25.03.2014

Հիմար ռոմանտիկն ու ծաղիկը


Սքանչելի մի ծաղկաթուփ կար այդ զբոսայգում: Ամեն օր հարյուրավոր մարդիկ էին անցնում հրաշք այդ ծաղկաթփի մոտով ու հիանում նրա աստվածային գեղեցկությամբ։ Մարդկանց մեջ կար մեկը, հիմար մի ռոմանտիկ, որ հեռու մի տեղ կանգնած, խենթի պես աչքը չէր կտրում կարմրաթերթ ծաղիկներից։ Նա արդեն իր համար ընտրել էր ծաղիկներից մեկը, որ մյուսներից իր գեղեցկությամբ ամենևին չէր զանազանվում, բայց ռոմանտիկը հենց այդ ծաղիկն էր ընտրել իր համար, և նրան թվում էր, թե այն իր մեջ խտացնում է լավագույն այն ամենը, որ կան մյուս բոլոր ծաղիկների մեջ։

Այնուամենայնիվ, սովորական մի ծաղիկ էր դա, սակայն խենթ ռոմանտիկը կարծում էր, թե իր ծաղիկը բոլորից գեղեցիկն ու սքանչելին է։ Նա չէր համարձակվում մոտենալ ծաղկին, մտածելով, որ դա սրբապղծություն կլինի։ Հեռու-հեռվից նայում ու մտածում էր, որ անգամ նրանք, ովքեր շատ մոտիկից նայում են ծաղկին, երբեք սիրտ չեն անի նույնիսկ դիպչել իր գեղեցկուհուն։

Մի օր էլ ռոմանտիկին թվաց, թե անցորդներից մեկը, սովորական ու ոչնչով աչքի չընկնող մի տղամարդ, երբ անցնում էր իր ծաղկի մոտով, վերջինս գլուխը երկարեց և թերթիկներով մեղմիկ փաղաքշեց նրան։ Ռոմանտիկին թվաց, թե դա իր աչքին երևաց, և նա այլևս չմտածեց այդ մասին։ Հետո նա նույնը նկատեց նաև մի քանի օր հետո, և դարձյալ աչքերին չհավատաց, բայց, համենայն դեպս, իր «դիտակետից» մի քիչ ավելի մոտեցավ ծաղկաթփին։ Այդ օրը ոչինչ չնկատեց և մտքում հայհոյեց իրեն՝ կասկածամտության համար։

Հաջորդ օրը, երբ նա համեմատաբար ավելի մոտիկից հիանում էր իր ծաղկի գեղեցկությամբ, նկատեց, որ մի տիպ գլուխը երկարեց դեպի իր թագուհին: Վերջինս խոնարհվեց նրա վրա ու իր թերթիկները քսեց նրա դեմքին։
- Օ՜, ո՛չ, աստված իմ, չի կարող պատահել, այդպես չպիտի լինի,- շշմած բացականչեց ռոմանտիկը։

Հետո նա նկատեց, որ նույն բանը կրկնվեց նաև մի շքեղ անցորդի, հետո անշուք ու սովորական մի անցորդի, հետո այլ անցորդների հետ։ Իսկ մի օր էլ շիշը ձեռքին, կարմրած քթով մեկը թփից պոկեց ծաղիկն ու, ձեռքում խաղացնելով, գնաց։ Ռոմանտիկը տեսավ դա, և այնպիսի տեսք ուներ, ասես, ուր որ է, կընկնի...
Այդ օրը շուտ մթնեց ռոմանտիկի համար։

Երբ լույսը բացվեց, տարիքով մի անցորդ նկատեց թփերից մեկի մոտ մեկնված ռոմանտիկին ու քրթմնջաց.
- Անբանի մեկը...
- Ո՞ր գրողի տարած գրքի էջերից է դուրս պրծել տխմար այս ծաղրածուն,- բարկացավ փողկապավոր մի պարոն,- չի էլ ամաչում...
- Հարբեցող շան որդի,- քիչ հետո նետեց մի այլ անցորդ։

Հետո երբ արդեն շատերն էին նկատել ծաղկաթփի մոտ մեկնված ռոմանտիկին, բարձրահասակ ու լայնաթիկունք մեկը մոտեցավ, ոտքով շրջեց նրան ու ասաց.
- Ի՞նչ ես մեկնվել, ցնդած երազող, սա քեզ համար ծովափ չէ...
- Աստված իմ, նայեք նրա դեմքին, ախր նա մեռած է,- ճչաց մի կին։

Ոչ ոք չնկատեց, որ ռոմանտիկի գրպանից թղթի մի կտոր ընկավ, որի վրա գրված էր. «Մի հիմար ավել, մի հիմար պակաս, դրանից ոչինչ չի փոխվում աշխարհում...»։
Հետո քամին թղթի կտորը քշեց ու տարավ իր հետ...

Սեպտեմբեր, 1998թ.

Комментариев нет:

Отправить комментарий