11.11.2013

ՕՊԵՐԱՑԻԱ «ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉ» (հին տարբերակ)



1991-ի ղարաբաղյան ամառը և՛ նման էր նախորդ ամառներին, և՛ նման չէր միաժամանակ։ Ադրբեջանական բնակավայրերին սահմանակից հայկական գյուղերի բնակչությունն ավելի լարված վիճակում էր գտնվում. ռուս զինվորների հետ զրահամեքենաներով պարբերաբար հայտնվում էին ազերի միլիցիոներների հատուկ նշանակության ջոկատներ՝ ՕՄՕՆ անվամբ, և «անձնագրային ռեժիմի ստուգման» անվան տակ տակնուվրա անում հայ գյուղացիների բնակարանները՝ զենք ու զինամթերք գտնելու պատրվակով ու նաև «խորհրդային քաղաքացու» համեստ շրջանակում այլևս չտեղավորվող մարդկանց ոգին կոտրելու համար։ Ռուսների աջակցությամբ Ստեփանակերտում, տեղի բնակիչների համար վաղուց ատելի դարձած մարզկոմի շենքում վերջին երեք տարում առաջին անգամ ազերիներ էին հայտնվել, որին Մոսկվան անվանել էր «կազմկոմիտե»...

Արցախի երկնքում ավելի հաճախ էին գորշ ամպեր հայտնվում: Արդեն նույն թվականի սկզբներից օղակն Արցախի շուրջ ավելի ու ավելի էր սեղմվում: Փոքրիկ այս լեռնաշխարհը նմանվում էր զարմանահրաշ մի էակի, որին պաշարել էին դրսից՝ չորս կողմից, դրանով չբավարարվելով՝ ռուս զինվորների աջակցությամբ ազերի հատուկ ջոկատայիններն էին պարբերաբար շուրջկալներ կազմակերպում երկրի ներսում, գերեվարում մարդկանց, հարյուրավոր ընտանիքների ստիպում, պարտադրում լքել հայրենի տունը: Իսկ վերջիններս զարմանալիորեն ու մի ինչ-որ հրաշքով դեռ դիմադրում էին:

Արդեն 1991-ի ապրիլի վերջին Բաքվում տեղակայված խորհրդային-ռուսական բանակի մի ստորաբաժանում՝ գնդապետ Մաշկովի գլխավորությամբ, Գետաշենի շրջակա բարձունքից հրետակոծում էր գյուղը: Հայկական այդ գյուղի դեմ 207 տանկ ու զրահամեքենա էին հանել: Խորհրդային «կտրիճներին» վերևից աջակցում էին ռազմական ուղղաթիռները: Ռուսների հետևից շնագայլերի ոհմակի պես գալիս էին ազերի օմօնականները: Ապրիլի 30-ին վերջիններս Գետաշենում և Մարտունաշենում 17 մարդ էին սպանել, 40-ին՝ գերեվարել: Մայիսի 8-ին Գետաշենում արդեն տիրություն էին անում «շնագայլերը»: Ժամեր հետո ողջ գյուղը հրդեհի մեջ էր...

Ռուս-խորհրդային բանակի աջակցությամբ ազերիները գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը՝ կենդանի մնացած բնակիչներին ստիպելով լքել հայրենի գյուղն ու արտագաղթել:
Արցախի մյուս շրջաններում, հատկապես ծայրամասային բնակավայրերում, վիճակը նույնն էր: Հադրութի շրջանի Դոլանլար, Խանձաձոր, Առաքել, Բանազուր, Ծամձոր, Ծոր, Սարինշեն և շրջակա այլ գյուղերի բնակիչներին՝ 1600-ից ավելի մարդկանց, արտաքսեցին հայրենի օջախներից:

Բերդաձորի ենթաշրջանի, Ասկերանի շրջանի տասնյակ գյուղերում մայիսի վերջերին լիովին տիրություն էին անում ազերի օմօնականներն ու անտեր մնացած սոված շները: Իրենց գործն ավարտած ռուս զինվորները մինչ այդ դուրս էին եկել այդ գյուղերից: Մարտակերտի, Մարտունու շրջաններում նույնպես շարունակում էին ապօրինի ձերբակալել մարդկանց:
Հուլիսի կեսերին արցախյան 24 գյուղեր լիովին դատարկվել էին, մեծ մասը՝ հրի մատնվել: Լքված տներում օրերով շարունակվում էր թալանը: Վերջում հրկիզում էին ամայացած ու անտեր մնացած գյուղերը...

1991-ի ղարաբաղյան ամառը և՛ նման էր նախորդ ամառներին, և՛ նման չէր միաժամանակ։ Այդ ամառն իրոք տարբերվում էր նախորդներից: Մի տեսակ ավելի տոթ էր ու խեղդիչ, սակայն դա կարծես թե ամենևին չէր ազդում հազարավոր արցախցիների վրա: Ինչ-որ մեծ ու հրաշք մի ուժ, անտեսանելի հզոր մի Ոգի նրանց վեր էր պահում այդ ամենից: Կարծես մի այլ աշխարհում էին ապրում այդ մարդիկ: Գուցե թե անիրական, բայց այդ աշխարհը նրանք արդեն տեսնում ու զգում էին: Կիսով չափ նրանք այդ աշխարհում էին ասես:

*  *  *
1991-ի մայիսյան մի օր «կազմկոմիտե» կոչվածի նստավայրը դարձած նախկին մարզկոմի շենքից 150-200 մետր ներքևում գտնվող և պոլյանիչկո-սաֆոնովյան հազարավոր զինված կամակատարներով հեղեղված Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի վազքուղով պտույտներ էր կատարում ատլետիկ կազմվածքով մի երիտասարդ: Հետո նա թեթև վազքով դուրս եկավ մարզադաշտից, ձեռքն առավ մոտերքում թաքցրած նռնականետը և ուղիղ նշանառությամբ կրակեց մարզկոմի շենքի այն սենյակի վրա, որտեղ Ղարաբաղի դրածո դահիճներից մեկն էր:

Պոլյանիչկոն այդ պահին մի քանի րոպեով դուրս էր եկել աշխատասենյակից. պայթյունը նրան վնաս չէր պատճառել, բայց ռուս դահիճն այնպես էր գույնը գցել, որ «օգնության» հասած ազգակից զինվորականները դեռ չէին կարողանում հասկանալ՝ կանգնած տեղը մեռե՞լ է, թե՞ ողջ է դեռ... Նույն օրը մահափորձի մասին լուրը մոսկովյան հեռուստաալիքներն ու թերթերը ներկայացրին որպես մի խումբ հայ գրոհայինների ձեռքի գործ: Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով էր այդ հանդուգն ձեռնարկման հեղինակը:

Իսկ երիտասարդն իր գործը կատարել, կրկին իջել էր մարզադաշտ ու շարունակում էր կիսատ թողած մարզանքը: 1988-ից հետո երևի թե առաջին անգամ էր կրկին զբաղվում իր սիրելի թեթև ատլետիկայով: Վազքուղով վազում էր հանգիստ, բայց ուշքն ու միտքն այլ տեղ էր՝ վիժվածքը սատկե՞ց, վիրավորվե՞լ է, թե՞ շանորդու բախտը բերել է:

Ընդամենը մի կարճ պահ հիշեց կարծես յոթ սարի հետևում մնացած հեռավոր այն տարիները, երբ Ստեփանակերտում 8-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել էր Բաքու, և մարզումների ժամանակ իր մարզիչ Ֆիլիպովն առաջարկեց փորձնական մրցել իր մյուս սանի՝ Ադրբեջանի վազքի չեմպիոնի հետ: Ու ինքը հաղթել է վերջինիս:

«Այդպես էլ ենթադրում էի»,- քթի տակ ինքնագոհ ժպտալով, ասել էր մարզիչը: Իսկ Ադրբեջանի սպորտկոմիտեում մարզիչին հասկացրին, որ դեմ չեն ընդգրկել ազգային հավաքականի կազմում, բայց իր Գաբրիելյան ազգանունը պիտի դարձնի Գաբրիելով: Երիտասարդն ազգանունը չփոխեց, իսկ Ադրբեջանի թեթև ատլետիկայի հավաքականը մնաց պարտված իր չեմպիոնի հույսին: Միջնակարգն ավարտելուց հետո նա ընդունվեց Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու նույն տարում դարձավ Հայաստանի երիտասարդ թեթևատլետների չեմպիոն:

Հետո՝ խորհրդային բանակ: Հետո՝ 1988 թ. Արցախ: Իսկ 1988-ից այն կողմ 20 տարիները մնացել են մի ինչ-որ այլ աշխարհում՝ յոթ սարից այնկողմ...

Կարեն Գաբրիելյանը նման էր տասնյակ, հարյուրավոր իր հայրենակիցներին, բայց նաև նման չէր ոչ մեկին: Հարյուրավոր խիզախ ու հպարտ հայորդիներից մեկն էր նա, բայց նաև այն քչերից, որ իր զինվորին եթե ասեր՝ պատրաստվեք, վաղը 10 հոգով գնում ենք 500 զինված ասկյարների վերահսկողության տակ գտնվող բարձունքը գրավելու, իր տղաներից որևէ մեկի մտքով չէր անցնի, որ դա անհնարին է կամ կատակ է ընդամենը:

Կամավորական ջոկատների այն հրամանատարներից էր, ում հետ հաշվի էին նստում ավելի ավագ զինվորականները: Հետագայում, երբ կամավորական ջոկատների հիման վրա ձևավորվեց ու ստեղծվեց Արցախի բանակը, իր գլխապտույտ վերելքից ամբարտավան ու ինքնագոհ դարձած հրամանատարը, որ սովորություն էր դարձրել ձեռ առնել կամ հայհոյել իր ենթականերին, մի օր իր առանձնասենյակում կոպտեց նրան: Հաջորդ պահին Կարենը, որ վերջինից բարեկազմ ու ավելի բարձրահասակ էր, բանակի հրամանատարի օձիքից բռնած ու վեր բարձրացրած, ուր որ է՝ պիտի դուրս նետեր բաց պատուհանից... Միջադեպին ներկա ընկերները նրա ամուր ձեռքերից մի կերպ խլեցին «զոհին»...

*  *  *
1991-ի օգոստոսը կիսվել էր արդեն: Տղաները լուռ նստած, իրենց մարտական զենքերն են մաքրում, հաշվում վերջին մարտագործողությունից մնացած փամփուշտները: Շատ չեն, բայց նաև քիչ չեն կարծես: Մարտական առաջադրանք կատարելիս նրանք վաղուց յուրացրել են իրենց հրամանատարի «աշխատաոճը». ժամանակ առ ժամանակ հերթով տարբեր կողմերից մեկական գնդակ արձակել հակառակորդի ուղղությամբ, դիրքեր գրավել ավելի ապահով մի տեղ ու սպասել, թե թշնամին ինչպես է իրար հետևից քամուն տալիս իր փամփուշտները: «Իրենք շատ ունեն, տղերք, թող այդ տխմարները մի քիչ թեթևացնեն պահունակները»,- ընկերներին աչքով էր անում Կարենն ու այնպես էր ժպտում, որ իր զինվորների տրամադրությունն անմիջապես բարձրանում էր: Կարծես ոչ թե բազմիցս ուժեղ ու նենգ թշնամին է դիմացը, այլ մի ինչ-որ ներկայացման մասնակիցներ են իրենք ու սպասում են իրենց «բեմ դուրս գալուն»:

Հետո հակառակորդի համար անսպասելի տարբեր կողմերից սկսվում է տղաների կրակահերթը՝ կոնկրետ կենդանի թիրախների վրա: Արդյունքում՝ հակառակորդի դիակներ, խուճապ և փախուստ:

- Գագո,- մի անեկդոտ պատմիր,- Կարենն ավտոմատը մի կողմ դրեց ու ժպտալով սպասողական նայեց իր զինվորներից ամենակրտսերին՝ Գագիկ Մարտիրոսյանին, որին մյուս Գագոյի հետ չշփոթելու համար Կուճուր Գագո էին ասում:

- Բայց ինչո՞ւ հենց ես:
- Դե, տարիքով ամենափոքրը դու ես, դու էլ սկսիր:
- Մեծերն ասում են՝ փոքրին խոսք չի հասնում...
Գագիկի պատասխանն ընդհանուր քրքիջ առաջ բերեց:

- Էս էլ մեր փոքրը: Ո՜նց էլ իսկույն տակից դուրս եկավ: Լա՛վ, տղերք, դուխներդ հանկարծ չգցեք: Վարուժին ու Ցեղակրոն Աշոտին շան տղերքը, ճիշտ է, բռնել են զենք տեղափոխելիս, բայց մենք պարապ չենք նստելու... Արդեն առաջադրանք կա վաղը մի օմօնական կամ մի ինչ-որ երևելի թուրք գերել՝ տղերքի հետ փոխանակելու համար,- Կարենը գրպանից ձեռքով գծած մի բան հանեց, որ շատ հեռավոր նմանություն ուներ քարտեզի:- Նայեք, սա Գյուլափլուն է, այս մեկն էլ Ավդալն է: Այստեղ ամառանոցներ կան: Թուրքերն այդտեղ են բազավորված: Անտառի այս հատվածով կմոտենանք՝ մնացածը տեղում կերևա...

Արցախում դեռևս կանոնավոր բանակ չէր ձևավորվել: Բոլորը կամավորական ջոկատներ էին: Երբեմն առավել համարձակ ու քաջ տղաներից մեկն էր հավաքագրում իրեն ծանոթ տղաների և ստեղծում իր ջոկատը: Պատահում էր երբեմն ընկերներով, ծանոթ տղաներով հավաքվում էին ու իրենք ընտրում իրենց նորաստեղծ ջոկատի հրամանատարին: Կարեն Գաբրիելյանի հրամանատարության տակ գտնվող հատուկ նշանակության այդ ջոկատը կազմված էր 7 երիտասարդ կամավորականներից՝ հիմնականում իրենից մի քանի տարով փոքր 19-20 տարեկան տղաներից:

*  *  *
Հաջորդ օրը կեսօրին մոտ նրանք արդեն «օպերացիայի» վայրում էին: Մարտական գործողության համար կարծես թե նշանակետն էլ կա: Անտառից դեռ դուրս չեկած, անմիջապես նկատեցին բացատում, արևի տակ փայլփլող կարմիր «Ժիգուլին», որ կարծես ավտոգործարանից նոր դուրս բերած լիներ՝ արևի տակ ներկը չորացնելու...

Կարենն ասես նախօրոք գիտեր, որ այդտեղ «Ժիգուլի» պիտի կանգնած լինի՝ մեջը իրենց սպասող անծանոթ մարդիկ կամ, պարզապես, թշնամիներ: Անմիջապես հրամայեց երկուական հոգով եզրերից նշանառության տակ վերցնել ավտոմեքենան, իսկ ինքը, Գագիկն ու կրտսեր Գարիկը, կենտրոնից կգրոհեն մեքենայի վրա: Մինչ չորս տղաներն անաղմուկ շարժվում էին հակադիր ուղղություններով՝ դիրքավորվելու, Գագոն թեթև ժպտալով, կամաց շշնջաց.

- Ես արդեն մտածել եմ՝ օպերացիա «Կարմիր կակաչ»:
- Իսկ ինչո՞ւ «Կարմիր կակաչ»: Գուցե՝ «Կարմիր վարդ»...
- Չէ՛, կակաչը ավելի հարմար է: Գեղեցիկ է, բայց նաև մի քիչ այլ համարում ունի...
- Սրան նայեք,- հրամանատարը գոհ ժպտաց,- ասում է՝ ամենափոքրն եմ, ինձ խոսք չի հասնում, բայց հարյուր մեծի խելք ունի... Եղա՛վ, այս օպերացիան անվանենք «Կարմիր կակաչ»... Թեկուզ ոչ մեկին պետք չէ, թե այն ինչ ենք անվանում՝ «Կարմիր կակա՞չ»,  «Կարմիր գլխա՞րկ», թե՞ «Հարբած ռուսի կարմիր քիթ»...

Ամեն ինչ ավելի արագ ու հեշտ կատարվեց, քան ենթադրում էին: Ավտոմեքենայում իրար գրկախառնված երիտասարդ մի աղջիկ ու քիչ ավելի տարիքով մի տղա էին ընդամենը: Նրանք սկզբում կարծեցին, թե զինվորի հագուստով իրենց մոտեցողներն ադրբեջանցիներ են: Բայց երբ հայերեն անծանոթ խոսակցություն լսեցին, նայելով ավտոմատների իրենց ուղղված փողերին ու անծանոթների դեմքերին, գույները գցեցին:

Տղաների համար նույնպես անսպասելի էր այդ հանդիպումը: Հատկապես երբ ավտոմեքենայի դուռը բացեցին և նկատեցին ճերմակ մաշկով անկրկնելի գեղեցիկ աղջկան: Նույնիսկ սկզբում կարծեցին, թե հայուհի է նա:
Կարենը նստեց ղեկի մոտ, տղաներից երկուսը՝ գերիների զույգ կողմում, երրորդը՝ առջևում, Կարենի կողքին: Մյուս տղաները հետ վերադարձան ոտքով:

- Տանում եք մեզ սպանե՞ք,- երբ անցնում էին անտառամիջյան ճանապարհով, լսվեց աղջկա դողդոջ ձայնը:
- Ոչ, մենք մարդասպաններ չենք,- աղջկա ռուսերեն հարցին ռուսերեն պատասխանեց Կարենը:
- Բայց մեզ ո՞ւր եք տանում:
- Հիմա դուք գերի եք... Իսկ ավտոմեքենան վաճառելու ենք, զենք գնենք՝ մեր հողը, մեր երկիրը պաշտպանելու համար:
- Իսկ մեզ ի՞նչ եք անելու:
- Փոխանակելու ենք ձերոնց կողմից գերի վերցված մեր տղաների հետ:

Այլ հանգամանքներում նա հազիվ թե այդպես անկեղծորեն պատասխաներ մարդկանց, որոնց ազգակիցները սպանում են իր հայրենակիցներին՝ չխնայելով անգամ կանանց ու երեխաներին: Ինչպես դա եղավ Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում ու արդեն նաև հենց Արցախում: Աղջկա անմեղ ու վախեցած տեսքն էր թերևս նրան մղում նման անկեղծ խոստովանության:
Նրա այդ պատասխանը որոշ հույս արթնացրեց ադրբեջանցի երիտասարդի մեջ.
- Խնդրում եմ, իմ մեքենան վերցրեք... Լրիվ նոր է... Մեզ բաց թողեք, շատ եմ խնդրում...
- Վատ առաջարկ չէ,- մեքենայի հայելու մեջ որսալով աղջկա և տղայի հայացքը, ասաց Կարենը:- Եթե ձեզ ազատ արձակենք, մեքենան մեզ կտա՞ք...

Ադրբեջանցի երիտասարդը ոգևորվեց.
- Հենց այս պահին ձեզ եմ տալիս... Ես աղդամցի եմ: Հայրս շատ հարուստ է: Եթե մեզ բաց թողնեք, հորս կասեմ շատ փող տա ձեզ: Ես ինքս կբերեմ... Միայն թե՝ խնդրում եմ մեզ բաց թողնեք...
- Իսկապես հիանալի միտք է, բայց՝ անիրագործելի: Մի փոքրիկ նրբություն կա. դու չես կարող մեզ նվիրել այն, ինչ հիմա քեզ չի պատկանում: Այս պահին և՛ դուք, և՛ մեքենան մեր ձեռքում եք...

Ադրբեջանցի տղայի ոգևորությունն անմիջապես մարեց: Ճանապարհին իմացան, որ երիտասարդները նոր են նշանվել: Տղայի հայրը աղդամցի մեծահարուստ է, իսկ աղջիկը Լաչինից է: Տեղի գլխավոր դատախազի դուստրն է: Երկուսով եկել էին ամառանոց, հետո որոշեցին առանձնանալ այդ բացատում: Նույնիսկ ուտելիք էին վերցրել իրենց հետ՝ «ընտանեկան» խնջույքի համար:

Երբ Ասկերանի շրջան էին մտել, Կարենն ասաց.
- Աղդամի շրջանից դուրս ենք եկել, բայց էլի պիտի զգույշ լինենք. կարող է ցանկացած պահի ռուսների զրահամեքենաներ հայտնվեն:
- Միանգամից երկու թշնամու դեմ ենք պայքարում՝ թուրքերի և ռուսների,- ասաց Գարիկը, որ տղաներից տարիքով ամենաավագն էր:
- Այդպես է ստացվում: Ուղղակի թուրքերը մեր բացահայտ թշնամին են, ռուսները՝ քողարկված...
Տղերքի տրամադրությունը հրաշալի էր: Ուրախ կատակներ էին անում, զվարճալի դեպքեր հիշում:

Այդ պահին նրանք զգում էին, որ սա դեռ սկիզբն է: Որ պատերազմի նախերգանքն է այս ամենը, շատ լուրջ ու դաժան մարտեր են դեռ սպասվում իրենց: Հնարավոր է նաև՝ զգում էին, որ այդ մարտերից մեկը կարող է վերջինը լինել իրենց համար: Հնարավոր է՝ իրենց նման հարյուրավոր տղաների պես ուղղակի կարծում էին կամ իրենց թվում էր պարզապես, որ թշնամու գնդակները երբեք իրենց չեն հասնելու, իրենք երբեք չեն խոցվելու: Ու թերևս ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ամեն ինչ այլ կերպ է դասավորվելու: Իրենց հրամանատարին՝ Կարեն Գաբրիելյանին, որին հետագայում Կոմանդոսը համարելու էր Արցախի ամենաքաջ հրամանատարներից մեկը, ընդամենը յոթ ամիս հետո, 1992-ի մարտի 15-ին, իր ծննդյան օրից 3 օր անց, սպանելու են դավադրաբար, հայրենակցի ձեռքով...

Բայց մինչ այդ մի ողջ կյանք կար դեռ: Յոթ ամսվա կյանք... Իսկ յոթ տղաներից չորսն ավելի ուշ էին զոհվելու...

Հաջորդ օրը ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին: Այդ օրը լուր էին ստացել, որ ազերի օմօնականները օգոստոսի 16-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դաշտերից գերեվարել են 11 հոգու: Ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին, որպեսզի վերջինս այնտեղ իր ազդեցիկ հոր միջոցով փորձեր հնարավորինս արագ իրականացնել հայ գյուղացիների հետ իր նշանածի փոխանակությունը: Իսկ Վարուժանի և Աշոտի ազատման համար այլ ծրագրեր կազմեցին...

Աղջկան երեք օր պահեցին: Նրան վերաբերվում էին ինչպես իրենց հարազատ քրոջը: Վերջինս ասես չէր էլ զգում, որ ինքը գերի է և գտնվում է թշնամու մոտ: Գագիկը նրան ավելի հաճախ էր տեսնում, հետևում, որ վերջինիս հանկարծ որևէ բան չպատահի: Ավտոմեքենայում արդեն գիտեին, որ անունը Նազիլաթ է, բայց կրտսեր Գագոն նրան Նադյա էր անվանում:

Երրորդ օրը Կարենը եկավ ու ասաց աղջկան.
- Նազիլաթ, վաղը դու ձեր տանը կամ նշանածիդ մոտ ես լինելու: Արդեն պայմանավորվածություն կա քեզ փոխանակել ձեզ մոտ գերի պահվող գյուղացիների հետ:

Աղջիկը լուռ մոտեցավ սեղանին ու սկսեց հանգիստ հանել ոսկյա և ադամանդե իր զարդերը՝ հերակալ, վզնոց, գեղեցիկ մեդալյոնով շղթա, ուլունքներ, մանյակ, մատանիներ, ու դրանք դնել սեղանին:
- Այդ ի՞նչ ես անում,- Կարենն ու Գագիկն ապշած նայում էին թանկարժեք զարդերից անվրդով ազատվող աղջկան:
- Չէ՞ որ դեռ ավտոմեքենայում ասել էիք, որ ձեզ զենք է պետք, որպեսզի պաշտպանեք ձեր հողը, ձեր տունը, ձեր մայրերին ու քույրերին: Սրանցով դուք զենքեր կգնեք...

- Բայց քեզ ո՞վ է ասել, որ քո այդ զարդերը մենք վերցնելու ենք:
- Ոչ ոք: Ես եմ այդպես որոշել:
Կարենը նայեց Գագիկին:
- Ինչո՞ւ ես այդպես ինձ նայում: Կարեն, ես նրան նման բան չեմ ասել...
Չնայած այդ բառերն արտաբերվեցին հայերեն, աղջիկն ավելի շուտ կռահեց, քան հասկացավ, թե խոսքն ինչի մասին է:

- Կոմանդիր, երդվում եմ, ինձ ոչ ոք բան չի ասել: Ես եմ որոշել,- աղջիկն այնպես էր նայում իր գեղեցիկ աչքերով, որ ոչ մի կասկած չէր մնում այլևս. նա չէր կեղծում:
- Դրանցից ո՞րն է նշանիդ մատանին:
- Սա է,- աղջիկը ցույց տվեց ադամանդե քարով ոսկյա մատանին:
- Դա վերցրու, իսկ մյուսները, եթե այդպես ես որոշել, կարող ես թողնել: Բայց լավ մտածիր...
Աղջիկը սեղանից վերցրեց միայն նշանի մատանին:
- Կոմանդիր, արդեն որոշված է...

16.11.13

-------------------------------------------
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Նախիջևանիկցի 11 գյուղացիներին ադրբեջանցիներն ազատ էին արձակել գերեվարելուց 2 շաբաթ հետո՝ օգոստոսի 31-ին:

Комментариев нет:

Отправить комментарий