25.02.2016

Վերջին անգամ Սամվել Շահմուրադյանի հետ


1992-ի մայիսին էր, Շուշիի ազատագրումից հետո։ Օրը հստակ չեմ հիշում։ Հանրապետական թերթի խմբագրությունում էի աշխատում, միաժամանակ Ասկերանի շրջանային թերթի խմբագիրն էի։ Այն տարիներին իր ակտիվ ու հայրենանվեր գործունեությամբ շատ հայտնի, հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող Սամվել Շահմուրադյանը ավտոմատը ուսին եկավ խմբագրություն ու ասաց. «Վարդգես ջան, կուզե՞ս միասին գնանք Շուշիի թուրք գերիներին տեսնենք»։ Իհարկե, անմիջապես համաձայնեցի։

Գնացինք պետանվտանգության կոմիտե։ Ես մնացի դրսում, ավտոմատն ինձ տվեց, ինքը ներս մտավ՝ գերիներին տեսնելու թույլտվություն ստանալու։ Այդ ժամանակ Սամվելը ՀՀ ԳԽ պատգամավոր էր։ 10-15 րոպեից եկավ։ Ճանապարհվեցինք բանտ-մեկուսարան, որտեղ Շուշիի ազատագրության ժամանակ գերված ադրբեջանցիներին էին պահում։ Մեզ հետ հեռուստատեսությունից օպերատոր էլ էինք տանում։ Ճանապարհին տարբեր բաներից էինք զրուցում, բայց երկուսով շարունակ մտածում էինք ազերի գերված զինյալներին հանդիպելու մասին։ Ուզում էինք նայել այդ մարդասպանների աչքերին, Շուշիի բարձունքից որոնց արձակած հազարավոր արկերից, հրթիռներից Ստեփանակերտում ու շրջակա գյուղերում քանի՜-քանի կանայք, երեխաներ, հարյուրավոր անմեղ քաղաքացիներ էին զոհվել։ Մի այնպիսի՜ մեծ ատելություն կար մեջներս, որ բառերով հնարավոր չէ բացատրել։

Ոտքով էինք գնում։ Տեղ հասանք։ Վերջապես հատուկ սենյակում օպերատորը հարմարեցրեց տեսախցիկը, ու մենք սպասում ենք՝ գերիներին բերեն։ Ներս բերեցին 60-ին մոտ մի տղամարդու։ Ես ու Սամվելը տարակուսանքով իրար նայեցինք։ Գերու տեսքից նույնիսկ չէր երևում, որ ադրբեջանցի է։ Խեղճ ու մոլորված մի արարած էր։ Սամվելի հարցերին հայերեն էր պատասխանում՝ ադրբեջանցիներին հատուկ առոգանությամբ։ Անգամ կարգին չգիտեր, թե ինչպես է գերի ընկել։ Երբ լսել էր, որ հայերը գրոհում են Շուշիի վրա, նկուղում թաքնվել էր ընտանիքի հետ։ Նույնիսկ չգիտեր, որ իր հայրենակիցներն ավելի վաղ իրենց զինվորականների հետ փախել են Շուշիից։ Հայերեն սովորել էր հայ հարևաններից։ Իր ասելով՝ Շուշիում ապրող ադրբեջանցիներից շատերը գիտեն հայերեն...

Հետո երկրորդ գերուն բերեցին, բերեցին երրորդին, չորրորդին, հինգերորդին... Ու բոլորն էլ առաջինի պես խեղճ ու ողորմելի մարդիկ էին, այնքան խեղճ, որ նույնիսկ չհասկացան ժամանակին իրենք էլ փախչել։ Ու ամեն անգամ, նոր գերուն ներս բերելուց, Սամվելի դեմքն ավելի էր տխրում, հարցերը տալիս էր անտրամադիր։

Դուրս եկանք մեկուսարանից։ Երկար ժամանակ լուռ էինք։ Մի տեսակ տխրություն էր իջել երկուսիս վրա։ Մտածում էինք գերված ազերի գրոհայիններ տեսնել, բայց պարզվեց գերյալները զենքի հետ կապ չունեցող, տարիքն առած խեղճ մարդիկ էին, ոմանց դեմքից գրեթե չէր էլ երևում, որ թուրք են։

- Խեղճ մարդիկ են,- վերջապես ասաց Սամվելը։
- Ի՜նչ էինք սպասում տեսնել ու ինչ տեսանք,- ասացի։
- Այո, տխուր էր...

Մտքովս չէր անցնում, որ Սամվել Շահմուրադյանին վերջին անգամ եմ տեսնում։ Նույն թվականի սեպտեմբերի 11-ին զոհվել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտ։ Այդ տարիներին արդեն շատ ու շատ ազնվագույն տղաներ, հրաշալի մտավորականներ էին զոհվել, բայց, այնուամենայնիվ, երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ Սամվելը սպանվել է։

Այսօր՝ փետրվարի 25-ին, մեծ քաղաքացու, հրաշալի Մարդու ծննդյան օրն է։ Գլուխ եմ խոնարհում։

Комментариев нет:

Отправить комментарий