24.02.2015

Զորավար Անդրանիկին նվիրված երգը


1970-ականների վերջերին էր։ Հայրս աշխատում էր Արցախի մարզային ռադիոյում որպես գրական-երաժշտական հաղորդումների ավագ խմբարգիր։ Այսինքն՝ հաղորդումների շուրջ 80 տոկոսն ինքն էր տնօրինում։ Ի դեպ, երկար տարիների ընթացքում հայրս գրական հաղորդումների և երաժշտության պատկառելի ֆոնդ էր ստեղծել, որտեղ գերակշռում էին հայկական դասական, ժողովրդական, գուսանական և էստրադային երգերը՝ հիմնականում բերված Երևանից։ Երևանյան ռադիոյում հազիվ թե լիներ հայկական հանրահայտ մի երգ, երաժշտություն, որ հայրս բերել տված չլիներ Ստեփանակերտ։

Իմ սիրելի երգերը հորս աշխատասենյակում գտնվող խորհրդային պատկառելի պրոֆեսիոնալ մագնիտոֆոնային սարքավորումից գրանցում էի իմ մագնիտոֆոնում (առնվազն 500 երաժտություն էի ձայնագրել)։
Երևի 9-րդ կամ 10-րդ դասարանում էի սովորում։ Դասերից հետո հաճախ էի լինում հորս մոտ՝ աշխատավայրում։ Մի օր մարզային ռադիոկոմիտեի նախագահ Գրիգորի Սողոմոնյանը մտավ հորս աշխատասենյակն ու ասաց. «Վազգեն Գարեգինովիչ, քիչ առաջ Բորիս Սարկիսիչը զանգեց ու ասաց. Օվյանին ասա շատ չե՞ս հնչեցնում «Անդրանիկը»։ Սկի Երևանի ռադիոն էդքան չի հնչեցնում այդ երգը...»։

Այդ Բորիս Սարկիսիչը Կևորկովն էր, իսկ Անդրանիկի մասին երգը գուսան Շերամի հանրահայտ «Իբրև արծիվ սավառնում ես»-ն էր՝ երգչախմբի կատարմամբ։ Հայրս իրեն հատուկ ծիծաղեց քթի տակ ու ասաց՝ լավ, նկատի կունենամ...

Ամբողջ օրը չկարողացա քնել։ Այդ երգը վաղուց ձայնագրել էի ինձ համար, բայց ինձ թվում էր, որ մի օր անվտանգության մարմինները գալու էին և ռադիոկոմիտեից առգրավելու այդ ձայնագրությունը։ Ուրեմն՝ պետք էր ամեն գնով փրկել այն։ Առավոտյան արդեն որոշել էի անելիքս։ Հորս խնդրեցի ձայնադարանից բերել տա երգը՝ իբր որպեսզի ձայնագրեմ ինձ համար։ Ապա 38 սմ/վրկ արագությամբ հատուկ բաբինայից՝ բնօրինակից ձայնագրեցի մի այլ դատարկ բաբինայի վրա, այն դրեցի բնօրինակի տուփի մեջ, իսկ իրական բնօրինակը հորիցս ծածուկ բերեցի տուն։ Մտածում էի՝ դե թող փորձեն վերացնել այն, բնօրինակը մոտս է...

Վաղուց չկա հայրս, չկա նաև Արցախի մարզային ռադիոյի այդ հարուստ ձայնադարանը, որը տարիներ շարունակ ստեղծել, հարստացրել էր հայրս. պատերազմի ժամանակ գրեթե հիմնովին ավերվել է այն։ Բայց մասունքի պես առայսօր տանը պահում եմ Անդրանիկին նվիրված հրաշալի երգի բնօրինակը՝ ձայնագրված խորհրդային բաբինայի վրա, չնայած արդեն չկա հինավուրց այն տեխնիկան, որի վրա կարելի է լսել այդ երգը...

Комментариев нет:

Отправить комментарий