11.11.2013

ԼԱԿԵՅԸ

Լ-ին

Այն ոչ հեռավոր ժամանակները, երբ Բասար Սարիբեկիչը հիմնարկության պետ էր, մարդիկ այսօր բռնապետություն են անվանում։ Հսկա այդ հիմնարկությունում բառիս ամենաուղիղ իմաստով ամեն ինչ ծառայում էր Բասար Սարիբեկիչին, և դրա համար ամենամեծ մեղավորը Բասար Սարիբեկիչը չէր։ Պարզապես սովորական այդ Քաջ Նազարին մարդիկ աստիճանաբար թույլ էին տվել բռնապետ դառնալ։ Բասար Սարիբեկիչն ամեն ինչ ուներ. էլ սազանդար ու երգչուհի, էլ պալատական գեղաչ կաքավողներ ու պալատական աշուղներ, էլ անձնական խոհարարներ ու խաղընկերներ՝ նարդու գծով, կամ շեկլիկ-մեկլիկ գեղուհիներ՝ մահճակալի գծով։ Նրան միայն մի բան էր պակասում։ Հսկա հիմնարկության այդ փոքրիկ միապետը լակեյ (իր բառն է) չուներ, ամենասովորական մի լակեյ, որ ժամանակին սրբի-փայլեցնի կոշիկները, թափ տա շալվարի, հատկապես նստուկի տեղամասի փոշին և կատարի մանր-մունր այլ ծառայություններ։

Եվ ահա Բասար Սարիբեկիչի ընտրությունը կանգ առավ իր տեղակալի՝ սուսիկ-փուսիկ Լևոն Գավրուշյանի վրա։ Ու նա չսխալվեց իր ընտրության հարցում։ Գավրուշյանն այնպես խնամքով ու ձեռներեցությամբ էր կատարում իր ուսերին դրված պատվավոր այդ պարտականությունը, որ կամաց-կամաց մարդիկ մոռացան, որ նա նաև երրորդ տեղակալ է։ Մոռացան ոչ միայն նրա պաշտոնը, այլև անուն-ազգանունը։ Գավրուշյանը դարձավ լակեյ։

Տարիների հետ Գավրուշյանն ավելի կատարելագործեց կոշկի մաքրման իր տեխնիկան, ոտով-գլխով ներծծվեց իր այդ նոր մասնագիտության մեջ և, կարծում եմ, անհամեստություն արած չենք լինի, եթե խոստովանենք. նա դարձավ իր աշխատանքի էնտուզիաստը։ Ասում են՝ ձեռաց նա այնպես էր փայլեցնում իր շեֆի կոշիկները, որ մի քանի վայրկյան հետո արեգակն էլ ապշում էր իր ճառագայթների փառահեղ անդրադարձումից։ Գավրուշյանի տեսողությունը մասնագիտական այնպիսի սրության հասավ, որ մի քանի տասնյակ մետրից էլ նկատում էր Բասար Սարիբեկիչի շորերի փոշին ու իսկույն չեզոքացնում այն։

Ահա, ասենք, ինչ-որ պաշտոնական հանդիպում է կազմակերպված, և Բասար Սարիբեկիչը մեծ փորը ամբիոնի ներսում՝ Գավրուշյանի անմիջական նախաձեռնությամբ սարքած հատուկ դարակի վրա դրած, ճառ է ասում և, մարգարտահատիկների շռայլման այդ վեհ պահին նախագահության ինչ-որ անկյունից Գավրուշյանը Տերի անդրավարտիքի վրա նկատում է անիծյալ մի փոշեհատիկ։ Հաջորդ ակնթարթին նա աննկատ ու անշշուկ հայտնվում է ամբիոնի հետևում, չեզոքացնում «անհնազանդին» և մեծ ու վեհ բան կատարողի արժանապատվությամբ, ինքնագոհ ու փառահեղ տեսքով գրավում իր տեղը նախագահությունում։

Գավրուշյանն այնպես էր վարժվել իր արհեստին (ինքն արվեստ է ասում), որ գիշերները, երբ խոր քնած են լինում ողջ քաղաքն ու Բասար Սարիբեկիչը, նա մեկ-մեկ կարոտում է իր շեֆին, պարապությունից ձեռքերը թունդ քոր են գալիս, և նա հանկարծ հրճվում է այն մտքից, թե ինչքան լավ է կառուցված մեր այս Երկիր կոչվող մոլորակը, որ շուտով լույսը, ինչպես միշտ, կբացվի և ինքը կգնա աշխատանքի և...

Իսկ խնջույք-բանկետ-քեֆերի ժամանակ ավելի հեշտ է։ Նա մի փոքրիկ խորամանկություն է հորինել։ Այն պահին, երբ պալատական երգչուհիներից մեկը արևելյան շիքաստներ ծոր տալով, աչքերի շողերն է պարգևում Բասար Սարիբեկիչին, ու վերջինս էլ պատառաքաղի սուր կողմերով ատամներն է քչփորում ու մտովի մերկացնում երգչուհի տիկնոջը, Գավրուշյանը անփութորեն վայր է գցում ձեռքի գդալը, մտնում սեղանի տակ, իբր գդալի համար, և ձեռաց «ազնվացնում» Տերի կոշիկներն ու անդրավարտիքի փողքերը։

Տարիների հետ Գավրուշյանն այնպես է վարժվել Տերին, որ եթե սեղանի ցանկացած ծայրում նրան մտցնես սեղանի տակ, նա մի ակնթարթում կճանաչի-գտնի Բասար Սարիբեկիչի կոշիկները։ Տերն էլ իր հերթին սովորել էր Գավրուշյանի մշտական հնազանդ գոյությանը՝ իր կոշիկների ու փողքերի մերձակայքներում և, երբեմն աշխատանքային ժամերին ձանձրանալով, իր մոտ էր կանչում Լակեյին ու մի փոքր զվարճանում, կամ ինչպես ինքն է խոստովանում, իրեն մի փոքր թափ տալիս աշխատանքային ծանր օրվա հոգսերից ու իր հասցեին վերևներից արված նկատողությունների ճնշումից։ Նման պահերին, երբ Գավրուշյանը ձեռնածուի ճարպկությամբ կատարում է իր նուրբ գործը, Տերն ասում է.
- Ղամմազ, շրջվի՛ր։

Գավրուշյանը վեհորեն շրջվում է։ Հաջորդ պահին նրա նուրբ տեղերին վարից վեր շրխկում է կոշկի հարվածը, որին հաջորդում է Տերի ինքնագոհ քրքիջը։ Իսկ հետո, ինչպես միշտ, նա գլուխ է տալիս ու դուրս գալիս՝ ազնվացած այն պայծառ մտքից, որ մի քանի վայրկյան առաջ իրեն դիպչել է Բասար Սարիբեկիչի արծաթափայլ կոշիկը...

Անցան տարիներ։ Եկան նոր ժամանակներ։ Աշխարհում հաստատ չկա ոչ մի բան՝ ասել է մեծ բանաստեղծը։ Բասար Սարիբեկիչի գահն էլ երերաց։ Երերաց ու թամբից ցած գցեց իր հեծյալին։ Այնուհետև, ինչպես ընդունված է նման դեպքերում, ինչպես առատության եղջյուրից, սկսեցին լույս աշխարհ գալ ֆելիետոններ ու քննադատական հոդվածներ, ռեպլիկներ ու անեկդոտներ։ Սկզբում գրիչ վերցրին նրանք, ովքեր երբեք չեն հանդուրժել Բասար Սարիբեկիչին։ Հետո սկսվեց շքահանդեսը։ Հիմնարկության ահելներն ու ջահելները յուրօրինակ մրցամարտ ծավալեցին. ով ավելի թունդ թափ կտա Բասար Սարիբեկիչի լխկած ոսկորները։ Նրանք, ովքեր Բասար Սարիբեկիչին միայն լուսանկարներով գիտեին, լարեցին իրենց պարսատիկներն ու նշանառության տակ առան գահընկեցի խրտվիլակը։

Տարիներ անցան։ Արդեն վաղուց մոռացվել էր Բասար Սարիբեկիչը, բայց նրան չէր մոռացել Լակեյը։ Որոշեց ինքն էլ ասել տղամարդու իր խոսքը։ Մնացածներից ինչո՞վ է պակաս։ Ինքն էլ ինքնասիրություն ունի, չէ՞։ Եվ Լևոն Գավրուշյանը գրեց։ Գրեց խնամքով, հատ-հատ տառերով։ Սկզբում գրածը չհավանեց։ Խնամքով կլորացրեց սուր տեղերը, փոշոտ կողմերը փայլեցրեց ու տեսավ, որ հոյակապ է ստացվել։ Գավրուշյանը հաճույքից փնչացրեց։ Վերջապես թող բոլորը հասկանան, որ ինքն էլ տղամարդ է։ Թող մարդիկ իմանան, որ Բասար Սարիբեկիչը (Գավրուշյանը մտքում սխալմամբ ասաց՝ Տերը) կոպիտ ու գռեհիկ մարդ է եղել։ Կնոջ հետ կռվում էր, որդիներին ծեծում էր, որ միայն «հինգեր» ստանան, իր ստորադրյալների հետ դու-ով էր խոսում, իր որոշ աշխատողների հրամայում էր հիմնարկության հիմնական աշխատանքներից բացի կատարել ֆիզիկական ծանր աշխատանքներ։ Ո՞ւր էինք հասել, ամոթ է, չէ՞։ Այո, Բասար Սարիբեկիչն ուներ կապիտալիստական հակումներ ու մեր հայրենիքին միանգամայն խորթ անմարդկային բացասական գծեր։

Գավրուշյանը հինգերորդ անգամ ծայրից ծայր կարդաց 25 ձեռագիր էջանոց իր հոդվածը, բազկաթոռից ոտքը ոտքով գցած նայեց դիմացի պատի ընդարձակ տարածությանն ու մտածեց, որ մինչև հիմա ինքը մի կարգին մեծադիր դիմանկար չունի աշխատասեղանի վերևից կախելու համար։ Պետք է այդ հարցն էլ լուծել։

Փոստարկղի մոտ Գավրուշյանը ոտքը մի քիչ կախ գցեց. նամակ-հոդվածը փոստարկղ գցե՞լ, թե՞ չգցել։ Վերջին պահին ուզում էր չգցել, բայց արդեն ուշ էր, ուռուցիկ ծրարը ձեռքից սահեց...

Աշխարհի մի անկյունում իր վերջին երկրային օրերն էր անցկացնում Բասար Սարիբեկիչը, երբ նրան հայտնեցին, որ իր նախկին տեղակալներից ինչ-որ մեկը թերթում նույնպես «ջարդել» է իրեն։ Երկար ժամանակ Բասար Սարիբեկիչը չէր կարողանում հիշել այդ տեղակալին։ Ասացին անուն-ազգանունը՝ չհիշեց։ Հայրանունն էլ ավելացրին՝ չհիշեց։ Բացատրեցին՝ այսպես-այսպես, սուսիկ-փուսիկ մարդ է, համեստ կարողություններով՝ չճանաչեց։ Ասաց՝ շատերն էին համեստ կարողություններով։ Ինչ-որ տեղից լուսանկարը գտան, ցույց տվեցին, ուրախ բացականչեց.
- Հա՜, լակե՜յը, խե՜ղճ մարդ։ Տեսնես հիմա ում կոշիկներն է մաքրում։

Հոկտեմբեր, 1988 թ.

Комментариев нет:

Отправить комментарий