11.11.2013

ՀԱՐՍԱՆԻՔ


Դրսում մանր ձյուն է մաղում։ Հարսանքատնից աշխույժ երաժշտություն է սփռվում դեկտեմբերյան սառն օդում, որն ընդմիջվում է թամադայի բարձրախոսից թնդացող բաժակաճառով։

Հարսանքատանն ազատ նստատեղ չի մնացել, բոլոր աթոռները զբաղեցված են։ Դահլիճում ևս ցուրտ է, գրեթե բոլորը տաք են հագնված, բայց, չնայած ցրտին, տիրում է զվարթ տրամադրություն։ Ողջ դահլիճում միայն հարսն է թեթև հագնված։ Ճերմակ ու փետուրի պես թեթև հարսնազգեստից բացի ոչինչ չկա նրա հագին։

Նորապսակներից շատ հեռու, դահլիճի հակառակ ծայրում 16-17 տարեկան մի տղա էր նստած և ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում երջանիկ զույգից։ Հարսը նրա հոր ընկերոջ դուստրն է, բայց ինքը երբեք մոտիկից չի տեսել վերջինիս։ Հայրը վատառողջ էր, բայց չէր կարող չներկայանալ ընկերոջ աղջկա հարսանքին: Եվ ինքը, ահա, ընկերակցել է հորը։

Հեռվից տղան չէր կարողանում որոշել՝ գեղեցի՞կ է հարսը, թե՞ ոչ։ Վերջինս տղայի տեսադաշտից մերթընդմերթ անհետանում է. նորապսակների սեղանի ու հարսանքավորների սեղանների միջև բացված «պարահրապարակում» կիսահայկական-կիսաարևելյան, երբեմն էլ կովկասյան լեռնականների աշխույժ ու խրոխտ շարժումներով պարողները փակում են տղայի տեսադաշտը, սակայն նա կարողանում էր նկատել, որ փեսան մեկ-մեկ ինչ-որ բան է շշնջում հարսի ականջին, իսկ վերջինս մեղմ ժպտում է։

Տղայի աջ թևում մի երիտասարդ էր նստած, որ գրեթե ոչ մի կենաց բաց չէր թողնում։
- Շարունակ հարսի կողմն ես նայում։ Այդ ի՞նչ ես մտածում,- տղայի թևը բոթեց երիտասարդը։
- Մտածում եմ, որ եթե ես լինեի նրա, փեսայի տեղ, հավանաբար կթքեի կամերան ձեռքին, կարևոր-կարևոր տեսքով ասես կինոֆիլմ նկարող այդ օպերատորի ու բոլոր ձևականությունների վրա, բաճկոնս կհանեի և կգցեի հարսի մեջքին։ Ողջ դահլիճում ոչ ոք նրա պես թեթև չի հագնված... Բայց անընդհատ դուք էլ եք նայում հարսի կողմը։

- Է՜հ,- երիտասարդը ձեռքը թափ տվեց, հետո քթի տակ թեթև ժպտաց,- իսկ գուցե փեսային կամ պարողներին եմ նայում... 
- Հարսին ճանաչո՞ւմ եք...

- Ինչո՞ւ չես խմում,- հարցրեց երիտասարդը։
- Ընդհանրապես, ես չեմ խմում,- ասաց տղան։

- Ընդհանրապես, ես էլ չեմ խմում, բայց այսօր խմում եմ։
- Իսկ այսօր ի՞նչ օր է։

- Հարսանիք է,- երիտասարդը թույլ ժպտաց ու դատարկեց հերթական բաժակը։
- Իսկ դուք ճանաչո՞ւմ եք հարսին,- տղան կրկնեց իր հարցը։
- Մի հինգ-վեց բաժակից հետո հարցնես՝ գուցե պատասխանեմ։ 

Տղան մտածեց, որ երիտասարդը թերևս ինչ-որ բան գիտե, որ աշխարհում ուրիշ ոչ ոք չգիտե։ Հետո մտածեց, որ իր տեսած բոլոր աղջիկները ճերմակ հարսնազգեստի մեջ զարմանալիորեն միշտ գեղեցիկ են երևում։ Նա փորձում էր հասկանալ՝ ի վերջո, հարսը ուրա՞խ է, թե՞ տխուր, բայց դահլիճի հակառակ ծայրից տեսնում էր միայն, որ նա մերթընդմերթ ժպտում է փեսայի շշնջոցներից։ Ըստ երևույթին, վերջինս ինչ-որ կատակներ է անում կամ ռեպլիկներով զվարճացնում աղջկան։

Երիտասարդի հետ իր զրույցից հետո առնվազն յոթ-ութ կենաց էր ասվել, և տղան կրկնեց հարցը.
- Հարսին ճանաչո՞ւմ եք...

Երիտասարդը մշուշված հայացքով նայեց տղային, հետո պարողների գլխավերևով ասես գտավ հարսի հայացքը և դանդաղ ասաց.
- Չգիտեմ... Քեզ չի՞ թվում, որ օղին շատ թույլ է...

- Չգիտեմ, ես չեմ խմում։ Բայց թամադան և շատերը, երևում է, որ հարբել են...
- Երևի հարբելն էլ շնորհքի բան է,- ասաց երիտասարդը և թափվելու աստիճան լցրեց բաժակը։

Դրսում ձյունն ավելի էր սաստկացել։ Ողջ աշխարհը կարծես ծածկվել էր ճերմակափրփուր ու եթերային հարսնազգեստով։
Հարսանիքը շարունակվում էր։ 
 Հունվար, 1999 թ.

Комментариев нет:

Отправить комментарий