30.09.2013

ՀՈՐԵՂԲՈՐՍ ՏՂԱՆ ԵՎ ԼԵՆԻՆԸ


Հորեղբորս տղան՝ Վահրամը, որ մանկության տարիներին արտակարգ աշխույժ, չարաճճի երեխա էր, չափազանց հետաքրքրասեր ու հարցասեր էր նաև։ Ինչպես ասում են՝ գյուղում մի հատ էր նա՝ բոլորի սիրելին ու զվարճության առարկան...

Խորհրդային տարիներին էր. գյուղի ակումբում ինչ-որ կարևոր ժողով կար, որին մասնակցում էին նաև շրջկոմից եկած պաշտոնյաներ։ Հորեղբայրս իր հետ ակումբ էր տարել նաև որդուն։ Ասեղ գցելու տեղ չկար, և փոքրիկը տեղ էր գրավել հոր ծնկներին։

Փոքրիկն առաջին անգամ էր ակումբում: Հետաքրքրությամբ ու զարմացած նայում էր շուրջբոլորը: Ակումբի դահլիճի պատերը զարդարված էին Լենինի նկարներով։ Այդ տարիներին միլիոնավոր տպաքանակով հրատարակում էին Լենինի լուսանկարներն ու սփռում խորհրդային երկրով մեկ: Մշակույթի օջախները, բոլոր մեծ ու փոքր ակումբները, գիտական հաստատությունները, պետական հիմնարկները լեցուն էին Առաջնորդի բազմաթիվ ու բազմաբղետ լուսանկարներով:

Ժողովն արդեն սկսվել էր։ Փոքրիկը նույնպես սկսել էր հարցերի տարափը.
- Պապ, էն նկարում ո՞վ է։
- Լենինն է։
- Ի՞նչ է անում։
- Զրուցում է գյուղացիների հետ...
- Պապ, բա էն մի նկարում ո՞վ է։
- Լենինն է։
- Ի՞նչ է անում։
- Ճառ է ասում...
- Էն մի նկարում ո՞վ է։
- Լենինն է,- համբերատար պատասխանում էր հայրը...

Եվ այսպես փոքրիկը մեկ առ մեկ քննարկեց Լենինի բոլոր լուսանկարները՝ տարբեր տեսարաններում։ Հետո ծանրումեծ խորհեց մի քիչ ու հարցրեց.
- Բա ինչո՞ւ Լենինին չիշիկ անելիս էլ չեն նկարել...

Սկզբում զվարթ քրքիջ պայթեց հորեղբորս շուրջ նստածների շրջանում, ապա, իրար ականջի շշնջալով, աշխուժության պատճառը հասցրին լեփ-լեցուն դահլիճի բոլոր անկյունները։ Ակումբում այնպիսի մի անկասելի ծիծաղ էր, որ ելույթ ունեցող պաշտոնյան մնացել էր շվարած՝ կարծելով, թե իր վրա են ծիծաղում...

Ժողովը դեռ նոր-նոր սկսած՝ արդեն խանգարված էր։ Նույնիսկ կես ժամ հետո բավական էր մեկը հիշեր փոքրիկի հարցն ու փռթկացներ, դահլիճում համերաշխ պայթում էր քրքիջը...

Комментариев нет:

Отправить комментарий