04.12.2018

Հոր նամակը որդուն


ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴԱՐՁՐԻ ՓՈՔՐԻԿ ԱՌԱՋԱԲԱՆ։ Այս նամակը քեզ է ուղղված, այս տողերը գրելիս միայն քո մասին էի մտածում և միայն քո պատկերն էր իմ առջև։ Բայց նամակն ավարտելուց հետո, երբ կարդացի այն, մտածեցի, որ հազարավոր ծնողներ կարող են այսպիսի կամ երիցս ավելի գեղեցիկ պատգամ հղել իրենց զավակին։ Հազարավոր հայրեր հաստատ շարունակ մտածում են այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն հասցնում այն գրել։ Եվ ես որոշեցի միայն քեզ ուղղված այս նամակը վերնագրել՝

ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

«Ես ուզում եմ կյանքում գտնես այն, ինչ ես չեմ կարողացել գտնել։ Հեռավոր ճամփորդության համար վերցնես այն ամենը, ինչ ես մոռացել եմ վերցնել։ Ես ուզում եմ, որդիս, որ դու լինես իմ ամենալավ շարունակությունը և շարունակելին...»,- այս տողերը գրել է հայրս, քո պապը, որին դու չես տեսել։ Այս ղողերն ուղղված են ինձ։ Այս մի քանի տողով նա ամեն ինչ ասել է։

Բայց ես ստիպված եմ ավելի երկար գրել, որովհետև երբ ես ծնվել ու մեծացել եմ, կարծես թե լույսն ավելի շատ էր, քան խավարը, իսկ դու ծնվել ու մեծանում ես այնպիսի ժամանակներում, երբ Լույսի այնքա՜ն պակաս կա։

Զավակս, կյանքը մեծագույն պարգև է՝ շնորհված մարդուն և բոլոր ոչ բանական արարածներին։ Բայց այն մի անվերջ պայքար է։ Սրիկաները սկզբում գործում են «իրենց տունը պահելու» անվան տակ, ապա՝ իրենց մերձավորների, իրենց շրջապատի և վերջապես իրենց ոհմակի համար։ Ռոմանտիկներն ու խենթերը պայքարում են իրենց հայրենակիցների և ընդհանրապես մարդկության երջանկության համար։ Իսկ հազարավոր, միլիոնավոր մարդիկ պարզապես իրենց համար ապրում են, նույնքան մարդիկ էլ գոյատևում են ՝ ջուրն ընկած տաշեղի պես օրորվում ու սպասում, թե իրենց որտեղ կնետի կյանքի ալիքը։

Ես ցանկանում եմ, որ դու որտեղ էլ լինես, ինչ էլ պատահի, քո շրջապատում միշտ Լույս ու Ջերմություն տարածես։

Դու ապրում ես այնպիսի ժամանակներում, երբ դպրոցի մասին շատ թյուր և սխալ պատկերացում կա երեխաների մեջ։ Դպրոցն ամենևին պատիժ չէ, այլ գեղեցիկ և կարևոր մի հաստատություն, որտեղ Սովորում են, Գիտելիք են ձեռք բերում և աստիճանաբար սկսում ճանաչել աշխարհը։ Եթե դու չճանաչես աշխարհը, ապա չես ճանաչելու և չես հասկանալու այն մարդկանց, ովքեր ապրում են այդ աշխարհում՝ քո շրջապատում և քեզնից միլիոնավոր մղոններ հեռու։

Հենց դպրոցական նստարանից դու պիտի սովորես գնահատել քո Ժամանակը, որ ամենաթանկն է և երբեք կորցրածը ետ չի բերում։ Աշակերտները սիրում են ուսուցիչներին «պատժել»՝ չսովորելով կամ ձևանալով, որ սովորում են։ Բայց դրանով նրանք իրենց են պատժում, սովորելու համար իրենց ընձեռած ժամանակն են սխալ տնօրինում, պարզապես քամուն տալիս։ Դա նույնն է թե՝մարդ ժամերով գտնվի անվճար ճոխ ճաշարանում, բայց այնտեղից սոված դուրս գա՝ իբր դրանով պատժելով ճաշարանի աշխատողներին։ Իսկ կյանքի պայքարում քեզ այնքա՜ն  անհրաժեշտ է լինելու դպրոցական տարիներին ձեռք բերած Գիտելիքը։

Հիմա աշխարհում դու ունես քո աշխարհը, որ այնքա՜ն գեղեցիկ, լուսավոր ու պայծառ է իրական աշխարհից, որտեղ դու ապրում ես քո հարազատների, հասակակիցների և ընկերների հետ...

Ընկերների մասին։ Միշտ ձգտիր քեզ շրջապատել ազնիվ, գաղափարակից, անշահախնդիր, հավատարիմ ընկերներով և դու էլ նրանց հանդեպ եղիր այդպիսին։ Ընտանիքից հետո ընկերները մարդու երկրորդ մեծագույն  հարստությունն են։ Առանց ընկերների մարդը նմանվում է անտառից մեկուսացած միայնակ ծառի։ Անգամ միայնակ հզոր կաղնին է տապալվում ուժեղ քամիներից ու հողմից, իսկ անտառում՝ իրենց նման ծառերով շրջապատված ամենանվաստ ծառերն անգամ կանգուն են մնում։

Զավակս, ես ցանկանում եմ, որ դու միշտ կարողանաս տեսնել և գնահատել Գեղեցիկը, անկախ նրանից այն բնության մե՞ջ է, թե՞ մարդու մեջ, մարդու արտաքի՞նն է այդ գեղեցիկը, թե՞ այն նրա ներսում է։ Դա քեզ օգնելու է տարբերել Տգեղը, Այլանդակը, որ հաճախ հանդես է գալիս գեղեցիկ հանդերձանքով։ Դրանով դու կսովորես ճանաչել նաև ինքդ քեզ և հասկանալ, որ բոլոր դատավորներից ամենաանաչառը նա է, որ քո մեջ է։
Դու ծնվել ես այնպիսի դարում, երբ հնարավոր է աշխարհը ղեկավարել համակարգիչ-կոմպյուտերով, երբ Երկիր մոլորակը պատված է համաշխարհային սարդոստայնով՝ ինտերնետով։ Դրանք աներևակայելի մտքի թռիչքի արդյունք են և հրաշք։ Սական դրանք կարող են չարիքի վերածվել, եթե դու դառնաս դրանց գերին՝ վտանգելով քո առողջությունը...

Չեմ կասկածում, որ այս նամակը կարդալով, դու հասկանալու ես ինձ։ Իսկ ավելի խորը դու հասկանալու ես այս տողերը, երբ տարիներ հետո, թերևս երբ ես չեմ լինի, կեսգիշերին նայես լուսնի աղոտ լույսի տակ երևացող քնած մանուկների անմեղ դեմքերին, լսես նրանց հանգիստ ու խաղաղ շնչառությունը, քեզ անսահման երջանիկ զգաս ու հասկանաս, որ նրանք քո մեծագույն հարստությունն են...

Դեռ մի ամբողջ կյանք կա քո առջև, դեռ այնքա՜ն բան ես տեսնելու և սովորելու։ Եվ թող քո գլխավերևում միշտ պայծառ ու անամպ երկինք լինի, զավակս, քո առջև՝ կանաչ ճանապարհ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


4.12.18

Комментариев нет:

Отправить комментарий