13.02.2014

Հրանտ Մաթևոսյան

Դպրոցական և ուսանողական տարիներին կարդացել էի նրա «Ահնիձորը», «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոսը», «Կայարանը»…  Կարդացել էի նաև նրա «Տերը» և նամակ գրել իրեն՝  տեր-ի ոճով… Հետո իմացա, որ նամակը դուր է եկել…

Նրա նման գրելը, նրա նման մտածելը ժամանակին բարձր ինտելեկտի նշան էր համարվում։ Անցնում էին տարիներ, տասնամյակներ, և նա  միանշանակ  մեծ գրող էր։ Նրան կարդում էին նաև օտարազգի  ընթերցողները։

Նոր ժամանակներ ու նոր բարքեր եկան։ Քաղաքականությունը  խուժեց մեր տները։ Մեզ հետ նստող-վերկացող տղաներից ոմանք շատ բարձր  աթոռներ ձեռք բերեցին, և նա հրապարակայնորեն  պաշտպանում էր այս կամ այն  քաղաքական գործչին, շատերիս կարծիքով՝  ժողովրդի աչքում վարկաբեկված, հեղինակազրկված գործչին։ Այդ բանը շատերին դուր չեկավ։ Ինձ էլ դուր չեկավ, սակայն գտնվեցին մարդիկ, որ թերթ ու հանդեսներում փորձում էին նսեմացնել ոչ միայն  Մաթևոսյան քաղաքացուն, այլև նրա ստեղծագործությունները։ Ոմանց մեջ մոլեգնորեն ոռնում  էր 37-ի մատնագրության ոգին…

Մթնոլորտն այնքան շատ էր աղտոտված, գրողների միության համաժողովն անգամ այնպես էր արժեզրկվել մտավորականին պատիվ չբերող ինտրիգներից ու լեզվակռիվներից, որ մի տեսակ հիասթափել-խռովել էի գրականությունից, նաև  նրա ստեղծագործություններից։ Կարծես իմ մեջ նրա հետ կապող ինչ-որ բան էր փշրվել, չնայած նա երբեք չիջավ իր հպարտ բարձրությունից և իր անվան վրա շպրտած աղտեղություններին մեծահոգաբար պատասխանում էր միայն մեծերին հատուկ լռությամբ…

Եվ դարձյալ անցան տարիներ։ 2002 թիվ, դեկտեմբեր։ Հայաստանյան լրատվամիջոցները գուժեցին՝ մեզ հետ չէ Հրանտ Մաթևոսյանը։ Զգացի կորստի չափը, միայն զգացի։ Հաջորդ օրը ռադիոյով հաղորդվում էր «Կայարանը» ռադիոբեմադրությունը... Վանդակախցի ներսում մի հաղթանակ էր մնացել և մի պարտություն։ Պարտությունը բաժին ընկավ Հրանտ Քառյանին...

Կրկին բացում եմ սիրելի գիրքը. «...Մեղվանոցին հիմա որ նայես՝ լացդ կգա։ Մի ժամանակ հինգ հարյուր երեսուն ընտանիք է եղել... Թուրքի քոչը գալիս էր։ Թուրքին ետուառաջ անելով գալիս էր երկարուկ կարմիր ղանջղ շունը, և ետևից գալիս էր լայն, խիտ, կեղտոտ, հոգնած հոտը... Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել... «Էս երկիրը դեռ անտեր չի, կներեք»՝ ասացինք... Ղարաբաղը ես լսելով գիտեմ։ Հետո՝ նրանց միրգը համեղ է, հետո՝ նրանց լոբին ընկույզի համ ունի, հետո՝ ժողովուրդն է խաղաղ, իմաստուն-ամեն ինչ գիտի ու ձեն չի հանում...

Եվ ամենազարմանալին. դարձյալ կանաչեցին արտեր, արտի ու հովի խաղ եղավ, դարձյալ կակաչը կարմիր էր և զանգակ ծիծաղ կար մեր կանաչ մարգերի վրա։ Եվ Վարպետը նստեց գահին և խորհեց զարհուրելի դաժան ու անդիմադրելի գեղեցիկ աշխարհի բանը, երբեմն միայն ասելով բառեր, որ ադամանդ էին... Փողոցում լռություն էր, հիվանդանոցում լռություն էր, իսկ նրա ներսում՝ ինչպես ջրի տակ, և իր լռության մեջ նա լսում էր շների ոռնոցը։ Դա վերջացած պատմություն էր։ Մի քիչ ազոտի, մի քիչ երկաթի, մի քիչ կրի այն փուխր միացությունը, որ կոչվում է մարդկային կյանք, քայքայվել էր, մնացել էր ազոտի, երկաթի, կրի մի փոքրիկ կույտ, և շները ոռնում էին ավերակների վրա...»։

Գրողի ծոցը կորան քաղաքականությունը, անցյալ, ներկա և գալիք բոլոր նախագահները, վարչապետները, զանազան գործիչ-մործիչները, պատվերով մրցանակակիրներն ու շքեղ կոչումներով ծպտված գրչակ-մրչակները։ Պատմության մեջ նրանք կհիշվեն միայն որպես Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցներ և, դա լավ հասկանալով, այսօր էլ փորձում են իրենց գլխարկները դիպցնել նրա կոշիկներին... Կրկին դեմ-դիմաց մնացինք երկուսով՝ գրողը և մենք, գրողը և ժամանակը...

Պարտությունը բաժին ընկավ ոչ միայն Հրանտ Քառյանին, այլև մե՛զ, բոլորի՛ս, որովհետև կորցրինք մեծ գրողին։ Շոշափելիորեն, ցավագնորեն հասկացա կորստի չափը. Հայաստանը կորցրեց վերջին մեծագույն գրողին։ Հայ իրականությունը զրկվեց իր վերջին դա
սականից։ Իր մեծ նախորդների պես այսուհետ նա ապրելու է միայն իր ստեղծագործություններո՛վ և իր ստեղծագործություններո՛ւմ։

2002 թ. դեկտեմբերի 18։ Ավարտվում է ոչ միայն տարին, ավարտվել է ոչ միայն դարը։ Հրանտ Մաթևոսյանի մահով ավարտվել է հայ գրականության մի հազարամյակը։

2002 թ. դեկտեմբեր
տպագրվել է «Ազատ Արցախ» թերթում 

Комментариев нет:

Отправить комментарий