Մի ցավոտ հարցի մասին եմ ուզում խոսել։
Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ մենք ամենասովորական այնպիսի մի ազգ ենք, ինչպես բոլորը։ Համաշխարհային մշակույթին, քաղաքակրթությանը, ճիշտ է, շատերից ավելին ենք տվել, բայց շատերից էլ այնքա՜ն ենք հեռու, որ խոշորացույցով պիտի մեզ տեսնեն...
Ե՞րբ ենք ձերբազատվելու մեր եզակիության, մեր բացառիկության, ի վերուստ մեզ շնորհված ինչ-որ հատուկ առաքելության մասին հեքիաթներից։ Ասենք թե բիբլիական ավանդազրույցի համաձայն, Նոյյան տապանը Արարատ սարի գագաթին է «խարիսխ ձգել», բայց մի՞թե դա մեզ իրավունք է տալիս ու գիտականորեն ապացուցված պատճառ է, որ մենք մանկամիտ ենթադրություններ անենք, իրական հանդերձանքով զուգենք այն ու աշխարհի բոլոր ազգերին «սերենք» մեզնից... Ախր սնապարծությունն այն ճանապարհն է, որ ոչ մի տեղ չի տանում, բացի փակուղուց։ Ու դա մեզ ոչ պակաս է վնասում, քան մեր թշնամիները։
Աշխարհը բաժանել ենք երկու մասի՝ հայեր և մնացյալ բոլորը։ Հոդվածներ, ուումնասիրություններ ենք գրում, ցուցակներ կազմում, գրքեր տպագրում. «Այսինչ նշանավորը, մեծ գրողը հայ է, այնինչ գիտնականի, քաղաքական գործչի, ինչ-որ «աստղի» մայրական տատը կամ հայրական տատը հայ է եղել»... Է՜հ, հետո՞։ Իսկ այդ այսինչը կամ այնինչը երբևէ նշե՞լ են իրենց հայ լինելու մասին, նրանք թեկուզ լուցկու հատիկի չափ մի բան արե՞լ են Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
Ախր այս ամենն արդեն խրոնիկական հիվանդություն է դառնում։ Դպրոցական նստարանից երեխայի փոքրիկ գլուխը լցնում ենք «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ով, մոռանալով, որ Սևակը նաև հրաշալի հոդված ունի ազգային սնապարծության մասին, ու վերջինս երիցս դաստիարակչական ներուժ ունի, այն ավելի է անհրաժեշտ ներկա ու ապագա սերունդներին, քան «մենք քիչ ենք, սակայն...»-ը։
«Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է,- Պարույր Սևակի խոսքերն են։- Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն:
...Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք» (Պ. Սևակ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»):
Մի քիչ իրատես լինենք, եկեք դուրս գանք մեր հնարած հավակնոտ հեքիաթներից, երկինքներից վար իջեցնենք մեր քիթն ու մեծն Թումանյանի ասած՝ «բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով» նայենք մեր շրջապատին ու աշխարհին։ Բազմաթիվ ցեղեր ու ցեղախմբեր, ազգ ու ժողովուրդ են դարձել ու արդեն պետություն ունեն, երկրներ են նրանց հետ հաշվի նստում, իսկ մեզ համար դեռևս «մերն ուրիշ է», և 5 հազար տարում մեր ձեռքբերածն առայժմ այս «կոտրած տաշտակն» է, վրան գրած՝ ՀՀ...
Комментариев нет:
Отправить комментарий