11.11.2013

ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐԸ


Վասակ Կուկույանը պատմվածքներ էր գրում, բայց այդպես էլ չկարողացավ գրող դառնալ, և նա սկսեց մոլեռանդորեն ատել ու նախանձել աշխարհի բոլոր գրողներին։ Յուրաքանչյուր ստեղծագործող, ըստ Վասակ Կուկույանի, անձնական վիրավորանք է հասցնում իրեն։

Եվ երբ մի օր էլ նա դարձավ խմբագիր, խաչակրաց արշավանք սկսեց գրական բոլոր ժանրի ստեղծագործությունների դեմ ու դարձավ յուրօրինակ կոլեկցիոներ. կարճ ժամանակում նրա անձնական արխիվում գոյացավ պատմվածքների, բանաստեղծությունների և այլ ժանրի ստեղծագործությունների մի ահռելի հավաքածու, որի բազմազանությանը մինչև անգամ Մատենադարանը կնախանձեր։

Խմբագրություն հասած գրական ստեղծագործությունները ակնթարթորեն անհետանում էին Վասակ Կուկույանի առանձնասենյակում, իսկ հանդեսի էջերն իրենց մայրական գիրկն էին բացել ամեն տեսակ հիմարությունների ու անգրագետ շարադրությունների առաջ։ Դպրոցական, ու ոչ միայն դպրոցական, պատի թերթերի նյութերը կայծակնային արագությամբ հայտնվում էին Վասակ Կուկույանի խմբագրած հանդեսի էջերում։

Բայց կատարվեց անխուսափելին. Վասակ Կուկույանը մի օր էլ գլուխը դրեց բարձին ու մոռացավ (թե այլևս չկարողացավ) բարձրացնել։ Ականատեսները վկայում են, որ Վասակ Կուկույանի բնակարանում գտնվել են ձեռագրերի հսկա կապոցներ, որոնց ընդհանուր քաշը չորս անգամ գերազանցում է Վասակ Կուկույանի քաշին՝ դագաղի հետ միասին։ Ու ասում են նաև, որ այդ ձեռագրերի մեջ կային ոչ միայն ժամանակի հայտնի, կիսահայտնի ու սկսնակ գրողների երկերը, այլև Հոմերոսի ու Դանթեի, Շեքսպիրի ու Նարեկացու, Դոստոևսկու ու Մոպասանի, Տերյանի ու Սևակի հանրահայտ գործերը, որոնց բոլորի տակ էլ Վասակ Կուկույանի հրեշտակային ձեռագրով գրված էր. «Թույլ է, ուղարկել արխիվ»։

Ականատեսների մի այլ խումբ էլ երդվում է, որ Վասակ Կուկույանի մոտ ոչ մի ձեռագիր էլ չի գտնվել, որովհետև նա վրեժ լուծելու ավելի արդյունավետ միջոց գիտեր. իր «զոհերի» ձեռագրերը ծամում ու կուլ էր տալիս։ Ասում են նաև, որ նույնիսկ մահվան մահճում էլ հերոսաբար ձեռագրեր էր ծամում ու նրա բերանում գտնվել է ինչ-որ պոեմի վերջին գլուխը։

1988 թ.

Комментариев нет:

Отправить комментарий