Մեր խմբագրությունում աշխատակիցների կեսից ավելին ալերգիա ունի։ Ընդ որում, մեզ մոտ ալերգիայի այնպիսի տարատեսակներ կան, որ հեռավոր ժամանակների ամենաֆանտաստիկ գրողներն անգամ երազել չէին կարող։ Օրինակ, քարտուղարուհի Մարինեն ալերգիա ունի իր իսկ հարազատ մանկիկից, որը մի քիչ նման է մեր նախկին խմբագրի մանկության տարիների լուսանկարին, իսկ մեքենագրուհի Նելին ալերգիա ուներ սեփական ամուսնուց և բաժանվեց ու ամուսնացավ իր երկրորդ սիրեկանի հետ...
Բաժնի վարիչ Անաստաս Լևոնիչը ալերգիա ունի ոչ միայն թեյի բուրմունքից, այլև, թեյի դատարկ բաժակ տեսնելով, քիչ է մնում շնչահեղձ լինի։ Իսկ երբ մեր խմբագրության շենքի մոտով ծխախոտն ատամների միջև սեղմած որևէ մեկն անցնում է, արդյունաբերական բաժնի թղթակից Վասակ Դհոլյանն ու հաշվապահ Սոնյա Հմայակովնան նմանվում են ջրածաղկով հիվանդների։
Մեր տնտեսվար Համբարձում Շահնազարիչը թքած ունի թեյի ու ծխախոտի վրա։ Նա ալերգիա չունի սեփական կնոջից և, ընդհանրապես, գեղեցիկ սեռի ներկայությունից նա ամենևին էլ իրեն վատ չի զգում։ Բայց այդ ամրակազմ այրն ահա ալերգիա ունի օղուց։ Նա չի սիրում լիքը շիշը։ Եթե օղի չլինի, խմելու պահանջ չի զգա, բայց եթե օղու թեկուզև տասը շիշ լինի սեղանին, մինչև վերջին կաթիլը պիտի խմի, թե չէ լիքը շշերի ներկայությունից նա այնպես է կապտում, որ կինոնկարների համար մահապարտի դերակատարման նրանից ավելի լավ թեկնածու անհնար է գտնել։ Ես ինձ համար չեմ ափսոսում, համեստորեն խոստովանում է Համբարձում Շահնազարիչը, այլ այդ անիծյալ սրիկայի (այդ պահին նա ամոթխածորեն աչքերով ցույց է տալիս լիքը շիշը), հանկարծ կարող է ինչ-որ լակոտ, կողքովն անցնելիս, գցի ջարդի։ Շիշը ջահանդամը, պարունակության համար է սիրտս ցավում...
Իսկ, ընդհանրապես, եթե այնպես պատահի, որ մեր աշխատակիցները միանգամից իրենց վատ զգան ալերգիայից և մեկ ժամ հետո կազմ ու պատրաստ ժամանի «Շտապօգնության» բուժանձնակազմը, նրանք բոլորը համեստորեն կզոհաբերեն իրենց անձը և պատկառանքով մատնացույց կանեն խմբապետ Նագանի, այսինքն՝ մեր խմբագիր Վահագն Մուղդեսյանի աշխատասենյակի դուռը, բայց դա ստորադրյալի համեստ պատկառանքից չէ, որ մարդիկ կզիջեն իրենց «հերթը»։ Պարզապես Վահագն Մուղդեսյանի ալերգիան մի ուրիշ տեսակի է։
Նրա հիվանդությունը դժվար է մի բառով արտահայտել։ Անաստաս Լևոնիչի, Սոնյա Հմայակովնայի կամ Համբարձում Շահնազարիչի համար հեշտ է. եթե խոսել չկարողանան, մատնացույց կանեն թեյի բաժակը, ծխախոտը կամ օղու լիքը շիշը։ Իսկ խմբապետ Նագանը ոչ միայն ոչինչ չի կարող մատնացույց անել, այլև չի կարող բացատրել, թե ինքն ինչ է ուզում։ Վատ է զգում և՝ վերջ։
Նա ալերգիա ունի այն ամենից, ինչ գեղեցիկ է, վեհ ու սքանչելի։ Նա ատում է այն բոլոր մահկանացուներին, ովքեր... խելոք են կամ, եթե խելոք էլ չեն, աստեղային ինչ-որ պահերի գոնե կարող են խելացի մի միտք հայտնել, հաջողված մի ոտանավոր գրել և այլն...
Երբ Վահագն Մուղդեսյանը նոր-նոր էր խմբագիր դարձել, նրան ներկայացրի իմ քիչ թե շատ հաջողված պատմվածքը, առաջին անգամ դարձա խմբապետ Նագանի ալերգիայի բռնկման կենդանի վկան։ Զարմանալիորեն նա իրեն վատ էր զգում հենց այն հատվածների ընթերցանության ժամանակ, որոնք, ըստ իս, ամենահաջողվածն էին։
Սկզբում նա շատ հաճելի ու աշխույժ տեսք ուներ։ Նույնիսկ իրեն թույլ էր տալիս կատակներ անել, բայց հետո, երբ խորասուզվեց պատմվածքիս ընթերցանության մեջ ու արդեն հասել էր առաջին հաջողված հատվածին, ես զարմանքով նկատեցի, որ նա իրեն վատ է զգում...
Ես անիծեցի ոգեշնչման այն պահը, երբ համարձակվել էի գրիչ վերցնել ու խզբզել այդ անիծյալ խզբզանքը, ու վախով նայում էի, թե ինչպես է Վահագն Մուղդեսյանն աստիճանաբար գույնը գցում։ Սկզբում սկսեց ծռմռվել բերանը, հետո հոնքերը սկսեցին կամաց-կամաց վերուվար անել, ապա սկսեցին շարժվել ականջները, այնուհետև...
Չեմ հիշում, թե ինչպես դուրս թռա նրա առանձնասենյակից։ Կարծեցի, թե Վահագն Մուղդեսյանը մեռել է կամ, առնվազն, պատրաստվում է հոգին ավանդել, սակայն գործընկերներս ինձ բացատրեցին, որ վախենալու բան չկա, իրենց ներկայությամբ արդեն նման դեպքեր պատահել են...
Խմբապետ Նագանը, ի տարբերություն մեր նախորդ խմբագրի, այնուամենայնիվ ձգտում է մեր թույլ գրող-լրագրողներին գրել սովորեցնել։ Հենց առաջին օրերից նա ձեռնամուխ եղավ մեր հաստիքային ու արտահաստիքային շատ թղթակիցների համար այբուբենարաններ ու շարահյուսության ձեռնարկներ հայթայթելու վեհ գործին, հատուկ ուսուցիչ վարձեց Կարապետ Շամշադինիչի և տիկին Կանեփյանի համար, որպեսզի ամենակարճ ժամանակամիջոցում նրանց սովորեցնի ուղղագրության ու կետադրության կանոնները...
Վահագն Մուղդեսյանի տարերքը միջինն է, նա ընդունում է միայն միջակությունը։ Գտնում է, որ աշխարհում լավ գրելու, խելոք լինելու մենաշնորհը պատկանում է միայն իրեն։ Ամեն ոք, ով ուզում է ոտք դնել գեղեցիկի աշխարհը, ձեռք է բարձրացնում խմբապետ Նագանի արժանապատվության վրա։ «Մեր այս անիծյալ հազարամյակները կարծես քիչ են հեղեղված սոկրատեսներով, նարեկացիներով, մոցարտներով ու էյնշտեյններով, սրանք էլ մի կողմից են հերթ կանգնել դասականի «կոստյումի» համար»,- ծանրումեծ խորհում է նա...
Մեկամյա եռանդուն պայքարից հետո Վահագն Մուղդեսյանին վերջապես հաջողվեց մեր անգրագետ ու կիսագրագետ աշխատակիցներին գրագետ դարձնել։ Նրան վերջապես հաջողվեց նաև մեզ դարձնել շարքային միջակություններ։ Մենք արդեն այնքան էլ չենք փայլում խելքով, մեր խզբզանքները հաճախ շփոթում ենք իրար հետ։ Իմ ստորագրությունը երբեմն հայտնվում է ուղղագրության կանոնները վերջերս սերտած Կարապետ Շամշադինիչի, տիկին Կանեփյանի կամ մի ուրիշի ակնարկի տակ, նրանց ստորագրությունը՝ իմ հոդվածների, բայց դրանից ոչինչ չի փոխվում, քանզի գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։
Մեր խմբագիրն արդեն շատ գոհ է մեզնից, որովհետև վերջապես քրտնաջան աշխատանքից հետո մեր շուրջբոլորը դարձրեց համահավասար գաճաճ թփերի մի հիանալի տափաստան, որի կենտրոնում ոչ շատ հեռվից կարելի է նկատել աջ ու ձախ օրորվող, ծանրամարմին, բայց բարակ ցողունով անշնորհք մի բան, որ ոչ թուփ է, ոչ ծառ, բայց շրջապատի թփերից մի քանի թիզ բարձր է։ Դա հենց ինքը Վահագն Մուղդեսյանն է։
Հ.Գ.- Երբ այս պատմվածքը կարդացի Վահագն Մուղդեսյանի մոտ, առանց նշելու գլխավոր հերոսի անունը, նա աշխուժորեն շփեց փուչիկի պես ուռած որովայնը և ուրախ-զվարթ հարցրեց. «Էդ Մակիչ Ղազարիչի մասին ես գրել, չէ՞...»։
Փետրվար, 1989 թ.
Комментариев нет:
Отправить комментарий