզբարովի ավագ դուստրն է, վարչության պետ է աշխատում... Իսկ Պետրոս Պողոսիչի և մյուսների մասին հաջորդ անգամ կպատմեմ...
- Այո, լսում եմ ձեզ, Ռոզալիա Անդրեևնա... Հա՛, վռազ վազեմ խանութ, հետո Արտուրիկին տանեմ երաժշտական, Սիրուշոյի և Մանուշոյի համար շարադրություններ գրեմ... Ճիշտ այդպես, Ռոզալիա Անդրեևնա...
Комментариев нет:
Отправить комментарий