Մարդու մեծագույն հարստությունն իր զավակներն են։ Ինձ համար՝ նույնպես։ Չնայած շատերը հարստություն ասելով, միանգամայն այլ բան նկատի ունեն։ Սակայն իմ ունեցած, իմ դավանած հարստությունը չեմ պատկերացնում առանց գրքերի։ Գուցե գրող, արվեստագետ հորիցս եմ ժառանգել գրքի հանդեպ պաշտամունքի հասնող այդ սերը, չգիտեմ, հստակ չեմ կարող ասել։
Շուրջ մեկ ամիս առաջ իմ լավ բարեկամ, լրագրող, գրող, տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր Հովհաննես Պապիկյանից գրքեր նվեր ստացա, այդ թվում՝ «Կարոտի ճամփաներ»-ը։ Այս տարվա իմ ամենաթանկ նվերներն են այդ գրքերը։
Ու մեկ ամիս է, չեմ կարողանում մի քանի տող գրել «Կարոտի ճամփաներ»-ից տպավորությանս մասին։ Գիրքն այդ մեր ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵՐԿՐԻ մասին է, Կարսի, չքնաղագեղ Անիի, Մուշի մասին։ Բառեր չեմ գտնում, կարծես այդ երկրի պես մնացել են սահմանի հակառակ կողմում։ Բառերի փոխարեն մնացել է Ցավը, դաժան, հոգեմաշ Ցավը...
«Հայի համար Անին սրբավայր է, մասունք. ամեն ընկած քար ու խոյակ հազարամյա պատմության խոսուն վկա է,- գրում է Հովհաննես Պապիկյանը։- Հայ ուխտավորը ժամերով է կանգնում եկեղեցու ամեն մի ընկած քարի, հրաշքով կանգուն մնացած մի ծիվ պատի մոտ, երեխա գուրգուրելու զգուշությամբ շոշափում վիմական արձանագրությունները, ճարտարապետական շքեղ բեկորները, նկարազարդ որմնամասերը, որ ընկած են երբեմնի շքեղաշեն եկեղեցիների պատերից»։
Գրքի Մուշի մասին էջերն եմ կարդում։ Բառեր չկան, աչքիս առաջ Հայոց պատմական երկիրն է՝ որդեկորույս ծնողի պես տխուր, հոգեմաշ ցավը հավետ սրտում։ «Իսկ երբ Մշո դաշտ մտանք, և վարորդը ձայներիզների ընտրություն էր կատարում, Մնացական Օհանյանը (նրան Հրաչ պապ էին ասում ընկերները - Վ.Օ.) կանխեց. «Սպասիր տղաս...»։
Ապա՝ «Երգելու պահին տեսնել էր պետք Հրաչ պապին՝ թաց աչքեր, երգի ռիթմի հետ օդում շրջաններ գծող հուզմունքից դողացող ձեռքեր, և ձայնը՝ կարոտից կերկերուն ու հուզական։
Նա այդ պահին իր կարոտն էր երգում, իր հայրիկի կարոտը, որ տարիներ շարունակ տղային ապսպրել էր. «Հենց ճամփեքը բացվեն, անպայման գնա մեր գյուղ... Կախովի կողպեքի բանալին կգտնես աջ կողմի մարդաբոյ բարձրության անկյունաքարի տակից։ Հետո էլի տեղը դիր, որ քո զավակներն էլ գնան, նրանք էլ թող իրենց զավակներին հորդորեն գնալ, մինչև մի օր...»։
Հոր ասած «մինչև մի օր»-ը դեռ կախման կետեր ունի»։
Բայց ամեն անգամ Հայաստան ասելիս, իմ մեջ պատկերանում է հենց այն Հայաստանը, որ այսօր պատմական Հայաստան ենք անվանում, Կորուսյալ երկիր կամ Արևմտյան Հայաստան։ Ու ինձ թվում է, թե իմ, իմ պապի, ապուպապի, նրանց ապուպապերի արմատները հենց այդ Հայաստանում են։ Նրանց ոտնահետքերը մնացել են Մուշի, Սասունի, Վանի, Անիի մոտերքում՝ մացառներով պատած, հազարամյա ճանապարհներին կամ նրանցից ձգվող արահետներին ու կածաններին...
Ծաղկածիծաղ Վանը կամ հրաշագեղ Անիից մնացած ավերակները երբեք չեմ տեսել։ Թերևս արդեն չեմ էլ տեսնելու։ Այդ Երկիրը տեսել եմ լուսանկարներում, վերջին տարիներին նկարած սիրողական ֆիլմերում միայն, բայց երեկ էլ, հիմա էլ, վաղն էլ Հայաստան ասելիս իմ մտապատկերում առաջին հերթին հայտնվելու է հենց այդ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ապա դրանից պոկված բեկորները՝ ՀՀ-ն, Արցախը...
Հետո մյուս դաժան Ցավն է սիրտ մաշում. իսկ ի՞նչ ենք անում հրաշքով մնացած, հրաշքով պահպանված, հազարավոր մեր հայրենակիցների արյան ու կյանքի գնով թշնամուց մաքրած այս փոքրիկ բեկորները պահելու համար...
«Անիին հարևան գյուղի փողոցներով անցնես՝ երեխաները ոտնատակ են ընկնում։ Ում որ դուր չի գալիս այս համեմատությունը, թող նստի Բաղրամյանից Թալին գնացող ավտոբուսը և նայի նույն Կարսի դաշտավայրի հարթությունն ունեցող «մեր կողմի» գյուղերի տներին. քանի՞ բաց դուռ և քանի՞ մարդ կտեսնի։ Եվ ավտոբուսի մեջ էլ թող փորձի մտաբերել Գյոթեի խոսքերը. «Գահերն ու թագավորությունների անկումը ինձ չեն հուզում. այրված գյուղական տունը՝ ահա իսկական ողբերգությունը»։ Մոռացվող գյուղի մարդազուրկ տունը արդյո՞ք այրված տուն չէ»,- ցավով խորհում է Հովհաննես Պապիկյանը։
Մայր Արաքսը Հայոց պատմական բնօրրանը՝ Երկիր Նաիրին, Մեծ Հայքը երկու մասի է բաժանել։ Չէ, ինքը չէ բաժանողը, իրեն պարզապես պարտադրաբար բաժին են թողել իր երկու հատվածների միջև հավերժ տառապյալի ծանր ու դաժան դերը։ Մի կողմում Հայոց Մեծ երկրի այն մասն է, որ Արևմտյան Հայաստան է կոչվում, և որտեղով «անցել է թուրքը», մյուս կողմում Հայոց Մեծ երկրի փոքրիկ մի հատվածն է՝ Արևելյան Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն անվամբ, կողքին Արցախը՝ անորոշ ապագան ուսին...
Արաքսի այս կողմում մերօրյա տխուր իրողությունները չեմ ուզում պատճառ դառնան, որ հանկարծ վաղը գանգրահեր մի պատանի, կիսավեր իր տան առջև կանգնած, ցավով շշնջա. «Իսկ այստեղով անցել են հայ իշխանավորները...»։
Երանի՜ այդպես չլինի...
Комментариев нет:
Отправить комментарий