Այս տողերը գրել եմ մեկ տարի առաջ.
Նայում եմ Թումանյանի լուսանկարին: Կորացած, ճերմակած իմաստուն ծերունի... Մինչդեռ ընդամենը 54 տարի է ապրել, կես դար: Բայց որքա՜ն բարություն, ազնվություն, իմաստություն կա նրա հոգնած աչքերում...
Նրա տարիքին եմ արդեն, բայց կարծես սովորական ու միամիտ երեխա լինեմ այդ զարմանահրաշ հանճարեղ Մեծ լոռեցու մոտ: Մարդ, որ իր ողջ կյանքն ապրել է լույս տալով ու մոմի պես լույս տալով կամա՜ց-կամաց սպառվել...
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել`լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Եվ ամենազարմանալին՝ մահից առաջ ցավով խոստովանել է, որ ժամանակ չի ունեցել լրջորեն զբաղվելու գրականությամբ:
Ամեն անգամ հիշելիս խոր ցավ եմ զգում. բացի Արտավազդից, որ 1918 թվականին 24 տարեկանում զոհվել էր Վանում, մյուս երեք արու զավակները գնդակահարվել, սպանվել են խորհրդային ռեժիմի կողմից՝ 1938-39 թվականներին...
Կարծես այսօր են գրվել այս տողերը (Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին).
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
Комментариев нет:
Отправить комментарий