07.08.2013

ՄԻ «ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Ընկերոջս հետ դպրոցական տարիներն էինք հիշել: Հուշեր էինք պատմում, յոթ սարի հետևում մնացած դեպքեր հիշում: Նա հանկարծ ասաց.
- Մի բան եմ ուզում պատմել, չնայած մի պատմելու բան էլ չէ: Դպրոցում լավ էի սովորում: Կարելի է ասել՝ դասարանի աչքն էի: Գեղեցիկ ու խելացի աղջիկներ կային մեր դասարանում: Զուգահեռ դասարաններում ու մեզնից մեկ-երկու տարով փոքր աշակերտուհիների մեջ էլ կային: Դե, գիտես, որ շատ ուշ ամուսնացա: Այդ տարիներին աղջիկների վրա ուշադրություն չէի դարձնում: Ավելի ճիշտ՝ նրանք ինձ համար ընդամենը դասընկերներ էին, ընկերուհիներ: Նկատում էի, որ շատերն ինձ այլ աչքով են նայում, բայց վեջս չէր: Մտածում էի՝ բարձրագույն կընդունվեմ, այնտեղ ավելի լավ աղջիկներ կլինեն...

Ի դեպ, նույնը կատարվեց նաև բարձրագույնում: Ինքս ինձ ասում էի՝ բարձրագույնը կավարտեմ, աշխատանքի կանցնեմ, ավելի գեղեցիկ ու խելացի ընկերուհի կգտնեմ: Ու բոլոր գնացքները մեկնեցին, մնացի մենակ:

Ու հրաշք կատարվեց՝ վերջապես գտա Նրան ու ամուսնացա: Հետո հրեշտականման երեխաներ ծնվեցին... Դե, դա դու լավ գիտես:

Ինչ որ է: Դպրոցական տարիներին ութերորդում թե իններորդում փոխեցի իմ դասարանը, որովհետև այնտեղ հիանալի տղաներ կային, որոնց հետ էի հիմնականում ընկերություն անում: Գեղեցիկ ու խելոք աղջիկներ էլ կային: Մի աղջիկ կար այդ դասարանում, շատ աղոտ եմ հիշում նրա դեմքը: Անհետաքրքիր, անհրապույր էր շատ: Կարծեմ վատ չէր սովորում, բայց ընդամենը մեկ-երկու աղջկա հետ էր լինում հիմնականում: Աղջիկներն անգամ մտերիմ չէին հետը: Հիմա եմ մտածում, որ երևի պատճառն այն է, որ ոչ միայն արտաքինից էր անհրապույր...

Բայց շատ անհամ պատմություն է սա: Նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ պատմում: Չնայած ուզում եմ նաև պատմել: Ինչ-որ է: Դպրոցն ավարտելուց հետո 20 տարի է անցել, բայց ես նրան երբեք չեմ տեսել, նրան երբեք չեմ հիշել: Չնայած հնարավոր է, որ բազմիցս անցած լինի կողքովս, բայց ես իրեն նկատած կամ ճանաչած չլինեմ:
Մի քանի օր առաջ բարեկամիս հարսանքի ժամանակ կողքիս նստած էր վերջինիս տարեց ազգականուհին: Զրուցասեր կին էր:

- Գիտե՞ս, քո դասընկերուհին իմ հարևանուհին է,- ասաց նա և ինչ-որ անուն-ազգանուն ավելացրեց:

Անմիջապես չկարողացա հիշել, բայց հետո մի կերպ գլխի ընկա, որ խոսքը վերոհիշյալ աղջկա մասին է:

- Հաճախ է մոտս պատմում դպրոցական տարիների մասին: Քո մասին էլ է շատ պատմել,- ասաց տարեց զրուցակիցս:- Մի անգամ խոստովանել է, որ իրեն սիրում էիր, երկու անգամ առաջարկություն ես արել իրեն, իսկ ինքը մերժել է: Հիմա փոշմանել է, որ մերժել է քեզ...
Ա՜յ քեզ բան, մնացել էի շվարած: Մի քանի օր է այդ խոսքերը գլխիցս դուրս չեն գալիս: Չեմ հասկանում, ինչո՞ւ է ստել: Դա նրա ինչի՞ն է պետք...

Ընկերոջս պատմության վերջաբանն ինձ համար էլ անսպասելի ու տարօրինակ էր: Ի վերջո ասացի.

- Կարծում եմ, մանկության, դպրոցական տարիներին մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի հեքիաթ էր հորինում իր համար: Այդ աղջիկն ուղղակի իր հեքիաթը պատմում է ուրիշներին...

31.07.2013

ՍԱՐԴԸ

Սենիկ Հավկիթյանը շատ նրբազգաց ու պատվախնդիր մարդ է, և այնպիսի նուրբ սիրտ ունի, որ հաճախ վախենում ես որևէ սրիկայի մասին վատ բան ասել, որովհետև նա իր սրտին շատ մոտ է ընդունում դա... Երբ առաջին անգամ պամֆլետ գրեցի ոմն պաշտոնյայի մասին, որն իր աշխատավայրն երբեմն շփոթում է սեփական բնակարանի հետ, և ինչ կա-չկա իր առանձնասենյակում, թռցնում-տանում իրենց տուն, Սենիկ Հավկիթյանը շատ խիստ նեղացավ ինձնից: «Չնայած անունը չես գրել, բայց ես գիտեմ, որ ինձ ես նկատի ունեցել»,- հեռախոսագծի հակառակ ծայրից լսեցի վերջինիս դժգոհ ձայնը:

Մի ամիս հետո նա բռնեցրեց ինձ փողոցում և, իմիջիայլոց, ասաց. «Երեկ թերթում կարդացի պատմվածքդ: Անմիջապես հասկացա, որ դարձյալ ինձ ես նկատի ունեցել»: Մնացի տարակուսած, որովհետև իմ այդ պատմվածքի հերոս էի ընտրել մեկին, որն իր ղեկավարած հիմնարկում աջ ու ձախ ինտրիգներ է սարքում, բոլորին լարում իրար դեմ, որպեսզի ժամանակ չունենան մտածելու իրեն գահընկեց անելու մասին:

Դրանից հետո ես սկսեցի ավելի զգույշ լինել իմ հերոսների կերպարը կերտելիս, որպեսզի Սենիկ Հավկիթյանը հանկարծ չկարծի, թե ես իրեն եմ նկատի ունեցել: Սակայն ամենևին ոչինչ չէր փոխվում: Հենց որ տպագրվում էր իմ այս կամ այն ստեղծագործությունը որևէ կաշառակերի, բյուրոկրատի կամ գողի մասին, Սենիկ Սիսակովիչն անմիջապես զանգում էր ինձ և նեղացած քրթմնջում. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ շարունակ ինձ ձեռ ես առնում քո պատմվածքներում»:

Այնուհետև տարբեր ժամանակներում ես գրեցի աչքածակի և աթոռամոլի, ստորաքարշ պաշտոնյայի և աներես շողոքորթի, բոլոր բարեկամ-ազգականներին իր ղեկավարած հիմնարկում տեղավորած չինովնիկի և իշխանությունների առջև չորս վերջավորությունների վրա տրտինգ տվող մարդուկի, ամեն տարի ոչ մեկին պետք չեկող ծանրաքաշ գրքեր տպագրող պոետի և մեծագլուխ փոքրոգի ստահակի, կարիերիստի և աջ ու ձախ կնոջ պես բամբասող տղամարդու մասին, ու ամեն անգամ Սենիկ Հավկիթյանը դժգոհում և խռովում է ինձնից, գտնելով, որ ես խայտառակում եմ իրեն:

Նա իմ մասին թաքուն չարախոսում ու լուտանքներ էր շաղ տալիս և ինձ մեղադրում բազմաթիվ մեղքերի մեջ: «Հիմա էլ գրել ես, որ ես ինձ շրջապատել եմ ոչնչություններով ու մանր-մունր թփերով, որպեսզի նրանց մեջ բարձր երևամ,- կրկին ու կրկին նեղացած բողոքում էր Հավկիթյանը,- անուն-ազգանունը դիտմամբ փոխել ես, որպեսզի գլխի չընկնեմ, որ ինձ ես նկատի ունեցել: Բայց քո ամեն մի տողից, ամեն մի բառից պարզ երևում է, որ քո այդ Սաքո Գրիգորիչը ես եմ»:

Երբ մի անգամ նա ինձ ասաց, որ հակառակ իր լավաթյուններին, ես իրեն դարձրել եմ իմ անձնական թշնամին, ես անկեղծորեն խոստովանեցի, որ իրեն ոչ միայն թշնամի չեմ համարում, այլև իր մասին այնքան եմ մտածում, որքան, ասենք, փողոցով խռխռացնելով անցնող այն բեռնատարի կամ փողկապավոր այն գիշերանոթի մասին: Իմ այս սրտաբաց խոստովանությունը նույնպես նրան դուր չեկավ և նա, «Ինձ վիրավորում ես» խոսքերը մրթմրթալով, թթված հեռացավ:

Մի օր հանկարծ ինքս ինձ համար պարզեցի, որ Սենիկ Հավկիթյանը դժգոհում է իմ այն ստեղծագործություններից, որոնց հերոսը սրիկա է կամ ինչ-որ այլանդակ արարած: Կասկածներս ստուգելու համար ես գրեցի մի մարդու մասին, որին ոչ ոք չի սիրում, և նա ծանր բեռ է դարձել ոչ միայն իր ղեկավարած հիմնարկի, այլև ողջ երկրի համար, ու երբ նա մահանում է և նրա հոգին ընկնում է դժոխք: Այստեղ էլ բոլոր մեղավոր հոգիները վրդոված բողոքի ցույց ու հանրահավաքներ են կազմակերպում՝ մեր հերոսին իրենց «երկրից» դուրս շպրտելու կոչերով...

Իմ այդ ստեղծագործությունը տպագրվելու հաջորդ օրը հնչեց հեռախոսազանգը, և հեռախոսագծի մյուս ծայրում դարձյալ Սենիկ Հավկիթյանն էր՝ իր դժգոհ քրթմնջոցով...

Իր վարք ու բարքով նա դարձել էր յուրատիպ կենդանի թիրախ. ինչ սրիկայի խփում ես՝ նրան է կպչում, ինչ շան վրա քար ես շպրտում՝ նա է վայնասուն բարձրացնում:

Վերջնականապես համոզվեցի, որ Սենիկ Հավկիթյանը ոտուգլուխ աղտոտված տիպ է, որ նրա մեջ մարդկային ու լուսավոր ոչինչ չկա, որ նրան ամենևին չի փրկի ամեն օր ժավելով լողանալն անգամ, որովհետև նրա հոգու վրա տարիներ շարունակ այնքան կեղտ էր կպել-կարծրացել, որ փլավքամիչով անգամ այն հնարավոր չէ զատել։ Այդ ճիվաղն իրեն կապել է պաշտոնական իր աթոռին և մեծ փուչիկի պես օրորվում է նրա վերևում: Նա նման է մեր երկրի մակերևույթին կպած հսկա մի սարդի, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր արատներն ու այլանդակությունները:

Ժողովրդական իմաստությունն ասում է. «Կուզին գերեզմանը կուղղի»: Հոգով կուզը, սակայն, հանդերձյալ աշխարհում անգամ չի ուղղվի:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից

03.07.2013

ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԻՍԿ ԵԹԵ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞...

Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում։ Այս երկու տարակարծիք ճամբարների ներսում կարծիքները նույնպես բաժանվում են։ Օրինակ, ռուսների խայտառակ գործարքի դեմ գրողների մի որոշ մասը գտնում է, որ ռուսները միշտ էլ բացասական դերակատարություն են ունեցել վերջին 200-ամյա մեր ողբերգություններում, և այս անգամ նրանց «սմերչները» ավելացնելու են մեր պատմության սև էջերի թիվը, մի այլ մասը գտնում է, որ ռուսները, ճիշտ է, հերթական սրիկայությունն են անում մեր դեմ, բայց «սմերչն» այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում... և այլն։

Այսօրինակ հրապարակումներ էլ կան՝ «Սմերչով» Ստեփանակերտը ռմբակոծելու դեպքում ադրբեջանցիները ստիպված կլինեն մտածել միլիոնանոց Գանձակի ու հարակից բնակավայրերի ֆիզիկական գոյության մասին...
Ինձ մտահոգում են ոչ միայն այն հրապարակումները, որտեղ ստրկահաճորեն արդարացնում են հյուսիսային հարևանի ցանկացած ձեռնարկում, ներառյալ այնպիսիք, որ միանշանակ ուղղված են մեր լինելության դեմ, այլև վերջին կարգի կարծիքները՝ եթե դուք ռմբահարեք Ստեփանակերտը, մենք էլ «միլիոնանոց Գանձակի» ու հարակից բնակավայրերի բմբուլները քամուն կտանք։ Երևի շատ հեշտ է այս կարգի «վերլուծություններ» նկարել, հատկապես երբ աշխարհին նայում ես 9-րդ հարկի լուսամուտից, դիմացդ նոութբուք է, կողքիդ՝ հաճելի բույրով սուրճի բաժակ։

Ասենք թե նրանք հարվածեցին 40-50 հազար բնակչությամբ Ստեփանակերտին, մենք էլ նրանց «միլիոնանոց Գանձակին»։ Արդյունքում՝ զոհվեցին 2-3 տասնյակ հազար ստեփանակերտցի երեխաներ, կանայք, ծերեր, մենք էլ ոչնչացրինք, ասենք, հակառակորդի հնգապատիկ ավելի շատ խաղաղ բնակչություն (100-150 հազար ազերիների)։ Հետո՞։ Ու սա մխիթարի՞չ է։ Որ դրանից հետո եռակի, քառակի անգամ մեծ թափ է ստանալու արտագաղթը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում,- դա չի՞ մտահոգում մեր ուռա-վերլուծաբաններին...

Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում և հայաստանյան մամուլում ես հոդվածներ եմ տպագրել 2011, ապա 2012 թվականներին։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանություն և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ խաղաղ բնակչության շրջանում։

Այսօր, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Արցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։ Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր...

Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ մի քանի ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...

Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման կամ հրթիռակոծության ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը... Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...

Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։
Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...
Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր կենսական անհրաժեշտություն է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որի սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։
Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գործողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ քայլերով։ Եթե հակառակորդն, ասենք, միջուկային զենք ունի, ապա մյուս կողմը պետք է մտածի պաշտպանական այնպիսի մեխանիզմի մասին, որ հնարավորինս նվազեցնում է սպասվելիք կորուստները։ Եթե այսօր թշնամին «Սմերչ» ունի, ապա մենք պետք է անհապաղ մտածենք համարժեք պաշտպանության մասին...

Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

25.06.2013

350 մտավորական նամակ են ստորագրել կամ՝ երբ երկրի ու ժողովրդի անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են

Կարդալով վերնագիրը՝ «Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին», ապա նայելով այն ստորագրողների պատկառելի քանակը (350 հոգի)՝ անկեղծորեն ուրախացա. վերջապես հայ մտավորականները լեթարգիական քնից զարթնել են, հասկացել են, որ Հայոց երկիրը սրընթաց ու անշեղորեն սլանում է դեպ կործանում։ Քրեաօլիգարխիկ անօրինություններն ու ավերածությունները, սարսափելի չափերի հասած արտագաղթը, դրան գումարած՝ Արցախի հարցում մեր «ռազմավարական դաշնակցի» ադրբեջանանպաստ հայտարարությունները, 1 մլրդ դոլարի հասնող ռուսական տեխնիկայի վաճառքը մեր թշնամուն, դրան զուգահեռ՝ Հայաստան ներմուծվող գազի սակագնի բարձրացումը, «Գազպրոմի» կողմից հայաստանյան մասնաբաժնի 20 տոկոսը զավթելուն ուղղված գործընթացները և Հայաստանը հայաթափելուն միտված բազում մյուս գործողությունները արթնացրել են հայ մտավորականներին...

Կարդացի նամակի առաջին տողը՝ «2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում և Արցախում...» ու, շատ մեղմ ասած, մնացի ապշած։ Մտածելով, որ երևի տեսողական խաբկանք է, որոշեցի մի նախադասություն էլ ընթերցել «Բաց նամակի» միջնամասից. «Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչո՞ւ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ»…

Համամիտ եմ, պատվարժան տիկնայք և պարոնայք, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հռչակավոր համալիրի տեսքն աղճատելն անօրինություն է, բայց, հարգելիներս, այսօր Ձեզ համար մեր ազգային լինելությանն ու երկրին սպառնող ամենամեծ վտանգն արդյո՞ք Գանձասարի շրջապարսպի սալիկապատումն է։ Ինչո՞ւ վանքի սալիկապատումն է միայն այդպես համերաշխ համախմբել Ձեզ։ Մտավորականի Ձեր սուր աչքն առնվազն վերջին 2-3 շաբթում միայն դա նկատե՞ց։ Ուրիշ համազգային խնդիրներ ու պրոբլեմներ չկա՞ն «Հայաստան՝ երկիր դրախտավայրում»։ Հայոց հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական ու մշակութային կյանքում ամեն ինչ Ok է ու մեր հանգիստ, անհոգ ու երջանիկ կյանքին միակ խանգարողը Գանձասարի շրջապարսպի սալիկապատո՞ւմն է։

Նամակը ստորագրողների մեջ, բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր իրենց հրապարակումներում բազմիցս ահազանգել են Հայոց երկիրը դեպ կործանում տանող հիմնական խնդիրների մասին, իրենց քաղաքացիական կեցվածքով երիցս բարձր են նամակում իրենց կողքին կանգնած բազմաթիվ մտավորական կոչվածներից, ու վերոհիշյալ նամակը ստորագրելով, ապացուցում են, որ իրենք անտարբեր չեն մեր երկրի ցանկացած պրոբլեմային հարցի հանդեպ։

Իմ խոսքն ուղղված է երեք հարյուրից ավելի մյուս նամակագիրներին, ովքեր իրենց թանկագին ժամանակը զոհաբերել, համերաշխ հավաքվել ու բազում վերքերից մահամերձ «հիվանդի» մարմնի վրա գոյացած «գորտնուկի» հարցն են բարձրացնում... Հարգելիներս, շատ կներեք, բայց ինձ թվում է, որ Դուք և երկիրն ու ժողովուրդն այս պահին միանգամայն տարբեր ժամանակատարածքային «գոտում» եք ապրում։ Ձեզ բարի ժամանց եմ մաղթում ու անկեղծորեն նախանձում, որ Ձեր գոյությանն ու երջանկությանը սպառնացող միակ վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս

12.06.2013

ԿՈՐՉԵՆ ԾԱՌԵՐԸ, ԿԵՑՑԵՆ ԹՓԵՐԸ

Հայոց լեռնաշխարհում, այդ թվում՝ Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում բարձր մակարդակով շարունակում են ծառահատումները։ Եվ լավ էլ անում են։ Ո՞ւմ են պետք այդ ծառերը, որ տնկվել են ադրբեջանական բռնակալության ծանր ու դաժան տարիներին։ Թող կորչեն հնի մնացուկ բոլոր այդ կանաչտերևավորները։ Կեցցեն թփերը։ Պետք է զարկ տալ կանաչապատման «թուփ» եղանակին։ Ընդհանրապես թուփը, գազոնը հասարակության բոլոր ոլորտներում պետք է դարձնել համընդհանուր ընդօրինակման առարկա, չափանիշ, էտալոն, որ միշտ աչք է շոյում իր համեստությամբ՝ ի տարբերություն վեր ցցված ու մեր նվաճումների վրա ստվեր նետող զանազան այլանդակ ծառազգիների... Թփերը հեշտ «ղեկավարելի են», մի փոքր վեր են բարձրանում, հատուկ մեքենա-սարքավորումով խուզում, հավասարեցնում են։

Հայոց մերօրյա կադրերն աննշան տարբերությամբ՝ այդ ԹՈՒՓ տեսակից են՝ ո՛չ միայն ինտելեկտուալ առումով։ Պարզապես ունիվերսալ են՝ որտեղ տնկում ես՝ աճում են։ Անկախ նրանից՝ գյուղնախարարությո՞ւն է, կրթության և գիտության ոլո՞րտ, թե՞ մշակույթի խոպան... Հապա նայեք վերոհիշյալ կամ մյուս նախարարությունների համայնապատկերին՝ ոնց որ գեղեցիկ գազոն լինեն. նախարարի, դռնապանի կամ հավաքարարի ինտելեկտուալ մակարդակների միջև գրեթե ոչ մի տարբերություն չես գտնի... Ամենակարևորը՝ գրագետ են, հիմնականում հայոց այբուբենը գիտեն, և ամեն ամիս պարտաճանաչ ստորագրում ու աշխատավարձ են ստանում...

Ի դեպ, ուղղակի ապշել ու զարմանալ կարելի է, թե ինչպես հարևան հետամնաց ու պահպանողական Թուրքիայում ինչ-որ Գեզի զբոսայգու ծառահատման աշխատանքների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր ու հակակառավարական ակցիաներ են անում։ Ամենածիծաղելին այն է, որ ծառահատման դեմ այդ անմիտ բողոքի շարժումը տարածվել է թուրքական 67 քաղաքներում։ Այ քեզ տխմարներ, գոնե օրինակ վերցրեք մեզնից։ Օրինակ վերցրեք նաև Հայաստանից, որտեղ նույնպես ծառերն օրենքից դուրս են հայտարարվել, քանի որ ամեն քայլափոխում հիշեցնել են տալիս խորհրդային անազատ ու ապազգային 70 տարիները (օրինակ՝ Դիլիջանում «էլիտար» դպրոց կառուցելու համար հատկացվել է 88 հեկտար անտառապատ տարածք և արդեն շինարարության համար հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ)...

Ծիծաղելի է անշուշտ։ Բայց ախր շատ է տխուր։ Ամեն անգամ գլխատված ծառ տեսնելիս հիշում եմ հորս՝ Վազգեն Օվյանի վաղուց գրված այս բանաստեղծությունը.

Կա հին մարագը և խոտի դեզը,
Կալատեղն էլ կա, բայց չկա եզը։
Եզը ի՞նչ աներ, անցել է դարը,
Դե եզ է, էլի, գլուխը քարը...

Տրակտորի տված բարիքը ծով է,
Ատոմի դարում եզ պահողն ո՞վ է։
Արորի բախտը բերեց այս անգամ,
Եկան քաղաքից, տարան թանգարան։

- Էքսպոնատ է արորը,- ասին,-
Պիտի իմանա աշխարհն էդ մասին։
- Բա ե՞զն,- հարցրին,- ի՞նչ անի անգործ։
- Եզան համար էլ կա սպանդանոց։

Եզը խեղճ եզ էր, դե ո՞ւմ բողոքեր,
Վճիռը անբեկ ու անողոք էր։
Տարան մորթելու, ու չբառաչեց,
Տարան քերթելու, ու չհառաչեց.

Ականջում արտի շրշյուն-շորորն էր,
Հոգում մաճկալի հո՜-հորովելն էր։
Հեռվում մարագն էր ու խոտի դեզը...
Եվ ոչ ոք չասաց. «Ափսո՜ս է եզը»։

1984 թ.

ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ ԵՆ

Երբ լուրջ-լուրջ վերլուծություններ ու կարծիքներ եմ կարդում առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը բարձրացրել է կամ «Եվրոտեսիլ» կոչվող շոուում Հայաստանի ներկայացուցչին 2 միավոր է տվել, Ադրբեջանին՝ 12, ներառյալ նաև՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում «ռազմավարական դաշնակցի» հայտարարությունը, ըստ որի՝ Ղարաբաղյան խնդրում «Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է» և այլն, մնում եմ տարակուսած հարցադրումներից՝ «մեր մեծ բարեկամ», «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն ինչո՞ւ է այդպես անում...

Այդ հարցի պատասխանն իմանալու համար ընդամենը պետք է ճանաչել դիմացինին։ Տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Իսկ նրան ճանաչելը դա ռուս ընկերոջ հետ բաժակ զարկելը չէ միայն և ոչ էլ ռուս ժողովրդի ազնիվ զավակ ու տղամարդ լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ մեր ժողովրդի մասին ասված հիանալի խոսքերը։

Պարզապես պետք է դիմել սեփական պատմությանը, այլ ոչ թե այն ամուր փակել ու բանալին դնել գրպանում։ Պատմությունը հպարտանալու կամ դառն ճակատագիրը ողբալու համար չէ միայն։ Պատմությունից սովորաբար նաև դասեր են քաղում, որպեսզի ոչ միայն անցյալի սխալները չկրկնեն, այլև նոր սխալներ չգործեն։

1828 թվականից ի վեր, երբ «ռուսի օրհնած ոտքը» մտել է Հայաստան ու այն դարձրել իր գաղութը, կարճ ժամանակ հետո պարզ է դարձել, որ այդ երկրին Հայաստանը պետք է միայն որպես տարածք՝ առանց բնիկ ազգաբնակչության։ Առայսօր ոչինչ չի փոխվել, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին կայսրություն է, որ դարեր ի վեր ընդարձակվել է ոչ միայն արևմուտքից արևելք, այլև՝ հյուսիսից հարավ՝ մինչև Կամչատկա և Հայաստան, ճանապարհին ոտնատակ անելով կամ միաձուլելով բազում մանր-մունր ցեղերի ու ժողովուրդների։
Թե այդ կայսրությունն ինչքան է գոյատևելու, դժվար է գուշակել։ Թերևս մեզ համար դա չէ էականը, այլ այն, որ այդ ընթացքում մեր երկիրն ավելի շուտ չվերանա աշխարհի քարտեզից։ Ի տարբերություն մեզ, ռուսները բազմամիլիոն ազգ են, կայսրության փլուզումից հետո առնվազն երկու Ուկրաինայի չափ պետություն մնալու է։ Մեր պարագայում գլխավոր խնդիրն այն է լինելու, որ ոտնատակ չընկնենք ու ընդմիշտ կորցնենք մեր մատնաչափ երկիրը։
Հատկապես երբ դրա շատ դառը փորձն ունենք՝ Արևմտյան Հայաստանի կորուստը։

Վերջապես եկեք հասկանանք, որ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև «բարեկամությունն» ընդամենը Ստրուկի և Տիրոջ բարեկամություն է։ Դրա թարմ վկայությունները՝ էներգակիրների մենաշնորհը Ռուսաստանին հանձնելը, սեփական տարածքի մի որոշ մասը երկարաժամկետ ու առանց վարձավճար նրան հանձնելը՝ ռազմաբազաների համար։ Որքան գիտեմ, Կիրգիզիան իր տարածքում տեղադրված ռազմաբազաների համար վարձավճար է ստանում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից...

Սա լուրջ հոդվածի թեմա է։ Այս պահին ավելի ծավալվելու ցանկություն ու ժամանակ չունեմ։ Եզրափակեմ. մեր բոլոր դժբախտությունների ու սխալների պատճառները պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Այն մեր մեջ է։ Քանի դեռ ինքներս չենք ուզում ձերբազատվել մեր մեջ նստած ստրուկից, քանի դեռ ազգային արժանապատվություն, ինքնասիրություն հասկացությունները մեզ համար վերացական ինչ-որ բաներ են, մեր դռանն ուղտի պես միշտ չոքած է լինելու ոտնատակ ընկնելու և որպես ազգ ու երկիր վերանալու վտանգը։

ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, ԲԱՅՑ...

Արցախյան գոյամարտի տարիներին երբ տղամարդիկ հեռանում, փախչում էին վտանգված հայրենիքից, ես նրանց չէի կարողանում ներել։ Անգամ երբ իմ ծանոթներից կամ ընկերներից էին։ Հանրապետական թերթում հրապարակել էի այն գրող-մտավորականների ցուցակը, ովքեր այդ տարիներին լքել էին Հայրենիքը։

Շուրջ 20 տարի է անցել։ Պատերազմի տարիներին Արցախից հեռացած շատերն այսօր ռուսաստաններում և այլուր երիցս լավ են ապրում, առնվազն 100 անգամ ավելի լավ քան ես՝ իմ ընտանիքով։ Սակայն այսօր ևս ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը։ Իմ կյանքն աշխարհի ուրիշ ոչ մի անկյունում չեմ պատկերացնում...

Նոր ժամանակներ եկան։ Կարծես թե մեր լեռնաշխարհն ու մենք չենք փոխվել։ Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է, և այսօր ես չեմ կարողանում մեղադրել պատերազմի դաժան բովով անցած այն մարդկանց, այն տղաններին, ովքեր հեռանում են Հայրենիքից։ Բացարձակապես չեմ կարողանում մեղադրել, հիմք ու պատճառներ չեմ գտնում, և դա է ամենասարսափելին...

Իմ այս խոսքերը մորթապաշտներին, վախկոտներին չեն վերաբերվում։ Այստեղ նրանց լինել-չլինելը մի հաշիվ է։ Ամենափոքր վտանգի դեպքում նրանք, միևնույն է, ծլկելու են։ Իմ աչքի առաջ այն տղաներն են, ովքեր արյուն են թափել մեր հողի համար։ Նրանցից շատերը բազմանդամ ընտանիք ունեն, երեխաներ ունեն։ Ոմանք սարսափելի պայմաններում են ապրում, ոմանք, դրան գումարած՝ ոչ մի կերպ չեն կարողանում աշխատանք գտնել։ Շատերը տասնյակ, անգամ հարյուրավոր անգամ ճակատները պատին խփելուց հետո կոտրվում են, հերթական անգամ հիասթափված տուն վերադառնալով ու փոքրիկների անմեղ ու սպասողական աչքերին նայելով, անզորությունից քիչ է մնում լան։ Եվ մի օր էլ, ուրիշ ոչ մի ելք չտեսնելով, ցավով կապում են ճամպրուկներն ու հեռանում իրենց արյան, առողջության գնով ազատագրված և մերսեդեսներով, դղյակներով հեղեղված հայրենի երկրից... Իմ աչքի առաջ այդ մարդիկ են...

Իմ հարազատներից մեկն Արցախյան ազատամարտի տարիներին վիրավորվել էր։ Տեղափոխվել էր Երևան և վիրահատվել։ Պատերազմից հետո նպաստ էր ստանում՝ որպես 2-րդ կարգի հաշմանդամ։ Մի քանի տարի հետո 2-րդ կարգը փոխեցին ու դարձրին 3-րդ կարգ։ Մի որոշ ժամանակ էլ անցավ։ Երևանից ժամանած բժշկական հանձնաժողովը «ստուգեց» ու նրան զրկեց կարգից։ Ընտանիքը, երեխաներին պահելու համար ստիպված այնպիսի աշխատանքներ էր կատարում, որ իրեն հակացուցված էր, չէր կարելի։ Հետո «աշխատանքային սեզոնն» ավարտվեց ու նա մնաց անգործ...

Բարեբախտաբար, նա չի մտածում հայրենի հողը լքելու մասին։ Ավագ որդին մի տարի հետո կզորակոչվի բանակ՝ իր նման հազարավոր տղաների պես պաշտպանելու մեր երկիրը։ Այս մարդիկ են մեր ներկան ու ապագան։ Ամեն ինչ պետք է անել, որ նրանք երբեք չմտածեն օտար ափեր մեկնելու մասին։ Այլապես մի օր մենք կորցնելու ենք այն ամենաթանկը, ինչ թշնամուց պաշտպանել ենք կյանքի ու արյան գնով՝ մեր Հայրենիքը։