Այդ օրը ես որոշեցի գրել իմ ամենաուրախ պատմվածքը։ Նույնիսկ նախապես մտածել էի վերնագիրը. «Ես սիրում եմ քեզ, կյանք»։ Արդեն ես ճանաչում էի իմ հերոսին։ Ասես դիմացս նստած լիներ. ես պարզ ու հստակ տեսնում էի նրա պայծառ ու կենսուրախ դեմքը, վճիտ աչքերի փայլն ու բերանի անկյուններում գծագրվող ժպիտը։
Հետո թուղթ ու գրիչ վերցրի և սկսեցի պատմել նրա՝ իմ կենսախինդ հերոսի մասին։ Նա նոր էր վերադարձել Երևանից, որտեղ բարդ վիրահատություններից հետո, տասնյակ բեկորներ հանելով մարմնից, հրաշքով կյանքի էին կոչել նրան։ Եվ ահա, տևական բուժումներից հետո, վերջապես հայրենի քաղաքում է նա։ Պատերազմի ավարտին ընդամենը երկու ամիս էր մնացել։ Պատերազմ, որին մասնակցում էր տասնվեց տարեկանից և հասցրել էր մի քանի անգամ վիրավորվել։
Մի քանի օր առաջ է վերադարձել նա և դեռ կարգին չի ապաքինվել։ Ուրախ ու երջանիկ շրջում է փողոցներով, ուրախ, որ նորից հայրենիքում է, թեկուզ կիսավեր, բայց սիրելի իր քաղաքում, ուրախ, որ կրկին տեսնում է իր հայրենակիցներին...
Տուն վերադառնալիս, նա նկատեց գեղեցիկ մի աղջկա։ Մոտով անցնելիս, աչքով արեց և ժպտաց նրան։ Աղջիկը մեղմ ժպիտով պատասխանեց նրան։
Ես նույնպես ուրախ էի, որ կարծես ստացվում է իմ ամենաուրախ պատմվածքը։ Ես մտածում էի, որ հաջորդ օրը նա կրկին կհանդիպի աղջկան։ Այդպես էր կարծում նաև աղջիկը։ Ես մտովի փորձում էի պարզել, թե ինչ պիտի ասի աղջկան նորից հանդիպելիս, ես արդեն գծագրում էի երիտասարդի երջանիկ ապագան... Բայց...
Այն, ինչ կատարվեց հետո, ցնցեց ինձ։ Հաջորդ օրը, դեռ կարգին չապաքինված, երիտասարդը կրկին մեկնեց մարտական ընկերների մոտ։ Հետո... Զինադադարից մի օր առաջ նա սպանվեց...
Աստված իմ, ես գրեթե ավարտել էի իմ ամենալավատեսական պատմվածքը։ Սիրելիս, հարազատս, ինչո՞ւ այդպես արեցիր, ախր դու չպիտի մեռնեիր։ Հազիվ տասնինը տարի էիր ապրել այս աշխարհում, քո առջև դեռ մի ողջ կյանք կար...
Այդ օրը ես ուզում էի գրել իմ ամենաուրախ, կյանքի և սիրո մասին իմ ամենալավատեսական պատմվածքը...
1999 թ.
Комментариев нет:
Отправить комментарий