22.11.2013

ՆՈՒՅՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆՈՒՄ


Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ինչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։ Ավելի շուտ՝ այն փաստաթուղթը, որի վրա վավերացվել էր արցախցիների 70-ամյա երազանքը՝ հայկական մեր երկրամասի վերամիավորումը Մայր Հայաստանին...

Այդ օրերին մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթում էի աշխատում։ Թերթ, որի տպաքանակը ամիսներ հետո հասավ 80 հազարի։ Երեկոյան ժամը 7-8-ը կլիներ։ Թերթի գլխավոր խմբագիր Եղիշե Սարգսյանի առանձնասենյակում խմբագրական խորհուրդն ու մի քանի լրագրողներս սպասում էինք պատմական այդ փաստաթուղթը տպագրելու որոշմանը (Բորիս Կևորկովը դեռևս շարունակում էր մնալ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, և մարզկոմից դեռևս լուրջ ճնշում կար թերթի վրա)։

Երբ հավաքվածներս միահամուռ հայտնեցինք, որ մարզխորհրդի որոշումը պիտի անպայման տպագրվի «Սովետական Ղարաբաղի» վաղվա համարում, Եղիշե Գրիգորիչն ասաց, որ դեմ չէ, միայն պետք է ձեռքի տակ ունենանք այդ որոշումը, որը դեռևս չէինք ստացել։

Խմբագրությունից զանգեցին պատմական նիստը նախագահող Վիգեն Հայրապետյանին և ասացին, որ լրագրողներից մեկին ուղարկում են իր մոտ՝ որոշումը ստանալու։ Այդ լրագրողը ես էի։

Մարզխորհրդի շենքից ներս մտա և բարձրացա Վիգեն Հայրապետյանի մոտ։ Նա խնդրեց մի քանի րոպե սպասել... Այդ «մի քանի րոպեն» զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Առնվազն 20-25 րոպե սպասեցի։ Հետո հասկացա, որ կնիքի բացակայության պատճառով (մարզգործկոմի նախագահ ոմն Օսիպով այն վերցրել ու անհետացել էր։ Հետո անեկդոտ էին պատմում առ այն, որ իբր Օսիպովն ասել է՝ կնիկս կտամ, բայց կնիքը չեմ տա...) մարզխորհրդի պատգամավորների մի ինչ-որ մասը պետք է ստորագրի որոշման տակ, որպեսզի այն իրավական ուժ ունենա։

Վերջապես պատմական որոշումը ձեռքիս դուրս եկա մարզխորհրդի շենքից և շարժվեցի դեպի խմբագրություն։ Այդ պահին մտածում էի, որ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող ամենաթանկ փաստաթուղթն է իմ ձեռքին... Լույսը դեռ նոր բացված, այդ որոշմամբ «Սովետական Ղարաբաղի» համարները ձեռքից ձեռք էին անցնում։ Իսկ մինչ այդ, տպարանում տնօրեն Յուրի Ներսիսյանի, մարզային ռադիոյի գլխավոր խմբագիր, գրող Մաքսիմ Հովհաննիսյանի հետ 7-8 հոգով բաժակ էինք խփել՝ հանուն մեր Հաղթանակի...

Այս ամենն ինչո՞ւ հիշեցի։ Փետրվարյան այդ երջանիկ օրից ավելի քան 24 տարի է անցել։ Հետո Սումգայիթ է եղել, Կիրովաբադ, Բաքու, 1988-ի դեկտեմբերյան սարսափելի երկրաշարժ է եղել, ապա՝ պատերազմ, հազարավոր անմեղ զոհեր ու, վերջապես, Հաղթանակ է եղել... Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ նույն ճամփաբաժանում, ինչպես 24 տարի առաջ։ Մայր Հայաստանին միանալու մեր 70-ամյա երազանքը դե-ֆակտո մնացել է թղթի վրա... Ինչ-որ գերիմաստուն մարդիկ մեզ բացատրել են, որ Հայաստանին վերամիավորվելու ամենակարճ ճանապարհն Արցախի անկախության հռչակումն է։ Եվ մենք հավատացել ենք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ», 29.10.2012

Комментариев нет:

Отправить комментарий