Գիտահետազոտական ինստիտուտի ավագ դասախոս Գալուստ Սաթիկյանի բնակարանում գիշերվա ժամը երեքն անց քսանհինգ րոպեին, երբ Գալուստ Ապետիչը հանդիսավոր խռմփացնում էր երկտեղանոց մահճակալի աջ մասում՝ ձախ ձեռքը դրած իր երեք զավակների մոր գլխատակին, և երազում լող էր տալիս հարավային ծովերից մեկի ալիքափրփուրների մեջ ու կողքին շատ մոտ, մտերմիկ ժպտում էր մեկը, որ այնքան էլ նման չէր կնոջը՝ իր զավակների մորը, հանկարծ շատ զիլ ու երկարատև հնչեց հեռախոսի զանգը։ Սաթիկյանը ձախ ձեռքը դուրս քաշեց կողքին միանգամայն անխռով տարածված կնոջ գլխատակից և, առանց աչքերը բացելու, կիսաշրջվեց, ձեռքը մեկնեց ու վերցրեց լսափողը։
- Բերիաջողում, որդյակ,- լսափողից Գալուստ Ապետիչի ականջի մեջ թնդաց ինչ-որ մեկի ձայնը։
- Ո՞վ է,- կիսաքուն ու կիսաբարկացած հարցրեց Սաթիկյանը՝ հարավային ծովերի փրփուրներից ու կիսամերկ մարմիններից դեռևս հաճելի բուրմունք զգալով իր մեջ։
- Աստված։
- Ո՞վ,- Սաթիկյանն աչքերը բացեց, ու հանկարծ չքացավ հարավային ծովափերի արևահար գեղեցկուհին։
- Հենց ինքը՝ Երկնայինը,- թնդաց լսափողի մեջ, և Սաթիկյանը, աջ ձեռքով լսափողը ականջին սեղմած, վեր ցատկեց մահճակալից ու արձանի պես սառեց կանգնած տեղում։
- Որդյակ Սաթիկյան, զինվորական պատիվ պետք չէ, քեզ հավաքիր։
Գալուստ Ապետիչը մի կերպ կուլ տվեց կոկորդի գունդը ու, մեքենայաբար ոտքերը դասավորելով հողաթափերի մեջ, կիսամերկ ընկղմվեց բազկաթոռի գիրկը։
- Երկնայինին, կարծում եմ, նստած չեն դիմավորում, չոքի՛ր, որդյակ։
Սաթիկյանը ծնկի իջավ մահճակալի և բազկաթոռի միջև ինչ-որ տեղ ու լսափողն ավելի պինդ սեղմեց։
- Սաթիկյան, լսո՞ւմ ես։
- Լսում եմ, տեր իմ,- կմկմաց Գալուստ Ապետիչը։
- Ինչպե՞ս են երկրային գործերդ, որդյակ։
- Շնորհակալություն, տեր, շատ լավ են։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է։
- Բողոքներ, խնդիրք-բան չունե՞ս։
Գալուստ Ապետիչը վախվխելով շուրջը նայեց։ Ստուգում է շանորդին, մտածեց նա։
- ՉԷ՛, լավ ենք ապրում։
- Ստում ես, որդյա՛կ,- որոտաց ահեղ ձայնը, և Գալուստ Ապետիչը սարսռաց։- Պատմիր, ժամանակս սուղ է։ Զեկուցումներ, հանդիպումներ, նիստեր ու նման կարևոր բաներ ունեմ։
- Մինչև հիմա ավագ դասախոս եմ, տեր իմ, գիտական կոչում չունեմ։
- Դիսերտացիա գրիր։
- Լավ թեմա չկա, տեր։ Ամեն ինչի մասին գրել են։
- Տեսնում եմ՝ այնքան էլ գործարար չես այդ հարցում, որդյակ Սաթիկյան։ Հին գրվածքներից մի երկու-երեքը վերցրու մշակիր ու պաշտպանության ներկայացրու։
Գալուստ Ապետիչն ուրախ զկռտաց լսափողի մեջ։
- Շնորհակալություն, Արարիչ, այդպես էլ կանեմ,- ասաց նա ու հետո մի քիչ կասկածեց։- Բայց կպաշտպանե՞ն, տեր։
- Ի՞նչ է, գրպանդ ծա՞կ է...
Ըհը՛, կաշառք է ուզում, մտածեց Սաթիկյանը։
- Քիչ եմ ստանում, Երկնային։ Հազիվ կնոջս ծածկոցների, ուզում եմ ասել՝ իմպորտնի զիզիբիզիների ու երեխաների մանր-մունր կարիքների վրա եմ ծախսում։
- Իսկ ուսանողների՞ց։
- Ի՞նչ, տեր իմ,- Գալուստ Ապետիչը մի թեթև վատ զգաց։
- Ուսանողներից վերցրածն էլ է ծախսերիդ մեջ մտնո՞ւմ, թե՞ խնայդրամարկղում զոքանչիդ անվամբ ես հաշիվ բացել։ Կամ գուցե ուզում ես ասել, որ սխալմամբ այդ ճրթճրթանները զուգարանում ես օգտագործում, որդյակ Ապետի...
Գալուստ Ապետիչը գունատվեց ու սարսափած վեր նայեց, բայց վերևում, առաստաղի մթությունից բացի, ոչինչ չերևաց։
- Աստված, այսինքն՝ մենք, ամեն ինչ տեսնում ենք, գառնուկ Սաթիկյան
- Սխալվել եմ, տեր, մեզ մոտ շատերն են...
- Տեսնում ենք, գիտենք, որդյակ։ Բայց նման փոքրիկ զոհաբերություններ, ոչինչ, կարելի է ընդունել, աստվածային ավանդույթ է, պետք է էվոլյուցիոն շարունակել ու կատարելագործել։
Գալուստ Ապետիչն ազատ շունչ քաշեց ու աշխուժորեն քորեց ականջատակերը։
- Էլ ի՞նչ կա, որդյակ։
- Տեր իմ, բնակտարածությունս փոքր է,- շուրջը նայելով, անվստահորեն ասաց Սաթիկյանը։
- Չհասկացանք, պարզ խոսիր։
- Արդեն վեց տարի է՝ ես ու կինս մեր երեք զավակներով ապրում ենք երեքսենյականոցում։
- Քի՞չ է։
- Քիչ է, տեր, չի հերիքում։ Մեկն էլ է պետք, քաղաքի կենտրոնից...
- Իսկ պայմաններն ո՞նց են։
- Լավ չեն, երկնային։ Հինգերորդ հարկում ենք ապրում, վերելակն երբեմն չի աշխատում, ջուրը չի բարձրանում, ջեռուցման մարտկոցները հազիվ իրենց են տաքացնում, էլեկտրաէներգիայի երես չենք տեսնում...
- Իսկ կի՞նդ...
- Ի՞նչ, տեր իմ։
- Ասում եմ՝ իսկ գիշերները կինդ չի՞ տաքացնում...
Գալուստ Ապետիչն ուրախ քրքջաց։ Ալևորը հումորի զգացում ունի՝ մտածեց նա ու չորեքթաթ սողաց դեպի սենյակի մյուս ծայրը, որպեսզի չարթնացնի կնոջը։
- Տաքացնում է, տեր,- Սաթիկյանը հաճույքից կռնչաց լսափողի մեջ։
- Ձեր լաբորանտուհուց առաջ, կարծեմ, մեկն էլ կար, որին «արշալույսների դիցուհի» էիր ասում... Իսկ չորրորդի էն շեկահեր ուսանողուհին դեռևս օրակարգի մե՞ջ է, թե՞ էլ չի տաքացնում...
Գալուստ Ապետիչը հանկարծ զսպանակի պես լոք տվեց և քիչ մնաց գլխով ընդհարվեր սեղանին դրված գիշերալամպին, բայց միայն վայր գցեց կնոջ օծանելիքի մանր-մունր սրվակներն ու դեմքի գեղարվեստական ձևավորման ներկարարական գործիքները։ Հետո նայեց երկտեղանոց մահճակալին նախանձելիորեն հանգիստ քնած կնոջ կողմն ու մտածեց, որ գրողի տարածը, այսինքն՝ Աստված, ամեն ինչ գիտե։
- Որդյակ, կարծես վատ ես զգում։
- Մեղա, տեր իմ, ներողություն եմ խնդրում, մեղք եմ գործել...
- Ոչինչ, տղաս, մարդ սխալական է։ Քո նախապապ Ադամն էլ մի պտուղ չէր. Եվային գրկում էր, թաքուն պաչպչում Լիլիթին։ Եվ հետո, դա էլ կարելի է, սուրբ գործ է։ Հիշո՞ւմ ես սուրբ Անտուանետային, որը զինվորների մի ջոկատի, այսինքն՝ մոտ 400 հոգու հետ պառկել է, բայց էլի կույս է մնացել։ Բացի դրանից, Հռոմի պապերի մոտ այդ հարցում երեխա ես, նույնիսկ լակոտ... Էլ ուրիշ խնդիրք չունե՞ս։
Գալուստ Ապետիչն իրեն հավաքեց ու նորից աշխուժացավ։
- Ունեմ, տեր Երկնային, Աստվածների Աստված...
- Շողոքորթություն պետք չէ, որդյակ։ Ականջներս կարկտահարվել են այդպիսի բառակույտերից։ Կարճ կապիր։
- Տեր իմ, ոտքով աշխատանքի գնալն այնքան էլ հարմար չէ։ Տրանսպորտով էլ աշակերտ-ուսանողների հետ մի տեսակ ամոթ է։ Մեր համալսարանում համարյա բոլորն էլ «Ժիգուլի» ունեն։
- Ի՞նչ գույնի։
- Ես կապույտ եմ ուզում, կինս՝ երկնագույն...
- Երեխաների ցանկությամբ մանուշակագույն կլինի...
- Մի բան էլ եմ խնդրում, Արարիչ։ Կինս ֆրանսիական մուշտակ է ուզում։
- Դժվար է ճարվում, բայց կհաջողացնեմ, որդյակ։ Իսկ հիմա աղոթի՛ր։ Բարի գիշեր։
- Բարի գիշեր, Երկնային։
- Այդ ո՞ւմ հետ ես խոսում, Գալուստ։
Սաթիկյանը լսեց կնոջ զարմացած ձայնը, լսափողը ցած դրեց ու միանգամայն հանգիստ ասաց.
- Աստծո հետ։
Հետո նա շարունակեց ծնկաչոք մնալ ու, առաստաղի մթությանը նայելով, սկսեց աղոթել։
- Գալու՛ստ...
- Մի խանգարիր, տիկի՛ն։
- Այդ ի՞նչ ես անում։
- Աղոթում եմ, ճստիկս, չե՞ս տեսնում։
- Ցնդե՞լ ես...
- Հանգիստ խռմփացնում ես, իսկ ես քեզ համար ֆրանսիական մուշտակ եմ հաջողացնում,- ասաց Գալուստ Ապետիչը։
Կինը մի կերպ նրան քարշ տվեց անկողին, իսկ մի քանի րոպե հետո սենյակի հաճելի մթության մեջ տարածվեց Գալուստ Ապետիչի կամերային խռմփոցը, և նա երազում, նստած Աստծո կողքին, բաժակ էր խփում նրա հետ, ականջին լոթի անեկդոտներ պատմում և ուրախ քրքջում...
Մարտ, 1986 թ.
Комментариев нет:
Отправить комментарий