11.11.2013

ԴԱՇՆԱՄՈՒՐԸ


Հակոբ Հակոբյան փողոցի N 28 շենքի N 13 բնակարանում միլիցիայի կապիտան Մայոր Նազարյանը հաղթանդամ թիկունքը բազկաթոռի թիկնակին հենած, չորրորդ սիգարեթն էր ծխում ու մտածում առեղծվածային գողության մասին։ Անհայտ հանցագործներն օրը ցերեկով բնակարանից առևանգել են երեք հազար ռուբլանոց դաշնամուրը և, որ չափազանց տարօրինակ է, էլ ուրիշ ոչինչ չեն տարել իրենց հետ։ Նազարյանի քսանվեցամյա պրակտիկայում սա արտակարգ դեպք է։ Նա նայեց պահարանում շարքով բազմած բյուրեղապակյա սպասքին, բաժակներին, բաժակներից մեկի միջից պարզ երևացող ոսկյա մատանիներին, ականջօղերին ու թանկարժեք ապարանջանին և զարմացավ։ Հետո զանգեց հոգեբուժարան և ավելի զարմացավ, որ այնտեղ փախուստի դեպքեր չեն եղել։ Կապիտանը մտածեց, որ գողերն առնվազն հինգ-վեց հաղթանդամ տղամարդ են եղել։ Իսկ կի՞ն։ Նա նորից նայեց բյուրեղապակյա բաժակի պարունակությանը։ Ո՛չ, կին բացառված է։

Միլիցիայի աշխատակիցները չկարողացան հայտնաբերել որևէ հետք, պատուհանի կամ դռան ջարդվածք, տեղահան արված փեղկ կամ հանցագործների կողմից մոռացված իր։ Գողացված դաշնամուրի տեղը փոշու հաստ շերտ կար և դրանից կարելի էր հասկանալ, որ այդտեղ ինչ-որ բան կար, բայց հիմա չկա։ Կապիտան Մայոր Նազարյանը մոխրամանի մեջ խեղդեց հինգերորդ արտահերթ սիգարեթն ու գործը հանձնարարեց կրտսեր լեյտենանտ Սարուխանյանին։ Իսկ հետո, երբ կրտսեր լեյտենանտը ոգևորությամբ հարցաքննում էր տանտիրոջ՝ Համբարձում Գևորգյանի աղջկան, նա մտաածեց, որ դեպքը լուրջ է և լավ կլինի թաքուն ինքն էլ զբաղվի այդ գործով։

Փողոցում կապիտան Նազարյանն այդ չարաղետ օրվա տասնմեկերորդ արտահերթ սիգարեթը ծխելիս, հանկարծ մտածեց, որ հավանաբար հանցագործներից մեկը թափառելիս պիտի լինի շենքի մոտերքում, այսպես ասած, հեռվից պիտի հետախուզելիս լինի իրենց։ Եվ կապիտանի գլխում փայլուն միտք ծագեց։

Երկու օր հետո Հակոբյան փողոցի N 28 շենքի բակում հայտնվեց մի հաղթանդամ տղամարդ, որ սև բեղեր ուներ ու գունավոր ակնոցներ էր կրում։ Եվ բաժանմունքի տղաները, որ կրտսեր լեյտենանտ Սարուխանյանի գլխավորությամբ հարցաքննություններ ու զանազան չափումներ էին անում, և հենց ինքը՝ կրտսեր լեյտենանտ Սարուխանյանն էլ հանձինս սև բեղերով ու գունավոր ակնոցներով տղամարդու, չկարողացան ճանաչել Մայոր Նազարյանին։ Եվ վերջինս թաքուն հարգանքով լցվեց սեփական արժանապատվության նկատմամբ։

Առաջին երեք օրը ոչ մի հետաքրքիր դեպք չեղավ և ոչ մի կասկածելի տիպ չերևաց։ Հետո դադարեցին երևալ բաժանմունքի աշխատակիցները Սարուխանյանի գլխավորությամբ և մի օր էլ կապիտանի սուր աչքերը նկատեցին կասկածելի մի տիպի, որին նա կնքեց «Շիկահեր» անվամբ։ Նազարյանը թեթև ժպտաց արհեստական բեղի տակ ու մտածեց, որ վերջապես հանցագործության պարանի ծայրը փորձված ձեռքում է, և կապիտանը ձեռքի մեջ հաճելի խուտուտ զգաց։

Շիկահերը սկսեց ավելի ու ավելի շատ թրև գալ շենքի շուրջը, և նրան տեսնելը կապիտան Նազարյանի համար մի տեսակ հաճելի էր։ Շիկահերը խլեց նրա քունն ու հանգիստը, և կապիտանն ամբողջովին ձեռնամուխ եղավ այդ գործին։ Նա սկսեց գիշերներն էլ հետախուզել Հակոբյան փողոցի N 28 շենքի մոտերքը և զարմանքով նկատեց, որ շիկահերը ևս մինչև կեսգիշեր թրևում է շենքի շուրջը։ Մի օր էլ հեռվից կապիտան Նազարյանին թվաց, թե շիկահերին շատ նման մեկը մտավ շենքի երկրորդ մուտքից ներս։ Նրա սուր աշքերը չկարողացան հեռվից ճիշտ որոշել. շիկահե՞րն էր, թե՞ ոչ։ Արդեն համարյա մութ էր, և նա քայլերն ուղղեց դեպի երկրորդ մուտք։

Փափուկ ու ծանր քայլերով բարձրացավ աստիճաններով և ուրախ էր, որ մուտքի լույսերը չեն գործում։ Հավանաբար շենքի չարաճիճի լակոտներն են ջարդել, մտածեց կապիտանը, մի քանի ծանր քայլ էլ արեց և հանկարծ թիկունքում լսեց թեթև քայլերի քստքստոց։ Նա անմիջապես դիրք գրավեց անկյունում ու սպասեց։ Անծանոթ քայլերի քստքստոցը դադարեց, բայց Նազարյանի ականջներն անմիջապես որսացին անծանոթի արագ շնչառությունն ու հևոցը։ Նա նկատեց, որ փողոցից եկող լույսը թույլ շերտ է թողնում դիմացի պատի մի փոքր մասում և հանկարծ լույսի նեղ շերտի վրա շարժում տեսավ ու հասկացավ, որ պատի վրա ատրճանակի թույլ ստվեր է երևում։

Քրտինքի սառը կաթիլները ողողեցին կապիտանին, բայց նա մարտական դիրք ընդունեց ու իսկույն որոշեց ատրճանակի մակնիշը՝ «Մակարով»։ Հասկացավ նաև, որ ատրճանակը գտնվում է ուժեղ ու փորձված ձեռքում։ Ափսոսաց, որ իր հետ զենք չի վերցրել և մի տեսակ զղջաց իզուր ռիսկի դիմելու համար։ Ու երբ ատրճանակով ստվերը մի փոքր ավելի առաջ շարժվեց, կապիտան Նազարյանին թվաց, թե ինքն այլևս չի շնչում, միայն անծանոթի շնչառությունն է ամենուր և հևոցը։

- Քեռի՛, ձեռքերդ վե՛ր, տա՛, տա՛, տա՛,- կապիտանը լսեց մանկան զրնգուն ձայն, իրեն հավաքեց, աջ ոտքի ծայրով փափուկ շրխկացրեց փոքրիկ հետախույզի հետույքին ու ասաց.
- Շան լակո՛տ, փախիր տուն։ Քնելուց առաջ չմոռանաս պիպի անել...

Փոքրիկ ատրճանակավորը ծանր ու մեծ փախավ։ Կապիտանը սրբեց քրտինքի կաթիլներն ու մտածեց, որ պիտի ասեր նաև՝ որպեսզի տեղաշորդ չկեղտոտես։
Հաջորդ երկու օրը ոչ մի կարևոր դեպք չեղավ։ Շիկահերը շարունակում էր թրևել շենքի շուրջը և ոչ մեկի հետ չէր խառնվում, ու դա թաքուն ջղայնացնում էր կապիտանին։

Մյուս օրը հեռվից շիկահերին հետախուզելիս, նրան թվաց, թե շիկահերն էլ թաքուն իրեն է նայում։ Կապիտանն արտակարգ սառնասրտությամբ բացեց թերթը, որ միշտ մոտն էր պահում, ու սկսեց թերթի վրայով հետախուզել շիկահերին։ Նրա սուր աչքերն անմիջապես որոշեցին, որ շիկահերը ճապոնական ակնոց է կրում, իսկ ջինսը հավանաբար նոր է գնված և երևի տասը-տասնհինգ օր է, որ հագնում է։ Շիկահերը միայն «Էլ-էմ» է ծխում, մտածեց Նազարյանն ու նկատեց, որ նա էլ գրպանից ինչ-որ թերթ հանեց և սկսեց կարդալ։ Կապիտանը մի կերպ թաքցրեց ժպիտը. շիկահերը թերթը գլխիվայր էր բռնել։ Դեղնակտուց է, մտածեց Նազարյանն ու տեսավ, որ ինքը նույնպես թերթը թարս է բռնել։ Բայց կապիտանը բոլորովին չկորցրեց իրեն։ Սիգարեթից հզոր թոքերի ամբողջ տարողությամբ ծուխ կուլ տվեց ու միանգամից բաց թողեց։ Երբ թանձր ծուխն ինչ-որ վայրկյան ծածկեց իրեն շիկահերի տեսադաշտից, նա ակնթարթորեն շուռ տվեց գլխիվայր բռնած թերթն ու մտածեց, որ սխալվում են բոլորը, բայց բոլորը չէ, որ կարողանում են սխալները ժամանակին և ճիշտ ուղղել։

Հետո կապիտան Նազարյանն ինքն էլ չիմացավ, թե հանկարծ որտեղից բուսավ բաժանմունքի ավտոմեքենան, որից, ինչպես մեղուները փեթակից, դուրս թափվեցին բաժանմունքի տղերքը և ոլորեցին իր ձեռքերն ու ասացին, որ ձերբակալված է։ Հետո ինքը դիմադրեց, իսկ տղաներից մեկը, որ պինդ կախվել էր իր ծանր աջ ձեռքից, ծնկով հարվածեց քամակին ու ասաց. «Առանց չարաճիճիությունների, շան որդի, թե չէ մի հատ էլ վզակոթիդ կհասցնեմ»։ Հետո, երբ իրեն մոտեցրել էին բաժանմունքի ավտոմեքենային, հանկարծ հիշեց շիկահերին, կտրուկ ետ նայեց, տեսավ նրան, և կապիտան Նազարյանի սուր աչքերը հանձինս շիկահերի, ճանաչեցին կրտսեր լեյտենանտ Սարուխանյանին։ Ու կապիտան Նազարյանը մի բարձր քրքիջ արձակեց, ուժեղ թափ տվեց իրեն, և տղերքը, որ պինդ բռնել էին ձեռքերից, այս ու այն կողմ թռան։ Կապիտանը ձախ ձեռքն ակնթարթորեն տարավ գրպանը, հանեց թաշկինակն ու բավականությամբ և մանրամասն սրբեց քիթը։ Երբ ձեռքն իջեցրեց, թաշկինակի մեջ սևին էր տալիս բեղը...

Այս դեպքից երկու օր հետո Հակոբ Հակոբյան փողոցի N28 շենքի բնակիչները հանկարծ դաշնամուրի նվագի ձայն լսեցին, ձայնի վրա դուրս թափվեցին և պարզվեց, որ պահմտոցի խաղալիս, երեխաները շենքի ձեղնահարկում գտել են առևանգված դաշնամուրը։

Իսկ վերոհիշյալ դեպքից երեք ամիս և տասնութ օր հետո, երբ միլիցիայի բաժանմունքում կապիտան Մայոր Նազարյանը կրտսեր լեյտենանտ Սարուխանյանի հետ շախմատի տախտակի վրա շախմատի խաղաքարերով շաշկու իններորդ պարտիան էր խաղում, Հակոբյան փողոցի N 28 շենքի N 13 բնակարանի բնակիչ Համբարձում Գևորգյանը քաղաքի ռեստորաններից մեկում ընկերների հետ գարեջրի տասներկուերորդ շիշն էր դատարկում և պատմում, որ դաշնամուրը ինքն է քարշ տվել ձեղնահարկ, որովհետև շան քածը (իր աղջիկը) նվագել չգիտե և ամբողջ օրը զահլեն տանում է հիմար ճնգճնգոցներով։

Ու երբ յոթ ամիս քսանչորս օր հետո Համբարձում Գևորգյանի հարկի տակ վերջինիս դաշնակահարուհի աղջկա հարսանիքն էր, նա՝ Համբարձում Գևորգյանն, արտակարգ ուրախ էր և, ի միջի այլոց ասաց, որ դաշնամուրն էլ է օժիտ տալիս։ Ասաց նաև, որ դաշնամուրը թաքցնելու գործում իրեն հարևաններն են օգնել, իսկ կինն ու աղջիկը տանը չէին։

Հուլիս, 1984 թ.

Комментариев нет:

Отправить комментарий