05.03.2014

Կարոտ


Գարուն է կրկին։ Հայրենի գյուղում եմ։ Շրջում եմ ծանոթ դաշտ ու անտառներում։ Հետո նստում եմ ծեր կաղնու տակ՝ հանգստանալու։

Թեթև հովից մեղմ խշշում են ծառերի տերևները։ Թռչուններն աշխույժ համերգ են սկսել ու այնպես գեղեցիկ են երգում, որ մոռանում ես քաղաքի քո բոլոր հոգսերը, մարդկանց ու մեքենաների աղմուկը, ծուխն ու փոշին...

Իմ մանկության հարազատ վայրերում եմ կրկին, և ամեն ինչ նույնն է կարծես. թիկունք-թիկունքի կապտականաչ լեռներ, այս կաղնին և նրա շուրջ մեղմօրոր խշշող այս ծառերը։ Նույնն են ասես թփերն այս կանաչ և անտառի երգիչներն այս գեղաձայն, որ ինքնամոռաց ու իրենց իսկ երգով զմայլված, դաշտ ու անտառ դարձրել են հսկա մի համերգասրահ։

Կանաչ խոտերի մեջ պառկած, ես երազում եմ կրկին, և կարծես ոչինչ չի փոխվել աշխարհում, և ես դեռևս 13-14 տարեկան մի տղեկ եմ դեռ։ Ամեն ինչ այնքա՜ն ազնիվ ու մաքուր է։ Կրկին լսում եմ տատիս ձայնը. «Ի՞նչ ես կորցրել այդ դաշտ ու լեռներում, ինչո՞ւ գյուղամեջ չես իջնում՝ ընկերներիդ հետ խաղալու...»։ Իսկ ես ձեռքս թափ եմ տալիս և իմ շուրջ ուրախ վնգստացող մեր շան ուղեկցությամբ դուրս գալիս գյուղից...

Կանաչ խոտերի մեջ պառկած, ես նայում եմ վեր՝ երկնի կապույտում թևերը լայն տարածած, ասես ջրերի վրա հանդարտ սահող բազեի թռիչքին։ Եվ այս բազեն էլ նույնն է ասես՝ իմ մանկության տարիների բազեն։

Իմ մանկության տարիների հեռվից ինձ կրկին թվում է, թե ես երբեք չեմ մահանալու, մահն ինձ համար բացառություն է անելու... Ես կրկին տեսնում եմ կապո՜ւյտ-կապույտ երազներն իմ և, թվում է, ձեռքս մեկնեմ՝ կբռնեմ...

Բայց հանկարծ սթափվում եմ մտքերից։ Շատ տարիներ են անցել մանկության իմ կապույտ երազներից։ Շատ բան է փոխվել աշխարհում։ Վաղուց կենդանի չեն իմ շատ հարազատներ ու բարեկամներ։ Եվ այլևս 13-14 տարեկան այն տղեկը չեմ...

Շա՜տ բան է փոխվել աշխարհում։ Չեն փոխվել միայն լեռ ու դաշտերն այս և այս լեռ ու դաշտերում թողած կապտա-կապույտ երազներն իմ... Մի օր ես էլ չեմ լինի, սակայն  լեռներն ու դաշտերն այս դարձյալ կլինեն։ Եվ այս լեռ ու դաշտերում կմնան որբացած երազներն իմ ու այլևս ոչ ոքի պետք չեն լինի...

                                      Հունիս, 1998 թ.

02.03.2014

Փոքրիկ պատմություն


Պուրակում բազում ծառ ու ծաղիկների մեջ վարդի մի գեղեցիկ թուփ կար։ Գեղեցիկ այդ վարդաթփի մեջ, սակայն, մեկն ավելի էր առանձնանում իր գրավչությամբ։ Այն կարծես իր մեջ խտացնում էր լավագույն այն ամենը, որ ունեին իր բոլոր քույր-վարդերը։

Մարդիկ անցնում էին վարդաթփի մոտով, զմայլված երկար նայում բնության հրաշքի ամենակատարյալ ստեղծագործությանը, որ ալվան իր թերթիկներով այնպես էր ժպտում անցորդներին, ասես նրա յուրաքանչյուր թերթիկի մեջ փոքրիկ արեգակներ էին ճաճանչում։

Մարդիկ անցնում էին սքանչելի վարդերի մոտով և հիանում։ Ոմանք երկյուղածությամբ մոտենում էին արևի տակ հուրհրատող ծաղիկներին, գեղեցիկ մի վարդ պոկում և, կրծքներին սեղմած, գոհ ու երջանիկ հեռանում։ Դրանից վարդաթուփն ամենևին չէր տուժում. այնքա՜ն շատ էին ալվան վարդ-քույրերը։

Ոչ ոք, սակայն, չէր համարձակվում մոտենալ իր գեղեցկությամբ բոլորից տարբերվող հրաշք ծաղկին։ Ո՞վ կհամարձակվեր դիպչել գեղանի թագուհուն։ Մարդիկ մինչևիսկ չէին համարձակվում նման բան մտածել։ Նման բան մտածելն անգամ սրբապղծություն էր թվում։

Հետո, երբ արեգակը կամաց-կամաց դեպ արևմուտք էր սահում, մարդկանց միջից դուրս եկավ հիմար ժպիտը դեմքին մեկը, մոտեցավ թփին, պոկեց հրաշք ծաղիկն ու, քրքջալով, հեռացավ՝ իր թիկունքում թողնելով անսպասելիությունից ու վիրավորանքից քար կտրած մարդկանց։ Հետո նա մի քանի անգամ հոտ քաշեց ծաղկից և մի կողմ նետեց այն...

Օրն ասես հանկարծ մթնեց։ Մյուս բոլոր վարդերն ու ծաղիկները չքնաղ ասես խամրեցին և տխուր կախեցին գլխիկներն իրենց...

Այդ օրը հրաշք մի ծաղիկ մեռավ։ Այդ օրը պուրակում գտնվող մարդկանց մեջ մի շատ մեծ ու թանկագին բան սպանվեց...
Փետրվար, 1998 թ.

28.02.2014

Աղքատ «թագավորը»


Սահակ Վահանյանը երբեմն այնպես էր շաղ տալիս վերջին կոպեկները, որ նրան ճանաչողները, ընկեր-բարեկամները կարծում էին, թե նա առնվազն երկու ավտոմեքենայի փող ունի։ Իսկ գուցե նաև՝ հարուստ պապից ժառանգություն մնացած ոսկու կարաս...

Նա այնպիսի արքայական արժանապատվությամբ էր քայլում քաղաքի փողոցներով, որ նրա հարստության մասին լեգենդներ էին պատմում ու, տեսնելով նրա շռայլությունը, շատերը նախանձում էին նրան։ Քաղաքում համարյա ոչ ոք չգիտեր, որ նա՝ մաթեմատիկայի հասարակ ուսուցիչը, իր համեստ աշխատավարձով ութ հոգուց կազմված ընտանիք է պահում։

Այնպես պատահեց, որ ուսմասվարի սխալ հաշվումների թե ինչ-որ թյուրիմացության պատճառով Սահակ Վահանյանը մի քանի ամիս ոչ մի կոպեկ չստացավ։ Ոչ ընկերների, ոչ բարեկամների մտքով չէր անցնում օգնել մաթեմատիկայի ուսուցչին։ Նրա տրամադրության ու թագավորական պահվածքի մեջ նվազագույն փոփոխություն անգամ չէր նկատվում, և մարդիկ երազում էլ չէին կարող մտածել, որ այդ մարդը հրաշքով է պահում իր ընտանիքը։

Հետո երեք ամսվա աշխատավարձը նա ստացավ մի օրում, և դասերից հետո, ճրթճրթան թղթադրամները գրպանում, հպարտ քայլերով շարժվեց դեպի վարսավիրանոց։ Երբ հարդարել էր ճերմակել սկսող մազերն ու ծանր-ծանր շարժվում էր դեպի դուռը, երիտասարդ վարսավիրը՝ տասռուբլանոցը ձեռքին, զարմացած կանչեց.
- Ախր սպասեցեք մանրը վերադարձնեմ...

Սահակ Վահանյանը հանդիսավոր շրջվեց դեպի վարսավիրը.
- Տղա՛ս, դա հենց ինքը մանրն է,- ասաց նա և վարսավիրների չռված աչքերն ու հաճախորդների լայն բացված բերանները թողած թիկունքում, արժանապատվությամբ դուրս եկավ վարսավիրանոցից։

Մարդիկ զարմացած նայում էին հեռացող ուսուցչի հետևից և ամենևին չգիտեին, որ շաբաթներ հետո աշխարհում թերևս ոչ ոք այնպես չի զգալու այդ «մանրի» կարիքը, ինչպես այդ հպարտ, ազնիվ ու տարօրինակ մարդը...

1987 թ.

23.02.2014

Հայրս


Մի օր մտածեցի, որ արդեն կարգին մեծ եմ ու կարող եմ հորս խորհուրդ տալ։ Ասացի՝ «Պապ, ախր ինչո՞ւ ես քո թշնամիներին ցույց տալիս, որ իրենց չես սիրում, ատում ես։ Ինչո՞ւ ես ամեն ինչ երեսներին ասում, ձեռ առնում ու դարձնում նրանց քո թշնամին»...

Շատ տարիներ են անցել։ 1987-ի այս օրը՝ փետրվարի 23-ին ծանր հիվանդությունից վախճանվեց հայրս և մնաց միայն ապրողներիս հուշ-հիշողություններում ու իր ստեղծագործություններում։ Եվ ահա, տարիներ հետո, հաճախ եմ մտածում, որ ես ևս չեմ հետևում իմ այն խորհրդին, որ տվել էի հորս։ Իմ բոլոր հակառակորդ-թշնամիները գիտեն, թե ինչ եմ մտածում իրենց մասին։ Գիտեն, որովհետև դա չեմ թաքցնում, չեմ կարողանում թաքցնել, չի ստացվում։ Դե, երևի իրավացի է ժողովուրդը՝ «Խնձորը ծառից հեռու չի ընկնում»։ Հաճախ՝ բարեբախտաբար, երբեմն՝ դժբախտաբար...

Մանկությանս տարիներին ինձ թվում էր, թե երգիծանքը ծնվել է հորս հետ։ Անսպառ էր նրա հումորը։ Ու այն շռայլել է տարբեր ժանրի իր բազում ստեղծագործություններում։ Նրա էպիգրամների, պամֆլետների «տակ ընկածներն» առայսօր զրպարտություններ են մոգոնում և, «Օվյան» ազգանունը լսելիս, ոռնում ինչպես շունը լուսնի վրա։

Հայրս նույնիսկ իրեն չէր խնայում՝ իր տարբեր երկերում։ Ժամանակին ինչ-որ խմբագրությունից խնդրել էին հորս ինքնակենսագրությունը։ Նստել, հումորով գրել էր այն և ուղարկել։ Մի քանի օր հետո զանգեցին, թե՝ «Այս ի՞նչ եք արել, մեր ողջ կոլեկտիվը շարունակ կարդում է ձեր ինքնակենսագրությունն ու քրքջում»...

Ահա այն՝ գրված տասնամյակներ առաջ.
Վազգեն ՕՎՅԱՆ: Ինքնակենսագրություն

18.02.2014

Այդ օրը


Ընկերս դարձյալ այդ աղջկա հետ էր։ Ինչ ծանոթացել էր նրան, շատ էր փոխվել։ Մինչ այդ ես կարծում էի, թե երբ սիրում են մեկին, ավելի ուրախ, ավելի երջանիկ են դառնում և սավառնում են վերևներում։ Ընկերս ոչ ուրախ էր, ոչ տխուր, բայց մի տեսակ այնպիսին էր դարձել, ինչպիսին երբեք չէր եղել։

Աղջիկը, ճիշտ է, գեղեցկուհի չէր, բայց բավականին հմայիչ էր։ Ես ուզում էի հարցնել այդ աղջկա մասին, բայց չգիտեի, թե ինչ հարցնեմ, իսկ ինքը դեռ ոչինչ չէր ուզում ասել։ Հանդիպում էին ոչ շատ հաճախ, բայց հանդիպում էին...
Վերջապես մի անգամ հարցրի աղջկա մասին։
- Է՜հ,- ասաց նա,- մի օր քեզ կասեմ։

Անցան օրեր, ամիսներ։ Նրանք շարունակում էին հանդիպել։ Երբեմն նա զանգում էր ընկերոջս, և նրանք ժամադրվում էին։ Սակայն լինում էին օրեր, երբ ընկերս, չգիտես ինչու, չէր ուզում տեսնել նրան և պատճառաբանում էր, թե կարևոր գործեր ունի, չնայած ոչ մի կարևոր գործ չէր ունենում։

Մի օր ընկերս զանգեց և ասաց, որ ուզում է անպայման տեսնել ինձ։ Տանը հյուրեր կային, և ես նրան ասացի, որ լավ կլինի վաղը հանդիպենք։ Մյուս օրը չկարողացա նրան գտնել։ Հետո, երբ գործուղումից վերադարձա, նրա մատին նշանի մատանի կար։

Անցավ մի ամիս։ Ես կարծում էի, թե այդ օրը նրա ամենաուրախ օրը պիտի լիներ։ Նվագախումբը պար պարի հետևից էր թնդացնում, թամադան հարսանքատնով մեկ քաղցր կենացներ էր սփռում, ամենքն ուրախ էին, բայց ընկերս այնպես էր նստել հարսնացուի կողքին, կարծես ամենևին իր հարսանիքը չէր, ասես փողոցով անցնելիս, իրեն բռնել էին ու նստեցրել այդ աղջկա կողքին։

Գրողը տանի, բայց ախր նրա հետ ինչ-որ բան է կատարվում, մտածեցի։ Հետո, երբ հյուրերի թիվը զգալիորեն նվազել էր, և նոր կենացներ ասելու համար թամադան ծուլանում էր տեղից բարձրանալ, ընկերս մոտեցավ ինձ և, մի կողմ քաշելով, ասաց.
- Այն օրը, հիշո՞ւմ ես, մի ամիս առաջ, որ զանգեցի, անպայման ուզում էի քեզ տեսնել...
- Ինչ-որ բա՞ն է պատահել...
- Քեզ շատ կարևոր բան պիտի ասեի։

- Հիմա ասա՛։
- Հիմա ուշ է,- նա տխուր ժպտաց,- արդեն ուշ է...
- Այնուամենայնիվ, ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել։
- Երբ նրա հետ եմ լինում, ասես հարբած լինեմ։ Երբ հեռանում եմ և մենակ եմ մնում, սթափվում եմ ու հասկանում, որ նա ինձնից շատ է հեռու և օտար...
- Հետո՞...
- Ես քեզ ուզում էի ասել, որ ինչ էլ լինի, թեկուզ քեզ կոպտեմ ու վիրավորեմ, երբեք չթողնես նրա հետ ամուսնանամ...

Մնացի ապշած։
- Կատակո՞ւմ ես,- հարցրի, բայց նա չլսեց, ձեռքը թափ տվեց և գնաց զբաղեցնելու իր տեղը հարսնացուի կողքին։

Փետրվար, 1999 թ.

17.02.2014

Կանգառում


Օրն արդեն մթնել էր։ Ավտոբուսի կանգառում 20-22 տարեկան երկու տղաներ ինչ-որ մեկի մասին զվարճալի պատմություններ են հիշում և բարձրաձայն ծիծաղում։ Նրանցից քիչ հեռու մոխրագույն բաճկոնով մոտ 30 տարեկան մի երիտասարդ էր կանգնած ու երբեմն նայում էր ձեռքի ժամացույցին։

Քիչ հետո կանգառում հայտնվեց չորրորդը՝ գեղեցիկ աչքերով, փոքր-ինչ սապատավոր քթով երիտասարդ մի աղջիկ։
- Հապա մի նրա քթին նայիր,- ընկերոջ կողքը բոթելով, բարձրաձայն ասաց տղաներից մեկը։
Երկրորդը աշխույժ քրքջաց ու դիմեց աղջկան.
- Քույրիկ, քիթդ պրակատով ինձ չես տա՞...

Աղջիկն ամոթից կարմրել էր և, թվում է, ուր որ է լաց կլինի։ Ասես միանգամից աշխարհը նրա համար դարձավ օտար և դաժան։ Մի պահ նա մտածեց ոտքով շարունակել ճանապարհը, բայց միայնակ ճանապարհ գնալու մտքից ավելի վախեցավ և շարունակեց կանգնած մնալ, որովհետև անսպասելիորեն իր մեջ կորցրել էր վստահությունը կիսաամայի այդ փողոցի և ողջ աշխարհի հանդեպ։

Նրանից քիչ հեռու կանգնած բաճկոնով երիտասարդի մեջ էլ ինչ-որ բան կատարվեց։ Սկզբում չէր ուզում հավատալ ականջներին, բայց տղաների նոր քրքիջը նրան վերադարձրեց կիսամութ քաղաքի այն հատվածը, որ կոչվում է կանգառ և ուր իրենից բացի ավտոբուսի են սպասում երկու երիտասարդ ու մի աղջիկ, և երիտասարդները լկտիորեն ծաղրում են աղջկան։
- Ինձ թվում է, որ դուք պիտի ներողություն խնդրեք այդ աղջկանից,- մոտենալով տղաներին, կամաց ասաց երիտասարդը։
- Իսկապե՞ս,- իր կողքին զգալով ընկերոջ ներկայությունը, ինքնավստահ ու ինքնագոհ տեսքով հարցրեց «պրակատով» քիթ խնդրող տղան։

- Չգիտեմ,- բաճկոնի գրպաններում պինդ սեղմելով բռունցքները, հանգիստ շարունակեց երիտասարդը,- ես հիմա, աղջկա ներկայությամբ ոչինչ չեմ անելու, բայց եթե դուք ներողություն չխնդրեք, երդվում եմ, վաղը, մյուս օրը կամ մի շաբաթ հետո, ինչ էլ լինի, որտեղ էլ լինեք, ես փնտրելու և գտնելու եմ ձեզ...

Այնուհետև ավտոբուսում և տանը աղջիկը հիշում էր, թե ինչպես տղաները ներողություն խնդրեցին, հետո ավտոբուս բարձրացավ միայն ինքը, և ոչ վաղը կամ մի շաբաթ հետո, ոչ մի տարի հետո ինքը երբեք չի իմանալու, թե ով էր կիսամութի մեջ կանգնած այն երիտասարդը, որի դեմքն այդպես էլ չտեսավ և այլևս չի կարողանալու շնորհակալություն հայտնել...

Աշնանային սովորական այդ օրը աղջիկը մտածում էր, որ ինքը այդ օրը ինչ-որ բան է կորցրել, միաժամանակ, ինչ-որ բան գտել, բայց դեռ չգիտեր, թե ինչ է կորցրել ու ինչ գտել և, ընդհանրապես, որն է ավելի մեծ՝ կորցրա՞ծը, թե՞ գտածը։
Փետրվար, 1999 թ.

13.02.2014

Հրանտ Մաթևոսյան

Դպրոցական և ուսանողական տարիներին կարդացել էի նրա «Ահնիձորը», «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոսը», «Կայարանը»…  Կարդացել էի նաև նրա «Տերը» և նամակ գրել իրեն՝  տեր-ի ոճով… Հետո իմացա, որ նամակը դուր է եկել…

Նրա նման գրելը, նրա նման մտածելը ժամանակին բարձր ինտելեկտի նշան էր համարվում։ Անցնում էին տարիներ, տասնամյակներ, և նա  միանշանակ  մեծ գրող էր։ Նրան կարդում էին նաև օտարազգի  ընթերցողները։

Նոր ժամանակներ ու նոր բարքեր եկան։ Քաղաքականությունը  խուժեց մեր տները։ Մեզ հետ նստող-վերկացող տղաներից ոմանք շատ բարձր  աթոռներ ձեռք բերեցին, և նա հրապարակայնորեն  պաշտպանում էր այս կամ այն  քաղաքական գործչին, շատերիս կարծիքով՝  ժողովրդի աչքում վարկաբեկված, հեղինակազրկված գործչին։ Այդ բանը շատերին դուր չեկավ։ Ինձ էլ դուր չեկավ, սակայն գտնվեցին մարդիկ, որ թերթ ու հանդեսներում փորձում էին նսեմացնել ոչ միայն  Մաթևոսյան քաղաքացուն, այլև նրա ստեղծագործությունները։ Ոմանց մեջ մոլեգնորեն ոռնում  էր 37-ի մատնագրության ոգին…

Մթնոլորտն այնքան շատ էր աղտոտված, գրողների միության համաժողովն անգամ այնպես էր արժեզրկվել մտավորականին պատիվ չբերող ինտրիգներից ու լեզվակռիվներից, որ մի տեսակ հիասթափել-խռովել էի գրականությունից, նաև  նրա ստեղծագործություններից։ Կարծես իմ մեջ նրա հետ կապող ինչ-որ բան էր փշրվել, չնայած նա երբեք չիջավ իր հպարտ բարձրությունից և իր անվան վրա շպրտած աղտեղություններին մեծահոգաբար պատասխանում էր միայն մեծերին հատուկ լռությամբ…

Եվ դարձյալ անցան տարիներ։ 2002 թիվ, դեկտեմբեր։ Հայաստանյան լրատվամիջոցները գուժեցին՝ մեզ հետ չէ Հրանտ Մաթևոսյանը։ Զգացի կորստի չափը, միայն զգացի։ Հաջորդ օրը ռադիոյով հաղորդվում էր «Կայարանը» ռադիոբեմադրությունը... Վանդակախցի ներսում մի հաղթանակ էր մնացել և մի պարտություն։ Պարտությունը բաժին ընկավ Հրանտ Քառյանին...

Կրկին բացում եմ սիրելի գիրքը. «...Մեղվանոցին հիմա որ նայես՝ լացդ կգա։ Մի ժամանակ հինգ հարյուր երեսուն ընտանիք է եղել... Թուրքի քոչը գալիս էր։ Թուրքին ետուառաջ անելով գալիս էր երկարուկ կարմիր ղանջղ շունը, և ետևից գալիս էր լայն, խիտ, կեղտոտ, հոգնած հոտը... Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել... «Էս երկիրը դեռ անտեր չի, կներեք»՝ ասացինք... Ղարաբաղը ես լսելով գիտեմ։ Հետո՝ նրանց միրգը համեղ է, հետո՝ նրանց լոբին ընկույզի համ ունի, հետո՝ ժողովուրդն է խաղաղ, իմաստուն-ամեն ինչ գիտի ու ձեն չի հանում...

Եվ ամենազարմանալին. դարձյալ կանաչեցին արտեր, արտի ու հովի խաղ եղավ, դարձյալ կակաչը կարմիր էր և զանգակ ծիծաղ կար մեր կանաչ մարգերի վրա։ Եվ Վարպետը նստեց գահին և խորհեց զարհուրելի դաժան ու անդիմադրելի գեղեցիկ աշխարհի բանը, երբեմն միայն ասելով բառեր, որ ադամանդ էին... Փողոցում լռություն էր, հիվանդանոցում լռություն էր, իսկ նրա ներսում՝ ինչպես ջրի տակ, և իր լռության մեջ նա լսում էր շների ոռնոցը։ Դա վերջացած պատմություն էր։ Մի քիչ ազոտի, մի քիչ երկաթի, մի քիչ կրի այն փուխր միացությունը, որ կոչվում է մարդկային կյանք, քայքայվել էր, մնացել էր ազոտի, երկաթի, կրի մի փոքրիկ կույտ, և շները ոռնում էին ավերակների վրա...»։

Գրողի ծոցը կորան քաղաքականությունը, անցյալ, ներկա և գալիք բոլոր նախագահները, վարչապետները, զանազան գործիչ-մործիչները, պատվերով մրցանակակիրներն ու շքեղ կոչումներով ծպտված գրչակ-մրչակները։ Պատմության մեջ նրանք կհիշվեն միայն որպես Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցներ և, դա լավ հասկանալով, այսօր էլ փորձում են իրենց գլխարկները դիպցնել նրա կոշիկներին... Կրկին դեմ-դիմաց մնացինք երկուսով՝ գրողը և մենք, գրողը և ժամանակը...

Պարտությունը բաժին ընկավ ոչ միայն Հրանտ Քառյանին, այլև մե՛զ, բոլորի՛ս, որովհետև կորցրինք մեծ գրողին։ Շոշափելիորեն, ցավագնորեն հասկացա կորստի չափը. Հայաստանը կորցրեց վերջին մեծագույն գրողին։ Հայ իրականությունը զրկվեց իր վերջին դա
սականից։ Իր մեծ նախորդների պես այսուհետ նա ապրելու է միայն իր ստեղծագործություններո՛վ և իր ստեղծագործություններո՛ւմ։

2002 թ. դեկտեմբերի 18։ Ավարտվում է ոչ միայն տարին, ավարտվել է ոչ միայն դարը։ Հրանտ Մաթևոսյանի մահով ավարտվել է հայ գրականության մի հազարամյակը։

2002 թ. դեկտեմբեր
տպագրվել է «Ազատ Արցախ» թերթում